01.01.2023 - 20.06.2024
600.0378.151216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 12 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2016 թվականի N 378-Ն
i
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 378-Ն որոշման
ԿԱՆՈՆՆԵՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ
ԲԱԺԻՆ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Սույն կանոններով սահմանվում են Մատակարարի կողմից Բաժանորդին Խմելու ջրի մատակարարման (այսուհետ` ջրամատակարարում) և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման, ինչպես նաև Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին նոր միացման հետ կապված Մատակարարի և Բաժանորդի, Մատակարարի և Դիմող անձի փոխհարաբերությունները (այսուհետ` Կանոններ):
(1-ին կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
2. Կանոններում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Խմելու ջուր` խմելու ջրին ներկայացվող նորմատիվ պահանջներին համապատասխանող ջուր.
2.1) Ծառայություններ` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններ: Այն դեպքում, երբ Բաժանորդի հետ կնքված Պայմանագրով նախատեսված է միայն ջրամատակարարման կամ միայն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցում, կամ ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցում, ապա Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումը վերաբերում է միայն տվյալ ծառայությանը (ծառայություններին).
3) Պայմանագիր` Մատակարարի և Բաժանորդի միջև Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան կնքված Ծառայությունների մատուցման պայմանագիր.
4) Մատակարար` անձ, որը Բաժանորդի հետ կնքել է Պայմանագիր, Միացման պայմանագիր կամ որին Բաժանորդը դիմել է Պայմանագրի, Միացման պայմանագրի կնքման համար.
5) Բաժանորդ` ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, կամ անհատ ձեռնարկատեր, որը Մատակարարի հետ կնքել է Պայմանագիր կամ դիմել է Պայմանագրի կնքման համար.
6) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ` սեփականության իրավունքով, վարձակալության պայմանագրով կամ այլ իրավական հիմքով Մատակարարի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ: Սույն հասկացության կիրառումը հավասարապես վերաբերում է Մատակարարի և՛ ջրամատակարարման համակարգին, և՛ ջրահեռացման համակարգին.
7) Նոր միացում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացում կամ կատարված միացման փոփոխություն.
8) Նոր համակարգ` Նոր միացման դեպքում կառուցվող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, որը ներառում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգից մինչև Սահմանազատման կետն ընկած հատվածը և հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս.
9) Միացման պայմանագիր` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման ու Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին դրա միացման համար Մատակարարի և Դիմող անձի միջև Կանոններով սահմանված կարգին և ձևին համապատասխան կնքված պայմանագիր.
10) Ներքին ցանց` Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում նաև ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ.
11) Սահմանազատման կետ` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը (այլ Բաժանորդի ներքին ցանցով ծառայության մատուցում ստացող Բաժանորդի դեպքում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է այն Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, ում Ներքին ցանցով իրականացվում է Ծառայության մատուցումը), իսկ բազմաբնակարան շենքի ջրամատակարարման դեպքում` Մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետը, որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը, բազմաբնակարան շենքի ջրահեռացման դեպքում` շենքի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին դիտահորը, ցայտաղբյուրի դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է Առևտրային հաշվառքի սարքը, իսկ Առևտրային հաշվառքի սարք տեղակայված չլինելու դեպքում` ցայտաղբյուրի կողմից այն կետը, որին անմիջապես հաջորդում է առաջին փականը, ժամանակավոր Բաժանորդի դեպքում` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացման կետը.
12) Տեխնիկական պայմաններ` Նոր միացման նպատակով Մատակարարի կողմից առաջադրվող պայմաններ, որոնք սահմանվում են` ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի թողունակության, հուսալիության, այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը չխախտելու և Դիմող անձի Նոր միացման համար անհրաժեշտ աշխատանքները նվազագույն ծախսերով իրականացնելու պայմաններից.
13) Դիմող անձ` Մատակարարին Նոր միացման համար դիմում ներկայացրած անձ.
14) Չափագիտական մարմին` «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական չափագիտական հսկողություն իրականացնող կազմակերպություն.
15) Առևտրային հաշվառքի սարք` Չափագիտական մարմնի կողմից ստուգաչափված ու կապարակնքված Խմելու ջրի քանակի հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում.
16) Առևտրային հաշվառքի սարքի խախտում` Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ հաստատված Առևտրային հաշվառքի սարքի առանձին մասի խափանումը կամ վնասումը, կամ կապարակնիքի բացակայությունը կամ վնասումը, կամ կեղծումը, կամ Առևտրային հաշվառքի սարքի բնականոն աշխատանքի որևէ այլ խաթարումը` արտաքին միջամտությամբ կամ առանց դրա.
17) Բակային ծորակ` Բաժանորդին ջրամատակարարման Ծառայության մատուցման նպատակով տեղակայված ընդհանուր օգտագործման ծորակ, որը տեղակայվել է բնակեցված այն վայրում, որտեղ չկա Մատակարարի ջրամատակարարման համակարգի բաշխիչ ցանց.
18) Ջրամատակարարման ընդհատում` Բաժանորդի հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի այն խախտումն է, որը պայմանավորված է Սահմանազատման կետում Խմելու ջրի չապահովմամբ.
19) Հաշվարկային ամիս` ժամանակահատված, որի գործողությունը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 0000-ին և ավարտվում օրացուցային ամսվա վերջին օրվա ժամը 2400-ին.
20) Ֆորս մաժոր` արտակարգ և անկանխելի այն դեպքերն ու հանգամանքները, որոնք առաջացել են Մատակարարի կամքից անկախ և, միևնույն ժամանակ, անկախ վերջինիս գործադրած ջանքերից, խոչընդոտել են պարտավորությունների կատարմանն ուղղված նրա գործողություններին: Կանոնների իմաստով արտակարգ և անկանխելի դեպքերն ու հանգամանքներն են բնական և տեխնածին աղետները, բնության ուժերի արտասովոր դրսևորումները (այդ թվում` ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ, պտտահողմեր, կայծակով և ամպրոպով ուղղորդվող հորդառատ անձրևներ, ձնաբքեր, սողանքներ), գործադուլները, հասարակական անկարգությունները, ահաբեկչությունները, պատերազմները, ապստամբությունները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված ակտերը, վերջիններիս գործողությունները կամ անգործությունը: Սույն ենթակետը չի սահմանափակում Մատակարարի իրավունքը նշվածից բացի այլ արտակարգ և անկանխելի դեպքեր ու հանգամանքներ ի հայտ գալու պարագայում դիմել Հանձնաժողով` դրանք Ֆորս մաժոր ճանաչելու համար:
(2-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 04.07.18 թիվ 267-Ն, 28.10.2020 թիվ 383-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)
3. Մատակարարը պարտավոր է Ծառայություններ մատուցել յուրաքանչյուր Բաժանորդի, որի հետ Կանոններով սահմանված կարգով կնքել է Պայմանագիր: Պայմանագիրը կնքվում, վերակնքվում կամ դրանում փոփոխություն է կատարվում Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետում և Պայմանագրի օրինակելի ձևին համապատասխան:
4. Պայմանագիրը և Միացման պայմանագիրը կնքվում են թղթային, իսկ Բաժանորդի կամ Դիմող անձի համաձայնության դեպքում` էլեկտրոնային եղանակով:
(4-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
4.1. Մատակարարը Պայմանագիրն իր նախաձեռնությամբ լուծելուց առաջ պարտավոր է նախապես ծանուցել Բաժանորդին:
(4.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
5. Մատակարարը պահպանում է Նոր միացման համար ներկայացված դիմումը` ներկայացման պահից, Միացման պայմանագիրը` կնքելու պահից, Պայմանագիրը` լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:
6. Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի Ներքին ցանցի միացման յուրաքանչյուր կետի համար, մատուցված Ծառայության հաշվառման նպատակով, Մատակարարը Կանոններով սահմանված կարգով տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք և Բաժանորդին մատուցվող Ծառայությունների մասին տվյալների պահպանման նպատակով բացում և վարում է առանձին հաշվառման քարտ իր համարանիշով (այսուհետ` հաշվառման քարտ): Հաշվառման քարտում պահպանվում են Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին Բաժանորդի ներքին ցանցի միացման կետի, միացման ժամկետի, հարաչափերի, դրանց հետագա փոփոխությունների, ինչպես նաև մատուցված (վերահաշվարկված, ճշգրտված) Ծառայության քանակի և դրա դիմաց հաշվարկված գումարի, հաշվարկված տուժանքի մասին ողջ տեղեկատվությունը: Հաշվառման քարտի տեղեկատվությունը Մատակարարը պահպանում է Պայմանագրի լուծելու պահից առնվազն 3 տարի ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:
(6-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
7. Չի թույլատրվում Բաժանորդից կամ Դիմող անձից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն Կանոններով, Պայմանագրով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:
8. Բաժանորդը իր Ներքին ցանցը ներառող տարածքը օտարելու դեպքում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել Մատակարարին` Պայմանագիրը լուծելու համար:
9. Մատակարարի և Բաժանորդի միջև Կանոններով կարգավորվող հարաբերությունների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ նրանցից մեկի դիմելու դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ: Սույն դրույթը չի սահմանափակում նրանց իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:
ԲԱԺԻՆ II
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ՈԼՈՐՏՈՒՄ
ԳԼՈՒԽ 2
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՄԻԱՑՈՒՄԸ
10. Նոր համակարգը, Դիմող անձի հայեցողությամբ, կառուցում է Մատակարարը կամ Դիմող անձը, բացառությամբ Կանոնների 11.2 կետով սահմանված դեպքի: Նոր համակարգը, բացառությամբ առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, կառուցվում է Դիմող անձի հաշվին: Նոր համակարգի կառուցումը և Հայաստանի Հանրապետությանը դրա սեփականության իրավունքի անհատույց հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
11. Մատակարարի կողմից Նոր համակարգը կառուցվում է միացման պայմանագրի հիման վրա` համաձայն N 1 հավելվածի: Մատակարարը Դիմող անձից Նոր միացման համար գանձում է միացման վճար: Միացման վճարի մեծությունը հավասար է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման աշխատանքների իրականացման նպատակով Մատակարարի կողմից Դիմող անձի հետ համաձայնեցված աշխատանքների խոշորացված նախահաշվի գնին և ճշգրտվում է աշխատանքների փաստացի ավարտից հետո` Միացման պայմանագրով սահմանված կարգով:
(11-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 04.07.18 թիվ 267-Ն որոշումներ)
11.1. Դիմող անձի կողմից Նոր համակարգը կառուցվում է Մատակարարի տրամադրած Տեխնիկական պայմանների հիման վրա, որոնց գործողության ժամկետը Մատակարարն իրավասու է երկարաձգել` այդ մասին Դիմող անձի` մինչև Տեխնիկական պայմանների գործողության ավարտը ներկայացրած դիմումի հիման վրա: Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը, Դիմող անձի հայեցողությամբ, իրականացնում է Մատակարարը կամ Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը` Դիմող անձի հաշվին: Այդ նպատակով Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Նոր համակարգի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնող առնվազն 10 կազմակերպությունների ցանկ: Կառուցված Նոր համակարգի Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացումն իրականացնում է Մատակարարը` Դիմող անձի հաշվին:
(11.1-ին կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
11.2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրի միջոցով Նոր համակարգը կառուցվում է Մատակարարի տրամադրած Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմայի հիման վրա` տվյալ ծրագրի իրականացման ժամկետում, և Նոր համակարգի այդ մասի համար Դիմող անձից միացման վճար չի գանձվում:
(11.2-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
12. Մատակարարը պարտավոր է իր պաշտոնական կայքում հրապարակել Նոր միացման ծախսային հնարավոր բոլոր բաղադրիչների համար կիրառվող գները, որոնք կիրառելի են միայն Մատակարարի պաշտոնական կայքում հրապարակվելուց հետո:
13. Ելնելով Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հեռանկարային զարգացման անհրաժեշտությունից, Նոր միացման դեպքում Մատակարարն իրավունք ունի կառուցել Միացման պայմանագրով նախատեսված Նոր համակարգի կառուցման պահանջները գերազանցող համակարգ` գերազանցող մասով կատարված ծախսերը չներառելով միացման վճարի հաշվարկում:
14. Նոր միացման համար Դիմող անձը կամ, Ճարտարապետահատակագծային առաջադրանք ձևավորելու փուլում` առաջադրանք տվող իրավասու մարմինը, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Մատակարարին:
15. Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.
1) Ֆիզիկական անձանց համար`
ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,
բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը.
գ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը,
դ. դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.
2) Իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (այսուհետ` իրավաբանական անձ) համար`
ա. ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.
բ. հարկ վճարողի հաշվառման համարը.
գ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթի պատճենները.
դ. կառուցվող (կառուցված) օբյեկտի տեղադիրքը ցույց տվող սխեմատիկ հատակագծի կամ հաստատված գլխավոր հատակագծի պատճենը.
ե. միացվող (միացված) օբյեկտի տեխնիկական բնութագիրը.
զ. դիմումը քննության առնելու և դրան համապատասխան ընթացք տալու համար 2000 դրամի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը.
է. Արտադրական գործունեության դեպքում` Խմելու ջրի պահանջվող քանակի հաշվարկը.
ը. Արտադրական գործունեության դեպքում` հեռացվելիք ջրի (մաքրվելիք կեղտաջրերի) քանակը և բաղադրությունը:
(15-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)
16. Դիմումն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարը Դիմող անձին է ներկայացնում`
1) Տեխնիկական պայմաններ` Դիմող անձի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում.
2) միակողմանի կնքված Միացման պայմանագիր` Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում.
3) Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման սխեմա` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ Մատակարարի, կամ այլ հեռանկարային զարգացման ծրագրերի միջոցով Նոր համակարգի կառուցման դեպքում:
(16-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
17. Դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում Կանոնների 15-րդ կետով սահմանված պահանջներին: Դիմումի մերժման դեպքում Մատակարարը 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Դիմող անձին: Դիմումի մերժման դեպքում Կանոնների 15-րդ կետի համաձայն Դիմող անձի վճարած 2000 դրամ գումարը չի վերադարձվում:
18. Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Միացման պայմանագիրը ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Միացման պայմանագրի մեկ օրինակը` կցելով Միացման պայմանագրում ամրագրված միացման վճարի 80%-ի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Դիմող անձի կողմից նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Միացման պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
19. Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը, բացառությամբ Կանոնների 19.1 և 19.2 կետերով սահմանված դեպքերի:
(19-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
19.1. Եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունը առանձին վերցված գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան, Միացման պայմանագիրը կնքելու օրվանից մինչև Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու առավելագույն ժամանակահատվածը չի կարող գերազանցել 120 աշխատանքային օրը:
(19.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
19.2. Մատակարարի և Դիմող անձի փոխհամաձայնությամբ Միացման պայմանագրում կարող է սահմանվել Մատակարարի կողմից Դիմող անձին Պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնելու այլ ժամանակահատված:».
(19.2-րդ կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
20. Մատակարարը Կանոնների 19-րդ կետով սահմանված ժամկետում`
1) կազմում է Նոր համակարգը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման նախագծանախահաշվային փաստաթղթերը.
2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումներն իրավասու մարմինների և այլ անձանց հետ.
3) իրականացնում է Նոր համակարգի կառուցման աշխատանքները.
4) Դիմող անձի հետ կատարում է միացման վճարի վերջնահաշվարկ.
5) Դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկ:
(20-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
20.1. Կանոնների 11.2 կետով սահմանված դեպքում` Նոր համակարգի միացումը Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին իրականացվում է` ելնելով տվյալ ծրագրի իրականացման ժամկետից:
(20.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
21. Մատակարարի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը` կցելով ճշգրտված միացման վճարի չվճարված մասի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը: Դիմող անձի կողմից նշված փաստաթղթերը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
(21-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
21.1. Դիմող անձի կողմից Նոր համակարգի կառուցման դեպքում Պայմանագիր կնքելու առաջարկը ներկայացվում է Դիմող անձի կողմից կառուցման աշխատանքներն ավարտելուց և կառուցված Նոր համակարգի` Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին միացման, իսկ Մատակարարի կողմից տեխնիկական հսկողություն իրականացնելու դեպքում` նաև դրա հետ կապված ծախսերի հատուցումը հավաստող փաստաթղթերի պատճենը Մատակարարին ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմող անձը Մատակարարից միակողմանի կնքված Պայմանագիրն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Դիմող անձի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
(21.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
22. Մատակարարը Պայմանագիրը կնքելու օրվանից` 5, իսկ Երևան քաղաքում 2 աշխատանքային օրվա ընթացքում սկսում է Բաժանորդի Ծառայությունների մատուցումը:
22.1. Այն դեպքում, երբ Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում` Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում), ապա Մատակարարին է ներկայացվում Պայմանագիր կնքելու դիմում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
1) Ֆիզիկական անձի դեպքում`
ա. անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը,
բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները կամ իրավունքների ձեռքբերումը հաստատող փաստաթղթի պատճենը,
2) Իրավաբանական անձի դեպքում`
ա. ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, իսկ լիազորված անձի դեպքում` անձը հաստատող փաստաթղթի պատճենը և լիազորագիրը.
բ. տարածքի (շենքի, շինության) նկատմամբ իրավունքները հավաստող փաստաթղթի պատճենը.
գ. հարկ վճարողի հաշվառման համարը:
(22.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն, 19.10.2022 թիվ 412-Ն որոշումներ)
22.1.1. Այն դեպքում, երբ տարածքի (այդ թվում` շենքի, շինության, հողամասի) նկատմամբ ֆիզիկական անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված չէ, սակայն առկա է իրավասու մարմնի կողմից տրամադրված` այդ տարածքում վերջինիս բնակության, փաստացի տիրապետման կամ գործունեության իրականացման փաստը հավաստող տեղեկանք կամ պայմանագիր, Մատակարարը, գնահատելով միացման և (կամ) ծառայությունների մատուցման հնարավորությունը և դրա հետ կապված ռիսկերը, իրավասու է տրամադրել Տեխնիկական պայմաններ, կնքել Միացման պայմանագիր և (կամ) Պայմանագիր:
(22.1.1-ին կետը լրաց. 19.10.2022 թիվ 412-Ն որոշում)
22.2. Կանոնների 22.1 կետում նշված դիմումը կարող է մերժվել, եթե չի համապատասխանում նույն կետով սահմանված պահանջներին: Դիմումի մերժման դեպքում Մատակարարն այն ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Բաժանորդին:
(22.2-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
22.3. Մատակարարը Կանոնների 22.1 կետում նշված դիմումը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնում է Պայմանագիր կնքելու առաջարկ` բացառությամբ Կանոնների 22.2 կետով նախատեսված դեպքի: Բաժանորդը միակողմանի կնքված Պայմանագիրը Մատակարարից ստանալուց հետո 30 օրվա ընթացքում վերջինիս ներկայացնում է իր կողմից ստորագրված Պայմանագրի մեկ օրինակը: Բաժանորդի կողմից Պայմանագրի մեկ օրինակը սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացնելու դեպքում Պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
(22.3-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
22.4. Այն դեպքում, երբ Բաժանորդի Ծառայության մատուցումը պետք է իրականացվի այլ Բաժանորդի Ներքին ցանցով, Բաժանորդ դառնալու համար Նոր միացման գործընթացի, այդ թվում` Նոր համակարգի կառուցման անհրաժեշտությունը բացակայում է (Ծառայությունների մատուցման համար նախագծանախահաշվային, շինմոնտաժային, Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման և այլ աշխատանքների հետ կապված հավելյալ ծախս չի պահանջվում):
(22.4-րդ կետը լրաց. 28.10.2020 թիվ 383-Ն որոշում)
22.5. Կանոնների 22.4 կետով սահմանված դեպքում Կանոնների 22.1 կետով սահմանված Պայմանագիր կնքելու դիմումում պարունակվող փաստաթղթերի հետ միաժամանակ Մատակարարին ներկայացվում է նաև այն Բաժանորդի գրավոր համաձայնությունը, ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:
(22.5-րդ կետը լրաց. 28.10.2020 թիվ 383-Ն որոշում)
22.6. Կանոնների 22.4 կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է այն Բաժանորդի Ներքին ցանցին միացման կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), ում Ներքին ցանցով պետք է իրականացվի Ծառայության մատուցումը:
(22.6-րդ կետը լրաց. 28.10.2020 թիվ 383-Ն որոշում)
23. Հանձնաժողովը, Դիմող անձի և Մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով, առանձին դեպքերում, Մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա, վերջիններիս համաձայնության դեպքում կարող է ընդունել Նոր միացման վերաբերյալ անհատական որոշումներ:
24. Մատակարարը սույն գլխում նշված ծանուցումներն իրականացնում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով` իր հաշվին:
ԳԼՈՒԽ 2.1
ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻԱՑՈՒՄԸ
(2.1-ին գլուխը լրաց. 04.07.18 թիվ 267-Ն որոշում)
24.1. Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 658-Ն որոշմամբ սահմանված կարգով Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում հայտնաբերվելու դեպքում Մատակարարի և Խմելու ջրի ապօրինի սպառում և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործում իրականացրած բնակչի (այսուհետ` ժամանակավոր Բաժանորդ) համաձայնությամբ, Կանոններով նախատեսված կարգով և ժամկետով կարող է կնքվել Կանոնների N 2 հավելվածով սահմանված օրինակելի ձևին համապատասխան ժամանակավոր Պայմանագիր (այսուհետ` Ժամանակավոր պայմանագիր):
24.2. Ժամանակավոր պայմանագիր կնքելու նպատակով Մատակարարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի N 658-Ն որոշման համաձայն կազմված արձանագրության վերաբերյալ պատշաճ ծանուցվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր Բաժանորդը, Նոր միացման և Ժամանակավոր պայմանագիր կնքելու համար, Կանոններով սահմանված կարգով Մատակարարին է ներկայացնում դիմում` կցելով նաև Խմելու ջրի ապօրինի սպառման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործման դիմաց սույն կետում նշված որոշման համաձայն հաշվարկված գումարի վճարումը հավաստող փաստաթղթի կամ Մատակարարի հետ կազմված վճարման ժամանակացույցի պատճենը:
24.3. Կանոնների 24.2 կետով սահմանված ժամկետի ավարտից հետո դիմումը ներկայացնելու դեպքում Մատակարարը մերժում է Ժամանակավոր պայմանագրի կնքումը:
24.4. Կանոնների 24.2 կետում նշված դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարն արտաքին զննության է ենթարկում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգին ապօրինի միացումը, ապօրինի միացման կետում տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի տրամագիծը չի կարող գերազանցել 15 մմ-ն, և ժամանակավոր Բաժանորդին ներկայացնում է Ժամանակավոր պայմանագիր կնքելու առաջարկ: Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման հետ կապված բոլոր ծախսերը` բացառությամբ Առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման ծախսից (կրում է Մատակարարը), կրում է ժամանակավոր Բաժանորդը:
(24.4-րդ կետը փոփ. 28.10.2020 թիվ 383-Ն որոշում)
24.5. Ժամանակավոր Բաժանորդը Մատակարարից միակողմանի կնքված Ժամանակավոր պայմանագիրն ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում իր կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը: Ժամանակավոր Բաժանորդի կողմից ստորագրված Ժամանակավոր պայմանագրի մեկ օրինակը սույն կետով սահմանված ժամկետում Մատակարարին չներկայացվելու դեպքում Ժամանակավոր պայմանագրի կնքման առաջարկը համարվում է չընդունված:
24.6. Կանոնների 24.4 կետով նախատեսված զննության արդյունքում ապօրինի միացման կետում Առևտրային հաշվառքի սարքի տեղակայման անհնարինության կամ ապօրինի միացմամբ Ծառայությունների ժամանակավոր մատուցման արդյունքում Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի վնասման, օգտագործվող Խմելու ջրի որակի շեղման և այլ հնարավոր ռիսկերի առկայության դեպքում ժամանակավոր Բաժանորդին տրվում է համապատասխան հիմնավորմամբ գրավոր պատասխան` մերժելով Ժամանակավոր պայմանագրի կնքումը:
24.7. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետում Կանոններով սահմանված սպասարկման որակի ցուցանիշները Մատակարարի բավարար հիմնավորումների դեպքում կարող են չապահովվել:
24.8. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել 90 աշխատանքային օրը, իսկ եթե Նոր համակարգի ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգերից մեկի երկարությունն առանձին վերցրած գերազանցում է 500 մետրը և (կամ) անհրաժեշտ է կառուցել պոմպակայան` 150 աշխատանքային օրը:
24.9. Պայմանագիր կնքելու կամ Կանոնների 24.8 կետում նշված ժամկետը լրանալու պահից Ժամանակավոր պայմանագիրը համարվում է լուծված, և Մատակարարը պարտավոր է անմիջապես դադարեցնել Ժամանակավոր պայմանագրի շրջանակում Ծառայությունների մատուցումը ժամանակավոր Բաժանորդի հաշվին:
24.10. Ժամանակավոր պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում և կրկնակի կնքում չի թույլատրվում:
24.11. Մատակարարը Ժամանակավոր պայմանագրերի մասով վարում է առանձնացված հաշվառում:
ԳԼՈՒԽ 3
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՔԻ ՍԱՐՔԻ ԱՊԱՀԱՎԱՔԱԿՑՄԱՆ, ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԵՎ ՍՏՈՒԳԱՉԱՓՄԱՆ ԿԱՐԳԸ
25. Նոր միացման դեպքում Առևտրային հաշվառքի սարքը տեղակայվում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետող տարածքից դուրս` Սահմանազատման կետում, իսկ դրա անհնարինության դեպքում` Սահմանազատման կետին հնարավոր ամենամոտ կետում: Բազմաբնակարան շենքի դեպքում Առևտրային հաշվառքի սարքը կարող է տեղակայվել Ներքին ցանցում` այդ թվում բնակարանի ներսում:
25.1. Մատակարարն իրավունք ունի, առանց Բաժանորդի համար ծախս առաջացնելու, Բաժանորդի Ներքին ցանցում տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը վերատեղակայել Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս գտնվող այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքը, իսկ բազմաբնակարան շենքի դեպքում` նաև Մատակարարի ջրամատակարարման համակարգի այն կետում (դրա անհնարինության դեպքում` այդ կետին հնարավոր ամենամոտ կետում), որին անմիջապես հաջորդում է շենքի արտաքին պատը:
(25.1-ին կետը լրաց. 28.10.2020 թիվ 383-Ն որոշում)
26. Առևտրային հաշվառքի սարք չունեցող Բաժանորդի դիմելու դեպքում Մատակարարը պարտավոր է 30 աշխատանքային օրվա ընթացքում տեղակայել Առևտրային հաշվառքի սարք:
(26 կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը` 90-րդ կետ)
27. Մատակարարը համարակալված հոլոգրաֆիկ կնիքով կնքում է տեղակայված Առևտրային հաշվառքի սարքը, որը կարող է լրացուցիչ կնքել Բաժանորդը: Մատակարարի դրած հոլոգրաֆիկ կնիքը`
1) վթարի դեպքում Բաժանորդն իրավունք ունի պոկել` այդ մասին Մատակարարին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց, Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց և Մատակարարի համաձայնությունը ստանալուց հետո, որը Բաժանորդի կողմից կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Կնիքը պոկելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.
2) մնացած դեպքերում իրավունք ունի պոկել Մատակարարը` այդ մասին Բաժանորդի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացվելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Մատակարարը նշված ժամանակահատվածում կնիքը չի պոկում, ապա Բաժանորդն իրավունք ունի պոկել այն` այդ մասին Մատակարարին գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելուց և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելուց հետո, որը Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Մատակարարի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու պահից, իսկ Բաժանորդի կողմից կնիքը պոկելու դեպքում` կնիքը պոկելու մասին տեղեկացնելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն.
3) բացառությամբ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի, պոկված լինելու մասին Մատակարարին Բաժանորդի գրավոր կամ էլեկտրոնային եղանակով, կամ շուրջօրյա հեռախոսակապի միջոցով տեղեկացնելու և Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հայտնելու կամ պոկված լինելու փաստը Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարի կողմից ենթակա է վերակնքման: Կնիքը պոկված լինելու մասին Բաժանորդի տեղեկացնելու կամ Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի կրկնապատիկի չափով, որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն, իսկ կնիքը պոկված լինելու մասին Բաժանորդի տեղեկացնելու կամ Մատակարարի կողմից հայտնաբերվելու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի համար, բացառությամբ Կանոնների 28-րդ կետով սահմանված դեպքի, ոչ բնակիչ Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի իննսունապատիկի չափով:
(27-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
27.1. Պոկված հոլոգրաֆիկ կնիքը Բաժանորդը պարտավոր է պահպանել և Առևտրային հաշվառքի սարքի վերակնքման պահին հանձնել Մատակարարին, որի չկատարման դեպքում Կանոնների 27-րդ կետի համաձայն հաշվարկված` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը կրկնապատկվում է, բացառությամբ Կանոնների 27-րդ կետի 3-րդ ենթակետով ոչ բնակիչ Բաժանորդի համար նախատեսված դեպքի:
(27.1-ին կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
28. Առևտրային հաշվառքի սարքը Կանոնների 27-րդ կետով սահմանված ժամկետում չվերակնքելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքը վերակնքելու համար սահմանված ժամանակահատվածը լրանալու պահից մինչև վերակնքելու օրն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար`
1) Բաժանորդի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով` բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար ոչ ավելի, քան 30 մ3, իսկ ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում` 100 մ3.
2) Մատակարարի մեղքով չվերակնքելու դեպքում` Բաժանորդին մատուցված Ծառայության քանակ չի հաշվարկվում:
(28-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
29. Նոր միացման դեպքում Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:
(29-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
30. Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի ճշտության վերաբերյալ Մատակարարի կամ Բաժանորդի մոտ կասկած առաջանալու դեպքում, Մատակարարի կամ Բաժանորդի նախաձեռնությամբ անցկացվում է Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափում:
(30-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
30.1. Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Բաժանորդին ներկայացնել Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը:
(30.1-ին կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն, 28.10.2020 թիվ 383-Ն որոշումներ)
31. Անկախ պատկանելությունից, Առևտրային հաշվառքի սարքի ստուգաչափումը իրականացնում է Մատակարարը` իր հաշվին, բացառությամբ այն դեպքի, երբ Բաժանորդի նախաձեռնությամբ Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման արդյունքում Առևտրային հաշվառքի սարքի խախտում չի արձանագրվել: Այս դեպքում Բաժանորդը պարտավոր է հատուցել ստուգաչափման հետ կապված Մատակարարի կատարած անհրաժեշտ ծախսերը` Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(31-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
32. (32-րդ կետն ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
(32-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
33. Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և ստուգաչափման ժամկետների մասին ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ծանուցել Բաժանորդին: Մատակարարը և Բաժանորդն իրավունք ունեն փոխհամաձայնեցմամբ սահմանել Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման և (կամ) ստուգաչափման այլ ժամկետ:
(33-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
33.1. Առևտրային հաշվառքի սարքը ենթակա է ապահավաքակցման Մատակարարի կողմից Բաժանորդին ծանուցման, իսկ Բաժանորդի նախաձեռնության դեպքում` Առևտրային հաշվառքի սարքի արտահերթ ստուգաչափման մասին վերջինիս դիմումի ստացման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Կանոնների 33-րդ կետի համաձայն այլ ժամկետ չի փոխհամաձայնեցվել:
(33.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
34. Բաժանորդն իրավունք ունի Մատակարարի կողմից Կանոնների 33-րդ կետով սահմանված կարգով և ժամկետում ծանուցվելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում պահանջել, որ Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք, ներառյալ` ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ` նախապես փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն այդ աշխատանքներն իրականացում է առանց Բաժանորդի ներկայության:
(34-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
35. Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման դեպքում Մատակարարը`
1) արտաքին զննության արդյունքում կազմում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի, Առևտրային հաշվառքի սարքի խախտված լինելու մասին արձանագրություն, որը ստորագրում են Մատակարարը և Բաժանորդը կամ նրա ներկայացուցիչը: Բաժանորդի չներկայանալու կամ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու, կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում այդ մասին Մատակարարը արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Բաժանորդի չներկայանալու դեպքում Մատակարարն արձանագրությանը կցում է Բաժանորդին ծանուցելու մասին գրությունը: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից` մեկական յուրաքանչյուր կողմի համար.
1.1) Ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը տեղակայում է կնքվող փաթեթում, որը կարող է լրացուցիչ կնքել նաև Բաժանորդը.
2) իր հաշվին տեղակայում է Առևտրային հաշվառքի սարք, որի նույնականացման տվյալներն ամրագրվում են Պայմանագրում և որը հանդիսանում է Մատակարարի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի մաս: Բաժանորդի սեփականություն հանդիսացող ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափումից հետո վերադարձվում է Բաժանորդին` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(35-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
35.1. Բաժանորդն իրավունք ունի Կանոնների 35-րդ կետով սահմանված կարգով ապահավաքակցված Առևտրային հաշվառքի սարքը ինքնուրույն ներկայացնել ստուգաչափման` պահպանելով Կանոնների 33-րդ կետով սահմանված ծանուցմամբ նշված կամ փոխհամաձայնեցված ժամկետը: Սույն կետով նախատեսված դեպքում Մատակարարը Առևտրային հաշվառքի սարքը հանձնում է Բաժանորդին` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքը ստուգաչափման ներկայացնելու մասին Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով կազմված արձանագրությունում կատարելով համապատասխան նշում:
(35.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
35.2. Եթե Բաժանորդը Կանոնների 35.1 կետով սահմանված դեպքում Առևտրային հաշվառքի սարքը սահմանված ժամկետում չի ներկայացնում ստուգաչափման, ապա Մատակարարը Կանոնների 47-րդ կետով սահմանված կարգով կատարում է վերահաշվարկ:
(35.2-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
35.3. Կանոնների 35.2 կետով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:
(35.3-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 4
ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
36. Մատուցված Ծառայությունների հաշվարկված և վերահաշվարկված քանակների դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են Հանձնաժողովի որոշմամբ սահմանված Ծառայությունների մատուցման սակագներով` յուրաքանչյուր Հաշվարկային ամսվա համար, բացառությամբ Կանոնների 37-րդ կետով սահմանված դեպքերի:
(36-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
37. Մատակարարի կողմից Ծառայությունների մատուցումն անվճար է`
1) հիդրանտով` հակահրդեհային նպատակով իրականացվող ջրամատակարարման դեպքում.
2) մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կառուցված ցայտաղբյուրների համար.
3) սկսած 2017 թվականի հունվարի 1-ից համայնքի թույլտվությամբ և ջրային համակարգի կառավարման մարմնի ու Մատակարարի համաձայնությամբ կառուցված ցայտաղբյուրների համար:
38. Ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) դեպքում հաշվարկման և վերահաշվարկման ժամանակ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակի չափով: Ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում Պայմանագրով կարող է սահմանվել, որ հեռացվող ջրի (մաքրվող կեղտաջրերի) քանակը հաշվարկվում է Առևտրային հաշվառքի սարքի միջոցով:
39. Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցման դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը հաշվարկվում է ընթացիկ և նախորդ Հաշվարկային ամիսներում Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքի գրանցած ցուցմունքների տարբերությամբ: Այն դեպքում, երբ Բաժանորդի Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում է ստանում այլ Բաժանորդ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը նվազեցվում է իր Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցող Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի չափով:
(39-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
40. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Բաժանորդի պահանջի դեպքում Մատակարարը պարտավոր է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարել Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ` Բաժանորդի հետ փոխհամաձայնեցված ժամկետում: Փոխհամաձայնեցված ժամկետում Բաժանորդի կամ նրա ներկայացուցչի չներկայանալու դեպքում Մատակարարն Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է առանց նրա, բացառությամբ Կանոնների 41.1 և 41.2 կետերով սահմանված դեպքերի:
(40-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
41. Առևտրային հաշվառքի սարքը Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքում տեղակայված լինելու դեպքում Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցումը կատարում է Մատակարարի ներկայացուցիչը` ծառայողական վկայականը ներկայացնելուց հետո Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով կամ Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը հեռախոսազանգով կամ էլեկտրոնային եղանակով ճշտում է Մատակարարը կամ հաղորդում է Բաժանորդը` Հաշվարկային ամսվան հաջորդող ամսվա առաջին 5 աշխատանքային օրվա ընթացքում: Մատակարարի ներկայացուցչի կողմից Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելու եղանակով ցուցմունքի գրանցումը պետք է իրականացվի առնվազն 6 ամիսը 1 անգամ, բացառությամբ Կանոնների 41.1 և 41.2 կետերով սահմանված դեպքերի:
(41-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
41.1. Կանոնների 40-րդ և 41-րդ կետերով սահմանված ժամկետներում և կարգով Մատակարարի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելու անհնարինության փաստարկված հիմնավորման դեպքում Մատակարարը հաշվարկում է Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ` տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 43-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող` Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելուց հետո: Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը երեք Հաշվարկային ամսվա համար:
(41.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
41.2. Մատակարարն իրավունք ունի Բաժանորդի հետ գրավոր փոխհամաձայնեցված Հաշվարկային ամիսների համար հաշվարկել Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայության պայմանական քանակ` տվյալ Հաշվարկային ամսվա օրերի քանակի և Կանոնների 43-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի հիման վրա, որը ճշգրտվում է Առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը գրանցելուց հետո: Բաժանորդին մատուցված Ծառայության ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարը հաշվի է առնում ճշգրտման Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում: Միևնույն Բաժանորդի մոտ Ծառայության պայմանական քանակ անընդմեջ կարող է հաշվարկվել առավելագույնը մեկ տարվա համար:
(41.2-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
42. Առանց Առևտրային հաշվառքի սարքի ջրամատակարարում ունեցող Բաժանորդների դեպքում, բացառությամբ Կանոնների 49-րդ և 49.2 կետերով նախատեսված դեպքերի`
1) բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 30 մ3, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.
2) ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա համար հաշվարկվում է 100 մ3, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.
3) ոչ բնակիչ Բաժանորդին մատակարարված Խմելու ջրի քանակը Հաշվարկային ամսվա յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակով, բացառությամբ Կանոնների 42.1 կետով սահմանված դեպքի.
4) եթե Բաժանորդն ունի նաև Առևտրային հաշվառքի սարքով ջրամատակարարում, ապա սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, եթե Հաշվարկային ամսվա ընթացքում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի գերազանցում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված չափաքանակները, ապա Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը չի հաշվարկվում, իսկ եթե գերազանցում է` հաշվարկվում է միայն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակը:
(42-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
(42 կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը` 90-րդ կետ)
42.1. Մատակարարի կողմից Կանոնների համաձայն Առևտրային հաշվառքի սարք չտեղակայելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակի 10%-ով: Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն:
(42.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
(42.1-ին կետը գործում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը` 90-րդ կետ)
43. Բաժանորդին մատուցված Ծառայության միջին օրական քանակը հաշվարկվում է Հաշվարկային ամսվան նախորդող վերջին մեկ տարվա Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, իսկ եթե վերջին մեկ տարում Ծառայություն չի մատուցվել, ապա Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսվա մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով, բացառությամբ այն դեպքի, երբ մեկ տարուց կարճ ժամանակահատվածով է Բաժանորդ հանդիսացել, որի ժամանակ հաշվարկը կատարվում է Բաժանորդ հանդիսացած Հաշվարկային ամիսների մատուցված Ծառայության միջին օրական քանակի չափով:
(43-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
44. Բաժանորդին մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ Բաժանորդի առարկության դեպքում Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը, եթե Բաժանորդը վճարել է մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի` իր կողմից չվիճարկվող մասը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին:
45. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում Կանոնների 46-րդ, 47-րդ և 47.2 կետերով սահմանված կարգով կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի վերահաշվարկ: Մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը հաշվարկվում է մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի և Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրվա դրությամբ գործող Ծառայությունների մատուցման սակագների արտադրյալով:
(45-րդ կետը փոփ. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
46. Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ
1) հնարավոր է եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը, բացառությամբ Կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքի, կատարվում է հետևյալ բանաձևով`
ԱՏօր * Ս%
Վվք = Մմօծ * --------------- ,
100% +/- Ս%
որտեղ`
Վվք-ն մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակն է (մ3):
Մմօծ-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3): Մատուցված Ծառայության միջին օրական քանակի հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով`
Հջք
Մմօծ = ---------,
Տօր
որտեղ`
Հջք -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում մատուցված Ծառայության քանակն է (մ3),
Տօր -ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է (օր), իսկ եթե նշված ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում չի գրանցվել, ապա Առևտրային հաշվառքի սարքով Ծառայության մատուցում ունեցած վերջին Հաշվարկային ամսում Ծառայության մատուցում ունեցած օրերի քանակն է,
ԱՏօր-ն վերահաշվարկի ժամանակահատվածն է (օր), որը հավասար է Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածին: Եթե վերահաշվարկի ժամանակահատվածը գերազանցում է 60 օրը, ապա այն կատարվում է 60 օրվա համար` ինչը սակայն չի սահմանափակում Մատակարարի իրավունքը համապատասխան հիմնավորումների առկայության դեպքում վերահաշվարկի համար կիրառել ավելի կարճ ժամանակահատված,
Ս% -ն Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից մատուցված Ծառայության քանակի շեղումն է (%), Ս%-ն բանաձևի հայտարարում հաշվի է առնվում բացասական «-» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքը դանդաղ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է, և` դրական «+» նշանով, երբ Առևտրային հաշվառքի սարքն արագ է աշխատել, քան սխալանքի թույլատրելի տիրույթն է.
2) հնարավոր չի եղել որոշել Առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի թույլատրելի տիրույթից Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի շեղումը, ապա վերահաշվարկը, բացառությամբ Կանոնների 47-րդ կետով նախատեսված դեպքի, կատարվում է հետևյալ բանաձևով`
Վվք = ՆՄմօծ * ԱՏօր - Նջք,
որտեղ`
ՆՄմօծ-ն մատուցված Ծառայության միջին օրական քանակն է (մ3), որը հաշվարկվում է Կանոնների 43-րդ կետի համաձայն,
Նջք-ն Առևտրային հաշվառքի սարքի նախավերջին ցուցմունքի գրանցման պահից մինչև Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածում Առևտրային հաշվառքի սարքով մատուցված Ծառայության քանակն է (մ3):
(46-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն, 28.10.2020 թիվ 383-Ն որոշումներ)
47. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումն արտաքին միջամտության հետևանք է և Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ փաստվել է, որ արձանագրված խախտումը կարող էր հանգեցնել Առևտրային հաշվառքի սարքով փաստացի մատուցված Ծառայության քանակից պակաս քանակի գրանցման, ապա կատարվում է Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ` ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի`
1) տասնհինգապատիկի չափով` բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
2) երեսնապատիկի չափով` ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
3) իննսունապատիկի չափով` ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:
(47-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
47.1. (47.1-ին կետն ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
(47.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
47.2. Միևնույն Բաժանորդի մոտ արտաքին միջամտությամբ Առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին արտաքին միջամտության հետևանքով Առևտրային հաշվառքի սարքի խախտում հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 47-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:
(47.2-րդ կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
47.3. Այն դեպքում, երբ Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 47-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:
(47.3-րդ կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
47.4. Եթե Առևտրային հաշվառքի սարքը տեղակայված է Բաժանորդի սեփականություն հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածքից դուրս, ապա Կանոնների 47-րդ և 47.2 կետերով սահմանված կարգով Խմելու ջրի վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:
(47.4-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն, 11.12.2019 թիվ 455-Ն որոշումներ)
47.5. Եթե Մատակարարը Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն արձանագրություն չի կազմել, ապա Կանոնների 46-րդ, 47-րդ, 47.2, 49-րդ և 49.2 կետերով սահմանված կարգով մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարը վճարելու պահանջին Բաժանորդի չհամաձայնելու դեպքում Մատակարարը վեճը լուծում է դատական կարգով` մինչև վեճի վերջնական լուծումը չդադարեցնելով Բաժանորդին Ծառայությունների մատուցումը:
(47.5-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
48. Եթե Առևտրային հաշվառքի սարքի խախտումը պայմանավորված է Մատակարարի գործողություններով, ապա Մատակարարը Բաժանորդին վճարում է տուժանք` մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի կրկնապատիկի չափով: Մատակարարը տուժանքն առանձին տողով հաշվի է առնում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում` նվազեցնելով Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարից:
49. Բաժանորդի կողմից` դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքում Մատակարարը կազմում է խախտման մասին արձանագրություն` համաձայն Կանոնների 35-րդ կետի 1-ին ենթակետի, և իրականացնում Բաժանորդին մատուցված Ծառայության քանակի վերահաշվարկ համապատասխանաբար ներանցման խողովակի կամ շրջանցմամբ միացված ներանցման խողովակի թողունակությամբ` շարժման 1,5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման հրապարակված գրաֆիկի հիման վրա հաշվարկված Խմելու ջրի օրական քանակի`
1) տասնհինգապատիկի չափով` բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
2) երեսնապատիկի չափով` ոչ բազմաբնակարան շենքի բնակիչ Բաժանորդի դեպքում.
3) իննսունապատիկի չափով` ոչ բնակիչ Բաժանորդի դեպքում:
(49-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
49.1. (49.1-ին կետն ուժը կորցրել է 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
(49.1-ին կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
49.2. Միևնույն Բաժանորդի մոտ վերջինիս կողմից` դադարեցված Ծառայության վերականգնման կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցման (այդ թվում` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման) դեպքի հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում կրկին Բաժանորդի կողմից համապատասխանաբար` դադարեցված Ծառայության վերականգնում կամ Առևտրային հաշվառքի սարքի շրջանցում (այդ թվում` Բաժանորդի կողմից Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցում) հայտնաբերելու դեպքում Մատակարարն իրավունք ունի Բաժանորդին մատուցված Ծառայության քանակը վերահաշվարկել Կանոնների 49-րդ կետով սահմանված չափաքանակների կրկնապատիկի չափով:
(49.2-րդ կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
49.3. Եթե Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածում ներառվող օրերի քանակը փոքր է Կանոնների 49-րդ կետով սահմանված բազմապատիկներից, ապա բազմապատիկներն ընդունվում են հավասար Բաժանորդ հանդիսացած ժամանակահատվածին:»:
(49.3-րդ կետը լրաց. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
49.4. Մատակարարը պարտավոր է վերահաշվարկին առնչվող ամբողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել Բաժանորդին` Առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման, իսկ Կանոնների 49-րդ և 49.2 կետերով սահմանված վերահաշվարկի դեպքում` խախտման հայտնաբերման օրվանից 35 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե Բաժանորդը չի համաձայնում վերահաշվարկի արդյունքին, ապա վերահաշվարկին առնչվող տեղեկատվությունը ստանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Մատակարարին է ներկայացնում գրավոր առարկություններ` համապատասխան հիմնավորումներով:
(49.4-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
49.5. Եթե Բաժանորդը Կանոնների 49.4 կետով սահմանված ժամկետում վերահաշվարկի արդյունքի մասին Մատակարարին չի ներկայացնում գրավոր առարկություններ, ապա Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից` ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից: Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում Կանոնների 49.4 կետով սահմանված` Բաժանորդի կողմից առարկություններ ներկայացնելու ժամկետի վերջին օրվան հաջորդող օրը:
(49.5-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
50. Մատակարարը պարտավոր է Բաժանորդից մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի վերաբերյալ առարկություն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել և արդյունքների մասին գրավոր տեղեկացնել Բաժանորդին` պարզաբանելով մատուցված Ծառայության վերահաշվարկի արդյունքի հետ կապված վիճելի դրույթները և դրանց հիմքերը: Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Մատակարարի և Բաժանորդի միջև մատուցված Ծառայության վերահաշվարկի արդյունքի վերաբերյալ տարաձայնության դեպքում Բաժանորդը մատուցված Ծառայությունների դիմաց վերահաշվարկի կատարմանը հաջորդող Հաշվարկային ամսում վճարման ենթակա գումարի հետ վճարում է նաև մատուցված Ծառայության վերահաշվարկված քանակի դիմաց վճարման ենթակա գումարի` իր կողմից չվիճարկվող մասը: Բաժանորդը պետք է ողջամտորեն հիմնավորի մատուցած Ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարի վիճարկվող մասի հետ չհամաձայնվելը` հիմնավորումները գրավոր ներկայացնելով Մատակարարին: Մատակարարն իրավունք չունի դադարեցնել Բաժանորդին Ծառայությունների մատուցումը մինչև վեճի վերջնական լուծումը:
(50-րդ կետը փոփ. 14.06.17 թիվ 247-Ն որոշում)
50.1. Կանոնների 50-րդ կետով սահմանված վեճի վերջնական լուծումից հետո Բաժանորդին մատուցված Ծառայության վերահաշվարկված (վեճի արդյունքում որոշված) քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը Մատակարարն առանձին տողով հաշվի է առնում վերահաշվարկի կատարման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով վերահաշվարկի արդյունքից` ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից: Այս դեպքում վերահաշվարկի կատարման օր է համարվում վեճի լուծման օրը:
(50.1-ին կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
50.2. Մատակարարը մատուցված Ծառայության վերահաշվարկում անճշտություն հայտնաբերելու դեպքում պարտավոր է կատարել ճշգրտում: Մատակարարը պարտավոր է մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտմանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը համապատասխան հիմնավորումներով գրավոր ներկայացնել Բաժանորդին` վերահաշվարկում անճշտության հայտնաբերման օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում մատուցված Ծառայության վերահաշվարկի ճշգրտման գործընթացն իրականացվում է Կանոնների 49.4, 49.5, 50-րդ և 50.1 կետերով սահմանված կարգով:
(50.2-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
50.3. Մատակարարը Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացված հաշվարկային փաստաթղթում և (կամ) Բաժանորդին տրամադրվելիք վճարումը հավաստող փաստաթղթում Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակի և դրա դիմաց վճարման ենթակա գումարի անճշտություն հայտնաբերելու դեպքում Բաժանորդին մատուցված Ծառայությունների ճշգրտող քանակը և դրա դիմաց վճարման ենթակա գումարը հաշվի է առնում անճշտության հայտնաբերման օրը ներառող Հաշվարկային ամսում Բաժանորդին մատուցված Ծառայությունների դիմաց ներկայացվելիք հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում, ելնելով ճշգրտման արդյունքից` ավելացնում է Բաժանորդին մատուցված Ծառայությունների քանակին և դրա դիմաց վճարման ենթակա գումարին կամ նվազեցնում դրանցից:
(50.3-րդ կետը լրաց. 11.12.2019 թիվ 455-Ն որոշում)
-------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում