(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 705-Ն որոշում)
040.1237.260802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«26» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 օգոստոսի 2002 թվականի N 1237-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 4-րդ կետը և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 199 ու 2002 թվականի հունիսի 27-ի N 912-Ն որոշումների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման բնագավառներում պետական քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
i
5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
(5-րդ կետը փոփ. 03.08.10 թիվ 1191-Ն որոշում)
i
6 Նախարարությունը կազմված է նախարարից, նախարարության աշխատակազմից և նախարարության համակարգում գործող տեսչական և պետական մարմններից: Նախարարության համակարգում ընդգրկվում են դրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:
(6-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 445-Ն, 22.02.18 թիվ 184-Ն որոշումներ)
7. Նախարարության նպատակը և խնդիրներն են`
i
ա) Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման ու վերականգնման պետական քաղաքականության ձևավորումն ու կառավարումը, անտառների կայուն կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.
բ) շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների պահպանության, բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման և վերարտադրության պետական կառավարման ապահովումը.
գ) Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
դ) բնապահպանության ոլորտում պետական պատվերի ձևավորման ու տեղադրման ապահովումը.
ե) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովումը.
զ) շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովումը.
է) բնապահպանության ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրման ապահովումը.
ը) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովումը.
թ) օտարածին բուսական և կենդանական տեսակներից ու կենդանի վերափոխված օրգանիզմներից կենսաբազմազանության անվտանգության ապահովումը.
ժ) շրջակա միջավայրի վիճակի ռեժիմային ու հատուկ դիտարկումների ապահովումը.
ժա) էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման միասնական քաղաքականության ապահովումը:
(7-րդ կետը փոփ. 14.04.04 թիվ 545-Ն, 01.02.07 թիվ 189-Ն, 15.05.08 թիվ 655-Ն, 03.08.10 թիվ 1191-Ն, 22.02.18 թիվ 184-Ն որոշումներ)
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի` ընդերքի, հողերի, ջրերի, մթնոլորտի, կենդանական ու բուսական աշխարհի, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման ու վերարտադրության բնագավառի պետական քաղաքականության ծրագրերի ու ռազմավարությունների մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.
ա1) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնին (պետական կառավարման լիազորված մարմնին) վերապահված լիազորությունների իրականացում.
բ) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` բնապահպանության ոլորտին վերաբերող բաժինների մշակում.
գ) բնապահպանության ոլորտին վերաբերող իրավական ակտերի, ստանդարտների, տեխնիկական կանոնակարգերի մշակում.
դ) այլ մարմինների կողմից մշակված և նախարարություն համաձայնեցման ներկայացված իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիտողությունների և առաջարկությունների տրամադրում.
ե) շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) ողջամիտ օգտագործման և վերականգնման տնտեսական մեխանիզմների, այդ թվում` բնապահպանական և բնօգտագործման վճարների դրույքաչափերի մշակում.
զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի ու կանոնների խախտման հետևանքով պետությանը հասցված վնասի հաշվարկման մեթոդների մշակում ու հասցված վնասի հաշվարկում.
է) կրթության և գիտության բնագավառի լիազոր մարմնի հետ համատեղ էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ռազմավարության հիմնական ուղղությունների մշակում.
ը) բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կառավարման և շրջակա բնական միջավայրի պահպանության բնագավառում պետական ծրագրերի մշակում և պետական պատվերի` սահմանված կարգով ձևավորում.
թ) շրջակա միջավայրի վիճակի, այդ թվում` նաև թափոնների հեռացման վայրերի պետական դիտանցի (մոնիթորինգ) իրականացման կարգերի մշակում.
ժ) շրջակա միջավայրի վիճակի, ներառյալ` միջազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման աշխատանքների պետական պատվերի ձևավորում.
ժա) շրջակա միջավայրի վիճակի, շրջակա միջավայրի վրա վնասակար ներգործության և դրանց աղբյուրների բացահայտման, ուսումնասիրության և մոնիթորինգի (դիտանցի) չափորոշիչների մշակում.
ժբ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.
ժգ) բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) կադաստրների ու ռեգիստրների ստեղծում և դրանց վարման կարգերի սահմանում.
ժդ) (ժդ ենթակետն ուժը կորցրել է 19.04.12 թիվ 465-Ն որոշում)
ժե) Հայաստանի Հանրապետության բույսերի ու կենդանիների կարմիր գրքերի վարման կարգերի սահմանում.
ժզ) Հայաստանի Հանրապետության ջրի ազգային քաղաքականության մշակում և դրա իրականացման մոնիթորինգ.
ժէ) համաձայն ջրի ազգային ծրագրի` ջրային ռեսուրսների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի ու էկոլոգիական նվազագույն ելքերի սահմանում և կեղտաջրերի թույլատրելի սահմանային արտահոսքի որակական ու քանակական չափանիշների հաստատում.
ժը) մթնոլորտ վնասակար նյութերի արտանետումների պետական հաշվառում և չափաքանակների սահմանում.
ժթ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռի նախագծի վերաբերյալ առաջարկությունների և կարծիքի տրամադրում.
ի) վտանգավոր արդյունաբերական օբյեկտների «Անվտանգության վկայագրեր» նախագծերի փորձաքննական եզրակացությունների տրամադրում.
իա) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, օգտագործվող քիմիական նյութերի և առաջացող արտադրական ու սպառման թափոնների` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգում.
իբ) թափոնների պետական հաշվառում, պետական կադաստրի, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների և հեռացման վայրերի ռեեստրների ստեղծում, վարման կարգերի սահմանում.
իգ) նախարարության տեղեկատվական քաղաքականության իրականացում և հասարակայնության հետ կապերի կազմակերպում.
իդ) օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մշակմանը մասնակցություն, Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման ապահովում բնապահպանության բնագավառում, միջգերատեսչական պայմանագրերի մշակում և կնքում.
իե) բնապահպանության ոլորտում միջազգային ծրագրերի նախագծերի մշակում ու նախարարություն ներկայացված միջազգային ծրագրերի նախագծերի ուսումնասիրում և դրանց վերաբերյալ կարծիքի տրամադրում.
իզ) քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, բողոքները սահմանված կարգով քննարկելը և դրանց պատասխանելը.
իէ) նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատում և դրա վերաբերյալ կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունների տրամադրում.
իը) (իը ենթակետն ուժը կորցրել է 27.04.17 թիվ 445-Ն որոշում)
իթ) ընդերքօգտագործման նախագծերի, ծրագրերի, հանքարդյունահանման համալիրի ապամոնտաժման, հանքավայրերի կոնսերվացման, փակման և հրաժարման նախագծերի` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացում,
իժ) բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փուլում բնության և շրջակա միջավայրի նկատմամբ մշտադիտարկումների պլանի կամ ծրագրի հաստատում,
իժ.1) ընդերքի օգտագործման հետ կապված` բնության և շրջակա միջավայրի պահպանության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների կիրառում,
իժ.2) (իժ2 ենթակետն ուժը կորցրել է 27.04.17 թիվ 445-Ն որոշում)
իժ.3) բնության և շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի օգտագործման, հատկացումների չափերի հաշվարկման, ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ որոշումների ընդունում,
իժ.4) երկրաբանական ուսումնասիրության ծրագրերի վերաբերյալ բնության և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման եզրակացությունների տրամադրում.
լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
(8-րդ կետը փոփ. 14.04.04 թիվ 545-Ն, 01.02.07 թիվ 189-Ն, 15.05.08 թիվ 655-Ն, 03.08.10 թիվ 1191-Ն, 19.04.12 թիվ 465-Ն, 27.04.17 թիվ 445-Ն, 22.02.18 թիվ 184-Ն որոշումներ)
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է նախարարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը`
i
ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է գերատեսչական իրավական ակտեր.
բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին և խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
է) եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ.
ը) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանները.
թ) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարագրերի, կարգադրությունների և ցուցումների.
ժա) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի և նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժբ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.
ժգ) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության, ինչպես նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
ժդ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության, ինչպես նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի աշխատողների թիվը.
ժե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
ժզ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ, հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր.
ժէ.1) հաստատում է նախարարության հաստիքացուցակը, իսկ տեսչական մարմնի հաստիքացուցակը տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ.
ժը) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(12-րդ կետը փոփ. 18.05.06 թիվ 651-Ն, 01.02.07 թիվ 189-Ն, 27.04.17 թիվ 445-Ն, 22.02.18 թիվ 184-Ն որոշումներ)
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:
14. Նախարարի տեղակալը`
i
ա) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը` նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի միջոցով` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների, բացառությամբ նախարարության համակարգում գործող տեսչական մարմնից կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
ժ) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի մասին.
ժա) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
(14-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 445-Ն որոշում)
15. Նախարարն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
i
15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`
1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.
2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և այդ գործընթացներում քաղաքացիական հասարակության մասնակցությանը.
3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
(15.1-րդ կետը լրաց. 18.12.08 թիվ 1521-Ն, 31.03.16 թիվ 337-Ն որոշումներ)
i
15.2. Նախարարության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Նախարարին կից հասարակական խորհուրդը`
1) աջակցում է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը` ներկայացնելով առաջարկություններ և դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.
2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`
ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների և ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումներին,
բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,
գ. նախարարության ընթացիկ գործունեության, նախարարության առանձնացված ստորաբաժանումներ հանդիսացող գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:
(15.2-րդ կետը լրաց. 31.03.16 թիվ 337-Ն որոշում)
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
i
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում` դրա կազմում գործող գործակալությունների, անտառային պետական կոմիտեի և տեսչական մարմնի)` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
(16-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 445-Ն, 22.02.18 թիվ 184-Ն որոշումներ)
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
i
23.1. Նախարարության համակարգում գործող տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի աշխատանքներն իրականացվում են նախարարության աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամկետներում:
(23.1-ին կետը լրաց. 27.04.17 թիվ 445-Ն որոշում)
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ:
i
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3:
(26-րդ կետը փոփ. 02.12.04 թիվ 1682-Ն որոշում)
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է դրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
i
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքում ներառվում են դրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ):
(30-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 445-Ն որոշում)
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
i
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
(33-րդ կետը փոփ. 27.04.17 թիվ 445-Ն որոշում)
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը և նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
38. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
բ) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.
գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալներից մեկը` նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
i
ա) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
ե) օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
զ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ.
է) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարումը, ֆինանսական հաշվետվությունների կազմումը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
թ) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
ժ) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
ժա) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից` սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
ժբ) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
ժգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժդ.1) ապահովում է աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ, այդ թվում` նաև գլխավոր ֆինանսիստի պարտականությունները:
(43-րդ կետը փոփ. 01.02.07 թիվ 189-Ն, 03.08.10 թիվ 1191-Ն որոշումներ)
i
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
(44-րդ կետը փոփ. 03.08.10 թիվ 1191-Ն որոշում)
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների վիճակագրական, ինչպես նաև վարչական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման (աուդիտի)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և դրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2002 թվականի օգոստոսի 8-ի
N 1237-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչություն
Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն
Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչություն
Ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչություն
Իրավաբանական վարչություն
Միջազգային համագործակցության վարչություն
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ֆինանսատնտեսական վարչություն
Քարտուղարություն
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժին
Ներքին աուդիտի բաժին
Անձնակազմի կառավարման բաժին
Առաջին բաժին
II. Առանձնացված ստորաբաժանումներ
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն
Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն
(4-րդ տողն ուժը կորցրել է 27.04.17 թիվ 445-Ն որոշում)
III. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության
համակարգում գործող տեսչական մարմին
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
IV. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման
ոլորտում գործող պետական մարմին
Անտառային պետական կոմիտե
(2-րդ հավելվածը փոփ. 23.07.03 թիվ 970-Ն, 18.03.04 թիվ 420-Ն,
02.12.04 թիվ 1682-Ն, 01.12.05 թիվ 2069-Ն, 01.02.07 թիվ 189-Ն,
15.05.08 թիվ 655-Ն, 30.04.09 թիվ 450-Ն, 03.08.10 թիվ 1191-Ն,
10.01.13 թիվ 11-Ն, 05.02.15 թիվ 134-Ն, 27.04.17 թիվ 445-Ն,
22.02.18 թիվ 184-Ն որոշումներ)