ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
26 ապրիլի 2007 թվականի N 16
9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2004 թվականի ապրիլի 16-ի «ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի մասին» որոշումը`
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2007 թ. ապրիլի 26-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) մշակվել է հիմք ընդունելով «Անկախ Պետությունների Համագործակցության (այսուհետ` ԱՊՀ) մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի 2004 թ. ապրիլի 16-ի «ԱՊՀ մասնակից պետությունների հիդրոօդերևութաբանական անվտանգության հայեցակարգի մասին» որոշումը:
Սույն հայեցակարգը նպատակաուղղված է վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթներից (այսուհետ` վտանգավոր երևույթներ) Հայաստանի Հանրապետության բնակչության կյանքի, առողջության և ունեցվածքի պաշտպանությանը, պետության սոցիալտնտեսական կայուն զարգացմանը և շրջակա միջավայրի պահպանությանը:
Հայեցակարգում սահմանված են հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման կարևորագույն նպատակները, խնդիրներն ու սկզբունքները:
1. Ընդհանուր դրույթներ
Վտանգավոր երևույթները (երաշտ, ջրհեղեղ, երաշտ, ուժեղ քամիներ, օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում/նվազում, փոթորիկ, ամպրոպային փոթորկանք, պտտահողմ, փոշեմրրիկ, ուժեղ տեղումներ, կարկուտ, ձնահյուսք, ցրտահարություն, ուժեղ մերկասառույց, սառնամանիք, բուք, շոգ, խորշակ և այլն) բերում են մարդկային զոհերի, սպառնում են մարդկանց առողջությանը և զգալի վնասներ հասցնում ազգաբնակչության ունեցվածքին և տնտեսությանը:
Հայաստանում առավել մեծ վնաս են հասցնում` երաշտը, ցրտահարությունը, կարկուտը, վարարումները, սելավները, ուժեղ քամիները, ուժեղ մառախուղը, ձնահյուսքերը, անտառային հրդեհները, որոնց դիտման հաճախությունը և ուժգնությունը աճել է կլիմայի համընդհանուր փոփոխության արդյունքում:
Վտանգավոր երևույթները կարող են ուժգնացնել այլ աղետները կամ նպաստել դրանց առաջացմանը, ինչպիսիք են անապատացումը, կենսաբազմազանության փոփոխությունները, համաճարակների բռնկումը, վարակիչ հիվանդությունների տարածումը, սրտանոթային հիվանդությունների սրացումը, ռադիացիոն վթարները, շրջակա միջավայրի աղտոտվածությունը, օզոնային շերտի քայքայումը և երկրի մակերևույթին հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթման ավելացումը, մորեխների ներխուժումները և այլն:
Ըստ վիճակագրական տվյալների 1992-2001 թթ. տարերային աղետները երկրագնդի վրա ավելի քան 622 հազ. մարդկանց մահվան պատճառ են դարձել, այդ աղետներից տուժել է մոտ 2 մլրդ մարդ: Հիդրոօդերևութաբանական աղետների հասցրած տնտեսական կորուստները գնահատվել են 446 մլրդ ԱՄՆ դոլար, որը կազմում է այդ ժամանակահատվածում տեղի ունեցած բոլոր տարերային աղետների հասցրած կորուստների 65%-ը:
Հայաստանի Հանրապետության տարածքում 1935-2005 թթ. ընթացքում դիտված վտանգավոր երևույթների վերլուծությունից պարզվում է, որ դրանց հաճախությունը և ինտենսիվությունը մեծացել է: Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հասցված վնասը վտանգավոր երևույթներից 2000-2004 թթ. ընթացքում կազմել է 35 մլրդ դրամ:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) փորձագետների գնահատմամբ, հիդրոօդերևութաբանական տեղեկատվության օգտագործումը թույլ է տալիս կանխել կամ նվազեցնել կորուստների ընդհանուր քանակը 30%-ով: Հետևաբար բնակչության կյանքի և առողջության անվտանգության, տնտեսության պաշտպանության ապահովման համար դրական արդյունք կարող են ապահովել վտանգավոր երևույթների մասին վաղօրոք տրված նախազգուշացումները, ինչպես նաև միջնաժամկետ (ամսական) և երկարաժամկետ (սեզոնային, տարեկան) կանխատեսումները:
Տնտեսության զարգացմանը զուգընթաց էլ ավելի է կարևորվում ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության (այսուհետ` ծառայություն) արտադրանքը, որի հիմնական սպառողներն են` ազգաբնակչությունը, փրկարարական և սեյսմիկ պաշտպանության ծառայությունները, զինված ուժերը, գյուղատնտեսությունը, ջերմաէներգետիկ և կապի համակարգերը, առողջապահությունը, կոմունալ տնտեսությունը, տրանսպորտը (օդային, ավտոմոբիլային և երկաթուղային), տուրիզմը և բոլոր այն ոլորտները, որոնք խոցելի են եղանակակլիմայական պայմաններից:
1.1. Հայեցակարգում օգտագործված հիմնական հասկացություններն ու
սահմանումները
Հայեցակարգում օգտագործված հիմնական հասկացություններն են`
ա) վտանգավոր հիդրոօդերևութաբանական և/կամ հելիոերկրաֆիզիկական երևույթներ (այսուհետ` վտանգավոր երևույթներ) - մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց նշանակությամբ, ինտենսիվությամբ, տևողությամբ, կամ ըստ առաջացման ժամանակի վտանգում են ազգաբնակչության կյանքը, առողջությունը ու ունեցվածքը, ինչպես նաև կարող են հասցնել զգալի նյութական վնասներ տնտեսության տարբեր ճյուղերին,
բ) անբարենպաստ հիդրոօդերևութաբանական երևույթներ - մթնոլորտում և ջրոլորտում առաջացող բնական երևույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ և տևողությամբ չեն հասնում վտանգավոր երևույթների չափանիշներին, սակայն կարող են որոշակի վնաս պատճառել,
գ) հիդրոօդերևութաբանական անվտանգություն - անձի, հասարակության և պետության պաշտպանվածությունը վտանգավոր և անբարենպաստ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթներից, եղանակակլիմայական պայմանների գլոբալ փոփոխությունների ազդեցությունից,
դ) պետական (ազգային) հիդրոօդերևութաբանական ծառայություն - Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենքով սահմանված կարգով հիմնադրված և պետական աջակցությամբ գործունեություն իրականացնող պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, որին հանձնարարվում է գործել ի շահ քաղաքացիների անվտանգության և ընդհանուր բարեկեցության` ՀՕԿ-ի կոնվենցիայի, միջազգային համաձայնագրերի և պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագրերի շրջանակներում, իսկ ֆինանսավորման ծախսերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայեցակարգում կիրառվող մյուս հասկացություններն ու սահմանումները մեկնաբանվում են այնպես, ինչպես «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում:
1.2. Հայեցակարգի նպատակը, պայմաններն ու խնդիրները
Սույն հայեցակարգը Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման ծրագրային հիմնարար փաստաթուղթն է:
Հայեցակարգի հիմնական նպատակը հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման և նրա դերի ու նշանակության վերաբերյալ պաշտոնական տեսակետի ձևավորումն է` որպես պետության ազգային անվտանգության անբաժանելի մաս:
Վտանգավոր երևույթների վերաբերյալ հավաստի տեղեկատվության ժամանակին և ըստ պատկանելիության տրամադրումը հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման կարևորագույն պայմաններից է:
Հայեցակարգի հիմնական խնդիրներից է` հիդրոօդերևութաբանական սպասարկման անհրաժեշտ որակի և մակարդակի ապահովումը, որը հնարավորություն կընձեռի նվազեցնել վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մարդկանց կյանքի, առողջության և ունեցվածքի անվտանգության ու տնտեսության կենսագործունեության վրա:
2. Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական
ծառայության վիճակի վերլուծությունը
Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական ծառայության (այսուհետ` ծառայություն) համակարգում ներկայումս գործում է 41 օդերևութաբանական և 3 մասնագիտացված կայաններ, 1 հիդրոօդերևութաբանական դիտարան (Սևանում), 7 գետավազանային հիդրոլոգիական կայաններ` 92 ջրաչափական դիտակետերով:
Կայաններից 12-ը գտնվում են ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա, որոնցից 6-ը` դժվարամատչելի են: Ծառայության 3 օդերևութաբանական (Երևանի, Սևանի, Ամասիայի) և 1 մասնագիտացված (Երևանի աերոլոգիական) կայաններն ընդգրկված են դիտարկումների համաշխարհային, իսկ 20-ը` ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցերում:
Ծառայությունը միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացնում է հետևյալ դիտարկումները`
- օդերևութաբանական (շուրջօրյա)` 44 կայաններում և դիտարանում,
- հիդրոլոգիական` 7 գետավազանային կայանների 92 դիտակետերում,
- ագրոօդերևութաբանական` 37 կայաններում,
- աերոլոգիական` Երևանի աերոլոգիական կայանում,
- օզոնոմետրիական` 2 կայաններում,
- ակտինոմետրական` 7 կայաններում,
- ռադիոլոգիական` 34 կայաններում:
Ստացվող տեղեկությունը ենթարկվում է վերլուծական ստուգման, կուտակվում տվյալների բանկում և պահպանվում հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տվյալների միասնական պետական ֆոնդում:
Դիտարկումների տվյալների հիման վրա կազմվում են ամսագրեր, տարեգրեր, տեղեկագրեր, տեսություններ, վտանգավոր երևույթներ առաջացնող օդերևութաբանական պայմանների վերլուծություններ և այլն:
Հանրապետության 10 մարզերի և Երևան քաղաքի համար յուրաքանչյուր օր կազմվում է եղանակի տարրերի (ջերմաստիճանի, տեղումների, քամու, ամպամածության, ճնշման, մառախուղի և այլն), ինչպես նաև վտանգավոր երևույթների (որոնք կարող են բերել արտակարգ իրադրությունների կամ հասցնել զգալի վնասներ), դրանց դիտման ժամանակի (երբ), վայրի (որտեղ), վտանգավորության աստիճանի վերաբերյալ կանխատեսումներ և նախազգուշացումներ, տրամադրվում ազգաբնակչությանը, պետական կառավարման մարմիններին և այլ շահագրգիռ կազմակերպություններին:
Դիտարկումների տվյալները և կանխատեսումները ՀՕԿ-ի կոնվենցիայով և ԱՊՀ միջպետական համաձայնագրով սահմանված կարգով ներկայացվում են համապատասխան համաշխարհային և տարածաշրջանային կենտրոններ:
3. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգությանը
սպառնացող վտանգի աղբյուրները
Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգությանը սպառնացող վտանգի աղբյուրները վտանգավոր երևույթներն են, որոնց բնութագրիչների փոփոխությունը, դիտման հաճախությունը, բնակչությանն ու տնտեսությանը հասցրած վնասի չափերն ունեն աճի տենդենց:
Վերջին տարիներին երկրագունդը ցնցում են վտանգավոր բնական, հատկապես հիդրոօդերևութաբանական բնույթի երևույթները և աղետները, որոնց քանակը աճել է ավելի քան 4 անգամ:
Հիդրոօդերևութաբանական անվտանգության սպառնալիք կարող են հանդիսանալ նաև կլիմայի գլոբալ տաքացումը և դրան ուղեկցող պրոցեսները:
Դրա վառ ապացույցն է մեր տարածաշրջանում վերջերս դիտվող էքստրեմալ ջերմաստիճանները և եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունները:
Այդ համատեքստում խիստ կարևորվում է ծառայության տեխնիկական զինվածության և ֆինանսատնտեսական վիճակը, որը կարող է սահմանափակել նրա գործունեությունը և խոչընդոտել տեղեկատվության ստացման և փոխանակման պատշաճ իրականացմանը (ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային ասպարեզում), որը բացասաբար կանդրադառնա Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական ապահովման վրա:
Վերջին տարիներին (1995-2005 թթ.) ծառայությունը ֆինանսավորվել է միջին հաշվով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի 0.07%-ի կամ համախառն ներքին արդյունքի 0.014% չափով: Հատկացվող միջոցները նախատեսվել են միայն համակարգի պահպանման համար, ցածր է աշխատողների աշխատավարձը (աշխատողների միջին աշխատավարձը 2005 թ. կազմել է 18.5 հազ. դրամ), որը բերում է կադրերի հոսունության: Անբավարար ֆինանսավորումը խոչընդոտում է նաև ժամանակակից գործիքներով և սարքավորումներով ծառայության վերազինմանը, Գյումրիի և Վանաձորի դիտարանների կիսակառույց շենքերի շինարարության ավարտմանը, համաշխարհային և տարածաշրջանային մասնագիտական կենտրոններում կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացներին մասնակցությանը:
Ոչ բավարար ֆինանսավորումը հետևանք է ծառայության կարգավիճակի անկման և նրա դերի անտեսման, պետական և միջազգային նախագծերում և ծրագրերում` չընդգրկման:
4. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգության
ապահովման հիմնական պայմանները
Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգությունը ապահովող հիմնական պայմանը պետական հիդրոօդերևութաբանական ծառայության արդյունավետ և անխափան գործունեության ապահովումն է, նպատակ ունենալով վտանգավոր երևույթների ժամանակին և բարձր արդարացվածությամբ կանխատեսումը` ուղղված բնակչության և տնտեսության պաշտպանվածությանը, քաղաքացիների կյանքին, առողջությանը և սեփականությանը սպառնացող վտանգի նվազեցմանը, տնտեսության կայուն զարգացմանը:
Դրան կարելի է հասնել`
ա) օրենսդրական, իրավական և այլ նորմատիվամեթոդական փաստաթղթերի մշակման և բարելավման,
բ) դիտարկումների պետական ցանցի ընդլայնման, վերազինման, հեռահաղորդակցության և կապի համակարգերի արդիականացման և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով հատկացվող կապիտալ ներդրումների ծավալների ավելացման,
գ) անձնակազմի վարձատրության համակարգի բարեփոխումների իրականացման,
դ) միջազգային դասակարգմանը համապատասխան բարձրակարգ մասնագետների պատրաստման և վերապատրաստման միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական
ծառայության զարգացման ուղղությունները
Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական ծառայության անխափան գործունեության ապահովման և գործունեության հիմնական ուղղություններն են.
ա) դիտարկումների պետական ցանցի վերազինումը միջազգային ստանդարտներին համապատասխանող ժամանակակից չափիչ միջոցներով, ավտոմատ և/կամ կիսաավտոմատ հիդրոօդերևութաբանական և ռադիոռադարային համակարգերով,
բ) կապի և հեռահաղորդակցության միջոցների արդիականացումը (տվյալների հավաքման, մշակման, կուտակման և փոխանակման նպատակով),
գ) ռադիոլոգիական դիտարկումների ցանցի համալրումը ժամանակակից դոզիմետրիական գործիքներով և սպեկտրոմետրիական սարքերով,
դ) անձնակազմի վարձատրության համակարգի բարեփոխումների իրականացումը,
ե) տվյալների բանկի կառավարման համակարգում ժամանակակից ծրագրային փաթեթների ներդնումը,
զ) ազգաբնակչության, պետական կառավարման մարմինների և տնտեսավարող սուբյեկտների մասնագիտացված հիդրոօդերևութաբանական սպասարկման ձևերի կատարելագործումը,
է) հիդրոօդերևութաբանական կանխատեսումների թվային մոդելների ներդնումը,
ը) կանխատեսումների տնտեսական արդյունավետության գնահատման մեթոդների մշակումը,
թ) միջազգային դասակարգմանը համապատասխան բարձրակարգ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը,
ժ) դիտարկումների պետական ցանցի օբյեկտների անձեռնմխելիության ապահովումը և դրանց շուրջ սահմանված պահպանական գոտիներում տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկի վերահսկումը,
ժա) հիդրոօդերևութաբանական գործունեությունը կանոնակարգող օրենսդրության կատարելագործում:
6. Հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման ոլորտում
միջազգային համագործակցությունը
Հիդրոօդերևութաբանության ոլորտում անհնար է աշխատանքների լիարժեք իրականացումը առանց միջազգային համագործակցության, քանի որ հիդրոօդերևութաբանական երևույթներն ու կլիմայական համակարգերը քաղաքական սահմաններ չեն ճանաչում, իսկ դրանց կանխատեսումը պարտադրում է տարբեր երկրների հիդրոօդերևութաբանական ծառայությունների սերտ համագործակցություն` դիտարկումների տվյալների հավաքման, մշակման, պահպանման, տարածման և փոխանակման առումով: Դրանով էլ պայմանավորված, այդ աշխատանքները համակարգելու նպատակով, դեռևս 1873 թ. ստեղծվել է Միջազգային Օդերևութաբանական Կազմակերպությունը (ներկայումս Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպություն), որի կոնվենցիային Հայաստանի Հանրապետությունը միացել է 1992թ., նպատակ ունենալով հնարավորինս ինտեգրվել միջազգային համագործակցությանը:
Հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման ոլորտում հիդրոօդերևութաբանական ծառայությունների միջազգային համագործակցության իրականացումը կարևորվել է նաև ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի կողմից` «Հիդրոօդերևութաբանության բնագավառում համագործակցության մասին» /1992 թ./ և «ԱՊՀ միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» /2001 թ./ միջպետական համաձայնագրերի ընդունումով, որոնք պարտավորեցնում են հետևյալ գերակա նպատակների իրականացումը.
ա) վտանգավոր երևույթների վերաբերյալ տեղեկատվության ազատ, անսահմանափակ փոխանակումը, դիտարկման և կանխատեսման մեթոդների համադրելիության ապահովումը,
բ) միջազգային (համաշխարհային և տարածաշրջանային) դիտարկումների ցանցում ծառայության ինտեգրման խորացումը,
գ) վտանգավոր երևույթներից պետությունների և հասարակության խոցելիության նվազեցմանն ուղղված տարածաշրջանային, միջպետական և ներպետական միասնական ռազմավարության մշակումը,
դ) բնապահպանական կոնվենցիաներով և այլ միջազգային փաստաթղթերով ամրագրված պարտավորությունների կատարմանն աջակցումը,
ե) ոլորտին վերաբերվող առաջավոր միջազգային փորձի, մեթոդների տեղայնացումը, նոր տեխնոլոգիաների ներդնումը,
զ) կլիմայի և դրա փոփոխության ուսումնասիրությունը և կանխատեսումը, ինչպես նաև դրա ազդեցության հետևանքով էկոհամակարգերի և տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության գնահատումը,
է) օդերևութաբանական, հիդրոլոգիական, կլիմայական գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, կանխատեսումների մոդելների մշակումը և կատարելագործումը,
ը) որակյալ կադրերի պատրաստման միջպետական ծրագրերի մշակմանն և իրականացմանը մասնակցության ապահովումը:
7. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգության
ապահովման քաղաքական, տնտեսական և սոցիալական արդյունավետությունը
Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանական անվտանգության ապահովման`
- քաղաքական նշանակությունն է` միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության և Հայաստանի պետական հիդրոօդերևութաբանական ծառայության դերի և հեղինակության բարձրացումը,
- տնտեսական նշանակությունն է` հիդրոօդերևութաբանական վտանգավոր և անբարենպաստ երևույթներից ազգաբնակչության կյանքի, առողջության և ունեցվածքի պաշտպանությունը, տնտեսության հնարավոր կորուստների կանխարգելումը և/կամ նվազեցումը, ուղղակի և անուղղակի տնտեսական օգուտների ապահովումը,
- սոցիալական նշանակությունն է` աղքատության հաղթահարմանն ու չքավորության նվազեցմանը նպատակաուղղված ազգային ծրագրերի իրագործմանն աջակցելը և պետության կայուն զարգացմանը նպաստելը:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2007 թ. ապրիլի 26-ի նիստի
N 16 արձանագրային որոշման
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
.________________________________________________________________________.
|Հ/Հ|Միջոցառման անվանումը | Կատարողները |Կատարման ժամկետը|
|___|________________________________|__________________|________________|
|1. |ՀՀ կառավարություն ներկայացնել |ՀՀ բնապահպանության| 30.06.2007 թ. |
| |«Հիդրոօդերևութաբանական |նախարարություն | |
| |գործունեության մասին» ՀՀ | | |
| |օրենքում լրացումներ կատարելու | | |
| |մասին» ՀՀ օրենքի նախագիծը: | | |
|___|________________________________|__________________|________________|
|2. |ՀՀ կառավարություն ներկայացնել |ՀՀ պաշտպանության | 30.09.2007 թ. |
| |«Հայաստանի Հանրապետության |նախարարություն | |
| |տարածքում ռազմական դրություն | | |
| |մտցնելու դեպքում պետական |ՀՀ բնապահպանության| |
| |հիդրոօդերևութաբանական |նախարարություն | |
| |ծառայության` ՀՀ պաշտպանության | | |
| |նախարարության տնօրինությանն | | |
| |անցնելու կարգն սահմանելու | | |
| |մասին» ՀՀ կառավարության որոշման | | |
| |նախագիծը: | | |
|___|________________________________|__________________|________________|
|3. |(3-րդ կետն ուժը կորցրել է 13.09.07 թիվ 36 որոշում) |
i
|___|________________________________|__________________|________________|
|4. |Առաջարկություն ներկայացնել ՀՀ |ՀՀ բնապահպանության| 01.09.2007 թ. |
| |Վարչապետին` Հայպետհիդրոմետի |նախարարություն, | |
| |կարողությունների հզորացման |ՀՀ ֆինանսների և | |
| |նպատակով Համաշխարհային բանկի |էկոնոմիկայի | |
| |ուսումնասիրությունների |նախարարություն | |
| |արդյունքներին համապատասխան | | |
| |ընթացք տալու և առաջարկվող | | |
| |ծրագիրը ՀՀ կառավարության և ՀԲ-ի| | |
| |միջև առաջին տարիների ծրագրերի | | |
| |փաթեթում ընդգրկելու վերաբերյալ: | | |
|___|________________________________|__________________|________________|
|5. |Գյումրիի և Վանաձորի |ՀՀ բնապահպանության|2008 թ. |
| |հիդրոօդերևութաբանական |նախարարություն, |1-ին եռամսյակ |
| |դիտարանների անավարտ շենքերի |ՀՀ ֆինանսների և | |
| |նախագծանախահաշվային փաստաթղթերի |էկոնոմիկայի | |
| |վերանայումը և շինարարությունը |նախարարություն | |
| |ներառել 2009-2011 թթ. ՄԺԾ |ՀՀ քաղաքաշինության| |
| |ծրագրում: |նախարարություն | |
|___|________________________________|__________________|________________|
|6. |«Էլեկտրոնային հաղորդակցության |ՀՀ բնապահպանության| 01.10.2007 թ. |
| |մասին» ՀՀ օրենքի սահմաններում |նախարարություն, | |
| |կանոնակարգել պետական |ՀՀ տրանսպորտի և | |
| |Հիդրոօդերևութաբանական |կապի | |
| |ծառայության կողմից մասնագիտական |նախարարություն | |
| |տեղեկատվության փոխանակման համար | | |
| |օգտագործվող ռադիոհաճախականային | | |
| |տիրույթների օգտագործման | | |
| |թույլտվությունների տրամադրման | | |
| |կարգը և շահագործման պայմանները:| | |
.________________________________________________________________________.