(ուժը կորցրել է 25.09.15 թիվ 1112-Ն որոշում)
i
040.1877.090107
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«9» հունվարի 2007 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 դեկտեմբերի 2006 թվականի N 1877-Ն
 
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել երեխաներին ցերեկային խնամք տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` երեք ամսվա ընթացքում հաստատել երեխայի խնամքի տրամադրման մասին հրամանների հաշվառման մատյանի, երեխայի հաշվառման քարտի, երեխայի կարիքների գնահատման թերթիկի ձևերը և երեխայի կենսապայմանների ուսումնասիրության կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2006 թվականի դեկտեմբերի 7-ի
N 1877-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով կարգավորվում են 6-18 տարեկան հաշմանդամ, ծնողական խնամքից զրկված, դաստիարակության դժվարություններ ունեցող երեխաներին (այսուհետ` երեխա) ցերեկային ժամերին խնամք տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
2. Երեխային ցերեկային խնամքի տրամադրումը սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներից մեկն է:
3. Երեխային ցերեկային խնամք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ հաստատված` երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող երեխաների խնամքի ցերեկային հաստատությունների (այսուհետ` հաստատություն) կողմից` անկախ կազմակերպական-իրավական ձևից:
4. Հաստատությունը խնամք տրամադրում է երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի կամ համաձայնության, իսկ 14-18 տարեկան երեխաներին` նաև երեխայի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
5. Հաստատությունը պետք է ունենա սույն կարգով նախատեսված ծառայությունների մատուցումն ապահովելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ` խաղասենյակ, դասապատրաստման սենյակ, հոգեբանի սենյակ, ճաշասենյակ` մեկանգամյա սնունդ տրամադրելու համար, ինչպես նաև համապատասխան իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններ:
 
II. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
6. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները`
երեխայի կարիքների գնահատման թերթիկ` երեխայի բնութագիրը, ընդհանուր զարգացման, դաստիարակության, հետաքրքրությունների ու նախասիրությունների մասին տեղեկություններ պարունակող փաստաթուղթ.
երեխայի հետ իրականացվող սոցիալ-հոգեբանական աշխատանքի օրագիր` երեխայի և նրա ընտանիքի անդամների հետ իրականացվող և կատարված աշխատանքի արդյունքների նկարագրությունը պարունակող փաստաթուղթ.
մասնագետների խումբ` երեխայի կարիքները գնահատող սոցիալական աշխատողից, մանկավարժից և հոգեբանից կազմված խումբ:
 
III. ԵՐԵԽԱՅԻՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
 
7. Երեխային հաստատության կողմից խնամքը տրամադրվում է ցերեկային ժամերին` հաստատությունում և տնային պայմաններում, մինչև նրա սոցիալ-հոգեբանական վերականգնումը:
8. Հաստատությունը երեխայի մասին տեղեկություններ ձեռք բերելու համար համագործակցում է խնամակալության և հոգաբարձության մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի), սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների, հանրակրթական, բժշկական կամ նմանատիպ այլ կազմակերպությունների հետ: Հաստատությունը նման երեխաներին կարող է հայտնաբերել նաև սեփական նախաձեռնությամբ:
 
IV. ԵՐԵԽԱՅԻՆ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
 
9. Հաստատություն հաճախող երեխայի խնամքի տրամադրումը ձևակերպվում է հաստատության ղեկավարի հրամանով, որը գրանցվում է հրամանների հաշվառման մատյանում:
10. Հաստատությունը երեխային ցերեկային խնամք տրամադրելու մասին գրավոր տեղեկացնում է երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:
11. Երեխայի մասին տեղեկություն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում հաստատության մասնագետների խումբն իրականացնում է երեխայի կենսապայմանների ուսումնասիրություն և կարիքների գնահատում, որի արդյունքների հիման վրա կազմում է երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը:
12. Հաստատությունում հաշվառված երեխայի համար լրացվում է հաշվառման քարտ, որում գրանցվում են նրան վերաբերող հետևյալ տեղեկությունները`
ա) անունը, ազգանունը, հայրանունը,
բ) ծննդյան տարեթիվը, վայրը,
գ) սեռը,
դ) ծննդյան ակտի գրանցման համարը, վայրը և ժամանակը,
ե) երեխայի բնակության վայրը,
զ) երեխային և նրա ընտանիքին վերաբերող տեղեկությունները,
է) երեխային ցերեկային խնամք տրամադրելու պատճառները,
ը) երեխայի` հաստատություն հաճախելու ժամանակաշրջանը,
թ) տվյալներ երեխայի առողջական վիճակի մասին:
13. Նույն հաստատություն կրկին հաճախելու դեպքում երեխայի հաշվառման քարտում կատարվում է համապատասխան նշում:
14. Հաստատություն ընդունվող երեխայի համար կազմվում է անձնական գործ, որում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը`
ա) հաստատության ղեկավարի հրամանը` երեխայի խնամքի տրամադրման մասին,
բ) երեխայի լուսանկարը,
գ) հաշմանդամ երեխայի համար` հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթը,
դ) երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը կամ համաձայնությունը, իսկ 14-18 տարեկան երեխաների դեպքում` նաև երեխայի գրավոր համաձայնությունը,
ե) երեխայի հաշվառման քարտը,
զ) երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագիրը,
է) երեխայի հետ իրականացվող սոցիալ-հոգեբանական աշխատանքի օրագիրը,
ը) երեխայի կարիքների գնահատման թերթիկը,
թ) երեխայի ծննդյան վկայականի պատճենը:
 
V. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
15. Երեխան հաստատությունում գտնվելու ընթացքում ստանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին համապատասխան խնամք և դաստիարակություն, ինչպես նաև երեխայի սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված սոցիալ-հոգեբանական և իրավաբանական աջակցություն:
16. Հաստատությունը երեխայի բժշկական օգնությունը կազմակերպում է տվյալ համայնքի տեղամասային պոլիկլինիկայում:
17. Հաստատությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` ուսումնական հաստատություններից դուրս մնացած երեխաներին կրթական հաստատություններում տեղավորելու համար, կազմակերպում է երեխայի դասապատրաստումը դպրոցական ժամերից հետո, աջակցում երեխաների աշխատանքային հմտությունների ձևավորմանը, կազմակերպում երեխայի ազատ ժամանցը` մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու միջոցով, ինչպես նաև աջակցում է նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքներին:
 
VI. ԵՐԵԽԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
 
18. Երեխային տրամադրվող խնամքը դադարեցվում է`
ա) հաստատության մասնագետների խմբի կողմից երեխայի վիճակը կայուն գնահատելու դեպքում,
բ) երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի, իսկ 14-18 տարեկանների համար` նաև երեխայի` խնամք ստանալուց հրաժարվելու դեպքում:
19. Երեխային տրամադրվող խնամքը դադարեցնելուց հետո հաստատությունն այցելությունների միջոցով իրականացնում է շարունակական մոնիթորինգ` երեխայի վիճակի կայունության պահպանման նպատակով: