Սեղմել Esc փակելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ «***** ********...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԻՄՆԱՎՈՐՎԱ՞Ծ Է ԱՐԴՅՈՔ «***** ********» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան  քաղաքի առաջին ատյանի                 ԵԴ1/4065/07/24

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր` Գ. Գասպարյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր` Վ. Ռշտունի

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ` Լ. Թադևոսյանի

մասնակցությամբ

                       դատավորներ`     Ս. Ավետիսյանի

                                       Հ. Գրիգորյանի

                                       Ա. Դանիելյանի

                                       Ա. Պողոսյանի

                                    

12 դեկտեմբերի 2025 թվական

գրավոր ընթացակարգով քննության առնելով «**** *******» փակ բաժնետիրական ընկերության և տնօրեն **** ***** ******** ներկայացուցիչների բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2024 թվականի հուլիսի 19-ին, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել են թիվ 83153224 ու 83153324 քրեական վարույթները, որոնք նույն օրը միացվել են մեկ վարույթում, և նախաքննությունը շարունակվել է 83153324 համարի ներքո:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2024 թվականի հուլիսի 23-ի որոշմամբ բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը և թույլատրվել 2024 թվականի հուլիսի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում խուզարկություն կատարել «***** ********» փակ բաժնետիրական ընկերության գործունեության իրականացման վայրում` ******** ***** ****** համայնքի *****-******* խճուղի *** հասցեում, այդ թվում` ընկերության տնօրեն **** ***** *********, միջնորդությամբ նշված որոշ աշխատակիցների աշխատասենյակներում ու դրան անմիջական հարող մասնավոր տարածքներում:

3. «***** ********» փակ բաժնետիրական ընկերության և տնօրեն ***** ******** ներկայացուցիչների վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի օգոստոսի 28-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հուլիսի 23-ի որոշումը բեկանելու և խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու հիշյալ միջնորդությունը մերժելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանը բերել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ու սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ` ստորադաս դատարանն առերևույթ թույլ է տվել դատական սխալ, և միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Այսպես, սույն վարույթի փաստական հանգամանքները գնահատելով Սեպուհ Թադևոսյանի ու Սիրուն Նաջարյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո` բողոքաբերն արձանագրել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից ներկայացված նախնական հաշվարկը կազմվել է «***** ********» փակ բաժնետիրական ընկերության գործունեությանը վերաբերող հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների, այդ ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկների հիման վրա, որոնց ամրագրման եղանակը, ստացման աղբյուրի բացահայտ լինելը հնարավորություն են տալիս նշված տվյալը գնահատման ենթարկել, հետևաբար` դրանք կարող են հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք, ուստի Վերաքննիչ դատարանի դատողություններն անհիմն են:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 28-ի որոշումն ու կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը.

7. «***** ********» փակ բաժնետիրական ընկերության և տնօրեն *.********* ներկայացուցիչներ Ս. Նավասարդյանն ու Գ. Չապանյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում ըստ էության նշել են, որ հիմնավորված չէ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը:

Մասնավորապես, բողոքի պատասխանի հեղինակները փաստարկել են, որ տվյալ դեպքում խուզարկության կատարման փաստական հիմք է համարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 10 ու աշխատանքների կազմակերպման բաժնում կազմված հիշյալ ընկերության կողմից «պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ» վերտառությամբ տեղեկանքը, մինչդեռ, նման տեղեկանքն օպերատիվ-հետախուզական միջոցառման կատարման արդյունք չէ, առհասարակ, օպերատիվ-հետախուզական նման միջոցառում օրենսդրությամբ նախատեսված չէ:

Միաժամանակ, մատնանշված տեղեկանքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախնական հաշվարկը կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, սակայն վարույթի նյութերում բացակայում են տվյալներ, թե կոնկրետ ինչպիսի՞ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են կատարվել և ի՞նչ տվյալներ են ձեռք բերվել ու ինչպե՞ս են դրանք արձանագրվել, հետևաբար, այդ տեղեկանքը, հիմքում դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հանդերձ, հնարավոր չէ գնահատել:

8. Վերոշարադրյալի հիման վրա, «***** ********» փակ բաժնետիրական ընկերության և տնօրեն *.********* ներկայացուցիչներ Ս. Նավասարդյանն ու Գ. Չապանյանը խնդրել են մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

9. Խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու միջնորդությանը կից ներկայացված`

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 10 ու աշխատանքների կազմակերպման բաժնում կազմված` «պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ» վերտառությամբ, 2024 թվականի հուլիսի 18-ի թվագրմամբ, տեղեկանքի համաձայն` «ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության պետի 17.07.2024թ.-ի թիվ 1524171 որոշմամբ «***** ********» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ ********) նկատմամբ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 10 և Ա/Կ բաժնում (...) կատարվել է «***** ********» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ *******) կողմից պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ:

«***** *********» ՓԲ ընկերությունը (ՀՎՀՀ *********) պետական գրանցում է ստացել 03.06.2013 թվականին, հաշվառված է **** թիվ ** բաժնում: Ընկերության իրավաբանական հասցեն է` *******, *****-******* խճուղի ***, գործունեության ոլորտն է` «**** մշակում, ****** և ***** արտադրություն» (*************): Ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում (ԱԱՀ վճարող), ունի «գործող» կարգավիճակ: 28.02.2023թ.-ին ներկայացրած «Իրական շահառուների վերաբերյալ» հայտարարագրի համաձայն, 03.06.2013թ-ից ընկերությունում 100% մասնակցություն ունի ***** ***********, տնօրենն է **** ***** ********* (ՀԾՀ ***********): Ընկերությունը 10.07.2024թ-ի դրությամբ ունի գրանցված վարձու 3 (երեք) աշխատող (տնօրեն, շուկայագետ, վարորդ), ինչպես նաև երկու պայմանագրային աշխատող: Ընկերությունը հարկային մարմնում ՀԴՄ չի հաշվառել:

Ըստ «***** *********» ՓԲ ընկերության գործունեությանը վերաբերող տեղեկատվական բազայում առկա տվյալների, ընկերությունը 01.01.2021-31.05.2024թթ դիտարկվող ժամանակահատվածում).

Հայաստանի Հանրապետության տարածքում հարկային հաշիվներով և հաշիվ վավերագրերով ձեռք է բերել համապատասխանաբար 232.356.500 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) և 1.589.228 դրամ արժեքով խառն ապրանքներ և սարքավորումներ:

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման հարկային հաշիվներով իրացրել է ապրանքներ և մատուցել ծառայություններ 74,742,250 դրամ արժեքով (առանց ԱԱՀ, ապրանքներ` 43.775.534 դրամ արժեքով, 29.966.715 դրամ արժեքով):

Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթարի Պետություն, Իրանի Իսլամական Հանրապետություն է արտահանել 212.877 կիլոգրամ նետտո քաշով 652,336.840 դրամ արժեքով ապրանքներ` գառան և ոչխարի պաղեցրած մսեղիք և կիսամսեղիք:

«***** ********» ՓԲ ընկերությունն իրականացնում է նաև սպանդանոցի գործունեություն, այդ թվում նաև «հալալ» մորթ:

Հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա է ընդամենը 200 գլուխ կենդանի գառների 7.666,667 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) հաշվարկային փաստաթղթերով ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվություն: Միաժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանման գործարքներին կից փաստաթղթերում առկա են գյուղացիների կողմից տրամադրված` ընդամենը 6.235 գլուխ գառների և ոչխարների վաճառքի վերաբերյալ գնման ակտեր 434.229.000 դրամ արժեքով: Ստացվում է, որ ընկերությունը ձեռք է բերել 130.830 կիլոգրամ գառան մսեղիքը 434.229.000 դրամ արժեքով (3.319 դրամ` 1 կիլոգրամի համար), արտահանել է առավելագույնը 3.030 դրամ 1 կիլոգրամի համար: Այսպիսով, «***** ********» ՓԲ ընկերության կողմից դուրս գրված արտահանման հաշվարկային փաստաթղթերի և ձեռքբերված գնման ակտերի ուսումնասիրությունից և համադրությունից պարզվել է, որ ընկերության կողմից ապրանքներն արտահանվել են ձեռքբերված գներից անհամեմատ ավելի ցածր գներով:

Համաձայն հարկային մարմնում առկա տեղեկատվության, Արաբական Միացյալ Էմիրություններ և Քաթարի Պետություն գառան և ոչխարի պաղեցրած մսեղիքի արտահանումը կատարվել է օդային ճանապարհով, և գյուղացիների կողմից հնարավոր տրամադրված գառների վաճառքի վերաբերյալ գնման ակտերը և այլ փաստաթղթերը կցված չեն: Ենթադրվում է, որ ընկերությունը դրսևորել է նույն գործելաոճը և թերհայտարարագրել է իրացման շրջանառությունը:

Միաժամանակ, Ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված «Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկներով հայտարարագրվել են`

2021թ-ին`

- ապրանքների մատակարարումից եկամուտ` 137.625.016 դրամ,

- մատակարարված ապրանքների սկզբնական արժեք` 141.684.222 դրամ,

- հաշվետու տարվա շահութահարկի գումար` 219,679 դրամ:

Շահութաբերությունը կազմել է 0.8%:

2022թ-ին`

- ապրանքների մատակարարումից եկամուտ` 129.695,049 դրամ,

- մատակարարված ապրանքների սկզբնական արժեք` 122.910.351 դրամ,

- հաշվետու տարվա շահութահարկի գումար` 274.511 դրամ:

Շահութաբերությունը կազմել է 1.2%:

2023թ-ին`

- ապրանքների մատակարարումից եկամուտ` 415.559.370 դրամ,

- մատակարարված ապրանքների սկզբնական արժեք` 421.501.000 դրամ,

- հաշվետու տարվա շահութահարկի գումար` 411,468 դրամ:

Շահութաբերությունը կազմել է 0.5%:

Հաշվի առնելով շահութաբերության ցածր տոկոսը, կարելի է ենթադրել, որ ընկերության մոտ առկա են իրացման շրջանառության թերհայտարարագրման ռիսկեր:

Միաժամանակ պարզվել է, որ Ընկերության արտահանման հաշվետու ժամանակաշրջանների ընթացքում ՀՀ տարածքում գառան միս մատակարարած հարկ վճարողների` հաշիվ վավերագրերով և հարկային հաշիվներով գառան մսի օտարման արժեքներն էականորեն գերազանցում են Ընկերության կողմից հայտարարագրված արտահանման միավորի (կիլոգրամի) արժեքները:

Այսպիսով, Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունները հաշվարկելիս (հարկային ռեզերվը գնահատելիս) նույն ապրանքատեսակի գին է ընդունվել ընկերության կողմից դուրս գրված արտահանման հաշվարկային փաստաթղթերով գառան մսի միջին գինը` 3.314 դրամ (294.984/89), հաշվի առնելով նաև բեռնափոխադրողների կողմից դուրսգրված հաշվարկային փաստաթղթերով 1 կիլոգրամի համար Երևան-Շարժա և Երևան-Դոհա ավիաբեռնափոխադրման ծախսերը (միջինը 750 դրամ), ընդամենը` 4,064 դրամ:

Այսպիսով, Ընկերության կողմից իրականացված արտահանման գործարքներում ցածր գներ ձևակերպելու հետևանքով թերհայտարարագրված իրացման շրջանառությունը դիտարկվող ժամանակահատվածում կարող է կազմել 208.340.115 դրամ: ՀՀ հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 2021-2023 թթ. համար կհաշվարկվի լրացուցիչ շահութահարկ 18% դրույքաչափով, ընդամենը 37.501.221 դրամ (208.340.115 *18%):

Ընկերությունը 2021թ-ի ընթացքում ձեռք է բերել 226.024 կիլոգրամ մանրացված ցորեն (անասնակեր, դեռտ) 108.33 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 1 կիլոգրամի համար, որից 98.900 կիլոգրամը նույն տարում իրացրել է «***** ****» ՍՊ ընկերությանը (********) 5.254.167 դրամ արժեքով (առանց ԱԱՀ, 108.33 դրամ 1 կիլոգրամի համար): Ընդունվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում մանրացված ցորենի մասով հաշվարկված հավանական մնացորդը (մոտ` 127,124 կիլոգրամի չափով) իրատեսական չէ, հետևաբար, փաստացի առկա չէ և իրացվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու: Նշված հավանական խախտման պարագայում կառաջանա պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հարկման բազա` 15.148.477 դրամ (127.124 *108.33*10%): ՀՀ Հարկային Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, պակաս հաշվարկված ԱԱՀ-ն կհաշվարկվի 20% դրույքաչափով և կկազմի 3,029,695 դրամ (15.148.477*20%):

Այսպիսով` «***** *********» ՓԲ ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը (հարկային պարտավորությունը) կազմում է ընդամենը` 40.530.916 դրամ, որից շահութահարկի գծով` 37.501.221 դրամ և ԱԱՀ-ի գծով` 3,029.695 դրամ:

Պետությանը պատճառված վնասի հաշվարկը նախնական է և ենթակա է վերահաշվարկման` լրացուցիչ փաստաթղթերի, տվյալների և նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում»(1),

 

_________________

1) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 16-19:

 

- նույն բաժնում կազմված` «պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ» վերտառությամբ, 2024 թվականի հուլիսի 18-ի թվագրմամբ, մեկ այլ տեղեկանքի համաձայն` «ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության պետի 17.07.2024թ.-ի թիվ 1524172 որոշմամբ «***** ***********» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ ********) նկատմամբ ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, ՀՀ ՊԵԿ ՀՕՀ վարչության ոլորտային թիվ 10 և Ա/Կ բաժնում (...) կատարվել է «***** ***********» ԲԲԸ-ի (ՀՎՀՀ *********) գործունեության արդյունքում պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ:

«***** ***********» ԲԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) պետական գրանցում է ստացել 06.04.1995թ.-ին, իրավաբանական հասցեն է` ****** մարզ, *****-******** խճուղի ***, գործունեության ոլորտն է` «***** ********» (***` «* *******»), հիմնական գործունեությունը` ******* արտադրություն: Ընկերությունը գործում է հարկման ընդհանուր համակարգում, տնօրենն է` ***** ***********, հաշվապահը` ***** ***********:

Ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների, ընկերության կողմից հարկային մարմին ներկայացված 2022-2023 թվականների ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի հաշվարկներով հայտարարագրվել է հարկային վնաս: 27.03.2023 թվականի թիվ 3007033 հանձնարարագրով իրականացվել է համալիր հարկային ստուգում, որը ներառել է 2022 թվականի հաշվետու ժամանակաշրջանը: Ընկերությունը ներկայումս ունի գրանցված թվով 96 վարձու աշխատող, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է 148.248 դրամ:

Ընկերությունը 2023-2024 թվականների ընթացքում համարվել և համարվում է ԱԱՀ վճարող: Ընկերությունը 2023 թվականի ընթացքում ունեցել է թվով 2 գործող ՀԴՄ հետևյալ գրանցման համարներով` ******** /խանութ ք. ******, *****, *****-******* խճ. *** հասցեում/ և ******** /խանութ ք. *****, *.********** հասցեում/: Թիվ ********* գրանցման համարով ՀԴՄ-ն գործունեությունից հանվել է 2023 թվականի ընթացքում, նշված ՀԴՄ-ի միջոցով տրամադրված կտրոնների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2023 թվականի ապրիլ-հունիս ամիսների ընթացքում տրամադրված 909 կտրոններից թվով 187 կտրոնի միջոցով իրացվել է 100-450 հատ /մեկ կտրոնի կտրվածքով/ ******* ***: Թիվ ******** գրանցման համարով ՀԴՄ-ն գործունեությունից հանվել է 2024 թվականի ընթացքում, նշված ՀԴՄ-ի միջոցով տրամադրված կտրոնների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 01.01.2023-11.01.2024 թվականն ընդգրկող ժամանակահատվածում տրամադրված 10.670 կտրոններից թվով 1481 կտրոնի միջոցով իրացվել է 100-2020 հատ /մեկ կտրոնի կտրվածքով/ ապրանք` **, *******, *******, ***: Վերոգրյալի արդյունքում հնարավոր է, որ Ընկերության մոտ առկա է անապրանք փաստաթղթերի դուրսգրման և/կամ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված մեծաքանակ ապրանքների ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ռիսկ:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն, Ընկերությունը 01.01.2023-09.07.2024թթ. ընդգրկող ժամանակահատվածում հարկային հաշիվների միջոցով իրացրել է 2.846.760.084 դրամ արժեքի ապրանքներ /առանց ԱԱՀ/, հաշվարկային փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ամենախոշոր ձեռքբերող գնորդներ են հանդիսացել «****» ՍՊ /ՀՎՀՀ` ************, «***** *****» ՍՊ /ՀՎՀՀ' ***********/, «*******» ՍՊ /ՀՎՀՀ **************/, «***** ******» ՍՊ /ՀՎՀՀ ******** ******, «*******» ՍՊ /ՀՎՀՀ **************/, «*** ****» ՍՊ/ՀՎՀՀ` *************** ընկերությունները:

26.12.2023 և 26.03.2024 թվականներին Ընկերության մոտ իրականացվել են չափագրման ուսումնասիրություններ և արձանագրվել, որ երկու դեպքերում էլ չափագրման ժամանակահատվածում Ընկերության միջին օրական իրացման շրջանառությունը չափագրմանը նախորդող 10 օրերի միջին օրական իրացման շրջանառության համեմատ աճել է համապատասխանաբար` 16,7% և 27%-ով:

26.03.2024 թվականին թիվ 3227003 հանձնարարագրով իրականացվել է արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, իրացման փաստացի գները (այդ թվում` միջին) պարզելու նպատակով չափագրման գործընթաց, որն ընդգրկող ժամանակահատվածում` 27.03.2024-29.03.2024 թվական, Ընկերության միջին օրական իրացման շրջանառությունն առանց ԱԱՀ-ի կազմել է 12.030,085 դրամ, իսկ չափագրմանը նախորդող 10 օրերի միջին օրական իրացման շրջանառությունը առանց ԱԱՀ-ի կազմել է 9.518.681 դրամ:

Սույն տեղեկանքի հաշվարկը «**» ապրանքատեսակի մասով իրականացվել է հետևյալ կերպ`

- որպես իրացման միջին օրական քանակ հիմք է ընդունվել 27.03.2024-29.03.2024 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում հարկային հաշիվների միջոցով իրացված վերոնշյալ ապրանքատեսակի օրական նվազագույն քանակը, որը կազմել է 264.512 հատ: Իրացման միջին օրական գինը հաշվարկվել է 27.03.2024-29.03.2024 թվականն ընդգրկող ժամանակահատվածում հարկային հաշիվների միջոցով իրացված վերոնշյալ ապրանքատեսակի արժեքի և քանակի հարաբերությամբ: Անհրաժեշտ է նշել, որ ՀԴՄ-ի միջոցով 2024 թվականի ընթացքում իրացվել է ընդամենը 1042 հատ «**» ապրանքատեսակ, որը չի դիտարկվել:

- Միջին օրական քանակներն ու գները տարածվել են Ընկերության կողմից 01.02.2024- 09.07.2024թթ. ընդգրկող ժամանակահատվածում հարկային հաշիվների միջոցով իրացված «**» ապրանքատեսակի վրա /2024 թվականի հունվար ամիսն առևտրային տեսանկյունից համարվել է պասիվ ամիս/:

Վերոգրյալի արդյունքում Ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունը (առանց տույժերի, տուգանքների) ԱԱՀ-ի մասով կազմում է 151,622,141 դրամ:

Այսպիսով` «***** ***********» ԲԲԸ-ի կողմից պետությանը պատճառված վնասը (հարկային պարտավորությունը) կազմում է ընդամենը 151,622,141 դրամ:

Պետությանը պատճառված վնասի հաշվարկը նախնական է և ենթակա է վերահաշվարկման` լրացուցիչ փաստաթղթերի, տվյալների և նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում»(2):

 

_________________

2) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 26-28:

 

9.1. Ապացուցողական գործողություն կատարելու հիշյալ միջնորդության համաձայն` «(...) «***** ********» ՓԲ ընկերության իրավահաջորդի վերաբերյալ տեղեկությունը բացակայում է, սակայն որպես իրավանախորդ նշված է «***** ***********» ԲԲ ընկերությունը:

(...)

«***** ********» ՓԲ ընկերության գործունեության իրականացման վայրում` ******* մարզ, *****, *****-***** խճուղի *** հասցեում, այդ թվում` (...) տնօրենի, առցանց օգտվող (հաշվապահի), շուկայագետի պաշտոնը զբաղեցնող աշխատակիցների աշխատասենյակներում, դրան անմիջական հարող մասնավոր տարածքներում, կարող են առկա լինել «***** *********» ՓԲ և «***** ***********» ԲԲ ընկերությունների կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության, հաշվապահական հաշվառման, գործունեության իրական շրջանառության ծավալների, ընկերության կողմից թերհայտարարագրված հարկման բազաների և հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման, ստացված եկամուտների, կատարված ծախսերի, մատուցված ծառայությունների, ընկերության կողմից վարձու աշխատակիցներին վճարված փաստացի եկամուտների վերաբերյալ տեղեկությունները պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր, մատյաններ, սևագիր գրառումներ, դրամարկղի մուտքի-ելքի օրդերներ, դրամարկղային գրքեր, նման տեղեկատվություն պարունակող համակարգիչներ, համակարգչային սերվերներ, էլեկտրոնային կրիչներ և սկավառակներ, բջջային հեռախոսներ, տեսաձայնագրող սարքեր, որոնցով կարող են պարզվել «***** ********» ՓԲ և «***** ************» ԲԲ ընկերությունների կողմից թաքցված և հարկային մարմին ներկայացված հաշվարկներով չարտացոլված շրջանառության իրական ծավալները, դրանց նկատմամբ հաշվարկման ենթակա հարկային պարտավորությունների թերհայտարարագրելու հանգամանքները, ծավալած իրական գործունեությունը, հնարավոր ստացված և չհայտարարագրված եկամուտները, պակաս հարկեր, պարտադիր այլ վճարներ հաշվարկելու և վճարելու հանգամանքը, իսկ այդպիսիք անհնար է հայտնաբերել այլ եղանակով և նշված հասցեում խուզարկության կատարումն անհրաժեշտ է քրեական վարույթով պատշաճ և համակողմանի քննությունն ապահովելու, ապացույց հավաքելու, արդեն իսկ հավաքված ապացույցները ստուգելու համար, ինչը չկատարելը կարող է հանգեցնել ապացույցի կորստի, որպիսի պայմաններում քրեական վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները հաստատելու նպատակով հիմնավորվում է «***** ********» ՓԲ ընկերության` ******* մարզ, ******, *****-******* խճուղի *** հասցեի գործունեության իրականացման վայրում իրենց մասնագիտական և աշխատանքային գործառույթներն իրականացնող ընկերության վերը նշված աշխատակիցների բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու անհրաժեշտությունը և համաչափությունը (...)»(3):

 

_________________

3) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 3-13:

 

10. Միջնորդվող ապացուցողական գործողության կատարումն Առաջին ատյանի դատարանը թույլատրել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Միջնորդությանը կից ներկայացված նյութերը համակցության մեջ վկայում են այն մասին, որ առկա է «***** *********» ՓԲ ընկերության գործունեության իրականացման վայրում` ******* մարզ, *****, ******-******** խճուղի *** հասցեում, այդ թվում` ընկերության տնօրենի պաշտոնը զբաղեցնող *. *********, վարորդ Ա. Ա-ի, շուկայագետ Մ. Ջ-ի, առցանց օգտվող (հաշվապահ) Ա. Ս-ի, ինչպես նաև աշխատակիցներ Տ. Ղ-ի, Ա. Մ-ի, Յ. Ա-ի, Տ. Գ-ի, Զ. Շ-ի, Ս. Ս-ի, Բ. Ի-ի աշխատասենյակներում, դրան անմիջական հարող մասնավոր տարածքներում խուզարկություն կատարելու համար (...) բավարար փաստական հիմքեր, հետևաբար քննիչի միջնորդությունը հիմնավոր է:

Առաջին ատյանի դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերը հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ «***** **********» ՓԲ ընկերության գործունեության իրականացման վայրում` ******** մարզ, *****, ******-******* խճուղի *** հասցեում, այդ թվում` վերը նշված անձանց աշխատասենյակներում, դրան անմիջական հարող մասնավոր տարածքներում հնարավոր է հայտնաբերվեն «***** ***********» ԲԲ և «***** ******» ՓԲ ընկերությունների կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության, հաշվապահական հաշվառման, գործունեության իրական շրջանառության ծավալների, ընկերության կողմից թերհայտարարագրված հարկման բազաների և հարկային պարտավորությունների պակաս հաշվարկման, ստացված եկամուտների, կատարված ծախսերի, մատուցված ծառայությունների, ընկերության կողմից վարձու աշխատակիցներին վճարված փաստացի եկամուտների վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նոթատետրեր, մատյաններ, սևագիր գրառումներ, դրամարկղի մուտքի-ելքի օրդերներ, դրամարկղային գրքեր, նման տեղեկատվություն պարունակող համակարգիչներ, համակարգչային սերվերներ, էլեկտրոնային կրիչներ և սկավառակներ, բջջային հեռախոսներ, տեսաձայնագրող սարքեր: (...)»(4):

 

_________________

4) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 128-134:

 

11. Առաջին ատյանի դատարանի որոշման իրավաչափության ստուգման արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(...) Վարույթն իրականացնող մարմնի մոտ առկա կասկածն առ այն, որ (...) միջնորդությամբ նշված հասցեում ու դրանում տեղակայված աշխատասենյակներում կարող են հայտնաբերվել փաստաթղթեր և/կամ առարկաներ, որոնք կարող են առնչություն ունենալ նախաձեռնված քրեական վարույթով քննվող դեպքերի հետ, որևէ կերպ չի հիմնավորվում միջնորդությանը կից ներկայացված նյութերով: Ավելին` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նախաքննական մարմինը խնդրո առարկա միջնորդությունը հիմնավորել է օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված նախնական հաշվարկի վերաբերյալ տեղեկանքով առ այն, որ «***** ********» ՓԲ ընկերության կողմից իրականացված արտահանման գործարքներում ցածր գներ ձևակերպելու հետևանքով թերհայտարարագրված է ներկայացվել իրացման ընկերության շրջանառությունը, ինչի հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմում է 40.530.916 ՀՀ դրամ: Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված տվյալներն իրենց բնույթով չեն կարող հանդիսանալ խուզարկության կատարման փաստական հիմք (տեղեկություն պարունակող ապացույց): Այսինքն` վարույթն իրականացնող մարմնի կողմից որևէ ապացույց դատարան չի ներկայացվել, որոնց գնահատումը կարող էր խուզարկություն կատարելու թույլտվություն տալու համար բավարար հիմք լինել: Ընդ որում, նույն նախնական հաշվարկի վերաբերյալ տեղեկանքում նշված է, որ պետությանը պատճառված վնասի հաշվարկը նախնական է և ենթակա է վերահաշվարկման` լրացուցիչ փաստաթղթերի, տվյալների և նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում, որպիսիք տվյալ դեպքում ինչպես քննիչի միջնորդությամբ, այնպես էլ կից նյութերում ներկայացված չեն:

Ինչ վերաբերում է միջնորդությանը կից ներկայացված մյուս փաստաթղթերին, ապա դրանց բովանդակային ուսումնասիրությունը վկայում է, որ դրանցում առկա տեղեկատվությունը չի հիմնավորում «***** ********» ՓԲ ընկերության կողմից պետությանը պատճառած վնասի բնույթի կամ չափի վերաբերյալ նախաքննական մարմնի վարկածը: Այլ կերպ ասած` ներկայացված տեղեկությունները չեն ամրապնդում նախաքննական մարմնի այն վարկածը, որ «***** ********» ՓԲ ընկերության գործունեությունն առնչություն ունի առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետ: Այսինքն` քննիչի կողմից ներկայացված մյուս փաստաթղթերը հիմնավորումներ չեն պարունակում առ այն, որ դիտարկվող ժամանակահատվածում, այն է` 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, ընկերության կողմից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերի հարկ:

Վերոգրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «***** ********» ՓԲ ընկերության աշխատակիցների բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն իրավաչափ չէ, չի բխում օրենսդրական պահանջներից, միջնորդության մեջ նշված փաստարկները բավարար չեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման համար: (...)»(5):

 

_________________

5) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 43-49:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք «***** ********» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Խուզարկությունը վարույթի համար նշանակություն ունեցող առարկաներ, նյութեր, փաստաթղթեր կամ տվյալներ, ինչպես նաև քննությունից թաքնվող մեղադրյալին, արգելադրման ենթակա գույքը կամ դիակ հայտնաբերելու նպատակով կատարվող որոնողական գործողություն է»:

Նույն օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացուցողական գործողություն կատարելու քննիչի միջնորդությունը պարունակում է` «(...) 9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում` միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը (...)»:

Մեջբերված քրեադատավարական նորմերի համադրված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերաբերելի մասով (mutatis mutandis) շարունակում է կիրառելի լինել քրեադատավարական նախկին օրենսդրության շրջանակներում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական այն դիրքորոշումը, որի համաձայն` խուզարկություն կատարելու թույլտվություն տալու փուլին առաջադրվող հիմնական պահանջներից է դրա կատարման համար փաստական հիմքի առկայությունը: Փաստական հիմքն այն բավարար տվյալներն են, որոնք հանգեցնում են ողջամիտ ենթադրության առ այն, որ տվյալ բնակարանում կարող են հայտնաբերվել գործի համար նշանակություն ունեցող նյութեր: Տվյալների բավարարության վերաբերյալ պահանջը որակական բնույթ է կրում. խուզարկության կատարման արդյունքում փնտրվող առարկաների հայտնաբերման հավանականության մասին եզրահանգումը կարող է հիմնված լինել ինչպես մեկ վերաբերելի և արժանահավատ տվյալի, այնպես էլ` տվյալների համակցության վրա: Խուզարկության կատարման փաստական հիմք կարող է հանդես գալ ցանկացած տվյալ, որը հնարավոր է գնահատման ենթարկել, և որպես այդպիսին, որպես կանոն, կարող են հանդես գալ քրեական վարույթի նյութերում առկա և որոշակի բնակարանում գործի համար նշանակություն ունեցող որոշակի առարկայի կամ անձի գտնվելու մասին տեղեկություններ պարունակող ապացույցները: Ինչ վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալներին, ապա դրանք կարող են հանդես գալ որպես խուզարկության կատարման ինքնուրույն հիմք բոլոր այն դեպքերում, երբ դրանք հնարավոր է գնահատման ենթարկել: Մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ստացված տվյալը գնահատելիս վարույթն իրականացնող մարմինը պետք է հաշվի առնի միջոցառման` կոնկրետ տեսակին օրենքով առաջադրվող պահանջները, արդյունքների ամրագրման եղանակը, աղբյուրի` օրենքով սահմանված կարգով բացահայտման հանգամանքը և այլն: Իսկ այն դեպքում, երբ օպերատիվ-հետախուզական գործունեության տվյալի գնահատումն անհնար է, այն ինքնին խուզարկության հիմք չի կարող հանդիսանալ, սակայն այլ տվյալների (այդ թվում` օպերատիվ-քննչական իրադրության) հետ համակցությամբ կարող է հաշվի առնվել խուզարկության կատարման անհրաժեշտության հարցը լուծելիս, հատկապես քննության վաղ փուլերում, երբ համապատասխան ապացույցներ դեռ ձեռք չեն բերվել(6):

 

_________________

6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սեպուհ Թադևոսյանի և Սիրուն Նաջարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵՇԴ/0073/07/15 որոշման 22-23-րդ կետերը:

 

Վերահաստատելով ձևավորված նախադեպային իրավունքը, Վճռաբեկ դատարանը Քրիստինա Իշխանյանի գործով ընդգծել է, որ «բավարար տվյալներ» շեմի գնահատման առարկան չի կարող ներառել քրեական գործի ըստ էության քննության ժամանակ ապացույցների գնահատմանը բնորոշ տարրերը. խուզարկության կատարման համար փաստական տվյալների բավարար լինելը պետք է գնահատել քննության տվյալ փուլին բնորոշ առավել ցածր չափանիշով(7):

 

_________________

7) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Քրիստինա Իշխանյանի գործով 2023 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ ԵԴ/3737/07/21 որոշման 17-րդ և 17.3-րդ կետերը:

 

14. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 10 ու աշխատանքների կազմակերպման բաժնում իրականացվել է 2021 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի մայիսի 31-ին ընկած ժամանակահատվածում «***** ********» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որի համաձայն` պատճառված վնասը (հարկային պարտավորությունը) կազմում է ընդամենը` 40.530.916 (քառասուն միլիոն հինգ հարյուր երեսուն հազար ինը հարյուր տասնվեց) ՀՀ դրամ, որից շահութահարկի գծով` 37.501.221 (երեսունյոթ միլիոն հինգ հարյուր մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ և ավելացված արժեքի հարկի գծով` 3.029.695 (երեք միլիոն քսանինը հազար վեց հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ(8),

 

_________________

8) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- նույն բաժնում իրականացվել է նաև «***** ***********» բաց բաժնետիրական ընկերության կողմից 2023 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի` ավելացված արժեքի հարկի մասով ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունը` առանց տույժերի ու տուգանքների, կկազմի 151.622.141 (հարյուր հիսունմեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ(9),

 

_________________

9) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

- ենթադրյալ տնտեսական հանցագործության փաստի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում, գտնելով, որ առկա են հիմքեր` ողջամտորեն ենթադրելու, որ «***** ********» փակ բաժնետիրական ընկերության գործունեության իրականացման վայրում` ******* մարզի ***** համայնքի *****-******** խճուղի *** հասցեում, այդ թվում` ընկերության տնօրեն *.********* և միջնորդությամբ նշված որոշ աշխատակիցների աշխատասենյակներում, դրանց անմիջական հարող մասնավոր տարածքներում կարող են գտնվել «***** **********» փակ բաժնետիրական և «***** ***********» բաց բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության հետ կապված որոշ հանգամանքներին վերաբերող, վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, նյութեր կամ առարկաներ, որոնք այլ եղանակով ստանալը ողջամիտ անհնարին է` վարույթն իրականացնող մարմինն այդպիսիք հայտնաբերելու նպատակով միջնորդել է դատարանին թույլատրել խուզարկություն կատարել նշված հասցեում: Միաժամանակ արձանագրվել է, որ «***** *********» փակ բաժնետիրական ընկերության իրավանախորդ է «***** ***********» բաց բաժնետիրական ընկերությունը(10),

 

_________________

10) Տե՛ս սույն որոշման 9.1-րդ կետը:

 

- ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն` «***** ***********» բաց բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «***** ********» փակ բաժնետիրական ընկերության իրավանախորդը(11),

 

_________________

11) Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 58-59:

 

- նշված միջնորդությունն Առաջին ատյանի դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ ներկայացված նյութերում առկա են խուզարկություն կատարելու թույլտվություն տալու բավարար հիմքեր(12),

 

_________________

12) Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

 

- վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ միջնորդությանը կցված նյութերը չեն հիմնավորում, որ միջնորդության մեջ նշված հասցեում և դրանում տեղակայված աշխատասենյակներում կարող են հայտնաբերվել վարութային հետաքրքրություն ներկայացնող տվյալներ պարունակող փաստաթղթեր կամ առարկաներ: Ավելին, բնակարանի անձեռնմխելիության սահմանափակման անհրաժեշտությունն ու համաչափությունը նախաձեռնողի կողմից հիմնավորվել է օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում կազմված «***** ********» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի մասին տեղեկանքով, որում արձանագրված տվյալները, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չեն կարող հանդիսանալ խուզարկության կատարման փաստական հիմք: Ընդ որում, այդ տեղեկանքում արձանագրված է, որ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի հաշվարկը նախնական է և ենթակա է վերահաշվարկման` նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում, որպիսիք տվյալ դեպքում ներկայացված չեն: Միևնույն ժամանակ, միջնորդությանը կցված մյուս փաստական տվյալները չեն հիմնավորում վարույթն իրականացնող մարմնի վարկածը, ըստ որի` «***** ********» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն առնչություն ունի առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հետ, այսինքն, հիմնավորումներ չեն պարունակում առ այն, որ 2021 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի մայիսի 31-ն ընկերության կողմից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «***** *********» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների բնակարանի անձեռնմխելիության իրավունքը սահմանափակելու մասին վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունն իրավաչափ չէ(13):

 

_________________

13) Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվող միջամտության անհրաժեշտությունը և համաչափությունը հիմնավորելու համար, նախաձեռնողը, ի թիվս այլնի, ներկայացրել է Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկի մասին տեղեկանքների պատճենները, որոնց համաձայն` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, «***** ********» փակ բաժնետիրական ընկերության կողմից դուրս գրված արտահանման հաշվարկային փաստաթղթերի և ձեռքբերված գնման ակտերի ուսումնասիրությամբ և համադրմամբ, նախ արձանագրել են, որ դիտարկվող ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից որոշ ապրանքների արտահանումն Իրանի Իսլամական Հանրապետություն իրականացվել է ձեռքբերված գներից անհամեմատ ցածր գնով, և երկրորդը, ենթադրել են, որ ընկերությունը նույն գործելաոճն է դրսևորել նաև Արաբական Միացյալ Էմիրություններ և Քաթարի Պետություն որոշ ապրանքներ արտահանելիս, այդ կերպ` թերհայտարարագրել իրացման շրջանառությունը: Բացի այդ, արձանագրվել է, որ այլ հարկատուների` նույնատիպ ապրանքի օտարման արժեքներն էականորեն գերազանցում են «***** ********» փակ բաժնետիրական ընկերության կողմից հայտարարագրված արտահանման միավորի (կիլոգրամի) արժեքները: Միաժամանակ, հաշվի առնելով նույն ընկերության կողմից 2021-2023 թվականներին ներկայացված հարկային հայտարարագրերում նշված շահութաբերության ցածր տոկոսը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները ենթադրել են, որ «***** *********» փակ բաժնետիրական ընկերության մոտ առկա են իրացման շրջանառության թերհայտարարագրման ռիսկեր: Արձանագրվել է նաև, որ դիտարկվող ժամանակահատվածում մանրացված ցորենի մասով հաշվարկված հավանական մնացորդն իրատեսական չէ, հետևաբար փաստացի առկա չէ և իրացվել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու: Արդյունքում արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասը (հարկային պարտավորությունը) նախնական կազմում է` 40.530.916 (քառասուն միլիոն հինգ հարյուր երեսուն հազար ինը հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:

Բացի այդ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները, ուսումնասիրելով «***** ************» բաց բաժնետիրական ընկերության թվով երկու հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով 2023 թվականի ընթացքում տրամադրված կտրոնները, արձանագրել են անապրանք փաստաթղթերի դուրսգրման և(կամ) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված մեծաքանակ ապրանքների ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավոր ռիսկ: 2023 թվականի դեկտեմբերի 26-ին և 2024 թվականի մարտի 26-ին «***** ***********» բաց բաժնետիրական ընկերությունում իրականացվել են չափագրման ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով արձանագրվել է, որ չափագրման ժամանակահատվածում ընկերության միջին օրական իրացման շրջանառությունը չափագրմանը նախորդող տասն օրերի միջին օրական իրացման շրջանառության համեմատ աճել է համապատասխանաբար` 16.7 և 27 տոկոսով: Արդյունքում արձանագրվել է, որ ընկերության լրացուցիչ հարկային պարտավորությունը` առանց տույժերի ու տուգանքների, նախնական կկազմի 151.622.141 (հարյուր հիսունմեկ միլիոն վեց հարյուր քսաներկու հազար հարյուր քառասունմեկ) ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ նյութերում առկա տվյալների համաձայն` «***** ***********» բաց բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է «***** *********» փակ բաժնետիրական ընկերության իրավանախորդը:

15.1. Ընդհանրացնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներկայացված նյութերում առկա են առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ենթադրյալ դեպքին «***** *********» փակ բաժնետիրական ընկերության առնչության, ինչպես նաև` միջնորդությամբ նշված հասցեում և աշխատասենյակներում, դրանց անմիջական հարող մասնավոր տարածքներում վարութային հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես, «***** *********» փակ բաժնետիրական ու «***** **************» բաց բաժնետիրական ընկերությունների կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեությանն առնչվող որոշակի փաստաթղթեր, նյութերը և առարկաներ գտնվելու հավանականության մասին տեղեկություններ պարունակող փաստական տվյալներ, որոնք ստացվել են նշված ընկերությունների կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հայտարարագրերի, հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների, այլ հարկատուների կողմից` նույնաբնույթ գործարքների ուսումնասիրությամբ ու համադրմամբ, ինչպես նաև` «չափագրում» հարկային ուսումնասիրության արդյունքում, ուստի, հնարավոր է ենթարկել գնահատման:

Տվյալ դեպքում, ուսումնասիրության և գնահատման ենթարկելով վարույթում առկա նյութերը, այդ թվում` արձանագրված փաստական տվյալները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավորված է Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգումը, որ ներկայացված միջնորդությամբ իրավասու մարմինը հիմնավորել է, թե որն է եղել միջնորդվող ապացուցողական գործողության իրականացման նպատակը, որ փաստական տվյալների պայմաններում է անհրաժեշտ դարձել այդ գործողության իրականացումն ու հնարավոր ինչ հանգամանքների պարզման ակնկալիք է ունեցել: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը չի կիսում Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի` նախաձեռնողի կողմից չի հիմնավորվել «***** *********» փակ բաժնետիրական ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու կասկածը: Նախորդիվ արձանագրված հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարույթի տվյալ պահին խուզարկություն իրականացնելու իրավաչափության հիմքում ընկած է եղել նշված ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու կասկածը:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ Հայաստանի Հանրապետությանը պատճառված վնասի հաշվարկը կրում է նախնական բնույթ և ենթակա է վերահաշվարկման, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը չի բխում խուզարկության միջնորդության համար հիմք հանդիսացած տվյալների գնահատմանը ներկայացվող պահանջներից: Այլ կերպ ասած, հաշվի առնելով սույն վարույթի առանձնահատկությունները, միջնորդության մեջ նշված` պատճառված վնասի չափի վերահաշվարկման անհրաժեշտությունը դուրս է գտնվում խուզարկության թույլտվություն տալու հարցի քննության շրջանակներից և առավել բնորոշ է անձի մեղավորության հարցի գնահատմանը ներկայացվող ապացուցողական չափանիշին(14):

 

_________________

14) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Իգոր Խաչատուրովի գործով 2025 թվականի մայիսի 2-ի թիվ ԵԴ1/4070/07/24 որոշման 15.1-րդ կետերը:

 

Այս առումով հարկ է նկատել, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի պաշտպանության համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը K.S. and M.S. v. Germany գործով ընդունել է, որ հարկերից խուսափելու կասկածը կարող է հիմնավորել խուզարկության իրականացումը, եթե իրավասու մարմիններն ունեն բավարար փաստեր կամ որոշակի հիմքեր, որոնք ցույց են տալիս, որ անձը հնարավոր է խուսափել է հարկերի վճարումից(15):

 

_________________

15) Տե՛ս, mutatis mutandis, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` K.S. and M.S. v. Germany գործով 2016 թվականի հոկտեմբերի 6-ի վճիռը, գանգատ թիվ 33696/11:

 

Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանը պատշաճ իրավական գնահատման չի ենթարկել միջնորդության հիմնավորվածությունը հաստատող փաստակազմում առկա հանգամանքները, որոնք թույլ են տալիս հաղթահարված համարելու «***** ********» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների բնակարանի անձեռնմխելիության իրավունքին միջամտությունը թույլատրելու իրավաչափությանն առաջադրվող պահանջները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «***** ***********» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցների բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակումը ոչ իրավաչափ ճանաչելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված չէ:

i

16. Ելնելով վերոգրյալից, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանրայնության սկզբունքի խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` քրեադատավարական օրենքի էական խախտում է և հիմք է Վերաքննիչ դատարանի` 2024 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Գ. Ադոնցի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշում կայացնելիս, թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, ուստի անհրաժեշտ է Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հուլիսի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

«***** *********» փակ բաժնետիրական ընկերության և տնօրեն **** ***** ********** ներկայացուցիչների բողոքի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի օգոստոսի 28-ի որոշումը բեկանել և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2024 թվականի հուլիսի 23-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Ս. Ավետիսյան

Հ. Գրիգորյան

Ա. Դանիելյան

Ա. Պողոսյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ criminal-case/3084

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.12.2025
N ԵԴ1/4035/07/24
Որոշում