ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ
16 մայիսի 2022 թվականի N 337
ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԻՄՔՈՎ ՎՃԱՐԱԾ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարց
Ֆիզիկական անձը աշխատում է երեք տարբեր ընկերություններում և երեք տեղից էլ իր անունից փոխանցումներ են կատարվում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» (1000+հիմնադրամը): Հնարավո՞ր է հետ ստանալ հիմնադրամից մեկից ավելի վճարած դրոշմանիշային վճարները:
Պատասխան
i
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 29.12.2020թ. ՀՕ-502-Ն օրենքի 5-րդ հոդվածին համապատասխան «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, որով 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների մասով` մեկից ավելի հիմքով վճարված դրոշմանիշային վճարը հետ ստանալու դրույթներ չեն սահմանվել:
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի`
i
- 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձինք եկամուտներ են ստանում հարկային գործակալից, ապա այդ անձինք դրոշմանիշային վճարը վճարում են բացառապես հարկային գործակալի միջոցով,
i
- 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային գործակալները յուրաքանչյուր ամիս նույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված չափերով հաշվարկում են տվյալ ամսվա համար դրոշմանիշային վճարների չափը` հիմք ընդունելով տվյալ ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկում ներառված վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտները,
i
- 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր անձի մասով տվյալ ամսվա համար հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը հարկային գործակալը պահում է այդ հարկային գործակալից տվյալ անձի կողմից տվյալ ամսում ստացման ենթակա (ստացված) եկամուտներից:
Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ միաժամանակ մեկից ավելի հարկային գործակալների կողմից աշխատանքային և (կամ) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա ֆիզիկական անձի ստացած (ստացման ենթակա) եկամուտներից դրոշմանիշային վճարը պահվում է յուրաքանչյուր հարկային գործակալի կողմից` անկախ մյուս հարկային գործակալների կողմից նույն ֆիզիկական անձին հաշվեգրած (վճարած) եկամուտներից դրոշմանիշային վճար պահելու հանգամանքից:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ