(ուժը կորցրել է 05.02.09 թիվ 115-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 նոյեմբերի 1994 թ. թիվ 527
i
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արտոնագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրությունը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ կառավարության 1994 թ.
նոյեմբերի 15-ի թիվ 527 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնադրությունը կարգավորում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնագրային հավատարմատարների գործունեության հետ կապված հարաբերությունները:
Արտոնագրային հավատարմատար է ճանաչվում այն ֆիզիկական անձը, որին արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության համաձայն իրավունք է ընձեռվում ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը (Հայարտոնագրին):
2. Որպես արտոնագրային հավատարմատար կարող է որակավորվել և գրանցվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի բարձրագույն տեխնիկական, բնագիտական կամ իրավաբանական կրթություն և արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում 4 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ կամ ունի բարձրագույն հումանիտար կրթություն և արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում 10 տարուց ոչ պակաս աշխատանքային ստաժ, տիրապետում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական և այլ նորմատիվ ակտերին, արդյունաբերական սեփականության պաշտպանությանը վերաբերող միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին` Հայարտոնագրի կողմից մշակված ծրագրին համապատասխան:
3. Որպես արտոնագրային հավատարմատար չեն կարող գրանցվել Հայարտոնագրի համակարգի աշխատողները, ինչպես նաև այն անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
2. Արտոնագրային հավատարմատարների որակավորումն
ու գրանցումը
4. Արտոնագրային հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնում է Հայարտոնագիրը` իր կողմից սահմանված կարգով: Այդ նպատակով Հայարտոնագրում կազմվում են որակավորման և գանգատարկման հանձնաժողովներ:
Որակավորման հանձնաժողովը մշակում է քննությունների առաջադրանքները, սահմանում որակավորման քննություններն անցկացնելու կարգը և որոշումներ է ընդունում արտոնագրային հավատարմատարների թեկնածուներին քննության թույլատրելու և որակավորելու վերաբերյալ:
Գանգատարկման հանձնաժողովը քննում է որակավորման հանձնաժողովի որոշումների վերաբերյալ արտոնագրային հավատարմատարների թեկնածուների գանգատները, վերահսկում է արտոնագրային հավատարմատարների գործունեությունը և միջոցներ ձեռնարկում բացահայտված խախտումները վերացնելու համար:
5. Արտոնագրային հավատարմատարների թեկնածուն որակավորման քննությունը չհանձնելու կամ նրան որակավորման քննության չթույլատրելու դեպքում կարող է դիմել գանգատարկման հանձնաժողովին` որակավորման հանձնաժողովի որոշումը ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
Գանգատարկման հանձնաժողովը գանգատի վերաբերյալ որոշումը կայացնում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում.
6. Որակավորում ստացած արտոնագրային հավատարմատարի գրանցումը կատարվում է նրա դիմումի համաձայն:
Հայարտոնագիրը դիմումի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում արտոնագրային հավատարմատարին գրանցում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային հավատարմատարների պետական գրանցամատյանում (այսուհետև` գրանցամատյան), տալիս վկայական և գրանցման մասին տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում: Վկայականի ձևը և հրապարակվող տեղեկությունների ցանկը որոշում է Հայարտոնագիրը:
7. Արտոնագրային հավատարմատարների որակավորման համար գանձվում է վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:
Որակավորում ստացած արտոնագրային հավատարմատարների գրանցման համար գանձվում է վճար` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի եռակի չափով:
Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման համար վճարները գանձվում են Հայաստանի Հանրապետության հանրապետական բյուջե:
3. Արտոնագրային հավատարմատարների իրավունքները
և պարտականությունները
8. Արտոնագրային հավատարմատարի գործունեության իրավունքն սկսվում է նրա գրանցման պահից:
9. Արտոնագրային հավատարմատարը կարող է իր գործունեությունը սահմանափակել արդյունաբերական սեփականության առանձին օբյեկտներով կամ արտոնագրային ծառայության առանձին տեսակներով, որը հաշվի է առնվում որակավորման քննությունն անցկացնելիս:
10. Արտոնագրային հավատարմատարը կարող է գործել ինչպես ինքնուրույն` որպես անհատ ձեռներեց, այնպես էլ ներկայացնել որևէ ձեռնարկություն:
11. Արտոնագրային հավատարմատարն իրավունք ունի ներկայացնելու իր հետ պայմանագիր կնքած յուրաքանչյուր անձի:
Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրով:
Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք լիազորագիրը ձևակերպում են այն օտարերկրյա պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով, որտեղ դա կազմվում է:
12. Արտոնագրային հավատարմատարը լիազորագիր տված անձի կողմից իրեն վստահված տեղեկատվությունը պարտավոր է պահել գաղտնի, եթե լիազորագիր տվող անձից այլ հատուկ ցուցում չի ստացել:
13. Արտոնագրային հավատարմատարների կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետ կապված գաղտնիքները քննում է Հայարտոնագրի գանգատարկման հանձնաժողովը: Արտոնագրային հավատարմատարն իրավունք ունի մասնակցելու իր գործունեությանը վերաբերող գանգատի քննմանը:
14. Իր գործունեությունից բխող պարտականությունները չկատարող կամ ոչ պատշաճ կատարող արտոնագրային հավատարմատարի նկատմամբ` Հայարտոնագրի գանգատարկման հանձնաժողովը կարող է կիրառել Հայարտոնագրի կողմից սահմանված համապատասխան միջոցներ:
4. Արտոնագրային հավատարմատարի գործունեության
դադարեցումը
15. Արտոնագրային հավատարմատարի գործունեությունը դադարեցվում է`
ա) իր դիմումի համաձայն.
բ) երբ հանգամանքների փոփոխության հետևանքով չեն պահպանվում սույն կանոնադրության 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջները.
գ) երբ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով արտոնագրային հավատարմատարը զրկվել է որոշակի պաշտոններ վարելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կամ դատապարտվել է տվյալ գործունեությունը շարունակելու հնարավորությունը բացառող այլ պատժի.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:
16. Արտոնագրային հավատարմատարի գործունեության դադարեցման մասին Հայարտոնագիրը տեղեկություն է հրատարակում իր պաշտոնեական տեղեկագրում:
17. Եթե արտոնագրային հավատարմատարի գործունեությունը դադարեցվում է իր դիմումի համաձայն, ապա կրկնակի գրանցումը թույլ է տրվում առանց լրացուցիչ որակավորման քննության, նրա գործունեության դադարեցման պահից 4 տարվա ընթացքում: