Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ, ԲՌՆԱԳԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԸ, ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄԸ ԵՎ ԴԱՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԿԴ/0200/01/13

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԵԿԴ/0200/01/13

Նախագահող դատավոր` Ռ. Բարսեղյան

    Դատավորներ`        Գ. Ավետիսյան

                       Ա. Պետրոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ             Դ. Ավետիսյանի

                   մասնակցությամբ դատավորներ  Ս. Ավետիսյանի

                                              Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ           Մ. Ավագյանի

 

2016 թվականի հունիսի 24-ին

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Վասիլի Անդրեասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ տուժող Ա. Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2013 թվականի ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 213-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62204013 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ Արթուր Վասիլի Անդրեասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ քրեական գործով քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու համար կալանք է դրվել ք. Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող տարածքի վրա:

Նույն մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Ա.Անդրեասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, երկու դրվագ` 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նույն մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Արտակ Գավրուշայի Գալստյանը ճանաչվել է քաղաքացիական հայցվոր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս մեղադրյալ Ա.Անդրեասյանի դեմ ներկայացրել է ընդհանուր 48.832.840 ՀՀ դրամի և 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի (ք. Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող) նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ քաղաքացիական հայց (տե՛ս քրեական գործ, հատոր 12-րդ, թերթեր 19-20):

2013 թվականի հոկտեմբերի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Դատաքննության ընթացքում 2015 թվականի մայիսի 22-ի որոշմամբ մեղադրողը ամբաստանյալ Ա.Անդրեասյանին առաջադրված մեղադրանքը փոփոխել և լրացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

2. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով ամբաստանյալ Ա.Անդրեասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), և ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ` 200.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում ճանաչվել և հռչակվել է նրա անմեղությունը, և նա արդարացվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Նույն դատավճռով վճռվել է նաև Արտակ և Վեներա Գալստյանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ա.Անդրեասյանի` 52.458.000 ՀՀ դրամի բռնագանձման և գրավի ու սեփականության իրավունքների վերականգնման պահանջների մասին, թողնել առանց քննության:

3. Մեղադրող Ա.Երիցյանի, ամբաստանյալ Ա.Անդրեասյանի պաշտպան Մ.Սարգսյանի, դիմող Ա.Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Սոլոմոնյանի և դիմող Դ.Նազարյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ մեղադրող Ա.Երիցյանի, ամբաստանյալ Ա.Անդրեասյանի պաշտպան Մ.Սարգսյանի, դիմող Ա.Գևորգյանի ներկայացուցիչ Գ.Սոլոմոնյանի վերաքննիչ բողոքները մերժել է, իսկ Դ.Նազարյանի վերաքննիչ բողոքը բավարարել է, փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռը և վերացրել ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

4. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա.Անդրեասյանի պաշտպան Մ.Սարգսյանը և տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանը:

Վճռաբեկ դատարանը 2016 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ամբաստանյալ Ա. Անդրեասյանի պաշտպան Մ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է, իսկ տուժող Ա.Գալստյանի ներկայացուցիչ Ս.Սարգսյանի բողոքը 2016 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ընդունել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Դ.Նազարյանը` խնդրելով մերժել վճռաբեկ բողոքը և օրինական ուժի մեջ թողնել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

5. Ամբաստանյալ Ա.Անդրեասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա խարդախությամբ հափշտակել է Արտակ Գալստյանի, Արտյոմ Շախպազյանի, Էդվարդ Ներսիսյանի, Գևորգ Թադևոսյանի, Մուշեղ Սաֆարյանի, Արթուր Քոչինյանի և Թաթուլ Քամալյանի առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 328.251.210 ՀՀ դրամին համարժեք 110.000 եվրոն, 622.000 ԱՄՆ դոլարը, 30 մլն ՀՀ դրամը:

Բացի այդ, Արթուր Անդրեասյանը 2013 թվականի ապրիլի 3-ին խարդախությամբ հափշտակել է նաև Արտյոմ Շախպազյանի խոշոր չափերով` 1.671.360 ՀՀ դրամին համարժեք 4.000 ԱՄՆ դոլարը:

Բացի այդ, Արթուր Անդրեասյանը 2011 թվականի ապրիլի 12-ին խարդախությամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Արտակ Գալստյանի առանձնապես խոշոր չափերի` 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ:

Այսպես` Արթուր Անդրեասյանը, փաստացի Արտակ Գալստյանի սեփականությունը հանդիսացող, սակայն նրա ծանոթ Կարեն Թումիկյանի անվամբ գրանցված` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող, անշարժ գույքի նկատմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, խարդախություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2011 թվականի ապրիլին համոզել է նրան տարածքը 250.000 ԱՄՆ դոլար գնով վաճառել իրեն` խոստանալով այդ տարածքի գրավադրմամբ բանկից ստացված վարկային միջոցները ներդնել ձեռնարկատիրական գործունեության մեջ, տարածքի արժեքն Արտակ Գալստյանին վճարել 21 ամիս անց` 2012 թվականի դեկտեմբերին, իսկ մինչ այդ նրան վճարել ամսական 1,2 տոկոս (3.000 ԱՄՆ դոլար) գումար: Արտակ Գալստյանի վստահությունն ավելի ամրապնդելու համար նրան ցույց է տվել, ապա «Յունիբանկ» ՓԲԸ ներկայացրած հայտարարագրում մտացածին կերպով` որպես իր եկամուտներ, ներառել է նաև «Մոսկվիչկա» խանութների ցանցի արտարժույթի առք ու վաճառքի գրասենյակների եկամուտները` ի հավաստումն դրա կցելով նաև փոխանակման այդ կետերի դրամարկղային գործարքների հաշվետվությունները:

Արտակ Գալստյանը, վստահելով Արթուր Անդրեասյանին և հավատալով նրա կեղծ խոստումներին, համաձայնել է, որից հետո 2011 թվականի ապրիլի 12-ին Արթուր Անդրեասյանի (գնորդ-գրավատու), Կարեն Թումիկյանի (վաճառող) և «Յունիբանկ» ՓԲ ընկերության (գրավառու) միջև կնքվել է «Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի» պայմանագիր, որով Արթուր Անդրեասյանը, չարաշահելով Արտակ Գալստյանի վստահությունը, խաբեությամբ ձեռք է բերել սեփականության իրավունք նրան պատկանող, 94.005.000 ՀՀ դրամ արժողության` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ: Հետագայում Արթուր Անդրեասյանն իր դիտավորության համաձայն Արտակ Գալստյանին չի վճարել տարածքի արժեքը, ավելին` այն վերադարձնելու հնարավորությունը բացառելու նպատակով վերջինից գաղտնի 2012 թվականի նոյեմբերի 11-ին այն վաճառել է Ռուբեն և Կարեն Բաբակեխյաններին» (տե՛ս քրեական գործ, հատոր 20-րդ, թերթեր 16-28):

6. 2010 թվականի օգոստոսի 31-ին Վեներա Ֆարոսի Գալստյանի ու Արտակ Գավրուշայի Գալստյանի և Կարեն Նորայրի Թումիկյանի միջև կնքվել է ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի առուվաճառքի պայմանագիր (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 132, հատոր 10-րդ, թերթեր 143-144):

6.1. 2011 թվականի ապրիլի 12-ին Կարեն Նորայրի Թումիկյանի և Արթուր Վասիլի Անդրեասյանի, «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքվել է ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 128-131, հատոր 10-րդ, թերթեր 150-157):

6.2. 2012 թվականի նոյեմբերի 11-ին Արթուր Վասիլի Անդրեասյանի ու Իրինա Վալերիի Անդրեասյանի և Դոնարա Հենրիկի Նազարյանի միջև կնքվել է ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 բնակարանի առուվաճառքի պայմանագիր (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 165-166):

7. Նախաքննության մարմնի` գույքի վրա կալանք դնելու մասին 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշման մեջ արձանագրվել է. «Նկատի ունենալով, որ քննությամբ ստուգվում է մեղադրյալ Ա. Անդրեասյանի կողմից նշված անշարժ գույքի նկատմամբ խաբեությամբ սեփականության իրավունք ձեռք բերելու վարկածը, ուստի քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել կալանք դնել Երևանի քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-8 հասցեում գտնվող տարածքի վրա» (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 146):

8. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2014 թվականի հունիսի 3-ի վճռով ներկայացված քաղաքացիական հայցը մերժել է` հաստատված համարելով, որ «Դոնարա Նազարյանը և Կարեն Բաբակեխյանը հանդիսանում են բարեխիղճ ձեռքբերողներ» (տե՛ս քրեական գործ, հատոր 23-րդ, թերթ 208):

9. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է. «(...) Ամբաստանյալի կատարած արարքներին տրվել են ճիշտ քրեաիրավական գնահատականներ, քրեական գործի ապացույցները ձեռք են բերվել քրեադատավարական օրենքի պահանջների պահպանմամբ և դատաքննությամբ ապացուցվեց, որ ամբաստանյալը կատարել է հանցանքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով ու 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնցով և նա պետք է պատասխանատվության ենթարկվի:

(...)

(...) Նկատի ունենալով, որ տուժող Ա. Գալստյանի ներկայացուցիչը, հայտնելով, որ տուժողը և նրա կինը ցանկանում են դատարան դիմել քաղաքացիական դատավարության կարգով, խնդրեց քննության չառնել Արտակ և Վեներա Գալստյանների ընդդեմ Արթուր Անդրեասյանի` գումարի բռնագանձման և գրավի ու սեփականության իրավունքների վերականգնման պահանջների մասին հայցը, գտնում է, որ նշված հայցը պետք է թողնել առանց քննության:

(...)

(...) Նկատի ունենալով, որ հանցագործությամբ պատճառված գույքային վնասների հատուցումը և գույքի բռնագրավումն ապահովելու համար նախաքննության ընթացքում կալանք է դրվել ամբաստանյալ Ա.Անդրեասյանի գույքի` ք.Երևանի Փափազյան փողոցի 11-րդ շենքի հ. 60 բնակարանի վրա, կալանք է դրվել նաև ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի հ. 8 հասցեում գտնվող տարածքի վրա, գտնում է, որ նշված անհրաժեշտությունը դեռևս չի վերացել, հետևաբար նշված անշարժ գույքերի վրա դրված կալանքը պետք է պահպանվի (տե՛ս քրեական գործ, հատոր 22-րդ, թերթ 100):

10. Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Ա. Անդրեասյանի մեղավորությունը վերջինիս մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը համապատասխան մասերով թողնելով անփոփոխ, միաժամանակ փաստել է. «(...) Վեներա Գալստյանը, որը լիազորագրի հիման վրա գործել է նաև Արտակ Գալստյանի անունից, այնպես էլ Կարեն Թումիկյանը, Արթուր Անդրեասյանը վիճելի բնակարանը չեն կորցրել, նշված գույքը նրանցից չի հափշտակվել և հաստատվել է, որ նշված գույքը Վեներա Գալստյանի, այնպես էլ Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի տիրապետումից դուրս է եկել նրանց կամքով` իրավական նորմերի պահպանմամբ` բոլոր գործարքները սեփականատերերի միջև վավերացվել է նոտարական կարգով (...):

Այսինքն, Դ. Նազարյանը և Ռ.Բաբակեխյանը նշված բնակարանը սեփականատիրոջից ձեռք են բերել հատուցմամբ և հատկանշական է, որ վիճելի բնակարանը Արթուր Անդրեասյանի տիրապետումից դուրս է եկել նրա կամքով, այսինքն` Դոնարա Նազարյանը և Ռուբեն Բաբակեխյանը գույքը ձեռք են բերել բարեխղճորեն:

Բացի այդ, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014թ. թիվ ԵԱՔԴ/1112/02/13 վճռով Վեներա Գալստյանի հայցը` 31.02.2010 թվականի Արտակ Գալստյանի, Վեներա Գալստյանի և Կարեն Թումիկյանի միջև Նոր Նորք նոտարական տարածքի նոտար Է.Մակարյանի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագիրը, 12.04.2011 թվականի Կարեն Թումիկյանի, Արթուր Անդրեասյանի և «Յունիբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիրը, 07.11.2012 թվականի Արթուր Անդրեասյանի և Դոնարա Նազարյանի միջև կնքված գույքի առուվաճառքի պայմանագիրը, 02.05.2013 թվականի Ռուբեն Բաբակեխյանի, Կարեն Բաբակեխյանի, Դոնարա Նազարյանի և «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի միջև կնքված անշարժ գույքի գրավադրմամբ վարկային պայմանագիրը անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու` Արտակ Գալստյանի և Վեներա Գալստյանի Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին` մերժվել է` անհիմն լինելու պատճառով:

(...)

Այսպիսով, Առաջին ատյանի դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ Դոնարա Նազարյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2014թ. թիվ ԵԱՔԴ/1112/02/13 օրինական ուժ ստացած վճռով որպես գույքի բարեխիղճ ձեռք բերող, զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից: Այդ գույքի վրա դրված արգելանքի պահպանմամբ` շարունակվում է խախտվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայով սահմանված գույքից անարգել օգտվելու Դ.Նազարյանի իրավունքը:

Հատկանշական է նաև, որ Առաջին ատյանի դատարանի նշված դատավճռի պատճառաբանական մասում չկա որևէ հիմնավորում` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի վրա դրված արգելանքի վերաբերյալ:

Վերոգրյալ հիմքերի առկայության պայմաններում Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի կոպիտ խախտում` ուստի Առաջին ատյանի դատարանի 10.08.2015թ. թիվ ԵԿԴ/0200/01/13 դատավճիռը այդ մասով ենթակա է փոփոխման` Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի վրա դրված արգելանքը պետք է վերացնել` սույն որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո» (տե՛ս քրեական գործ, հատոր 24-րդ, թերթեր 238-239):

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

11. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ, 232-րդ, 238-րդ, 376-րդ, 379-րդ, 380-րդ, 382-րդ, 398-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Լիա Ավետիսյանի և Արման Կարախանյանի նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները:

Բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, Դ.Նազարյանի` վերաքննության կարգով բողոք բերելու բացթողնված ժամկետը հարգելի համարելով, բողոքը վարույթ ընդունելով, այն բավարարելով, մասնավորապես` ք. Երևան Բաղրամյան պողոտայի 77 շենքի թիվ 8 տարածքի վրա քննիչի կողմից դրված արգելանքը վերացնելով, թույլ է տվել դատավարական նորմերի կոպիտ խախտում, որն ազդել է գործի ելքի վրա:

12. Ի հիմնավորումն իր վերոհիշյալ փաստարկների` բողոքաբերը նշել է, որ Դ.Նազարյանը իրավունք չուներ բողոքարկելու սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քանի որ վերջինս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, վերաքննիչ բողոք բերելու իրավասությամբ օժտված անձ չէ: Բացի այդ, ըստ բողոքաբերի` Դ.Նազարյանը բաց է թողել Առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը բողոքարկելու ժամկետը, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի` սույն գործով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը կարող էր վերաքննության կարգով բողոքարկվել այն հրապարակվելու պահից մեկամսյա ժամկետում, մինչդեռ Դ.Նազարյանը, տեղյակ լինելով քննիչի կողմից նախաքննության ընթացքում ք.Երևան, Բաղրամյան 77 շենքի թիվ 8 բնակարանի վրա դրված արգելանքի մասին, այն հանելու պահանջով չի դիմել նախաքննության մարմնին, դատական կարգով չի բողոքարկել արգելանքը դնելու մասին որոշումը, Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում նման պահանջ չի ներկայացրել և միայն Առաջին ատյանի դատավճիռը հրապարակվելուց հետո երկուսուկես ամիս անց, առանց բողոքարկման համար բացթողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու, գույքի վրա դրված արգելանքը հանելու պահանջով դիմել է Վերաքննիչ դատարան` խախտելով բողոքարկման ժամկետները և կարգը:

13. Բողոքաբերը նշել է նաև, որ սույն գործով բացակայել են ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77 շենքի թիվ 8 տարածքն արգելանքից հանելու իրավական հիմքերը: Մասնավորապես` ըստ բողոքաբերի` Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործությամբ պատճառված գույքային վնասների հատուցումը և գույքի բռնագրավումը ապահովելու համար նախաքննության ընթացքում կալանք է դրվել Ա.Անդրեասյանի` խնդրո առարկա բնակարանի վրա, իրավացիորեն գտել է, որ արգելանքի տակ մնալու անհրաժեշտությունը դեռ չի վերացել: Բացի այդ, տվյալ անշարժ գույքի հետ կապված քաղաքացիական հայցը չի քննվել, այլ թողնվել է քննվելու քաղաքացիական դատավարության կարգով, ուստի նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, գույքն արգելանքից հանելով, զրկել է տուժողին իր խախտված իրավունքները դատական կարգով արդյունավետորեն վերականգնելու հնարավորությունից:

14. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը, հետազոտելով Դ.Նազարյանի ներկայացրած` Երևանի Քանաքեռ-Զեյթույն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` թիվ ԵԱՔԴ/0112/02/13 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճիռը, որով Դ.Նազարյանը ճանաչվել է ք.Երևան, Բաղրամյան 77 շենքի թիվ 8 բնակարանի բարեխիղճ ձեռքբերող, խախտել է վերաքննության սահմանները, քանի որ Դ.Նազարյանը չի հիմնավորել, որ օբյեկտիվ հնարավորություն չի ունեցել այն ներկայացնելու Առաջին ատյանի դատարանում գործի քննության ժամանակ` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այդ վճիռը կայացվել է 2014 թվականի հունիսի 3-ին:

15. Բացի այդ, ըստ բողոքաբերի` սույն գործով Վերաքննիչ դատարանը անտեսել է այն հանգամանքը, որ ք.Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 հասցեում գտնվող տարածքի վրա դրված կալանքի հարցը կարող է քննարկվել տուժող Ա.Գալստյանի քաղաքացիական հայցը քննության առնելուց հետո միայն, քանի որ արգելանքի քննարկման հարցն անմիջական պատճառական կապի մեջ է գտնվում քաղաքացիական հայցի հետ և բացառապես կարող է լինել քաղաքացիական հայցի ածանցյալ հետևանք, իսկ Վերաքննիչ դատարանը քաղաքացիական հայցը քննված չլինելու պայմաններում անդրադարձել է դրա հետևանքին:

Նշվածից բողոքի հեղինակն ամփոփել է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը դուրս է եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից` գույքը կալանքից ազատելով հանդես է եկել որպես ընդհանուր իրավասության դատարան, իսկ Դ.Նազարյանին ապօրինաբար բարեխիղճ գնորդ ճանաչելով` որպես քաղաքացիական գործով քննություն իրականացնող ընդհանուր իրավասության դատարան: Այս առումով Վերաքննիչ դատարանը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով հանդես չի եկել որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան:

16. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելու նպատակն օրենքի միատեսակ կիրառության ապահովման սահմանադրական գործառույթի իրացումն է: Այս առումով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքի վրա կալանք դնելը կիրառելու նպատակների մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: ՈՒստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

I. Գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելը.

18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի համաձայն`

«1. Գույքի վրա կալանք դնելը կիրառվում է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը, բռնագանձումը և դատական ծախսերն ապահովելու համար:

2. Կալանքը դրվում է կասկածյալի և մեղադրյալի, ինչպես նաև այն անձանց գույքի վրա, որոնց վրա, կասկածյալի և մեղադրյալի գործողությունների համար, կարող է դրվել նյութական պատասխանատվություն` անկախ նրանից, թե ինչպիսի գույք է և ում մոտ է գտնվում (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

Գույքի վրա կալանք դնելը քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը, մեղադրյալը կամ այն անձը, որի մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել բռնագրավման ենթակա գույքը:

Մեջբերված նորմերի համադրված վերլուծությունը վկայում է, որ օրենսդիրը սահմանել է գույքի վրա կալանք դնելու` որպես քրեադատավարական հարկադրանքի միջոցի կիրառման իրավական հիմքերը և նպատակները: Մասնավորապես, մատնանշված քրեադատավարական դրույթների բովանդակությունից հետևում է, որ գույքի վրա կալանք դնելը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ գործով հավաքված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել առկա գույքը: Ընդ որում, կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության կամ այլ գույքային իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու`

1) քաղաքացիական հայցը,

2) գույքի հնարավոր բռնագրավումը,

3) բռնագանձումը,

4) դատական ծախսերը:

19. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նախևառաջ անդրադառնալ գույքի հնարավոր բռնագրավման, բռնագանձման և դատական ծախսերի ապահովման նպատակով գույքի վրա կալանք դնելու առանձնահատկություններին:

19.1. ՀՀ քրեական օրենսգրքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն`

«Գույքի բռնագրավումը (...)` որպես լրացուցիչ պատիժ (...) կարող է նշանակվել միայն սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում»:

ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի համաձայն`

«1. Գույքի բռնագրավումը դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հարկադրաբար և անհատույց վերցնելն է` ի սեփականություն պետության:

(...)

6. Բռնագրավման ենթակա չէ դատապարտյալի կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ գույքն այն ցանկին համապատասխան, որը սահմանված է օրենքով:»:

ՀՀ քրեական օրենսգրքի մեջբերված նորմերի ուսումնասիրությունից բխում է, որ որպես լրացուցիչ պատժատեսակ` օրենսդիրը նախատեսել է դատապարտյալի սեփականությունը համարվող գույքը կամ դրա մի մասը հօգուտ պետության բռնագրավելը: Ընդ որում, անձի նկատմամբ գույքի բռնագրավումը որպես լրացուցիչ պատժատեսակ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ որպես այդպիսին ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայում:

Հարկ է նկատել նաև, որ քննարկվող պատժատեսակի նշանակման դեպքում կարող է բռնագրավվել միայն այն գույքը, որը համարվում է դատապարտյալի սեփականությունը (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքի): Նշյալը ուղղակիորեն բխում է անձնական պատասխանատվության սկզբունքից, ըստ որի` անձը ենթակա է քրեական պատասխանատվության միայն անձամբ իր կատարած հանցանքի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 8-րդ հոդված):

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու նպատակով կալանք կարող է դրվել միայն որոշակի անձի այնպիսի գույքի վրա, որը բռնագրավման առարկա է: Հակառակ դեպքում գույքի վրա կալանք դնելը կլինի ոչ իրավաչափ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերոնշյալ նպատակով կալանք կարող է դրվել`

1) միայն այն կասկածյալի կամ մեղադրյալի գույքի վրա, ում մեղսագրվում է այնպիսի հանցագործություն, որի համար որպես լրացուցիչ պատժատեսակ նախատեսված է գույքի բռնագրավումը,

2) կասկածյալի կամ մեղադրյալի միայն այն գույքի վրա, որը համարվում է վերջիններիս սեփականությունը (բացառությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 6-րդ մասում նշված գույքի):

19.2. ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված ցանկացած գույքը (...), բացառությամբ բարեխիղճ երրորդ անձի գույքի, տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար անհրաժեշտ գույքի, ենթակա է բռնագանձման` հօգուտ պետության:

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 2.1-րդ մասի համաձայն`

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի համաձայն` բռնագանձման ենթակա գույքի վրա կալանքը դրվում է անկախ հանցանք կատարած անձի կամ երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրանց կողմից տիրապետելու հանգամանքից»: (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն`

«Քրեական վարույթն իրականացնող մարմինն անհապաղ կալանք է դնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված բռնագանձման ենթակա գույքի վրա»:

Գույքի վրա կալանք դնելը կիրառելու հաջորդ նպատակը դրա բռնագանձման ապահովումն է: Քրեադատավարական իրավակարգավորումների համաձայն` քրեական վարույթն իրականացնող մարմինը անհապաղ կալանք է դնում այն գույքի վրա, որը ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-ին հոդվածի 1-ին մասի իմաստով ենթակա է բռնագանձման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում ևս առանցքային նշանակություն ունի գույքի` բռնագանձման ենթակա լինելու հանգամանքի պարզումը: Այլ կերպ` անհրաժեշտ է բացահայտել, թե արդյոք քրեական գործի համապատասխան ելքի դեպքում գույքը կարող է բռնագանձվել հօգուտ պետության, թե ոչ:

Ընդ որում, հարկ է նշել, որ բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք կարող է դրվել անկախ դրա` երրորդ անձի սեփականությունը հանդիսանալու կամ նրա կողմից տիրապետելու հանգամանքից: Այդ առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված հանգամանքը պայմանավորված է նրանով, որ հանցանք կատարած անձը կարող է բռնագանձման ենթակա գույքը, օրինակ, սեփականության իրավունքով տրամադրել մեկ այլ անձի` հանցագործության կատարման արդյունքում դրա ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված լինելու փաստը քողարկելու նպատակով: ՈՒստի նման իրավիճակները բացառելու անհրաժեշտությունից ելնելով` օրենսդիրը բռնագանձման ենթակա գույքի վրա կալանք դնելու հարցում չի սահմանափակվել այդպիսի գույքի` սեփականության իրավունքով միայն կասկածյալին կամ մեղադրյալին պատկանելու հանգամանքով:

Չնայած դրան` հաշվի առնելով մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության ապահովման անհրաժեշտությունը` նախատեսվել է գույքի վրա բռնագանձում տարածելը բացառող երկու դեպք.

1) երբ տվյալ գույքը պատկանում է բարեխիղճ երրորդ անձին,

2) երբ տվյալ գույքն անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բռնագանձման ենթակա գույք չի կարող համարվել, հետևաբար նաև բռնագանձումն ապահովելու նպատակով կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որ թեև համարվում է հանցագործության կատարման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված, սակայն պատկանում է բարեխիղճ երրորդ անձին կամ անհրաժեշտ է տուժողին և քաղաքացիական հայցվորին հանցագործությամբ պատճառված վնասների հատուցման համար:

19.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Դատական ծախսերը բաղկացած են`

1) տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարներից, 2) տուժողին, մասնագետին, փորձագետին, վկային ներկայանալու և օրապահիկի ծախսերի հատուցման գումարներից, 3) մասնագետի, փորձագետի, թարգմանչի վարձատրության գումարներից, 4) նշանակված պաշտպանին վճարվելիք գումարներից, 5) իրեղեն ապացույցների պահպանման, առաքման և հետազոտման համար ծախսված գումարներից, 6) հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումարներից, 7) փորձաքննություն, քննչական փորձարարություն կատարելիս փչացած կամ ոչնչացած իրերի արժեքի և տվյալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած նման այլ ծախսերի հատուցման համար ծախսված գումարներից, 8) քրեական գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների համար ծախսված գումարներից»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`

«Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա»:

Մեջբերված դրույթների վերլուծությունը վկայում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված առանձին դատական ծախսերը դատարանը կարող է դնել դատապարտյալի վրա: Իսկ դրանից անմիջականորեն հետևում է, որ կալանք չի կարող դրվել այն գույքի վրա, որը չի պատկանում կասկածյալին կամ մեղադրյալին, այլ կերպ` գույքի վրա կալանք դնելը կիրառելու մյուս նպատակի` դատական ծախսերի ապահովումը կենսագործելու համար կարող են սահմանափակվել բացառապես կասկածյալի կամ մեղադրյալի գույքային իրավունքները:

 

II. Քաղաքացիական հայցի ապահովման նպատակով գույքի վրա կալանք դնելը և դրա հետագա պահպանման հարցի լուծումը.

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`

«Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն`

«1. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել յուրաքանչյուր պահի` սկսած քրեական գործի հարուցումից մինչև դատավճիռ կայացնելու համար դատարանի հեռանալը խորհրդակցական սենյակ:

2. Քաղաքացիական հայց հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար

(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն`

«Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարտավոր են քաղաքացիական հայցվորի կամ նրա ներկայացուցչի կամ սեփական նախաձեռնությամբ միջոցներ ձեռնարկել` ապահովելու քաղաքացիական հայցը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն`

«1. Քաղաքացիական հայց ներկայացրած անձն իրավունք ունի հրաժարվել հայցից քրեական գործով վարույթի ցանկացած պահի, եթե դրանով չեն խախտվում այլ անձանց իրավունքները և օրինական շահերը (...):

2. Քաղաքացիական հայցից հրաժարվելն ընդունելը հանգեցնում է քրեական դատավարությունում քաղաքացիական հայցով վարույթի կարճման և համապատասխան անձին զրկում է տվյալ քաղաքացիական հայցը քրեական դատավարության կարգով կրկին հարուցելուց»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի համաձայն`

«1. Գույքը, քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ, ազատվում է կալանքից, եթե քաղաքացիական հայցը հետ վերցվելու, կասկածյալին կամ մեղադրյալին վերագրվող արարքի որակումը փոխվելու հետևանքով կամ այլ պատճառներով վերացել է գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:

(...)

2. Քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ դատարանն իրավունք ունի գույքի վրա դրված կալանքը պահպանել նաև քրեական գործով վարույթի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի համաձայն`

«Դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:

Գույքի վրա կալանք դնելը կիրառելու նպատակներից վերջինը քաղաքացիական հայցի ապահովումն է: Վերը մեջբերված դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական հայցը հանցագործությունից վնաս կրած անձի գույքային շահերի` քրեական դատավարության կարգով պաշտպանության նպատակով համապատասխան անձի դեմ ներկայացված հայցադիմումի հիման վրա հարուցված հայցն է:

Քաղաքացիական հայցի քննության արդյունքում դատարանը կարող է կայացնել հետևյալ որոշումներից որևէ մեկը.

1) այն լրիվ կամ մասնակիորեն բավարարել,

2) մերժել դրա բավարարումը,

3) թողնել այն առանց քննության:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ երեք որոշումներից յուրաքանչյուրն օժտված է իր ուրույն բնույթով, և դրանցից ամեն մեկի կայացումը տարբեր կերպ է ազդում գույքի վրա դրված կալանքի հետագա պահպանման հարցի լուծման վրա:

20.1. Այսպես` քաղաքացիական հայցի բավարարումը ենթադրում է վնասի հատուցման համար կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին հայցադիմումում նշված խնդրանքի բավարարում: Հետևաբար այն դեպքում, երբ քաղաքացիական հայցը բավարարվում է լրիվ կամ մասնակիորեն, ապա գույքի վրա դրված կալանքը համապատասխան` քաղաքացիական հայցով բավարարված հայցապահանջի մասով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության պարագայում պետք է, որպես կանոն, պահպանվի մինչև դատական ակտի փաստացի կատարումը: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մինչև դրա կատարումը համապատասխան անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել առկա գույքը:

Անդրադառնալով քաղաքացիական հայցը դատարանի կողմից մերժելուն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն դեպքում գույքի վրա դրված կալանքը, ըստ էության, պետք է վերացվի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցը մերժելու դեպքում փաստացի վերանում է նաև գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը:

20.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու դեպքում, որպես կանոն, դատարանը պետք է վերացնի գույքի վրա դրված կալանքը: Վճռաբեկ դատարանի սույն դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ քաղաքացիական հայց չլինելու դեպքում վերանում է նաև այդպիսի հայցի` քրեական դատավարության կարգով ապահովման անհրաժեշտությունը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քրեադատավարական իրավակարգավորումների համաձայն (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մաս)` քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը դատարանի կողմից առանց քննության թողնվելու դեպքում անձը չի զրկվում հետագայում քաղաքացիական դատավարության կարգով այդպիսի հայց հարուցելու հնարավորությունից:

Հաշվի առնելով նշված հանգամանքը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված գործիքը, այն է` քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց միջնորդությամբ քրեական գործով վարույթի ավարտից հետո ևս մեկ ամիս գույքի վրա դրված կալանքը պահպանելու հնարավորությունը, լրացուցիչ երաշխիք է քաղաքացիական հայցից հրաժարված անձի համար` մինչ քաղաքացիական դատավարության կարգով իր գույքային իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը, սակայն, հարկ է համարում ընդգծել, որ քաղաքացիական հայցը դատարանի կողմից առանց քննության թողնվելու դեպքում գույքի վրա դրված կալանքը կարող է պահպանվել քրեական գործով վարույթի ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, միայն այն դեպքում, երբ դրա վերաբերյալ առկա է քաղաքացիական հայցվորի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից դատարան ներկայացված միջնորդություն: Այլ կերպ` այդպիսի միջնորդության բացակայության դեպքում դատարանն իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ պահպանելու գույքի վրա դրված կալանքը:

21. Սույն գործի փաստերի համաձայն` ամբաստանյալ Ա.Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011 թվականի ապրիլի 12-ին խարդախությամբ սեփականության իրավունք է ձեռք բերել տուժող Ա.Գալստյանի` առանձնապես խոշոր չափերի` 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ` ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ: Մասնավորապես` ամբաստանյալ Ա.Անդրեասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով սեփականության իրավունք ձեռք բերելու նպատակով, խարդախություն կատարելու ուղղակի դիտավորությամբ համոզել է տուժող Ա.Գալստյանին նշված գույքը 250.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց վաճառել իրեն: Այդ գույքի գրավադրման արդյունքում բանկից ստացված վարկային միջոցները ամբաստանյալ Ա.Անդրեասյանը խոստացել է ներդնել ձեռնարկատիրական գործունեության մեջ, իսկ գույքի արժեքը վճարել 2012 թվականի դեկտեմբերին: Ա. Գալստյանը, վստահելով Ա.Անդրեասյանին և հավատալով նրա կեղծ խոստումներին, համաձայնել է, որից հետո` 2011 թվականի ապրիլի 12-ին, Ա. Անդրեասյանի, Կ. Թումիկյանի և «Յունիբանկ» ՓԲ ընկերության միջև կնքվել է «Անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի» պայմանագիր: Սակայն հետագայում ամբաստանյալ Ա.Անդրեասյանը, իր դիտավորության համաձայն, տուժող Ա.Գալստյանին չի վճարել գույքի արժեքը, իսկ այն վերադարձնելու հնարավորությունը բացառելու նպատակով 2012 թվականի նոյեմբերի 11-ին վաճառել է Ռ.և Կ. Բաբակեխյաններին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Նախաքննության մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ խնդրո առարկա անշարժ գույքի վրա դրվել է կալանք` քրեական գործով քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերն ապահովելու նպատակով (տե՛ս սույն որոշման 1-ին և 7-րդ կետերը):

Նույն մարմնի` 2013 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ Ա.Գալստյանը ճանաչվել է քաղաքացիական հայցվոր` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս մեղադրյալ Ա.Անդրեասյանի դեմ ներկայացրել է ընդհանուր 48.832.840 ՀՀ դրամի և 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի (ք. Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող) նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ քաղաքացիական հայց (տե՛ս սույն որոշման 1-ին կետը):

Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում նշել է, որ ամբաստանյալը կատարել է հանցանքներ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որոնցով և նա պետք է պատասխանատվության ենթարկվի: Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում տուժող Ա. Գալստյանի ներկայացուցիչ Ս. Սարգսյանը հայտնել է քաղաքացիական հայցը քննության չառնելու վերաբերյալ տուժող Ա. Գալստյանի և նրա կնոջ` Վ.Գալստյանի ցանկության մասին, որպիսի հանգամանքը հիմք ընդունելով` ներկայացված քաղաքացիական հայցը Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճռով թողնվել է առանց քննության: Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է նաև, որ հանցագործությամբ պատճառված գույքային վնասների հատուցման և գույքի բռնագրավման ապահովման նպատակով նախաքննության ընթացքում գույքի վրա դրված կալանքը պետք է պահպանվի, քանի որ դրա անհրաժեշտությունը չի վերացել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի օգոստոսի 10-ի դատավճիռը և վերացրել ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով Ա.Անդրեասյանի մեղավորությունը համապատասխան հանցագործությունների կատարման մեջ և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը համապատասխան մասերով թողնելով անփոփոխ, միաժամանակ փաստել է, որ Վ. Գալստյանը, որը լիազորագրի հիման վրա գործել է նաև Ա. Գալստյանի անունից, այնպես էլ Կ. Թումիկյանը, Ա. Անդրեասյանը վիճելի բնակարանը չեն կորցրել, նշված գույքը նրանցից չի հափշտակվել, և հաստատվել է, որ նշված գույքը Վ. Գալստյանի, այնպես էլ Կ. Թումիկյանի, Ա. Անդրեասյանի տիրապետումից դուրս է եկել նրանց կամքով` իրավական նորմերի պահպանմամբ` բոլոր գործարքները սեփականատերերի միջև վավերացվել է նոտարական կարգով:

Վերաքննիչ դատարանը փաստել է նաև, որ Առաջին ատյանի դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դ. Նազարյանը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 03.06.2014թ. թիվ ԵԱՔԴ/1112/02/13 օրինական ուժ ստացած վճռով որպես գույքի բարեխիղճ ձեռք բերող, զրկված է իր սեփականությունը տնօրինելու իրավունքից, և գույքի վրա դրված արգելանքի պահպանմամբ շարունակվում է խախտվել գույքից անարգել օգտվելու նրա իրավունքը (տե՛ս սույն որոշման 3-րդ և 9-րդ կետերը):

22. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերի նկատմամբ կիրառելով սույն որոշման 18-20.2-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը պահպանելու իրավական հիմքերը բացակայում են: Մասնավորապես`

1) այն սեփականության իրավունքով չի պատկանում ամբաստանյալ Ա.Անդրեասյանին (տե՛ս սույն որոշման 6.2.-րդ կետը), ուստի սույն որոշման 19.1-րդ և 19.3-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում է դրա վրա դրված կալանքի` գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերը ապահովելու նպատակով պահպանման անհրաժեշտությունը,

2) այն ՀՀ քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի իմաստով բռնագանձման ենթակա գույք չէ, քանի որ թեև ստացվել է հանցագործության կատարման արդյունքում, սակայն սեփականության իրավունքով պատկանում է բարեխիղճ երրորդ անձին (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը): Հետևաբար հիմք ընդունելով սույն որոշման 19.2-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում է դրա վրա դրված կալանքի` գույքի բռնագանձումն ապահովելու նպատակով պահպանման անհրաժեշտությունը,

3) քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության, իսկ գույքի վրա դրված կալանքը պահպանելու միջնորդություն դատարան չի ներկայացվել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը), ուստի հաշվի առնելով սույն որոշման 20.2-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բացակայում է խնդրո առարկա գույքի վրա դրված կալանքի` քաղաքացիական հայցն ապահովելու նպատակով պահպանման անհրաժեշտությունը:

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առկա չեն գույքի վրա դրված կալանքը պահպանելու` քրեադատավարական օրենքով սահմանված իրավական հիմքերը, ուստի հիմնավոր չէ Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա կալանք դնելուց բխող սահմանափակումների կիրառման անհրաժեշտությունը դեռևս չի վերացել (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

23. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անհիմն են Վերաքննիչ դատարանի հետևություններն առ այն, որ Վ.Գալստյանը, որը լիազորագրի հիման վրա գործել է նաև Ա.Գալստյանի անունից, այնպես էլ Կ.Թումիկյանը վիճելի բնակարանը չեն կորցրել, նշված գույքը նրանցից չի հափշտակվել, և հաստատվել է, որ նշված գույքը Վ. Գալստյանի, այնպես էլ Կ. Թումիկյանի տիրապետումից դուրս է եկել նրանց կամքով` իրավական նորմերի պահպանմամբ: Վճռաբեկ դատարանի վերջին դիրքորոշումը պայմանավորված է նրանով, որ ամբաստանյալ Ա. Անդրեասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի եզրահանգումները Վերաքննիչ դատարանի կողմից ճանաչվել են հիմնավոր: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ ապացուցված է ամբաստանյալ Ա. Անդրեասյանի մեղավորությունն իրեն մեղսագրված հանցագործության կատարման մեջ (այն է` 2011 թվականի ապրիլի 12-ին խարդախությամբ սեփականության իրավունք է ձեռք բերել Ա. Գալստյանի առանձնապես խոշոր չափերի` 94.005.000 ՀՀ դրամ արժողությամբ` Երևանի Բաղրամյան պողոտայի 77-րդ շենքի թիվ 8 անշարժ գույքի նկատմամբ), որպիսի պայմաններում փաստելով, որ նշված անշարժ գույքը չի հափշտակվել` չի կարող իրավաչափ համարվել (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը):

24. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը եկել է ճիշտ եզրահանգման առ այն, որ սույն գործով առկա չեն գույքի վրա դրված կալանք պահպանելու` քրեադատավարական օրենքով սահմանված իրավական հիմքերը, սակայն սխալ է պատճառաբանել դատական ակտը: ՈՒստի հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունն իրավաչափ է:

25. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 12-րդ կետում բարձրացրած փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված ու պատճառաբանված չեն, գործի նյութերում իրենց հաստատումը չեն գտնում, մասնավորապես` դիմող Դ.Նազարյանի վերաքննիչ բողոքի ուսումնասիրությունից հետևում է, որ վերջինս միջնորդություն է ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին (տե՛ս քրեական գործ, հատոր 23-րդ, թերթ 176):

Ինչ վերաբերում է բողոքաբերի` սույն որոշման 13-րդ կետում բարձրացրած փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով սույն որոշման 22-24-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումները, դրանք հիմնազուրկ է համարում:

Անդրադառնալով բողոք բերած անձի` սույն որոշման 14-15-րդ կետերում մատնանշված փաստարկներին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը գործել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքաբերի փաստարկներն անհիմն են:

26. Այսպիսով, հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար բողոքը պետք է մերժել, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` ք.Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով, թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Տուժող Ա. Գալստյանի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի վճռաբեկ բողոքը մերժել: Ամբաստանյալ Արթուր Վասիլի Անդրեասյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 25-ի որոշումը` ք. Երևան, Բաղրամյան պողոտայի 77-րդ շենք, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասով, թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.06.2016
N ԵԿԴ/0200/01/13
Որոշում