ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2025 թվականի N 156-Ն
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ-ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով պետական ֆինանսավորման կարգը` համաձայն N 3 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Մ. Գրիգորյան
2025 թ. փետրվարի 14
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2025 թվականի փետրվարի 13-ի
N 156-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման (այսուհետ` բազային ֆինանսավորում) հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը նկարագրում է նաև բազային ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացման, քննարկման և հաստատման փուլերը, պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների ընդունումը, վերջնարդյունքների հաշվառումը և դրանց ազդեցությունը կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման հաջորդ փուլերի վրա:
3. Բազային ֆինանսավորումը հատկացվում է Հայաստանի Հանրապետության գիտական պետական կազմակերպություններում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` կազմակերպություն) հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրի, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի` կազմակերպության կենտրոնների, լաբորատորիաների և այլ կառուցվածքային ստորաբաժանումների պահպանման ու զարգացման և գիտական հետազոտությունների ու մշակումների իրականացման ծրագրի, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրի, գիտական կադրերի պատրաստման ծրագրի իրականացման (այսուհետ` ծրագիր) նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ծրագրերի և դրանց ֆինանսական նախահաշիվների համաձայն մշակում է Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը:
5. Ծրագրում ներգրավված գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոններում աշխատողների դրույքաչափի նվազագույն չափի հաշվարկի համար որպես բազային աշխատավարձ 2025 թվականի հունվարի 1-ից սահմանել 66 140 դրամ:
6. 2025 թվականի հունվարի 1-ից յուրաքանչյուր տարակարգի աշխատավարձի նվազագույն չափը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատողների համար հաշվարկվում է սույն հավելվածի N 1 ձևով նախատեսված աղյուսակով (այսուհետ` աղյուսակ) սահմանված գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալով:
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատաժամանակի ոչ լրիվ կամ կրճատ տևողությամբ աշխատողների համար որպես աշխատավարձի նվազագույն չափի հաշվարկի գործակից ընդունել աղյուսակով սահմանված գործակցի նորմավորված արժեքը:
2. ԾՐԱԳՐԻ ՀԱՅՏԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ, ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ
8. Կազմակերպությունը սույն կարգով մինչև յուրաքանչյուր բյուջետային տարվա առաջին ամսվա երրորդ տասնօրյակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ` կոմիտե) առցանց համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով ներկայացնում է իր կողմից մշակված ծրագրերի հայտը (այսուհետ` հայտ):
9. Հայտի տեսակներն են`
1) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր` ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.
2) ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագիր` ներառյալ հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիրը.
3) հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագիր.
4) գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման ծրագիր.
5) կազմակերպություններում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի զարգացման ծրագրեր` միտված կազմակերպությունները ժամանակակից սարքավորումներով վերազինելուն:
10. Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի` մեկից հինգ տարի ժամկետով:
11. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման և ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրերը պետք է պարունակեն կազմակերպության կառուցվածքի, վարչասպասարկող անձնակազմի, այլ ծախսերի` համապատասխան բացվածքով, ֆինանսավորման ծավալների վերաբերյալ տեղեկություններ:
12. Հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման ծրագրերը պետք է պարունակեն տեղեկություններ արդիականության և ուղղության (ուղղությունների) գիտական կամ գիտատեխնիկական կարևորության, նպատակների և խնդիրների, հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների` կազմակերպության ռազմավարությանը և գիտական կամ գիտակրթական ուղղություններին համապատասխանության, կատարման ժամկետների ու ծավալների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի (հաշվետվություն, արտոնագիր, ներդրման հաշվետվություն և այլն) և ֆինանսավորման ծավալների վերաբերյալ:
13. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսվող հայտերում կարող է ներառվել նաև գիտական կադրերի պատրաստման համար նախորդ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ լրացուցիչ ֆինանսավորում (այսուհետ` լրացուցիչ ֆինանսավորում)` համապատասխան հիմնավորմամբ:
14. Սույն կարգի 9-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված բազային ֆինանսավորման հայտերը և լրացուցիչ ֆինանսավորման ծավալները քննարկելու համար ձևավորվում է կոմիտեի նախագահին կից աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ): Աշխատանքային խմբի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են կոմիտեի նախագահի կողմից:
15. Սույն կարգի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի զարգացման ծրագրերի շրջանակներում կազմակերպությունը ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի մրցույթի հրավերի փաթեթը (մրցույթի անցկացման կարգը, մրցույթի հայտարարության տեքստը, ստացված հայտերի ընտրության համար ձևավորվող մրցութային հանձնաժողովի կազմը, մրցութային հանձնաժողովի աշխատակարգը, հայտերի գնահատման թերթիկը) և մրցույթի արդյունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (այսուհետ` նախարար):
16. Սույն կարգի 15-րդ կետում նշված մրցութային հանձնաժողովը ձևավորվում է ստացված հայտերի գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառներին համապատասխան գիտական աշխատողներից` բացառելով շահերի բախումները:
17. Աշխատանքային խումբը, հիմք ընդունելով հաջորդ տարվա բազային ֆինանսավորման հայտը և նախորդ տարվա հաշվետվությունը, ինչպես նաև ընթացիկ տարվա բազային ֆինանսավորման պայմանագիրը, քննարկում և երկամսյա ժամկետում կոմիտե է ներկայացնում հայտերի ֆինանսավորման չափը նույնը թողնելու, լրացուցիչ ֆինանսավորման չափի, ֆինանսավորման կրճատման կամ ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ առաջարկություն:
18. Ծրագրերը հաստատելու և ֆինանսական ծավալները որոշելու նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
19. Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե նախարարն է: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է կոմիտեի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ու գիտական և գիտատեխնիկական գործունեության մեջ ներգրավված` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առնվազն մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի կազմի թվաքանակը և անհատական կազմը հաստատվում են նախարարի կողմից:
20. Կոմիտեն համակարգում է աշխատանքային խմբի աշխատանքները և հայտերի ցանկը ներկայացնում է հանձնաժողով:
21. Հանձնաժողովը, հիմք ընդունելով աշխատանքային խմբի, ինչպես նաև հանձնաժողովի անդամների առաջարկությունները, քննարկում, արձանագրում և հաստատում է ֆինանսավորման երաշխավորված հայտերի ցանկը և յուրաքանչյուր հայտի ֆինանսական ծավալները: Ֆինանսավորման երաշխավորված հայտերը ներառվում են Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում:
3. ԲԱԶԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
22. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքի ընդունումից և վերջինիս կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հաստատումից հետո գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար կոմիտեն համապատասխան կազմակերպության հետ կնքում է բազային ֆինանսավորման համապատասխան ծրագրի պայմանագիր (այսուհետ` պայմանագիր):
23. Պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատասխան ծրագրի անվանումը, իրականացման ժամկետները, ֆինանսավորման չափը, պայմանները և ժամկետները, ինչպես նաև իրականացվող ծրագրի ընթացիկ (տարեկան) և ավարտված ծրագրի ամփոփիչ հաշվետվությունների ձևերը, դրանց ներկայացման ժամկետները և ծրագրի առանձնահատկությունից բխող այլ կետեր:
24. Ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման և ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորում հատկացվում է պայմանագրային հիմունքներով որպես օգտագործման հանձնված գույքի պահպանման ծախս:
25. Կազմակերպությունը պայմանագրում նշված ժամկետներում համակարգի միջոցով կոմիտե է ներկայացնում ծրագրի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ:
26. Կոմիտեն բազային ֆինանսավորման ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) հաշվետվությունները տրամադրում է աշխատանքային խմբին: Աշխատանքային խումբը քննարկում է հաշվետվությունները և երկամսյա ժամկետում կոմիտե է ներկայացնում առաջարկություն, որը հիմք է հանդիսանում բազային ֆինանսավորման ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու, լրացուցիչ ֆինանսավորման չափի կամ ֆինանսավորման կրճատման ծավալները որոշելու համար:
27. Բազային ֆինանսավորման ծրագրերի հետագա ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկության համար պետք է հիմք հանդիսանա ծրագրի պայմաններով և պայմանագրով նախատեսված նվազագույն վերջնարդյունքները կազմակերպության կողմից չապահովելը:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
28. Կազմակերպության կատարողականի վրա հիմնված ֆինանսավորում տրամադրելու նպատակով կազմակերպությունում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացմանն ուղղված յուրաքանչյուր ծրագիր հինգ տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ գնահատվում է ըստ կատարողականի, որի արդյունքում, յուրաքանչյուր ծրագրի արդյունավետությամբ պայմանավորված, կազմակերպությունն ընդգրկվում է հետևյալ կատեգորիաներից որևէ մեկում`
1) 1-ին կատեգորիա` ծրագիրն իրականացնում է գերազանց արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը կարող է ավելանալ տվյալ տարվա հաստատված բյուջեի 20 տոկոսի չափով.
2) 2-րդ կատեգորիա` ծրագիրն իրականացնում է լավ արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը կարող է ավելանալ տվյալ տարվա հաստատված բյուջեի 10 տոկոսի չափով.
3) 3-րդ կատեգորիա` ծրագիրն իրականացնում է բավարար արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը չի կարող ավելանալ.
4) 4-րդ կատեգորիա` ծրագիրն իրականացնում է ցածր արդյունավետությամբ, և հաջորդ տարվա բազային ֆինանսավորումը կարող է պակասել տվյալ տարվա հաստատված բյուջեի 10 տոկոսի չափով.
5) 5-րդ կատեգորիա` ծրագիրն իրականացնում է ոչ բավարար արդյունավետությամբ, քննարկվում է որպես առանձին միավոր ծրագրի հետագա գործունեությունը կամ ֆինանսավորման դադարեցումը:
29. Կատարողականի գնահատման համար նախարարը հաստատում է մասնագիտական փորձագիտական խորհրդի (այսուհետ` խորհուրդ) կազմի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը:
30. Կոմիտեն հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի հինգ տարվա հաշվետվությունները տրամադրում է խորհրդին: Խորհուրդը քննարկում է հաշվետվությունները և մինչև հինգ ամսվա ընթացքում կոմիտե է ներկայացնում եզրակացություն` հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի հաշվետվությունների վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում իրականացվող հիմնարար, կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու, լրացուցիչ ֆինանսավորման չափի կամ ֆինանսավորման կրճատման ծավալները որոշելու համար:
31. Կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման ծավալները որոշելու համար հիմք են հանդիսանում կազմակերպության նախորդ հինգ տարվա հաշվետվությունները: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում կազմակերպությունից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:
32. Գնահատման համար հիմք են հանդիսանալու կազմակերպության գիտաչափական տվյալները, հաշվետվության գիտական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) արդյունքները, կադրային ներուժը, միջազգային համագործակցությունը, ենթակառուցվածքի հագեցվածության աստիճանը, գիտական դրամաշնորհները, ներպետական և միջազգային համագործակցությունն արդյունաբերության հետ, գիտական ուղղությունների համապատասխանությունը գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ, ինովացիոն գործունեությունը, սոցիալ-տնտեսական ազդեցությունը, գիտակրթական տարածք ինտեգրվելու մակարդակը (ներպետական և միջազգային), ինչպես նաև կազմակերպության գիտական և գիտատեխնիկական գործունեության առանձնահատկություններից բխող այլ չափանիշներ:
33. Կոմիտեի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համատեղ առաջարկությունների հիման վրա նախարարի հրամանով սահմանվում են կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեթոդաբանությունը` գնահատման չափանիշները, յուրաքանչյուր չափանիշի առավելագույն գնահատականը, կատեգորիաների շեմային միավորներն ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր բնագավառի և մասնագիտության:
34. Ծրագրի գիտաչափական տվյալների (միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված գիտական հրապարակումներ, հղումներ, մենագրություններ և այլն) ընդհանուր գնահատականը չի կարող գերազանցել տվյալ բնագավառի առավելագույն գնահատականի 40 տոկոսը և չի կարող փոքր լինել տվյալ բնագավառի առավելագույն գնահատականի 20 տոկոսից:
35. Հաշվետվությունների փորձաքննության ընդհանուր գնահատականը կազմում է տվյալ բնագավառի առավելագույն գնահատականի 30 տոկոսը:
36. Եթե կազմակերպությունում առկա են մեկից ավելի հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացվող ծրագրեր, ապա կազմակերպությունը դասակարգվում է տարբեր կատեգորիաների` ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների:
Ձև N 1
ԱՂՅՈՒՍԱԿ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐ
._____________________________________________________________________.
| Պաշտոն |Գործակից|
|_____________________________________________________________________|
|1. Գիտական պաշտոններ` |
|_____________________________________________________________________|
|1)|կրտսեր գիտաշխատող-Գ1. | 3.18|
|__|_________________________________________________________|________|
|2)|գիտաշխատող-Գ2. | 4.17|
|__|_________________________________________________________|________|
|3)|ավագ գիտաշխատող-Գ3. | 5.19|
|__|_________________________________________________________|________|
|4)|առաջատար գիտաշխատող-Գ4. | 6.71|
|__|_________________________________________________________|________|
|5)|գլխավոր գիտաշխատող-Գ5. | 8.36|
|__|_________________________________________________________|________|
|6)|պատվավոր առաջատար գիտաշխատող-ՊԳ1. | 5.19|
|__|_________________________________________________________|________|
|7)|պատվավոր գլխավոր գիտաշխատող-ՊԳ2. | 6.71|
|__|_________________________________________________________|________|
|8)|գիտական խմբի ղեկավար-Ղ1. | 6.2|
|__|_________________________________________________________|________|
|9)|գիտական ստորաբաժանման ղեկավար (լաբորատորիայի վարիչ, բաժնի| 7.21|
| |վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի| |
| |ղեկավար և այլն)-Ղ2. | |
|_____________________________________________________________________|
|2. Ճարտարագիտատեխնիկական պաշտոններ` |
|_____________________________________________________________________|
|1)|լաբորանտ-Լ1 կամ ճարտարագետ-Ճ1. | 2.09|
|__|_________________________________________________________|________|
|2)|ավագ լաբորանտ-Լ2 կամ ավագ ճարտարագետ-Ճ2. | 2.71|
._____________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2025 թվականի փետրվարի 13-ի
N 156-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման (այսուհետ` նպատակային ծրագիր) հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը նկարագրում է նաև նպատակային ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացման, քննարկման և հաստատման փուլերը, պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների ընդունումը:
3. Նպատակային-ծրագրային ֆինանսավորումն իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը:
2. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինները (այսուհետ` պետական մարմիններ) սույն կարգով մինչև յուրաքանչյուր տարվա առաջին ամսվա երրորդ տասնօրյակ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ` կոմիտե) կողմից սահմանված ձևաչափով ներկայացնում են իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային ծրագրերի անվանումները և առաջարկությունների հակիրճ նկարագրությունը (այսուհետ` ծրագրի առաջարկ):
5. Միևնույն պետական մարմինը մեկից ավելի նպատակային ծրագրի առաջարկ ներկայացնելու դեպքում պետք է դրանք շարադրի ըստ առաջնահերթության:
6. Ստացված նպատակային ծրագրերի առաջարկները քննարկելու, խմբագրելու, խմբավորելու, նոր առաջարկներ ավելացնելու, պակասեցնելու և նպատակային ծրագրերի առաջարկների ցանկը (այսուհետ` ցանկ) ձևավորելու կամ համալրելու նպատակով կոմիտեն ստեղծում է աշխատանքային խմբեր (այսուհետ` աշխատանքային խմբեր)` ըստ առանձին ոլորտների:
7. Աշխատանքային խմբերում ներառվում են ստացված հայտերի բնագավառներին համապատասխան գիտական աշխատողներ` բացառելով շահերի բախումները, և պետական մարմինների ներկայացուցիչներ` պահպանելով գիտական աշխատողների մեծամասնությունը:
8. Աշխատանքային խմբերը վեց ամսվա ընթացքում ձևավորում կամ համալրում են ցանկը: Վերջինս մեկամսյա ժամկետում գրավոր կերպով համաձայնեցվում է պետական մարմինների հետ:
9. Յուրաքանչյուր տարվա չորրորդ եռամսյակի առաջին ամսում համաձայնեցված ցանկում ներառված ծրագրերի առաջարկների ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով կազմակերպվում է նպատակային-ծրագրային ֆինանսավորման մրցույթ (այսուհետ` մրցույթ):
10. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է կոմիտեի ինտերնետային կայքում: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի, հրավերի և մրցույթին մասնակցելու պայմանների մասին:
11. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`
1) մրցութային ծրագրի առաջարկը.
2) մրցույթի անցկացման նպատակը.
3) մրցույթի իրականացման ժամկետները.
4) ակնկալվող արդյունքների պահանջները.
5) հայտի ձևը և դրա լրացման և ներկայացման ընթացակարգը.
6) հայտի ֆինանսական նախահաշվի ձևը:
12. Մրցույթին մասնակցում են գիտական կազմակերպություններն ու բուհերը (այսուհետ` կազմակերպություն)` ներկայացնելով նպատակային ծրագրի հայտ (այսուհետ` հայտ):
13. Հայտերը ներկայացվում են երկամսյա ժամանակահատվածում` մինչև հինգ տարի ժամկետով:
14. Հայտը պետք է պարունակի`
1) ընդհանուր տեղեկություններ ռազմավարական հիմնախնդրի, դրա արդիականության, կարևորության և նպատակային ծրագրի իրականացմամբ լուծման հնարավորությունների մասին.
2) տեղեկություններ նպատակային ծրագրի հիմնական թիրախների, իրականացման ժամկետների, նախադրյալների, ֆինանսական ծավալների, ակնկալվող արդյունքների, ավարտական ձևերի (գիտական հրապարակումներ, փորձնական նմուշներ, արտոնագրեր, ներդրման վկայագրեր, հաշվետվություններ և այլն), պետական մարմինների կողմից դրանց կիրառության և պետության կարիքների բավարարմանն ուղղված լինելու մասին:
15. Եթե մրցույթին ներկայացված հայտը ներառված չէ ցանկում, ապա հայտի հետ պետք է ներկայացվի նաև առնվազն մեկ պետական մարմնի պաշտոնական գրություն իրենց ոլորտներում առկա ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես նաև իրենց գործունեության արդյունավետ կազմակերպմանը միտված նպատակային հայտի նպատակահարմարության վերաբերյալ:
16. Ներկայացված հայտերի գիտական փորձաքննության նպատակով կոմիտեն ձևավորում է մասնագիտական փորձագիտական խորհուրդ (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի կազմի թվաքանակը, անհատական կազմը և աշխատակարգը հաստատվում են կոմիտեի նախագահի կողմից:
17. Խորհուրդը ուսումնասիրում և գնահատում է նպատակային ծրագրերի հայտերը, դրանց գիտական հենքը, համապատասխանությունը պետական մարմինների կողմից դրանց կիրառությանը և պետության կարիքների բավարարմանը, ծրագրերի իրականացման նախադրյալները (կադրային կազմ, նյութատեխնիկական բազա), ավարտական ձևերն ու տեխնիկատնտեսական ցուցանիշները և ըստ ֆինանսավորման և իրականացման անհրաժեշտության` ձևավորում է վարկանիշային ցանկ` գնահատականների նվազման կարգով, և եռամսյա ժամկետում ներկայացնում է կոմիտե:
18. Խորհրդի կողմից ներկայացված առաջարկության և ձևավորված վարկանիշային ցանկի հիման վրա և ելնելով հաջորդ տարվա համար նպատակային ֆինանսավորման համար պետական հատկացումների ծավալից` նախարարի հրամանով հաստատվում է նպատակային ծրագրերի ցանկը, որը ներառվում է Հայաստանի Հանրապետության հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում:
3. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
19. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքի և վերջինիս կատարումն ապահովող միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումից հետո կոմիտեն նպատակային ծրագիր իրականացնող կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր (այսուհետ` պայմանագիր):
20. Պայմանագրում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են համապատասխան նպատակային ծրագրի անվանումը, իրականացնող կազմակերպության անվանումը, իրականացման ժամկետները, ֆինանսավորման չափը, վճարման պայմանները և ժամկետները, ինչպես նաև ընթացիկ (տարեկան) ու ամփոփիչ հաշվետվությունների ներկայացման ժամկետները:
21. Նպատակային ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պայմանագրում նշված ժամկետներում կոմիտեի կողմից սահմանված ընթացակարգով ներկայացնում է նպատակային ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվություն:
22. Կոմիտեն ընթացիկ (տարեկան) ու ամփոփիչ հաշվետվությունները 15-օրյա ժամկետում տրամադրում է խորհրդի քննարկմանը, և վերջինս եռամսյա ժամկետում տալիս է եզրակացություն` նպատակային ծրագրերի իրականացման ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվությունների վերաբերյալ, որը հիմք է հանդիսանում իրականացվող նպատակային ծրագրերի հետագա ֆինանսավորումը շարունակելու կամ դադարեցնելու համար, իսկ ավարտվող նպատակային ծրագրերի պարագայում` ամփոփիչ հաշվետվությունն ընդունելու համար:
23. Իրականացվող նպատակային ծրագրերի ֆինանսավորումը շարունակվում է խորհրդի կողմից ընթացիկ (տարեկան) հաշվետվությունների վերաբերյալ դրական եզրակացության հիման վրա: Իրականացվող նպատակային ծրագրի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ խորհրդի բացասական եզրակացության հիման վրա նպատակային ծրագրի ֆինանսավորումը դադարեցվում է:
24. Նպատակային ծրագրերի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ խորհրդի բացասական եզրակացության համար պետք է հիմք հանդիսանա գիտական ծրագրի իրականացման արդյունքում նախանշված վերջնարդյունքները չապահովելու հանգամանքը:
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2025 թվականի փետրվարի 13-ի
N 156-Ն որոշման
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման (այսուհետ` դրամաշնորհային ֆինանսավորում) հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը նկարագրում է նաև դրամաշնորհային ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացման, քննարկման, գիտական փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) և հաստատման փուլերը, պայմանագրերի կնքումը, հաշվետվությունների ընդունումը, վերջնարդյունքների հաշվառումը:
3. Դրամաշնորհային ֆինանսավորումն ուղղված է գիտական հետազոտությունների կամ գիտատեխնիկական մշակումների հանգեցնող, գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ հետազոտական նախագծերի (այսուհետ` հետազոտական նախագիծ) իրականացմանը:
4. Հետազոտական նախագծերի ֆինանսավորման նպատակով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այսուհետ` կոմիտե) կազմակերպում է մրցույթ (այսուհետ` մրցույթ)` ըստ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառների:
5. Մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվում է կոմիտեի ինտերնետային կայքում: Մրցույթի հայտարարությունը պարունակում է համառոտ տեղեկություններ մրցույթի անցկացման նպատակի, հրավեր ստանալու և մրցույթին մասնակցելու պայմանների մասին:
6. Մրցույթի հրավերը պետք է պարունակի`
1) մրցութային ծրագրի անվանումը.
2) մրցույթի անցկացման նպատակը.
3) մրցույթի իրականացման ժամկետները.
4) հետազոտական խմբին (կոլեկտիվին), ղեկավարին և անդամներին ներկայացվող որակավորման պահանջները.
5) հետազոտական նախագիծն իրականացնելու համար գիտական կազմակերպությանը կամ բարձրագույն ուսումնական հաստատությանը (այսուհետ` կազմակերպություն) ներկայացվող պահանջները.
6) ակնկալվող արդյունքների պահանջները.
7) հայտի լրացման և ներկայացման կարգը, ինչպես նաև տեղեկություններ`
ա. հայտով ներկայացվող հետազոտական նախագծի նպատակի հիմնավորման, խնդիրների, դրանց լուծման նախադրյալների և ուղիների, հետազոտական նախագծի կատարման ժամկետների, դրա կատարման նպատակով առկա և ձեռք բերվող սարքավորումների, նյութերի, միջոցների, նախատեսվող արշավախմբերի, գիտագործնական միջոցառումների անհրաժեշտության ու դրանց համար անհրաժեշտ գումարների մասին,
բ. կազմակերպության կարողությունների վերաբերյալ` ներառյալ համապատասխան լաբորատորիայի, սարքերի, սարքավորումների, միջոցների, նյութերի և այլնի մասին.
8) հայտի ֆինանսական նախահաշվի ձևը.
9) հայտերի ընտրության, փորձաքննության ձևը.
10) մրցույթի արդյունքների հրապարակման հավանական ժամկետը.
11) գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ տեղեկատվություն:
7. Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծում գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման համար հատկացումները որպես դրամաշնորհներ նախատեսվում են ուղղել մրցութային կարգով ընտրված ու կոմիտեի կողմից հաստատված հետազոտական նախագծերի ֆինանսավորմանը:
2. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԴՐԱՆՑ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ
8. Մրցույթին մասնակցելու նպատակով գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) կողմից հետազոտական նախագծի հայտը (այսուհետ` հայտ) ներկայացվում է կոմիտեի առցանց համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով` ըստ մրցույթի հրավերով սահմանված կարգի:
9. Հետազոտական նախագծերի իրականացման նպատակահարմարության և ֆինանսական ծավալների վերաբերյալ անհրաժեշտ առաջարկություններ ստանալու նպատակով կոմիտեն ձևավորում է հետազոտական նախագծերի հայտերի երաշխավորման ու հաշվետվությունների ընդունման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
10. Կոմիտեն հանձնաժողովի միջոցով կազմակերպում է հայտերի փորձաքննություն` ըստ մրցույթի հրավերով սահմանված կարգի, վերջինով նախատեսված լինելու պարագայում` ներգրավելով անկախ փորձագետների:
11. Փորձաքննության ժամանակ գնահատվում է հայտը` գիտական և գիտատեխնիկական նորույթը և արդիականությունը, գիտնականների և հետազոտական խմբի (կոլեկտիվի) ձեռքբերումները տվյալ բնագավառում և նրանց մասնագիտական որակավորման համապատասխանությունը հետազոտական նախագիծ իրականացնելու համար, երիտասարդ (մինչև 35 տարեկան) մասնագետների ընդգրկվածությունը, հետազոտական նախագծի իրականացման նախադրյալները, փուլերը և ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը և մրցույթի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:
12. Փորձաքննության արդյունքների հիման վրա կոմիտեն գիտական և գիտատեխնիկական գործունեության յուրաքանչյուր մասնագիտության համար 15 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորում է հայտերի վարկանիշային ցանկ` փորձաքննության վերջնական գնահատականների նվազման կարգով, և ներկայացնում է հանձնաժողովին:
13. Հանձնաժողովը հաստատում է հայտերի վարկանիշային ցանկը և տալիս է առաջարկություն հետազոտական նախագծի ֆինանսավորման նպատակահարմարության և ծավալների մասին:
14. Կոմիտեն, ելնելով Հայաստանի Հանրապետության` տվյալ տարվա պետական բյուջեով գիտական դրամաշնորհային ֆինանսավորման համար նախատեսված հատկացումների չափից, երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանն է ներկայացնում հետազոտական նախագծերի ցանկը:
15. Կոմիտեն հայտի ղեկավարին է տրամադրում նրա հայտի փորձաքննության վերջնական գնահատականն ու գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ մասնագիտության շեմային գնահատականը:
3. ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում են պայմանագրեր`
1) կոմիտեի, կազմակերպության և սույն կարգի 12-րդ կետում նշված ցանկում ընդգրկված հետազոտական նախագծի ղեկավարի միջև.
2) հետազոտական նախագծի ղեկավարի և կատարողների միջև:
17. Պայմանագրերում, բացի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներից, նշվում են նաև համապատասխան հետազոտական նախագծի անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, որտեղ պետք է իրականացվի հետազոտական նախագիծը, վերջինիս իրականացման ժամկետներն ու պայմանները, ֆինանսավորման չափը, հաշվետվության ներկայացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի առանձնահատկություններից բխող այլ կետեր:
18. Հետազոտական նախագծի իրականացման մասին պայմանագրով նախատեսված ժամկետներում կազմվում են ընթացիկ (տարեկան) և ամփոփիչ հաշվետվություններ: Վերջիններս գնահատվում են` հաշվի առնելով արդյունքների նորույթը և դրանց նշանակությունը, հրապարակումների կամ այլ վերջնական արդյունքների գիտական մակարդակը, դրանցում կատարողների ներգրավվածության աստիճանը:
19. Գիտական թեմայի ընթացիկ (տարեկան) հաշվետվությունները ներկայացվում են իրականացման ժամկետի սկզբից հաշված յուրաքանչյուր 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, եթե մրցույթի հրավերի փաթեթով այլ պայմաններ նախատեսված չեն:
20. Կոմիտեն ընթացիկ (տարեկան) կամ ամփոփիչ հաշվետվությունները հնգօրյա ժամկետում ներկայացնում է հանձնաժողով: Հանձնաժողովը հաշվետվությունները ստանալուց հետո 15-օրյա ժամկետում քննարկում է ընթացիկ (տարեկան) կամ ամփոփիչ հաշվետվությունները և կոմիտե է ներկայացնում հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման նպատակահարմարության (ընթացիկ հաշվետվություն) կամ ընդունման (ամփոփիչ հաշվետվություն) մասին առաջարկություն:
21. Հանձնաժողովի առաջարկության հիման վրա կոմիտեն որոշում է ընդունում հետազոտական նախագծի հետագա ֆինանսավորման կամ դրա դադարեցման մասին:
22. Հետազոտական նախագծերի ընթացիկ հաշվետվության վերաբերյալ հանձնաժողովի բացասական եզրակացության համար պետք է հիմք հանդիսանա նախագծով նախատեսված գիտական ծրագրի իրականացման արդյունքում նախանշված վերջնարդյունքները հետազոտական խմբի կողմից չապահովելու հանգամանքը:
Պաշտոնական հրապարակման օրը` 14 փետրվարի 2025 թվական: