ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
25 նոյեմբերի 2021 թվականի N 298
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Վարձույթի գործունեությունից ստացվող եկամուտներից շրջանառության հարկը հաշվարկվում է, որպես վարձակալական վճարներից ստացվող եկամուտներ և հարկվում է 10 տոկոս դրույքաչափով, թե՞ այլ գործունեությունից ստացվող եկամուտներ և հարկվում է 5 տոկոս դրույքաչափով:
Պատասխան
ՀՀ հարկային օրենսգրքի`
i
- 256-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը: Նույն մասի կիրառության իմաստով` ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի,
i
- 258-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է նույն մասում դրույքաչափերով` հաշվի առնելով նույն հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված դրույթները, մասնավորապես` վարձակալական վճարի նկատմամբ` 10% դրույքաչափով, իսկ այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտների նկատմամբ` 5% դրույքաչափով:
i
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 629-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարձույթի պայմանագրով, որպես մշտական ձեռնարկատիրական գործունեություն, գույքը վարձակալության հանձնող վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել շարժական գույք: Վարձույթի պայմանագրով տրամադրված գույքն օգտագործվում է սպառողական նպատակներով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում պարտավորության էությունից:
i
Միաժամանակ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N 874-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի համաձայն` 77.29.0 «Այլ կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ և լիզինգ» ենթադասը ներառում է տնային տնտեսությունների, կազմակերպությունների և արդյունաբերական կազմակերպությունների համար բոլոր այլ արտադրատեսակների (բացի զվարճանքի և սպորտի պարագաներից), մասնավորապես` կահույքի, խեցուց և ապակուց արտադրատեսակների, խոհանոցային և ապակե սպասքի վարձույթ և լիզինգ:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ շարժական գույքի վարձույթից ստացվող եկամուտները, որպես այլ գործունեությունից ստացվող եկամուտներ, ենթակա են շրջանառության հարկով հարկման 5% դրույքաչափով:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ