ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Տավուշի մարզի առաջին ատյանի ՏԴ/0080/01/22
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր` Ա. Մարտիրոսյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Ռ. Պապոյան
դատավորներ` Ս. Համբարձումյան
Լ. Հովհաննիսյան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ. Ասատրյանի
մասնակցությամբ
դատավորներ` Ս. Ավետիսյանի
Հ. Գրիգորյանի
Ա. Դանիելյանի
Լ. Թադևոսյանի
Ա. Պողոսյանի
13 մարտի 2026 թվական ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արմեն Ռուբենի Ոսկանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունվարի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետև` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56100122 քրեական գործը:
1.1 Նախաքննության մարմնի` 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ թիվ 56100122 քրեական գործի նյութերով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է նոր` թիվ 56100422 քրեական գործը:
1.2. Նախաքննության մարմնի` 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56100522 քրեական գործը:
1.3. Նախաքննության մարմնի` 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56100622 քրեական գործը:
1.4. Նախաքննության մարմնի` 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 56100722 քրեական գործը:
1.5. Նախաքննության մարմնի` 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ թիվ 56100422, 56100522, 56100622, 56100722 քրեական գործերը միացվել են թիվ 56100122 քրեական գործին:
2. Նախաքննության մարմնի` 2022 թվականի հունվարի 22-ի որոշմամբ Արմեն Ռուբենի Ոսկանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
3. Նախաքննության մարմնի` 2022 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Արմեն Ոսկանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով և 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:
4. 2022 թվականի մայիսի 26-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
5. Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի մայիսի 17-ի դատավճռով Արմեն Ոսկանյանը`
- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքում (1-ին դրվագ) և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,
- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքում (2-րդ դրվագ) և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,
- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքում (3-րդ դրվագ) և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,
- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքում (4-րդ դրվագ) և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով,
- մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում (5-րդ դրվագ) և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:
2021 թվականի մայիսի 27-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 74-րդ հոդվածի կիրառմամբ` 1-ին դրվագով նշանակված 5 (հինգ) տարի 4 (չորս) ամիս ժամկետով ազատազրկում պատժին մասնակի գումարվել է 2-5-րդ դրվագներով նշանակված պատիժներից յուրաքանչյուրից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 6 (վեց) տարի 4 (չորս) ամիս ժամկետով:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Ոսկանյանի` 2022 թվականի հունվարի 22-ից մինչև 2022 թվականի մայիսի 22-ն անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիսը և Ա.Ոսկանյանին թողնվել է կրելու ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով, պատժի կրման սկիզբը հաշվելով Ա.Ոսկանյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից:
Ա.Ոսկանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
6. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը, 2024 թվականի հունվարի 30-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը պատժի մասով փոփոխել է. Արմեն Ոսկանյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով երկու դրվագ հանցանքներից յուրաքանչյուրի համար պատիժ է նշանակել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով երկու դրվագ հանցանքներից յուրաքանչյուրի համար` ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` ազատազրկում` 2 (տարի) 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Ոսկանյանի նկատմամբ պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ` նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Ոսկանյանի անազատության մեջ գտնվելու 4 (չորս) ամիս ժամկետը և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:
7. Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունվարի 30-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
8. Բողոք բերած անձը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սխալ են մեկնաբանվել և կիրառվել քրեական օրենսդրության հետադարձ ուժը սահմանող նորմերը:
Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը ճիշտ չի կիրառել նյութական օրենքը, այն է` կիրառել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել նույն հոդվածի 4-րդ մասը, որը ենթակա էր կիրառման: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոքի հեղինակը նշել է, որ Արմեն Ոսկանյանի կատարած հանցանքների համար ինչպես կատարման պահին, այնպես էլ ներկայումս գործող քրեական օրենսգրքերով նախատեսված ազատազրկում պատժատեսակի սահմանաչափի փոփոխություն չի կատարվել, Արմեն Ոսկանյանը թե՛ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի և թե՛ ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումներով համարվել և համարվում է դատվածություն ունեցող անձ, և երկու դեպքում էլ նշանակվելիք պատիժը չի կարող պակաս լինել օրենսգրքի հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
Մասնավորապես, եթե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի համապատասխան նորմերի կիրառության պայմաններում Ա.Ոսկանյանի նկատմամբ նշանակվելու էր ազատազրկում` Հատուկ մասով նախատեսված պատժի առավելագույն չափի երկու երրորդից ոչ պակաս` վտանգավոր ռեցիդիվի կանոններով, ապա գործող քրեական օրենսգրքի համապատասխան դրույթների կիրառման պայմաններում, թեև նոր օրենսգիրքը ռեցիդիվի տեսակներ չի նախատեսում, այնուամենայնիվ, կրկին նշանակվելու էր ազատազրկում` Հատուկ մասով նախատեսված պատժի առավելագույն չափի երկու երրորդից ոչ պակաս ժամկետով, այսինքն` քննարկվող դեպքում Ա.Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, վիճակի բարելավման, հետևաբար նաև հետադարձության հարց քննարկվել չէր կարող:
Ըստ բողոքի հեղինակի` Վերաքննիչ դատարանը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ և 9-րդ հոդվածների պահանջների խախտմամբ անհիմն կերպով հիմք է ընդունել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածով նախատեսված դրույթները, անտեսելով, որ քննարկվող դեպքում Ա.Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հետադարձության հարց քննարկվել չէր կարող:
9. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
10. Ա.Ոսկանյանի պաշտպան Կ.Մարգարյանը վճռաբեկ բողոքի կապակցությամբ ներկայացված պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ է կիրառել նյութական օրենքը, կայացնելով օրինական ու հիմնավոր դատական ակտ, և խնդրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը մերժել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.
11. Նախաքննության մարմնի որոշմամբ Արմեն Ոսկանյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2022 թվականի հունվարի 8-ից մինչև նույն թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում, միայնակ, մուտքի դուռը հրել-բացելու միջոցով ապօրինի կերպով մուտք է գործել ****** *********-ի ***********-ին պատկանող և ՀՀ ******-ի մարզի ****** համայնքի ********** բնակավայրի ***-ին փողոցի ***-րդ փակուղու **-րդ հասցեում գտնվող բնակարան, որտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` ընդհանուրը` 16.700 ՀՀ դրամ արժողությամբ` «Greenfield» ապրանքանիշի թեյի 1 լրակազմ, 1 հատ MEGIC TURBO» ապրանքանիշի մազի հարդարիչ, 1 հատ «LOUIS VUITTON» ապրանքանիշի և 1 հատ «JAFFA» ապրանքանիշի վերնազգեստներ, այնուհետև կրկին մուտքի դուռը հրել- բացելու միջոցով ապօրինի կերպով մուտք է գործել առանձնատանը կից պահեստարան հանդիսացող անասնագոմ, որտեղից գաղտնի հափշտակել է 1 հատ բեռնասայլակի անիվ:
Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2022 թվականի հունվարի 10-ից մինչև նույն թվականի հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում միայնակ, մուտքի դռան ձախ մասի պատուհանի փեղկը կոտրելու-բացելու միջոցով ապօրինի կերպով մուտք է գործել ***** *****-ի ********-ին պատկանող և ՀՀ ******-ի մարզի ******** բնակավայրի **-ին փողոցի ***-րդ փակուղու **-րդ հասցեում գտնվող բնակարան և այնտեղից հափշտակելու նպատակով վերցրել է **.*******-ին պատկանող զգալի չափերով` ընդհանուրը` 75.902 ՀՀ արժողությամբ` մեկ հատ բաց վարդագույն վերնաշապիկ, 2 հատ կանաչ և 1 հատ սպիտակ գույնի սրբիչներ, 2 հատ «Semiramis» ապրանքանիշի մրգաման, «Pardis chini» ապրանքանիշի 2 տուփ ափսե, մեկ տուփ` ընդհանուր թվով 12 հատ «Glasware» տեսակի բաժակ, թվով 1 հատ հեղուկի տարա /կուժ/, թվով 1 հատ խոհանոցային թավա, մեկ հատ ալյումինե քամիչ, 3 հատ խոհանոցային կաթսայի կափարիչներ, 1 հատ լվացքի մեքենայի կափարիչ, թվով 2 կտոր ալյումինե տարբեր չափերով ցանց, 4 կտոր միանման մալուխներ, մալուխների կիսակտորներ և թվով 1 հատ լվացարան, այնուհետև տանից դուրս գալուց հետո բակում գտնվելու ընթացքում նկատել է տան շրջակայքով դեպի իր կողմ քայլող երիտասարդի և բացահայտվելու վտանգ զգալով գողոնը տեղափոխել է առանձնատան նկուղ և գողոնը թողնելով նկուղում դիմել է փախուստի` իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով սկսված հանցագործությունն ավարտին չհասցնելով:
Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակության նպատակով 2022 թվականի հունվարի 21-ին` ժամը 20:00-ից 20:10-ն ընկած ժամանակահատվածում, միայնակ, ապօրինի մուտք է գործել ***** *******-ի **********-ին պատկանող և ՀՀ ******-ի մարզի ****** համայնքի ******** բնակավայրի ***-ին փողոցի **-րդ նրբանցքի **-րդ հասցեի առանձնատան բակ, այնուհետև պահեստարան հանդիսացող նկուղ և գաղտնի հափշտակել է զգալի չափերի` ընդհանուրը 31.880 ՀՀ արժողությամբ գույք` մասնավորապես նկուղից հափշտակել է ուղղանկյունաձև, անկանոն դեֆորմացված պատի զարդանախշ և տարբեր տեսակի պղնձյա մալուխներ` ընդհանուր մոտ 4,30 կգ քաշով, 1 հատ խոհանոցային թավա, տարբեր չափերով ալյումինե մալուխներ, 3,5 կգ քաշով ալյումինե ջարդոն և թափոն հանդիսացող կենցաղային օգտագործման տարբեր իրեր, թվով 9 հատ պատառաքաղներ և 0,5 կգ քաշով լատունի ջարդոն և թափոն հանդիսացող փականի և ջահի բաղկացուցիչ մասեր, իսկ բակից` անասնագոմի հարակից տարածքից, գողացել է` 3 հատ խոհանոցային կաթսա, բակում կայանված «MITSUBISHI PAJERO IO 2.0» մակնիշի 36 OX 448 հաշվառման համարանիշի մեքենայի բաղկացուցիչ մաս հանդիսացող մարտկոցը, այնուհետև վերոնշյալ գողոնն ամբողջությամբ տեղափոխել է նույն թաղամասում գտնվող չբնակեցված կիսաքանդ տան բակ:
Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2022 թվականի հունվարի 21-ին դուռը հրելու- բացելու միջոցով ապօրինի կերպով մուտք է գործել ******* ********-ի **********-ին պատկանող և ՀՀ *******-ի մարզի ****** համայնքի ********* բնակավայրում գտնվող առանձնատուն և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի` ըն արժողությամբ` թվով 125 հատ պատառաքաղ, 26 հատ ճաշի գդալ, 4 հատ թեյի գդալ, 1 հատ ալյումինե խնձոր կտրելու սարք, մսաղացի համար նախատեսված թվով 4 դետալ, ընդհանուր թվով 3 հատ դանակ, 1 հատ ալյումինե լվացարան, տարբեր չափերով պղնձյա մալուխներ, որից հետո գողոնն ամբողջությամբ տեղափոխել է ******** *********-ին պատկանող առանձնատան նկուղ և պահել այնտեղ:
Բացի այդ, Արմեն Ոսկանյանը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ 2022 թվականի հունվարի 21-ին` ժամը 22:30-ի սահմաններում պատուհանի փեղկը հրելու-բացելու միջոցով, միայնակ, ապօրինի կերպով մուտք է գործել ********* ********-ի *******-ի անվամբ սեփականության իրավունքով գրանցված առանձնատուն, որտեղ տան սենյակներից և նույն տան նկուղից փորձել է գաղտնի հափշտակել զգալի չափերի` ընդհանուրը 36.804 ՀՀ դրամ արժողությամբ` 11 հատ մետաղաջարդոն հանդիսացող ալյումինե խողովակներ, մեկ հատ սառնարանի սառցարան, տարբեր չափերով և կշռով պղնձյա մալուխներ, թվով 1 հատ խոհանոցային թավա, 2 հատ խոհանոցային կաթսայի կափարիչներ, 1 հատ ալյումինե սրճեփ, 1 հատ խոհանոցային աման, 1 հատ ալյումինե քամիչ, 1 հատ ջրի ծորակ, թվով 3 հատ ալյումինից տարաներ, մեկ հատ հեղուկի տարա, մեկ հատ քամիչ, մեկ հատ խոհանոցային կաթսա, մեկ հատ խոհանոցային կաթսայի կափարիչ, մեկ հատ ԽՍՀՄ արտադրության արդուկ և պատի զարդանախշ: Գողոնը լցրել է պարկերի մեջ և երբ ցանկացել է հեռանալ, դեպքի վայր եկած ***** ********-ի և ***** ******-ի կողմից իր ուղղությամբ լույս գցելու և նրանց ձայները լսելու արդյունքում բացահայտվելու մտավախությունից ելնելով, գողոնը թողնելով տան մեջ, դիմել է փախուստի` իր կամքից անկախ հանգամանքներից ելնելով` սկսված հանցագործությունն ավարտին չհասցնելով»(1):
__________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 68-71:
12. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակված է ճիշտ (...):
Դատարանը գտնում է նաև, որ «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված է ամբաստանյալ Արմեն Ոսկանյանի մեղավորությունն իրեն մեղսագրված հանցանքում:
Դատարանը հարկ է համարում ընդգծել նաև, որ Արմեն Ոսկանյանի արարքները դրանց կատարման պահին և ներկայում գործող քրեական օրենսգրքերով համարվել են և համարվում են հանցավոր, երկու դեպքում էլ նշված հանցանքների համար նախատեսված ազատազրկում պատժատեսակի սահմանաչափի փոփոխություն չի կատարվել:
(...) Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ոսկանյանին քրեական պատասխանատվությունից և/կամ պատժից ազատելու հիմքեր առկա չեն, հետևաբար` ամբաստանյալ Արմեն Ոսկանյանը ենթակա է պատժի` իր կողմից կատարված հանցանքների համար: (...)
Դատարանը հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում սանկցիայով նախատեսված պատժատեսակի` ազատազրկման միջոցով հնարավոր է ապահովել պատժի նպատակների իրացվելիությունը: (...)
Այսպիսով վերը նշված իրավակարգավորումների համաձայն Ա.Ոսկանյանի դատվածությունը չի մարվել, քանի որ վերջինս 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման տեսքով պատիժը կրելուց` 05.12 2017 թվականից հետո, կատարել է նշված հանցանքները պատժի կրումը ավարտվելուց չանցած 5 տարի` 2022 թվականի հունվար ամսվա ընթացքում, այսինքն Ա.Ոսկանյանը համարվում է դատվածություն ունեցող անձ, հետևաբար վերջինիս արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ: (...)
Հետևաբար Արմեն Ոսկանյանի նկատմամբ պետք է նշանակել վերջինիս վերագրվող հանցանքները նախատեսող հոդվածների սանկցիաների ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդի չափով (18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի դրույթների համաձայն Ա.Ոսկանյանի արարքում առկա է վտանգավոր ռեցիդիվ, որի դեպքում պատիժ նշանակելիս կրկին կիրառվելու է նույն սահմանաչափը): (...)»(2):
____________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթեր 71-94:
13. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն. «(...) Անդրադառնալով ռեցիդիվի կանոններով Ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատժի իրավաչափությանը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.
(...) Մեջբերված իրավակարգավորումների համեմատական վերլուծությունից պարզ է դառնում, որ նախկին կարգավորումների համաձայն հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից, մինչդեռ, նոր կարգավորումներով նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել համապատասխան հոդվածի սանկցիայով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Այսինքն, ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսվել են ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու ավելի խիստ իրավակարգավորումներ:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի կարգավորումները, չնախատեսելով «ռեցիդիվի վտանգավոր» և «առանձնապես վտանգավոր» տեսակներ, ըստ էության հանդիսանում են դատապարտվող անձի նկատմամբ պատիժը մեղմացնող կարգավորումներ, քանի որ պատիժ նշանակելիս հաշվի է առնվում միայն հանցագործությունների ռեցիդիվը:
Նկատի ունենալով, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը ռեցիդիվի առկայության պայմաններում նախատեսում է պատիժ նշանակելու ավելի խիստ կանոններ (պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել համապատասխան հոդվածի սանկցիայով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից), հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջով նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված` ռեցիդիվի առկայության դեպքում պատիժ նշանակելու կանոններին հետադարձություն չի կարող տրվել:
(...) Անդրադառնալով ռեցիդիվի կանոններով Ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժին` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ կատարած յուրաքանչյուր հանցանքի համար վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել դրա առավելագույն ժամկետի կեսից, մինչդեռ, Առաջին ատյանի դատարանն Ամբաստանյալ Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ է նշանակել` ղեկավարվելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված կանոններով` յուրաքանչյուր դեպքում նշանակելով ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս չափով պատիժ, փաստելով նաև, որ նույնպիսի իրավակարգավորումներ է նախատեսված նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-ին հոդվածով, մասնավորապես, վտանգավոր ռեցիդիվի առկայության պայմաններում պատիժ նշանակելու դեպքում:
(...) Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, Ամբաստանյալի վիճակը բարելավող և պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձություն չտալու արդյունքում, ռեցիդիվի կանոններով` կատարած հանցանքներից յուրաքանչյուրի համար նշանակելով ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս չափով պատիժ, թույլ է տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ և 76-րդ, ինչպես նաև 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 67.1-ին հոդվածի խախտումներ, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի հիման վրա պատժի մասով բողոքարկվող դատական ակտը փոփոխելու հիմք է:
(...) Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնելով Դատավճռով արձանագրված` ամբաստանյալ Արմեն Ոսկանյանի անձը բնութագրող տվյալները, այդ թվում` պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, գտնում է, որ Ամբաստանյալի նկատմամբ 2 (երկու) դրվագով` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով և 2 (երկու) դրվագով 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով հանցանքներից յուրաքանչյուրի համար պետք է նշանակել պատիժ ազատազրկման ձևով 4 (չորս) տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` ազատազրկման ձևով` 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` կիրառելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու սկզբունքը (...)»(3):
___________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթեր 99-117:
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները չպահպանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:
15. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:
ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:
2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
(...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:
2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ:
(...)»:
Վճռաբեկ դատարանը Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով կայացված որոշմամբ քրեական օրենքի հետադարձության սկզբունքի մեկնաբանման շրջանակներում, քննարկման առարկա դարձնելով այն չափորոշիչները, որոնց օգնությամբ իրավակիրառողը պետք է առաջնորդվի քրեաիրավական կոնկրետ իրավահարաբերությունների նկատմամբ նոր քրեական օրենքի կիրառելիության հարցում, իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ հետադարձությամբ փոփոխված քրեական օրենքի տարածման սահմանները պարզելու համար անհրաժեշտ է օգտագործել համադրման և վերլուծության մեթոդները, որոնք իրենց ամբողջության մեջ հնարավորություն են տալիս պարզելու, թե փոփոխված քրեական օրենքը հանցանք կատարած անձի համար բարենպաստ իրավական հետևանք առաջացնում է, թե ոչ: Վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ թեև նշվածը չի ենթադրում համեմատության համապարփակ չափանիշներ, այդուհանդերձ, պահանջվում է կոնկրետ իրավահարաբերությունը կանոնակարգող դրույթների համակարգային համեմատում, ինչի միջոցով հնարավոր կլինի որոշել` արդյո՞ք փոփոխված օրենսդրությունը, ի տարբերություն արարքը կատարելու պահին գործող օրենսդրության, անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնում է, թե ոչ(4):
_______________________
4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Խաչատուր Պետրոսյանի և Հասմիկ Շանոյանի գործով 2024 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշման 11.2-րդ կետը:
16. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, ով դատվածություն ունի նախկինում դիտավորությամբ կատարված հանցանքի համար:
2. Հանցագործությունների ռեցիդիվը վտանգավոր է համարվում`
1) դիտավորությամբ հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում երկու անգամից ոչ պակաս ազատազրկման է դատապարտվել դիտավորյալ հանցագործության համար.
2) ծանր հանցանք կատարելու դեպքում, եթե անձը նախկինում ազատազրկման է դատապարտվել ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:
(...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:
Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
(...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների ռեցիդիվ է համարվում դիտավորությամբ հանցանք կատարելն այն անձի կողմից, որը դատվածություն ունի դիտավորյալ հանցագործության կատարման համար»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի (մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ) համաձայն` «Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է ազատազրկման, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված ազատազրկման ձևով պատժի նվազագույն ժամկետից»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի (2024 թվականի փետրվարի 6-ից գործող խմբագրությամբ) համաձայն` «1.1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայով նախատեսված են այդ պատժատեսակները:
2. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը կամ չափը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն ժամկետից կամ չափից»:
17. Մեջբերված իրավադրույթներից բխում է, որ թեև ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածում, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի` օրենսդիրը հրաժարվել է ռեցիդիվի «վտանգավոր» և «առանձնապես վտանգավոր» տեսակներից, այնուամենայնիվ, երկու օրենսգրքերի` հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ սույն գործի փաստական հանգամանքների պարագայում օրենսդիրը ցուցաբերել է նույն մոտեցումը:
Այսպես` 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում վտանգավոր ռեցիդիվի դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժը չէր կարող պակաս լինել օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից: 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի գործողության պայմաններում (ինչպես ստորադաս դատարանների կողմից դատական ակտեր կայացնելու օրվա, այնպես էլ ներկա պահին գործող խմբագրությամբ) ռեցիդիվի դեպքում անձի նկատմամբ նշանակված պատիժը նույնպես չի կարող պակաս լինել օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ընդ որում, հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայով այն նախատեսված է:
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ա.Ոսկանյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել վերջինիս վերագրվող հանցանքները նախատեսող հոդվածների սանկցիաների` ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդի չափով: Ընդ որում, Առաջին ատյանի դատարանը փաստարկել է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի դրույթների կիրառման պարագայում` Ա.Ոսկանյանի արարքում առկա է վտանգավոր ռեցիդիվ, իսկ վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս ենթակա էր կիրառման նույն սահմանաչափը(5),
___________________
5) Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, ի տարբերություն նախկինի, ռեցիդիվի տեսակներ չի նախատեսում, այսինքն` օրենսդիրը հրաժարվել է «վտանգավոր ռեցիդիվ» և «առանձնապես վտանգավոր ռեցիդիվ» հասկացություններից: Այնուհետև, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-ին հոդվածը մեջբերելով` Վերաքննիչ դատարանը նշել է, որ նախկին կարգավորումների համաձայն` հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվող պատիժը չէր կարող պակաս լինել նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից, մինչդեռ, նոր կարգավորումներով` նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել համապատասխան հոդվածի սանկցիայով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսվել են ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու ավելի խիստ իրավակարգավորումներ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի կարգավորումները, չնախատեսելով ռեցիդիվի «վտանգավոր» և «առանձնապես վտանգավոր» տեսակներ, ըստ էության հանդիսանում են դատապարտվող անձի նկատմամբ պատիժը մեղմացնող կարգավորումներ, քանի որ պատիժ նշանակելիս հաշվի է առնվում միայն հանցագործությունների ռեցիդիվը: Եվ քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը ռեցիդիվի առկայության պայմաններում նախատեսում է պատիժ նշանակելու ավելի խիստ կանոններ, հետևաբար` ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջով` նույն օրենսգրքի 76-րդ հոդվածով նախատեսված ռեցիդիվի առկայության դեպքում պատիժ նշանակելու կանոններին հետադարձություն չի կարող տրվել: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Արմեն Ոսկանյանի կողմից կատարված յուրաքանչյուր հանցանքի համար վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել դրա առավելագույն ժամկետի կեսից: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը, անձի վիճակը բարելավող և պատիժը մեղմացնող օրենսդրությանը հետադարձություն չտալու արդյունքում, կատարած հանցանքներից յուրաքանչյուրի համար նշանակելով ազատազրկման առավելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս ժամկետով պատիժ, թույլ է տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ և 76-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի խախտումներ(6):
___________________
6) Տե՛ս սույն որոշման 13-րդ կետը:
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-17-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Արմեն Ոսկանյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխելիս, հաշվի չի առել հետևյալը.
- Արմեն Ոսկանյանն իրեն մեղսագրվող հանցավոր արարքները կատարել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի գործողության պայմաններում, որի պարագայում առկա է եղել վտանգավոր ռեցիդիվ(7): ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն` հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի դեպքում նշանակված պատիժը չի կարող պակաս լինել նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:
____________________
7) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 207-208:
- ՀՀ գործող քրեական օրենսգրքի կարգավորումների համաձայն` վերջինիս արարքում առկա է հանցագործությունների ռեցիդիվ: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել նույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի (տվյալ դեպքում` ազատազրկման) առավելագույն ժամկետի երկու երրորդից:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թվարկված երկու դեպքում էլ անձի նկատմամբ նշանակվող պատժի նվազագույն ժամկետը չի կարող պակաս լինել համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից: Հետևաբար, կոնկրետ տվյալ իրավիճակում նոր ընդունված օրենքն Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելու առումով որևէ փոփոխություն չի նախատեսում` նրա կատարած արարքների հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն չի վերացնում, պատիժը չի մեղմացնում, ինչպես նաև որևէ ձևով չի վատթարացնում նրա վիճակը: Ուստի, Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ենթակա էր կիրառման ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից ոչ պակաս ժամկետով պատիժ նշանակելու կանոնը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանի մոտեցումը ոչ իրավաչափորեն հանգեցրել է նրան, որ Արմեն Ոսկանյանի նկատմամբ նշանակվել է օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից պակաս ժամկետով պատիժ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է հայտնում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ տվյալ պարագայում ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսվել են հանցագործությունների ռեցիդիվի դեպքում մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու ավելի խիստ իրավակարգավորումներ:
20. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Արմեն Ոսկանյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու կանոնները չպահպանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ չէ:
i
21. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է` սխալ է մեկնաբանել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությամբ սահմանված կանոնը, որը ենթակա չէր կիրառման, և չի կիրառել նույն օրենսգրքի 67.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կանոնը, որը սույն դեպքում ենթակա էր կիրառման: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի խախտում, ինչը դատական ակտը բեկանելու հիմք է:
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի հունվարի 30-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի մայիսի 17-ի դատավճռին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Արմեն Ռուբենի Ոսկանյանի վերաբերյալ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` երկու դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով` երկու դրվագ, և ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հունվարի 30-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի մայիսի 17-ի դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ` Ս. Ավետիսյան
Հ. Գրիգորյան
Ա. Դանիելյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3158