ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2020 թվականի N 343-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ, 9-րդ մասերը և 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը և 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը վերակազմավորել քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության` որպես գրասենյակ.
2) այդ կապակցությամբ`
i
ա. որոշմամբ հաստատված հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ V.1 գլխով`
«V.1. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
1. Նախարարության գրասենյակն է`
1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը:»,
i
բ. ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված հավելվածի 34-րդ կետի 3-րդ ենթակետը:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կառուցվածքում`
1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման աշխատանքների և մեթոդոլոգիայի բաժինը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման հանրապետական արխիվը միաձուլվում են` ստեղծելով քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժին.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման Ամուսնության պալատ տարածքային բաժինը և քաղաքացիական կացության ակտերի գրանցման Երևանի հատուկ սպասարկման տարածքային բաժինը միաձուլվում են` ստեղծելով քաղաքացիների սպասարկման բաժին.
3) միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժինն անվանափոխվում է միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2020 թ. մարտի 12
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2020 թ. մարտի 12-ի
N 343-Լ որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) գրասենյակ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ քաղաքացիական կացության ակտերի գրանցման բնագավառում, ինչպես նաև ապահովում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարումը` իրեն վերապահված ոլորտներում:
2. Գործակալության uտեղծման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
3. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
4. Գործակալության անվանումն է`
1) հայերեն` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն.
2) ռուսերեն` Ագենստվօ ռեգիստրացիի ակտօվ գրաժդանսկօգօ սօստօյանիյա
3) անգլերեն` The Civil Status Acts Registration Agency.
4) ֆրանսերեն` Agence d'enregistrement des actes d'etat civil:
5. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն, զուգակցված օտար լեզուներով, անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
6. Գործակալության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8:
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակներն են`
1) քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի գործառույթների և ծառայությունների տրամադրման պարզեցման, մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ապահովումը.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքում` իրավական օգնության տրամադրման և վարչարարության պարզեցման, տրամադրվող օգնության որակի բարձրացման ապահովումը:
8. Գործակալության խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի միասնական պետական գրանցման ապահովումը.
2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի և ապոստիլի էլեկտրոնային կառավարման համակարգի կառավարումն ու կատարելագործումը.
3) քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական արխիվի կազմակերպումը և պահպանումը.
4) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը:
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Գործակալությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կազմակերպում և իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման գործընթացը.
2) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցում և դրանից բխող այլ գործառույթներ.
3) վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը.
4) կազմակերպում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման քանակական վիճակագրությունը և ամփոփումը.
5) կազմակերպում և ապահովում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական արխիվը.
6) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերի, ապոստիլով վավերացված փաստաթղթերի, տվյալների շտեմարանի էլեկտրոնային միասնական գրանցամատյանի վարումը և կատարելագործումը.
7) իրականացնում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումը, դրանց աշխատանքների դիտարկումն ու համակարգումը.
8) կազմակերպում է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հետ կապված «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի 1993 թվականի կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործընթացը.
9) ընդունում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի 1980 թվականի կոնվենցիայի շրջանակներում ստացված դիմումներին.
10) ընդունում և ընթացք է տալիս «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» Հաագայի 1996 թվականի կոնվենցիայի շրջանակներում ստացված դիմումներին.
11) ընդունում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում ստացված դիմումներին.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իր իրավասությունների սահմաններում իրականացնում է Հայաստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերի կատարման հետ կապված լիազորություններ.
13) քաղաքացիական կացության ակտերի գրանցման և դրանից բխող այլ գործառույթների, ինչպես նաև փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ոլորտում քաղաքացիներին մատուցում է ծառայություններ.
14) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
10. Գործակալությունը կառավարում է նախարարը:
11. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
12. Գործակալությունը կազմված է գործակալության պետից և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից, որոնց միջոցով գործակալությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթները:
13. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
14. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին և նախարարին:
15. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) նախարարին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ, տալիս ցուցումներ և հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) ստորագրում է գործակալության գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերը.
5) իր իրավասության սահմաններում նախարարության գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
6) նախարարին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
7) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
8) նախարարի հաստատմանն է ներկայացնում գործակալության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունների սահմանման առաջարկությունները.
9) լսում է գործակալության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
10) իրականացնում է վերահսկողություն գործակալության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
11) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
12) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
13) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
16. Գործակալության պետի բացակայության դեպքում նրան փոխարինում է հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
17. Գործակալության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը`
1) կազմակերպում է գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքները.
2) իրականացնում է հսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանման աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների` ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.
3) կատարում է գործակալության պետի հանձնարարականներն ու ցուցումները.
4) կրում է պատասխանատվություն համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման խնդիրների իրականացման համար.
5) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ:
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
18. Գործակալության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են`
1) Քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժինը.
2) Միջազգային պարտավորությունների ապահովման բաժինը.
3) Քաղաքացիների սպասարկման բաժինը:
19. Կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները գործակալության պետի ներկայացմամբ սահմանում է նախարարը` հաստատելով դրանց կանոնադրությունները: