i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2019 թվականի N 953-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացմանն ուղղված հայեցակարգային ուղղությունները քննարկելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019 թվականի հուլիսի 3-ին կայացած` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի մասին խորհրդակցության արդյունքները.
1) 1-ամսյա ժամկետում քննարկել և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգը.
2) աշխատանքային խմբի քննարկման առարկա դարձնել ԻԿԱՕ-ի կողմից մշակված կարգավորումների առավելագույն կերպով ներդրումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտում.
3) օդանավակայանի կոնցեսիոն կառավարման պայմանագրի դրույթների հնարավոր փոփոխությունների հարցերը.
4) քննարկումների արդյունքներով ներկայացնել համապատասխան առաջարկություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 17-ի
N 953-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Ճաղարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Հ. Կարապետյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական
հանձնաժողովի անդամ
Տ. Ռևազյան - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Ա. Պողոսյան - Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Ա. Մուսոյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության երկաթուղային, ջրային և օդային
տրանսպորտի քաղաքականության վարչության պետ
Ս. Ավետիսյան - «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի
գլխավոր մենեջերի տեղակալ