ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
10 սեպտեմբերի 2026 թվականի N 66-Ն
«ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 30-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
Հրամայում եմ`
1. Հաստատել «Կարմրուկ, կարմրախտ հիվանդությունների և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 14-ի ««Կարմրուկի, կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ 3.1.1-015-10 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները հաստատելու մասին» N 30-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
10.09.2026 Ա. Ավանեսյան
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2026 թվականի սեպտեմբերի 10-ի
N 66-Ն հրամանի
«ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԾԻՆ ԿԱՐՄՐԱԽՏԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ
ԳԼՈՒԽ 1.
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Կարմրուկ, կարմրախտ հիվանդությունների և բնածին կարմրախտային համախտանիշի համաճարակաբանական դիտարկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը (այսուհետ` Նորմատիվ) նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածքում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն), ինչպես նաև առողջարանների, նախադպրոցական, հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ` ուսումնական հաստատություն), բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների համար` անկախ կազմակերպական-իրավական և սեփականության ձևից:
2. Նորմատիվը սահմանում է կարմրուկ, կարմրախտ հիվանդությունների և բնածին կարմրախտային համախտանիշի (այսուհետ` ԲԿՀ) համաճարակաբանական դիտարկմանը, համաճարակաբանական հետազոտությանը (հետախուզությանը), կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներին ներկայացվող պահանջները:
ԳԼՈՒԽ 2.
ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԿՀ-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Բնակչության շրջանում կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերը հայտնաբերվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից` համաձայն դեպքի ստանդարտ բնորոշումների:
4. Կարմրուկի կլինիկական չափանիշներ. տարածուն բծավոր (մակուլոպապուլոզ) ցան (ոչ բշտիկային), բարձր ջերմություն և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) հազ.
2) քթահոսություն.
3) շաղկապենաբորբ:
5. Կարմրուկի լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) կարմրուկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում կարմրուկի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում հետադարձ տրանսկրիպցիոն պոլիմերազային ՊՇՌ մեթոդով.
3) կարմրուկի իմունագլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում շիճուկում կամ թքի մեջ, որը բնորոշ է սուր վարակին.
4) իմունագլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5) ուղղակի ֆլյուորեսցենտային հակամարմինների թեստով կարմրուկի վիրուսի հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում` օգտագործելով կարմրուկի հատուկ մոնոկլոնալ հակամարմիններ.
6) լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
6. Կարմրուկի համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
7. Կարմրուկի դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 7-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել:
8. Կարմրախտի կլինիկական չափանիշներ. մակուլոպապուլոզ (բծավոր) ցան և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1) պարանոցային ադենոպաթիա.
2) հետծոծրակային ավշային հանգույցների մեծացում.
3) հարականջային ավշային հանգույցների մեծացում.
4) հոդացավ (արթրալգիա).
5) հոդաբորբ:
9. Կարմրախտի լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կենսաբանական նյութի նմուշում կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3) կարմրախտի իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում (որոշակի իրավիճակներում կարող է իրականացվել լրացուցիչ թեստավորում` կեղծ դրական իմունագլոբուլին Էմ (Ig M) արդյունքները բացառելու համար).
4) կարմրախտի իմունագլոբուլին Ջի (Ig G) տիտրի նշանակալի աճ զույգ շիճուկներում.
5) լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի (պատվաստումից հետո ժամանակ իմունագլոբուլին Էմ (Ig M) հնարավոր առկայություն).
10. Կարմրախտի համաճարակաբանական չափանիշներ. համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ:
11. Կարմրախտի դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2) հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-23 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք) յուրաքանչյուր անձ.
3) հաստատված դեպք` կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, որը 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել:
12. Հղիության ժամանակ կարմրախտի կասկածի դեպքում դեպքերի, կառավարման համար, անհրաժեշտ է դրական կարմրախտի իմունագլոբուլին Էմ արդյունքների հետագա հաստատում (կարմրախտի հատուկ իմունագլոբուլին Ջի-ի թեստ, կարմրախտի իմունագլոբուլին Էմ և կարմրախտի իմունագլոբուլին Ջի մակարդակի համեմատություն զույգ շիճուկների վրա):
13. ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր մեռելածին կամ յուրաքանչյուր մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտնաբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից.
1) Ա խումբ`
ա. կատարակտա.
բ. բնածին գլաուկոմա.
գ. սրտի բնածին արատներ.
դ. լսողության խանգարում, կորուստ.
ե. պիգմենտային ռետինոպաթիա.
2) Բ խումբ`
ա. պուրպուրա.
բ. Հեպատոսպլենոմեգալիա.
գ. Միկրոցեֆալիա.
դ. զարգացման ուշացում.
ե. Մենինգոէնցեֆալիտ.
զ. ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ.
է. ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն:
14. ԲԿՀ-ի լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը`
1) կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2) կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3) կարմրախտի վիրուսի իմունագլոբուլին Էմ հայտնաբերում.
4) կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի առկայություն` 6-ից 12 ամսականում առնվազն երկու հետազոտությունների ժամանակ` եթե պատվաստում կատարված չէ:
15. ԲԿՀ-ի համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին կամ մեռելածին` ծնված ծննդկանից, որի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրախտ հղիության ընթացքում` մարդուց մարդ ուղղահայաց փոխանցմամբ:
16. ԲԿՀ-ի դեպքի դասակարգում.
1) կասկածելի դեպք` նորածին, ում մոտ առանց որևէ էթիոլոգիկ պատճառի հայտնաբերվում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից.
2) հավանական դեպք` յուրաքանչյուր մեռելածին կամ բացասական լաբորատոր արդյունքով և հետևյալ երկուսից առնվազն մեկի առկայությամբ երեխա`
ա. համաճարակաբանական կապ և Ա խմբի կլինիկական չափանիշներում թվարկված պայմաններից առնվազն մեկը.
բ. համապատասխանում է ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներին.
3) հաստատված դեպք` յուրաքանչյուր մեռելածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին կամ յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը`
ա. համաճարակաբանական կապ.
բ. Ա խմբի ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներում նշված պայմաններից առնվազն մեկը:
17. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի յուրաքանչյուր հաստատված, կասկածելի դեպքի ախտորոշումը հաստատելու, փոփոխելու, ժխտելու կամ մահվան մասին տեղեկատվությունը, ինչպես նաև դեպքերի հաշվառումը, գրանցումը, հաղորդումն իրականացվում է բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2026 թվականի հուլիսի 17-ի թիվ 53-Ն հրամանի պահանջների:
18. Լիազոր մարմնի կողմից, այդ թվում` բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կամ հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող իր ենթակայության պետական կազմակերպությունների (այսուհետ` պետական կազմակերպություն) միջոցով իրականացվում է կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի համաճարակաբանական դիտարկում:
19. Համաճարակաբանական դիտարկման արդյունքում հավաքված տվյալների հիման վրա Լիազոր մարմնի կողմից, այդ թվում` պետական կազմակերպության միջոցով իրականացվում է`
1) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի վերլուծություն տարեկան առնվազն մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` համաճարակային իրավիճակից ելնելով,
2) համաճարակային իրավիճակի գնահատում և կանխատեսում` կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համաճարակաբանական ցուցանիշների համեմատության միջոցով:
20. Նորմատիվի 19-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի արդյունքներով կարող են մշակվել և պետական մարմիններին, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին հանրային առողջության ապահովման նպատակով ներկայացվել անհրաժեշտ առաջարկություններ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այդ առաջարկությունների հիման վրա կարող են ընդունվել «Հանրային առողջապահության մասին» օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված որոշումներ:
ԳԼՈՒԽ 3.
ԿԱՐՄՐՈՒԿ, ԿԱՐՄՐԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԿՀ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
21. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպք ենթակա է կարմրուկի և կարմրախտի նկատմամբ լաբորատոր հետազոտության:
22. Լաբորատոր հետազոտության համար կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող յուրաքանչյուր կասկածելի դեպքի կենսաբանական նմուշների (արյուն, մեզ, բկանցքից քսուք) հաշվառումը, պահպանումը, տեղափոխումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունիսի 23-ի N 38-Ն հրամանի, իսկ նմուշառումը և ուղեգրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի N 3780-Ա հրամանի պահանջների:
23. Բժշկական կազմակերպությունում կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքերի բոլոր դրական և տասը տոկոս բացասական լաբորատոր հաստատված նմուշները բժշկական կազմակերպության կողմից տեղափոխվում են «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն` կրկնակի լաբորատոր հետազոտության համար:
ԳԼՈՒԽ 4.
ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԵՎ ԲԿՀ-Ի ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ (ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ), ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ
24. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի, բռնկումների, համաճարակների, համավարակների կամ հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ ներկայացնող իրադարձությունների արձանագրման ժամանակ Լիազոր մարմնի կողմից, այդ թվում` պետական կազմակերպության միջոցով, իրականացվում է դեպքի համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն):
25. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված բոլոր դեպքերի համաճարակաբանական հետազոտությունն (հետախուզությունն) իրականացվում է համաձայն Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հաստատված մեթոդական ուղեցույցի:
26. Համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, բժշկական փաստաթղթերը տրամադրվում են իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ֆիզիկական անձանց (պացիենտ, վարակի կասկածով անձ, վարակակիր, կոնտակտավոր) կողմից:
27. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի օջախ է համարվում վարակի աղբյուրի գտնվելու վայրը (պացիենտի բնակության վայրը, աշխատավայրը, ուսումնական հաստատությունները), ինչպես նաև այն կազմակերպությունները, որտեղ տեղի է ունեցել պացիենտի հավանական վարակումը (բժշկական կազմակերպությունների, հանրային սննդի, ժամանցի և այլ կազմակերպություններ) և այն տարածքը, որի սահմաններում վարակը կարող է փոխանցվել:
28. Հիվանդության օջախում հակահամաճարակային միջոցառումներն (կասկածելի կամ հաստատված դեպքի բժշկական օգնություն և սպասարկում, կոնտակտավորների նկատմամբ բժշկական հսկողություն, անհրաժեշտության դեպքում` պատվաստումների իրականացում, լաբորատոր նմուշառում, բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ) իրականացվում են բժշկական կազմակերպությունների ավագ և միջին բուժաշխատողների կողմից:
29. «Հանրային առողջապահության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով համաճարակաբանական հետազոտություն (հետախուզություն) կարող են իրականացվել հիվանդության օջախում:
30. Համաճարակաբանական դիտարկման արդյունքների վերլուծության, ինչպես նաև համաճարակաբանական հետազոտության (հետախուզության) արդյունքում Լիազոր մարմնի, այդ թվում` պետական կազմակերպությունների կողմից, կարող են մշակվել և ներկայացվել առաջարկություններ «Հանրային առողջապահության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև Նորմատիվի 4-րդ գլխով սահմանված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
31. Կարմրուկի, կարմրախտի, ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված դեպքերին` կլինիկական ընթացքի բարդությունից կախված ցուցաբերվում է արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում, և նրանց նկատմամբ սահմանվում է բժշկական հսկողություն:
32. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված հոսպիտալացման ենթակա դեպքերը հոսպիտալացվում են մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպությունում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում, կլինիկական ցուցումների դեպքում` ինֆեկցիոն վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այն բժշկական կազմակերպություններում, որտեղ չկան մեկուսարաններ, առանձնացվում է առանձին տարածք` կասկածելի կամ հաստատված դեպքերի համար, սահմանափակելով շփումն այլ անձանց հետ:
33. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված չհոսպիտալացված դեպքերն ենթակա են մեկուսացման` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած մեկուսացման և օբսերվացիայի իրականացման կարգի:
34. Կարմրախտի կասկածելի կամ հաստատված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող հղի կնոջ բժշկական հսկողությունն իրականացվում է հղիության ողջ ընթացքում և հղիության ելքը (ԲԿՀ կամ անախտանիշ բնածին կարմրախտ կամ պտղի մահ բնածին կարմրախտային վարակից կամ ինքնաբեր վիժում կամ նորմալ երեխայի ծնունդ) բուժաշխատողի կողմից գրանցվում է բժշկական փաստաթղթերում (հղիի հսկողության, հիվանդության պատմություն, փոխանակման քարտ):
35. Կարմրախտի կասկածելի կամ հաստատված դեպքի ստանդարտ բնորոշումներին համապատասխանող հղի կնոջից ծնված նորածինը ենթակա է լաբորատոր հետազոտության կարմրախտի և կարմրուկի նկատմամբ:
36. Կարմրուկի կամ կարմրախտի հաստատված դեպքով անձին թույլատրվում է հաճախել աշխատանքի վայր, ուսումնական հաստատություն և այլ վայրեր` ցանավորման սկզբից հաշված 4 օրից հետո` կարմրուկի, և 7 օրից հետո` կարմրախտի դեպքում:
37. Կարմրուկի հաստատված դեպքով անձը ենթակա է մեկուսացման կատառալ երևույթների դրսևորումից սկսած` ցանի առաջացումից հետո 4 օր տևողությամբ: Կարմրախտի հաստատված դեպքը ենթակա է մեկուսացման կատառալ երևույթների դրսևորումից սկսած մինչև ցանավորումից հետո 7 օր տևողությամբ: Փաստագրված իմունային անբավարարություն ունեցող կարմրուկի, կարմրախտի հաստատված դեպքերը մեկուսացվում են հիվանդության ողջ ընթացքում:
38. ԲԿՀ-ով մինչև 12 ամսական երեխաները յուրաքանչյուր ամիս ենթարկվում են լաբորատոր հետազոտության` կարմրախտի վիրուսի հայտնաբերման նպատակով:
39. ԲԿՀ-ով մինչև 12 ամսական վիրուսազատման փուլում գտնվող երեխաներին արգելվում է հաճախել նախադպրոցական և երեխաների խնամք իրականացնող կազմակերպություններ, սահմանափակվում է շփումը նաև այլ անձանց հետ` մինչև կարմրախտի վիրուսազատման դադարումը: Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում ապահովվում է ԲԿՀ-ով մինչև 12 ամսական վիրուսազատման փուլում գտնվող երեխաների մեկուսացումը` մինչև կարմրախտի վիրուսազատման դադարումը:
40. Բժշկական կազմակերպություններում, առողջարաններում, ուսումնական և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կոնտակտավորների նկատմամբ սահմանվում է ամենօրյա բժշկական հսկողություն կարմրուկի, կարմրախտի հաստատված դեպքի հետ վերջին շփումից հետո 23 օր տևողությամբ` իրականացնելով ջերմաչափում, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների զննում` տվյալները գրանցելով Նորմատիվի Ձև 1-ում, բացառությամբ մասնագիտացված (ինֆեկցիոն) հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում կամ հիվանդանոցային պայմաններում բժշկական կազմակերպությունների ինֆեկցիոն բաժանմունքներում:
41. Բժշկական կազմակերպությունում չպատվաստված, թերի պատվաստված և նախկինում կարմրուկով, կարմրախտով չհիվանդացած բուժաշխատողները աշխատանքի չեն հաճախում կասկածելի կամ հաստատված դեպքի հետ առաջին շփումից հետո 5-րդ օրվանից մինչև վերջին շփումից հետո` 23-րդ օրը:
42. Բժշկական կազմակերպությունում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացվող վայրերում կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի կասկածելի կամ հաստատված դեպքով անձի խնամքը, օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառումն իրականացվում է` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 23-Ն հրամանի պահանջների:
ԳԼՈՒԽ 5.
ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ
43. Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի, կարմրախտի դեմ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` իմունականխարգելման ազգային ծրագրի և Հայաստանի Հանրապետության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում իմունականխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջները սահմանող` Լիազոր մարմնի ղեկավարի ընդունած նորմատիվ իրավական ակտի, տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի և Լիազոր մարմնի ղեկավարի համապատասխան հրամաններով հաստատված կիրառման ուղեցույցների:
44. Կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ սերտ շփված կոնտակտավորները` շփումից հետո մինչև 72 ժամվա ընթացքում, ենթակա են պատվաստման կարմրուկի, կարմրախտի դեմ համաճարակաբանական ցուցումով: Պատվաստման ենթակա են նաև կոնտակտավորների հետ սերտ շփված անձինք, մասնավորապես.
1) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 6 ամսականից մինչև 12 ամսական կարմրուկով կամ կարմրախտով չհիվանդացած երեխաներին, կատարվում է մեկ դեղաչափ պատվաստում, որը համարվում է զրոյական դեղաչափ, հաջորդիվ երեխայի կարմրուկի, կարմրախտի դեմ պատվաստումները շարունակվում են ըստ պատվաստումների ազգային օրացույցով սահմանված տարիքային խմբերի` համաճարակաբանական ցուցումով կատարված պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,
2) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 12 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրականը լրացած մեկ դեղաչափ պատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում` նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված երկրորդ դեղաչափը,
3) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 12 ամսականից մինչև 3 տարեկան 11 ամսական 29 օրականը չպատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված առաջին դեղաչափը, հաջորդիվ երեխայի կարմրուկի դեմ պատվաստումները շարունակվում են ըստ պատվաստումների ազգային օրացույցի` համաճարակաբանական ցուցումով կատարված պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,
4) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 4 տարեկանից մինչև 18 տարեկան 1 դեղաչափ պատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում` նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված երկրորդ դեղաչափը,
5) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 4 տարեկանից մինչև 18 տարեկան չպատվաստված երեխաներին կատարվում է 1 դեղաչափ պատվաստում, որը կհամարվի պատվաստումների ազգային օրացույցով սահմանված առաջին դեղաչափը, հաջորդիվ երեխայի կարմրուկի դեմ պատվաստումների երկրորդ դեղաչափը շարունակվում է նախորդ պատվաստումից առնվազն 4 շաբաթ անց,
6) կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփված 18 տարեկան և բարձր տարիքի անձանց, ովքեր չունեն փաստագրված պատվաստումային կարգավիճակ կամ կարմրուկով հիվանդացման փաստ, կատարվում է 1 դեղաչափ պատվաստում:
45. Կարմրուկի դեպքի հետ շփումից հետո հղիներին, մինչև 6 ամսական երեխաներին, փաստագրված իմունային անբավարարություն ունեցող անձանց առաջարկվում է պասիվ իմունականխարգելում` հակակարմրուկային մարդկային իմունոգլոբուլինով (հակակարմրուկային իմունոգլոբուլինի առկայության դեպքում): Կարմրուկի հաստատված դեպքի հետ շփումից հետո մինչև 6 օրվա ընթացքում պասիվ իմունականխարգելման դեպքում այն կարող է կանխարգելել հիվանդությունը կամ նվազեցնել ծանր դեպքերի առաջացումը:
46. Բուժաշխատողները, ովքեր չունեն կարմրուկի, կարմրախտի դեմ 2 դեղաչափ պատվաստում կամ կարմրուկով, կարմրախտով հիվանդացման մասին գրանցված փաստ` անկախ կարմրուկի, կարմրախտի և ԲԿՀ-ի դեպքի հետ շփումից, համաճարակաբանական ցուցումով ստանում են կարմրուկի, կարմրախտի դեմ կանխարգելիչ պատվաստում:
Ձև 1
ԿԱՐՄՐՈՒԿԻ, ԿԱՐՄՐԱԽՏԻ ԿՈՆՏԱԿՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Կարմրուկի, կարմրախտի դեպքի ազգանուն, անուն, հայրանուն
______________________________________________________________________
Բնակության վայրի հասցե
______________________________________________________________________
Ախտորոշում
______________________________________________________________________
Ախտորոշման հաստատման ամիս, ամսաթիվ
______________________________________________________________________
.___________________________________________________________________________
|Հ/|Կոնտակտա-|Ծննդյան|Բնա- |Հեռ. |Ամիս, ամսաթիվ |
|հ |վորի |օր, |կու- |համար|_________________________________________|
| |ազգանուն,|ամիս, |թյան | |_____________|_____________|_____________|
| |անուն, |տարի |հասցե| |ջերմու-|ախտա-|ջերմու-|ախտա-|ջերմու-|ախտա-|
| |հայրանուն| | | |թյուն |նշան |թյուն |նշան |թյուն |նշան |
|__|_________|_______|_____|_____|_______|_____|_______|_____|_______|_____|
|__|_________|_______|_____|_____|_______|_____|_______|_____|_______|_____|
|__|_________|_______|_____|_____|_______|_____|_______|_____|_______|_____|
.___________________________________________________________________________
______________________________________________________________________.
| |
|_____________________________________________________________________|
|_____________|_____________|_____________|_____________|_____________|
|ջերմու-|ախտա-|ջերմու-|ախտա-|ջերմու-|ախտա-|ջերմու-|ախտա-|ջերմու-|ախտա-|
|թյուն |նշան |թյուն |նշան |թյուն |նշան |թյուն |նշան |թյուն |նշան |
|_______|_____|_______|_____|_______|_____|_______|_____|_______|_____|
|_______|_____|_______|_____|_______|_____|_______|_____|_______|_____|
|_______|_____|_______|_____|_______|_____|_______|_____|_______|_____|
______________________________________________________________________.
Տվյալները լրացնողի անուն, ազգանուն, հայրանուն, զբաղեցրած պաշտոն
______________________________________________________________________
Պաշտոնական հրապարակման օրը` 18 սեպտեմբերի 2026 թվական: