Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 օգոստոսի 2025 թվականի թիվ 544-Ն

 

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ԹԻՎ 130-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը և 2-րդ մասը, 50-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել հսկիչ գնումների արդյունքում ձեռքբերված ապրանքների տնօրինման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 22-ի «Հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 192-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 130-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը տարածվում է նաև մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը իրականացված հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված և դեռևս չտնօրինված ապրանքների տնօրինման հարաբերությունների նկատմամբ:

 

Նախագահին

ժամանակավոր փոխարինող                  Տ. Մարկոսյան

 

2025 թ. օգոստոսի 15

Երևան

 

Հավելված

Մրցակցության և

սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 544-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀՍԿԻՉ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հսկիչ գնումների արդյունքում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) ձեռք բերած ապրանքների, այդ թվում` դրանց մի մասի կամ մեկ ապրանքի առանձին տարրերի (այսուհետ` ապրանքներ) տնօրինման հետ կապված հարաբերությունները:

2. Ապրանքների տնօրինման եղանակներն են`

1) սպառելը.

2) վերադարձնելը.

3) գործին կցելը.

4) փորձաքննության ուղարկելը.

5) Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում հաշվառելը.

6) ֆիզիկական անձանց կամ ոչ առևտրային իրավաբանական անձանց նվիրաբերելը.

7) ոչնչացնելը:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

3. Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի կամ ստորաբաժանման կողմից վարվում է հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների գրանցամատյան, որի ձևը և վարման կարգը հաստատում է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը:

4. Հսկիչ գնում կատարած պաշտոնատար անձը (անձինք) հսկիչ գնման արդյունքների մասին արձանագրությունը կազմելուց հետո` մեկօրյա ժամկետում Հանձնաժողովի գլխավոր քարտուղարին ներկայացնում է (են) զեկուցագիր` հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման, հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների բնութագրի և տնօրինման եղանակի մասին` կցելով նաև հսկիչ գնում կատարելու համար ստացված գումարների ծախսման վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՍՊԱՌԵԼԸ

 

5. Հանրային սննդի օբյեկտներում հսկիչ գնում իրականացնելու արդյունքում ձեռք բերված ապրանքները համարվում են տնօրինված սպառման եղանակով:

6. Ապրանքները համարվում են սպառված, եթե ապրանքի առանձնահատկությունների, ձեռք բերման եղանակի կամ այլ հանգամանքների պատճառով հնարավոր չէ այն տնօրինել որևէ այլ եղանակով:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ

 

7. Հսկիչ գնում իրականացնելու մասին հրամանով նախատեսված դեպքում հսկիչ գնման արդյունքների մասին արձանագրությունը կազմելուց անմիջապես հետո ապրանքը վերադարձվում է:

8. Ապրանքը վերադարձվում է նաև սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում և կարգով, եթե առկա է ապրանքի համար վճարված ամբողջ գումարը կամ դրա մի մասը հետ ստանալու հնարավորություն:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՈՐԾԻՆ ԿՑԵԼԸ

 

9. Ապրանքը հսկիչ գնում կատարելուց հետո ոչ ուշ, քան հաջորդ օրը կցվում է համապատասխան գործին, եթե մինչ այդ այն չի վերադարձվել, ուղարկվել փորձաքննության կամ սպառվել:

10. Գործի նյութերին կցված ապրանքների հետագա պահպանման անհրաժեշտության բացակայության դեպքում ցանկացած ժամանակ Հանձնաժողովի վարույթը իրականացնող աշխատակցի զեկուցագրի հիման վրա Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հրամանով ապրանքները կարող են տնօրինվել նաև սույն կարգի 2-րդ կետի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված եղանակներով:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

 

11. Ապրանքները, այդ թվում` դրանց մի մասը կամ դրանցից վերցված նմուշները անհրաժեշտության դեպքում հսկիչ գնում իրականացնելուց հետո ցանկացած ժամանակ կարող են ուղարկվել փորձաքննության:

12. Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի գրությամբ ապրանքները ուղարկվում են փորձաքննության, եթե վարչական վարույթ հարուցված լինելու դեպքում առկա է փորձաքննություն նշանակելու մասին Հանձնաժողովի որոշում, իսկ այլ դեպքերում` փորձաքննություն իրականացնելու մասին Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հրաման, բացառությամբ սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով ապրանքները փորձաքննություն իրականացնողին հանձնված լինելու դեպքերի:

13. Ապրանքը փորձաքննության ուղարկելիս նշվում է փորձաքննվող նմուշի պահպանման անհրաժեշտության մասին:

14. Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը ապրանքների փորձաքննություն իրականացնելու մասին հրաման է կայացնում Հանձնաժողովի համապատասխան աշխատակցի զեկուցագրի հիման վրա:

15. Այն դեպքում, երբ հսկիչ գնումն իրականացվել է փորձաքննություն իրականացնող կազմակերպության կամ պետական մարմնի աշխատակցի կամ ներկայացուցչի մասնակցությամբ, հսկիչ գնումն իրականացնելուց անմիջապես հետո ապրանքը կարող է հանձնվել այդ անձին` համապատասխան կազմակերպության կամ պետական մարմնի կողմից փորձաքննություն իրականացնելու նպատակով:

16. Ապրանքը փորձաքննություն իրականացնելու նպատակով համապատասխան անձին փոխանցելուց հետո վերջինիս և Հանձնաժողովի աշխատակցի կողմից կարող է կազմվել հանձնման-ընդունման ակտ` նշելով ապրանքի բնութագիրը:

17. Փորձաքննության ուղարկելուց առաջ ապրանքը կարող է լուսանկարահանվել կամ տեսանկարահանվել:

 

ԳԼՈՒԽ 7
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՒՅՔԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼԸ

 

18. Ապրանքները ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորության առկայության պայմաններում Հանձնաժողովի գույքի հաշվեկշռում հաշվառվում են սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում և կարգով, եթե առկա չէ ապրանքները վերադարձնելու հիմք:

 

ԳԼՈՒԽ 8
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼԸ

 

19. Ապրանքները ֆիզիկական անձանց կամ ոչ առևտրային իրավաբանական անձանց նվիրաբերվում են սույն կարգի 10-րդ կետով նախատեսված դեպքում և կարգով, եթե դրանք չեն կարող տնօրինվել սույն կարգի 2-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված եղանակներով:

 

ԳԼՈՒԽ 9
ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ

 

20. Ապրանքները ոչնչացվում են սույն կարգի 2-րդ կետով սահմանված այլ եղանակներով տնօրինելու անհնարինության դեպքում:

21. Ապրանքների ոչնչացումն իրականացվում է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից (այսուհետ` Աշխատանքային խումբ):

22. Ոչնչացման ենթակա ապրանքները հանձնման-ընդունման ակտով Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը փոխանցում է Աշխատանքային խմբին:

23. Եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են ապրանքների ոչնչացման առանձնահատուկ կարգ և պայմաններ, ապա Հանձնաժողովի պաշտոնատար անձի կամ այլ իրավասու անձի կողմից ոչնչացման նպատակով հանձնվում են իրավասու պետական մարմնին, կազմակերպությանը կամ պաշտոնատար անձին:

24. Աշխատանքային խմբի կողմից ապրանքների ոչնչացումից հետո կազմվում է ապրանքների ոչնչացման ակտ, որի ձևը սահմանում է Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը: Ակտը ստորագրվում է Աշխատանքային խմբի բոլոր անդամների կողմից և կցվում գործին:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
Մրցակցության պաշտպանության հ
15.08.2025
N 544-Ն
Որոշում