Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Կոտայքի մարզի առաջին ատյանի                 ԿԴ/0125/01/21

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Գ. Շահբազյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Վ. Ռշտունի

դատավորներ`        Ա. Նիկողոսյան

                                 Մ. Հարությունյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                       դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                       Հ. Գրիգորյանի

                                       Ա. Դանիելյանի

                                       Լ. Թադևոսյանի

                                       Ա. Պողոսյանի

 

2 փետրվարի 2026 թվական

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Խաչիկ Կարապետի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 4-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով Խաչիկ Կարապետի Միքայելյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև` ՀՀ քրեական օրենսգիրք) 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է Խ. Միքայելյանին փաստացի արգելանքի վերցնելու օրվանից: Դատարանը վճռել է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Խ. Միքայելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ, իսկ դատավճռի կատարումն ապահովելուց հետո` վերացնել:

Նույն դատական ակտով վճռվել է որպես դատական ծախս Խ. Միքայելյանից բռնագանձել 125.200 ՀՀ դրամ, իսկ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված` «Օպել Աստրա» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան, վերադարձնել Մ.Ս.Ս.-ին:

2. Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրյալ Խ. Միքայելյանի և նրա պաշտպան Գ. Միքայելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճիռը պատժի մասով մասնակի բեկանել և փոփոխել է` Խ. Միքայելյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով որպես պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

4. Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական օրենքի խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա:

Մասնավորապես, բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի կողմից նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժն ըստ էության խիստ և ոչ համաչափ գնահատելով և դրա փոխարեն 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելով, թույլ է տվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 4-րդ, 7-րդ և 55-րդ հոդվածների խախտումներ:

4.1. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժաչափի համաչափության հարցը քննարկելիս պատշաճ գնահատականի չի արժանացրել կատարված արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, այն, թե ճանապարհային երթևեկության կանոնների թույլ տրված խախտումները որքանով էին հավանական դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, ինչպես նաև կատարած արարքի հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը, հանցագործությամբ պատճառված վնասը:

Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է մեղադրյալի հանցավոր վարքագծի հետևանքը, որը դրսևորվել է տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տուժողի մահվան ելքով, հաշվի չի առնվել մեղադրյալին մեղսագրվող հանցագործության կատարման հանգամանքները, դրա կատարման մեջ նրա մեղավորության աստիճանը, տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին հանգեցրած` մեղադրյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման կոպիտ բնույթը` արագության գերազանցումը և հանդիպակաց ուղեմաս դուրս գալն ըստ էության դիտավորությամբ կատարելը, ինչպես նաև հանրորեն վտանգավոր արարքի և դրա հետևանքների նկատմամբ նրա դրսևորած հոգեբանական վերաբերմունքը` այն հանցավոր ինքնավստահությամբ կատարելը:

5. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի մարտի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռին:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

6. Մեղադրյալ Խ. Միքայելյանի պաշտպան Գ. Միքայելյանը ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ Վերաքննիչ դատարանը, մանրամասն ուսումնասիրելով և գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, այն է` արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, Խ. Միքայելյանի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա հետհանցավոր դրական վարքագիծը, կայացրել է իրավաչափ որոշում:

6.1. Վերոգրյալի հիման վրա, պաշտպան Գ. Միքայելյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի մարտի 4-ի որոշումը թողնել անփոփոխ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Խաչիկ Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա, 2021 թվականի փետրվարի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, վարելով «Օպել Աստրա» մակնիշի ** ** *** հաշվառման համարանիշի ավտոմեքենան` Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան քաղաք ընթանալիս երթևեկել է սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ` իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, իրականացնելով ձախակողմյան երթևեկություն և երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը, այսինքն` ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ Թ.Գ.Մ.-ին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության կանոնների» 2-րդ, 65-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից(1):

 

___________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 15-16:

 

8. Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռով անդրադառնալով Խ. Միքայելյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է հետևյալը. «(...) Որպես ամբաստանյալ Խաչիկ Միքայելյանի անձը բնութագրող հանգամանք Դատարանը հաշվի է առնում, որ նա ամուսնացած է, բնութագրվում է դրականորեն, ըստ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանի ձև 8 տեղեկանքի` համարվում է դատվածություն չունեցող:

Դատարանը (...) որպես ամբաստանյալ Խաչիկ Միքայելյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտում պատիժ նշանակելու պահին նրա խնամքի տակ մինչև 14 տարեկան 2 երեխաների` 2018 թվականի մարտի 23-ին ծնված Ժանետա Խաչիկի Միքայելյանի և 2021 թվականի սեպտեմբերի 22-ին ծնված Եվա Խաչիկի Միքայելյանի առկայությունը:

Դատարանը (...) որպես ամբաստանյալ Խաչիկ Միքայելյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում հանցագործությունից անմիջապես հետո տուժողին օգնություն ցույց տալը, որը դրսևորվել է դեպքի վայրում տուժողին մոտենալու, նրա վիճակը ստուգելու և դեպքի վայրից շտապօգնություն զանգահարելու եղանակով:

Դատարանը (...) որպես ամբաստանյալ Խաչիկ Միքայելյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում ինքնակամ ոստիկանության բաժին ներկայանալը, մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը:

Դատարանն արձանագրում է նաև, որ (...) պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք քրեական գործում առկա չէ:

(...) ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ամբաստանյալ Խաչիկ Միքայելյանին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատմանը` Դատարանն արձանագրում է, որ նա թույլ է տվել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների մեկից ավելի խախտումներ, մասնավորապես` տրանսպորտային միջոցը վարել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով, ինչպես նաև սահմանված արագությունը գերազանցելով, որոնք ինքնին մեծացնում և առավել հավանական են դարձնում ճանապարհային երթևեկության մասնակիցների համար հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը: Ըստ այդմ, Դատարանը գտնում է, որ Խաչիկ Միքայելյանի կատարած արարքն օժտված է հանրային վտանգավորության բարձր աստիճանով:

Անդրադառնալով ամբաստանյալ Խաչիկ Միքայելյանի անձի հանրային վտանգավորության գնահատմանը` Դատարանն արձանագրում է, որ նա դեպքից անմիջապես հետո չի թողել դեպքի վայրը, իջել է ավտոմեքենայից, միջոցներ է ձեռնարկել տուժողին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ, զանգահարել է 1-03 ծառայություն:

Պատժի տեսակը և չափը որոշելիս Դատարանը հաշվի է առնում ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, նրա կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, այդ թվում` գործողությունների վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ հոդվածներով, ինչպես նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներով և հաշվի առնելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար պատիժ է սահմանված բացառապես ազատազրկման ձևով` գտնում է, որ ամբաստանյալ Խաչիկ Միքայելյանի նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով` 2 (երկու) տարի (...) ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով:

(...) Դատարանը գտնում է նաև, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատժատեսակը և պատժաչափը համաչափ են նրա կատարած արարքներին, իսկ ամբաստանյալի հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները համարժեք են սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը (...): Այլ խոսքով, ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատիժը խիստ չէ և ավել սահմանափակումներ չի պարունակում, ավելին` Դատարանի գնահատմամբ` միայն այդ կերպ է հնարավոր հասնել ինչպես Սահմանադրությամբ ամրագրված նպատակներին, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքով ամրագրված պատժի նպատակներին (...)»(2):

 

___________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 16-28:

 

9. Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, 2024 թվականի մարտի 4-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքների և ծանրացնող հանգամանքների բացակայության համալիր գնահատման ու համադրման արդյունքում դատարանը մեղադրյալ Խաչիկ Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժի չափի ընտրության հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման:

Վերաքննիչ դատարանը հատկանշական է համարում մեղադրյալ Խաչիկ Միքայելյանի հետհանցավոր դրական վարքագիծը: Մասնավորապես` վերջինն անկեղծորեն զղջացել է կատարած արարքի համար, քրեական վարույթի քննության հենց սկզբից տվել խոստովանական ցուցմունքներ` հնարավորին աջակցելով վարույթն իրականացնող մարմիններին: Ընդ որում, քրեական վարույթի քննության ողջ ընթացքում գտնվելով ազատության մեջ` որևէ կերպ չի խուսափել, ինչպես նաև որևէ խոչընդոտ չի հարուցել վարույթի քննության համար:

Ավելին` առանց որևէ քաղաքացիական (գույքային) հայցի առկայության` նոտար Դիաննա Բեգլարյանի հաշվին մուտքագրել է մեկ միլիոն ՀՀ դրամ գումար` որպես նպատակ մատնանշելով վնասի հատուցումը (վճարման հանձնարարագրի անդորրագիր թիվ 000809): Ընդ որում, բողոքի քննության ընթացքում մեղադրյալ Խաչիկ Միքայելյանը հայտարարեց, որ պատրաստ է որոշակի ժամկետի ընթացքում ավելացնել հատուցվող գումարի չափը:

Վերը թվարկված հանգամանքների, մեղադրյալ Խաչիկ Միքայելյանի ընտանեկան դրության և սոցիալական դիրքի հաշվառմամբ` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: (...)»(3):

 

___________________

3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 5, թերթեր 85-89:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից հիմնավորված և պատճառաբանված են արդյո՞ք Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու և 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

Նույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

Նույն օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: (...)»:

Մեջբերված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ պատժի արդարությունը դրսևորվում է հանցագործության և քրեաիրավական ներգործության միջոցների (պատժի) համաչափության ապահովմամբ: Քրեական օրենքը համընդհանուր բնույթ ունի, իսկ արարքը և հանցավորի անձը կոնկրետ են: Հետևաբար, կոնկրետ գործով պատիժ նշանակելիս դատարանի ներքին համոզմունքը ձևավորվում է կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի(4), հանցավորի անձի, պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների վերլուծության հիման վրա` ելնելով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացումն ապահովելու անհրաժեշտությունից(5):

 

___________________

4) Հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ, ի թիվս այլ որոշումների, մանրամասն տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարուշ Մադաթյանի գործով 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08, Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշումները:

5) Պատիժ նշանակելիս դատարանի հայեցողության սահմանների վերաբերյալ, mutatis mutandis, տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11, Գառնիկ Գալստյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Էդվարդ Ադամյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0048/01/14 որոշումները:

 

11.1. Միևնույն ժամանակ անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքում պատիժ նշանակելու, ինչպես նաև նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանն իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ վերոնշյալ հանցագործությունների վերաբերյալ գործերով, ի թիվս այլնի, համարժեք իրավական գնահատական պետք է ստանան.

ա) հանցագործության կատարման եղանակը և հանգամանքները, հանցագործության կատարման մեջ ամբաստանյալի մեղավորության աստիճանը, հանցանքը կատարելուն նպաստող պայմանները,

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը,

գ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,

դ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը,

ե) հանցագործությամբ պատճառված վնասը, և

զ) հանցանքի կատարումից անմիջապես հետո, ինչպես նաև հետագայում հարուցված քրեական գործի քննության ընթացքում հանցավորի դրսևորած վարքագիծը(6):

 

___________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 13-14-րդ կետերը, ինչպես նաև, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Արամ Սահակյանի գործով 2010 թվականի օգոստոսի 27-ի թիվ ԳԴ1/0003/01/10, Էդմոն Ասատրյանի գործով 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11, Արամայիս Հովհաննեսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14 որոշումները:

 

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման և հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը և ըստ այդմ` տրանսպորտային միջոցի վարորդի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը գնահատելիս Վճռաբեկ դատարանն Էդմոն Ասատրյանի գործով արձանագրել է. «(...) Հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ դրսևորված անզգույշ մեղքի տարատեսակները, ելնելով գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից, տարբեր կերպ են բնորոշում հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության աստիճանը: Այսպես` հանցավոր անփութության դեպքում անձը չի նախատեսում իր արարքի արդյունքում ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, հետևաբար չի գիտակցում նաև իր կողմից տվյալ իրադրությունում թույլ տրված խախտման վտանգավորությունը: Մինչդեռ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը գիտակցում է, որ իր կողմից թույլ տրված խախտման արդյունքում կարող են վտանգավոր հետևանքներ առաջանալ, այսինքն` նա գիտակցում է իր արարքի վտանգավորությունը և, չնայած դրան, թույլ է տալիս նշված խախտումը, ինչը վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին»(7):

 

___________________

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Էդմոն Ասատրյանի գործով վերը նշված որոշման 17-րդ կետը:

 

12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին, վերաքննիչ դատարանը մեղմացնում կամ խստացնում է պատիժը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

Վերոգրյալ նորմը մեկնաբանելով սույն որոշման 11-րդ կետում մեջբերված քրեաիրավական նորմերի լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը Նարեկ Սարգսյանի գործով արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վերաքննիչ դատարանն իրավասու է պատժի մասով փոփոխել առաջին ատյանի դատարանի դատական ակտը հետևյալ դեպքերում.

1) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս չեն պահպանվել պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները,

2) առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս հաշվի չեն առնվել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները,

3) առաջին ատյանի դատարանի կողմից վերոնշյալ հանգամանք(ներ)ը հաշվի չառնելը հանգեցրել է անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման:

(...) Առաջին ատյանի դատարանի կողմից պատիժ նշանակելիս վերոնշյալ պահանջների չպահպանման վերաբերյալ վերաքննիչ դատարանի հետևությունները պետք է լինեն պատճառաբանված: Այլ կերպ ասած` պատիժն ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու հիմքով առաջին ատյանի դատարանի դատական ակտը փոփոխելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է պատճառաբանել, թե պատժի նշանակման հատկապես որ սկզբունքը կամ սկզբունքները չեն պահպանվել, հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցավորի անձը բնութագրող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող որ հանգամանքները հաշվի չեն առնվել և արդյոք այդ հանգամանքները հաշվի չառնելն է հանգեցրել անհամաչափ և պատժի նպատակների տեսանկյունից բավարարության չափանիշին չհամապատասխանող պատժի նշանակման: Այսինքն` եթե վերաքննիչ դատարանը, գտնելով, որ դատավճռում նշանակված պատիժն անարդարացի է ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ լինելու պատճառով, պետք է պատճառաբանի, թե ինչում է արտահայտվել պատժի խստության կամ մեղմության ակնհայտությունը»(8):

 

___________________

8) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Նարեկ Սարգսյանի գործով 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0042/01/11 որոշման 24-րդ կետը:

 

12.1. ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 377-րդ հոդվածի համաձայն` «Պարզելով, որ առաջին ատյանի դատարանը պատիժ նշանակելիս կամ պատժի կրման հարցը լուծելիս հաշվի չի առել պատիժը մեղմացնող կամ ծանրացնող կամ հանցագործության վտանգավորությունը կամ մեղադրյալի անձը բնութագրող որևէ հանգամանք, որի արդյունքով նշանակել է անարդարացի` ակնհայտ խիստ կամ ակնհայտ մեղմ պատիժ, վերաքննիչ դատարանը փոփոխում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը` մեղմացնելով կամ խստացնելով պատիժը կամ այլ կերպ լուծելով պատժի կրման հարցը` ղեկավարվելով պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված նախադեպային դիրքորոշումը շարունակում է կիրառելի լինել նաև ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված վերոնշյալ կարգավորման նկատմամբ:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Խաչիկ Միքայելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ 2021 թվականի փետրվարի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, վարելով «Օպել Աստրա» մակնիշի 35 UM 059 հաշվառման համարանիշի ավտոմեքենան` Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան քաղաք ընթանալիս երթևեկել է սահմանված թույլատրելի առավելագույնը գերազանցող արագությամբ` իրականացնելով իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, իրականացնելով ձախակողմյան երթևեկություն և երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը, այսինքն` ընթացքի ժամանակ շեղել է ուշադրությունը, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ Թ.Գ.Մ.-ին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, տեխնիկական տեսակետից ստեղծել է վթարային իրադրություն և թույլ է տվել «Ճանապարհային երթևեկության կանոնների» 2-րդ, 65-րդ կետերի և «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը` ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից(9):

 

___________________

9) Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Խ. Միքայելյանի կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը, նրա անձը բնութագրող հանգամանքները` ամուսնացած լինելը, դրական բնութագրվելը, դատվածություն չունենալը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները` պատիժ նշանակելու պահին նրա խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը, հանցագործությունից անմիջապես հետո տուժողին օգնություն ցույց տալը, ոստիկանության բաժին ինքնակամ ներկայանալը, մեղքն ընդունելը, կատարածի համար զղջալը և խոստովանական ցուցմունքներ տալը, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Խ. Միքայելյանի նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով(10):

 

___________________

10) Տե՛ս, սույն որոշման 8-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժի չափի ընտրության հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն իր հետևությունը հիմնավորելիս հատկանշական է համարել մեղադրյալ Խ. Միքայելյանի հետհանցավոր դրական վարքագիծը` կատարած արարքի համար անկեղծորեն զղջալը, քրեական վարույթի քննության հենց սկզբից խոստովանական ցուցմունքներ տալը, ինչպես նաև այն, որ քրեական վարույթի քննության ողջ ընթացքում վերջինս, գտնվելով ազատության մեջ, որևէ կերպ չի խուսափել, որևէ խոչընդոտ չի հարուցել վարույթի քննության համար, առանց որևէ քաղաքացիական (գույքային) հայցի առկայության` նոտարի հաշվին մուտքագրել է 1 (մեկ միլիոն) ՀՀ դրամ` որպես նպատակ մատնանշելով վնասի հատուցումը` բողոքի քննության ընթացքում հայտարարելով նաև, որ պատրաստ է որոշակի ժամկետի ընթացքում ավելացնել հատուցվող գումարի չափը:

Վերաքննիչ դատարանը վերոնշյալ հանգամանքների, մեղադրյալ Խ. Միքայելյանի ընտանեկան դրության և սոցիալական դիրքի հաշվառմամբ գտել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով(11):

 

___________________

11) Տե՛ս, սույն որոշման 9-րդ կետը:

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12.1-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի և արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, պատժի մասով բեկանելով և փոփոխելով ստորադաս դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ:

Այսպես, Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Առաջին ատյանի դատարանը Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժի չափի ընտրության հարցում եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, չի պատճառաբանել և կոնկրետ փաստական հանգամանքների մատնանշմամբ չի հիմնավորել, թե ինչու՞ է Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը ոչ իրավաչափ` անարդարացի` խիստ լինելու պատճառով, և ինչու՞մ է արտահայտվել դրա խստության ակնհայտությունը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելիս, պատշաճ գնահատման չի ենթարկել մեղադրյալի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող մի շարք գործոններ:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը պատշաճ վերլուծության և գնահատման չի ենթարկել`

ա) ամբաստանյալի կողմից թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բնույթը: Այսպես` Խ. Միքայելյանը թույլ է տվել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների մեկից ավելի խախտումներ, այն է` երթևեկել է սահմանված թույլատրելի առավելագույն սահմանը գերազանցող արագությամբ, իրականացրել է իր վարած ավտոմոբիլի ոչ պատշաճ և վտանգավոր կառավարում, այն է` ձախակողմյան երթևեկություն, և երթևեկության ժամանակ չի հետևել ճանապարհատրանսպորտային իրադրությանը` շեղել է ուշադրությունը, որպիսի հանգամանքներն ավելի հավանական են դարձրել ճանապարհային երթևեկության մասնակիցների կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու հնարավորությունը,

բ) ճանապարհային երթևեկության կանոնների խախտման նկատմամբ մեղադրյալի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը. այն է` ճանապարհային երթևեկության կանոններից առնվազն երկուսը մեղադրյալի կողմից, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով, դիտավորությամբ են խախտվել,

գ) հանրորեն վտանգավոր հետևանքների նկատմամբ հանցավորի դրսևորած հոգեբանական վերաբերմունքը. այն է` ամբաստանյալը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն: Մասնավորապես, ճանապարհային երթևեկության տվյալ իրադրությունում թույլատրելի առավելագույն սահմանը գերազանցող արագությամբ ընթանալով և տրանսպորտային միջոցը հանդիպակաց երթևեկելի ուղեմասով վարելով` ամբաստանյալ Խ. Միքայելյանը նախատեսել է իր գործողության արդյունքում հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:

14.1. Վերոգրյալի հետ մեկտեղ, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար հիմք հանդիսացած այն հանգամանքներին, որ քրեական վարույթի քննության ողջ ընթացքում գտնվելով ազատության մեջ` վերջինս որևէ կերպ չի խուսափել, որևէ խոչընդոտ չի հարուցել վարույթի քննության համար, ինչպես նաև առանց որևէ քաղաքացիական (գույքային) հայցի առկայության վնասը հատուցելուն ուղղված որոշակի գործողություններ է կատարել` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք սույն որոշմամբ արձանագրված` կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների առկայության պայմաններում չեն կարող ողջամտորեն նվազեցնել Խ. Միքայելյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի դատավճռով նշանակված պատիժը մեղմացնելու համար:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը ողջամտորեն նվազեցնող չի կարող գնահատվել այնպիսի հանգամանքը, որը բնութագրական է անձանց լայն շրջանակին և բխում է անձի կողմից քաղաքացիական հասարակությունում հաստատված կարգը պահպանելու պարտականությունից: Մասնավորապես, իրավահպատակ վարքագիծ դրսևորելը բնորոշ է հասարակության լայն շրջանակներին և յուրաքանչյուր քաղաքացու հասարակական պարտքն է(12):

 

___________________

12) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գագիկ Ղուկասյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԵԱՔԴ/0075/01/16 որոշման 18-րդ կետը:

 

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնելու համար հիմք հանդիսացած հանգամանքներից` կատարած արարքի համար անկեղծորեն զղջալուն, քրեական վարույթի քննության հենց սկզբից խոստովանական ցուցմունքներ տալուն, մեղադրյալի անձը բնութագրող, քրեական պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող մի շարք հանգամանքներին և ծանրացնող հանգամանքների բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դրանք արդեն իսկ գնահատվել են Առաջին ատյանի դատարանի կողմից ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, իսկ Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին չի պատճառաբանել, թե ինչու՞մ է դրսևորվել դրանց գնահատման ոչ պատշաճ լինելը:

15. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի երաշխավորման տեսանկյունից Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակված պատժաչափը փոփոխելու և 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժ նշանակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավորված և պատճառաբանված չեն:

i

16. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ և 61-րդ և 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ և 387-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, պահպանելով պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի առնելով հանցավորի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, ինչպես նաև մեղադրյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, Խ. Միքայելյանի նկատմամբ նշանակել է համաչափ և արդարացի պատիժ: Ուստի, անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի մարտի 4-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Խաչիկ Կարապետի Միքայելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 4-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2023 թվականի օգոստոսի 17-ի դատավճռին:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Հ. Ասատրյանի

Դատավորներ` Ս. Ավետիսյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3120

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.02.2026
N ԿԴ/0125/01/21
Որոշում