Սեղմել Esc փակելու համար:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ Գ ...

 

https://petekamutner.am/shared/Information/Irazekum%20218.pdf

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ

 

15 հուլիսի 2021 թվականի N 218

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՏՄ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ԳՆՈՐԴ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԱԱՀ-Ի ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ԱՐՏԱՑՈԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հարց

«Ա» կազմակերպությունը իրականացնում է առցանց առևտուր ԵՏՄ անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձանց հետ: ԵՏՄ անդամ երկրների ռեզիդենտ ֆիզիկական անձինք տարբեր ինտերնետային հարթակների միջոցով կատարում են գնումներ, որից հետո «Ա» կազմակերպությունը կազմակերպում է արտահանման գործընթացը: Արտահանումը իրականացնելուց հետո «Ա» կազմակերպությունը բոլոր վաճառքների հետ կապված ներկայացնում է համապատասխան արտահանման հայտարագրերը: Սակայն շատ հաճախ, երբ ապրանքները հասնում են նշանակման կետ, հաճախորդները ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են ապրանքները վերցնելուց, այդ իսկ պատճառով սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունը հետ է վերադարձնում կազմակերպության ապրանքները: Այս գործընթացը կարող է տևել մոտ 2 շաբաթից 2 ամիս` կախված թե ապրանքները մոտավոր ինչ հեռավորության վրա են տեղափոխվել և որքան է տևել դրանց հետ գալու գործընթացը: Հետ վերադարձվող ապրանքները վերադարձվում են կազմակերպության պահեստ և կատարվում է համապատասխան գործարքների ճշգրտում: Ենթադրենք փետրվար ամսին տեղի է ունեցել 1 մլն դրամի արտահանում, որը փետրվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկի 12-րդ տողում լրացվել է: Այդ մատակարարումներից մոտ 200 հազարը հետ է վերադարձվել մարտ ամսին: Մարտ ամսին իրացումը կազմել է 1,5 մլն դրամ: Տվյալ դեպքում մարտ ամսվա հաշվարկի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվի ընդհանուր իրացումը:

 

Պատասխան

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` ապրանքների փոխադարձ առևտրում անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է նշանակման երկրի սկզբունքով, որով նախատեսվում է ապրանքների արտահանման ժամանակ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում և (կամ) ակցիզների վճարումից ազատում, ինչպես նաև ներմուծման ժամանակ դրանց հարկումն անուղղակի հարկերով: Ապրանքների արտահանման ու ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձումը և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության մեխանիզմն իրականացվում են նույն պայմանագրի անբաժանելի մաս համարվող` «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման և դրանց վճարման նկատմամբ վերահսկողության կարգի մասին» N 18 հավելվածով սահմանված կարգի համաձայն: Նույն հավելվածով սահմանված արձանագրության 11-րդ և 23-րդ կետերով կարգավորվում են ապրանքների արտահանման և ներմուծման դեպքում ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության պատճառով ապրանքների վերադարձման հետ կապված հարցերը: Մասնավորապես, արձանագրության 11-րդ կետի համաձայն` ապրանքների արտահանման դեպքում իրացված ապրանքների գնի ավելացման (նվազեցման) պատճառով կամ իրացված ապրանքների քանակի (ծավալի) նվազեցման պատճառով ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության հետևանքով դրանք վերադարձնելու հետ կապված ԱԱՀ-ի գծով հարկային բազայի ավելացման (նվազեցման) փոփոխության դեպքում ԱԱՀ-ի գծով հարկային բազան ուղղվում է այն հարկային (հաշվետու) ժամանակահատվածում, երբ պայմանագրի մասնակիցները փոփոխել են արտահանված ապրանքների գինը (համաձայնեցրել են վերադարձը), եթե անդամ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ: Արձանագրության 23-րդ կետի համաձայն` ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության պատճառով ապրանքների վերադարձը պետք է հաստատվի պայմանագրի մասնակիցների համաձայնեցված պահանջներով, ինչպես նաև այն փաստաթղթերով, որոնք համապատասխանում են այդպիսի ապրանքների հետ հետագա գործառնություններ կատարելուն: Այդպիսի փաստաթղթերի շարքին են դասվում ապրանքների ընդունման-հանձնման ակտերը (վերադարձրած ապրանքի տրանսպորտային փոխադրման բացակայության դեպքում), տրանսպորտային (ապրանքներն ուղեկցող) փաստաթղթերը (վերադարձրած ապրանքի տրանսպորտային փոխադրման դեպքում), ոչնչացման ակտերը կամ այլ փաստաթղթեր:

Միաժամանակ, արձանագրության 13-րդ կետի համաձայն` որևէ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ներմուծվող ապրանքների առումով անուղղակի հարկերի գանձումն իրականացվում է այն անդամ պետության հարկ վճարողի կողմից, որի տարածք են ներմուծվել ապրանքները` ըստ ապրանքների սեփականատեր հանդիսացող հարկ վճարողի հաշվառման վայրի: Ընդ որում, ապրանքների սեփականատեր է ճանաչվում այն անձը, որն օժտված է ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքով, կամ որին ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը նախատեսվում է պայմանագրով:

ՀՀ հարկային օրենսգրքի`

- 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում դրանց ճշտման արդյունքներով, նույն հոդվածով սահմանված կարգով, կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ,

- 54-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրենսգրքի 53-րդ հոդվածի 10-11-րդ մասերով սահմանված` հարկային հաշվարկներ ներկայացնելու սահմանափակումները տարածվում են նաև ճշտված հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքերի վրա, ինչպես նաև օրենսգրքի 44-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի վրա,

- 76-րդ հոդվածով սահմանված է ՀՀ տարածքից ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքի մատակարարման գործարքի մասով հարկային մարմին արտահանման հարկային հայտարարագիր ներկայացնելու կարգը:

Միաժամանակ, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 18.12.2017թ. N 424-Ն հրամանի N 1 հավելվածով սահմանված է արտահանման հարկային հայտարարագրի ձևը և լրացման կարգը: Մասնավորապես, հայտարարագրի լրացման կարգի 1-ին կետի համաձայն` հայտարարագիրը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հայտարարագիր` ճշգրտված տվյալներով, այդ թվում` իրացված ապրանքների գնի ավելացման (նվազեցման) պատճառով կամ իրացված ապրանքների քանակի (ծավալի) նվազեցման պատճառով, ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության հետևանքով դրանք վերադարձնելու հետ կապված ավելացված արժեքի հարկի և (կամ) ակցիզային հարկի գծով հարկման բազայի ավելացման (նվազեցման) փոփոխության դեպքում: Նույն գործարքի համար մի քանի հայտարարագրեր ներկայացնելու դեպքում ներկայացված վերջին հայտարարագիրը համարվում է ճշգրտված հայտարարագիր:

Հաշվի առնելով վերոգրյալը` հայտնում ենք, որ եթե ԵՏՄ անդամ պետություն արտահանված ապրանքները վերադարձվել են ոչ պատշաճ որակի և (կամ) կոմպլեկտայնության պատճառով և այդ մասով առկա են պայմանագրի կողմերի միջև կազմված համապատասխան փաստաթղթեր, ապա այդ գործարքի մասով նախկինում հարկային մարմին ներկայացված արտահանման հարկային հայտարարագիրը ենթակա է ճշգրտման` հաշվի առնելով օրենսգրքով սահմանված սահմանափակումները: Միաժամանակ, տվյալ դեպքում պետք է ճշգրտվի նաև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկը` հաշվի առնելով օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթները:

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.07.2021
N 218
Իրազեկման թերթիկ