29.12.2025 -
040.1307.031103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(4-րդ մաս)
6. ՕԴԱՆԱՎԸ
89. Օդանավերի անվտանգության ապահովման համար պատասխանատու են օդանավ շահագործողները, իսկ օդանավակայանների հատուկ վերահսկելի մուտքի գոտիներում կայանած այն օդանավերը, որոնց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության այլընտրանքային միջոցառումներ, պետք է առանձնացված լինեն այն օդանավերից, որոնց նկատմամբ կիրառվում են ընդհանրական կանոնները, որպեսզի պահպանվեն այդ օդանավերի և դրանց ուղևորների, ուղեբեռի, բեռի և փոստի նկատմամբ կիրառվող ավիացիոն անվտանգության պահանջները:
(89-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
90. Մինչ մեկնումը` օդանավերը պետք է ենթարկվեն զննման` ապահովելու համար, որ օդանավում չկան արգելված առարկաներ: Այն ժամանակահատվածում, երբ օդանավը չի շահագործվում և չի սպասարկվում, օդանավի դռները պետք է լինեն փակված, իսկ ուղևորների նստեցման համար նախատեսված սարքավորումները (էլեկտրական սանդուղքներ, շարժասանդուղքներ և այլն)` հեռացված, և պետք է ապահովվի բոլոր օդանավերի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից:
(90-րդ կետը փոփ. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
91. Օդանավը մշտապես պետք է գտնվի օդանավի անձնակազմի, ինժեներատեխնիկական ծառայության ներկայացուցիչների կամ ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո:
Օդանավերը տեղակայվում են կառամատույցի առանձնացված հատվածում օդանավերի կայանման համար նախատեսված կայանատեղիում: Օդանավերի կայանատեղիները կահավորվում են օդանավերի սպասարկման, դիմավորման/ճանապարհման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, գծանշումներով, լուսավորության և հրդեհաշիջման միջոցներով:
Օդանավերը մշտապես պետք է հսկվեն`
1) թռիչքային անձնակազմի կողմից, երբ օդանավը կատարում է կարճատև թռիչքներ, ժամանման օդանավակայանում մինչև 2 ժամ կանգառների, ինչպես նաև աերոդրոմից դուրս հարկադիր վայրէջքների դեպքերում.
2) օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական անձնակազմի կողմից օդանավի տեխնիկական սպասարկման (վերանորոգման) կամ աերոդրոմում ավելի քան 2 ժամ տևողությամբ կանգառների դեպքերում.
3) օդանավակայանների կամ օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից` աերոդրոմում օդանավերի կայանման ժամանակ, երբ օդանավերի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման կամ վերանորոգման աշխատանքներ, և այն դեպքերում, երբ օդանավը հանձնված է պահպանության:
Օդանավերի կայանատեղի և օդանավ մուտքի իրավունք ունեն միայն օդանավակայանի կամ օդանավ շահագործողի անձնակազմերի անդամները ծառայողական պարտականությունների կատարման նպատակով:
(91-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
91.1. Օդանավերի պահպանության ընդունման-հանձնման կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ հաստատված կարգով:
(91.1-րդ կետը լրաց. 13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
92. Օդանավի թռիչքի նախապատրաստման ժամանակ` թռիչքից առաջ պետք է կատարվի օդանավի նախաթռիչքային զննում` նպատակ ունենալով բացահայտել օդանավում կողմնակի անձանց, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի ու այլ վտանգավոր իրերի և առարկաների առկայությունը, որոնք կարող են օգտագործվել օդանավի նկատմամբ անօրինական միջամտության ակտերի իրականացման համար: Օդանավերի նախաթռիչքային զննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ին «Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշմամբ սահմանված կարգով: Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման:
(92-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)
92.1. Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը մինչև թռիչքին անցնելը պետք է ենթարկվեն նախաթռիչքային ստուգման անվտանգության նպատակով` տվյալ օդանավի անձնակազմի կողմից: Անհրաժեշտության դեպքում` օդանավի հրամանատարի որոշմամբ օդանավի արտաքին և ներքին լիակատար և մանրակրկիտ զննման (այսուհետ` օդանավի զննում անվտանգության նպատակով կամ օդանավի զննում) աշխատանքները կարող են իրականացվել օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից հաստատված կանոնների համաձայն`
1) Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գտնվող օտարերկրյա օդանավերի անվտանգության նպատակով ստուգումն իրականացվում է տվյալ օդանավերի անձնակազմերի կողմից, որի վերաբերյալ գրառում է կատարվում օդանավի մատյանում: Անհրաժեշտության դեպքում` օտարերկրյա օդանավի հրամանատարի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների կողմից կարող են իրականացվել օդանավի զննման աշխատանքներ: Զննման ավարտից հետո կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված N 10 ձևի «Օդանավի զննման» արձանագրություն երեք օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է օդանավի անձնակազմին, երկրորդը` օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչին, երրորդ օրինակը` ավիացիոն անվտանգության ծառայությանը: Արձանագրությունները պետք է պահպանվեն առնվազն 24 ժամվա ընթացքում կամ տվյալ ուղղությամբ օդանավի թռիչքի ամբողջ տևողության ընթացքում, եթե այն գերազանցում է 24 ժամը:
(92.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 10.07.2025 թիվ 942-Ն որոշումներ)
92.2. Օտարերկրյա պետությունների օդանավերի զննումներն իրականացվում են տվյալ օդանավի թռիչքային անձնակազմի կողմից: Օտարերկրյա պետությունների օդանավերի զննման ընթացակարգերի ուսումնասիրման նպատակով լիազոր մարմնի կողմից կարող են իրականացվել որակի հսկողության միջոցառումներ:
(92.2-րդ կետը փոփ. 28.06.07 թիվ 763-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
92.3. Տրանզիտ կանգառներ իրականացրած օտարերկրյա օդանավերի անձնակազմերի կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում լիազոր մարմինը:
(92.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
93. Օդանավակայանում օդանավի վերջին կանգառի ժամանակ այն հանձնվում է օդանավակայանի կամ շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայություն` պահպանության` համապատասխան գրանցում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:
94. Օդանավն անձնակազմին հանձնվում է միայն անձնակազմի անդամի ներկայությամբ, որն ընդունում է օդանավը` ընդունման մասին գրառում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:
95. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է դառնալ անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ, ապա`
ա) դրա մասին տեղեկացվում է շահագործողին, ազգային անվտանգության և ոստիկանության մարմիններին.
բ) կատարվում է օդանավի զննում.
գ) իրականացվում է օդանավի կայանատեղի ուժեղացված պահպանություն, ձեռնարկվում են հետևյալ լրացուցիչ միջոցները`
փակվում և կնքվում են օդանավի մուտքի դռները, բեռնային և վթարային մուտքերի դռնակները,
օդանավերի վրա տեղադրվում են հատուկ հակաառևանգման փակվող սարքեր,
իրականացվում է օդանավի պահպանություն` ավիացիոն անվտանգության ծառայության պահակակետերի կամ պարեկային կարգախմբի միջոցով:
96. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է ենթարկվել հարձակման` գետնի վրա, ապա`
ա) դրա մասին հնարավորինս շուտ տեղեկացվում է օդանավակայանի իրավասու մարմիններին.
բ) ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` օդանավի անվտանգության ապահովման համար` համաձայն օդանավակայաններում արտակարգ իրավիճակներում գործող պլանների:
7. ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ
97. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող պահպանության ենթակա աերոնավիգացիոն կարևորագույն միջոցների և օբյեկտների պահպանության իրականացման կարգը և պայմանները պետք է մանրամասն նկարագրվեն աերոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում և հաստատվեն լիազոր մարմնի կողմից:
(97-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
98. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների տարածքներում և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող նավիգացիոն սարքավորումները և օբյեկտները պետք է մշտապես գտնվեն պահպանության ներքո:
(98-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
99. Աերոնավիգացիոն օբյեկտների պահպանությունը պետք է իրականացվի աերոնավիգացիոն ծառայություններ մատուցող կազմակերպության ավիացիոն անվտանգության ծառայության կողմից` օդային երթևեկության կառավարման կենտրոններ մուտք գործող անձանց զննման, իսկ աերոնավիգացիոն կարևորագույն միջոցները և օբյեկտները` ֆիզիկական պահպանության, պահպանության ազդանշանային և տեսահսկման համակարգերի կիրառման միջոցով:
(99-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
100. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում պահպանության են ենթակա հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`
1) օդային երթևեկության կառավարման համակարգը.
2) «Երևան» օդային երթևեկության կառավարման կենտրոնը.
3) «Երևան» աերոդրոմային կարգավարական կետը.
4) կուրսային ռադիոփարոսը.
5) գլիսադային և հեռաչափ ռադիոփարոսները.
6) քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնաշենքը:
(100-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
101. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս, այդ թվում` «Շիրակ» օդանավակայանի տարածքում գտնվող և Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքներում գտնվող պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցների և օբյեկտների պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդային երթևեկության սպասարկում իրականացնող ընկերության ուժերով` ֆիզիկական պահպանության, պահպանության ազդանշանային համակարգերի և տեսահսկման համակարգերի միջոցով`
1) պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցները և օբյեկտներն են`
ա. «ՄՌ-11ԱԱ» մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը,
բ. «Անդրանիկ» վերահաղորդիչ կայանը,
գ. «Ոսկեհատ» վերահաղորդիչ կայանը,
դ. «Մռավյան» վերահաղորդիչ կայանը:
(101-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
102. «Շիրակ» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո գտնվում են հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`
1) մոտակա առբերող (DVOR/DME) նավիգացիոն համակարգը.
2) «Գյումրի» աերոդրոմային կարգավարական կետը.
3) կուրսային ռադիոփարոսը.
4) գլիսադային և հեռաչափ ռադիոփարոսները:
(102-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
8. ՓՈՔՐ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
(8-րդ բաժինը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
102.1. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն և անվտանգ գործունեության իրականացման նպատակով օդանավակայանի կառավարիչները կամ սեփականատերերը, ինչպես նաև օդանավ շահագործողները և օդանավերի սեփականատերերը պետք է ապահովեն ավիացիոն անվտանգության հետևյալ միջոցառումները`
1) մշակեն և լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնեն օդանավակայանի և (կամ) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրերը, այդ թվում մինչև 5700 կգ քաշ ունեցող օդանավ շահագործողները.
2) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում` կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, թռիչքադաշտերի տարածքներում կազմակերպեն և իրականացնեն օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանություն.
3) փոքր ավիացիայի օդանավակայաններում, այդ թվում` կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներում, լիազոր մարմնի կողմից ճանաչված օդանավերի թռիչք/վայրէջքի հարթակներում և ուղղաթիռային հարթակներում դրանց սեփականատերերի կամ կառավարիչների կողմից ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով պետք է իրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ` կազմակերպվի տարածքի պահպանություն, պարսպապատում, տեսահսկում, պարեկում, անցագրային վերահսկողության համակարգի ներդրում և մուտքն արգելող նշանների տեղադրում.
4) փոքր ավիացիայի օդանավերով, այդ թվում` մասնավոր օդանավերով կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներից, թռիչք/վայրէջքի հարթակներից և ուղղաթիռային հարթակներից թռիչքների իրականացման դեպքերում` օդանավի/ուղղաթիռի նախաթռիչքային զննման և այդ օդանավերով փոխադրվող ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են աերոդրոմների, թռիչք/վայրէջքի հարթակների և ուղղաթիռային հարթակների սեփականատերերի կամ կառավարիչների ուժերով և միջոցներով, իսկ զննման տեխնիկական միջոցների և զննման մասնագետների բացակայության դեպքում` օդանավի/ուղղաթիռի, ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի (բեռների, փոստի) նախաթռիչքային զննման աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են անմիջապես օդանավի/ուղղաթիռի հրամանատարի կողմից կամ նրա որոշմամբ` օդանավի անձնակազմի անդամի կողմից, իսկ զննման արդյունքների մասին տվյալները մինչև օդանավի/ուղղաթիռի թռիչքը` լրացվում են օդանավի/ուղղաթիռի գրանցամատյանում և զննման թերթիկում: Զննման թերթիկը լրացվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը հանձնվում է աերոդրոմների, թռիչք/վայրէջքի հարթակների և ուղղաթիռադաշտերի վերգետնյա սպասարկում իրականացնող աշխատողին, իսկ երկրորդ օրինակը մնում է օդանավի/ուղղաթիռի հրամանատարի մոտ`
ա. փոքր ավիացիայի օդանավերի օդաչուները, այդ թվում` ուղղաթիռների և մասնավոր օդանավերի օդաչուները Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 23.01.2025 թ. N 04-Ն հրամանով սահմանված կարգով պետք է անցնեն ուսուցում զննման ընթացակարգերին տիրապետման մասով և սերտիֆիկացվեն լիազոր մարմնի կողմից.
5) փոքր օդանավակայաններում տարածքի, օդանավերի, ավիացիոն գործունեության համար անհրաժեշտ շենքերի, շինությունների, ենթակառուցվածքների, պահեստարանների, այդ թվում` վառելիքաքսուքային նյութերի պահեստների պահպանության նպատակով կառավարիչների կամ սեփականատերերի կողմից ավիացիոն անվտանգության (պահպանության) խմբի ստեղծում, զննման խմբի ստեղծում, կադրերի հավաքագրում և նրանց ավիացիոն անվտանգության ուսուցման կազմակերպում, անհրաժեշտ գույքի և զննման սարքավորումների ձեռքբերում ու տեղադրում (հնարավորության սահմաններում` առնվազն ձեռքի մետաղափնտրիչ).
6) մշակեն արտակարգ իրավիճակներում գործելու միջոցառումների պլաններ (վթարափրկարարական աշխատանքների և անօրինական միջամտության ակտերի դեպքում կանխման ու հակազդման) և ներկայացնեն լիազոր մարմնի հաստատմանը.
7) ապահովեն օդանավերի թռիչքների կամ վայրէջքների իրականացման ժամանակ հակահրդեհային անվտանգության միջոցառումները (պայմանագրային հիմունքներով մոտակա հրշեջ-փրկարարական ծառայության միջոցով):
(102.1-ին կետը փոփ.13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
(97-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
102.1.1. Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի բնականոն և անվտանգ գործունեության ապահովման նպատակով ավիացիոն անվտանգության միջոցառումների կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(102.1.1-ին կետը լրաց.13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
102.1.2. Ազգային ծրագրի 102.1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն օդանավակայանի կառավարիչները կամ սեփականատերերը, ինչպես նաև օդանավ շահագործողները և օդանավերի սեփականատերերը ավիացիոն անվտանգության ծրագրի` հաստատման (նոր խմբագրությամբ) կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով համապատասխան ծրագրին կից լիազոր մարմին են ներկայացնում նաև օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Ազգային ծրագրով նախատեսված` պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը դրա մասին գրավոր տեղեկացնում է օդանավակայանի կառավարչին կամ սեփականատիրոջը կամ օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը` համապատասխան ծրագիրը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում` առաջարկելով տեղեկացումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին ներկայացնել պետական տուրքի վճարման անդորրագիրը: Սույն կետով նախատեսված ժամկետում պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում լիազոր մարմինը մերժում է օդանավակայանի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ օդանավ շահագործողի և օդանավի սեփականատիրոջ կողմից ներկայացված ծրագրի հաստատումը` դրա մասին 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտնելով վերջիններիս:
(102.1.1-ին կետը լրաց. 06.03.2025 թիվ 250-Ն որոշում)
9. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼԻՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
(9-րդ բաժինը լրաց. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
102.2. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ տարվող բոլոր ապրանքները (օրինակ` անմաքս առևտրի խանութներում վաճառվող ապրանքները, լրագրերը), որոնք նախատեսված են այդ գոտիներում կամ օդանավերում վաճառելու կամ տարածելու համար, ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` այդ գոտիներ որևէ արգելված առարկայի ներկրումը կանխելու համար:
102.3. Օդանավակայանների վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում վաճառվելուց կամ առաքվելուց առաջ ապրանքները պետք է`
ա) զննվեն և ներկրվեն անվտանգության սահմանափակ գոտի որպես հայտնի պաշարներ` հայտնի մատակարարողների կողմից,
բ) զննվեն և ներկրվեն որպես ոչ հայտնի պաշարներ:
102.4. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների անմաքս առևտրի խանութներ ապրանքներ մատակարարող կազմակերպություններին հայտնի մատակարար է ճանաչում լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
(102.4-րդ կետը փոփ. 12.06.14 թիվ 608-Ն որոշում)
102.5. Հայտնի մատակարարողը պետք է`
ա) նշանակի մեկ կամ ավելի անձանց, որոնք պատասխանատու կլինեն ընկերությունում պահանջվող անվտանգության հսկողության իրականացման, կիրառման և վերահսկման համար,
բ) պաշտպանի անօրինական միջամտությունից բեռների պաշարների պատրաստման, հավաքման և ուղարկման ժամանակ,
գ) կանխի անօրինական մուտքն իրենց օբյեկտների կամ պահեստարանների տարածքներ,
դ) ապահովի, եթե ընկերությունը գտնվում է օդանավակայանից դուրս, որպեսզի բոլոր պաշարներն օդանավակայան տեղափոխվեն կողպված կամ կնքված ավտոմեքենաներով,
5) ապահովի, որպեսզի պաշարների մշակումը և գործածումը կատարվի պատշաճ կերպով հավաքագրված և վարժված աշխատողների կողմից:
102.6. Օդանավակայանի գործադիր մարմինը պետք է ստուգի հայտնի մատակարարողների կողմից անվտանգության միջոցառումների կատարումն առնվազն յուրաքանչյուր տարին մեկ անգամ, անմիջականորեն կամ լիազոր մարմնի միջոցով:
10. ԿԻԲԵՐՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
(10-րդ բաժինը լրաց. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)
102.7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի օգտագործվող տեղեկատվական տեխնոլոգիաները և ծրագրային համակարգերը քաղաքացիական ավիացիայի արդյունավետ կառավարման, ավիացիոն անվտանգության ապահովման և անխափան արտադրական գործունեության ապահովման անբաժանելի մասն են կազմում:
102.8. Քաղաքացիական ավիացիայի արդյունավետ, անվտանգ և հուսալի շահագործումը մեծապես կախված է ավիացիոն տեղեկատվական համակարգերի անվտանգությունից և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող տվյալների փոխանցման ուղիների պաշտպանությունից: Կիբերհանցագործությունների պայմաններում ավիացիոն համակարգերի անվտանգությունն ու հուսալիությունն ապահովվում են` հաշվի առնելով ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա սահմանված և քաղաքացիական ավիացիայի ոլորտում օգտագործվող կարևորագույն ծրագրային, տեղեկատվական, հաղորդակցման և տվյալների փոխանցման համակարգերի գաղտնիության, ամբողջականության և հասանելիության պաշտպանության միջոցները:
102.9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում տեղեկատվական համակարգը համարվում է հույժ կարևորության, եթե այն պարունակում է, կամ այդ համակարգում օգտագործվում են գաղտնի կամ անձնական տվյալներ և (կամ) ակտիվներ, կամ առանց դրանց անհնար է անվտանգ թռիչքների իրականացումը և ավիացիոն գործունեության կազմակերպումը: Բոլոր հույժ կարևորության տեղեկատվական համակարգերը պետք է դասակարգվեն որակի հսկողության միջոցառումների արդյունքների հիման վրա:
102.10. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները` օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները, կապի, վերգետնյա սպասարկումներ, օդանավերի տեխնիկական սպասարկումներ, հեռակառավարվող թռչող սարքերի ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է ունենան լրացուցիչ ծրագրային ապահովում և սարքավորումներ` հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերի և դրանց տվյալների պաշտպանության համար:
102.11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգեր են հանդիսանում`
1) այն համակարգերն ու տվյալները, որոնք սահմանվել են հույժ կարևորություն ունեցող` թռիչքների անվտանգության տեսանկյունից, դրանք են`
ա. օդային երթևեկության կառավարման համակարգերը,
բ. թռիչքների հսկողության համակարգերը,
գ. կապը, օդային երթևեկության սպասարկումը և օդանավի թռիչքների անվտանգության բորտային համակարգերը,
դ. հրամանատարական, վերահսկողական համակարգերը և օդանավերի մեկնման աշխատանքներն ապահովող համակարգերը.
2) ավիացիոն անվտանգության տեսանկյունից հույժ կարևորություն ունեցող տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալները`
ա. զննման կամ պայթուցիկ նյութեր հայտնաբերող համակարգերը,
բ. ուղևորների ուղեբեռի պատկանելությունը սահմանող համակարգերը,
գ. տեսահսկման համակարգերը,
դ. մուտքերի հսկման և պահպանության ազդանշանային համակարգերը,
ե. անցագրերի տվյալների բազաները.
3) ընթացակարգերի պարզեցման տեսանկյունից հույժ կարևորության տեղեկատվության համակարգերին դասված համակարգերն ու տվյալներ են`
ա. օդանավ շահագործողների կողմից օգտագործվող ուղևորների ամրագրման և հաշվառման համակարգերը, հաշվառված ուղևորների ցուցակները,
բ. ուղեբեռի մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,
գ. բեռների մշակման (բեռնման/բեռնաթափման) և դրանց վերահսկման համակարգերը,
դ. սահմանային և մաքսային հսկողության համակարգերը,
ե. թռիչքների վերաբերյալ հանրային տեղեկատվության տրամադրման համակարգերը:
102.12. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունները (օդանավակայանները, օդանավ շահագործողները, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունները և այլն) հույժ կարևոր տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտպանության ստորաբաժանման միջոցով` համագործակցելով քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի և պետական կառավարման այլ մարմինների համապատասխան ստորաբաժանումների հետ:
102.13. Հույժ կարևոր տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների կողմից տրամադրվում է միայն այն անձանց, որոնց այն անհրաժեշտ է ծառայողական պարտականություններից ելնելով:
102.14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպություններն անօրինական մուտքերից և կիբերվտանգներից տեղեկատվության պաշտպանությունը կազմակերպում են ռիսկերի գնահատման արդյունքների հիման վրա, որն իրականացվում է յուրաքանչյուր հույժ կարևորություն ունեցող ավիացիոն համակարգի համար ընդհանուր սպառնալիքների, հարձակման միջոցների, հայտնի խոցելի տեղամասերի գնահատման և վերլուծության արդյունքներով:
102.15. Սպառնալիքների գնահատման միջոցառումներն իրականացվում են լիազոր մարմնի, օդանավակայանների, օդանավ շահագործողների, օդային երթևեկության կառավարում իրականացնող ծառայությունների և այլ ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից:
102.16. Ավիացիոն անվտանգության մշակույթը` ավիացիոն անվտանգության հետ կապված նորմերի, արժեքների, համոզմունքների և մոտեցումների շարք է, որը բնորոշ է քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների ամենօրյա գործունեությանը և դրսևորվում է նրանց անձնակազմի անդամների գործողություններում և վարքագծում:
(102.16-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
102.17. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության մշակույթի ներդրման նպատակն է ամրապնդել ավիացիոն անվտանգությունը, բարելավել քաղաքացիական ավիացիայի համակարգի ավիացիոն անվտանգության արդյունավետությունն ու ապահովել ռիսկերի նվազեցումը:
(102.17-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
102.18. Ավիացիոն անվտանգության մշակույթի բաղկացուցիչ մաս են կազմում հետևյալ գործոնները, որոնք պետք է ապահովվեն կազմակերպությունների կողմից իրենց առօրյա գործունեության ընթացքում`
1) ավիացիոն անվտանգության գոյություն ունեցող և հնարավոր ռիսկերի առնչությամբ բոլոր աշխատակիցների իրազեկվածությունն ու զգոնությունը, ինչպես նաև տեղեկացվածությունը` այդ ռիսկերի հայտնաբերման, վերացման և նվազեցման գործընթացում նրանց հատկացված դերի, ավիացիոն անվտանգության միջոցառումներին աջակցության և դրանց խթանման հարցերում.
2) աշխատողների ծանոթացումն ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտի նորմերին, ընթացակարգերին և արձագանքման մեխանիզմներին (օրինակ` ում զանգահարել, եթե կասկածելի գործունեություն է տեղի ունենում), նրանց կանոնավոր մասնակցությունը գործընկերների և աշխատակիցների հետ ավիացիոն անվտանգության հարցերի քննարկումներին.
3) ավիացիոն անվտանգության միջոցառումների շարունակական ապահովման նկատմամբ վերահսկողության սահմանումը, նույնիսկ արտակարգ իրավիճակների պայմաններում.
4) անվտանգության միջադեպերի դեպքում աշխատակիցների կողմից պատասխանատվություն ստանձնելու, իրավիճակի զարգացումը կանխատեսելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունը խրախուսելը.
5) ավիացիոն անվտանգությանը վերաբերող միջադեպերի կամ այլ կասկածելի գործողությունների մասին աշխատակիցների կողմից անմիջապես զեկուցելը.
6) ավիացիոն անվտանգության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ընթացակարգի պահպանումն աշխատակիցների կողմից.
7) ավիացիոն անվտանգության հետ կապված միջադեպերի ժամանակին վերլուծումն ու հաշվետվությունների կազմումը, անհրաժեշտության դեպքում ուղղիչ և կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկումը.
8) ավիացիոն անվտանգության սպառնալիքների առաջացման դեպքերում սահմանված կարգով համապատասխան միջամտությունը և պատասխան գործողությունները.
9) անձնակազմի ուսուցումը և կարողությունների զարգացումն ավիացիոն անվտանգության ոլորտում` հիմնվելով կարիքների գնահատման արդյունքների վրա:
(102.18-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
102.19. Ավիացիոն անվտանգության գծով գործառույթներ իրականացնող բոլոր կազմակերպությունները, ներառյալ նրանք, որոնց հիմնական գործունեությունն անմիջականորեն կապված չէ ավիացիոն անվտանգության ապահովման հետ, պետք է`
1) սահմանեն ավիացիոն անվտանգության համակարգի ընդունելի չափորոշիչները որպես կազմակերպության հիմնական նպատակներից մեկը.
2) ավիացիոն անվտանգության մշակույթի հայեցակարգը ներառեն կազմակերպության ավիացիոն անվտանգության ծրագրում` այն դարձնելով ընկերության ավիացիոն անվտանգության անբաժանելի մասը.
3) կազմակերպության գործունեության և ամենօրյա աշխատանքներում հաշվի առնեն անվտանգության մշակույթի հետ կապված խնդիրները:
(102.19-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
102.20. Լիազոր մարմինը պետք է ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության միջոցառումներում ներառի նաև քաղաքացիական ավիացիայի համակարգում ավիացիոն անվտանգության մշակույթին վերաբերող միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողությունը և դրանց արդյունավետության գնահատումը:
(102.20-րդ կետը լրաց. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
11. ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՑ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(11-րդ գլուխը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
102.21. Քաղաքացիական ավիացիայի համակարգի գործունեության արդյունավետ և հուսալի շահագործման համար կարևոր նշանակություն ունեն անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումների սահմանումը և իրականացումը:
102.22. Անօդաչու թռչող սարքերից քաղաքացիական ավիացիայի ենթակառուցվածքների պաշտպանության միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Կոմիտեն:
102.23. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարիչները, օդանավ շահագործողները և օդային երթևեկության կառավարման մարմինները պետք է մշակեն և Կոմիտեի հաստատմանը ներկայացնեն անօդաչու թռչող սարքերի շահագործման հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակների կառավարման պլանները:
VII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
1. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
103. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մեկնող բոլոր ուղևորները` այդ թվում տարանցիկ և տրանսֆեր ուղևորները, նրանց ձեռքի իրերը և գրանցված ողջ ուղեբեռը ենթակա են զննման մինչ օդանավ բարձվելը` արգելված առարկաների փոխադրումը հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավ կանխելու համար: Օդանավով փոխադրվող գրանցված ուղեբեռը պետք է պաշտպանված լինի անօրինական միջամտությունից սկսած այն կետից, որտեղ այն զննվել է մինչ տվյալ ուղեբեռը փոխադրող օդանավի մեկնելը: Գրանցված ուղեբեռի յուրաքանչյուր կտոր պետք է որոշարկվի որպես ուղեկցվող ուղեբեռ կամ չուղեկցվող ուղեբեռ: Չուղեկցվող ուղեբեռը ենթակա չէ փոխադրման, բացառությամբ այն դեպքերի, եթե այն ուղևորից առանձնացվել է առանց վերջինիս դիտավորության կամ ենթարկվել է ավիացիոն անվտանգության համապատասխան հսկողության միջոցառումների: Օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության` զննման ընթացակարգերի կիրառումը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր:
(103-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն, 26.11.09 թիվ 1371-Ն, 14.05.2020 թիվ 764-Ն, 18.12.2025 թիվ 1900-Ն որոշումներ)
103.1. Բոլոր չվերթների ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու գրանցման ժամանակ օդանավակայանների ուղևորային փոխադրումների ծառայությունների կողմից լրացվում է ուղևորային և բեռնային մանիֆեստ, որում նշվում են ուղևորի անունը, ազգանունը, սեռը, անձնագրի, փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կամ քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի տվյալները, ավիատոմսի համարը, ուղևորի կողմից փոխադրման հանձնված ուղեբեռի համարը, քաշը, քանակը, սահմանված անվճար քաշից ավելի ուղեբեռի` վճարման ենթակա քաշը, օդանավի բեռնախցում ուղեբեռների տեղերը, չուղեկցվող ուղեբեռների մասին տվյալները: Գրանցված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների քանակը պետք է համապատասխանի օդանավ նստած և օդանավի բեռնախցիկներ բարձրացված ուղեբեռների քանակին: Այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով և փոխադրվում են այլ չվերթով (փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռներ), զննվում են միևնույն օպերատորի կողմից, միևնույն զննման կետում, երկու անկյան տակ:
(103.1-ին կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)
103.2. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում կարող են կիրառվել ուղեբեռների զննման միաստիճան և բարձրաստիճան համակարգեր: Միաստիճան զննման համակարգի կիրառման դեպքերում ուղեբեռի զննումն իրականացվում է մեկ զննման կետում միևնույն տեսուչի կամ տեսուչների կողմից մեկ զննման սարքավորման միջոցով և զննված ուղեբեռի անվտանգության վերաբերյալ որոշումն ընդունում է զննող տեսուչը:
Օդանավակայանների համապատասխան տեխնիկական հագեցվածության պայմաններում ներդրվում է բազմաստիճան զննման համակարգ, որի կիրառման դեպքում զննման գործընթացի ժամանակ գործում են պայթուցիկ նյութերի և պայթուցիկ սարքերի հայտնաբերման համակարգեր, որոնք տեղադրվում են ուղեբեռի սպասարկման կոնվեյերային գծում (համակարգում) և ամբողջությամբ զննում են յուրաքանչյուր ուղեբեռ: Զննված ուղեբեռի տվյալների վերլուծությունը և համակարգի (մեքենայի) գործողությունները սովորաբար կատարվում են մինչև ուղեբեռն ընթանում է ուղեբեռի կոնվեյերի գծով և չի պահանջում դանդաղեցնել կոնվեյերով ուղեբեռի ընթացքը կամ կանգնեցնել այն զննման ընթացքում:
(103.2-րդ կետը լրաց 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
104. Ավիացիոն անվտանգության հսկողությունից ազատվում են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.
դ) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները.
ե) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները և օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները.
զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:
105. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների 10 տոկոս ընտրական կրկնակի զննում` ձեռքով կամ զննման սարքավորման և պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորման (գազաանալիզատոր) միջոցով` միևնույն օպերատորի կողմից, նույն զննման կետում` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:
(105-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 28.06.07 թիվ 763-Ն որոշումներ)
105.1. Կրկնակի զննում է իրականացվում`
ա) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման մասին տեղեկություն ստանալու դեպքում,
բ) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը,
գ) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորի և նման հսկողություն չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ շփման դեպքում,
դ) շահագործողի ներկայացրած դիմումների դեպքերում:
(105.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
105.2. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումները բացակայում են կամ անսարք են, ապա կարող է իրականացվել ուղևորների անհատական զննում, իսկ նրանց ուղեբեռների զննումը` դրանք բացելու միջոցով: Բացելու միջոցով ուղեբեռների զննում կարող է իրականացվել նաև ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով զննված ձեռքի իրերում օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի, դրանց նմանօրինակների, կասկածելի կամ անճանաչելի առարկաների արտապատկերման դեպքերում:
(105.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)
105.3. Որպես ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառում` ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում կարող է իրականացվել ուղևորների ընտրանքային զննում: Անշարժ մետաղափնտրիչ կամրջակի ահազանգ չառաջացրած ուղևորների առնվազն 10 տոկոսը պետք է զննվի ձեռքի մետաղափնտրիչով: Այս տոկոսները հաշվառվում են անշարժ մետաղափնտրիչ կամրջակով անցնող յուրաքանչյուր 100 ուղևորների համար: Ձեռքի մետաղափնտրիչով զննումները պետք է անցկացվեն շարունակական` պատահական սկզբունքով:
(105.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն, փոփ. 26.11.09 թիվ 1371-Ն որոշումներ)
105.4. ՈՒղևորների հաշվառման, գրանցման կամ սպասարկման այլ ընթացակարգերի անցումից հետո, թռիչքին չներկայանալու, թռիչքից հրաժարվելու, ինչպես նաև ավիացիոն անվտանգության հսկողությունից հրաժարվելու կամ իր ձեռքի իրերը զննման ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում ուղևորին չի թույլատրվում թռիչքի, ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը հանվում է օդանավից, ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև տվյալ չվերթի օդանավի վայրէջքը ժամանման օդանավակայանում, և, ելնելով անվտանգության նկատառումներից, իրականացվում է օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների կրկնակի զննում:
(105.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
105.5. ՈՒղղաթիռադաշտերից կամ ուղղաթիռահրապարակներից ուղղաթիռներով ուղևորների և բեռների առևտրային փոխադրումների իրականացման դեպքերում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև ուղղաթիռի ավիացիոն անվտանգության հսկողությունը (զննումը) իրականացվում է ուղղաթիռի անձնակազմի անդամների կողմից` ուղղաթիռի հրամանատարի հսկողության պայմաններում: Զննման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատվություն է կրում ուղղաթիռի հրամանատարը:
(105.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
105.6. Օդանավակայանների զննման կետերում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անցումից հետո մինչև օդանավ նստեցնելը, ուղևորները պետք է գտնվեն ստերիլ գոտիներում: Ստերիլ գոտիներ մուտքի իրավունք ունեն միայն ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորները, ինչպես նաև այդ գոտիներում ուղևորների սպասարկման և վերահսկողության գործառույթներ իրականացնող ծառայությունների աշխատողները:
(105.6-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
105.7. Որոշակի չվերթների նկատմամբ ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացման խնդրանքով օտարերկրյա պետությունների ավիացիոն իշխանությունների կամ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից լիազոր մարմինը դիմումներ ներկայացվելու դեպքերում ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներն իրականացվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման կողմից` լիազոր մարմնի հսկողության ներքո:
(105.7-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
106. Օդանավակայաններից մեկնող ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է մետաղափնտրիչ կամրջակի, ձեռքի մետաղափնտրիչի, ուղեբեռի զննման ստացիոնար ռենտգենյան սարքավորումների և պայթուցիկ նյութերի խտությունը որոշելու միջոցով հեքսոգեն ու նմանատիպ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերող գազաանալիզատորների միջոցով: Մետաղափնտրիչների, ռենտգենյան սարքավորումների և գազաանալիզատորների օգտագործման կարգը, զննման ենթակա առարկաների սարքավորումների ու իրերի պատկերների պարամետրերը, դրանց չափագրման պայմաններն ու տեխնիկական սպասարկման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
(106-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
107. Օդանավով փոխադրման համար արգելված բոլոր առարկաներն ու իրերը, որոնք հայտնաբերվում են ուղևորի ձեռքի իրերում զննման ընթացքում և չեն թույլատրվում փոխադրման օդանավի ուղևորասրահներում, կարող են ընդունվել փոխադրման ուղևորի ուղեբեռում, եթե դրանք վտանգ չեն ներկայացնում օդանավի համար: Այդպիսի առարկաների և իրերի հետ պետք է վարվել հետևյալ կերպ`
1) նախքան ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի հաշվառումը, այդպիսի առարկաները տեղադրել փոխադրման հանձնվող ուղեբեռում, եթե դրանք օդանավի թռիչքի համար վտանգ չեն ներկայացնում.
2) արգելել դրանց փոխադրումը և վերցնել դրանք` հետագայում խոտանման կամ ոչնչացման համար.
3) արգելել դրանց փոխադրումը և արգելված իրերն ու առարկաները հանձնել պահպանության օդանավակայանի կամ օդանավ շահագործողի նմանատիպ իրերի կամ առարկաների համար նախատեսված պահասենյակ` հետագայում ուղևորին վերադարձնելու համար` կազմելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշման հավելվածի N 3 ձևի արձանագրություն.
4) արգելել դրանց փոխադրումն օդանավի ուղևորասրահ և դրանք ուղևորի կողմից պատշաճ փաթեթավորվելուց հետո հանձնել օդանավ շահագործողին` որպես ուղեբեռ օդանավի բեռնախցում փոխադրման ընդունելու և ավիատոմսում նշված վայրէջքի օդանավակայանում ուղևորին վերադարձնելու համար:
Զննման ընթացքում ուղևորների մոտ, նրանց ձեռքի իրերում կամ ուղեբեռում հայտնաբերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ փոխադրման համար արգելված այնպիսի վտանգավոր առարկաների հայտնաբերման դեպքում, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է քրեական պատասխանատվություն, անմիջապես տեղեկացվում է ոստիկանության մարմիններին, իսկ վերցված արգելված առարկաներն ուղևորի և կազմված արձանագրության հետ միասին հանձնվում են ոստիկանությանը:
(107-րդ կետը փոփ. 14.05.2020 թիվ 764-Ն որոշում)
108. Այն ուղևորին, որը հրաժարվում է ավիացիոն անվտանգության հսկողությունից կամ հրաժարվում է զննման ներկայացնել իր ձեռքի իրերն ու ուղեբեռը, չի թույլատրվում թռիչք:
109. Պետք է բացառվի անվտանգության հսկողությունն անցած ուղևորների շփումը նման հսկողություն չանցած ուղևորների, այդ թվում` նաև ուղևորների սպասարկմանը չառնչվող քաղաքացիական ավիացիայի աշխատողների հետ:
Ավիացիոն անվտանգության հսկողություն անցած և նման հսկողություն չանցած ուղևորների շփման դեպքերում ձեռնարկվում են հետևյալ միջոցները`
ա) ստերիլ գոտին ամբողջովին ազատվում է և օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայությունն իրականացնում է դրա ամբողջական զննում.
բ) թռիչքի պատրաստվող ուղևորներն անցնում են կրկնական զննում, որից հետո միայն նրանց թույլատրվում է մուտք գործել օդանավ:
Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց հետո ուղևորները հրավիրվում են թռիչքի: Մինչև օդանավ նստեցումը ստերիլ գոտու ելքի կամ օդանավի մուտքի մոտ փոխադրումների ծառայության տվյալ չվերթի ուղևորների հաշվառում կատարած աշխատողների կողմից իրականացվում է ուղևորի և նստեցման կտրոնի նույնականացում, որից հետո ուղևորները մուտք են գործում օդանավ:
(109-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
109.1. Օդանավակայաններում պետք է կառուցվեն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար նախատեսված սպասասրահներ` բացառելու համար տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփումը զննման ընթացակարգ չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանների այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:
(109.1-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
109.2. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստեցնելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:
(109.2-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
109.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և նրանց իջեցումն անհրաժեշտ է, ինչպես նաև այն դեպքերում, երբ, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է իրականացվի օդանավի զննում:
(109.3-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
109.4. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից` ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:
(109.4-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
109.5. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ թռիչքի օդանավակայանում իրականացվող անվտանգության միջոցառումները համարժեք են ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:
(109.5-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
109.6. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում: Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:
(109.6-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
109.7. Եթե որևէ տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ առկա է վտանգի իրական սպառնալիք, ապա կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:
(109.7-րդ կետը լրաց. 28.06.07 թիվ 763-Ն որոշում)
109.8. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության կանոնների հետևյալ ոչ էական տարրերը կարող են փոփոխությունների ենթարկվել`
1) զննման թույլատրված մեթոդները.
2) արգելված առարկաների կատեգորիաները.
3) վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի թույլտվության տրամադրման հիմքերը.
4) մեքենաների զննման թույլատրելի մեթոդները.
5) օդանավերի անվտանգության ստուգման և զննման մեթոդները.
6) երրորդ պետությունների ավիացիոն անվտանգության ստանդարտների համապատասխանության ճանաչման չափանիշները.
7) այն պայմանները, որոնց դեպքում բեռը և փոստը ենթակա են զննման կամ դրանց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.
8) գրանցված գործակալի, հայտնի առաքողի, հայտնի մատակարարի հաստատման կամ նշանակման գործընթացը.
9) այն պայմանները, որոնց դեպքում իրականացվում է փոխադրողի փոստի և միջոցների զննում կամ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.
10) այն պայմանները, որոնց դեպքում օդանավային և օդանավակայանային միջոցները ենթարկվում են զննման կամ նրանց նկատմամբ կիրառվում են ավիացիոն անվտանգության հսկողության այլ մեթոդներ.
11) հատուկ վերահսկելի գոտու ստերիլ հատվածների սահմանման չափանիշները.
12) անձնակազմի աշխատանքի ընդունման և ուսուցման մեթոդները.
13) այն պայմանները, որոնց դեպքում կիրառվում են ավիացիոն անվտանգության հատուկ ընթացակարգեր կամ կիրառվում է անվտանգության հսկողությունից ազատում:
(109.8-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
109.9. Ազգային ծրագրով սահմանված միջոցառումների ներդրման մանրամասն կարգերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և վերաբերում են`
1) զննման պահանջներին և ընթացակարգերին.
2) արգելված առարկաների ցանկին.
3) մուտքի հսկողության իրականացման պահանջներին և ընթացակարգերին.
4) մեքենաների ստուգմանը, օդանավերի ավիացիոն անվտանգության ստուգման և զննման իրականացման պահանջներին ու ընթացակարգերին.
5) երրորդ պետությունների ավիացիոն անվտանգության ստանդարտների համապատասխանության ճանաչման որոշումներին.
6) բեռի և փոստի զննման մասով` գրանցված գործակալների, հայտնի առաքողի, հայտնի մատակարարի հաստատմանը կամ նշանակման ընթացակարգին, նրանց պարտավորություններին.
7) փոխադրողի փոստի և օդանավային պաշարների ավիացիոն անվտանգության հսկողության պահանջներին և ընթացակարգերին.
8) օդանավային և օդանավակայանային միջոցների մասով` գրանցված գործակալին և հայտնի մատակարարի հաստատմանը կամ նշանակման ընթացակարգին, նրանց պարտավորություններին.
9) հատուկ վերահսկելի գոտու ստերիլ հատվածների սահմանմանը.
10) անձնակազմի աշխատանքի ընդունմանը և ուսուցման պահանջներին.
11) ավիացիոն անվտանգության հատուկ ընթացակարգերին կամ անվտանգության հսկողությունից ազատման պայմաններին.
12) ավիացիոն անվտանգության սարքավորումների հաստատման և օգտագործման տեխնիկական բնութագրերին, ընթացակարգերին.
13) հնարավոր վտանգ ներկայացնող ուղևորների վերաբերյալ պահանջներին և ընթացակարգերին.
14) ավիացիոն անվտանգության մասով տեղեկատվության պաշտպանությանն ու կիբերանվտանգությանը:
(109.9-րդ կետը լրաց. 18.12.2025 թիվ 1900-Ն որոշում)
2. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
110. Օդանավերի անձնակազմերը, օդանավակայանների և օդանավակայանների տարածքներում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները և նրանց կողմից հատուկ վերահսկելի գոտի տարվող բոլոր առարկաներն ու իրերը ենթարկվում են հսկողության` ուղևորների համար սահմանված կարգով:
(110-րդ կետը փոփ. 26.11.09 թիվ 1371-Ն որոշում)
3. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
111. Դիվանագիտական կարգավիճակ ունեցող ուղևորներն ավիացիոն անվտանգության հսկողության/զննման ընթացակարգերն անցնում են ընդհանուր հիմքերով, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Դիվանագիտական բեռը, փոստը, դիվանագիտական վալիզները, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների այլ պաշտոնական թղթակցությունը ենթակա չեն ոչ առգրավման, ոչ բացման, ոչ զննության` ինչպես ձեռքով, այնպես էլ տեխնիկական կամ այլ հատուկ միջոցների կիրառմամբ:
Դիվանագիտական բեռը, փոստը, դիվանագիտական վալիզները, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների այլ պաշտոնական թղթակցությունը պետք է ունենան տեսանելի արտաքին նշաններ, որոնք պետք է մատնանշեն դրանց բնույթը (կողպեքներ, զմռսակնիքներ, նշանակետի վերաբերյալ մակնշումներ):
(111-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 13.05.2022 թիվ 668-Ն որոշումներ)
112. Կարդիոխթանիչներ ունեցող ուղևորների նկատմամբ զննման ընթացակարգերը կիրառվում են առանց զննման տեխնիկական միջոցների կիրառման, իսկ նրանց ուղեբեռներն ու ձեռքի իրերը ենթարկվում են զննման ընդհանուր հիմունքներով:
Հաշմանդամություն ունեցող ուղևորների (հենակներով, պրոթեզավորված ոտքերով ու ձեռքերով, անվասայլակներով) զննությունը կատարվում է այնպես, որ բացառվի հենակների, պրոթեզների ու անվասայլակների մեջ այնպիսի նյութերի, իրերի տեղափոխումը, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության ակտերի կատարման ժամանակ: Հաշմանդամություն ունեցող ուղևորները զննվում են մյուս ուղևորներից առանձին, իսկ ուղևորը և նրա ձեռքի իրերը զննվում են`
ա) ռենտգենյան սարքավորման օգնությամբ կամ դիտողական զննման միջոցով,
բ) ձեռքի մետաղափնտրիչի օգնությամբ,
գ) ձեռքով զննում իրականացնելու միջոցով:
Հաշմանդամություն ունեցող ուղևորներին ուղեկցող անձինք անցնում են ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգեր ընդհանուր հիմքերով: Հոգեկան հիվանդություններով կամ խանգարումներով ուղևորները, ովքեր կարող են վտանգ ներկայացնել օդանավերի թռիչքների անվտանգության համար, կարող են փոխադրվել միայն օդանավ շահագործողի համաձայնությամբ, իսկ օդանավ շահագործողի համաձայնությամբ նման ուղևորներն օդանավով կարող են փոխադրվել միայն հոգեբան բժշկի (բժիշկների) ուղեկցությամբ:
Հոգեկան հիվանդություններով կամ խանգարումներով անձանց նախաթռիչքային զննումն իրականացվում է ընդհանուր հիմքերով` նախքան մյուս ուղևորների զննման ընթացակարգերն անցնելը: Օդանավ շահագործողը, թռիչքների անվտանգության ապահովման նկատառումերից ելնելով, իրավունք ունի իր բժշկական ծառայության կամ ավիացիոն անվտանգության ծառայության խորհրդով մերժել օդանավով հոգեկան հիվանդություններ կամ խանգարումներ ունեցող ուղևորների փոխադրումը:
Այն ուղևորները, որոնք սպասարկվում են օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների և բարձրակարգ սպասարկման սրահներում, զննման ընթացակարգերն անցնում են այդ սրահների զննման կետերում` ընդհանուր հիմունքներով:
(112-րդ կետը փոփ.13.05.2022 թիվ 668-Ն որոշում)
4. ԶԵՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
113. Զենքն օդանավով փոխադրվում է «Ավիացիայի մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի N 843-Ն որոշմամբ, ինչպես նաև այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ զինված անձանց անձանց մուտքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
(113-րդ կետը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն, 12.06.14 թիվ 608-Ն որոշումներ)
5. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ
114. Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորներ են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը,
բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,
գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը,
դ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը,
ե) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները,
զ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները,
է) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:
Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորների փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՈՒղեկցման ենթակա անձինք են հանդիսանում ոստիկանական, ազգային անվտանգության մարմինների կարգախմբով ուղեկցվող անձինք, հաշմանդամները, Հայաստանի Հանրապետությունից վտարված անձինք կամ օտարերկրյա պետություններից վտարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կալանքի տակ գտնվող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:
Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կանոնները հաստատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի կողմից:
(114-րդ կետը փոփ. 10.07.2025 թիվ 942-Ն որոշում)
(5-րդ բաժինը փոփ. 09.02.06 թիվ 166-Ն որոշում)
------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում