Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ/0671/01/21

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Մ. Մարտիրոսյան

 

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Կ. Հովհաննիսյան

    դատավորներ`        Գ. Հովհաննիսյան

                       Լ. Ալավերդյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Հ. Ասատրյանի

մասնակցությամբ

                       դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                       Հ. Գրիգորյանի

                                       Ա. Դանիելյանի

                                       Լ. Թադևոսյանի

                                       Ա. Պողոսյանի

                                    

9 հունվարի 2026 թվական

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշման դեմ մեղադրյալ Մայիս Աշոտի Գրիգորյանի պաշտպան Ա. Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2021 թվականի հունվարի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 16156921 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2021 թվականի փետրվարի 3-ի որոշմամբ «Մ.Կ.» ՍՊ ընկերությունը ճանաչվել է տուժող:

2021 թվականի մարտի 1-ին Մայիս Աշոտի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Կարապետյանին:

2. 2021 թվականի մայիսի 24-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի փետրվարի 5-ի որոշմամբ մեղադրյալ Գևորգ Կարապետյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով) քրեական հետապնդումը դադարեցվել է` տուժողի հետ հաշտության հիմքով:

Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 11-ի դատավճռով Մայիս Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (արարքի կատարման պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով) նախատեսված հանցանքում և դատապարտվել է տուգանքի` արարքի կատարման ժամանակ գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի սանկցիայով նախատեսված` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ և 11-րդ մասերի կիրառմամբ` Մայիս Գրիգորյանի նկատմամբ նշանակված տուգանքին լրիվ գումարվել է նախորդ` թիվ ԱՎԴ/0004/01/20 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի փետրվարի 22-ի դատավճռով նշանակված` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը, և Մայիս Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով և տուգանք` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով: Վերջնական պատժին հաշվակցվել է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը` պատժի կրման սկիզբը հաշվելով 2022 թվականի նոյեմբերի 26-ից:

Մայիս Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է:

Վճռվել է իրեղեն ապացույց ճանաչված և տուժողի ներկայացուցիչ Ա. Կիրակոսյանի պատասխանատու պահպանությանը հանձնված` ադամանդե քարերով ոսկյա մատանին, մեկ զույգ արծաթյա ականջօղերը և արծաթյա մատանին թողնել տուժողի տնօրինությանը:

Ամբաստանյալ Մայիս Գրիգորյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե է բռնագանձվել թիվ 02272104 եզրակացությամբ ներկայացված մետաղագիտական, հեմոլոգիական և ապրանքագիտական փորձաքննության արժեք հանդիսացող 184.800 (հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումարը` որպես դատական ծախս:

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 11-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Ա. Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը փաստարկել է, որ ստորադաս դատարանը թույլ է տվել դատական սխալ` նյութական իրավունքի խախտում, այն է` Մայիս Գրիգորյանի նկատմամբ չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի դրույթները, որոնք ենթակա էին կիրառման, ինչը հանգեցրել է դատավճռի օրինականության և հիմնավորվածության պահանջների խախտման:

Մասնավորապես, բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարանի դիրքորոշումն առ այն, որ Մայիս Գրիգորյանը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից չի կարող ազատվել, քանի որ վերջինս առաջին անգամ չէ, որ կատարել է հանցավոր արարք, իրավաչափ չէ և հակասում է քրեական օրենսդրության տրամաբանությանը:

Ըստ բողոքաբերի` ստորադաս դատարանները պատշաճ անդրադարձ չեն կատարել Մայիս Գրիգորյանի դատվածության և հետախուզման վերաբերյալ տվյալներին, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Մայիս Գրիգորյանը դատապարտվել է 2013 թվականին` տուգանքի, և դատվածությունը մարվել է: Սույն քրեական գործով մեղսագրված արարքը կատարելու ժամանակ մեղադրյալի նկատմամբ այլ օրինական ուժ ստացած դատավճիռ առկա չի եղել, մասնավորապես` Մայիս Գրիգորյանը դատապարտվել և պատիժ է կրում 2021 թվականի փետրվարի 22-ի դատավճռով, իսկ վերջինիս մեղսագրվում է հանրորեն վտանգավոր արարքի կատարում` 2021 թվականի հունվարի 11-ին:

6. Միևնույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները սխալ եզրահանգման են եկել Մայիս Գրիգորյանին մեղսագրված` ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված արարքը համապատասխանեցնելով ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին:

Այս առումով բողոք բերած անձը փաստարկել է, որ մեղադրյալին չի կարող մեղսագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` «տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից» ծանրացնող հանգամանքը, քանի որ օրենսդիր մարմնի տրամաբանությունը և թվարկման հաջորդականությունը փաստում է, որ «այլ պահոցից» և «օբյեկտից» հասկացությունները պետք է մեկնաբանվեն որպես անձի մոտ գտնվող պահոց կամ օբյեկտ, իսկ սույն գործի շրջանակներում հաստատված է, որ Մայիս Գրիգորյանը ենթադրյալ հափշտակությունը կատարել է խանութ սրահում առկա բաց ցուցապահարանից: Այսինքն` մեղադրյալի կողմից կատարված արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին:

Ամփոփելով, բողոքաբերն ընդգծել է, որ Մայիս Գրիգորյանի արարքում առկա է մեկ ծանրացնող հանգամանք, այլ ծանրացնող հանգամանքներ առկա չեն, ավելին` առկա են վերջինիս պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ, որոնք դատարանը հաշվի չի առել, ուստի Մայիս Գրիգորյանի նկատմամբ պետք է նշանակվեր տուգանքի ձևով պատիժ` 500.000 ՀՀ դրամի չափով:

7. Ելնելով վերոգրյալից` բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` Մայիս Գրիգորյանին ազատել քրեական պատասխանատվությունից` տուժողի հետ հաշտության հիմքով և քրեական վարույթը կարճել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, կամ մասնակիորեն բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշումը, Մայիս Գրիգորյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերից վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտել տուգանքի` 500.000 ՀՀ դրամի չափով:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Մայիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով այն բանի համար, որ «(...) նա 2021 թվականի հունվարի 11-ին (...) իր ընկեր Գևորգ Կարապետյանի հետ միասին գնացել են Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղի 3 հասցեում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն, որտեղ պայմանավորվել են, որ Գևորգ Կարապետյանը պետք է շեղի «Դիամոր» խանութ-սրահի աշխատակցի ուշադրությունը, իսկ Մայիս Գրիգորյանը պետք է հափշտակի թանկարժեք զարդեր: Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, նույն օրը` ժամը 19:00-ի սահմաններում մտել են «Մ.Կ.» ՍՊ ընկերությանը պատկանող «Դիամոր» խանութ-սրահ, որտեղ, ըստ նախապես կատարված դերաբաշխման, Գևորգ Կարապետյանը, հանցագործությանն օժանդակելու նպատակով, խանութ-սրահի վաճառողուհի Մ.Հ.-ի հետ զրուցելով, հարցեր տալով և կանգնելով վերջինիս և Մայիս Գրիգորյանի միջև, շեղել է վաճառողուհու ուշադրությունը, իսկ այդ ընթացքում Մայիս Գրիգորյանը, աննկատ բացելով` ապօրինի մուտք գործելով խանութ-սրահի միջնամասում տեղադրված պահեստարան հանդիսացող ցուցապահարան, այնտեղից գաղտնի հափշտակել է 12.000 ՀՀ դրամ արժողությամբ արծաթյա մատանի, 13.000 ՀՀ դրամ արժողությամբ արծաթյա ականջօղ, որից հետո մոտենալով դրամարկղի սեղանին, դրա վրայից գաղտնի հափշտակել է 1.063.000 ՀՀ դրամ արժողությամբ ադամանդյա քարերով ոսկյա մատանի` հիշյալ ընկերությանը պատճառելով խոշոր չափերով` 1.088.000 ՀՀ դրամ գույքային վնաս (...)»(1):

 

_________________________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 141-142:

 

9. 2024 թվականի հունվարի 30-ին տուժողի ներկայացուցիչ Ա.Կ.-ի և մեղադրյալ Մայիս Գրիգորյանի միջև կնքվել է հաշտության վերաբերյալ փոխադարձ համաձայնություն, որը ներկայացվել է Առաջին ատյանի դատարան(2):

 

_________________________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթ 56:

 

10. Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մարտի 11-ի դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել չի կարող և այդ հիմքով նա քրեական պատասխանատվությունից ազատվել չի կարող, քանի որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանը թիվ ԱՎԴ/0004/01/20 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման համար և դատապարտվել է ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով, ինչն այժմ կրում է:

(...) Դատարանը գտնում է, որ տվյալ գործով հաստատված փաստերի պարագայում առկա չէ պատասխանատվությունը մասնակի մեղմացնող և միաժամանակ մասնակի խստացնող օրենքի` միայն մեղմացնող մասով հետադարձ ուժ տալու խնդիր, այսինքն պաշտպանի միջնորդությունը վերաբերելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել» եզրույթին հետադարձ ուժ չտալուն, քանի որ այդ եզրույթն ընդհանուր նախադասությունից կտրված վերլուծվել, որպես պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող կամ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենք գնահատվել չի կարող:

(...) Վերլուծելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը, քրեական գործով ձեռք բերված և հետազոտված ապացույցները, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` Դատարանը գտնում է, որ դրանք արժանահավատ են, հաստատվում են քրեական գործի քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների համակցությամբ:

Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանի կողմից, նրա մեղավորությամբ, պահեստարան ապօրինի մուտք գործելով, այսինքն պահոցից խոշոր չափերով գողություն կատարելն ապացուցված է, նրա այդ արարքը ճիշտ է որակված և համապատասխանում է ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներին:

Որպես ամբաստանյալ Մայիս Գրիգորյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք Դատարանը հաշվի է առնում հանցանք կատարած անձի կողմից հանցագործությամբ պատճառված վնասը կամովին հատուցելը, իսկ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք Դատարանը չի արձանագրում:

(...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանն իր կատարած հանցանքի համար ենթակա է պատժի, քանի որ դրան խոչընդոտող որևէ հանգամանքի առկայության վերաբերյալ Դատարանին որևէ տեղեկություն չի ներկայացվել:

(...) Դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանը թիվ ԱՎԴ/0004/01/20 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել նախորդ օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված, 2019թ. հունվարի 4-ին կատարված հանցանքի համար, իսկ տվյալ` թիվ ԵԴ/0671/01/21 քրեական գործով մեղսագրված արարքն ամբաստանյալ Մայիս Գրիգորյանը կատարել է 2021թ. հունվարի 11-ին: 2021թ. հունվարի 11-ին պահեստարան ապօրինի մուտք գործելով, այսինքն` պահոցից խոշոր չափերով գողություն կատարելիս Մայիս Գրիգորյանը որևէ հանցանքի համար դատված չի եղել, հետևաբար դատվածություն ունեցող անձ չի համարվել:

Այսպիսով, 2021թ. հունվարի 11-ին ամբաստանյալ Մայիս Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված` դատվածություն ունեցող անձ չի հանդիսացել:

(...) Հաշվի առնելով ամբաստանյալի կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, դրանց կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործության անմիջական օբյեկտի` սեփականության դեմ ուղղված ոտնձգության բնույթը և այդ ոլորտում պետության քրեական քաղաքականության ուղղվածությունը, դրանք համադրելով ամբաստանյալի անձը բնութագրող տվյալների հետ` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանն իր կատարած հանցանքի համար ենթակա է պատժի տուգանքի ձևով, քանի որ պատիժներից առավել խիստերը կիրառելու հիմքեր առկա չեն: Բացի այդ` տուգանքի միջոցով հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակները:

Հաշվի առնելով ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսվածի համեմատ` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված նույն հանցանքի համար կիրառվող տուգանք պատժատեսակի խստանալը, ինչպես նաև անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների և այլ իրավական ակտերի` հետադարձ ուժ չունենալու, արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները` տվյալ դեպքում արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով որոշվելու օրենսդրական պահանջը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ պատիժը պետք է նշանակվի ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի սանկցիայի հաշվառմամբ:

(...) Հաշվի առնելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մայիս Գրիգորյանն իր կատարած, ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական նախորդ օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության համար ենթակա է պատժի տուգանքի ձևով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

Դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով նշանակվող պատժին լրիվ գումարման է ենթակա նախորդ` ԱՎԴ/0004/01/20 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. փետրվարի 22-ի դատավճռով նշանակված` 4 (չորս) տարի ժամկետով ազատազրկումը և վերջնական պատժին հաշվակցելով առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը` պատժի կրման սկիզբը համարել 2022թ. նոյեմբերի 26-ից (...)»(3):

 

_________________________________

3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 7, թերթեր 103-112:

 

11. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով մեղադրյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելու և այն կրելու անհրաժեշտության վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումներին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը, ինչպես նաև նշանակված պատիժը կրելու անհրաժեշտությունը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել մեղադրյալի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (ծանրացնող հանգամանքների բացակայությունը), մեղադրյալի կողմից կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում մեղադրյալի նկատմամբ նշանակել է համաչափ ռեալ (իրական) պատիժ (...):

(...) Այսինքն` սահմանված պատիժը տվյալ դեպքում համաչափ է կատարված կոնկրետ հանցագործության բնույթին, վտանգավորության աստիճանին, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձին և բավարար են պատժի նպատակների իրացման տեսանկյունից:

Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի այն դիտարկմանը, որ Մայիս Գրիգորյանը հանդիսացել է առաջին անգամ հանցանք կատարած անձ, քանի որ նրան մեղսագրվող արարքը կատարելու պահին դեռևս առկա չի եղել օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ անձի առաջին անգամ հանցանք կատարած լինելու փաստը պետք է գնահատել նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառման հարցը քննարկելու պահին` հաշվի առնելով նաև նախկինում հանցանքը կատարելու ժամանակը: Նշվածի համատեքստում պետք է փաստել, որ մեղսագրվող հանցանքը 2021 թվականի հունվարի 11-ին կատարելուց հետո` 2021 թվականի փետրվարի 22-ի դատավճռով Մայիս Գրիգորյանը դատապարտվել է 2019 թվականի փետրվարի 4-ին հանցանք կատարելու համար, հետևաբար, Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ Մայիս Գրիգորյանը չի հանդիսանում առաջին անգամ հանցանք կատարած անձ` իրավաչափ է:

Անդրադառնալով բողոքաբերի կողմից ներկայացված այն փաստարկին, որ իր պաշտպանյալին չի կարող մեղսագրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքը, ապա Վերաքննիչ դատարանը, հիմնավոր չհամարելով պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի այդ փաստարկները, հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը պատասխանատվություն է սահմանում գողության համար, որը կատարվել է տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից: Այս ծանրացնող հանգամանքը մատնանշում է այն վայրերը կամ տեղակայումները, որտեղից կատարվում է գողությունը: Տուժողի պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից գողություն իրականացվում է տուժողի մոտ գտնվող պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից առարկաներ գաղտնի հափշտակելով: ՀՀ քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` դիտավորյալ հանցագործության` սույն օրենսգրքով նախատեսված ծանրացնող հանգամանքները մեղսագրվում են անձին միայն այն դեպքում, երբ նա գիտակցել է այդ հանգամանքները:

Հետևաբար, տուժողի պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից գողությունը կորակվի ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եթե հանցավորը գիտակցում է, որ պայուսակը, այլ պահոցը կամ օբյեկտը պատկանում են այն անձին, ումից հանցավորը ցանկանում է կատարել հափշտակություն, անգամ այն դեպքում, երբ տուժողն այդ պահին չի գտնվում պայուսակի, այլ պահոցի կամ օբյեկտի մոտ:

(...) Այսպիսով, Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Մայիս Գրիգորյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղավոր ճանաչելու անիրավաչափության վերաբերյալ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքի փաստարկները անհիմն են:

Անդրադառնալով մեղադրյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ տուգանքի ձևով նշանակված պատժի համաչափությանը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքում, ինչպես նաև Առաջին ատյանի դատարանի դատավճռում վկայակոչված` մեղադրյալ Մայիս Գրիգորյանի անձը բնութագրող տվյալները, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, բավարար չեն գալու այն եզրահանգման, որ նրա նկատմամբ նշանակված տուգանքը համաչափ չէ իր կողմից կատարված հանցանքին` նկատի ունենալով նրա կատարած հանցագործության հանգամանքները, դրա բնույթն ու վտանգավորության աստիճանը, այդ թվում` հանցավոր վարքագծի պարբերաբար կրկնությունը, որոնք վկայում են մեղադրյալի անձի և կատարված հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին: Այլ կերպ ասած` առկա չեն օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալներ, որոնք թույլ կտան մեղադրյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ կիրառել առավել նվազ տուգանքի չափ:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ պաշտպանի վերաքննիչ բողոքում նշված հանգամանքներն իրենց համաչափ արտացոլումն են գտել Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Մայիս Գրիգորյանի նկատմամբ նշանակված պատիժների (այդ թվում` հանցանքների համակցությամբ) և ազատազրկման ձևով նշանակված վերջնական պատիժը կրելու վերաբերյալ հետևություններում (...)»(4):

 

_________________________________

4) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 8, թերթեր 78-84:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող` 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»:

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Մ. Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

12.1. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ մեղադրյալ Մայիս Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում «առաջին անգամ հանցանք կատարած» անձ:

13. ՀՀ քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացություններ սահմանող նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` «առաջին անգամ հանցանք կատարած` անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է»:

ՀՀ քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն` «(...) 3. Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Գողությունը, որը կատարվել է`

(...)

2) խոշոր չափերով,

3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով`

(...)

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Գողությունը, որը կատարվել է`

(...)

2) տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից,

(...)

4) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(...)

12) անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե`

(...)

3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, և սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները. (...)»:

13.1 Վճռաբեկ դատարանը Մարզպետ Բեգլարյանի գործով որոշման շրջանակներում նախադեպային դիրքորոշում է ձևավորել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նաև տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման վերաբերյալ:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ եթե անձի նկատմամբ պետությունը դեռևս չի իրագործել քրեաիրավական ներգործություն, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, այն կատարող անձին չի ենթարկել քրեական պատասխանատվության և պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած` անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից: Այլ կերպ` նշված դեպքում անձը չի կարող համարվել նախկինում հանցանք կատարած, քանի դեռ պետությունը` ի դեմս իրավասու մարմնի` դատարանի, մեղադրական դատավճռի կայացմամբ չի հաստատել վերջինիս մեղավորությունը մեղսագրվող հանցավոր արարքում կամ արարքներում:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` «առաջին անգամ հանցանք կատարած անձի» բնորոշման մեջ առկա` «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել» ձևակերպմանը, արձանագրել է, որ որպես այդպիսին պետք է դիտարկել այն անձին, որի` նախկինում դատապարտման վերաբերյալ տեղեկություններ առկա չեն: Այլ կերպ` եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որ նույնն է` «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով անձը չի համարվի առաջին անգամ հանցանք կատարած, եթե վերջինս նախկինում կատարված հանցանքի համար դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվելուց հետո, չմարված կամ չվերացված դատվածության պայմաններում, կատարում է նոր հանցանք:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառմանը` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ հաշտության ինստիտուտի գործադրման պարտադիր պայման է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքը(ները) առաջին անգամ կատարելը: Մասնավորապես, եթե անձը կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կամ հանցանքներ և առկա չեն նշված անձի կողմից նախկինում կատարված հանցանքի համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտման վերաբերյալ տեղեկություններ, ապա վերջինս համարվում է առաջին անգամ հանցանք կատարած և տուժողի հետ հաշտության դեպքում ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման(5):

 

_________________________________

5) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Մարզպետ Բեգլարյանի և այլոց վերաբերյալ գործով 2025 թվականի հունվարի 17-ի թիվ ՏԴ/0023/01/22 որոշումը, կետեր 14-17.1:

 

14. Սույն վարույթի փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ`

- Մայիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով(6),

 

_________________________________

6) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

- Տուժողի ներկայացուցիչ Ա. Կիրակոսյանի և մեղադրյալ Մայիս Գրիգորյանի միջև կնքվել է հաշտության վերաբերյալ փոխադարձ համաձայնություն(7),

 

_________________________________

7) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի մարտի 11-ին կայացրած դատավճռով արձանագրել է, որ Մայիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասը կիրառվել չի կարող, քանի որ Մայիս Գրիգորյանը թիվ ԱՎԴ/0004/01/20 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի փետրվարի 22-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ և դատապարտվել է ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, որն այժմ կրում է:

Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ 2021 թվականի հունվարի 11-ին պահեստարան ապօրինի մուտք գործելով, այսինքն` պահոցից խոշոր չափերով գողություն կատարելիս Մայիս Գրիգորյանը որևէ հանցանքի համար դատված չի եղել, հետևաբար դատվածություն ունեցող անձ չի համարվել(8),

 

_________________________________

8) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը և եզրահանգել, որ 2024 թվականի մարտի 11-ի դատավճիռը պետք է թողնել անփոփոխ(9):

 

_________________________________

9) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով 1-ին մասով նախատեսված` տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով Մայիս Գրիգորյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում հանգել են սխալ հետևության:

Մասնավորապես, հիմք ընդունելով «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության և տուժողի ու հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման վերաբերյալ մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման 14-րդ կետում մեջբերված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը`

- մեղադրյալ Մայիս Գրիգորյանին մեղսագրվում է միջին ծանրության հանցագործություն,

- Մայիս Գրիգորյանը սույն գործով վերագրվող հանցանքը կատարել է 2021 թվականի հունվարի 11-ին, իսկ թիվ ԱՎԴ/0004/01/20 քրեական գործով վերջինիս նկատմամբ մեղադրական դատավճիռը կայացվել է 2021 թվականի փետրվարի 22-ին(10),

 

_________________________________

10) Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՎԴ/0004/01/20 քրեական գործը:

 

- Մայիս Գրիգորյանի և տուժողի ներկայացուցչի միջև կնքվել է հաշտության վերաբերյալ փոխադարձ համաձայնություն:

Վերոգրյալից հետևում է, որ Մայիս Գրիգորյանն օրենքի իմաստով համարվում է առաջին անգամ հանցանք կատարած անձ, քանի որ նշված հանցանքի կատարման պահին նա դատվածություն չի ունեցել նախկինում կատարած հանցանքի համար, որպիսի հանգամանքը փաստել է նաև Առաջին ատյանի դատարանը: Միաժամանակ, Մայիս Գրիգորյանի ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված նորմը կիրառելի է, և Մայիս Գրիգորյանը ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման` տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով:

Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ մեղադրյալ Մայիս Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում «առաջին անգամ հանցանք կատարած» անձ, իրավաչափ չեն:

16. Միևնույն ժամանակ, անդրադառնալով բողոքաբերի` Մայիս Գրիգորյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված ծանրացնող հանգամանքի բացակայության վերաբերյալ սույն որոշման 6-րդ կետում մեջբերված փաստարկներին, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի համաձայն` «(...) 1.1. Անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կրած հագուստից, այդ թվում` գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից` (...):

2. Գողությունը, որը կատարվել է`

(...)

2) խոշոր չափերով,

3) պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով` (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Գողությունը, որը կատարվել է`

(...)

2) տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից, (...)

3) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ

4) խոշոր չափերով` (...)»:

ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից գողություն կատարելու ծանրացնող հանգամանքը համադրված վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1.1-րդ կետով նախատեսված նույնանման` անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կրած հագուստից, այդ թվում` գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից, ծանրացնող հանգամանքի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գողության վերոնշյալ որակյալ տեսակը ենթադրում է հափշտակության կատարումն անմիջականորեն տուժողի վրա կամ նրա մոտ գտնվող իրերից կամ առարկաներից, որպիսի հանգամանքն էլ հենց պայմանավորում է գողության քննարկվող տեսակի և հանցավորի անձի վտանգավորությունը, վկայում վերջինիս առավել հանդուգն լինելու մասին: Հետևապես, որպես այլ պահոց կամ օբյեկտ կարող են դիտարկվել տուժողի մոտ գտնվող այն առարկաները, որոնք նախատեսված են գույքի պահպանության համար (օրինակ` թղթե կամ կտորից տոպրակ, փակ տուփ, դրամապանակ և այլն):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից գողություն կատարելու որակյալ հատկանիշն առկա է, եթե գողությունը կատարվում է կա՛մ անմիջականորեն տուժողի վրայից (մարմնի վրայից կամ հագուստից), կա՛մ այնպիսի օբյեկտներից, որոնք գտնվում են տուժողի մոտ կամ նրան անմիջականորեն հասանելի հեռավորության վրա (պայուսակ, այլ պահոց կամ օբյեկտ):

16.1. Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն դատողությանը, որ Մայիս Գրիգորյանին մեղսագրվող` պահեստարան ապօրինի մուտք գործելով գողությունը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված` պահոցից կատարված գողությանը: Այս առումով, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ նաև Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ արարքը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, եթե հանցավորը գիտակցում է, որ պայուսակը, այլ պահոցը կամ օբյեկտը պատկանում են այն անձին, ումից հանցավորը ցանկանում է կատարել հափշտակություն, անգամ այն դեպքում, երբ տուժողն այդ պահին չի գտնվում պայուսակի, այլ պահոցի կամ օբյեկտի մոտ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Մայիս Գրիգորյանն իրեն մեղսագրվող հանցավոր արարքը կատարել է խանութ-սրահի միջնամասում տեղադրված ցուցապահարանից, որը ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով չի կարող դիտարկվել որպես այլ պահոց: Ուստի, ստորադաս դատարանները Մայիս Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին համապատասխանեցնելու հարցում եկել են սխալ եզրահանգման:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Մայիս Գրիգորյանին մեղսագրվել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված գողության` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով ծանրացնող հանգամանքը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի շրջանակներում որպես ծանրացնող հանգամանք է նախատեսվել գողության կատարումը տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով, որպիսիք Մայիս Գրիգորյանի կողմից կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ վերջինին չեն մեղսագրվել: Հետևաբար, Մայիս Գրիգորյանին ինչպես ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը չեն կարող մեղսագրվել, ուստի Մայիս Գրիգորյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով մեղսագրվող արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին:

i

17. Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել նյութական օրենքի խախտումներ, այն է` չի կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման, կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, որը ենթակա չէր կիրառման: Արդյունքում թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Հետևաբար, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի մարտի 11-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշումը պետք է բեկանել, Մայիս Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողի հետ հաշտության հիմքով, և քրեական վարույթը կարճել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մայիս Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել, իսկ իրեղեն ապացույց ճանաչված` ադամանդյա քարերով ոսկյա մատանին, մեկ զույգ արծաթյա ականջօղերը և արծաթյա մատանին պետք է թողնել տուժողի ներկայացուցիչ Արամ Կիրակոսյանի տնօրինությանը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 184.800 (հարյուր ութսունչորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ գումար դատական ծախսը քրեական վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու պայմաններում չի կարող բռնագանձվել(11):

 

_________________________________

11) Տե՛ս 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածը, ինչպես նաև 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Մայիս Աշոտի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 11-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 9-ի որոշումը բեկանել:

2. Մայիս Աշոտի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել` տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով, և քրեական վարույթը կարճել:

3. Մայիս Աշոտի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացնել:

4. Իրեղեն ապացույց ճանաչված` ադամանդյա քարերով ոսկյա մատանին, մեկ զույգ արծաթյա ականջօղերը և արծաթյա մատանին թողնել տուժողի ներկայացուցիչ Արամ Կիրակոսյանի տնօրինությանը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը

 

Նախագահող` Հ. Ասատրյանի

Դատավորներ` Ս. Ավետիսյանի

Հ. Գրիգորյանի

Ա. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

https://cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3103

 

 

pin
Վճռաբեկ դատարան
09.01.2026
N ԵԴ/0671/01/21
Որոշում