Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

01.07.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.07.2013  -ից մինչեւ   01.07.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-157-Ն օրենք)

i

010.0409.020802

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի հուլիսի 3-ին

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքները, կարգավորում է նրանց վարձատրության, պարգևատրման և դրամական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 2. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները.

աշխատավարձի սանդղակ` քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության (այսուհետ` քաղաքացիական ծառայություն) պաշտոնների որևէ ենթախմբի համար աշխատավարձի մակարդակների (դրույքաչափերի) շարք` նվազագույն մեծությունից առավելագույնը.

աշխատավարձի մակարդակ` պաշտոնային դրույքաչափի հերթական դիրք, որին համապատասխանում է բազային աշխատավարձի նկատմամբ սահմանված գործակիցը.

բազային աշխատավարձ (բազային պաշտոնային դրույքաչափ)` քաղաքացիական ծառայողների հիմնական աշխատավարձի օրենքով սահմանված նվազագույն չափ.

գործակից` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշելու համար բազային աշխատավարձն այդ թվով բազմապատկելու համար սահմանված մեծություն.

հիմնական աշխատավարձ` պաշտոնային դրույքաչափ, որը որոշվում է քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային աշխատավարձի արտադրյալի միջոցով.

աշխատավարձի բնականոն աճ` քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում ծառայության ստաժի վրա հիմնված վերընթաց շարժում` համապատասխան ենթախմբի աշխատավարձի սանդղակով.

միավոր ավելացում (աճ)` աշխատավարձի սանդղակում պաշտոնային դրույքաչափերի հերթական ավելացման համար սահմանված տոկոսային աճ.

աշխատավարձի վերանայում` սույն օրենքով սահմանված կարգով բազային դրույքաչափի բարձրացման կամ աշխատավարձի սանդղակների կառուցվածքի, գործակիցների կամ դրանց միջև գոյություն ունեցող հարաբերակցությունների փոփոխության արդյունքում` հիմնական աշխատավարձի բոլոր դրույքաչափերում իրականացվող համարժեք փոփոխություններ.

հավելում` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տոկոսային ավելացում.

հավելավճար` պաշտոնային դրույքաչափի նկատմամբ տոկոսային ավելացում, որը սահմանված է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար.

պարգևատրում` միանվագ վճար, որը տրվում է քաղաքացիական ծառայողին` հիմք ընդունելով նրա` տվյալ տարվա ծառայողական գործունեության կամ հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի վերաբերյալ անմիջական ղեկավարի եզրակացությունը կամ կատարողականի արդյունքները

միևնույն պաշտոն` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված նույն ենթախմբի պաշտոններ.

հատուկ առաջադրանք` արտակարգ իրավիճակների վերացմանը, անվտանգության ապահովությանն ուղղված կամ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ տարվող աշխատանք:

(2-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն, 02.03.11 ՀՕ-64-Ն, 13.11.12 ՀՕ-196-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 3. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

i

Սույն օրենքի գործողությունը տարածվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված մարմիններում քաղաքացիական ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց վրա, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող անձանց:

(3-րդ հոդվածը փոփ. 25.12.03 ՀՕ-20-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն, 22.12.10 ՀՕ-27-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 4. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով, «Քաղաքացիական ծառայության մասին» և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, ինչպես նաև իրավական այլ ակտերով:

(4-րդ հոդվածը փոփ. 07.10.09 ՀՕ-182-Ն օրենք)

 

ՀՈԴՎԱԾ 5. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Քաղաքացիական ծառայողների վարձատրության հիմնական սկզբունքներն են`

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության համակարգում որակյալ կադրերի ներգրավման ապահովումը.

2) աշխատանքի սոցիալական էթիկան բավարարող աշխատավարձի մակարդակի ապահովման ձգտումը.

3) համարժեք աշխատանքի և փորձառության համար համարժեք վարձատրությունը.

4) ծառայության ընթացքում քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոններ զբաղեցնելու ձգտման խթանումը.

5) քաղաքացիական ծառայության տարբեր պաշտոնների պաշտոնային դրույքաչափերի միջև հիմնավորված հարաբերակցության ապահովումը` աշխատավարձը տարբերակելով քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման համակարգում պաշտոնների գրաված դիրքին համապատասխան.

6) քաղաքացիական ծառայողների ունակությունների բացահայտումը և անձնական ավանդի խթանումը ծառայության մեջ.

7) ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից կախված` քաղաքացիական ծառայողների վարձատրության խտրականության բացառումը:

 

ԳԼՈՒԽ 2.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԸ

 

ՀՈԴՎԱԾ 6. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

i

1. Քաղաքացիական ծառայողների աշխատավարձը ձևավորվում է սույն օրենքով սահմանված հիմնական և լրացուցիչ աշխատավարձերից:

2. Հիմնական աշխատավարձը քաղաքացիական ծառայության պաշտոնի ենթախմբին պատկանելությանն ու այդ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխան պաշտոնային դրույքաչափն է:

3. Լրացուցիչ աշխատավարձը ներառում է`

1) աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու դեպքում տրվող հավելումները.

2) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճանի համար տրվող հավելավճարը.

3) ծառայողական գործունեության գնահատման արդյունքներով տրվող տարեկան միանվագ պարգևատրումը կամ կատարողականի արդյունքներով տրվող պարգևատրումը, ինչպես նաև հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգևատրումները.

4) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված աղբյուրներից և կարգով տրվող պարգևատրումները.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողներին տրվող հավելումը:

2. Հիմնական աշխատավարձը (պաշտոնային դրույքաչափը) քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբում քաղաքացիական ծառայողի ստաժին համապատասխանող գործակցի և բազային պաշտոնային դրույքաչափի արտադրյալն է:

(6-րդ հոդվածը փոփ. 07.10.09 ՀՕ-182-Ն, 02.03.11 ՀՕ-64-Ն, 13.11.12 ՀՕ-196-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 7. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲԱԶԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՍԱՆԴՂԱԿՆԵՐԸ

 

1. Քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր ենթախմբի համար սահմանվում է հիմնական աշխատավարձի` նվազագույն պաշտոնային դրույքաչափից մինչև առավելագույնը հաշվարկելու հետևյալ սանդղակների աղյուսակը (այսուհետ` աղյուսակ):

 

.__________________________________________________________________________

|Աշխա-  |Աշխատավարձի|Կրտսեր                    |Առաջատար                  |

|տավարձի|բնականոն   |պաշտոններ                 |պաշտոններ                 |

|մակար- |աճը        |__________________________|__________________________|

|դակները|           |3-րդ    |2-րդ    |1-ին    |3-րդ    |2-րդ    |1-ին    |

|       |           |ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|

|       |           |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |

|_______|___________|________|________|________|________|________|________|

| 11    |Աճ չկա     | 1.65   | 1.91   |  2.2   | 2.52   | 2.91   | 3.36   |

|_______|___________|________|________|________|________|________|________|

| 10    |Երեք       | 1.61   | 1.85   | 2.13   | 2.45   | 2.83   | 3.27   |

|_______|տարին      |________|________|________|________|________|________|

|  9    |մեկ        | 1.57   | 1.8    | 2.07   | 2.38   | 2.75   | 3.17   |

|_______|           |________|________|________|________|________|________|

|  8    |           | 1.53   | 1.76   | 2.01   | 2.32   | 2.67   | 3.09   |

|_______|___________|________|________|________|________|________|________|

|  7    |Երկու      | 1.48   | 1.7    | 1.96   | 2.26   | 2.6    | 2.99   |

|_______|տարին      |________|________|________|________|________|________|

|  6    |մեկ        | 1.45   | 1.65   | 1.91   | 2.2    | 2.52   | 2.91   |

|_______|           |________|________|________|________|________|________|

|  5    |           | 1.41   | 1.61   | 1.85   | 2.13   | 2.45   | 2.83   |

|_______|___________|________|________|________|________|________|________|

|  4    |Յուրաքանչ- | 1.37   | 1.57   | 1.8    | 2.07   | 2.38   | 2.75   |

|_______|յուր       |________|________|________|________|________|________|

|  3    |տարի       | 1.33   | 1.53   | 1.76   | 2.01   | 2.32   | 2.67   |

|_______|           |________|________|________|________|________|________|

|  2    |           | 1.3    | 1.48   | 1.7    | 1.96   | 2.26   | 2.6    |

|_______|           |________|________|________|________|________|________|

|  1    |           | 1.26   | 1.45   | 1.65   | 1.91   | 2.2    | 2.52   |

.__________________________________________________________________________

.____________________________________________________.

|Աշխա-  |Գլխավոր                   |Բարձրագույն      |

|տավարձի|պաշտոններ                 |պաշտոններ        |

|մակար- |__________________________|_________________|

|դակները|3-րդ    |2-րդ    |1-ին    |2-րդ    |1-ին    |

|       |ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|ենթախմբի|

|       |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |սանդղակ |

|_______|________|________|________|________|________|

| 11    | 3.84   | 4.39   | 5.02   | 5.75   | 6.6    |

|_______|________|________|________|________|________|

| 10    | 3.75   | 4.27   | 4.89   | 5.59   | 6.42   |

|_______|________|________|________|________|________|

|  9    | 3.64   | 4.16   | 4.76   | 5.45   | 6.25   |

|_______|________|________|________|________|________|

|  8    | 3.56   | 4.05   | 4.63   | 5.3    | 6.08   |

|_______|________|________|________|________|________|

|  7    | 3.47   | 3.95   | 4.51   | 5.16   | 5.91   |

|_______|________|________|________|________|________|

|  6    | 3.36   | 3.84   | 4.39   | 5.02   | 5.75   |

|_______|________|________|________|________|________|

|  5    | 3.27   | 3.75   | 4.27   | 4.89   | 5.59   |

|_______|________|________|________|________|________|

|  4    | 3.17   | 3.64   | 4.16   | 4.76   | 5.45   |

|_______|________|________|________|________|________|

|  3    | 3.09   | 3.56   | 4.05   | 4.63   | 5.3    |

|_______|________|________|________|________|________|

|  2    | 2.99   | 3.47   | 3.95   | 4.51   | 5.16   |

|_______|________|________|________|________|________|

|  1    |  2.91  | 3.36   | 3.84   | 4.39   | 5.02   |

.____________________________________________________.

 

2. Յուրաքանչյուր սանդղակ բաղկացած է աշխատավարձի տասնմեկ մակարդակից, որոնցից յուրաքանչյուրում հիմնական աշխատավարձի հաշվարկման համար սահմանվում է բազային աշխատավարձի նկատմամբ բազմապատիկ գործակից: Միևնույն սանդղակի ներսում աշխատավարձի միմյանց հաջորդող մակարդակների միջև սահմանվում է միջինը երեք տոկոսի չափով միավոր ավելացում:

3. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը համապատասխանում է քաղաքացիական ծառայողների կրտսեր պաշտոնների երրորդ ենթախմբի համար սահմանված սանդղակի նվազագույն դրույքաչափին, որը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատում քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հարկային և մաքսային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափերի միջինի կրկնապատիկը:

4. Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը տվյալ տարվա համար չի կարող սահմանվել նախորդ տարվա բազային պաշտոնային դրույքաչափից ավելի ցածր:

(7-րդ հոդվածը փոփ. 25.12.06 ՀՕ-6-Ն. 13.11.12 ՀՕ-196-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 8. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

i

Բազային պաշտոնային դրույքաչափի միջոցով քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային պաշտոնային դրույքաչափի և սույն օրենքի 7-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասով սահմանված` նրա պաշտոնին համապատասխանող սանդղակի համապատասխան ստաժի գործակցի արտադրյալով, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից:

(8-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 20.06.13 ՀՕ-62-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 9. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼԻՍ

 

1. Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակված անձը վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբի համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով (պաշտոնային դրույքաչափով):

2. Մրցույթի արդյունքով, ինչպես նաև արտամրցութային կարգով, ինչպես նաև արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության ավելի բարձր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողը նոր ենթախմբի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար դրույքաչափի առկայության դեպքում ստանում է վերջինիս նկատմամբ երկու միավոր ավելացում, հակառակ դեպքում` նոր ենթախմբի սանդղակի նվազագույն դրույքաչափ:

3. Մրցույթի արդյունքով քաղաքացիական ծառայության ավելի ցածր պաշտոնի նշանակված քաղաքացիական ծառայողն ստանում է աշխատավարձի համապատասխան սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ դրույքաչափ:

3.1. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության, անվանափոխության դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը, եթե նոր պաշտոնի պաշտոնային դրույքաչափի մակարդակը ցածր է: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

3.2. Վերակազմակերպման պահին վերակազմակերպվող մարմնի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողներին քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելիս պահպանվում է նրանց նախկին պաշտոնային դրույքաչափը, եթե քաղաքացիական ծառայության պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը ցածր է նախկին պաշտոնային դրույքաչափից: Սույն մասով սահմանված դեպքում աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

3.3. Զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված կամ զինվորական ծառայության պաշտոնի կրճատման հետևանքով քաղաքացիական հատուկ ծառայության հավասարազոր կամ ցածր պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի աշխատավարձը հաշվարկվում է զբաղեցրած զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած դրամական բավարարման և դրան հավասարեցված վճարումների չափով` հաշվի առնելով զինվորական ծառայության վերջին պաշտոնում ունեցած ստաժը, իսկ աշխատավարձի բնականոն աճը հաշվարկվում է օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից քաղաքացիական ծառայության, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության ռեզերվից քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնող անձը ստանում է համապատասխան աշխատավարձի սանդղակում իր նախորդ պաշտոնային դրույքաչափին հավասար կամ առավել մոտ պաշտոնային դրույքաչափ:

(9-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 10. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԱՃԸ

 

i

1. Քաղաքացիական ծառայության միևնույն պաշտոնում քաղաքացիական ծառայողի անընդմեջ աշխատանքի համար սահմանվում է աշխատավարձի բնականոն աճ` աշխատավարձի համապատասխան սանդղակի պաշտոնային դրույքաչափի նվազագույն մեծությունից առավելագույնը, եթե քաղաքացիական ծառայողի միևնույն պաշտոնում աշխատանքի ընդմիջումը չի գերազանցում վեց ամիսը:

1.1. Քաղաքացիական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը: Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

1.2. Քաղաքացիական ծառայության ստաժի վեց ամսից ավելի ընդմիջման դեպքում քաղաքացիական ծառայողի պաշտոնային դրույքաչափը հաշվարկվում է սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասերով և 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայության ստաժի ընդմիջման ընթացքում քաղաքացիական ծառայողն անընդմեջ զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն: Հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճի հաշվարկման հիմք չէ:

2. Աշխատավարձի բնականոն աճը յուրաքանչյուր սանդղակի ներսում իրականացվում է աղյուսակի համաձայն, հետևյալ սխեմայով.

1) աշխատավարձի 1-4-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում տարին մեկ անգամ.

2) աշխատավարձի 5-7-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ.

3) աշխատավարձի 8-10-րդ մակարդակների համար սահմանվում է մեկ միավոր ավելացում յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ.

4) աշխատավարձի 11-րդ մակարդակից աշխատավարձը մնում է անփոփոխ:

3. Տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն աճը կիրառվում է քաղաքացիական ծառայողի հիմնական աշխատավարձի գործող մակարդակի նկատմամբ:

Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի հերթական միավոր ավելացման ժամանակ հաշվի են առնվում նաև նրանց ծառայողական գործունեության գնահատման արդյունքները:

4. (4-րդ մասն ուժը կորցրել է 07.10.09 ՀՕ-182-Ն օրենք)

5. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հերթական միավոր ավելացումը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, իրականացվում է աշխատանքային տարին լրանալուն հաջորդող ամսվա 1-ից` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

(10-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն, 13.11.12 ՀՕ-196-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 11. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԱՃԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԻՋԵՑՈՒՄԸ

 

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն հերթական միավոր ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկի եզրակացությունը բացասական է:

2. Նախորդ տարվա ընթացքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների երկու բացասական եզրակացությունների դեպքում նրա աշխատավարձն իջեցվում է մեկ միավորով, եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:

2.1. Քաղաքացիական ծառայողի աշխատավարձի բնականոն հերթական միավոր ավելացումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) կասեցնում է մեկ տարով, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքներից մեկը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից:

2.2. Նախորդ տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողի երկու կիսամյակների կատարողականների գնահատման արդյունքները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կատարողականների գնահատման ցուցանիշից ցածր լինելու դեպքում նրա աշխատավարձն իջեցվում է մեկ միավորով, եթե չի կիրառվում կարգապահական տույժի առավել խիստ միջոց:

2.3. Քաղաքացիական ծառայողների կատարողականների գնահատման ցուցանիշը սահմանվում է սույն օրենքի 13-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կարգով:

(11-րդ հոդվածը փոփ. 02.03.11 ՀՕ-64-Ն օրենք)

 

i
ՀՈԴՎԱԾ 12. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ

 

1. Քաղաքացիական ծառայողին տրվող հավելավճարներն ու հավելումները սահմանվում են նրա պաշտոնային դրույքաչափի նկատմամբ:

2. Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում քաղաքացիական ծառայողին տրվում է հավելավճար` նրա հիմնական աշխատավարձի հինգ տոկոսի չափով:

i

3. Քաղաքացիական ծառայողին բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի ութապատիկը:

Քաղաքացիական ծառայողին առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում` պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առողջության համար առանձնապես վնասակար և առանձնապես ծանր աշխատանքի կատարման դեպքում` պաշտոնային դրույքաչափի 24 տոկոսի չափով:

i

4. Պաշտպանության և ոստիկանության համակարգերի քաղաքացիական ծառայողներին ամսական տրվում է հավելում` մինչև պաշտոնային դրույքաչափի կրկնակի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(12-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն, 22.12.10 ՀՕ-27-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 13. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ, ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

1. Տվյալ մարմնի համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է այդ մարմնի քաղաքացիական ծառայողների` պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, որը սահմանվում է հաջորդ տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով: «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված բոլոր մարմինների համար քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդը հաշվարկվում է միասնական տոկոսային դրույքաչափով:

2. Քաղաքացիական ծառայողի պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ: Քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը հաշվարկվում է նրա տարեկան հիմնական աշխատավարձի նկատմամբ:

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից հաստատում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը հիմք ընդունելով տվյալ մարմնում ներկայացրած երկու կիսամյակային հաշվետվությունների հիման վրա նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը կամ տվյալ մարմնում առնվազն վեց ամիս փաստացի աշխատած ամիսների համար ներկայացրած հաշվետվություններին համամասնորեն` նրա անմիջական ղեկավարի տված ծառայողական գործունեության գնահատման եզրակացությունը:

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պարգևատրում չի ստանում, եթե նախորդ տարվա ընթացքում ներկայացրած հաշվետվություններից մեկը գնահատվել է բացասական կամ պարգևատրում տալու վերաբերյալ որոշում ընդունելու պահին չի հանդիսանում քաղաքացիական ծառայող:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից պարգևատրումները նախորդ տարվա արդյունքների հիման վրա տրվում են հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:

3.1. Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրումը քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդից ունի միանվագ բնույթ, որը վճարվում է այն մարմնից, որտեղ քաղաքացիական ծառայողի կատարողականը գնահատվել է դրական: Քաղաքացիական ծառայողի կատարողականի հիման վրա պարգևատրման և դրա հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող անձը (մարմինը) տարվա ընթացքում հատուկ առաջադրանքների կամ որակյալ աշխատանքի կատարման համար կարող է պարգևատրել քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին:

Քաղաքացիական ծառայողը հատուկ առաջադրանքների կամ աշխատանքի որակյալ կատարման համար պարգևատրվում է իր մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` անմիջական ղեկավարի առաջարկությամբ:

5. Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված դեպքերում քաղաքացիական ծառայողները կարող են պարգևատրվել դրանցով սահմանված աղբյուրներից և կարգով:

(13-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 27.11.08 ՀՕ-210-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն, 02.03.11 ՀՕ-64-Ն, 13.11.12 ՀՕ-196-Ն օրենքներ)

 

ՀՈԴՎԱԾ 14. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՆԱՅՈՒՄՆԵՐԸ

 

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության չափերի փոփոխություն իրականացվում է բազային պաշտոնային դրույքաչափի մեծության կամ քաղաքացիական ծառայողների վարձատրության համակարգի վերանայման միջոցով` ելնելով ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծությունից:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը յուրաքանչյուր տարի բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

ԳԼՈՒԽ 3.
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i
ՀՈԴՎԱԾ 15. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Քաղաքացիական ծառայողին, իսկ նրա մահվան դեպքում նրա ընտանիքի անդամներին կարող է տրվել միանվագ դրամական օգնություն` քաղաքացիական ծառայողի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:

2. Դրամական օգնությունը կարող է տրվել`

1) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան,

2) քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության,

3) տարերային աղետի հետևանքով քաղաքացիական ծառայողին վնաս պատճառելու.

4) քաղաքացիական ծառայողի ամուսնության (ներառյալ` փաստական) դեպքերում:

3. Դրամական օգնությունը կարող է տրվել քաղաքացիական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կողմից` սույն օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված միջոցների առկայության դեպքում:

(15-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն օրենքներ)

 

i
ՀՈԴՎԱԾ 16. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

Քաղաքացիական ծառայողներին տրամադրվում են հետևյալ արտոնությունները.

1) «Քաղաքացիական ծառայության մասին» և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողների ատեստավորման, վերապատրաստման և քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի ամբողջ ընթացքում քաղաքացիական ծառայողի գործող աշխատավարձը պահպանվում է նույն չափով.

2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում, ինչպես նաև քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի համար սահմանվում է աշխատավարձ` իր զբաղեցրած վերջին պաշտոնում ունեցած պաշտոնային դրույքաչափով, սակայն ոչ ավելի, քան բարձրագույն խմբի 1-ին ենթախմբի առավելագույն դրույքաչափը.

3) հիմնական արձակուրդային վճարից բացի, քաղաքացիական ծառայողին վճարվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար` իր միջին ամսական աշխատավարձի չափով: Աշխատանքից ազատվելու դեպքում քաղաքացիական ծառայողին միանվագ արձակուրդային վճարը տրվում է փաստացի աշխատած ամիսներին համամասնորեն.

4) այլ արտոնություններ, ինչպես նաև առանձին ծախսերի փոխհատուցումներ (կացարան, համազգեստ, տրանսպորտային միջոցներ և այլն) տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում:

(16-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 4.
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 17. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

i

1. Աշխատավարձը վճարվում է քաղաքացիական ծառայողին ամսական առնվազն մեկ անգամ` հաջորդ ամսվա առաջին յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

2. Քաղաքացիական ծառայողի վարձատրության և դրամական օգնության վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության արժույթով:

3. Քաղաքացիական ծառայողներին վճարումները տրվում են անկանխիկ, նրանց հայեցողությամբ տրվում են չեկերով կամ նրանց նշած բանկային հաշվին դրամական փոխանցումներով:

4. Քաղաքացիական ծառայողի վճարովի արձակուրդի համար հիմնական արձակուրդային ու սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված վճարները տրվում են արձակուրդից առնվազն երեք օր առաջ, ընդ որում, լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ տարվա վերջում, եթե արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի:

5. Քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատման դեպքում վարձատրության հարցերը, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի մահվան դեպքում նրան հասանելիք աշխատավարձի վճարումը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

6. Քաղաքացիական ծառայողի վարձատրության մասին տեղեկատվություն կարող է տրամադրվել միայն աշխատողի համաձայնությամբ կամ օրենքով սահմանված դեպքերում:

7. Աշխատաժամանակի հաշվարկի, ինչպես նաև գիշերային, հանգստյան, տոներին և հիշատակի օրերին կատարված աշխատանքի համար, պարապուրդի, ինչպես նաև ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններում քաղաքացիական ծառայողների վարձատրությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում սահմանված վարձատրությունը քաղաքացիական ծառայողն ստանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից:

(17-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն օրենք)

 

i
ՀՈԴՎԱԾ 17.1. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

Քաղաքացիական ծառայության և քաղաքացիական հատուկ ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձը (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվից պաշտոն զբաղեցնող անձի) վարձատրվում է տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխան սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի) չափով:

(17.1-րդ հոդվածը լրաց. 07.10.09 ՀՕ-182-Ն օրենք)

 

i
ՀՈԴՎԱԾ 18. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից`

1) «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասով և «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված մարմինների քաղաքացիական ծառայողների համար` այդ մարմինների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից.

2) քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվող քաղաքացիական ծառայողների համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսված միջոցներից:

2. Քաղաքացիական ծառայողների միանվագ դրամական օգնության ֆինանսավորումն իրականացվում է աշխատավարձի և դրան հավասարեցված միջոցների խնայողությունների հաշվին:

(18-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-185-Ն, 07.10.09 ՀՕ-182-Ն օրենքներ)

 

ԳԼՈՒԽ 5.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 19. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

1. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև դատական կարգով:

2. Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին օրենսդրությունը խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 20. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվում է զբաղեցրած պաշտոնի ենթախմբին և այդ պաշտոնում նրա ստաժին համապատասխանող պաշտոնային դրույքաչափ` հաշվի առնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված բնականոն առաջընթացի սխեման:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին տվյալ պաշտոնում քաղաքացիական ծառայողի ստաժը հաշվարկվում է լրիվ աշխատած տարիներով` ավելացնելով 1 տարի, եթե ոչ լրիվ աշխատած տարվա աշխատած ամիսները վեց ամսից ավելի են:

3. Քաղաքացիական ծառայողների վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող ծառայողի աշխատավարձի չափի նվազեցման: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայողին նշանակվող պաշտոնային դրույքաչափը ներկայումս գործողի նկատմամբ ցածր լինելու դեպքում պահպանվում է քաղաքացիական ծառայողի գործող դրույքաչափը:

4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված քաղաքացիական ծառայողների համար աշխատավարձի բնականոն աճը կասեցվում է մինչև տվյալ պաշտոնում նրա գործող պաշտոնային դրույքաչափին հավասար պաշտոնային դրույքաչափ ստանալու իրավունքի ձեռքբերումը:

 

ՀՈԴՎԱԾ 21. ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 17-րդ հոդվածի երրորդ մասն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

2002թ. օգոստոսի 2

ՀՕ-409-Ն

 

-----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - օրենքի բնագրի հոդված 15-ում կա 2 հատ 2-րդ կետ

 

§ՒJ

 

pin
ՀՀ 03.07.2002
N ՀՕ-409-Ն օրենք