01.07.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հունվարի 18-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 165.10-րդ հոդվածով.
«Հոդված 165.10. |
«Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը |
1. «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները ֆիզիկական անձանց կողմից առաջին անգամ խախտելը, բացառությամբ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքերի`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կամ այդ օրենքի հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջները ֆիզիկական անձանց կողմից կրկին խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, ընդ որում, այդ օրենքի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտում թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է մեկ խախտում:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 169.8-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գործատուն ազատվում է սույն հոդվածով նախատեսված` աշխատավարձ չվճարելու համար սահմանված պատասխանատվությունից, եթե աշխատավարձ ստացողը գործատուին օրենսդրությամբ սահմանված կարգով չի ներկայացրել իր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտը) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը և (կամ) աշխատավարձն անկանխիկ ստանալու համար օրենքով սահմանված ձևերից որևէ մեկը:»:
i
Հոդված 3. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածի 1-ին մասի «165 հոդվածով» բառերը փոխարինել «165-րդ, 165.10-րդ հոդվածներով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ 165.10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Հանրապետության Նախագահի լիազորությունները կատարող |
Ա. Սիմոնյան |
2022 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-15-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 8 փետրվարի 2022 թվական: