ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
31 մայիսի 2021 թվականի N 2041-Լ
«ԱՊԱՐԱՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ», «ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ», «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 1014-Լ, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 873-Լ, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի ԹԻՎ 1012-Լ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդացությամբ (COVID-19) պայմանավորված «Ապարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ» թիվ 1014-Լ հրամանը:
2. Ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդացությամբ (COVID-19) պայմանավորված «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում ծառայություն ծավալելու մասին» թիվ 873-Լ հրամանը:
3. Ուժը կորցրած ճանաչել առողջապահության նախարարի 2021 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդացությամբ (COVID-19) պայմանավորված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն ծավալելու վերաբերյալ» թիվ 1012-Լ հրամանը:
4. «Ապարանի բժշկական կենտրոն», Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` Կազմակերպություններ) տնօրեններին`
1) դադարեցնել Կազմակերպությունների կողմից իրականացվող կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված և ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները, «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար` ս.թ. մայիսի 24-ից, «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի և «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար` ս.թ. մայիսի 31-ից,
2) կորոնավիրուսի հիվանդությամբ (COVID-19) հիվանդանոցային բուժօգնություն ստացող պացիենտներին առողջական վիճակի գնահատումից հետո դուրս գրել` հետագա հսկողությունը կազմակերպելով տեղամասային պոլիկլինիկաներում կամ տնային պայմաններում: Այն պացիենտները, ովքեր ունեն հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտություն, կազմակերպել նրանց տեղափոխումը համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ բժշկական կազմակերպություններ,
3) սահմանված կարգով կազմակերպել նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումներ,
4) սույն կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածից կազմակերպել պացիենտների բժշկական օգնությունն ու սպասարկումը սահմանված կարգով ընդհանուր հիմունքներով:
5. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`
աջակցել Կազմակերպությունների տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը նոր կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:
6. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`
սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպությունների կողմից մինչև սույն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված ժամանակահատվածն ավարտված դեպքերի փոխհատուցումը:
7. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:
8. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյան`
հրամանը տեղադրել առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
9. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ