i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 հունիսի 2019 թվականի N 230-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Էներգետիկայի մասին» օրենքի 29-րդ հոդվածը, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը, «Փոստային կապի մասին» օրենքի 18.2-րդ հոդվածի 8-րդ մասը և «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգով հաշվետվությունների և այլ տեղեկատվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահի
պարտականությունները կատարող` Ս. Աղինյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի հունիսի 26-ի
N 230-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻ ԱՌՑԱՆՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգով (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) հաշվետվությունների և այլ տեղեկատվության (այսուհետ` հաշվետվություն) ներկայացման ընթացակարգը:
2. Էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվություն ներկայացնելու համար հաշվետվություն ներկայացնող անձը գրանցվում է էլեկտրոնային համակարգում: Էլեկտրոնային համակարգում գրանցվելու համար առձեռն, փոստային կապի միջոցով, հանձնաժողովի էլեկտրոնային փոստի հասցեով կամ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) հանձնաժողով են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը (տեղեկատվությունը)`
1) իրավաբանական անձի դեպքում` վերջինիս ղեկավարի, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` վերջինիս նույնականացման քարտի կամ անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի (սոցիալական ապահովության քարտի) պատճենները (օրենսդրությամբ սահմանված դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի պատճենը),
2) օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման` տվյալ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունից հաշվետվություն ներկայացնելու իրավասու անձ հանդիսանալու վերաբերյալ, ինչպես նաև այդ անձի (անձանց) նույնականացման քարտի պատճենը,
3) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն:
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերում (տեղեկատվությունում) փոփոխություն տեղի ունենալու դեպքում փոփոխված տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացվում փոփոխությունը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
4. Էլեկտրոնային համակարգում հանձնաժողովի կողմից սույն կարգի 2-րդ կետով սահմանված փաստաթղթերի (տեղեկատվության) կամ դրանց փոփոխության գրանցումը կատարվում է համապատասխան փաստաթուղթը հանձնաժողով մուտքագրվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:
5. Հաշվետվությունը էլեկտրոնային համակարգով ներկայացնելու համար գրանցված անձը մուտք է գործում էլեկտրոնային համակարգ, ապա նույնականացման քարտի միջոցով` էլեկտրոնային հաշվետվություններին վերաբերող բաժնի համապատասխան դարան, ընտրում համապատասխան հաշվետվության ձևը, բեռնում այն, լրացնում, էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում, կցում և ուղարկում հանձնաժողով:
6. Հաշվետվությունը ներկայացվում է Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով, իսկ հաշվետվությունում գրանցումները կատարվում են Յունիկոդ (Unicod) ձևաչափով: Էլեկտրոնային համակարգի միջոցով այլ տեղեկատվություն ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word), Մայքրոսոֆթ Աքսես (Microsoft Access), Մայքրոսոֆթ Վիսիո (Microsoft Visio) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:
7. Հաշվետվությունը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում էլեկտրոնային համակարգի միջոցով հաշվետվություն ներկայացրած անձի տրամադրած էլեկտրոնային փոստին ինքնաշխատ ձևով ուղարկվում է հաշվետվության ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան ծանուցում:
8. Սույն կարգի իմաստով հաշվետվության ներկայացման օր է համարվում էլեկտրոնային համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով հաշվետվություն ներկայացրած անձին դրա ստացումը և գրանցումը հավաստող համապատասխան էլեկտրոնային ծանուցման մեջ նշված օրը:
9. Հանձնաժողով ներկայացված հաշվետվություններում հանձնաժողովի կողմից սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը հանձնաժողովի կողմից պատշաճ կարգով իրազեկվում է այդ մասին և իրազեկման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված հաշվետվություն կամ հաշվետվությանն առնչվող պարզաբանումներ:
10. Հանձնաժողով ներկայացված հաշվետվությունում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում հաշվետվություն ներկայացրած անձը կարող է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն: Սույն կարգի կիրառության իմաստով` հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի հաշվետվություններից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված: