ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Շիրակի մարզի առաջին ատյանի ԵԴ1/0048/13/24
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Ս. Անդրեասյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ռ. Պապոյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Հ. Գրիգորյանի
Լ. Թադևոսյանի
22 օգոստոսի 2025 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի մայիսի 21-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի անմեղությունը` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում:
Ամբաստանյալ Արայիկ Վաղարշակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքի` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի` 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն, ամբաստանյալ Արայիկ Վաղարշակյանն ազատվել է նշանակված պատժից:
Արայիկ Վաղարշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:
2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշմամբ ամբաստանյալ Արամ Միքայելյանի պաշտպանի և մեղադրողի վերաքննիչ բողոքները մերժվել են, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի մայիսի 21-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ամբաստանյալ Ա. Մելիքյանի պաշտպանի վճռաբեկ բողոքները բավարարվել են մասնակիորեն: Ամբաստանյալներ Արամ Միքայելյանի և Արայիկ Վաղարշակյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի մայիսի 21-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի օգոստոսի 29-ի որոշումը բեկանվել են և գործն ուղարկվել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 6-ի դատավճռով (այսուհետ` նաև Դատավճիռ) Արայիկ Վաղարշակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ և դատապարտվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, նույն օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն, հանցանքների համակցությամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա. Վաղարշակյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:
Արայիկ Վաղարշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մարտի 3-ի որոշմամբ ամբաստանյալ Ա. Միքայելյանի պաշտպանի և ամբաստանյալ Ա. Վաղարշակյանի պաշտպանի վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վերաքննիչ բողոքը` բավարարվել:
Նույն որոշմամբ ամբաստանյալ Ա. Վաղարշակյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով լրացուցիչ պատիժ է նշանակվել գույքի բռնագրավում` անձնական գույքի կեսի չափով, բայց ոչ ավելի` քան 19.471.815 ՀՀ դրամից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մարտի 3-ի որոշումն օրինական ուժի մեջ է մտել 2014 թվականի ապրիլի 4-ին, այսինքն, նույն օրն ուժի մեջ է մտել նաև Դատավճիռը:
3.1. Դատավճռի կատարման ընթացքում պարզվել է, որ դատապարտյալ Արայիկ Վաղարշակյանը բացակայում է բնակության վայրից, և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ա. Վաղարշակյանը հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և 2023 թվականի մարտի 30-ից գտնվել արգելանքի տակ:
2024 թվականի փետրվարի 13-ին Ա. Վաղարշակյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և պատիժ է կրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժանմունքի պետի` 2024 թվականի մարտի 13-ի տեղեկանքի համաձայն` դատապարտյալ Արայիկ Վաղարշակյանը 2024 թվականի մարտի 1-ից պատիժ է կրում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
4. 2024 թվականի փետրվարի 19-ին դատապարտյալ Ա. Վաղարշակյանի պաշտպան Վ. Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան` մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով Ա. Վաղարշակյանին պատժից ազատելու վերաբերյալ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 13-ի որոշմամբ, դատական վարույթը, ըստ տարածքային ընդդատության, ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմամբ դատապարտյալ Ա. Վաղարշակյանի պաշտպան Վ. Հովհաննիսյանի միջնորդությունը մերժվել է:
5. Առաջին ատյանի դատարանի նշված որոշման դեմ դատապարտյալ Ա. Վաղարշակյանի պաշտպան Վ. Հովհաննիսյանի կողմից բերվել է հատուկ վերանայման վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` դատապարտյալ Ա. Վաղարշակյանն ազատվել է դատավճռով նշանակված պատժի հետագա կրումից` մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
7. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են վարույթի ելքի վրա:
Բողոքաբերը գտել է, որ ստորադաս դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել 2021 թվականի մայիս 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 8-րդ, 9-րդ հոդվածների, 90-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի դրույթները, ինչպես նաև ստորադաս դատարանի որոշումը հակասում է Վանիկ Առուստամյանի գործով 2024 թվականի փետրվարի 22-ի թիվ ԼԴ/0004/12/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Բողոքաբերը նշել է, որ մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցած լինելու հետևանքով պատժից ազատելը` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժից ազատելու տեսակներից մեկն է: Որպես պատժից ազատելու ինքնուրույն տեսակ, այն կրում է բացառապես նյութաիրավական բնույթ և դրա գործադրման համար անհրաժեշտ հիմքերն ու պայմանները սահմանված են միմիայն քրեական օրենսդրությամբ: Հետևաբար` մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցած լինելու հետևանքով պատժից ազատելու հարցը` ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությանը վերաբերելի կարգավորումների համատեքստում քննարկելիս, պետք է հիմք ընդունել ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված վերաբերելի իրավակարգավորումները:
7.1. Բողոք բերած անձն ընդգծել է, որ դատական ակտի կատարման ընթացքում` դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ, դատապարտյալ Ա. Վաղարշակյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինս հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և 2023 թվականի մարտի 30-ից գտնվել է արգելանքի տակ: Հայտնաբերման պահին` 2023 թվականի մարտի 30-ի դրությամբ, դատավճիռն ի կատար չի ածվել 8 տարի 8 ամիս 27 օր, դատավճռի կատարման վաղեմության ժամկետի ընթացքը չի ընդհատվել:
Հանցանքի կատարման պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումների համաձայն` վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է պատիժը կրելուց: Ընդ որում, մեղադրական դատավճիռը չի կարող ի կատար ածվել, եթե ծանր հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից անցել է քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ: Տվյալ դեպքում` Արայիկ Վաղարշակյանը խուսափել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատիժը կրելուց, վաղեմության ժամկետն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ, սակայն չի լրացել վաղեմության ժամկետի կիրառման պարտադիր պայման հանդիսացող 20 տարին:
7.2. Բողոքաբերը եզրահանգել է, որ ստորադաս դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատժից ազատելու իրավակարգավորումները` որպես անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն, կիրառելի են միայն օրենքով նախատեսված դեպքերում, ինչը խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը և չի կարող նպաստել պատժի նպատակների իրականացմանը:
8. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը բեկանել` օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմանը:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
9. Ա. Վաղարշակյանի պաշտպան Վ. Հովհաննիսյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված հիմքերն իրենց բովանդակությամբ և կիրառման իրավական հետևանքներով տարբեր են, այնուամենայնիվ, բոլորն էլ կրում են իմպերատիվ բնույթ և դրանցից գեթ մեկի առկայությունն արդեն իսկ բացառում է ազատությունից զրկելու հետ կապված պատժի կրումը: Բացի այդ, պատիժը կրելու վաղեմության իրավական հիմք է համարվում այն, որ օրենքով նախատեսված ժամկետներն անցնելուց հետո կատարված կոնկրետ հանցանքը և այն կատարող անձը կորցնում են իրենց վտանգավորությունը, ինչը հիմք է ծառայում անձին պատժի կրումից ազատելու համար:
Ամփոփելով, պաշտպանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը, քննարկելով մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված նորմի` հետադարձ ուժով կիրառելիության հարցը, իրավացիորեն փաստել է, որ այն ի տարբերություն նույն հարաբերությունները կարգավորող` Ա. Վաղարշակյանի կողմից արարքը կատարելու և դատավճիռը կայացնելու պահին գործող` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի, ավելի բարենպաստ է դատապարտյալի համար, ավելին, դրանով նախատեսված պայմաններում, Ա. Վաղարշակյանն անվերապահ կերպով ազատվում է պատժից:
10. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Վ. Հովհաննիսյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ե. Ավագյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
11. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանն արձանագրում է, որ նշված դատավճռի մասին դատապարտյալ Արայիկ Վաղարշակյանը, հաստատապես իմանալով, առանց վարույթն իրականացնող մարմնին տեղյակ պահելու, չարամտորեն խուսափելով հիմնական պատիժը կրելուց, լքել է ՀՀ տարածքը:
Վերջինս հայտնաբերվել է միայն շուրջ 10 տարի անց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և 2023 թվականի մարտի 30-ից գտնվել է արգելանքի տակ: 2024 թվականի փետրվարի 13-ին Արայիկ Վաղարշակյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և տեղափոխվել է համապատասխան ՔԿՀ:
Մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով պատժից ազատումը ենթադրում է պետության կողմից դատարանի կողմից դատապարտված դատապարտյալի նկատմամբ քրեական պատժի իրականում կիրառելուց կամ նշանակված պատիժն ամբողջությամբ կրելուց:
(...)
Դատարանը, մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը, արձանագրում է, որ օրենսդիրը նախատեսել է ավելի վատթարացնող պայմաններ այն դատապարտյալների համար, ովքեր խուսափել են պատժի կրումից` ի կատար չածված մեղադրական դատավճռով նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածը երկարաձգելով դրա մեկ երկրորդի չափով: Նման պայմաններում հիմնական պատժի կրումից խուսափող դատապարտյալի նկատմամբ վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է նրա ձերբակալելու պահից: Այսինքն, դատապարտյալ Ա. Վաղարշակյանի պատժի կրումից խուսափելու պատճառաբանությամբ մեղադրական դատավճռով վաղեմության ժամկետը կասեցվել է, այսինքն սույն դեպքում 5 տարի 6 ամիսը չի հաշվվել, և նրա հայտնաբերումից հետո է միայն սկսվել հոսել նրա պատժի ժամկետը:
Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի` միջնորդությամբ մատնանշված մեկնաբանությունից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասը, որը վերաբերում է այն դատապարտյալներին, ովքեր չեն խուսափել պատժի կրումից, ավելի բարենպաստ հետևանքներ են կրելու (քննարկվող իրավակարգավորմամբ ազատվելու են պատժի կրումից, եթե մեղադրական դատավճիռը ի կատար ածված չլինի նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածում), քան ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պատժի կրումից չարամտորեն խուսափող դատապարտյալները (քննարկվող իրավակարգավորմամբ ազատվելու են պատժի կրումից, եթե մեղադրական դատավճիռը ի կատար ածված չլինի նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածում` այն երկարաձգելով դրա մեկ երկրորդի չափով), ինչը տրամաբանական չէ:
Ելնելով վերոգրյալից` Դատարանը գտնում է, որ սույն գործով մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետներն վերսկսվել են դատապարտյալ Ա. Վաղարշակյանին հայտնաբերելու օրվանից, որպիսի պայմաններում պաշտպանի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման (...)»(1):
_____________________________
1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 88-89:
12. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. (...) Դիտարկելով մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված նորմը հետադարձ ուժով կիրառելիության հարցը` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ այն ի տարբերություն նույն հարաբերությունները կարգավորող Արայիկ Վաղարշակյանի կողմից արարքը կատարելու և Դատավճիռը կայացնելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի, ավելի բարենպաստ է դատապարտյալի համար, ավելին, դրանով նախատեսված պայմաններում Արայիկ Վաղարշակյանն անվերապահ կերպով ազատվում է պատժից: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ տվյալ իրավիճակում կանտեսվեն հանցանք կատարած անձի համար տեղի ունեցած բարենպաստ օրենսդրական փոփոխությունները, և անձը կենթարկվի պատժի` չնայած որ պետությունը, մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցած լինելու հետևանքով անձին իմպերատիվ կերպով պատժից ազատելու վերաբերյալ նոր կարգավորում նախատեսելով, արդեն իսկ համանման դեպքերում անձին պատժի ենթարկելը չափազանց ծանր է համարել:
(...) Վերաքննիչ դատարանը արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով հանցանքների համակցությամբ օրինական ուժի մեջ մտած Դատավճռով 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով նշանակված պատիժը դատապարտյալ Արայիկ Վաղարշակյանի կողմից կրելուց խուսափելու և վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված լինելու պայմաններում Դատավճռի կատարման վաղեմության բացարձակ ժամկետը լրացել է 2022 թվականի հուլիսի 4-ին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ժամկետը նաև չի ընդհատվել:
Վերոգրյալից ելնելով Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ դատապարտյալ Արայիկ Վաղարշակյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցել է, այսինքն առկա է քննարկվող կառուցակարգով նրան պատժից ազատելու հիմք:
(...)
Ամփոփելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալ Արայիկ Վաղարշակյանի պաշտպան Վահե Հովհաննիսյանի հատուկ վերանայման բողոքը պետք է բավարարել` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (...) որոշումը բեկանել, դատապարտյալ Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանին ազատել թիվ ԵԱՔԴ/0174/01/11 դատավճռով նշանակված 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով նշանակված պատժի հետագա կրումից` մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով (...)»(2):
___________________
2) Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 49-50:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ դատապարտյալ Ա. Վաղարշակյանը ենթակա է ազատման իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի հետագա կրումից` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի իրավակարգավորումների կիրառմամբ:
14. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողությունը կամ անգործությունը կատարելու պահը` անկախ հետևանքներն առաջանալու պահից: (...)»
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
(...)
3. Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ, եթե նշանակված պատիժն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված պատժի առավելագույն ժամկետից, կամ նշանակված պատժատեսակն ավելի խիստ է ուժի մեջ մտած օրենսդրությամբ նախատեսված առավել խիստ պատժատեսակից: Նշված դեպքերում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնք կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն (...)»:
Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու հիմնախնդրին Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է իր նախադեպային որոշումների շրջանակներում` ընդգծելով, որ քրեական օրենքի` ժամանակի ընթացքում գործողության ընդհանուր կանոնը ենթադրում է, որ կատարված արարքի հանցավորությունը, դրա համար նախատեսված պատիժները և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են տվյալ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այսինքն` իրավասու մարմինը, հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս, պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ:
Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնից միակ բացառությունը քրեական օրենքի հետադարձության կանոնն է, ինչը ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված` հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի այդ անձի վրա(3):
___________________________________
3) Տե՛ս, inter alia, Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումը:
15. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար դատապարտված անձն ազատվում է պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել հետևյալ ժամկետներում.
(...)
3) տասը տարի` ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում.
(...)
3. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է պատիժը կրելուց: Այդ դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ նրա` մեղայականով ներկայանալու պահից: Ընդ որում, մեղադրական դատավճիռը չի կարող ի կատար ածվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից` քսան տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար դատապարտված անձը դատարանի որոշմամբ ազատվում է ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց, եթե օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեղադրական դատավճիռն ի կատար չի ածվել դատավճռով նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածում:
(...)
5. Վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե դատապարտյալը խուսափում է հիմնական պատիժը կրելուց: Այս դեպքում վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է նրան ձերբակալելու, մեղայականով ներկայանալու կամ խուսափելը դադարեցնելու պահից: Կասեցման դեպքում սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված ժամկետը երկարաձգվում է դրա մեկ երկրորդի չափով (...)»:
Մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով պատժից ազատելը` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժից ազատելու տեսակներից մեկն է, որի գործադրման համար պարտադիր պայմանները սահմանված են քրեական օրենսդրությամբ: Մասնավորապես, վերոնշյալ ինստիտուտը գործադրելու համար, ի թիվս այլնի, անհրաժեշտ պայմաններ են հանդիսանում մեղադրական դատավճիռն ի կատար ածելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետի լրացած լինելը, ինչպես նաև նշված վաղեմության ժամկետի ընդհատված կամ կասեցված չլինելը:
Քննարկվող ինստիտուտի նախկին իրավակարգավորումները համեմատելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի իրավակարգավորումների հետ` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով ամրագրված նոր իրավակարգավորումներով օրենսդիրը մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետները սահմանում է` հաշվի առնելով ոչ թե անձի կողմից կատարված հանցագործության տեսակը, այլ հիմք է ընդունում հանցագործության կատարման համար անհատապես անձի նկատմամբ նշանակված պատժատեսակը և պատժաժամկետը: Ավելին` ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտված անձի նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի կատարման վաղեմության ժամկետը հավասարեցվում է նրա նկատմամբ նշանակված պատժի ժամանակահատվածին: Այլ կերպ, ներկայումս գործող իրավակարգավորումը չի որոշակիացնում և հստակ չի սահմանում քննարկվող ինստիտուտի գործադրման համար անհրաժեշտ վաղեմության ժամկետները, ի տարբերություն նախկին իրավակարգավորման, որը դրանք կապում էր բացառապես հանցատեսակի հետ:
Միաժամանակ, անդրադառնալով քննարկվող ինստիտուտի շրջանակում վաղեմության ժամկետի ընթացքի կասեցման առանձնահատկություններին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի տրամաբանությունը կայանում է նրանում, որ դատապարտյալի կողմից հիմնական պատիժը կրելուց խուսափելու դեպքում, մեղադրական դատավճռի կատարման վաղեմության ժամկետի ընթացքը ենթակա է կասեցման մինչև դատապարտյալի ձերբակալման, մեղայականով ներկայանալու կամ խուսափելը դադարեցնելու պահը: Միայն վերոնշյալ պայմանների ի հայտ գալու դեպքում կարող է վերսկսվել դատապարտյալի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի կատարման վաղեմության ժամկետի ընթացքի հաշվարկը` անկախ այն հանգամանքից, թե որքան է տևել անձի կողմից պատիժը կրելուց խուսափելու և վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված լինելու ժամանակահատվածը: Ավելին` կասեցման պարագայում, անձի նկատմամբ նշանակված պատժաժամկետին հավասարեցված վաղեմության ժամկետը երկարաձգվում է նույն պատժաժամկետի մեկ երկրորդի չափով: Այսինքն` գործող իրավակարգավորումը պատիժը կրելուց խուսափող դատապարտյալի համար որդեգրել է առավել խիստ մոտեցում: Բացի այն, որ դատավճռի վաղեմության ժամկետի կատարման ընթացքի համար ամրագրված չեն որոշակի և հստակ ժամկետներ, այլև վերջինի կողմից պատիժը կրելուց խուսափելու դեպքում այն երկարաձգվելու է դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժաչափի մեկ երկրորդով, ընդ որում այն կարող է հոսել միայն պատժի կրումից խուսափող դատապարտյալի ի հայտ գալու պահից սկսած:
Ի տարբերություն գործող իրավակարգավորման վերոշարադրյալ պայմանների, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված կարգի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու պատճառով դատավճռի կատարման վաղեմության ժամկետի կասեցված լինելու պայմաններում, մեղադրական դատավճիռը չէր կարող ի կատար ածվել համապատասխան հանցագործության տեսակով պայմանավորված և որոշակիացված ժամկետի սպառման դեպքում: Այլ կերպ` վաղեմության բացարձակ ժամկետները լրանալու դեպքում, այն է` եթե ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար դատավճիռը կայացնելու պահից անցել է տասը տարի, իսկ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար` քսան տարի, կայացված մեղադրական դատավճիռն ի կատար ածվել չէր կարող:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- 2014 թվականի ապրիլի 4-ին Ա. Վաղարշակյանի նկատմամբ կայացված` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2014 թվականի մարտի 3-ի որոշումը մտել են օրինական ուժի մեջ,
- Դատավճռի կատարման ընթացքում պարզվել է, որ դատապարտյալ Ա. Վաղարշակյանը բացակայում է բնակության վայրից, և Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում,
- Ա. Վաղարշակյանը հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում և 2023 թվականի մարտի 30-ից գտնվել է արգելանքի տակ:
- 2024 թվականի փետրվարի 13-ին Ա. Վաղարշակյանը տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և 2024 թվականի մարտի 1-ից պատիժ է կրում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում(4),
___________________
4) Տե՛ս սույն որոշման 3.1.-րդ կետը:
- 2024 թվականի փետրվարի 19-ին պաշտպան Վ. Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով Ա. Վաղարշակյանին պատժից ազատելու վերաբերյալ,
- Առաջին ատյանի դատարանը, Ա. Վաղարշակյանին մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով պատժից ազատելու մասին միջնորդությունը մերժել է` իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդրի կողմից նախատեսվել են ավելի վատթարացնող պայմաններ` այն դատապարտյալների համար, ովքեր խուսափել են պատժի կրումից և ի կատար չածված մեղադրական դատավճռով նշանակված պատժի ժամկետին հավասար ժամանակահատվածը երկարաձգվել է դրա մեկ երկրորդի չափով: Նման պայմաններում հիմնական պատժի կրումից խուսափող դատապարտյալի նկատմամբ վաղեմության ժամկետի ընթացքը վերսկսվում է նրան ձերբակալելու պահից: Այսինքն, դատապարտյալ Ա. Վաղարշակյանի պատժի կրումից խուսափելու պատճառաբանությամբ մեղադրական դատավճռով վաղեմության ժամկետը կասեցվել է, և սույն դեպքում 5 տարի 6 ամիսը չի հաշվվել, իսկ դատավճռի վաղեմության ժամկետները վերսկսվել են դատապարտյալ Ա. Վաղարշակյանին հայտնաբերելու օրվանից(5),
___________________
5) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը
- Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ քննարկելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված նորմի` հետադարձ ուժով կիրառելիության հարցը, փաստել է, որ այն, ի տարբերություն նույն հարաբերությունները կարգավորող` Ա. Վաղարշակյանի կողմից արարքը կատարելու և դատավճիռը կայացնելու պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի, ավելի բարենպաստ է դատապարտյալի համար, ավելին, դրանով նախատեսված պայմաններում Ա. Վաղարշակյանն անվերապահ կերպով ազատվում է պատժից: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած դատավճռով 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով նշանակված պատիժը դատապարտյալ Ա. Վաղարշակյանի կողմից կրելուց խուսափելու և վաղեմության ժամկետի ընթացքը կասեցված լինելու պայմաններում, դատավճռի կատարման վաղեմության բացարձակ ժամկետը լրացել է 2022 թվականի հուլիսի 4-ին` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ ժամկետը չի ընդհատվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ դատապարտյալ Ա. Վաղարշակյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցել է, այսինքն առկա է քննարկվող կառուցակարգով նրան պատժից ազատելու հիմք(6):
______________________
6) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները դիտարկելով սույն որոշմամբ մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված նորմի` հետադարձ ուժով կիրառելիության և դատապարտյալի համար ավելի բարենպաստ լինելու վերաբերյալ, չի կարող հիմնավոր համարվել` իրավակարգավորման սխալ մեկնաբանման պատճառաբանությամբ:
Այսպես` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ա. Վաղարշակյանը շուրջ 10 տարի խուսափել է իր նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների համար (որոնք իրենց բնույթով հանդիսանում են ծանր հանցագործություններ) օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կրումից, ինչի արդյունքում վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի ի կատար ածման վաղեմության ժամկետը եղել է կասեցված:
Տվյալ դեպքում, որպես ելակետ ընդունելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ սույն որոշմամբ կատարված վերլուծությունները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործող իրավակարգավորման պայմաններում, երբ դատապարտյալը խուսափում է իր նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատիժը կրելուց, տվյալ մեղադրական դատավճռի ի կատար ածման վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է` երկարաձգվելով վերջինիս պատժաժամկետի մեկ երկրորդի չափով և ենթակա չէ վերսկսման մինչև դատապարտյալի ի հայտ գալը: Այսինքն, կասեցված վաղեմության ժամկետի պայմաններում, նախատեսված չեն օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումը բացառող բացարձակ ժամկետներ, ավելին` վաղեմության կասեցված ժամկետի վերսկսման դեպքում այն երկարաձգվում է` փաստացի վատթարացնելով պատժից խուսափող դատապարտյալի վիճակը: Մինչդեռ նախկին իրավակարգավորումը կասեցված վաղեմության ժամկետի դեպքում բացառում է մեղադրական դատավճռի կատարումը, երբ անցել են պատժատեսակով պայմանավորված և բացարձակ համարվող հստակ ժամկետները` անկախ դատապարտյալի ի հայտ գալու հանգամանքից:
Վերոշարադրյալից բխում է, որ սույն դեպքում Ա. Վաղարշակյանի կողմից հանցանքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքով մեղադրական դատավճռի կատարումը բացառող` ծանր հանցագործության համար սահմանված բացարձակ ժամկետը կազմում էր 20 տարի: Մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի տրամաբանությունից բխում է, որ Ա. Վաղարշակյանի նկատմամբ քննարկված վաղեմության ժամկետը բացառող որոշակիացված ժամկետը բացակայում է, ավելին, նրա նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված 5 տարի 6 ամիսը կրելուց խուսափելու պատճառով մեղադրական դատավճռի կատարման վաղեմության ժամկետը երկարաձգվում է ևս 2 տարի 9 ամսով, որն Ա. Վաղարշակյանի հետախուզման մեջ գտնվելու ընթացքում փաստացի չի հոսել:
Ա. Վաղարշակյանի կողմից պատժի կրումից խուսափելը փաստացի դադարեցվել է 2023 թվականի մարտի 30-ից` նրան արգելանքի վերցնելու պահից, որպիսի պայմաններում մեղադրական դատավճռի կատարման վաղեմության ժամկետը, որը, ըստ գործող իրավակարգավորումների կազմում է 8 տարի 3 ամիս` վերսկսել է նրան արգելանքի տակ վերցնելու վերոնշյալ պահից:
18. Հիմք ընդունելով նախորդ կետում կատարված իրավական վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ հետևության, առ այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասով օրենսդրի կողմից նախատեսվել են ավելի վատթարացնող պայմաններ այն դատապարտյալների համար, ովքեր խուսափել են պատժի կրումից, քանի որ կասեցված վաղեմության ժամկետը կարող է վերսկսվել միայն դատապարտյալի հայտնաբերման պահից և այն երկարաձգվում է ի կատար չածված մեղադրական դատավճռով նշանակված պատժի ժամկետի մեկ երկրորդի չափով:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ դատապարտյալ Ա. Վաղարշակյանը ենթակա է ազատման իր նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժի հետագա կրումից` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի իրավակարգավորումների կիրառմամբ, հիմնավոր չէ:
19. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում բողոքաբերի` սույն որոշման 7.2-րդ կետում մատնանշված այն փաստարկին, որ մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատժից ազատելու իրավակարգավորումները դիտարկվում են որպես անձի վիճակն այլ կերպ բարելավող, քանզի, ինչպես բխում է սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, վաղեմության ժամկետների կասեցման մասով կատարված օրենսդրական փոփոխությունները վատթարացնում են անձի վիճակը:
i
20. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, դատապարտյալ Ա. Վաղարշակյանին մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով դատավճռով նշանակված պատժի հետագա կրումից ազատելու հարցը որոշելիս, թույլ է տվել նյութական օրենքի խախտում, այն է` կիրառել է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը, որը սույն վարույթով ենթակա էր կիրառման, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի դատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալ Ա. Վաղարշակյանին մեղադրական դատավճռի վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով դատավճռով նշանակված պատժի հետագա կրումից ազատելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է և հիմնավորված, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածի իրավակարգավորումների կիրառմամբ դատապարտյալի պաշտպանի միջնորդությունը քննության առնելով` Առաջին ատյանի դատարանը պահպանել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջները, ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմանը:
Ելնելով վերոգրյալից ու ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, 385-րդ ու 387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Դատապարտյալ Արայիկ Ժորժիկի Վաղարշակյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2024 թվականի օգոստոսի 27-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Հ. Գրիգորյան
Լ. Թադևոսյան
https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/2961