040.0958.130913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2013 թվականի N 958-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. սույն որոշման հավելվածում նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին և խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեսվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, ստեղծվելու են ստորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,
բ. համաձայն քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները կհանդիսանան ճարտարապետական համալիրներ` պահպանելով և ապահովելով ներդաշնակ կառուցապատում, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա հին և խարխուլ բնակարանային ֆոնդի փոխարեն նոր, սեյսմակայուն բնակարանային ֆոնդի կառուցում, ինչպես նաև կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ կառուցապատվել է Հյուսիսային պողոտան,
բ. տարածքներում անհնար է ապահովել բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` հին Երևանի ճարտարապետական ոճը համադրելով այժմյան կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի դրանից, տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքները ձեռք բերողը «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) սույն որոշման հավելվածում նշված տարածքները ձեռք բերողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքները ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Ընդունել ի գիտություն, որ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ստանձնել է պայմանագրային պարտավորություն` պետությունը զերծ պահել ցանկացած վնասից և պատասխանատվությունից, որոնք կարող են առաջանալ սեփականության օտարման արդյունքում կամ հետևանքով` կապված սեփականության դիմաց փոխհատուցման անհամարժեքության, ինչպես նաև քաղաքաշինական ծրագրի իրականացման հետ:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքներում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2013 թվականի օգոստոսի 29-ի
N 958-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ
._____________________________________________________________________.
|NN | Գտնվելու վայրը և նկարագիրը |Նկարագրության |
|ը/կ| |արձանագրության |
| | |կազմման ժամկետը|
|___|_________________________________________________|_______________|
|1. |Պուշկինի 2 շենքն ամբողջությամբ. Պուշկինի 2 շ. | 4 ամիս |
| |հ. 2, բն. 7. Պուշկինի 4 շենք, հհ. 7, 8, 9, 9ա | |
| |բնակարաններ. Պուշկինի 4. Պուշկինի 4 շենքի բակ. | |
| |Պուշկինի 10 շենքի | |
| |բակում ավտոտնակ. Պուշկինի 10 շենքի բակում | |
| |խորդանոց. Բելյակովի 9. Բելյակովի փողոց, հ. 9/1 | |
|___|_________________________________________________|_______________|
|2. |Լալայանց 37 շենքի հհ. 3, 4, 5, 8, 16, 17, 19 | 4 ամիս |
| |բնակարաններ. Լալայանց 37, արվեստանոց. Լալայանց | |
| |37, ավտոտնակ. Տերյան 23 բազմաբնակարան շենքի հհ. | |
| |2, 5, 6, 10, 13, 14, 15, 16, 19 բնակարաններ. | |
| |Տերյան 23 շենքում կիսանկուղային արվեստանոց. | |
| |Տերյան 25 բազմաբնակարան շենքի հհ. 2 և 3, 5, 6, | |
| |8, 10, 11, 12 և 13, 12-13, 14, 19, 22 և 23, 26,| |
| |29, 30 բնակարաններ. Տերյան 25, բն. 30, խորդանոց. | |
| |Տերյան 25, հ. 21 գրասենյակ և նկուղ. Տերյան 25, | |
| |արվեստանոց. Տերյան 25, կիսանկուղ. Տերյան 25 և | |
| |Լալայանց 37, ավտոտնակ. Կողբացու 42. Կողբացու 42 | |
| |շենքի բակ, ավտոտնակ. Կողբացու 42, ավտոտնակ. | |
| |Կողբացու 42, հ. 6 կաթսայատուն. Կողբացու 50ա | |
| |(N 2 սխեմա) | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 10.06.2021 թիվ 946-Ն որոշում)
-----------------------------
ԻՐՏԵԿ - սխեմաները չեն բերվում