ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
7 օգոստոսի 2026 թվականի N 25-Ն
ՀՀՇՆ 23-01-2026 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 253-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը
Հրամայում եմ`
1. Հաստատել ՀՀՇՆ 23-01-2026 «Շենքերի և շինությունների մատչելիություն. Նախագծման նորմեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերը հաստատելու մասին» N 253-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
8/7/2026
Ժամանակավոր պաշտոնակատար` Ե. Վարդանյան
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ քաղաքաշինության
կոմիտեի նախագահի
2026 թվականի օգոստոսի 7-ի
N 25-Ն հրամանի
ՀՀՇՆ 23-01-2026 «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Սույն շինարարական նորմերը (այսուհետ` Նորմեր) մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սկզբունքներին համապատասխան, որոնց հիմնարար սկզբունքներն են` բոլոր մարդկանց լիարժեք և արդյունավետ մասնակցությունը հասարակական կյանքին, հավասար հնարավորությունները և մատչելիությունը: Նորմերի հիմքում դրված է համընդհանուր դիզայնի սկզբունքը, որը նախատեսված է Կոնվենցիայով և արտացոլված է ազգային և միջազգային ստանդարտներում: Կոնվենցիայի սկզբունքների կիրառումը նախագծման և շինարարության գործընթացում նպատակ ունի ձևավորել անարգել, անվտանգ և հարմարավետ միջավայր բոլոր անձանց համար` անկախ նրանց ֆիզիկական, զգայական, տարիքային կամ այլ առանձնահատկություններից, առանց հետագա վերակառուցման կամ հարմարեցման անհրաժեշտության:
2. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
2. Նորմերը սահմանում են նախագծային լուծումների մշակման պահանջները հասարակական, բնակելի և արտադրական շենքերի համար, որոնք պետք է ապահովեն համընդհանուր դիզայնի սկզբունքի վրա հիմնված կենսագործունեության հավասար պայմաններ բոլոր անձանց համար, անկախ նրանց ֆունկցիոնալ առանձնահատկություններից` ներառյալ տեսողության, լսողության, ճանաչողական, շարժունակության կամ առողջական ժամանակավոր խնդիրները, ինչպես նաև տարիքային կամ ֆունկցիոնալ առանձնահատկությունները: Այս նորմերը նպատակ ունեն ձևավորելու միջավայր, որը թույլ է տալիս բոլոր անձանց ազատ, անվտանգ և արժանապատիվ մասնակցություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում` առանց խտրականության:
3. Նորմերի պահանջները կիրառվում են նոր կառուցվող, վերակառուցվող, հիմնանորոգվող, շահագործվող և արդիականացվող շենքերի ու շինությունների հարմարեցման, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների դեպքում: Դրանք տարածվում են ընդհանուր օգտագործման տարածքների, շենքերի և կառույցների գործառական-պլանավորման տարրերի, դրանց համար հատկացված հողամասերի վրա, ներառյալ շենքերին և կառույցներին մոտեցումները, մուտքի հանգույցները, տարահանման ուղիները, բնակության և սպասարկման համար նախատեսված տարածքները և աշխատանքի վայրերը: Պահանջները տարածվում են ոչ միայն ֆիզիկական, այլև հաղորդակցական և տեղեկատվական միջավայրի վրա, ապահովելով մատչելիության համապարփակ և համակարգային մոտեցում` միջավայրի բոլոր բաղադրիչներում:
3. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
4. Նորմերում օգտագործվել են հղումներ հետևյալ օրենսդրական ակտերին, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին.
._____________________________________________________________________.
|1) |«Հաշմանդամություն ունեցող անձանց|Կոնվենցիան Հայաստանի |
| |իրավունքների մասին» ՄԱԿ-ի |Հանրապետությունում ուժի մեջ է |
| |կոնվենցիա |մտել 2010 թ. հոկտեմբերի 22-ին: |
|___|________________________________|________________________________|
|2) |«Հաշմանդամություն ունեցող անձանց|ՀՀ օրենք |
| |իրավունքների մասին» | |
|___|________________________________|________________________________|
|3) |«Պատմության և մշակույթի անշարժ |ՀՀ օրենք |
| |հուշարձանների ու պատմական | |
| |միջավայրի պահպանության և | |
| |օգտագործման մասին» | |
|___|________________________________|________________________________|
|4) |«Պատմության և մշակույթի անշարժ |ՀՀ կառավարության 2002 թվականի |
| |հուշարձանների պետական հաշվառման,|ապրիլի 20-ի N 438 որոշում |
| |ուսումնասիրման, պահպանության, | |
| |ամրակայման, նորոգման, | |
| |վերականգնման և օգտագործման | |
| |կարգը հաստատելու մասին» | |
|___|________________________________|________________________________|
|5) |ՀՀՇՆ 21-01-2014 |ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014|
| |«Շենքերի և շինությունների |թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման|
| |հրդեհային անվտանգություն» | |
| |շինարարական նորմերը հաստատելու | |
| |և Հայաստանի Հանրապետության | |
| |քաղաքաշինության նախարարի 2001 | |
| |թվականի հոկտեմբերի 1-ի N 82 | |
| |հրամանում փոփոխություն կատարելու| |
| |մասին» | |
|___|________________________________|________________________________|
|6) |ՀՀՇՆ 22-03-2017 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Արհեստական և բնական |նախագահի 2017 թվականի ապրիլի |
| |լուսավորում» |13-ի N 56-Ն հրաման |
|___|________________________________|________________________________|
|7) |ՀՀՇՆ 30-01-2023 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Քաղաքաշինություն. Քաղաքային և |նախագահի 2023 թվականի մայիսի |
| |գյուղական բնակավայրերի |22-ի N 04-Ն հրաման |
| |հատակագծում և կառուցապատում» | |
|___|________________________________|________________________________|
|8) |ՀՀՇՆ 31-01-2014 |ՀՀ քաղաքաշինության նախարարի |
| |«Բնակելի շենքեր. Մաս I. |2014 թվականի մարտի 31-ի N 93-Ն |
| |Բազմաբնակարան բնակելի շենքեր» |հրաման |
|___|________________________________|________________________________|
|9) |ՀՀՇՆ 30-02-2022 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Տարածքի բարեկարգում» |նախագահի 2022 թվականի |
| | |հունիսի 21-ի N 12-Ն հրաման |
|___|________________________________|________________________________|
|10)|ՀՀՇՆ 31-03- |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Հասարակական շենքեր և |նախագահի 2020 թվականի |
| |շինություններ» |դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրաման |
|___|________________________________|________________________________|
|11)|ՀՀՇՆ 31-03.01-2014 |ՀՀ քաղաքաշինության նախարարի |
| |«Հանրակրթական նշանակության |2014 թվականի ապրիլի 09-ի N 103-Ն|
| |շենքեր» |հրաման |
|___|________________________________|________________________________|
|12)|ՀՀՇՆ 31-03.02-2022 |ՀՀ քաղաքաշինության նախարարի |
| |«ՀՀ քաղաքացիական պաշտպանության |2022 թվականի ապրիլի 4-ի N 06-Ն |
| |պաշտպանական կառույցներ» |հրաման |
|___|________________________________|________________________________|
|13)|ՀՀՇՆ 31-03.03-2022 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Վարչական և կենցաղային շենքեր» |նախագահի 2022 թվականի հունիսի |
| | |29-ի N 14-Ն հրաման |
|___|________________________________|________________________________|
|14)|ՀՀՇՆ 31-03.04-2022 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Նախադպրոցական հաստատությունների|նախագահի 2022 թվականի հոկտեմբերի|
| |շենքեր. Նախագծման նորմեր» |3-ի N 25-Ն հրաման |
|___|________________________________|________________________________|
|15)|ՀՀՇՆ 31-03.05-2023 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Բարձրագույն ուսումնական |նախագահի 2023 թվականի սեպտեմբերի|
| |հաստատությունների շենքեր և |27-ի N 08-Ն հրաման |
| |շինություններ» | |
|___|________________________________|________________________________|
|16)|ՀՀՇՆ 31-03.06-2024 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Մարզական նշանակության |նախագահի 2024 թվականի փետրվարի |
| |օբյեկտներ. ծածկված շենքեր և |19-ի N 09-Ն հրաման |
| |համալիրներ» | |
|___|________________________________|________________________________|
|17)|ՀՀՇՆ 31-03.07-2024 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Առողջապահական |նախագահի 2024 թվականի |
| |կազմակերպություններ. |հունիսի 25-ի N 12-Ն հրաման |
| |հիվանդանոցային բուժօգնության | |
| |(ստացիոնար) օբյեկտների շենքեր | |
| |և շինություններ» | |
|___|________________________________|________________________________|
|18)|ՀՀՇՆ 31-03.08-2025 |Հայաստանի Հանրապետության |
| |«Առողջապահական օբյեկտներ. |քաղաքաշինության կոմիտեի նախագահի|
| |Առաջնային բուժօգնության շենքեր |2025 թվականի ապրիլի 14-ի |
| |և շինություններ. Նախագծման |N 11-Ն հրաման |
| |նորմեր» | |
|___|________________________________|________________________________|
|19)|ՀՀՇՆ 31-03.09-2024 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Մարզական օբյեկտներ. Բաց տիպի |նախագահի 2024 թվականի |
| |մարզական շենքեր և |դեկտեմբերի 30-ի N 32-Ն հրաման |
| |շինություններ. Նախագծման նորմեր»| |
|___|________________________________|________________________________|
|20)|ՀՀՇՆ 32-06-2023 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Մետրոպոլիտեններ» |նախագահ 2023 թվականի նոյեմբերի |
| | |1-ի N 12-Ն հրաման |
|___|________________________________|________________________________|
|21)|ՀՀՇՆ 31-05-2026 |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |«Ավտոկայանատեղեր» |նախագահի 2026 թվականի հունվարի |
| | |16-ի N 03-Ն հրաման |
|___|________________________________|________________________________|
|22)|ՀՀԿՀ 23-101-2017 «Բնակչության |ՀՀ քաղաքաշինության կոմիտեի |
| |սակավաշարժ խմբերի և |նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի|
| |հաշմանդամություն ունեցող անձանց |N 43-Ա հրաման |
| |համար շենքերի և շինությունների | |
| |մատչելիության ապահովման | |
| |նախագծման կանոնների հավաքածու» | |
|___|________________________________|________________________________|
|23)|ՄՄ ՏԿ 011/2011 |Մաքսային միության հանձնաժողովի |
| |Վերելակների անվտանգություն |2011 թվականի հոկտեմբերի 18-ի |
| |տեխնիկական կանոնակարգ |N 824 որոշում |
|___|________________________________|________________________________|
|24)|Հասարակական զուգարաններին |Հայաստանի Հանրապետության |
| |ներկայացվող հիգիենիկ պահանջներ |առողջապահության նախարարի 2009 |
| |N 2-III-2.13 սանիտարական |թվականի ապրիլի 16-ի N 06-Ն |
| |կանոնները և նորմերը հաստատելու |հրաման |
| |մասին | |
|___|________________________________|________________________________|
|25)|ԳՕՍՏ 12.4.026-2015 |Աշխատանքի անվտանգության |
| | |ստանդարտների համակարգ. Գույներ |
| | |ազդանշանային, նշաններ |
| | |անվտանգության և գծանշում |
| | |ազդանշանային. Նշանակումը և |
| | |կիրառման կանոնները. Ընդհանուր |
| | |տեխնիկական պահանջներ և |
| | |բնութագրեր. Փորձարկման մեթոդներ |
|___|________________________________|________________________________|
|26)|ԳՕՍՏ 19917-2014 |Նստելու և պառկելու համար |
| | |կահույք. Ընդհանուր տեխնիկական |
| | |պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|27)|ԳՕՍՏ 31975-2017 (ISO 2813:2014) |Լաքաներկային նյութեր |
|___|________________________________|________________________________|
|28)|ԳՕՍՏ 33652-2019 (EN 81-70:2018) |Վերելակներ. Հասանելիության և |
| | |անվտանգության հատուկ պահանջներ |
| | |հաշմանդամների և բնակչության այլ|
| | |սակավաշարժուն խմբերի համար |
|___|________________________________|________________________________|
|29)|ԳՕՍՏ 34305-2017 (EN 81-72:2015) |Վերելակներ մարդատար. Վերելակներ |
| | |հրշեջների համար |
|___|________________________________|________________________________|
|30)|ԳՕՍՏ 34441-2024 |Վերելակներ. Կարգավարական |
| | |հսկողություն. Ընդհանուր |
| | |տեխնիկական պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|31)|ԳՕՍՏ 34682.1-2020 (EN |Բարձրացման հարթակներ |
| |81-40:2008) |հաշմանդամների և բնակչության այլ|
| | |սակավաշարժ խմբերի համար. |
| | |Սարքերին և տեղակայմանը |
| | |ներկայացվող անվտանգության |
| | |պահանջներ. Մաս 1. Սանդուղքային |
| | |և թեք տեղափոխման հարթակներ |
|___|________________________________|________________________________|
|32)|ԳՕՍՏ 5746-2015 (ISO 4190-1:2010)|Մարդատար վերելակներ. Հիմնական |
| | |պարամետրեր և չափեր |
|___|________________________________|________________________________|
|33)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51261-2023 |Ստացիոնար հենարանային սարքեր |
| | |բնակչության սակավաշարժուն խմբերի|
| | |համար. Տեսակներ և տեխնիկական |
| | |պահանջներ |
|___|________________________________|________________________________|
|34)|ԳՕՍՏ Ռ 51645-2000 |Տեսողությունից հաշմանդամություն |
| | |ունեցող անձանց համար տեսակային |
| | |հատուկ համակարգչային աշխատատեղ. |
| | |Սարքավորանքին և արտադրական |
| | |միջավայրին ներկայացվող |
| | |տեխնիկական պահանջներ |
|___|________________________________|________________________________|
|35)|ԳՕՍՏ Ռ 51671-2025 |Հաշմանդամների համար հասանելի |
| | |տեղեկատվության և կապի ընդհանուր|
| | |կիրառման տեխնիկական միջոցներ. |
| | |Դասակարգում. Հասանելիության և |
| | |անվտանգության պահանջներ |
|___|________________________________|________________________________|
|36)|ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52605-2023 |Ճանապարհային երթևեկության |
| | |կազմակերպման տեխնիկական միջոցներ|
| | |Արհեստական անհարթություններ. |
| | |Ընդհանուր տեխնիկական պահանջներ. |
| | |Կիրառման կանոններ |
|___|________________________________|________________________________|
|37)|ԳՕՍՏ Ռ 52875-2025 |Վերգետնյա շոշափողական |
| | |ուղեցույցներ տեսողությունից |
| | |հաշմանդամների համար. Տեխնիկական |
| | |պահանջներ |
|___|________________________________|________________________________|
|38)|ԳՕՍՏ Ռ 56177-2025 |Դռների փակման սարքվածք |
| | |(չափաբերիչներ). Տեխնիկական |
| | |պայմաններ |
|___|________________________________|________________________________|
|39)|ԳՕՍՏ Ռ 55966-2014 |Վերելակներ. Անվտանգության հատուկ|
| |(CEN/TS 81-76:2011) |պահանջներ վերելակներին, որոնք |
| | |կիրառվում են հաշմանդամների և |
| | |սակավաշարժ խմբերի բնակչության |
| | |տարահանման համար |
|___|________________________________|________________________________|
|40)|ԳՕՍՏ Ռ 57958-2025 |Հաշմանդամների աշխատանքային |
| | |պայմաններ. Հասանելիության և |
| | |անվտանգության պահանջներ |
|___|________________________________|________________________________|
|41)|ԳՕՍՏ Ռ 57959-2025 |Հաշմանդամների վերականգնում. |
| | |Հենաշարժողական ապարատի |
| | |ախտահարմամբ հաշմանդամների |
| | |աշխատանքային վայր |
._____________________________________________________________________.
4. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Սույն շինարարական նորմերում կիրառվել են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով.
1) ազդարարող ցուցիչներ` բազմամոդուլ ազդանշանային համակարգեր, որոնք ապահովում են տեղեկատվության մատչելիությունը բոլոր անձանց համար, այդ թվում` տեսողական, լսողական, ճանաչողական կամ այլ ֆունկցիոնալ առանձնահատկություններ ունեցող անձանց համար: Ազդանշանային ցուցիչները կարող են ներառել տեսողական (լույս, գույն), ձայնային (ազդանշաններ, խոսքային հաղորդագրություններ), թրթռաշոշափողական (վիբրացիոն) և այլ ազդանշանային մեխանիզմներ, որոնք ապահովում են հաղորդակցության հասկանալի և ժամանակին ընկալումը,
2) աստիճան` սանդուղքի հիմնական տարր` մեկ քայլ բարձրանալու կամ իջնելու համար,
3) գունային հակադրություն` գունային հակադրություն (կոնտրաստ) է համարվում երկու մակերևույթների կամ տարրերի լուսային արտացոլման արժեքների ԼԱԱ (LRV-Light Reflectance Value) տարբերությունը, որը ապահովում է դրանց հստակ տեսանելիությունը և ընկալելիությունը բոլոր անձանց համար, ներառյալ` տեսողության սահմանափակումներ ունեցող անձանց: Գունային հակադրությունը մատչելիության պայմանների համար համարվում է բավարար, եթե ԼԱԱ տարբերությունը կազմում է առնվազն 40 միավոր: Գունային հակադրության ապահովման համար թույլատրելի են հետևյալ օրինակային գունային զույգերը` RAL գույների միջազգային համակարգով.
ա. RAL 9016 (Սպիտակ) - RAL 9005 (Սև)
բ. RAL 1021 (Դեղին) - RAL 5013 (Մուգ կապույտ)
գ. RAL 1003 (Ազդանշանային դեղին) - RAL 7016 (Անտրացին մոխրագույն)
դ. RAL 9016 (Սպիտակ) - RAL 7016 (Անտրացին մոխրագույն)
ե. RAL 1023 (Դեղին) - RAL 5002 (Ուլտրամարին կապույտ)
զ. միայն Նորմերում տերմինը օգտագործելիս ենթադրվում է առնվազն 40 միավոր գունային հակադրություն, ինչին բավարարում են վերը թվարկված գույների զույգերը,
4) եզրաքարային թեքահարթակ` հետիոտնային ուղու կահավորման տարր, որը նախատեսված է մայթի կամ հետիոտնային արահետի մակերևույթը երթևեկելի մասի մակերևույթին միացնելու համար,
5) թեքահարթակ` կառույց, որը նախատեսված է տարբեր մակարդակների վրա գտնվող հետիոտնային ուղիների մակերևույթները միացնելու համար, որը բաղկացած է մեկ կամ մի քանի թռիչքներից, որոնք ունեն երկայնական թեքությամբ թեք մակերևույթ և, անհրաժեշտության դեպքում, հորիզոնական մակերևույթներ,
6) ժամանակավոր (տեղափոխելի) թեքահարթակ` ժամանակավոր օգտագործման սարք (հավաքովի-քանդովի, ծալովի, քաշովի, գլորվող), որն օգտագործվում է դռների շեմերը, մալուխները, բարձրությունների տարբերությունները հաղթահարելու համար,
7) ինդուկցիոն օղակ` էլեկտրամագնիսական սարք, որը փոխանցում է ձայնային ազդանշանն ուղղակիորեն լսողական ապարատին կամ կոխլեար իմպլանտին` նվազեցնելով ֆոնային աղմուկը և բարելավելով խոսքի ընկալելիությունը,
8) լսողական օժանդակ համակարգեր` տեխնոլոգիաներ (ինդուկցիոն համակարգեր, FM ռադիո հաճախականության, ինֆրակարմիր և Wi-Fi համակարգեր, և այլն), որոնք ձայնը անմիջապես փոխանցում են լսողի ականջին` բարելավելու հստակությունը և նվազեցնելու ֆոնային աղմուկը, հատկապես հասարակական վայրերում կամ լսողության դժվար միջավայրերում ապահովելով խոսքի հստակ ընկալումը խուլ կամ թույլ լսողություն ունեցող անձանց կողմից,
9) խելամիտ հարմարեցում` անհրաժեշտ և համապատասխան փոփոխությունների և հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք չեն առաջացնում անհամաչափ կամ անհարկի բեռ և ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի` մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն,
10) ծառայությունների մատուցման (սպասարկման) գոտի` տարածք կամ հողամասի հատված, որտեղ կենտրոնացված են հանրային, վարչական կամ առևտրային սպասարկման կետեր,
11) կայանման վայր (հաշմանդամություն ունեցող անձանց տրանսպորտային միջոցների մասնագիտացված կայանման վայր)` մեքենայի տեղ, որն առանձնացվում է կայանատեղում (ավտոկայանատեղում) հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար և ունի մեծացված չափեր` հաշմանդամություն ունեցող անձի, այդ թվում` անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձի անարգել մուտքն ապահովելու համար դեպի ավտոմեքենա, նստեցման - իջեցման համար,
12) համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների և մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության յուրաքանչյուր անձի համար առավելագույն չափով մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը` անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը,
13) հաշմանդամություն ունեցող անձ` անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր և (կամ) զգայական տևական խնդիրների և միջավայրային արգելքների փոխազդեցության հետևանքով կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում,
14) հետիոտնային ուղիներ` կառույցներ կամ դրանց տարրեր, այդ թվում` տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների կազմում, որոնք նախատեսված են հետիոտների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման համար, որոնց վրա թույլատրված չէ տրանսպորտի երթևեկությունը, բացառությամբ հատուկ տրանսպորտի, որը սպասարկում է այդ տարածքը,
15) հրդեհային անվտանգության գոտի` տարածք (կամ շենքի այլ մաս), առանձնացված հակահրդեհային արգելքներով, հագեցած հակահրդեհային պաշտպանության համակարգերով` համաձայն նորմատիվ իրավական ակտերի և շինարարական նորմերի պահանջների նախատեսված հրդեհի ժամանակ հրդեհի վտանգավոր գործոններից մարդկանց պաշտպանության համար,
16) մատչելի խցիկ (սանիտարահիգիենիկ սենք)` ընդհանուր զուգարանի բլոկի ներսում տեղակայված խցիկ, հագեցած համապատասխան կահավորանքով, նշաններով և մատչելիության տարրերով, ապահովվող համընդհանուր և անվտանգ օգտագործում բոլոր անձանց համար` ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձանց,
17) համապիտանի զուգարանի խցիկ` զուգարանի խցիկ (տղամարդկանց և կանանց համար) ընդհանուր երթևեկության ուղիներից առանձին մուտքով, ինքնուրույն կամ ուղեկցողի հետ օգտագործման համար նախատեսված տարածք, որն ապահովում է անվասայլակով մանևրելու բավարար տարածք, անվտանգ և հարմարավետ կահավորում բոլոր անձանց համար` հաշվի առնելով ֆունկցիոնալ տարբերությունները,
18) մատչելիություն` հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցությունների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և համակարգերի, ինչպես նաև հանրության համար բաց հաստատությունների և հանրությանը մատուցվող ծառայությունների` մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային և գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը և կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է,
19) յուրահատուկ պայմաններ (սահմանափակ պայմաններ)` գոյություն ունեցող շինարարական կամ տեղանքի ռելիեֆային պայմաններ, ինչպես նաև շենքերի ու շինությունների տարածքներ, որոնց առանձնահատկությունները դժվարացնում են բոլոր անձանց համար մատչելի տեղաշարժի ուղիների, ծառայությունների և սպասարկման վայրերի կազմակերպումը` ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձինք: Սահմանափակ պայմաններ համարվում են միայն այն դեպքերում, երբ օգտագործվելով այլընտրանքային կամ փոխհատուցող միջոցառումներ` անհնար է լիարժեք ապահովել մատչելիությունը` համաձայն համընդհանուր դիզայնի և ընդունված չափորոշիչների,
20) շոշափողական (տակտիլ) տեղեկատվության միջոցներ` տեղեկատվության կրիչներ և մակերևույթներ, որոնք նախատեսված են օգտվելու համար հպման միջոցով` ապահովելով տեղեկատվության ընկալում այն անձանց համար, որոնք կախված են շոշափողական կողմնորոշումից: Այդ թվում ոչ միայն տեսողության խնդիրներ ունեցող անձինք, այլ նաև այն անձինք, ովքեր ունեն ճանաչողական, հաղորդակցական կամ այլ առանձնահատկություններ, որոնք պահանջում են շոշափողական տեղեկատվության մատչելիություն:
21) շոշափողական-ձայնային սխեմա` տեղեկատվական կամ կողմնորոշիչ սարք կամ մակերևույթ, որը համատեղում է շոշափողական և ձայնային տարրեր` տրամադրելու գործառնական տեղեկատվություն և աջակցություն տարածական կողմնորոշման համար: Սխեման նախատեսված է բոլոր անձանց համար, որոնք կարող են օգտվել շոշափողական կամ ձայնային ազդակներից` ներառյալ տեսողության խնդիրներ ունեցող անձինք, և ապահովում է օբյեկտների, տարածքային գոտիների կամ ծառայությունների մատչելիության հստակ ներկայացում:
22) պայծառության հակադրություն` հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
L1 - L2
CL = ------------ L1 + L2
որտեղ`
ա. L1 - առավել պայծառ մակերևույթի պայծառությունն է,
բ. L2 - ավելի մուգ մակերևույթի պայծառությունն է,
գ. միայն Նորմերում տերմինը օգտագործելիս ենթադրվում է առնվազն 0.7 (կամ 70%) պայծառության հակադրություն,
23) ռադիոտեղեկատվության և կողմնորոշման համակարգ` հանրային տեղեկատվական և կողմնորոշման ենթակառուցվածքի մաս, որը նախատեսված է օգտակար լինելու տարբեր անձանց համար, ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձանց համար: Համակարգը կարող է ներառել անհատական կրելի բաժանորդային սարքեր, ենթակառուցվածքային սարքավորումներ` տեղեկատուներ, որոնք բաժանորդային սարքին փոխանցում են օբյեկտի վերաբերյալ տարբեր հաղորդագրություններ և այլ տեղեկություններ, ինչպես նաև ձայնային ազդանշանների սարքեր` օգտագործողի հարցման դեպքում ապահովելով տարածքային կողմնորոշում,
24) սանդղաբազուկ` աստիճաններից կազմված հավաքովի թեք կոնստրուկցիա, որը տեղադրվում է երկու հարթակների միջև: Մեկ սանդղաբազուկով սանդուղքները անվանվում են միաբազուկ սանդուղքներ,
25) սանիտարահիգիենիկ տարածքներ` տարածքների համախումբ, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող այցելուների և աշխատակիցների սանիտարահիգիենիկ կարիքները բավարարելու համար, ներառյալ զուգարանները, ցնցուղարանները, լվացարանները, հանդերձարանները, լոգարանները,
26) սպասարկման վայրեր` շենքերի, կառույցների, տարածքների, գոտիների մասեր, որոնք կազմակերպված և կահավորված են այցելուին ծառայություններ մատուցելու համար: Ներառում են աշխատատեղ, սպասարկվող այցելուի տեղը և, անհրաժեշտության դեպքում, սպասման տեղը,
27) տեսողական հակադրություն` շենքի երկու հարակից տարրերի միջև տեսողական ընկալում: Տեսողական հակադրությունը կարող է ստացվել պայծառության հակադրության և գույնի հակադրության համադրությամբ:
28) տեսողական տեղեկատվության միջոց` տեղեկատվական համակարգ տեքստերի, նշանների, խորհրդանիշների կամ լուսային ազդանշանների տեսքով, նախատեսված մարդկանց լայն շրջանակի համար ընկալելի լինելու համար, ներառյալ հենաշարժական, լսողական, ճանաչողական կամ այլ ֆունկցիոնալ առանձնահատկություններ ունեցող անձինք: Տեսողական միջոցները նախագծվում են ապահովելու համար բարձր ճանաչելիություն, ընթերցելիություն և հարմար օգտագործում` համընդհանուր դիզայնի սկզբունքների համապատասխան,
29) վերհան սարք` պարբերական գործողությամբ աշխատող, ստացիոնար կամ տեղադրվող բեռնամբարձ սարք, նախատեսված մարդկանց` ներառյալ հենաշարժական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձինք, անվտանգ բարձրացնելու և իջեցնելու համար: Վերհան սարքը կարող է կիրառվել որպես մատչելիության միջոց այն իրավիճակներում, երբ թեքահարթակի կամ վերելակի տեղադրում տեխնիկապես անհնարին կամ հարմար չէ:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
6. Նախագծային լուծումները պետք է ապահովեն բոլոր անձանց համար` անկախ ֆունկցիոնալ առանձնահատկություններից, անվտանգ և մատչելի պայմաններ շենքերում, շինություններում և դրանց տարածքներում, ինչպես նաև հողատարածքներում և ընդհանուր օգտագործման վայրերում.
1) մատչելիություն սպասարկման վայրերում` հաշվի առնելով հեռավորությունները և տեղաշարժման ուղիների հարաչափերը, այնպես, որ բոլոր անձինք կարողանան անխոչընդոտ օգտվել ծառայություններից և մատչելի լինեն անհրաժեշտ վայրերը,
2) տեղաշարժման ուղիների անվտանգություն` ներառյալ տարահանման, նպատակային այցելության և ծառայության մատուցման վայրերի, աշխատանքի վայրերի անվտանգ անցումն ու օգտագործումը բոլոր անձանց համար,
3) շենքից, կառույցից կամ հրդեհային անվտանգության գոտուց ժամանակին և անխափան տարահանման պայմաններ` հրդեհի վտանգավոր գործոնների ազդեցությունը բացառելու համար,
4) լիարժեք և որակյալ տեղեկատվություն ստանալու հնարավորություն` նպատակային այցելության վայր տեղաշարժվելու և ծառայություններ ստանալու ընթացքում, ապահովելով տեղեկատվության մատչելիությունը բոլոր անձանց համար` ներառյալ ֆիզիկական, տեսողական, լսողական կամ ճանաչողական առանձնահատկություններ ունեցող անձանց համար:
7. Շենքերում և կառույցներում պետք է ապահովվեն բոլոր անձանց համար անկախ ֆունկցիոնալ առանձնահատկություններից, անհրաժեշտ պայմաններ գործունեության լիարժեք, անվտանգ իրականացման համար` ինքնուրույն կամ ուղեկցողի օգնությամբ, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում անխափան և մատչելի տարահանման համար:
8. Մշակութային ժառանգության օբյեկտներում հաշմանդամություն ունեցող անձանց մուտքն ապահովելու նախագծային լուծումները իրականացվում են հաշվի առնելով սույն շինարարական նորմերի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշումով հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» կարգի և ԳՕՍՏ Ռ 52875-2025-ի համաձայն:
9. Միջավայրի մատչելիությունը և նախագծային լուծումները պետք է ապահովեն շենքերում և կառույցներում գործունեության հարմարավետություն և անվտանգություն բոլոր անձանց համար, առանց որևէ խմբի հնարավորությունների սահմանափակման կամ խտրականության:
10. Նախագծային լուծումները պետք է հաշվի առնեն բոլոր անձանց հնարավորությունները` անկախ ֆունկցիոնալ առանձնահատկություններից, այդ թվում` տեղաշարժվելու դժվարություններ ունեցողներին, ապահովելով նրանց անվտանգ և մատչելի օգտվելը շենքերում, կառույցներում և տարածքներում` ըստ դասակարգման, ներկայացված աղյուսակ 1-ում:
Աղյուսակ 1. Տեղաշարժվելու դժվարություն ունեցող խմբերի դասակարգումը
._____________________________________________________________________.
|հ/հ|խմբեր|ֆունկցիոնալ բնութագրերը` միջավայրի պահանջների տեսանկյունից |
|___|_____|___________________________________________________________|
|1. |Ս1 |Անձինք, ովքեր չունեն հաշմանդամություն, նվազեցված |
| | |շարժունակությամբ, այդ թվում` տարեց մարդիկ, նախադպրոցական |
| | |տարիքի երեխաներ, նախադպրոցական տարիքի երեխաների հետ գտնվող |
| | |անձինք, հղի կանայք, նաև խուլ և թույլ լսողություն |
| | |ունեցողներ |
|___|_____|___________________________________________________________|
|2. |Ս2 |Տեսողական դժվարություններ ունեցող անձինք, որոնք օգտագործում|
| | |են շոշափողական նշաններ (սպիտակ ձեռնափայտ, տակտիլ ձայնային |
| | |քարտեր) և կողմնորոշման այլ միջոցներ |
|___|_____|___________________________________________________________|
|3. |Ս3 |Հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր տեղաշարժվելիս |
| | |օգտագործում են լրացուցիչ հենարաններ (հենակներ, ձեռնափայտեր)|
| | |մեկ հենարանով, երկու հենարանով նաև առանց լրացուցիչ |
| | |հենարանների պրոթեզներով տեղաշարժվողներ |
|___|_____|___________________________________________________________|
|4. |Ս4 |Անվասայլակներով տեղաշարժվող հաշմանդամություն ունեցող անձինք|
| | |(այդ թվում` ուղեկցողի հետ) |
|___|_____|___________________________________________________________|
|5. |ՈՏ |Անձինք, որոնց տեղափոխման գործողությունները անթույլատրելի են|
| | |կյանքին ուղղակի սպառնալիքի պատճառով, որը կառաջանա |
| | |տեղափոխումից (Ոչ Տեղափոխելի) |
._____________________________________________________________________.
6. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆԵՐ
11. Հողամասը, որի վրա գտնվում է շենքը կամ շինությունը, պետք է ներառի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ նրանց տեղափոխող մեքենաների մուտքի և կայանման տեղ, ինչպես նաև հետիոտների ուղիներ և հանգստի գոտիներ, որոնք հարմար են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հողամասի մուտքի մոտ անհրաժեշտ է տեղադրել օբյեկտի մասին մատչելի տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձանց համար:
12. Հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժման ուղիներում արգելվում է տեղադրել անթափանց երկկողմանի բացվող դռնակներ, պտտվող փեղկերով դռներ, տուրնիկետներ և այլ սարքեր և ֆիզիկական տարրեր, որոնք խոչընդոտում են անարգել անցումը:
13. Հողամասում պետք է նախատեսված լինի հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգ և հարմարավետ տեղաշարժը հողամասի սահմաններից մինչև շենքի մուտքը հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական նորմերի պահանջները: Ճանապարհները պետք է կապված լինեն հասարակական տրանսպորտի կանգառների և հողամասի սահմաններից դուրս գտնվող այլ հետիոտնային և տրանսպորտային երթուղիների հետ: Նավիգացիան և տեղեկատվական ցուցանակները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար օբյեկտում գտնվող կազմակերպությունների աշխատանքային ժամերին:
14. Եթե առկա կառուցապատման մեջ կամ անհարթ տեղանքում նախագծված հետիոտնային երթևեկության ուղիները անհարմար են հաշմանդամություն ունեցող անձանց համար, ապա անհրաժեշտ է նախատեսել այլընտրանքային անվտանգ ուղիներ հաշմանդամություն ունեցող անձանց համար կարևոր կետերի միջև (օրինակ` մուտքից մինչև շենք կամ մինչև կայանատեղ): Այս երթուղիները չպետք է լինեն 300 մ ավելի երկար: Հետիոտնային արահետները կարելի է կառուցել երթևեկելի մասի հետ նույն մակարդակի վրա, եթե պահպանվում են անվտանգության կանոնները, և արահետները պետք է հստակ առանձնացվեն գծանշումներով:
15. Եթե հետիոտնային արահետն անցնում է երթևեկելի մասով, որտեղ բարձրության տարբերությունը մինչև 20 սմ է, ապա անհրաժեշտ է տեղադրել սահուն իջեցում` եզրաքարային թեքահարթակներ և ճանապարհի հատուկ բարձրացված հատվածներ` արհեստական անհարթություններ, որպեսզի ապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց անվտանգ և հարմարավետ անցումը: Արհեստական անհարթությունները կատարվում են ըստ ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 52605-2023: Թեքահարթակները տեղադրվում են ճանապարհի երկու կողմերում` մայթերին և կուտակային հարթակներին, և տեղադրվում են ուղիղ գծով` համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի VI բաժնի:
16. Եթե կան ստորգետնյա կամ վերգետնյա անցումներ, ապա դրանք պետք է հագեցած լինեն թեքահարթակներով կամ վերելակներով: Այդպիսի անցումների մատչելիությունը կարգավորվում է սույն շինարարական նորմերի 17-րդ և 27-45-րդ կետերով:
17. Հետիոտնային արահետը պետք է նախատեսված լինի առնվազն 2 մ լայնությամբ և առնվազն 2,1 մ ազատ բարձրությամբ: Եթե տարածքը սահմանափակ է, լայնությունը կարելի է նվազեցնել մինչև 1,2 մ, սակայն յուրաքանչյուր 25 մ վրա անհրաժեշտ է ստեղծել լայնացում («գրպան»)` հաշմանդամություն ունեցող անձանց անվասայլակների համար, առնվազն 2,5 մ երկարությամբ և առնվազն 2 մ ընդհանուր լայնությամբ: Այստեղ և հետագայում բոլոր չափերը նշված են որպես ներքին` մատչելի տարածքով, որը մարդը իրականում կարող է օգտագործել:
18. Հետիոտնային արահետի երկայնական թեքությունը չպետք է գերազանցի 5%-ը (1:20): Սահմանափակ պայմանների կամ բարդ ռելիեֆի դեպքում թույլատրվում է թեքություն մինչև 8%: Նման հատվածների համար սահմանվում են լրացուցիչ պայմաններ`
1) յուրաքանչյուր նման հատվածի երկարությունը չի գերազանցում 50 մ.,
2) յուրաքանչյուր նման հատվածում տեղադրվում են 0,9 մ բարձրության բռնաձողերով արգելապատնեշներ,
3) նման հատվածների ընդհանուր երկարությունը չպետք է գերազանցի 50 մ յուրաքանչյուր 300 մ-ում:
19. 4%-ից ավելի երկայնական թեքություն ունեցող հետիոտնային ուղիների վրա անհրաժեշտ է կազմակերպել հանգստի հատվածներ`
1) յուրաքանչյուր 0,5 մ ուղղաձիգ բարձրացման դեպքում պետք է լինի առնվազն 1,5 մ երկարությամբ հորիզոնական հարթակ,
2) յուրաքանչյուր 1,5 մ ուղղաձիգ բարձրացման դեպքում պետք է լինի առնվազն 5,0 մ երկարությամբ հարթակ:
20. Հետիոտնային ուղիների պտույտի, հատումների, միացումների կամ ուղղության փոփոխության տեղերում թեքությունը չպետք է գերազանցի 2%-ը: Արահետների լայնական թեքությունը պետք է կազմի 1%-ից մինչև 2%: Մշակութային ժառանգության օբյեկտների վերակառուցման դեպքում թույլատրվում են շեղումներ, եթե դրանք հիմնավորված են և փոխհատուցվում են այլ միջոցներով:
21. Այն վայրերում, որտեղ հետիոտնային արահետի բարձրությունը փոխվում է, կատարվում է սահուն իջեցում` ոչ ավելի, քան 1:20 թեքությամբ կամ իրականացվում է եզրաքարային թեքահարթակ.
22. Հետիոտնային ուղիների այն հատվածներում, որոնք հարում են սիզամարգերին և կանաչապատ տարածքներին, հետիոտնային գոտու երկայնքով եզրաքարի բարձրությունը պետք է լինի առնվազն 5 սմ, ինչն ապահովում է արահետի և կանաչ գոտու ֆիզիկական բաժանումը: Եթե կանաչապատ գոտին օգտագործվում է հանգստի համար (օրինակ` տեղադրված են նստարաններ, խաղային կամ մարզական տարրեր) և այն հարում է հետիոտնային ուղուն, ապա արահետի և այդ գոտու միջև բարձրության տարբերությունը չպետք է գերազանցի 1,5 սմ-ը` ապահովելու համար անարգել անցման մատչելիությունը, հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց համար:
23. Եթե արահետի և սիզամարգի միջև առկա է բաց ջրահեռացում կամ ջրահավաք ցանց, թույլատրվում է, որ եզրաքարը լինի սիզամարգի հետ նույն մակարդակի վրա, այս դեպքում եզրաքարը պետք է ունենա արահետի հիմնական ծածկույթից արտահայտված տարբերվող շոշափելի ծածկույթ, այդ թվում` ուղղորդող ցուցիչներով` համաձայն ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի:
24. Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար բարձր վտանգի գոտիներին (առանձին կանգնած հենարաններ, սյուներ և այլ խոչընդոտներ, աստիճաններ, հետիոտնային անցումներ և այլն) մոտենալու մասին տեղեկատվությունը պետք է ապահովվի ԳՕՍՏ Ռ 52875-2025 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 23-101-2017 նախագծման կանոնների հավաքածուի համաձայն, շոշափողական-հակադրվող գետնին տեղադրված ցուցիչներով կամ հետիոտնային ուղու մակերեսի փոփոխությամբ: Հետիոտնային գոտում ծառերի առկայության վերաբերյալ նախազգուշացնելու համար ցուցանակների փոխարեն կարելի է ծառերի շուրջ տեղադրել ճաղավանդակներ` համաձայն սույն շինարարական նորմերի 45-րդ կետի պահանջների:
25. Մայթերի, արահետների, թեքահարթակների և աստիճանների ծածկույթը պետք է լինի կոշտ, հարթ, շարժման ժամանակ թրթռումներ չառաջացնի: Այն պետք է ապահովի երկայնական ուղղությամբ շփում`
1) լավ եղանակային պայմաններում` 0,6-0,75 կՆ/կՆ,
2) խոնավ և ցուրտ եղանակին` ոչ պակաս, քան 0,4 կՆ/կՆ:
26. Բետոնե մայթի սալիկներ կամ քարե սալահատակ օգտագործելիս տարրերի միջև կարերը չպետք է լինեն 1 սմ-ից ավելի լայն: Չեն թույլատրվում փխրուն նյութերից իրականացված ծածկույթներ, այդ թվում ավազից և կոպճից:
27. Արտաքին սանդուղքները պետք է նախագծվեն այնպես, որ ապահովեն անվտանգ և մատչելի տեղաշարժ բոլոր անձանց համար: Արտաքին աստիճանները պետք է ունենան`
1) սանդղաբազուկի լայնությունը` ոչ պակաս, քան 1,35 մ,
2) սանդղամատի խորությունը` 35-40 սմ (կամ բազմապատիկ այս արժեքներին),
3) աստիճանի բարձրությունը` 12-15 սմ,
4) աստիճանի մակերևույթը պետք է լինի չսայթաքող,
5) աստիճանի եզրը պետք է ունենա գունային հակադրություն և շոշափելի եզրագիծ` տեսողության խնդիր ունեցող անձանց կողմնորոշման համար:
28. Սանդղաբազուկի բոլոր աստիճանները պետք է լինեն նույն չափի և ձևի, առավելագույնը 2% լայնական թեքությամբ: Սանդուղքները պետք է ունենան աստիճանաճակատ (ուղղաձիգ մակերես աստիճանների միջև), աստիճանաճակատի բացակայությունը նվազեցնում է անվտանգությունը և կարող է խանգարել տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կողմնորոշվելուն:
29. Մայթի կամ արահետի շարունակության վրա գտնվող սանդուղքի սանդղաբազուկը պետք է ունենա 3-ից 12 աստիճան: Սանդղաբազուկների միջև պետք է լինեն հորիզոնական հարթակներ: Սահմանափակ պայմաններում մեկ սանդղաբազուկում թույլատրվում է մինչև 15 աստիճան:
30. Սանդուղքի հարաչափերը պետք է ընդունվեն`
1) սանդղամատի ելուստի ելքը` մինչև 1,5 սմ,
2) աստիճանի եզրի կլորացումը մինչև` 2,5 սմ,
3) երկայնական թեքությունը` մինչև 1%,
4) սանդղամատի շփման գործակիցը` ոչ պակաս, քան 0,45:
31. Մեկ կամ մի քանի սանդղաբազուկ ունեցող արտաքին սանդուղքների երկայնքով երկու կողմերում տեղադրվում են բռնաձողեր: Բռնաձողերը պետք է լինեն անընդհատ ամբողջ երկայնքով` համաձայն ՀՍՏ ԳՕՍՏ Ռ 51261-2023-ի: Բռնաձողերի բարձրությունը պետք է լինի 0,9 մ (աստիճանի մակերևույթից մինչև բռնաձողի վերին եզրը): Հետիոտների կողմից բազրիքների եզրերը պետք է տեղակայված լինեն արտաքին աստիճանների անցանելի մասի սահմանների հետ նույն ուղղաձիգ հարթության վրա:
32. Արտաքին սանդուղքի 4 մ և ավելի լայնության դեպքում պետք է նախատեսել կենտրոնական երկկողմանի բազրիքներ: Միջանկյալ հարթակներում կենտրոնական լրացուցիչ բազրիքը կարող է ընդհատվել:
33. Սանդղաբազուկի ստորին և վերին մասում պետք է նախատեսել բազրիքների եզրափակիչ հատվածներ, որոնք պետք է լինեն հորիզոնական և դուրս գան սանդղաբազուկի սահմաններից 0,3 մ-ով: Նեղ պայմաններում թույլատրվում է բազրիքների եզրափակիչ հատվածները թեքել 90 o դեպի դուրս: Բռնաձողերի ավարտի ձևը պետք է լինի անվտանգ` սահուն կլորացված դեպի ներքև, կամ դեպի պատը: Բռնաձողից մինչև պատ կամ այլ խոչընդոտ հեռավորությունը պետք է լինի առնվազն 6 սմ: Եթե բռնաձողի վերևում կան կախված կոնստրուկցիաներ, ապա բռնաձողի վերևում պետք է ապահովել առնվազն 0,45 մ բարձրություն, իսկ խոչընդոտի արտաքին սահմանը պետք է նախագծել ուղղագիծ պրոյեկցիայով բռնաձողի ներքին եզրով:
34. Սանդուղքի տակ գտնվող տարածքը, որտեղ մինչև գետնի մակերևույթի բարձրությունը 2,1 մ-ից պակաս է, պետք է լինի ցանկապատված կամ տնկվեն թփեր:
35. Արտաքին սանդուղքների մոտ, բնակչության սակավաշարժ խմբերի համար պետք է նախատեսել`
1) թեքահարթակներ (թեքությամբ և չափերով, որոնք համապատասխանում են մատչելիության պահանջներին) 0,20 մ-ից մինչև 6,0 մ բարձրության տարբերության դեպքում,
2) անհատական վերհանների սարքավորանքներ ըստ ԳՕՍՏ 34682.2-2020-ի կամ վերելակ մինչև 3,0 մ բարձրության տարբերության դեպքում,
3) վերելակներ 3,0 մ և ավելի բարձրության տարբերության դեպքում:
36. Թեքահարթակի մեկ թռիչքի երկարությունը ընտրվում է կախված թեքությունից, ինչպես նշված է աղյուսակ 2-ում:
Աղյուսակ 2. Թեքահարթակի մեկ թռիչքի առավելագույն երկարությունը` կախված թեքությունից
.___________________________________________________________________.
|հ/հ|Թեքահարթակի թեքությունը |Մեկ թռիչքի |Թեք մակերե- |
| | |առավելագույն |վույթների |
| | |երկարությունը,|ընդհանուր երկա-|
| | | մ |րությունը, մ |
|___|________________________________|______________|_______________|
|1. |3%-ից մինչև 4% (1:33-1:25) | 15 | 110 |
|___|________________________________|______________|_______________|
|2. |4%-ից մինչև 5% (1:25-1:20) | 12 | 110 |
|___|________________________________|______________|_______________|
|3. |5%-ից մինչև 6% (1:20-1:16,7) | 9 | 110 |
|___|________________________________|______________|_______________|
|4. |6,1%-ից մինչև 8% (1:16-1:12,5) | 6 | 36 |
.___________________________________________________________________.
37. Թեքահարթակի 8%-ից ավելի թեքությունը (1:12,5) չի թույլատրվում: Բացառիկ դեպքերում թույլատրվում է մինչև 10% (1:10) թեքություն` 5 մ-ից ոչ ավելի երկարությամբ տեղամասերում, որտեղ անվասայլակով հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժը կատարվում է ուղեկցող անձանց օգնությամբ:
38. Հետիոտնային ուղիների այն հատվածներում, որտեղ հետիոտների երթևեկության առավելագույն հաշվարկային ինտենսիվությունը երկու ուղղություններով մինչև 2400 մարդ/ժ է, սանդուղքի հետ համատեղ օգտագործվող թեքահարթակի անցանելի մասի լայնությունը պետք է լինի ոչ պակաս, քան 0,9 մ, իսկ հետիոտների երթևեկության ավելի քան 2400 մարդ/ժ ինտենսիվության դեպքում` ոչ պակաս, քան 1,8 մ:
39. Թեքահարթակի սկզբում և վերջում անհրաժեշտ է նախատեսել հորիզոնական հարթակներ: Հորիզոնական հարթակների լայնությունը պետք է լինի թեքահարթակի հետիոտնային հատվածի լայնությունից ոչ պակաս: Այս հարթակների նվազագույն չափերը կախված են երթևեկության բնույթից`
1) ընդհանուր հետիոտնային ուղիներում` հնարավոր հանդիպակաց երթևեկությամբ հարթակի լայնությունը` ոչ պակաս, քան 1,8 մ, երկարությունը` ոչ պակաս, քան 1,5 մ, թեքահարթակի ուղղության յուրաքանչյուր փոփոխության դեպքում (պտույտի)` ոչ պակաս, քան 1,8 x 1,8 մ,
2) միակողմանի երթևեկության դեպքում (մեկ ուղղությամբ)` լայնությունը` ոչ պակաս, քան 1,5 մ, երկարությունը` ոչ պակաս, քան 1,5 մ, յուրաքանչյուր շրջապտույտի դեպքում` հարթակը ոչ պակաս, քան 1,5 x 1,5 մ:
40. Ջրահեռացման համար հորիզոնական հարթակները պետք է ունենան երկայնական թեքություն դեպի վար կամ լայնական թեքություն դեպի վար 0,5%-ից մինչև 1%:
41. Թեքահարթակի երկայնական եզրերին պետք է տեղադրվեն առնվազն 5 սմ բարձրությամբ եզրաքարեր: Թեքահարթակները պետք է ունենան երկկողմանի բազրիքներ` 0,9 և 0,7 մ բարձրություն ունեցող բռնաձողերով, թեքահարթակի վերին և ստորին բռնաձողերը պետք է գտնվեն մեկ ուղղաձիգ հարթության մեջ` թեքահարթակի անցանելի հատվածի սահմաններով: Թեքահարթակի երթևեկելի մասի լայնությունը (թեքահարթակի բռնաձողերի միջև հեռավորությունը) մեկ ուղղությամբ երթևեկության դեպքում պետք է լինի 0,9-ից մինչև 1,0 մ:
42. Թեքահարթակի մակերևույթի ծածկույթը պետք է լինի չսայթաքող (տես սույն շինարարական նորմերի 25-րդ կետը): Թույլատրվում են մետաղական ճաղավանդակներ, եթե`
1) բջիջների չափսը ոչ ավելի, քան 13 մմ (տես սույն շինարարական նորմերի 45-րդ կետը),
2) ցանցը պետք է դիմանա առնվազն 250 կգ/մ2, ճկվածքը` ոչ ավելի, քան 5 մմ,
3) ցանցաձև ձգվող թերթից մետաղական ցանցերի համար բջիջի չափը չպետք է գերազանցի 20 մմ-ը շարժման ուղղությամբ:
43. Թեքահարթակի մակերեսը պետք է հակադրվի գույնով կամ կառուցվածքով շրջապատող ծածկույթի համեմատ:
44. Թեքությունների փոփոխության վայրերում պետք է ապահովվի արհեստական լուսավորություն առնվազն 100 լյուքս` չափված հետիոտնային ուղու մակերևույթի վրա: Լուսավորությունը պետք է լինի համաչափ և առանց շողքի, գունային ջերմաստիճանը` 3000-5000 K, ապահովելով տեսողական հարմարավետություն և գույների բնական ընկալում:
45. Ջրահեռացման ճաղավանդակները, անձրևընդունիչները, ջրահեռացման (կեղտաջրերի) առուները, ծառերի շուրջը տեղադրվող ճաղավանդակները, դիտահորերը և կափարիչները պետք է տեղադրվեն հետիոտնային ուղիների անցանելի հատվածի սահմաններից դուրս: Թույլատրվում է տեղադրել լայնական ճաղավանդակ (ուղղահայաց երթևեկությանը): Ճաղավանդակների բջիջների հարաչափերը`
1) լուսաշերտի լայնությունը` ոչ ավելի, քան 13 մմ,
2) կլոր անցքեր` տրամագիծը ոչ ավելի, քան 18 մմ:
46. Դիտահորերի կափարիչների կոշտության կողերը և դրանց մակերևույթի վրա գտնվող այլ կոնստրուկտիվ տարրերի բարձրությունները չպետք է գերազանցեն 5 մմ:
47. Հետիոտնային ուղիների անցանելի հատվածի սահմաններում (այսինքն` այն հատվածի, որով իրականացվում է հետիոտների փաստացի երթևեկությունը, ներառյալ սակավաշարժուն անձինք) թույլ չի տրվում`
1) օգտագործել ժամանակավոր կամ կցովի թեք տարրեր, որոնք չեն հանդիսանում ստացիոնար կոնստրուկցիայի մաս,
2) կառուցել մեկ կամ երկու աստիճաններ, քանի որ դրանք սայթաքելու վտանգ են ստեղծում և խոչընդոտում են անարգել տեղաշարժին:
48. Հետիոտնային ուղիների անցանելի հատվածի սահմաններում կարող են օգտագործվել հավաքովի կոնստրուկտիվ տարրեր (օրինակ` թեք սալեր և շոշափողական մոդուլներ):
6.2. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ (ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ)
49. Ավտոկայանատեղերի նախագծման ժամանակ հաշվի են առնվում սույն շինարարական նորմերի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2026 թվականի հունվարի 16-ի N 03-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-05-2026 «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմերի պահանջները:
50. Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, ենթակառուցվածքների օբյեկտների (այդ թվում` տրանսպորտային, մարզական նշանակության օբյեկտների, մշակույթի և այլն) և հանգստի գոտիների մոտ գտնվող ավտոկայանատեղերում անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացնել մեքենատեղերի ընդհանուր քանակի առնվազն 10%-ը (բայց ոչ պակաս, քան մեկը):
51. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ավտոկայանատեղերը նախագծվում են համաձայն սույն շինարարական նորմերի 57-րդ կետի, ինչպես նաև պետք է հաշվի առնվեն անձանց հատուկ կարիքները` մեծացված լայնությունը, կողքից և հետևից դուրս գալու համար ազատ գոտու առկայությունը, մայթին կամ արահետին հարմար հետիոտնային մոտեցումը:
------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում