ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Քաղ. Երևան |
7 նոյեմբերի 2023 թ. |
ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
(2-րդ մաս)
Այսպիսով, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» նկատմամբ պահանջի իրավունքը` որպես չափելի տնտեսական արժեքի նկատմամբ գույքային իրավունք, արդեն դուրս է Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակման ընդհանուր կանոնի գործողությունից, քանի որ այն ունի նաև սեփականությանը միջամտության` հանրային իշխանության կամայականության կանխման նպատակով համաչափությունը հաստատող` իրավունքի «սահմանափակումը սահմանափակող» Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված երաշխիքի բովանդակություն:
Այսպիսով, հանրային իշխանության կողմից սեփականությանը միջամտության կամայականությունը բացառելու նպատակն է կանխորոշել «նախնական և համարժեք փոխհատուցման» արձանագրումը Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասում` դրանով իսկ բացառելով այդ միջոցին և դրա որակներին միջամտելու հանրային իշխանության իրավասությունը:
5.7. Համաչափության սահմանադրական ընդհանրական սկզբունքի ամրագրման պայմաններում դրա հաստատման միջոցի և վերջինիս առաջադրվող որակական պահանջների սահմանադրական հստակ և բառացի (expresis verbis) ամրագրումը Սահմանադրությամբ` որպես Սահմանադրության 2-րդ գլխում նախատեսված բոլոր այլ իրավունքների միջամտության սահմանադրաչափ պայմանների ընդհանրականության կանոնից բացառություն, հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց փոխհատուցումն այսպիսով վերածվում է Սահմանադրության ուղիղ հրամայականի, որի կատարման նկատմամբ ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր և ո՛չ էլ դատական իշխանությունը չունի միջամտության, ներառյալ նաև` այն սահմանափակելու հայեցողություն:
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման հնարավորությունը «միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ» իրականացնելու` Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքի արժեբանական բովանդակությունը Սահմանադրի կողմից` օտարված գույքի դիմաց տրված բառացի, դրա նկատմամբ կիրառելի պայմանականություններից զերծ, անվերապահ խոստումն է` ապահովելու «նախնական և համարժեք փոխհատուցում»: Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված Սահմանադրության բարձրագույն ուժով և 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անմիջականորեն գործող իրավունքով պայմանավորված` այս խոստման իրավական բովանդակությունը, համապատասխանաբար, հանրային իշխանության համար այն ի կատար ածելու անվերապահ հանձնառությունն է: Սահմանադրի այս խոստումը, միաժամանակ, հայելային անդրադարձով հանդես է գալիս, որպես հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության տիրոջ` օտարված գույքի դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի բացարձակ իրավունք:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ իրավունքի «բացարձակ», այսինքն` հանրային իշխանության կողմից սահմանափակման կամ այլ միջամտություններից պաշտպանված լինելու որակը չի վերաբերում Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված սեփականության իրավունքին որպես ընդհանուր կանոն, որը, ինչպես Սահմանադրական դատարանը նշել է սույն որոշման 5.4-5.6-րդ կետերում, սահմանափակումների և այլ միջամտությունների (ընդհուպ մինչև սեփականության իրավունքի դադարեցման) ենթակա իրավունք է (mutatis mutandis Սահմանադրական դատարանի 2010 թվականի հուլիսի 13-ի ՍԴՈ-903 որոշման 8-րդ կետը և 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման 4.4-րդ կետը)` պայմանով, որ սեփականության իրավունքին այդ սահմանափակումները և այլ միջամտությունները բավարարում են նման միջամտությունների սահմանադրաչափության պայմանները:
Բացարձակ իրավունքի որակը, որի նկատմամբ Սահմանադիրը բացառել է հանրային իշխանության միջամտության հնարավորությունը, այլ ընդհակառակը` հանրային իշխանությանը ծանրաբեռնում է այդ իրավունքի իրականացման նպատակով ձեռնարկելու դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, վերաբերում է միայն հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) օտարված սեփականության դիմաց օտարված գույքի սեփականատիրոջ` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքին:
Այս իրավունքի սահմանափակումը կամ այլ ձևով միջամտությունը հետևանքային ազդեցությամբ հանգեցնում է սույն որոշման 5.4-5.6-րդ կետերում նկարագրված համաչափության հաստատման վերջնարդյունքին միջամտության, այսինքն` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սեփականությանը միջամտության հարցում հանրային իշխանության «միջամտության սահմանափակումների սահմանափակման», ինչպիսի իրավասությամբ Սահմանադրի կողմից հանրային իշխանության որևէ մարմին օժտված չէ:
5.8. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման սահմանադրական ինստիտուտին առնչվող իր նախկին երկու որոշումներում (ՍԴՈ-92 և ՍԴՈ-630) հետևողականորեն անդրադարձել է սեփականության օտարման դիմաց սահմանադրական «նախնական և համարժեք փոխհատուցման» սահմանադրական երաշխիքի անխախտելիության և անձեռնմխելիության որակներին:
i
Մասնավորապես` Հանրապետության Նախագահի դիմումի հիման վրա` «Ազգային ժողովի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Անշարժ գույքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8-րդ հոդվածին և 28-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով կայացրած ՍԴՈ-92 որոշմամբ բացահայտելով հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ինստիտուտի սահմանադրական բովանդակությունը` Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրությունն ամրագրում է, որ սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ: Այսպիսով, որպես սեփականության օտարման հիմք է ճանաչվում «պետության և հասարակության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիքներ են համարվում օտարումը` «միայն բացառիկ դեպքերում», օտարումը` «օրենքի հիման վրա», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ» (Սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշում, կետ 6):
i
Այնուհետև, 2002 թվականի օգոստոսի 1-ին Կառավարության կողմից ընդունված թիվ 1151-Ն որոշման հիման վրա` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման զանգվածային գործընթացի հետևանքով մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում բարձրացված խնդիրների առնչությամբ` Քաղաքացիական և Հողային օրենսգրքերի սույն որոշման 4.2-րդ կետում թվարկված դրույթների` Սահմանադրությանը հակասության մասին եզրակացությանը հանգեցրած վերլուծություններում Սահմանադրական դատարանը հետևողականորեն շեշտադրել է խնդրո առարկա իրավահարաբերությունների կարգավորմանը կոչված սահմանադրական նորմում ամրագրված սահմանադրական երաշխիքների պահպանման հրամայականը, մասնավորապես նշելով. «8. (....) Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ. (...) սեփականության օտարման դեպքում պետք է երաշխավորված լինի նախնական փոխհատուցումը, (...) այդ փոխհատուցումը պետք է լինի համարժեք: (...) 9. (....) Սահմանադրության 31 հոդվածի 3-րդ մասի դրույթներից բխում է, որ Սահմանադրությունը տվյալ իրավահարաբերությունների համատեքստում որպես սեփականության հարկադիր օտարման հիմք է ճանաչում «հասարակության և պետության կարիքները», իսկ օտարվող գույքի սեփականատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներ է համարում օտարումը` «միայն բացառիկ` գերակա հանրային շահերի դեպքերում», օտարումը` «օրենքով սահմանված կարգով», օտարումը` «օտարվող գույքի նախնական համարժեք փոխհատուցմամբ: (.) 11. (...) «Սեփականության օտարում» հասկացությունը, իր հերթին, սահմանադրական տվյալ դրույթի համատեքստից ելնելով, ենթադրում է Սահմանադրությամբ նախատեսված այդ նույն իրավաչափ նպատակի համար կոնկրետ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակում կամ դադարում` պայմանով, որ այդ օբյեկտի դիմաց անձին նախապես տրվում է համարժեք այլ գույք կամ փոխհատուցում, որն էլ երաշխավորում է սեփականության իրավունքի ապահովման շարունակականությունը» (Սահմանադրական դատարանի 2006 թվականի ապրիլի 18-ի ՍԴՈ-630 որոշում):
i
Չնայած Սահմանադրական դատարանի ՍԴՈ-92 և հետագայում` ՍԴՈ-630 որոշումներով հասարակության և պետության կարիքների համար սեփականության հարկադիր օտարման իրավահարաբերություններում «նախնական և համարժեք փոխհատուցման» երաշխիքի սահմանադրական ամրագրման և դրա ուժով հանրային իշխանության միջամտություններից պաշտպանված լինելու հանգամանքի մասին հիշեցումներին և վերահաստատմանը` իրավակիրառ պրակտիկան, ինչպես սույն գործով Դիմողների ներկայացրած և Սահմանադրական դատարանի կողմից պահանջված նրանց քաղաքացիական գործից է բխում` 25 տարի անփոփոխ շարունակվել է այն ուղղությամբ, որ Քաղաքացիական օրենսգրքով օրենսդրի սահմանած իրավունքի պաշտպանության սահմանափակումները, որպես իրավունքի սահմանափակման ընդհանուր կանոն, կիրառվում են հանրության գերակա շահերի (հասարակության և պետության կարիքների) ապահովման նպատակով սեփականության օտարման դեպքում «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջների նկատմամբ` սեփականության իրավունքի սահմանափակումների ընդհանուր կանոնի (60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված) տրամաբանությամբ, այլ ոչ` որպես 60-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով` որպես սեփականությանը միջամտության սահմանափակման` անհատի իրավունքի պաշտպանության սահմանադրական նորմի կայունությամբ և բարձրագույն ուժով պաշտպանվող անմիջամտելի, անձեռնմխելի և սահմանափակումներից պաշտպանված երաշխիք:
i
5.9. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններ սահմանելու նպատակային նշանակությունը հանրային իշխանությանը պարտավորեցնելն է` յուրաքանչյուր ամրագրված իրավունքի ոչ միայն պաշտպանությունը, այլև դրա խախտման դեպքում պատճառված վնասների հատուցում ապահովելը (Սահմանադրական դատարանի 2017 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1383 որոշում):
Հիմնական իրավունքի արդյունավետ իրականացումը հանրային իշխանությունից պահանջում է ոչ միայն ձեռնպահ մնալ այդ իրավունքի իրականացմանը միջամտությունից, այլև դրա արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ պայմանավորված` թելադրում է նաև որոշ պոզիտիվ պարտականություններ:
Նշվածի լույսի ներքո` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` սեփականության օտարման դիմաց «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի արդյունավետ իրականացման ընթացակարգային առաջնային երաշխիքն է դրա` արդար դատաքննության իրավունքի համապատասխան կառուցակարգերի միջոցով պաշտպանության ապահովումը:
i
Քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը:
i
Քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար:
Այսպիսով, հայցային վաղեմությունը խախտված իրավունքի դատական կարգով պաշտպանություն հայցելու համար օրենսդրի կողմից նախատեսված ժամկետն է: Օրենսդիրն այս ժամկետի ավարտով պայմանավորում է իրավական հետևանքներ, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքում խախտված իրավունքների դատական պաշտպանությանը չդիմելը կարող է հանգեցնել հայցի մերժմանը` վեճի մյուս կողմի հայցային վաղեմություն կիրառելու խնդրանքի հիման վրա, որը դատարանին պարտավորեցնում է (պայմանով, որ հայցային վաղեմության ժամկետը լրացել է) մերժել հայցը` դադարեցնելով ենթադրաբար խախտված իրավունքի դատական պաշտպանությունը:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հայցային վաղեմության կիրառումը և այդ հիմքով իրավունքը խախտված անձի կողմից ներկայացված հայցի մերժման արդյունքում խնդրո առարկա իրավունքը կորցնում է իրացվելիության և պետական հարկադրանքի միջոցով պաշտպանվածության իր հատկանիշները:
Ինչպես վերը ներկայացվեց` հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում տրամադրելու սահմանադրական երաշխիքը ենթակա չէ հանրային իշխանության հայեցողությամբ սահմանվող պայմանականություններին: Հետևաբար` անձի` իր օտարված սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը սահմանափակման ենթակա չէ` անկախ նման ենթադրյալ սահմանափակման նպատակից` «բացարձակ իրավունքը ենթակա է բացարձակ պաշտպանության» սկզբունքով:
Սահմանադրական սույն վեճի նախապատմությունից հետևում է, որ Դիմողների գործով դատարանները հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու բերումով վեճի մյուս կողմի` Կառավարության դիմումի հիման վրա մերժել են գույքի օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի հայցը` առանց այն ըստ էության քննելու:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում վճարելու պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը հանգեցնում է այս իրավունքի իրականացման անհնարինության, քանի որ այն կորցնում է իրացվելիության և պետական հարկադրանքով պաշտպանվածության իր հատկանիշները:
Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառումը Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գերակա հանրային շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքին միջամտություն է, ինչպիսի իրավասությամբ, սույն որոշման 5.3-5.8-րդ կետերում շարադրված հիմնավորումների համաձայն, Սահմանադրությամբ հանրային իշխանությունն օժտված չէ:
5.10. Սույն սահմանադրական վեճի քննության շրջանակում Սահմանադրական դատարանն արդեն իսկ հաստատել է դրա ժամանակագրական միջակայքը: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այդ ժամանակագրական շրջանակի սկզբնապահից 24 տարի անցած լինելու իրողությունը, անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ հասարակության և պետության կարիքների համար գույքի օտարման գործընթացի վերաբերյալ Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված պաշտոնական դիրքորոշումներին` որպես Սահմանադրությամբ ամրագրված «նախնական և համարժեք փոխհատուցում» տրամադրելու` սույն որոշման 5.3-5.8-րդ կետերում շարադրված սահմանադրական երաշխիքների շարունակական անտեսման հետևանքային համատեքստ:
i
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ Սահմանադրությամբ ամրագրված` գերակա հանրային շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու իրավունքի` իրավական իմաստով հստակ երաշխիքների` Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժով օժտված նորմերում նախատեսված լինելու պայմաններում Սահմանադրական դատարանն առնվազն երկու հիմնարար քննություն է կատարել` առաջինը` Հանրապետության Նախագահի (ՍԴՈ-92 որոշում) և երկրորդը` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված մտահոգությունների (ՍԴՈ-630) կապակցությամբ:
Բացի դրանից, նույն հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շարունակաբար արձանագրել է Հայաստանում հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման գործընթացներում տեղ գտած համակարգային բացթողումները, որոնք հանգեցրել են դիմողների հիմնական իրավունքների խախտման: Ներքոհիշյալ գործերով Հայաստանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածով (Սեփականության պաշտպանություն) նախատեսված իրավունքի խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մասնավորապես`
i
(1) «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ Պալատի վճռով, հղում կատարելով և հիմնվելով նաև Սահմանադրական դատարանի 1998 թվականի փետրվարի 27-ի ՍԴՈ-92 որոշման վրա, ճանաչել է սեփականության իրավունքի խախտումներ այն հիմքով, որ դիմողների սեփականության օտարումը տեղի է ունեցել կամայական և անօրինական, տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», քանի որ «սեփականության օտարման ողջ գործընթացը, ներառյալ գույքի դիմաց փոխհատուցման որոշման կարգը, տեղի է ունեցել Կառավարության որոշումներով»(1):
________________________
1) Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի վճիռ), թիվ 27651/05, 70-77 կետեր, 2009 թվականի հունիսի 23 (հայերեն թարգմանությամբ):
(2) «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ Պալատի վճռով ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտումներ այն հիմքով, որ դիմողների գույքային իրավունքի դադարեցումը տեղի է ունեցել կամայական և անօրինական` այնպիսի նորմերի հիման վրա, որոնք կիրառելի չէին նրանց օգտագործման իրավունքի դադարեցման իրավահարաբերությունների նկատմամբ, հանգեցրել է նրանց համար անկանխատեսելի կամ կամայական ելքի, ինչպես նաև զրկել դիմողներին իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանությունից(2):
________________________
2) Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 5065/06, 40-47 կետեր, 2010 թվականի հուլիսի 20 (հայերեն թարգմանությամբ):
(3) «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում` նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով եզրակացրել է, որ գույքի օտարումը և գույքի օգտագործման իրավունքի դադարեցումը տեղի չեն ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար(3):
________________________
3) Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 25825/05, 35-39 կետեր, 2012 թվականի հոկտեմբերի 9 (հայերեն թարգմանությամբ):
(4) «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում` նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի» գործով եզրակացրել է, որ գույքի օտարումը և գույքի օգտագործման իրավունքի դադարեցումը տեղի չեն ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար(4):
________________________
4) Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 22812/05, 35-39 կետեր, 2012 թվականի հոկտեմբերի 9 (հայերեն թարգմանությամբ):
(5) «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում` նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» ու «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար(5):
________________________
5) Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 43242/05, 22-26, 2014 թվականի նոյեմբերի 13 (հայերեն թարգմանությամբ):
(6) «Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում` նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Հովհաննիսյանը և Շիրոյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» ու «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ գույքի օտարումը և գույքի օգտագործման իրավունքի դադարեցումը տեղի չեն ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար(6).
________________________
6) Ղասաբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 23566/05, 22-26, 2014 թվականի նոյեմբերի 13 (հայերեն թարգմանությամբ):
(7) «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում` նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» ու «Դանիելյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար(7):
________________________
7) Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 19940/05, 22-26, 2014 թվականի նոյեմբերի 13 (հայերեն թարգմանությամբ):
(8) «Վարդանյանը և Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում (տան մասով)` մասնավորապես նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ դիտարկվող ժամանակահատվածում գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար(8):
________________________
8) Վարդանյանը և Նանուշյանը ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 8001/07, կետեր 97-100, 2016 թվականի հոկտեմբերի 27 (հայերեն թարգմանությամբ):
(9) «Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը ճանաչել է սեփականության պաշտպանության իրավունքի խախտում` նշելով, որ միանման գանգատների և առարկությունների մասին Հայաստանի դեմ մի շարք գործերով (վկայակոչվել են «Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի», «Թունյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործերը) եզրակացրել է, որ դիտարկվող ժամանակահատվածում գույքի օտարումը տեղի չի ունեցել «օրենքի հիման վրա», և քննվող գործով չի տեսնում որևէ պատճառ այդ եզրակացությունից շեղվելու համար(9):
________________________
9) Հակոբյանը և Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի (վճիռ), թիվ 14156/07, կետեր 50-54, 2019 թվականի հոկտեմբերի 17 (հայերեն թարգմանությամբ):
Վերոհիշյալ գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բոլոր եզրահանգումները վերաբերել են սույն սահմանադրական վեճի քննության շրջանակում Սահմանադրական դատարանի արդեն իսկ հաստատած ժամանակագրական միջակայքում տեղ գտած սեփականության իրավունքի, ներառյալ նաև «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի խախտումներին, որոնք իրենց բնույթով եղել են համակարգային և, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գնահատմամբ` վերը հիշատակված գործերի կոնկրետ հանգամանքներում հանգեցրել են կամայական և անօրինական միջամտության:
i
Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ վերը շարադրված շարքը չի սահմանափակվում միայն հիշատակված գործերով, և լրացվում է նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա` գործը քննվող գործերի ցուցակից հանելու մասին որոշումներով, որոնցով Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրական դատարանի արդեն իսկ հաստատած ժամանակագրական միջակայքում տեղ գտած` սեփականության օտարման գործերով միակողմանիորեն ճանաչել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի խախտումները, մասնավորապես այն, որ դիմողների գույքի օտարումը «տեղի չի ունեցել 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված պահանջներին համապատասխան»: Տե՛ս, օրինակ`
(1) «Պողոսյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով(10),
________________________
10) Պողոսյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 3310/06, 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշում:
(2) «Երանոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով(11),
________________________
11) Երանոսյանն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 3309/06, 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշում:
(3) «Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի» գործով(12),
________________________
12) Եդիգարյանն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 10446/05, 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշում:
__________________________
(4) «Վահանյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով(13),
13) Վահանյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 220/06 և 32289/06, 2012 թվականի նոյեմբերի 6-ի որոշում:
(5) «Գրիգորյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով(14),
________________________
14) Գրիգորյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի (գործերի ցուցակից հանելու մասին), թիվ 40864/06, 2018 թվականի հոկտեմբերի 16-ի որոշում:
Բացի դրանից, հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման ոլորտում սեփականատերերի իրավունքների շարունակական խախտումների խնդիրներին իր տարեկան հաղորդումներում անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանները: Վերջիններիս կողմից մատնանշված շարունակական և համակարգային բնույթ ունեցող խնդիրների շարքում տեղ են գտել նաև նախնական համարժեք փոխհատուցման վերաբերյալ բանակցությունների ընթացակարգի չգործելը(15), օտարված գույքի սեփականատերերին անգամ գույքի օտարումից հետո շարունակաբար փոխհատուցում չվճարելու պրակտիկան(16):
________________________
15) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2009 թվականի տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, https://www.ombuds.am/images/files/37e25ee596e697fd1c3b2cbdaacc0a4a.pdf
16) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2009 թվականի տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, https://www.ombuds.am/images/files/37e25ee596e697fd1c3b2cbdaacc0a4a.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին 2010 թվականի տարեկան զեկույց, ենթակետ 2.2.3, https://www.ombuds.am/images/files/7b273bc7061ea770062b252de866a3f8.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2016 թվականի տարեկան հաղորդում, էջ 49, https://www.ombuds.am/images/files/28731eccde752a30c70feae24a4a7de7.pdf
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2017 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 3, https://www.ombuds.am/images/files/b5220dd0b83b420a5ab8bb037a1e02ca.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2018 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/8f03a4f279d0491fd510fca443f8f269.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2019 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/15b2661f76d10eb07746d7d4d4dec84f.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2020 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/883f55af65e3c33553139031c7ac0ce6.pdf,
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին 2021 թվականի տարեկան հաղորդում, գլուխ 2, մաս 1, https://www.ombuds.am/images/files/022666474d87ff84a86acf39be58bec8.pdf
Վերը նշված համատեքստը չի կարող նախորոշել Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման նպատակով իրավական նորմերի ստուգման ելքը, սակայն հիշատակման արժանի հանգամանք է` բացահայտելու համար Սահմանադրությամբ ամրագրված երաշխիքների անտեսման և Սահմանադրական դատարանի կողմից կայացրած որոշումներին անբավարար ուշադրության հետևանքները` առաջին հերթին` իրավունքների խախտումներից տուժած քաղաքացիների համար, ապա և` Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի պաշտպանության ընդհանրական գնահատականի իմաստով:
6. Սահմանադրական դատարանի դիրքորոշումն արդար դատաքննության իրավունքի մասով
Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի սեփականատիրոջ իրավունքի բնույթի և դրա սահմանափակման նկատմամբ հանրային իշխանության իրավասության Սահմանադրի կողմից բացառման եզրահանգման բերումով սույն սահմանադրական վեճի լուծման նպատակով այլևս անհրաժեշտ չէ հայցային վաղեմության` սույն վեճի շրջանակում քննության անհրաժեշտությունը Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արդար դատաքննության իրավունքի շրջանակներում:
7. Սույն դիմումով Դիմողների մատնանշած խնդիրն այն է, որ վիճարկվող դրույթով Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով (գույքի օտարման պահին գործող Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության իմաստով` հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման) 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը գործող իրավադրույթներով կարգավորվող իրավահարաբերություններից բխող վեճերում սեփականության օրինական ակնկալիքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը հանգեցրել է դրա նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված` հայցային վաղեմության ընդհանուր կանոնի կիրառման և, արդյունքում` սահմանափակվել են Դիմողների հնարավոր սեփականության և արդար դատաքննության իրավունքները` Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ընդհանուր կանոնով նախատեսված եռամյա ժամկետը լրանալու պատճառաբանությամբ:
Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դիմողների` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմությունը կիրառվել է` Դիմողների ունեցած պահանջի իրավունքը դիտարկելով որպես Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սեփականության իրավունքի սահմանափակումների ընդհանուր կանոնի ենթակա իրավունք, և հետևաբար` օրենսդրի կողմից սահմանադրաչափ սահմանափակումների ենթակա իրավունք: Նման մոտեցման պայմաններում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված` հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջ չնախատեսելը իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ այս խումբ պահանջների նկատմամբ տարածվում են հայցային վաղեմության` օրենսդրի կողմից սահմանված դրույթները:
Սահմանադրական դատարանը սույն որոշման 5.3-5.8-րդ կետերում արդեն իսկ անդրադարձել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի նկատմամբ սահմանափակում կիրառելու կամ այլ կերպ միջամտելու հանրային իշխանության (ներառյալ նաև` օրենսդրի) իրավասության բացակայությանը: Սահմանադրական դատարանի այս եզրահանգումն անհնար է դարձնում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված` հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելը որպես օրենքի բաց դիտարկելը:
Սահմանադրական դատարանը հիշեցնում է, որ «(...) օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառ պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը» (Սահմանադրական դատարանի 2010 թվականի 14 սեպտեմբերի ՍԴՈ-914 որոշում, կետ 7):
Հաշվի առնելով, որ հանրային իշխանության որևէ մարմնի, ներառյալ օրենսդրին վերապահված չէ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցում» տրամադրելու Սահմանադրի խոստման սահմանափակման իրավասություն, որի իրականացմամբ Սահմանադրի խոստումը զրկվում է իրացվելիության և պետական հարկադրանքով պաշտպանված լինելու հատկություններից, ապա Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված «նախնական և համարժեք փոխհատուցման» պահանջի իրավունքի նկատմամբ Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի կարող մեկնաբանվել որպես հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող` 1995 թվականի Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա` սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները առհասարակ չեն կարող տարածվել:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի
(սեփականության օտարման պահին գործող` 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա` սեփականատիրոջ
համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում:
i
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` Դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է օրենքով սահմանված կարգով վերանայման:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՆԱԽԱԳԱՀՈՂ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
7 նոյեմբերի 2023 թվականի
ՍԴՈ-1699
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 344-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1699 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Ռուբեն Գրիգորյանի և Գոհար Գալստյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ (հրապարակվել է 2023 թվականի նոյեմբերի 10-ին) որոշել է.
«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի` հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի
(սեփականության օտարման պահին գործող` 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա` սեփականատիրոջ
համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում (...)»:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը` որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:
i
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորը պարտավոր է մասնակցել քվեարկությանը և քվեարկել կողմ կամ դեմ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-4-րդ և 7-րդ կետերով նախատեսված հարցերով որոշում կամ եզրակացություն ընդունելու օրվան հաջորդող տասնօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի դատավորը կարող է ներկայացնել հատուկ կարծիք որոշման կամ եզրակացության ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասի վերաբերյալ, որն անհապաղ հրապարակվում է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում, ինչպես նաև հրապարակվում է նորմատիվ իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրենքով սահմանված կարգով և Սահմանադրական դատարանի տեղեկագրում:
Վերոգրյալ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է:
Հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար` հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ օրենքով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի` ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ` հատուկ կարծիք շարադրելը: Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու` իմ` որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը:
1. Սահմանադրական դատարանի որոշման առանցքում հանրության գերակա շահի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության կամ դրա օրինական ակնկալիքի օտարման հարաբերություններում օտարված գույքի դիմաց փոխհատուցման պահանջի նկատմամբ հայցային վաղեմության կիրառման սահմանադրականության ստուգման հարցն է, և Սահմանադրական դատարանը, Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված` հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելը դիտարկելով որպես օրենքի բաց, որոշմամբ ներկայացված պատճառաբանությունների հիման վրա որոշման եզրափակիչ մասում Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածին տվել է այնպիսի մեկնաբանություն, համաձայն որի` «(...) հայցային վաղեմության բացառման ցանկում 1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակահատվածում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չնախատեսելը չի հանդիսանում հայցային վաղեմության կիրառման հիմք, քանի որ Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասի (սեփականության օտարման պահին գործող` 1995 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 28-րդ հոդվածի 4-րդ նախադասության) հիման վրա` սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ օտարված գույքի դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման պահանջների նկատմամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հայցային վաղեմության ժամկետների վերաբերյալ դրույթները չեն տարածվում»:
Անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանություններին, մասնավորապես` դրանում օրենսդրական բացի առկայությունն արձանագրելուն, և քննարկվող իրավանորմին որոշման եզրափակիչ մասում տրված մեկնաբանությանը, հարկ եմ համարում նշել հետևյալը.
i
Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության վերաբերյալ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն պարագայում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը:
i
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, 2019 թվականի սեպտեմբերի 4-ի ՍԴՈ-1476 որոշմամբ զարգացնելով օրենսդրական բացի վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները, գտել է, որ.
1) օրենսդրական բացը Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ այն ժամանակ, երբ այն իրավակարգավորման թերությունն է, այլ ոչ թե իրավաստեղծ մարմնի, տվյալ դեպքում` օրենսդրի կամքը` ձեռնպահ մնալու որպես օրենսդրական բաց ընկալվող իրավական կարգավորումից.
2) ցանկացած թերի օրենսդրական կարգավորում չէ, որը որպես օրենսդրական բաց կարող է Սահմանադրական դատարանի քննության առարկա դառնալ, այլ միայն այնպիսի օրենսդրական բացը, որը հնարավոր չէ հաղթահարել այլ վերաբերելի իրավակարգավորումները մեկնաբանելու և կիրառելու միջոցով.
3) օրենսդրական բացը պետք է հանգեցրած լինի հակասական իրավակիրառ պրակտիկայի, որը հնարավոր չէ հաղթահարել կամ որը փաստացի չի հաղթահարվել սովորական դատարանների կողմից.
4) օրենսդրական բաց առկա է այն պարագայում, երբ իրավակարգավորման լիարժեքություն ապահովող տարրի բացակայության կամ այդ տարրի թերի կանոնակարգման հետևանքով խաթարվում է օրենսդրորեն կարգավորված իրավահարաբերությունների ամբողջական և բնականոն իրագործումը.
5) այն դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք:
Այսպիսով, Սահմանադրական դատարանի վերը նշված դիրքորոշումներով հստակեցվել են Սահմանադրական դատարանի կողմից օրենքի բացի սահմանադրականության հարցը քննության առնելու իրավասության շրջանակը` սահմանելով նման հարցերի առնչությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումների թույլատրելիության որոշ չափանիշներ: Ուստի Սահմանադրական դատարանը յուրաքանչյուր դեպքում օրենքի բացի սահմանադրականության հարցի վերաբերյալ ներկայացված դիմումը նախքան քննության առնելը, պետք է պարզի, թե դիմողի կողմից ներկայացված օրենքի բացը ենթադրում է որպես օրենսդրական կարգավորման թերություն, թե` տվյալ օրենսդրական կարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ իրավական նորմի բացակայությունն օրենսդիր մարմնի ուղղակի և հստակ կամքի արդյունք է: Հետևաբար սահմանադրական վերահսկողության ենթակա օրենքի բացը, հանդիսանալով որպես օրենսդրական ոչ լիարժեք կարգավորում, չի կարող նույնացվել օրենսդրական կարգավորմամբ կոնկրետ իրավական նորմի բացակայության հետ, ուստի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի ընդունելիության փուլում պետք է քննարկման առարկա դառնա, ի թիվս այլնի, նաև սահմանադրական վերահսկողության ենթակա օրենքի բացի և օրենսդրական կարգավորման բացակայության հարաբերակցությունը, քանի որ օրենսդրական կարգավորման բացակայության հետ կապված փոփոխությունները գտնվում են բացառապես օրենսդիր մարմնի լիազորությունների և հայեցողության տիրույթում:
Տվյալ դեպքում քննության առարկա դիմումով դիմողները Սահմանադրական դատարանի առջև բարձրացրել են այն հարցը, որ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածում առկա է օրենքի բաց, մասնավորապես` վիճարկվող նորմը չի նախատեսում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքով նախատեսված դեպքերում սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու բացառություն, որպիսի պարագայում դատարանները հնարավորություն չեն ունեցել ապահովելու իրենց` դատարանի մատչելիության իրավունքը և սեփականության դիմաց նախնական և համարժեք փոխհատուցում ստանալու շուրջ վեճի` ըստ էության քննությունը դատարանում:
Անդրադառնալով քննության առարկա դիմումին և դրանով բարձրացված հարցին` գտնում եմ, որ դիմողների կողմից բարձրացված` վիճարկվող հոդվածում ենթադրյալ օրենսդրական բացի առկայությանն առնչվող հարցը չի բավարարում վերը հիշատակված` Սահմանադրական դատարանի որոշումներով հստակ սահմանված չափորոշիչներով ներկայացված այն պահանջները, որոնք հնարավորություն կտային տվյալ հարցը դիտարկել որպես Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարց հետևյալ պատճառաբանությամբ.
Այսպես` վիճարկվող դրույթը` Քաղաքացիական օրենսգրքի «Պահանջներ, որոնց վրա հայցային վաղեմությունը չի տարածվում» վերտառությամբ 344-րդ հոդվածը սահմանում է.
«Հայցային վաղեմությունը չի տարածվում`
1) անձնական ոչ գույքային իրավունքների և այլ ոչ նյութական բարիքների պաշտպանությանն ուղղված պահանջների վրա, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
2) ավանդները վերադարձնելու վերաբերյալ ավանդատուների կողմից բանկին ներկայացվող պահանջների վրա.
3) քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու պահանջների վրա: Սակայն նման վնասի հատուցման իրավունքի ծագման պահից երեք տարի անցնելուց հետո ներկայացված պահանջներն անցյալ ժամանակի համար բավարարվում են ոչ ավելի, քան հայցի ներկայացմանը նախորդած երեք տարիների համար.
4) սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի իրավունքի ամեն մի խախտման վերացման պահանջների վրա, թեկուզև այդ խախտումները կապված չեն եղել տիրապետումից զրկելու հետ (հոդված 277).
5) սեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մասին պահանջների վրա.
6) օրենքով սահմանված այլ պահանջների վրա»:
Փաստորեն օրենսդիրը, հստակորեն արտահայտելով իր կամքը, վիճարկվող դրույթով սպառիչ կերպով ներկայացրել է այն պահանջները, որոնց վրա հայցային վաղեմություն չի տարածվում: Ավելին` նշված պահանջների մեջ ներառված չէ դիմողների կողմից բարձրացված` սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը:
Իր հերթին Սահմանադրական դատարանը, քննության առարկա դարձնելով դիմողների կողմից բարձրացված հարցը, եկել է այն եզրահանգման, որ Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված` հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջը չներառելը պետք է դիտարկել որպես օրենքի բաց: Միաժամանակ նշել է, որ վիճարկվող դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ վերոնշյալ խումբ պահանջների նկատմամբ տարածվում են հայցային վաղեմության` օրենսդրի կողմից սահմանված դրույթները:
Մինչդեռ կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը, քննության առնելով սույն գործով ներկայացված դիմումը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից հետևյալ պատճառաբանությամբ.
Նախ, ելնելով վիճարկվող դրույթի բովանդակությունից` գտնում եմ, որ օրենսդրի կողմից վիճարկվող դրույթով հայցային վաղեմություն չտարածվելու բացառությունների հստակ ամրագրումը չի կարող հանգեցնել իրավական անորոշության: Ավելին` իրավական անորոշության մասին կարող է խոսք լինել իրավակարգավորման ոչ լիարժեք կամ թերի լինելու դեպքում, ինչն էլ կարող է ձևավորել տվյալ նորմի մեկնաբանության ու կիրառման առնչությամբ հակասական իրավակիրառ պրակտիկա:
Հետևաբար վիճարկվող իրավադրույթի առնչությամբ օրենքի բացը Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողության առարկա կարող էր դառնալ այն դեպքում, երբ տվյալ իրավանորմը հայցային վաղեմության ընդհանուր կանոնից բացառությունների ցանկում կպարունակեր թերի և ոչ ամբողջական կարգավորում` սեփականատիրոջ համաձայնության բացակայությամբ հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման իրավահարաբերություններից բխող վեճերում նախնական և համարժեք փոխհատուցման պահանջի վերաբերյալ: Ըստ այդմ, վիճարկվող իրավադրույթում վերոնշյալ հարցի առնչությամբ որևէ կարգավորում նախատեսված չլինելու պարագայում Սահմանադրական դատարանի կողմից գոյություն չունեցող կարգավորմանը մեկնաբանություն տալը չի կարող բխել Սահմանադրական դատարանի լիազորություններից, քանի որ կոնկրետ իրավադրույթում որևէ կարգավորում նախատեսելու իրավասությունը գտնվում է օրենսդիր մարմնի լիազորությունների տիրույթում:
Իմ գնահատմամբ` դիմողների կողմից բարձրացված հարցը պայմանավորված է ոչ թե վիճարկվող դրույթի իրավական անորոշությամբ կամ իրավակիրառ պրակտիկայում նշված հարցի տարակերպ մեկնաբանություններով, այլ այն իրենից ենթադրում է օրենսդրի կողմից կոնկրետ իրավադրույթում նման պահանջի չնախատեսման հստակ և ուղղակի վարքագծի դրսևորում: Հետևաբար դիմողի կողմից բարձրացված օրենքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ իրավակարգավորման բացակայությամբ, ուստի նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Ուստի դիմողների կողմից բարձրացված օրենքի բացը տվյալ դեպքում չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության առարկա:
Փաստորեն, Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օբյեկտիվ իրականության մեջ ընդհանրապես գոյություն չունեցող դրույթ: Այլ կերպ ասած` Սահմանադրական դատարանը, դուրս գալով իր լիազորությունների տիրույթից, սահմանել է գոյություն չունեցող կարգավորում, դրանով իսկ ստանձնելով օրենսդիր իշխանության գործառույթները, և այդ գոյություն չունեցող կարգավորմանն էլ տվել է իր մեկնաբանությունը: Այդուհանդերձ, եթե անգամ հիմնավորվեր սույն դիմումով բարձրացված օրենքի բացի առկայությունը (որը սույն որոշմամբ որևէ կերպ չի հիմնավորվել), ապա նման պայմաններում Սահմանադրական դատարանը կարող էր բացառապես հակասահմանադրական ճանաչել օրենքի նման բացը: Մինչդեռ սույն դեպքում Սահմանադրական դատարանը կիրառել է մի լիազորություն, որի պարագայում ոչ միայն սահմանադրական է ճանաչել գոյություն չունեցող դրույթը, այլ նաև նման գոյություն չունեցող նորմին Սահմանադրական դատարանի կողմից տրվել է մեկնաբանություն: Նշվածը ևս վկայությունն է այն իրողության, որ Սահմանադրական դատարանն ըստ էության դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
Միաժամանակ անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի պատճառաբանություններին` հարկ եմ համարում նշել հետևյալը.
Սահմանադրական արդարադատության բնագավառում, ի թիվս այլնի, գործում է նաև կոնկրետ անձի իրավունքների պաշտպանության նպատակով տվյալ անձի կողմից սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, որն իրացվում է ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան: Նշված սահմանադրական դրույթն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում, որը կանոնակարգելով կոնկրետ սահմանադրական վերահսկողությանն առնչվող իրավահարաբերությունները, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները:
Կոնկրետ վերահսկողության պարագայում, ի թիվս այլնի, անհրաժեշտ պայման է, որ անձի կողմից դատական պաշտպանության միջոցները սպառելու արդյունքում կայացված վերջնական դատական ակտով վիճարկվող դրույթը կիրառված լինի իր նկատմամբ, և կիրառման արդյունքում համապատասխան պատճառահետևանքային կապի առկայության համատեքստում խախտված լինի իր սահմանադրական կոնկրետ իրավունքը («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդված):
----------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում