(ուժը կորցրել է 10.09.15 թիվ 1035-Ն որոշում)
i
040.0453.230407
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 ապրիլի 2007 թվականի N 453-Ն
i
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման ուղեգրի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2007 թվականի ապրիլի 12-ի
N 453-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Հաշմանդամներին պարագաները (բացառությամբ ձեռնափայտի) առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան: Վերականգնողական անհատական ծրագրի կազմման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում հաշմանդամները դիմում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին:
4. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշվածների և լսողական սարքերի, տրամադրվում են նաև ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող (այսուհետ` սոցիալապես անապահով) անձանց, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին` անձի բնակության վայրն սպասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա:
5. Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, օրթեզները, ձայնաստեղծ սարքերը, աչքի պրոթեզները, սայլակները և քայլակները տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց:
6. Պարագաները տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
7. Պարագաների հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է կազմակերպության բժիշկը կամ համապատասխան մասնագետը, իսկ խնդրահարույց դեպքերում` բուժատեխնիկական հանձնաժողովը:
8. Երեխաներին օրթեզներ և կորսետներ կարող են տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:
9. Տրամադրված պարագաները վերանորոգում է կազմակերպությունը: Վերանորոգումը կատարվում է պարագայի երաշխիքային ժամկետի լրանալուց հետո, ըստ անհրաժեշտության, կազմակերպության մասնագետի եզրակացությամբ և հիմնավորմամբ, երաշխիքային ժամկետում` կազմակերպության միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ժամկետի լրանալուց հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
10. Պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետներին համապատասխան:
11. Հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը և օրթեզավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը եզրակացություն է տալիս նաև սահմանված ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման անհրաժեշտության դեպքերում:
II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, հաշմանդամի համար պատրաստվում և տրամադրվում է բուժամարզական պրոթեզ: Բուժամարզական պրոթեզը փոխարինվում է հիմնական պրոթեզով, երբ անդամահատված ծայրատի անատոմիական փոփոխությամբ պայմանավորված այն հնարավոր չէ օգտագործել:
13. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):
14. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ գուլպա:
15. Հաշմանդամ և սոցիալապես անապահով կանանց, բժշկի եզրակացության հիման վրա, տրամադրվում է կրծքագեղձի պրոթեզ:
III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
16. Հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ, մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք: Ելնելով հիվանդության առանձնահատկությունից` կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկներ: Պրոթեզավորված և օրթեզավորված հաշմանդամներին յուրաքանչյուր տարի տրվում է երկու զույգ պրոթեզի (օրթեզի) կոշիկ, մեկ զույգ` առանց տաքացված տակդիրների, և մեկ զույգ` կիսաճիտք կամ երկարաճիտք:
17. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:
IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
18. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, տրամադրվում է հաշմանդամի սայլակ: Նկատի ունենալով հաշմանդամի առողջական վիճակը` սայլակը կարող է ստանալ նրա հարազատներից որևէ մեկը, ով սույն կարգով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև իր անձնագիրը:
19. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, սայլակ ստացած հաշմանդամին, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև փոքր տրամաչափի սայլակ:
20. Լսողական սարքերը տրամադրվում են հաշմանդամներին, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:
i
20.1. Եվրոպական արտադրության թվային և անալոգային լսողական սարքերը տրամադրվում են պետական հավաստագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
(20.1-ին կետը լրաց. 19.07.12 թիվ 948-Ն, 14.02.13 թիվ 121-Ն որոշումներ)
20.2. Պետական հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` բժշկական օգնության և սպասարկման` քիթ-կոկորդ-ականջաբանական գործունեության լիցենզիա և աուդիոմետրիա իրականացնելու և(կամ) կազմակերպելու հնարավորություն ունեցող բժշկական կազմակերպությունների եզրակացության հիման վրա:
(20.2-րդ կետը լրաց. 19.07.12 թիվ 948-Ն որոշում)
i
20.3. Պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրվում են մրցութային կարգով ընտրված այն կազմակերպությունների կողմից, որոնք Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ կնքել են պետական հավաստագրի հիման վրա լսողական սարքեր տրամադրելու մասին պայմանագրեր: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
(20.3-րդ կետը լրաց. 19.07.12 թիվ 948-Ն որոշում)
20.4. Պետական հավաստագիրը լսողության խնդիր ունեցող անձին տրամադրվում է լսողական սարքի օգտագործման համար սույն կարգով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
(20.4-րդ կետը լրաց. 19.07.12 թիվ 948-Ն որոշում)
21. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից` կազմակերպության բժշկի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ, անձը կարող է ստանալ 1 կամ 2 արմնկային կամ 1 կամ 2 թևատակի հենակ, կամ 1 ձեռնափայտ և 1 հենակ կամ 2 ձեռնափայտ:
22. Ձեռնափայտը տրամադրվում է կազմակերպության մասնագետի եզրակացությամբ:
V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
i
23. Հաշմանդամները և սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք, պարագաներ ստանալու համար, դիմում են կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար նրանց ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը), հաշմանդամները ներկայացնում են հաշմանդամության վկայականը, վերականգնողական անհատական ծրագիրը, սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք` համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ և բժշկական եզրակացություն: Լսողական սարք ստանալու համար կազմակերպություն է ներկայացվում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը և սույն կարգի 20.1-ին կետով նախատեսված դեպքում` պետական հավաստագիրը» իսկ ձայնալարերի և աչքի պրոթեզավորման համար` համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացությունը:
(23-րդ կետը փոփ. 14.02.13 թիվ 121-Ն որոշում)
24. Կազմակերպությունում պարագաներ ստացող անձանց համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, տրամադրման ամսաթիվը, սոցիալական կարգավիճակը: Հաշմանդամի փոխարեն սայլակ ստանալու դեպքում քարտում նշվում են նաև ստացողի անունը, հայրանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը:
25. Պարագան ստացող անձը կազմակերպությունից պարագաներ ստանալիս` ստորագրում է անձնական քարտում:
26. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
27. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:
28. Կազմակերպությունը մատուցված ծառայության վերաբերյալ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության դրոշմակնիքով:
29. Պարագաները կազմակերպության կողմից հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:
30. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:
31. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած (վերանորոգած) հաշմանդամների մասին հաշվետվություն:
32. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած անձանց մասին:
(1-ին հավելվածը խմբ. 15.07.10 թիվ 888-Ն որոշում)
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2007 թվականի ապրիլի 12-ի
N 453-Ն որոշման
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
._________________________________________________________________________.
|NN | Անվանումները | Օգտագործման ժամկետը |
|ը/կ| | |
|___|______________________________________|______________________________|
|1. |Պրոթեզներ | |
|___|______________________________________|______________________________|
|1) |Ստորին վերջույթների պրոթեզներ | երեք տարի, |
| | | երեխաներին` մեկ տարի |
|___|______________________________________|______________________________|
|2) |Վերին վերջույթների պրոթեզներ | չորս տարի, |
| | | երեխաներին` երկու տարի |
|___|______________________________________|______________________________|
|3) |Սրունքի օրթոպրոթեզ | երեք տարի |
|___|______________________________________|______________________________|
|2. |Օրթեզներ | վեց ամիս - մեկ տարի |
|___|______________________________________|______________________________|
|3. |Ապարատներ | երկու տարի |
|___|______________________________________|______________________________|
|4. |Սեղմիրաններ | երկու տարի, երեխաներին` |
| | | վեց ամիսը - մեկ տարի |
|___|______________________________________|______________________________|
|5. |Աղեկապեր | մեկ տարի |
|___|______________________________________|______________________________|
|6. |Կոշիկներ | |
|___|______________________________________|______________________________|
|1) |Պրոթեզի, օրթեզի (տարեկան` երկու զույգ)| վեց ամիս |
|___|______________________________________|______________________________|
|2) |Օրթոպեդիկ (տարեկան` երկու զույգ) | վեց ամիս |
|___|______________________________________|______________________________|
|7. |Վերականգնման տեխնիկական միջոցներ | |
|___|______________________________________|______________________________|
|1) |Ձեռնափայտեր` մեկ լրացուցիչ ռետինով | երկու տարի |
|___|______________________________________|______________________________|
|2) |Հենակներ` մեկ լրացուցիչ ռետինով | երկու տարի |
|___|______________________________________|______________________________|
|3) |Սուպինատորներ | մեկ տարի, |
| | | երեխաներին` վեց ամիս |
|___|______________________________________|______________________________|
|4) |Կրծքագեղձի պրոթեզ և կրծկալ-ամրակ | մեկ տարի |
|___|______________________________________|______________________________|
|5. |ԱՊՀ երկրների արտադրության լսողական |երեք տարի |
| |սարքեր | |
|___|______________________________________|______________________________|
|5.1|Եվրոպական արտադրության թվային և |հինգ տարի |
| |անալոգային լսողական սարքեր | |
|___|______________________________________|______________________________|
|6) |Հաշմանդամի սայլակ | երեք տարի |
|___|______________________________________|______________________________|
|7) |Փոքր տրամաչափի սայլակ | երկու տարի |
|___|______________________________________|______________________________|
|8) |Քայլակներ | երեք տարի |
|___|______________________________________|______________________________|
|8. |Աչքի պրոթեզ | երեխաների համար` մեկ տարի, |
| | | մեծահասակների համար` երկու |
| | | տարի |
|___|______________________________________|______________________________|
|9. |Ձայնաստեղծ սարքեր | հինգ տարի |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը խմբ. 15.07.10 թիվ 888-Ն, 19.07.12 թիվ 948-Ն որոշումներ)