ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2000 թվականի դեկտեմբերի 6-ին
 
                       i 
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
Սույն օրենքը սահմանում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների իրականացման և օրինական շահերի պաշտպանության իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքները:
 
| Հոդված 1. | 
Օրենքի գործողության շրջանակը | 
 
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց վրա:
 
                    i 
| Հոդված 2. | 
Բնակարանային ապահովության իրավունքը | 
 
 
  
Բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակարաններ հատկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
| Հոդված 3. | 
Զբաղեցրած բնակելի տարածքների նկատմամբ վարձակալ ճանաչելը | 
 
Համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքներում 3 տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք սահմանված կարգով ճանաչվում են վարձակալ իրենց զբաղեցրած տարածքների նկատմամբ, եթե այլ անձինք դրանց նկատմամբ չունեն վարձակալության և այլ իրավունքներ:
 
                  i 
| Հոդված 4. | 
Հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումը | 
     
 
            
Պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են դրանցում 3 տարուց ավելի բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց:
Սեփականաշնորհման կարգն ու սեփականաշնորհման ենթակա հանրակացարանների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
                       i 
| Հոդված 5. | 
Ժամանակավոր կացարաններում բնակվողներին տրվող արտոնությունները | 
 
Ժամանակավոր կացարաններում (հյուրանոցներ, հանրակացարաններ, հանգստյան տներ, պանսիոնատներ, առողջարաններ և այլն) բնակվող` բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք ազատվում են բնակության համար սահմանված վարձը վճարելուց, բացառությամբ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծախսերի: Նրանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարանների կրած հաշվեկշռային վնասը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
 
| Հոդված 6. | 
Ադրբեջանի հանրապետությունում թողած գույքի արժեքի փոխհատուցումը | 
 
Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց Ադրբեջանի Հանրապետությունում թողած գույքի դիմաց փոխհատուցումների հարցը լուծելու դեպքում փոխհատուցվում է նաև բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց գույքի արժեքը:
 
| Հոդված 7. | 
Օրենքի ուժի մեջ մտնելը | 
 
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Ռ. Քոչարյան | 
| 
  Երևան 27 դեկտեմբերի 2000 թ.  ՀՕ-120
  |