Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2024 թվականի N 853-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Անձնական օգնականի ծառայություն տրամադրելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 1264-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

i

1) որոշման հավելվածի 4-րդ կետը «ՄՍԾ-ն» բառից հետո լրացնել «` անձնական օգնականի հետ կնքված պայմանագրի հիման վրա` համաձայն N 6 ձևի, որը ՄՍԾ տարածքային կենտրոնը կնքում է սույն հավելվածի 27-րդ կետում նշված շահառուի և անձնական օգնականի միջև կնքված Ձև N 2 պայմանագիրը ՄՍԾ ներկայացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:» բառերով.

i

2) որոշման հավելվածի 5-րդ կետում «Յուրաքանչյուր» բառը փոխարինել «ՄՍԾ տարածքային կենտրոնի հետ Ձև N 6 պայմանագրի կնքումից հետո յուրաքանչյուր» բառերով.

3) որոշման հավելվածի 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Անձնական օգնականների հայտադիմումները ներկայացվում են այդ նպատակով ստեղծված` անձնական օգնականների հաշվառման առցանց հարթակում (այսուհետ` առցանց հարթակ), որը հասանելի է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Առցանց հարթակում հաշվառված անձանց վերապատրաստումը «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ը իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի սահմանած կարգին և ժամանակացույցին համապատասխան: Վերապատրաստման արդյունքում վկայական ստացած անձնական օգնականները հաշվառվում են առցանց հարթակի անձնական օգնականների ռեեստրում:».

i

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին կետով.

«15.1. Անձնական օգնականների վերապատրաստման դասընթացներում առաջնահերթությունը տրվում է`

1) ՄՍԾ տարածքային կենտրոն դիմած հաշմանդամություն ունեցող անձանց նախընտրելի անձնական օգնականի թեկնածուին, որի վերաբերյալ առցանց հարթակում նշում է կատարում ՄՍԾ-ն: Այս դեպքում վերապատրաստումը կազմակերպվում է ոչ ուշ, քան սույն հավելվածի 18-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո երկամսյա ժամկետում.

2) առցանց հարթակում հաշվառված այն անձին, ում բնակության վայրը մոտ է անձնական օգնականի ծառայության համար դիմած շահառուի բնակության վայրին:».

i

5) որոշման հավելվածի 25-րդ կետի 1-ին ենթակետում «անձինք» բառը փոխարինել «անձը» բառով և «եթե սովորում կամ աշխատում է» բառերից հետո լրացնել «(համաձայն «Զբաղվածության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերի)» բառերով.

i

6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 38-րդ և 39-րդ կետերով.

«38. Եթե մշտադիտարկման արդյունքում պարզվում է, որ շահառուն չի ապահովել սույն կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետում նշված պահանջը կամ շահառուի աշխատելու կամ սովորելու կարգավիճակն ընդհատվել կամ ավարտվել է պայմանագրի կնքման պահից հետո (արձակուրդի ժամանակահատվածն ընդհատում կամ ավարտ չի համարվում), ապա մշտադիտարկում իրականացնող անձը (անձինք) դրա մասին գրավոր տեղեկացնում է ՄՍԾ-ին, վերջինս կազմակերպում է ՄՍԾ-ի և անձնական օգնականի միջև կնքված պայմանագրի լուծումը: Այս դեպքում անձնական օգնականի և շահառուի միջև կնքված պայմանագիրը համարվում է լուծված:

39. Սույն կարգի 38-րդ կետով սահմանված դեպքում տվյալ շահառուի հետ պայմանագիր հաջորդիվ կնքվում է, եթե նա աշխատում կամ սովորում է:».

i

7) որոշման հավելվածի N 2 ձևի 3.4-րդ կետը «3.2-րդ» բառից հետո լրացնել «կամ 3.3-րդ» բառերով.

i

8) որոշման հավելվածի N 2 ձևի 6.5-րդ կետում «մեկ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև ԾԱԾ-ի վավերականության ժամկետի ավարտը» բառերով.

9) որոշման հավելվածը լրացնել նոր` N 6 ձևով` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 7

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի հունիսի 6-ի

N 853-Ն որոշման

 

«Ձև N 6

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՆԱԿԱՆԻ ՎՃԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    _____________________                      ____ _____________ 20 թ.

(կնքման վայրը)

 

Միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ` ծառայություն), ի դեմս _______________________________________ տարածքային կենտրոնի տնօրեն

(տարածքային կենտրոնի անվանումը) ______________________________________________________, և

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Քաղաքացի ______________________________________________________________________ ը, (ազգանունը, անունը, հայրանունը, (անձնագիր` ________, տրված`_______ թ., ________ -ի կողմից), (այսուհետ` անձնական օգնական), ով քաղաքացի__________

_____________________________________________________________________

                     (ազգանունը, անունը, հայրանունը)

հետ 20 ___թ., _______________ -ին կնքել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիր (N 2 ձև), կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին (բոլորը միասին այսուհետ` կողմեր).

 

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Սույն պայմանագրի առարկան անձնական օգնականին իր մատուցած ծառայության դիմաց ծառայության կողմից վճարման ապահովումն է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված անձնական օգնականի ծառայության տրամադրման համար սահմանված կարգով և չափով:

1.2. Անձնական օգնականի ծառայության մեկ ժամվա արժեքը կազմում է 1050 դրամ` ներառյալ օրենքով սահմանված հարկերը և պարտադիր վճարները: Վճարումն իրականացվում է համաձայն Ձև N 5 հայտ-պահանջագրի` ամսվա ընթացքում անձնական օգնականի մատուցած ծառայությունների տեսակների և ժամաքանակների համար:

 

2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2.1. ՄՍԾ տարածքային կենտրոնն իրավունք ունի`

1) անձնական օգնականից պահանջելու սահմանված կարգով և ժամկետում ներկայացնել Ձև N 5 հայտ-պահանջագիր.

2) անձնական օգնականից պահանջելու ներկայացնել բանկային հաշվեհամար` անձնական օգնականի ծառայության վճարն ստանալու նպատակով.

2.2. ՄՍԾ-ն պարտավոր է`

1) անձնական օգնականին վճարել վերջինիս կողմից ներկայացված Ձև N 5 հայտ-պահանջագրի համաձայն պայմանագրով նախատեսված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար` մինչև ծառայությունների մատուցման ամսվան հաջորդող ամսի 15-ը.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցել անձնական օգնականի ծառայությունից գոյացող օրենսդրությամբ նախատեսված հարկերը և պարտադիր վճարները:

2.3. Անձնական օգնականն իրավունք ունի`

1) ստանալու մատուցված ծառայության դիմաց վճար` ներկայացրած Ձև N 5 հայտ-պահանջագրին համապատասխան.

2) իրականացնելու սույն պայմանագրով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ իրավունքներ:

2.4. Անձնական օգնականը պարտավոր է`

1) Յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 5-ը ՄՍԾ տարածքային կենտրոն ներկայացնել հայտ-պահանջագիր` համաձայն N 5 ձևի` ամսվա ընթացքում իր մատուցած ծառայությունների տեսակների և ժամաքանակների վերաբերյալ.

2) անձնական օգնականի ծառայության վճարն ստանալու նպատակով ՄՍԾ-ին տրամադրել բանկային հաշվեհամար.

3) բարեխղճորեն և անձամբ կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները.

4) չպահանջել և չստանալ լրացուցիչ վարձատրություն պայմանագրով նախատեսված ժամաքանակներում տրամադրվող ծառայությունների դիմաց.

5) չհրապարակել և չօգտագործել ծառայությունների մատուցման ընթացքում իրեն հայտնի դարձած շահառուի անձնական տվյալները` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3.1. Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

3.2. Սույն պայմանագրի կապակցությամբ վեճեր և տարաձայնություններ առաջանալու դեպքում դրանք լուծվում են տասն օրվա ընթացքում` բանակցությունների միջոցով, իսկ բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

4.1. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, այլ արտակարգ և անկանխատեսելի հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես 30 օր առաջ տեղյակ պահելով մյուս կողմերին:

 

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Սույն պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարվում են կողմերի փոխադարձ համաձայնությամբ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով, որոնք կհանդիսանան սույն պայմանագրի անբաժանելի մասը:

5.2. Սույն պայմանագիրը հանդիսանում է անձնական օգնականի և շահառուի միջև կնքված Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված հաշմանդամություն ունեցող անձին անձնական օգնականի ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագրի (N 2 ձև) անբաժանելի մասը և գործում է միայն նշված պայմանագրի առկայության դեպքում:

5.3. Սույն պայմանագիրը կնքվում է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

5.4. Սույն պայմանագիրը կարող է լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

5.5. Սույն պայմանագիրը լուծվում է պայմանագրով ստանձնած պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու կամ չկատարելու հետևանքով պատճառված վնասները լրիվ հատուցելու պայմանով: Պայմանագրի լուծման վերաբերյալ առաջարկությունը մի կողմը մյուս կողմերին ներկայացնում է պայմանագրի լուծման նախատեսվող ժամկետից առնվազն մեկ շաբաթ առաջ:

5.6. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև ԾԱԾ-ի վավերականության ժամկետի ավարտը` բացառությամբ սույն պայմանագրի 5.4-րդ և 5.5-րդ կետերի:

 

6. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    Միասնական սոցիալական ծառայության            Անձնական օգնական

_________________________________   __________________________________

    (տարածքային կենտրոնի անվանումը)       (անունը, ազգանունը, հայրանունը)

_________________________________   ____________________________________

    (տնօրենի անունը, ազգանունը)                 (ստորագրությունը)

____________________

     (ստորագրությունը)                  Անձնագրային կամ Ն/Ք տվյալները ____

    Հասցեն ________________________     ՀԾՀ-ն ____________________________

    Էլ. հասցեն ____________________     Հասցեն ___________________________

    Հեռախոսահամարը ________________     Էլ. հասցեն _______________________

    ՀՎՀՀ-ն ________________________     Հեռախոսահամարը ___________________

    Հաշվեհամարը ___________________     ՀՎՀՀ-ն ___________________________

    Բանկի անվանումը _______________     Հաշվեհամարը ______________________

                                        Բանկի անվանումը __________________

 

____ ______________ 20 թ.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 7 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2024
N 853-Ն
Որոշում