Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Ե ...

 

01.05.2026 -

 

040.0596.090615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2015 թվականի N 596-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

VI. ԲՆԱԿԵԼԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ՔԱՆԴՄԱՆ ԿԱՄ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

68. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների (այդ թվում` ոչ հիմնական) կառուցման, դրանց վերակառուցման (ներառյալ` քանդման կամ ապամոնտաժման), վերականգնման և ուժեղացման նախագծերը, քաղաքաշինական համալիրների և գործառնական տարածքների հատակագծման նախագծերը, ինչպես նաև բարեկարգման (կանաչապատման) ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը (այսուհետ` նախագծային փաստաթղթեր) մշակվում են հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխան` առաջադրանքով (նախագծման թույլտվությամբ) սահմանված պահանջների ապահովմամբ:

69. Կառուցապատման նախագծերը և գործառնական տարածքների հատակագծման նախագծերը մշակվում են նոր կամ վերակառուցվող բնակելի, հասարակական, արտադրական շենքերի խմբերի, ռեկրեացիոն-առողջարանային, մարզական և այլ նշանակության քաղաքաշինական համալիրների (այսուհետ` քաղաքաշինական համալիր) համար:

70. Գործառնական տարածքների հատակագծման նախագծերը մշակվում են կառուցապատման նախագծերի կազմում կամ, ըստ անհրաժեշտության, որպես կառուցապատման հաջորդ փուլերում նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք հանդիսացող ինքնուրույն փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 150 որոշմամբ սահմանված կարգով:

71. Բարեկարգման և կանաչապատման նախագծերը մշակվում են ինչպես նախագծային փաստաթղթերի կազմում` որպես դրանց անբաժանելի մաս, այնպես էլ` որպես ինքնուրույն փաստաթուղթ` ընդհանուր օգտագործման տարածքների (զբոսայգիներ, հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, լողափեր և այլն), բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների և այլ տարածքների լանդշաֆտային կազմակերպման նպատակով:

72. Նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով կառուցապատողը նախագծային փաստաթղթեր մշակող կապալառուի հետ (այսուհետ` նախագծող) կնքում է նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագիր (այսուհետ` նախագծային կապալի պայմանագիր): Օրենքով սահմանված դեպքերում կամ կառուցապատողի հայեցողությամբ` նախագծողի ընտրությունը կարող է կատարվել ճարտարապետական հրապարակային մրցույթների անցկացման միջոցով:

73. Նախագծային կապալի պայմանագրին կցվում են`

1) սահմանված կարգով տրված առաջադրանքը (բացառությամբ առաջադրանք չպահանջող սույն կարգի 37-րդ կետով սահմանված դեպքերի).

2) կառուցապատողի կողմից կազմված տեխնիկական բնութագիրը (նախագծային առաջադրանքը) (N 5 հավելվածի NN 4-2 և 4-3 ձևեր), ընդ որում, տեխնիկական բնութագիրն ու նախագծման թույլտվությունը չեն կարող պարունակել միմյանց հակասող դրույթներ.

3) վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող օբյեկտների դեպքում նաև` դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1745-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայն որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը.

4) ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը, տարածքի տեղագրագեոդեզիական և կադաստրային հանույթները.

5) բազմակի օգտագործման օրինակելի նախագծով կամ սերտիֆիկացված նախագծով կառուցապատումն իրականացնելու դեպքում նաև` տեղակապվող օրինակելի նախագիծը:

(73-րդ կետը փոփ. 30.04.2026 թիվ 590-Ն որոշում)

74. Սույն կարգի 73-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի առկայությունը պարտադիր է շինարարության թույլտվություն պահանջող օբյեկտների (բացառությամբ գյուղական բնակավայրերի տնամերձ հողամասերում կառուցվող օժանդակ տնտեսական շինությունների) համար` անկախ դրանց ռիսկայնության աստիճանից:

(74-րդ կետը փոփ. 16.12.2021 թիվ 2052-Ն որոշում)

75. Ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերի փորձաքննությունն իրականացվում է N 2 հավելվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի սեպտեմբերի 4-ի N 1530-Ն որոշմամբ սահմանված կարգով:

76. Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը ներդրվում և կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ սահմանված պահանջների ապահովմամբ:

77. Նախագծային փաստաթղթերի (այդ թվում` ըստ սույն կարգի 81-րդ կետում նշված նախագծման փուլերի) կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտով: Նախագծային փաստաթղթերով պետք է նախատեսվեն տվյալ օբյեկտի շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված շինարարության իրականացման ժամկետները: Նախագծային կապալի պայմանագրով ամրագրված պայմաններին համապատասխան` նախագծային փաստաթղթերի կազմում կարող են մշակվել լրացուցիչ նյութեր, որոնց բովանդակությունը և մասշտաբը նշվում են կառուցապատողի կողմից կազմված տեխնիկական բնութագրում:

78. Նախագծողը կարող է պայմանագրով ամրագրված պայմանների համաձայն հավաքել սույն կարգի 73-րդ կետի 3-րդ ու 4-րդ ենթակետերում նշված և կառուցապատողի տեխնիկական բնութագրում նշված լրացուցիչ պայմանների (առկայության դեպքում) կատարման համար անհրաժեշտ ելակետային փաստաթղթերը (ներառյալ` վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող օբյեկտների դեպքում նաև` դրանց տեխնիկական վիճակի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1745-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայն որոշմամբ սահմանված կարգով կազմված եզրակացությունը, ինժեներաերկրաբանական հետազննությունների նյութերը, տարածքի տեղագրագեոդեզիական և կադաստրային հանույթները) կամ դրանց մի մասը:

(78-րդ կետը փոփ. 16.12.2021 թիվ 2052-Ն, 30.04.2026 թիվ 590-Ն որոշումներ)

79. Պետական կամ համայնքի բյուջեի (այդ թվում` վարկային և դրամաշնորհային, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ իրականացվող օբյեկտների նախագծման դեպքում`

1) նախագծող կազմակերպությունն ընտրվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

2) նախագծի կազմում պարտադիր մշակվում են օբյեկտի նախահաշվային փաստաթղթերը:

80. Սույն կարգի 79-րդ կետով չնախատեսված դեպքերում նախահաշվային փաստաթղթերը մշակվում են կառուցապատողի հայեցողությամբ:

81. Նախագծային փաստաթղթերը, կախված նախագծվող օբյեկտի ռիսկայնության աստիճանից (կատեգորիայից), կարող են մշակվել մեկ` «Աշխատանքային նախագիծ» կամ երկու` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով:

82. Մեկ փուլով մշակվում են II և III ռիսկայնության աստիճանների (կատեգորիաների) դասակարգում ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և սերտիֆիկացված նախագծերի տեղակապման նախագծերը, իսկ երկու փուլով` IV և V կատեգորիաների օբյեկտների նախագծային փաստաթղթերը:

83. Նախագծային փաստաթղթերի մշակման փուլերը սահմանվում են առաջադրանքով և նախագծային կապալի պայմանագրով: Նախագծային լուծումները պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները:

83.1. Այն դեպքում, երբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) տրամադրման օրվանից մինչև շինարարության թույլտվություն ստանալը շինարարական նորմերի պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտերում կատարվել են փոփոխություններ, ապա նախագծային փաստաթղթերը գնահատվում և համաձայնեցվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի (նախագծման թույլտվության) տրամադրման պահին գործող` շինարարական նորմերի պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգավորումներով:

(83.1-ին կետը լրաց. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

83.2. Շինարարության թույլտվության տրամադրման օրվանից մինչև ավարտական ակտի և (կամ) շահագործման թույլտվության տրամադրումը տվյալ շինարարական օբյեկտի նախագծման և շինարարական աշխատանքների իրականացման նկատմամբ կիրառվում են շինարարության թույլտվության տրամադրման պահին գործող` շինարարական նորմերի պահանջները սահմանող նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջները: Սույն կետով սահմանված կանոնը չի կիրառվում հետևյալ դեպքերում`

1) շինարարության արտադրության (աշխատանքների) կազմակերպման նորմերի այն փոփոխությունների դեպքում, որոնց պարտադիր կիրառելիությունն ընթացիկ շինարարության նկատմամբ ուղղակիորեն սահմանված է օրենքով կամ համապատասխան փոփոխությունները սահմանող նորմատիվ իրավական ակտով, ինչպես նաև

2) այն դեպքում, երբ կառուցապատողը մինչև ավարտական ակտի և (կամ) շահագործման թույլտվության տրամադրումը դիմում է հաստատված նախագծային փաստաթղթերի և (կամ) շինարարության թույլտվության պայմանների փոփոխության համար, այդ թվում` ծավալատարածական փոփոխությունների, որոնք հանգեցնում են շինարարական օբյեկտի հիմնական ցուցանիշների ավելացման` ներառյալ հարկայնության, շինարարության ծավալների կամ կառուցապատման խտության ավելացման, որի դեպքում խնդրարկվող փոփոխության թույլատրելիությունը գնահատվում և փոփոխության վերաբերյալ վարչական ակտն ընդունվում է փոփոխության վերաբերյալ վարչական ակտ ընդունելու պահին գործող պարտադիր պահանջների հիման վրա:

(83.2-րդ կետը լրաց. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

83.3. Մինչև պետական համալիր փորձաքննության ներկայացվելը` այն դեպքում, երբ նախագծային փաստաթղթերը մշակված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1018-Ն որոշմամբ սահմանված քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի համակարգի շրջանակում կիրառվող հատուկ տեխնիկական պայմանների հիման վրա, ապա`

1) հատուկ տեխնիկական պայմանները մշակած կազմակերպությունը պետական համալիր փորձաքննության ներկայացման ենթակա նախագծային փաստաթղթերի կազմի մասով տալիս է գրավոր եզրակացություն` գնահատվող նախագծային փաստաթղթերի` կիրառված հատուկ տեխնիկական պայմաններին համապատասխանության վերաբերյալ: Նշված եզրակացությունը հանդիսանում է նախագծային փաստաթղթերի ներկայացման փաթեթի պարտադիր մաս և կազմվում է եզրակացություն տվող կազմակերպության պատասխանատվությամբ.

2) պետական համալիր փորձաքննության ներկայացման ենթակա նախագծային փաստաթղթերը` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված եզրակացությամբ հանդերձ, մինչև քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից դրանց հաստատման կամ մերժման վերաբերյալ որոշում կայացնելը, ներկայացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գործող գիտատեխնիկական խորհրդին` եզրակացություն ստանալու նպատակով: Գիտատեխնիկական խորհուրդը, իր աշխատակարգով սահմանված կարգով, քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից նախագծային փաստաթղթերը դիտարկման ներկայացնելու օրվան հաջորդող 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում տալիս է դրանց վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն: Գիտատեխնիկական խորհուրդը «Քաղաքաշինության մասին» օրենքով նախատեսված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահը.

3) քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազորված մարմինը սույն կետով նախատեսված նախագծային փաստաթղթերի հաստատման կամ մերժման վերաբերյալ որոշումը կայացնում է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից գործող գիտատեխնիկական խորհրդի եզրակացությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի փետրվարի 5-ի N 6-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերով սահմանված պահանջները.

4) սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման համակարգի լիազորված մարմնի կողմից կայացված որոշումը գործում է այն կայացնելու պահից 5 (հինգ) տարվա ընթացքում: Սույն կետով սահմանված նախագծային փաստաթղթերը նշված 5 (հինգ) տարվա ընթացքում պետական համալիր փորձաքննության չներկայացնելու դեպքում` գործընթացն իրականացվում է կրկին` սույն կետով սահմանված կարգով:

(83.3-րդ կետը լրաց. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

84. Նախագծային փաստաթղթերի` երկու փուլով մշակման դեպքում համաձայնեցվող փուլ է համարվում «Նախագիծ» փուլը, որի հիման վրա, սույն կարգին համապատասխան, տրվում է շինարարության թույլտվություն` աշխատանքների իրականացման հաջորդականության (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն) վերաբերյալ համապատասխան նշումով:

85. Հաջորդական` «Աշխատանքային փաստաթղթեր» փուլը մշակվում է` համաձայնեցված «Նախագիծ» փուլի հիման վրա և դրանով ընդունված լուծումներին համապատասխան:

86. Կառուցապատման նախագծի «Աշխատանքային նախագիծ» (մեկ փուլով մշակման դեպքում) կամ «Աշխատանքային փաստաթղթեր» (երկու փուլով մշակման դեպքում) նախագծային փաստաթղթերում ներառվում են առաջադրանքով նախատեսված օբյեկտների աշխատանքային փաստաթղթերը:

87. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում, պատմամշակութային հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքներում կառուցապատվող հողամասն ընդգրկող տարածքի համար սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծի բացակայության դեպքում, ինչպես նաև N 4 հավելվածի N 3 ցանկով սահմանված հատուկ և կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներ ու քաղաքաշինական համալիրներ նախագծելիս` առաջադրանքով կարող է նախատեսվել նաև նախագծի միջանկյալ` «Էսքիզային նախագիծ» կամ «Կառուցապատման սխեմա» փուլի մշակման պայման` օբյեկտի ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումներն իրավասու մարմնի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` շահագրգիռ մարմինների հետ նախապես համաձայնեցման համար:

88. «Էսքիզային նախագիծը» կամ «Կառուցապատման սխեման» հիմք չեն շինարարության թույլտվություն տրամադրելու համար:

89. Սույն կարգի 87-րդ կետով սահմանված դեպքերում «Կառուցապատման սխեմայի» համաձայնեցման ընթացակարգն իրականացվում է`

1) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում` սույն կարգի 14-րդ, 15-րդ և 16-րդ կետերում նշված համապատասխան որոշումներով սահմանված կարգով.

2) հաստատված տարածական պլանավորման փաստաթղթերի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 23-ի N 828-Ն որոշմամբ սահմանված կարգով:

90. Իրավասու մարմինը կառուցապատողի ներկայացրած էսքիզային նախագիծը քննարկում է սույն կարգի 59-րդ և 60-րդ կետերով սահմանված կարգով ու ժամկետներում նախագծման թույլտվության (առաջադրանքի) վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրած կամ այն համաձայնեցրած շահագրգիռ մարմինների հետ և կառուցապատողին ծանուցում է միջանկյալ համաձայնություն տալու մասին: Միջանկյալ համաձայնեցման փաստաթղթին կցվում են իրավասու և շահագրգիռ մարմինների առաջարկություններն ու դիտողությունները (առկայության դեպքում), որոնք պետք է հաշվի առնվեն նախագծման հաջորդ փուլերում:

91. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ IV և V կատեգորիաների դասակարգում ունեցող օբյեկտների ու համալիրների առաջադրանքները կարող են լրամշակվել միջանկյալ համաձայնեցում ստացած` սահմանված կարգով մշակված էսքիզային նախագծի հիման վրա, եթե նման պայման ամրագրված է առաջադրանքում:

92. Էսքիզային նախագծի մշակումը և (կամ) առաջադրանքի լրամշակումը հիմք չեն առաջադրանքի գործողության ժամկետը երկարաձգելու համար:

93. Կառուցապատողը նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը ներկայացնում է համապատասխան լիցենզիա ունեցող անձին` փորձաքննության (բացառությամբ սույն կարգի 95-րդ կետում նշված` փորձաքննություն չպահանջող դեպքերի):

94. Նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է N 2 հավելվածով սահմանված կարգով:

95. Փորձաքննություն չի պահանջվում`

1) I կատեգորիայի ռիսկայնության շինարարական աշխատանքներ կատարելու համար.

2) II կատեգորիայի ռիսկայնության օբյեկտների նախագծային փաստաթղթերի համար.

3) բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սերտիֆիկացված նախագծերի զրոյական նիշից բարձր նախագծային փաստաթղթերի համար:

96. II կատեգորիայի ռիսկայնության օբյեկտների նախագծային փաստաթղթերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունն ապահովվում է նախագիծը թողարկող պատասխանատու կապալառուի երաշխավորագրով:

97. Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման (զրոյական նիշից ցածր) նախագծային փաստաթղթերը մշակվում են տեղակապվող օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

 

98. Կառուցապատողը, նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով դիմում է (N 2 հավելվածի N 2-1 ձև) իրավասու մարմնին` կցելով շինարարության թույլտվության (իսկ սույն կարգի 116-րդ կետով նախատեսված դեպքերում` նաև քանդման թույլտվության) համար օրենքով սահմանված տեղական տուրքը վճարելու մասին անդորրագիրը (անդորրագրերը), նախագծային փաստաթղթերը (երկու օրինակից), փորձաքննության դրական եզրակացությունը (եզրակացությունները) կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը, ինչպես նաև սույն կետում նշված ձևաթղթում ներկայացված այլ տեղեկություններ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` տեղական տուրքը վճարելու մասին անդորրագրի (անդորրագրերի) փոխարեն կարող է ներկայացվել նաև պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ` անդորրագիր): Էլեկտրոնային համակարգի միջոցով նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման ընթացակարգն իրականացվում է սույն որոշման N 3 հավելվածով սահմանված կարգով:

Սույն կարգի 23.1-ին կետով նախատեսված շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման նպատակով շինարարության թույլտվություն ստանալու համար տեղական տուրքը ենթակա է գանձման` «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով` որպես շենքերի և շինությունների արդիականացման համար նախատեսված տուրք:

(98-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 23.03.17 թիվ 280-Ն որոշումներ)

99. Համաձայնեցման ներկայացվող նախագծային փաստաթղթերի կազմում ներառվում են կառուցապատվող հողամասից դուրս` ինժեներական ենթակառուցվածքի ընդհանուր ցանցերին միացող գծերի կառուցման հետևանքների (առկայության դեպքում) վերացմանն ուղղված նախագծային լուծումները:

100. Իրավասու մարմինը համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվությունը` սույն կարգի 98-րդ կետում նշված դիմումն ստանալու օրվանից`

1) II ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների համար`

ա. 3-օրյա ժամկետում` բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կամ սերտիֆիկացված նախագծերի տեղակապման դեպքում, ինչպես նաև շենքերի և շինությունների արտաքին գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման դեպքում,

բ. 5-օրյա ժամկետում` սույն կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ չնշված օբյեկտների դեպքում.

2) 10-օրյա ժամկետում` III ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում.

3) 15-օրյա ժամկետում` IV ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) օբյեկտների դեպքում:

(100-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

101. Իրավասու մարմնի կողմից համաձայնեցվելուց և շինարարության թույլտվությունը տրամադրվելուց հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, որոնցից մեկ օրինակը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով շինարարության թույլտվության հետ միասին հանձնվում է կառուցապատողին, իսկ մյուսը մնում է իրավասու մարմնի մոտ:

102. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ հասարակության իրազեկում նախատեսող դեպքերում և կարգով իրավասու մարմինն ապահովում է կառուցապատվող օբյեկտի վերաբերյալ հասարակության իրազեկումը:

103. Հասարակության իրազեկում պահանջող դեպքերում` սույն կարգի 100-րդ կետում նշված ժամկետներին գումարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ նախատեսված ժամկետը:

104. Դիտողություններով վերադարձված և դրանք հաշվի առնելով լրամշակված նախագծային փաստաթղթերը համաձայնեցվում են, և դրանց հիման վրա տրվում է շինարարության թույլտվություն` սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում:

105. Ոչ հիմնական օբյեկտների համար իրավասու մարմնի կողմից տրվում է տեղադրման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 896 որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան:

106. Նախագծային փաստաթղթերը չեն համաձայնեցվում, և շինարարության, այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման թույլտվությունը մերժվում է հետևյալ դեպքերում`

1) նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում նախագծման թույլտվությամբ (առաջադրանքով) սահմանված պայմաններին (այդ թվում` տեխնիկական) և սահմանափակումներին կամ դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջներին.

2) սույն կարգի 98-րդ կետով սահմանված փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի կամ ոչ լիարժեք տեղեկություններ, կամ սույն կարգի 107-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվել.

3) նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության, այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման թույլտվության տրամադրման մասին դիմումը ներկայացվել է նախագծման թույլտվության (առաջադրանքի) գործողության ժամկետը լրանալուց հետո.

4) նախագծման թույլտվություն (առաջադրանք) չպահանջվող դեպքերում`

ա. նախագծային փաստաթղթերը չեն համապատասխանում հաստատված գոտևորման նախագծով սահմանված պահանջներին,

բ. թեև սույն կարգի 39-րդ կետին համապատասխան ներկայացված դիմումում նշվել է ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտության բացակայության մասին, սակայն դրանք անհրաժեշտ են.

5) սույն կարգի 116-րդ կետում նշված դեպքերում, եթե մերժվում է քանդման (ապամոնտաժման) թույլտվությունը կամ եթե չի ներկայացվել օրենքով (կամ սույն կարգի 98-րդ կետով) սահմանված տեղական տուրքի վճարման անդորրագիրը (անդորրագրերը).

6) նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը չեն համապատասխանում քաղաքաշինության բնագավառի պետական լիազորված մարմնի գերատեսչական ակտերով սահմանված պահանջներին.

7) դիմումով նոր շինարարության, այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման իրականացման համար հայցվող ժամկետը 1.5-ից ավելի անգամ գերազանցում է նախագծով նախատեսված` շինարարության տևողության նորմերով հաշվարկված ժամկետը:

(106-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 23.03.17 թիվ 280-Ն որոշումներ)

107. Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա իրավասու մարմինն օրենքով սահմանված կարգով կառուցապատողին առաջարկում է 5-օրյա ժամկետում համալրել բացակայող փաստաթղթերը:

Եթե սույն կարգի 98-րդ կետով նախատեսված դիմումը սույն կարգի 106-րդ կետով սահմանված հիմնավորմամբ մերժվում է, ապա կառուցապատողը կարող է կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ ու կրկին դիմել իրավասու մարմնին: Իրավասու մարմինը քննարկում է կրկնակի դիմումը և սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում կառուցապատողին է տրամադրում համաձայնեցված նախագծային փաստաթղթերն ու շինարարության (այդ թվում` քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությունը, եթե բացակայում են կրկնակի դիմումի մերժման հիմքերը:

(107-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

108. Հաստատված նախագծային փաստաթղթերում փոփոխությունները կատարվում են սույն կարգով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

109. Կառուցապատման նախագծի շինարարության թույլտվությունը տրվում է քաղաքաշինական համալիրում ներառված օբյեկտների նախագծային փաստաթղթերի, իսկ բազմակի օգտագործման կամ սերտիֆիկացված նախագծերով կառուցապատում իրականացնելու դեպքում` դրանց տեղակապման նախագծերի հիման վրա:

110. Շինարարության թույլտվությունը մերժվում է միայն սույն կարգի 106-րդ կետով սահմանված հիմքերով, ընդ որում, կատարված ծախսերի ռիսկը կրում է կառուցապատողը:

111. Նոր կառուցվող շենքերի, շինությունների համար շինարարության թույլտվությամբ սահմանվում է շինարարության ավարտի ժամկետ` ըստ հայցվող ժամկետի, բայց ոչ ավելի նախագծային փաստաթղթերում նախատեսված ժամկետների 1.5-ապատիկից: Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շինարարության թույլտվությամբ` կառուցապատողի հայեցողությամբ, սահմանվում է նաև շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետը:

112. Գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման և բարեկարգման աշխատանքների համար թույլտվությունը տրվում է նախագծային փաստաթղթերով տվյալ օբյեկտի շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետով:

113. Սույն կարգի 111-րդ կետով սահմանված ժամկետների հաշվարկի սկիզբ է համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով շինարարության թույլտվությունն ուժի մեջ մտնելու օրը, իսկ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի դեպքում շահագործման թույլտվության ձևակերպման ժամկետի հաշվարկի սկիզբ է համարվում ավարտական ակտի հիմքով կառուցվող (վերակառուցվող, վերականգնվող, ուժեղացվող, արդիականացվող, ընդլայնվող) շինության ավարտի պետական գրանցման հաջորդ օրը: Ընդ որում, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի համար, շինարարության թույլտվություն տրամադրելու մասին կառուցապատողի դիմումում համապատասխան նշման դեպքում, ավարտական ակտի և շահագործման թույլտվության ստացման ժամկետը կարող է նաև լինել նույնը, և իրավասու մարմնի կողմից այդ կառուցված օբյեկտի շինարարության փաստագրումը ձևակերպվում է սույն կարգի VII բաժնով սահմանված ընթացակարգով:

114. Ավարտված շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովի աշխատանքի համար նախատեսվող ժամկետը ներառվում է շինարարության տևողության մեջ` բացառությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) օբյեկտների, որոնց ժամկետը յուրաքանչյուր առանձին դեպքում սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

115. Կառուցման փուլում հողամասի (հողամասի բաժնեմասի) և կառուցվող շենքի կամ շինության նկատմամբ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ կամ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձին գույքային միավորների մասով այլ անձի փոխանցումը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պետական գրանցման դեպքում շինարարության (քանդման կամ ապամոնտաժման, կամ տեղադրման) թույլտվությունը և դրանով սահմանված պայմանները պահպանվում են լրիվ ծավալով նոր կառուցապատողի (համակառուցապատողի) համար: Ընդ որում` կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ ծավալով ձեռք բերած նոր կառուցապատողի համար շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետները ենթակա են երկարաձգման` ըստ օբյեկտի մնացորդային աշխատանքների իրականացման համար շինարարության նորմերով հաշվարկվող ժամկետների` առանց նախորդ կառուցապատողի խախտման համար նոր կառուցապատողին պատասխանատվություն առաջադրելու:

116. Եթե նոր կառուցվող օբյեկտների շինարարությունը հնարավոր չէ` առանց տվյալ կառուցապատվող հողամասում գտնվող շենքի (շենքերի) և կամ շինության (շինությունների) քանդման, ապա նոր կառուցվող օբյեկտների համար տրված շինարարության թույլտվությունը` համապատասխան նշումով, նաև քանդման (կամ ապամոնտաժման) թույլտվություն է, ընդ որում, քանդումը կամ ապամոնտաժումն իրականացվում են սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերով ամրագրված հաջորդականությամբ և կարգով: Սույն կետով նախատեսված դեպքերում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքերը վճարվում են միաժամանակ:

117. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության հիման վրա ցանկացած շինարարական և զուգահեռ աշխատանք կարող է իրականացվել բացառապես սույն կարգով համաձայնեցված ու հաստատված նախագծային փաստաթղթերի, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

118. Պատմամշակութային հուշարձանի տեղափոխման` օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա և Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրվում է հուշարձանի ապամոնտաժման թույլտվություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշումներով սահմանված պահանջների ապահովմամբ:

(118-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

119. Եթե օբյեկտի քանդումը չի նախատեսում նոր օբյեկտի կառուցում, և հաջորդող աշխատանքների իրականացման համար չի պահանջվում շինարարության թույլտվություն, կամ սույն կարգի 58-րդ կետին համապատասխան` կառուցապատվող հողամասի ինժեներական հետազննումներն անհնարին են` առանց քանդման աշխատանքների, ապա կառուցապատողը (սեփականատերը կամ նրա կողմից` սահմանված կարգով լիազորված անձը) քանդման թույլտվություն ստանալու համար իրավասու մարմին է ներկայացնում դիմում` համաձայն N 5 հավելվածի N 2-2 ձևի: Կառուցապատողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով վճարել քանդման թույլտվության համար օրենքով սահմանված տուրքը և քանդումն իրականացնել սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերին համապատասխան:

120. Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունն իրավասու մարմնի կողմից տրամադրվում կամ մերժվում է սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում, ընդ որում, թույլտվությունը մերժվում է միայն սույն կարգի 58-րդ, 116-րդ, 118-րդ և 119-րդ կետերով սահմանված պահանջները չբավարարելու հիմքերով, իսկ կրկնակի դիմումն իրավասու մարմին ներկայացնելու դեպքում` այն քննարկվում է սույն կարգի 107-րդ կետով սահմանված պահանջներով:

(120-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

121. Քանդման (ապամոնտաժման) թույլտվությունների տրամադրման ընթացակարգն իրականացվում է` քանդման ենթակա օբյեկտի ռիսկայնության աստիճանի (կատեգորիայի) համար սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

122. Իրավասու մարմինը 3-օրյա ժամկետում շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության պատճենները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համապատասխան հարկային (տարածքային) տեսչություն: Իրավասու մարմինը տրամադրած թույլտվության մասին նույն ժամկետում իրազեկում է նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետներին (բացառությամբ Երևան քաղաքի):

123. Շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում կառուցապատումը (բացառությամբ գյուղական բնակավայրերում իրականացվող կառուցապատման և անհատական բնակելի տների) չավարտելու դեպքում իրավասու մարմինը կառուցապատողին գրավոր նախազգուշացնում է շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու մասին:

124. Իրավասու մարմնի կողմից շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվությամբ սահմանված շինարարության տևողությունը կարող է երկարաձգվել` ոչ ավելի, քան տվյալ օբյեկտի չիրականացված աշխատանքների համար շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) տևողության նորմերով հաշվարկված ժամկետի չափով:

(124-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն որոշում)

125. Սույն կարգի 123-րդ կետով սահմանված դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության:

126. Եթե կառուցապատողը նախազգուշացումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում չի դիմում շինարարության թույլտվություն տվող մարմնին` շինարարության ժամկետը երկարաձգելու մասին հայտով, կամ շինարարության թույլտվությամբ սահմանված նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը, կամ չի օտարում սեփականության իրավունքով իրեն պատկանող օբյեկտը, ապա շինարարության թույլտվություն տվող մարմինը նրան կրկին ենթարկում է վարչական պատասխանատվության և դիմում դատարան տվյալ օբյեկտը կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունք ունեցող անձանց իրավունքների ծանրաբեռնմամբ և կառուցապատողի հատուկ հաշվի մնացորդի նկատմամբ իրավունքներով հանդերձ վաճառելու հայցով` դատարանի սահմանած կարգով և գնով, բայց ոչ պակաս, քան օբյեկտի կադաստրային արժեքի 75 տոկոսի չափով:

127. Կառուցապատողի կողմից սույն կարգի 126-րդ կետում նշված հայտն իրավասու մարմին է ներկայացվում` համաձայն N 5 հավելվածի N 2-1 ձևի:

128. Շինարարության թույլտվության հետ միասին կառուցապատողին է տրվում շինարարության վարման մատյանը` դրոշմակնքված իրավասու մարմնի կողմից: Շինարարության վարման մատյանի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:

129. Կառուցապատողը շինարարական (քանդման, ապամոնտաժման) աշխատանքներն սկսելուց առնվազն 3 օր առաջ, համաձայն N 5 հավելվածի N 2-5 ձևի, ծանուցում է (էլեկտրոնային համակարգի միջոցով ծանուցելու դեպքում` սույն որոշման N 3 հավելվածի 6-րդ կետում նշված գրանցման համարով) իրավասու մարմնին, որն իր հերթին` եռօրյա ժամկետում դրա մասին իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` կցելով սույն կետում նշված ձևաթղթով կառուցապատողի ներկայացրած տեղեկանքի պատճենը:

(129-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

130. Շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը կարող է դիմել իրավասու մարմին` կառուցապատման, տեխնիկական պայմանների կամ ելակետային տվյալների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով իրավասու մարմնի կողմից վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:

Այն դեպքերում, երբ կառուցապատման, տեխնիկական պայմաններում կամ ելակետային տվյալներում որևէ փոփոխություն կատարելու անհրաժեշտություն առկա չէ, ապա, հաշվի առնելով սույն որոշման N 2 հավելվածի 45-րդ կետով սահմանված պահանջը (մասնավորապես` փորձագիտական դրական եզրակացության կամ երաշխավորագրի գործողության համար սահմանված երեք տարվա ժամկետի լրանալը, որի դեպքում կառուցապատողը պետք է ապահովի նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի նոր փորձաքննություն կամ երաշխավորագիր), կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին` դիմումին կցելով նոր թույլտվության համար անհրաժեշտ տեղական տուրքի վճարումը հավաստող համապատասխան անդորրագիրը և սույն կարգի 101-րդ կետին համապատասխան` իրեն հանձնված նախագծային փաստաթղթերի բնօրինակը (բնօրինակները)` սույն կարգի 100-րդ կետով սահմանված ժամկետներում վերահամաձայնեցնելու (վերահաստատելու) համար:

Սույն կետով սահմանված գործառույթներն իրականացվում են սույն կարգի 38-41-րդ կետերով սահմանված պահանջների ապահովմամբ` հաշվի առնելով սույն կետում նշված առանձնահատկությունները, իսկ տրամադրված նոր շինարարության թույլտվության մեջ «Այլ պայմաններ» մասում կատարվում է գրառում` կառուցապատողին տրված նախորդ շինարարության թույլտվությունը (թույլտվությունները) ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ:

Սույն կետում նշված նախագծային փաստաթղթերի վերահամաձայնեցումը (վերահաստատումը) իրականացվում է իրավասու մարմնի կողմից` նախկինում համաձայնեցված նախագծային փաստաթղթերի բնօրինակի (բնօրինակների) վրա համապատասխան նշում (գրառում) կատարելու միջոցով:

(130-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 23.03.17 թիվ 280-Ն, 16.12.2021 թիվ 2052-Ն որոշումներ)

131. Շինարարական աշխատանքներ չսկսելու արդյունքում, մինչև սույն կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից սահմանված կարգով նախատեսված դիմում չներկայացվելու դեպքում իրավասու մարմնի նախաձեռնությամբ շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում` դրա մասին եռօրյա ժամկետում պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի գրանցված իրավունքների դադարեցում գրանցելու համար:

(131-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն որոշում)

132. N 4 հավելվածով սահմանված միջին ռիսկայնության աստիճանի (Il կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարության որակի նկատմամբ տեխնիկական հսկողությունը (բացառությամբ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տեխնիկական հսկողության լիցենզիա չպահանջող դեպքերի) կարող է փոխարինվել շինարարական աշխատանքների պատասխանատու կապալառուի երաշխավորագրով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2106-Ն որոշմամբ սահմանված պահանջների ապահովման պայմանով:

(132-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 18.04.2026 թիվ 535-Ն որոշումներ)

133. Կառուցապատողը շինարարության ընթացքում պարտավոր է 5-օրյա ժամկետում իրավասու մարմնին ծանուցել շինարարության թույլտվության և (կամ) N 5 հավելվածի N 2-5 ձևի տեղեկանքի տվյալների փոփոխման մասին (N 5 հավելվածի N 4-5 ձև), որի վերաբերյալ իրավասու մարմինն իր հերթին` եռօրյա ժամկետում գրավոր իրազեկում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` կցելով կառուցապատողի ներկայացրած` սույն կետում նշված տեղեկանքի պատճենը:

134. Կառուցման փուլում հողամասի (հողամասի բաժնեմասի) և կառուցվող շենքի նկատմամբ քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված կառուցապատողի իրավունքներն ու պարտականությունները լրիվ կամ ճարտարապետաշինարարական նախագծով նախատեսված առանձին գույքային միավորների մասով այլ անձի փոխանցելու դեպքում Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեն եռօրյա ժամկետում փոփոխության մասին գրավոր տեղեկացնում է իրավասու մարմնին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

(134-րդ կետը փոփ. 20.09.18 թիվ 1036-Ն որոշում)

135. Եթե կառուցապատողն աշխատանքների կատարման ընթացքում թույլ է տվել սույն կարգի 129-րդ, 130-րդ և 133-րդ կետերով սահմանված դրույթների խախտում, ապա խախտումը բացահայտվելու պահից շինարարության թույլտվության գործողությունը կասեցվում է իրավասու մարմնի որոշմամբ` մինչև կասեցման պատճառների վերացումը, ընդ որում, կասեցումը հիմք չէ շինարարության թույլտվության գործողության ժամկետը երկարաձգելու համար: Շինարարության թույլտվությունը կարող է կասեցվել նաև օրենքով վարչական ակտերի կասեցման համար նախատեսված դեպքերում և կարգով:

136. Առանց շինարարության թույլտվության կատարվում են միայն N 4 հավելվածի N 1 ցանկով (այսուհետ` ցանկ) սահմանված ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքները: Ցանկում աստղանիշով (*) նշված` շենքերի նկուղային և որմնախարսխային հարկերի, ստորգետնյա ավտոկայանատեղիների, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված սենքերի ընթացիկ նորոգման (այդ թվում` ապաստարանների, թաքստոցների, եթե տեխնիկական վիճակի ուսումնասիրության եզրակացությամբ չեն նախատեսվել վերակառուցման և (կամ) ամրացման միջոցառումներ), շենքերի արտաքին տեսքը փոփոխող ընթացիկ նորոգման, այդ թվում` շենքերի ճակատների փողոցահայաց հատվածներում դեկորատիվ տարրերի տեղադրման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների իրականացման համար (եթե բարեկարգման աշխատանքներ իրականացնողն իրավասու մարմինը չէ, բացառությամբ քաղաքացիական պաշտպանության կառույցներին առնչվող դեպքերի)`

1) դիմողը կազմում է էսքիզային նախագիծ (քաղաքացիական պաշտպանության կառույցների դեպքում` ձեռք է բերում նաև տեխնիկական վիճակի հետազննության եզրակացություն, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության բնագավառում լիազորված մարմնի համաձայնեցումը) և N 5 հավելվածի N 4-1 ձևի դիմումով այն ներկայացնում է իրավասու մարմին.

2) իրավասու մարմինը դիմումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում այն` նշելով մերժման հիմքերը.

3) մերժման դեպքում կրկնակի դիմելու և իրավասու մարմնի ներկայացրած պահանջները դիմողի կողմից կատարվելու դեպքում` համաձայնության տրամադրման (կամ մերժման) հարցը քննարկվում է ոչ ավելի, քան եռօրյա ժամկետում:

(136-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 25.03.2021 թիվ 410-Ն որոշումներ)

137. Պատմամշակութային հուշարձանների փոփոխմանն ու դրանց պահպանության գոտիների տարածքներում շինարարական աշխատանքներին առնչվող դեպքերում սույն կարգի 136-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերն իրավասու մարմինը եռօրյա ժամկետում ներկայացնում է պատմամշակութային հուշարձանների բնագավառի լիազորված մարմին` համաձայնեցման, որի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2338-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ համապատասխան տարածքային մարմնի թույլտվության առկայության դեպքում իրավասու մարմին ներկայացված կարծիքը, որոշումները հիմք են դիմողին համաձայնություն տալու, դիտողություններով լրամշակման վերադարձնելու կամ մերժելու համար:

(137-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 24.09.2020 թիվ 1583-Ն որոշումներ)

 

VII. ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՎԱՐՏՎԱԾ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՓԱՍՏԱԳՐՈՒՄԸ)

 

138. Կառուցված շինության (այդ թվում` վերակառուցված, վերականգնված, ուժեղացված, արդիականացված, ընդլայնված) շինարարական աշխատանքների իրականացման ավարտը և, ըստ գործառնական նշանակության, շահագործման ընդունումը, բացառությամբ սույն կարգի 23.1-ին կետով սահմանված շինարարական աշխատանքների, փաստագրվում են ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ)` համաձայն N 5 հավելվածի N 3-1 ձևի, հաստատված նախագծով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված շինարարական օբյեկտը կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:

Բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրի կազմում ընդգրկված առանձին շինարարական օբյեկտների շինարարական աշխատանքների իրականացման ավարտը և միջանկյալ շահագործման ընդունումը փաստագրվում են ավարտական ակտով (շահագործման թույլտվությամբ)` համաձայն N 5 հավելվածի N 3-1-Ա ձևի, հաստատված նախագծով նախատեսված` շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրի կազմում ընդգրկված առանձին շինարարական օբյեկտի աշխատանքներն իրականացվելուց և օրենքով ու սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան կապալառուի կողմից ավարտված բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրի կազմում ընդգրկված առանձին շինարարական օբյեկտները կառուցապատողին հանձնելուց և կառուցապատողի կողմից այն ընդունվելուց հետո:

(138-րդ կետը փոփ. 23.03.17 թիվ 280-Ն, 18.04.2026 թիվ 535-Ն որոշումներ)

139. Համայնքի տարածքում ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը) տալիս է համայնքի ղեկավարը:

140. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ կամ երկու և ավելի պետությունների շահերին առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձրագույն ռիսկայնության աստիճանի (V կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների շինարարական կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքն ընդունվում է այդ որոշմամբ ստեղծված ընդունող հանձնաժողովի կողմից` անհրաժեշտության դեպքում սույն կարգը լրացնող հատուկ պահանջների ամրագրմամբ, եթե միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

141. Ավարտված շինարարական օբյեկտի` հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին համապատասխանությունը հավաստվում է ընդունող հանձնաժողովի ակտով (այսուհետ` ընդունող հանձնաժողովի ակտ)` համաձայն N 5 հավելվածի N 3-2-1 ձևի, և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացություններով:

Բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրների դեպքում սույն կարգի 157.1-157.7-րդ կետերով սահմանված շրջանակում ընդունող հանձնաժողովի ակտը կարող է կազմվել տվյալ փուլով շահագործման հանձնվող առանձին շինարարական օբյեկտի մասով` համաձայն N 5 հավելվածի N 3-2-1-Ա ձևի, և հիմնավորվում է կատարողական փաստաթղթերով կամ օբյեկտի տեխնիկական վիճակի (շահագործման ենթակա լինելու) մասին համապատասխան հետազննության դրական եզրակացություններով` համաձայն սույն կարգի 157.3-րդ կետի:

(141-րդ կետը փոփ. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

142. Կատարողական փաստաթղթերի փաթեթը կազմում է կապալառուն` տեխնիկական հսկողություն, օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` հեղինակային հսկողություն իրականացնող անձանց մասնակցությամբ: Կատարողական փաստաթղթերի կազմը և ձևերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով:

143. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական հսկողությունը փոխարինվել է շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմակերպության երաշխավորագրով, ապա սույն կարգով տեխնիկական հսկողությանը վերապահված գործառույթներն իրականացնում է կապալառու կազմակերպությունը:

144. Կատարողական փաստաթղթերը (ակտերը) և շինարարության վարման մատյանը պահպանվում են կառուցապատողի մոտ և ընդունող հանձնաժողովի անդամները, ըստ անհրաժեշտության, կարող են ուսումնասիրել դրանք` պահանջելով կառուցապատողից: Կատարողական փաստաթղթերի կամ դրանց մի մասի բացակայության դեպքում կապալառուն պարտավոր է իր միջոցների հաշվին վերականգնել դրանք` անհրաժեշտ տեխնիկական հետազոտություններ կամ փորձարկումներ կատարելու միջոցով: Եթե կապալառուն որևէ հիմքով (կապալառուի անունից առանց լիազորագրի գործելու իրավասություն ունեցող սուբյեկտի կողմից կառուցապատողի անունից գործելու իրավազորության իրացման ժամանակավոր կամ մշտական անհնարինություն կամ գործադիր մարմնի լիազորություններով օժտված սուբյեկտի բացակայություն, կառուցապատողի մասնակցությամբ դատական վեճերի առկայություն, որոնք օրենքի ուժով կամ փաստացի սահմանափակում են կապալառուի (նրա անունից հանդես գալու իրավասություն ունեցող սուբյեկտի) իրավազորությունները), ինչպես նաև սույն հավելվածի իմաստով ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող օբյեկտների դեպքում, չի մասնակցում ընդունող հանձնաժողովի աշխատանքներին, ապա անհրաժեշտ տեխնիկական հետազոտությունների կամ փորձարկումների կատարումը պատվիրում է կառուցապատողը: Միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիայի) դասակարգում ունեցող այն օբյեկտները, որոնք սույն հավելվածի իմաստով համարվում են ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցված և կարող են կառուցվել առանց շինարարության իրականացման և (կամ) շինարարական որակի տեխնիկական հսկողության լիցենզիա ունեցող անձանց ներգրավման` կառուցված օբյեկտի շահագործման ենթակա լինելու փաստը երաշխավորվում կամ հավաստվում է օբյեկտի հեղինակային հսկողություն իրականացնող պատասխանատու կապալառուի կողմից տրված գրավոր երաշխավորագրով կամ կառուցապատողի հայեցողությամբ` համապատասխան տեխնիկական հետազննության դրական եզրակացությամբ:

(144-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 18.04.2026 թիվ 535-Ն որոշումներ)

145. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտների ավարտական ակտի (շահագործման թույլտվության) ձևակերպման համար պարտադիր հիմք են հանդիսանում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարած աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձնաժողովի ակտը:

146. Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը (բացառությամբ սույն կարգի 140-րդ կետով նախատեսված դեպքերի): Սույն կետով սահմանված կանոնը կիրառվում է նաև սույն կարգի 157.1-157.7-րդ կետերով նախատեսված գործընթացների շրջանակում:

(146-րդ կետը փոփ. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

147. Ընդունող հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում են`

1) միջին ռիսկայնության` II կատեգորիա և միջինից բարձր ռիսկայնության` III կատեգորիայի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դեպքում, ինչպես նաև փուլային ավարտական ակտի և միջանկյալ շահագործման թույլտվության տրամադրման հետ կապված վարույթներում` բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող օբյեկտների` կառուցապատողը (կառուցապատողի ներկայացուցիչը), նախագծողը, տեխնիկական հսկողություն իրականացնող անձը, շինարարական աշխատանքները կատարած կապալառուն (կապալառու կազմակերպության ներկայացուցիչը), օբյեկտի գտնվելու համայնքի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան ներկայացուցիչը, համապատասխան ինժեներական ենթակառուցվածքների ծառայությունների մատակարար կազմակերպության ներկայացուցիչը` սույն կարգով նախատեսված դեպքերում: Ֆիզիկական անձանց կողմից ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող օբյեկտների դեպքում սույն ենթակետով նախատեսված ընդունող հանձնաժողովի կազմում չի ընդգրկվում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչը.

2) բարձր ռիսկայնության` IV կատեգորիա և բարձրագույն ռիսկայնության` V կատեգորիա քաղաքաշինական գործունեության օբյեկտների դեպքում`

ա. եթե ավարտական ակտը և շահագործման թույլտվությունը ձևակերպվում են առանձին վարչական ակտերով, ապա ավարտական ակտի ձևակերպման համար ընդունող հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում են` կառուցապատողը (կառուցապատողի ներկայացուցիչը), նախագծողը, տեխնիկական հսկողություն իրականացնող անձը, շինարարական աշխատանքները կատարած կապալառուն (կապալառու կազմակերպության ներկայացուցիչը), Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան ներկայացուցիչը և օբյեկտի գտնվելու համայնքի ներկայացուցիչը, իսկ շահագործման թույլտվության ձևակերպման համար ընդունող հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում են` կառուցապատողը (կառուցապատողի ներկայացուցիչը), օբյեկտի գտնվելու համայնքի ներկայացուցիչը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համապատասխան ներկայացուցիչը, ինչպես նաև համապատասխան ինժեներական ենթակառուցվածքների ծառայությունների մատակարար կազմակերպության ներկայացուցիչը` սույն կարգով նախատեսված դեպքերում,

բ. եթե ավարտական ակտը և շահագործման թույլտվությունը (այդ թվում` փուլային ավարտական ակտը և միջանկյալ շահագործման թույլտվությունը) ձևակերպվում են մեկ վարչական ակտով, ապա ընդունող հանձնաժողովը կազմվում է սույն կետի 1-ին ենթակետով սահմանված դրույթին համապատասխան.

3) եթե կառուցապատող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինը, ապա վերջինիս նախաձեռնությամբ և վերջինիս հաշվին ընդունող հանձնաժողովի կազմում կարող են ներգրավվել նաև այլ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ օրենքով վերահսկողական լիազորություններով օժտված այլ սուբյեկտների ներկայացուցիչներ` միայն այն դեպքում, երբ տվյալ օբյեկտի բնույթով, տեխնոլոգիական լուծումներով կամ անվտանգության ռիսկերով պայմանավորված` անհրաժեշտ է համապատասխան մասնագիտական դիրքորոշումը, և սույն կարգով տվյալ սուբյեկտի մասնակցությունը կամ տվյալ սուբյեկտի մասնագիտական իրավասությունների շրջանակում գտնվող հարցերի վերաբերյալ այլ անդամի մասնակցությունն ընդունող հանձնաժողովի կազմում արդեն իսկ պարտադիր սահմանված չէ: Սույն ենթակետով նախատեսված ներգրավումը թույլատրելի է միայն անհրաժեշտության և համաչափության սկզբունքների պահպանմամբ և չի կարող հանգեցնել ընդունող հանձնաժողովի կազմում նույն մասնագիտական գործառույթներ իրականացնող կամ նույն մասնագիտական իրավասությունների շրջանակում գտնվող հարցեր գնահատող երկու և ավելի անդամների միաժամանակյա ընդգրկման, նույն հարցերի վերաբերյալ զուգահեռ պարտադիր դիրքորոշումների ձևավորման պահանջի առաջացման, ինչպես նաև սույն կարգով սահմանված ընթացակարգային ժամկետների խախտման:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ամբողջությամբ կամ մասնակիորեն իրականացվող, այդ թվում` բյուջետային հատկացումներով, սուբվենցիաներով, սուբսիդիաներով, դրամաշնորհներով կամ համաֆինանսավորմամբ իրականացվող, ինչպես նաև այն քաղաքաշինական գործունեության ավարտի և շահագործման փաստագրման գնահատման դեպքում, որտեղ կառուցապատողը հանդիսանում է քաղաքաշինական օբյեկտի տեղակայման վայրի տարածքային կառավարման պետական մարմինը կամ կառուցապատումն ամբողջությամբ կամ մասնակիորեն ֆինանսավորվում է վերջինիս բյուջետային հատկացումներով, ընդունող հանձնաժողովի կազմում լրացուցիչ ընդգրկվում է նաև քաղաքաշինական օբյեկտի տեղակայման վայրի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչը:

(147-րդ կետը փոփ. 16.06.16 թիվ 630-Ն, 07.12.17 թիվ 1556-Ն /գործողությունը տարածվում է նաև դեռևս չձևակերպված ավարտական ակտերի

(շահագործման թույլտվությունների) իրավահարաբերությունների վրա/, 20.09.18 թիվ 1036-Ն, 23.03.2023 թիվ 395-Ն, 18.04.2026 թիվ 535-Ն որոշումներ)

147.1. Սույն կարգի իմաստով` համապատասխան ինժեներական ենթակառուցվածքների ծառայությունների մատակարար կազմակերպության ներկայացուցիչն ընդունող հանձնաժողովի կազմում պարտադիր ընդգրկվում է այն դեպքերում, երբ ավարտական ակտի և (կամ) շահագործման թույլտվության, այդ թվում` փուլային ավարտական ակտի և միջանկյալ շահագործման թույլտվության, տրամադրման համար սույն կարգով պահանջվում է մատակարար կազմակերպության կողմից տրամադրվող փաստաթուղթ և (կամ) միացման թույլտվություն:

Այն դեպքում, երբ օբյեկտի վերակառուցման (վերականգնման, ուժեղացման, արդիականացման) կամ գործառնական նշանակության փոփոխության հետևանքով չի առաջացել որևէ ինժեներական ենթակառուցվածքի նոր ծառայությունների մատուցման կամ ծառայությունների մատուցման փոփոխության անհրաժեշտություն, համապատասխան ծառայության մատակարար կազմակերպության ներկայացուցիչը չի ընդգրկվում ընդունող հանձնաժողովի կազմում:

(147.1-ին կետը լրաց. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

147.2. Միջին ռիսկայնության` II կատեգորիայի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դեպքում` ընդունող հանձնաժողովի կազմավորման օրվանից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, միջինից բարձր ռիսկայնության` III կատեգորիայի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դեպքում` ընդունող հանձնաժողովի կազմավորման օրվանից 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում, իսկ բարձր ռիսկայնության` IV կատեգորիայի և բարձրագույն ռիսկայնության` V կատեգորիայի քաղաքաշինական գործունեության օբյեկտների դեպքում` ընդունող հանձնաժողովի կազմավորման օրվանից 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով կամ սույն հավելվածով այլ ժամկետ սահմանված չէ, ընդունող հանձնաժողովի անդամները սույն հավելվածով իրենց վերապահված մասնագիտական իրավասությունների շրջանակում իրականացնում են գնահատում, իսկ ընդունող հանձնաժողովում ընդգրկված հեղինակային հսկողություն իրականացնող անձը ներկայացնում է մասնագիտական դիրքորոշում: Ընդունող հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գնահատումն իրականացնում է բացառապես իր մասնագիտական իրավասությունների և սույն կարգով իրեն վերապահված գործառույթների շրջանակում և չի գնահատում այն հարցերը, որոնք վերապահված են ընդունող հանձնաժողովի այլ անդամի մասնագիտական իրավասությանը:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում ներկայացնում է ամփոփ եզրակացություն` այն կազմելով իր համապատասխան ներկայացուցիչների և (կամ) մասնագետների կողմից իրականացված գնահատումների հիման վրա:

Այն դեպքում, երբ հեղինակային հսկողություն իրականացնող` ընդունող հանձնաժողովի անդամը սույն հավելվածի 147.3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետում չի ներկայացնում նույն ենթակետով նախատեսված մասնագիտական դիրքորոշումը, այդ հանգամանքը չի խոչընդոտում ընդունող հանձնաժողովի կողմից համապատասխան ընթացակարգի շարունակմանը և ավարտական ակտի և (կամ) շահագործման թույլտվության վերաբերյալ դիմումի հետագա քննությանը` սույն կարգով նախատեսված այլ հիմքերի և փաստաթղթերի շրջանակում:

Այն դեպքում, երբ ընդունող հանձնաժողովի մյուս անդամները սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում չեն իրականացնում իրենց գնահատումը, այդ հանգամանքը չի խոչընդոտում համապատասխան վարչարարության շարունակմանը և դիմումի վերաբերյալ հետագա ընթացքին` սույն կարգով նախատեսված այլ գնահատումների, փաստաթղթերի և տվյալների հիման վրա:

Սույն կետով սահմանված ժամկետներում մասնագիտական դիրքորոշումը չներկայացնելու և (կամ) գնահատում չիրականացնելու դեպքում հեղինակային հսկողություն իրականացնող անձը և (կամ) համապատասխան անդամն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն հետագայում իր մասնագիտական դիրքորոշման կամ գնահատման անհիմն չներկայացման, ոչ իրավաչափության կամ այլ կերպ վիճարկելի լինելու համար:

(147.2-րդ կետը լրաց. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

147.3. Ավարտական ակտի և (կամ) շահագործման թույլտվության, այդ թվում` փուլային ավարտական ակտի և միջանկյալ շահագործման թույլտվության ձևակերպման գործընթացում ընդունող հանձնաժողովի անդամների գնահատման համար պարտադիր հիմք են`

1) չափագրում իրականացնող սուբյեկտի կողմից կատարված կատարողական չափագրությունը` սույն կարգով և օրենքով պահանջվող փաստաթղթերի շրջանակում: Կատարողական չափագրությունը հիմք է օբյեկտի փաստացի ցուցանիշների և կատարված աշխատանքների փաստաթղթային համադրման համար, սակայն չի սահմանափակում ընդունող հանձնաժողովի անդամների իրավունքը` իրենց մասնագիտական իրավասությունների շրջանակում իրականացնելու ինքնուրույն գնահատում: Կատարողական չափագրության կազմման, դրա տվյալների ճշգրտության և արժանահավատության համար պատասխանատվությունը կրում է չափագրում իրականացնող սուբյեկտը` օրենքով սահմանված կարգով.

2) հեղինակային հսկողություն իրականացնող անձի մասնագիտական դիրքորոշումը, որը ներկայացվում է մինչև ընդունող հանձնաժողովի մյուս անդամների կողմից գնահատման իրականացումը, տրվում է հեղինակային հսկողություն իրականացնող անձի մասնագիտական պատասխանատվությամբ և շրջանառվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված քաղաքաշինական էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի միջոցով` ոչ ուշ, քան սույն հավելվածով սահմանված կարգով ընդունող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող չորրորդ աշխատանքային օրը: Հեղինակային հսկողություն իրականացնող անձի մասնագիտական դիրքորոշումը ձևավորվում է հաստատված նախագծային փաստաթղթերի և կատարողական չափագրությամբ փաստագրված փաստացի կատարված շինարարական աշխատանքների համադրման արդյունքներով` իր մասնագիտական իրավասությունների շրջանակում: Դրանում առնվազն նշվում են`

ա. հաստատված նախագծային փաստաթղթերից շեղումների առկայությունը կամ բացակայությունը,

բ. յուրաքանչյուր շեղման ծավալը,

գ. յուրաքանչյուր շեղման վերացման հնարավորությունը,

դ. յուրաքանչյուր շեղման գնահատականը` որպես ոչ էական շեղում` սույն կարգի 171.2-րդ, 171.3-րդ և 171.4-րդ կետերով սահմանված դեպքերում կամ որպես էական շեղում` սույն կարգի 172-րդ կետով սահմանված դեպքերում:

Ընդունող հանձնաժողովի մյուս անդամները հեղինակային հսկողություն իրականացնող անձի մասնագիտական իրավասության շրջանակում գտնվող հարցերի վերաբերյալ իրենց գնահատումները ձևավորում են նշված մասնագիտական դիրքորոշման հիման վրա, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը` այն հաշվի առնելով, սակայն դրանով չկաշկանդվելով և իր մասնագիտական ու վերահսկողական իրավասությունների ու խնդիրների շրջանակներում կատարելով ինքնուրույն գնահատում:

Սույն հավելվածի իմաստով ընդունող հանձնաժողովի անդամների համար պարտադիր փաստաթղթային հիմք հանդիսացող կատարողական չափագրությունը կաշկանդող նշանակություն ունի միայն դրանով արձանագրված փաստացի ծավալատարածական տվյալների մասով, եթե օրենքով կամ սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

(147.3-րդ կետը լրաց. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

148. (148-րդ կետն ուժը կորցրել է 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

149. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների` ընդունող հանձնաժողովի աշխատանքին մասնակցությունը համարվում է այդ մարմինների կողմից օրենքով իրենց լիազորությունների սահմաններում կատարված, ավարտված շինարարական օբյեկտի հաստատված նախագծի համապատասխան շինարարության թույլտվություն պահանջող աշխատանքների ավարտի վերջնական փաստագրում: Սույն կարգի 152-րդ կետին համապատասխան ընդունող հանձնաժողովի ակտն ստորագրվելուց հետո այդ օբյեկտում տվյալ շինարարությանը վերաբերող այլ փաստագրումներ չեն կատարվում` բացառությամբ`

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության և վերահսկողության գործառույթների շրջանակում իրականացվող ստուգումների.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված` ավարտական արձանագրության կազմման դեպքերի.

3) բազմամասնաշենք քաղաքաշինական համալիրի ամբողջական շահագործման փաստագրման գործընթացում` սույն հավելվածով սահմանված կարգով ընդունող հանձնաժողովի կազմավորման և վերջինիս կողմից իրականացվող դիտարկումների շրջանակում, երբ անհրաժեշտ է գնահատել փուլային ավարտական ակտով և (կամ) միջանկյալ շահագործման թույլտվությամբ շահագործման հանձնված առանձին շինարարական օբյեկտների (կամ դրանց ինքնուրույն շահագործման ենթակա մասերի) նկատմամբ սահմանված պայմանների պահպանումը և դրանց համապատասխանությունն ամբողջական շահագործման փաստագրմանը:

(149-րդ կետը փոփ. 18.04.2026 թիվ 535-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2015
N 596-Ն
Որոշում