Սեղմել Esc փակելու համար:
«ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 2 մարտի 2021 թ.

 

«ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 145-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողի` «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներ Մ. Դանիելյանի և Մ. Մանուկյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին:

Օրենսգրքի` «Վերաքննիչ դատարանի լիազորությունները» վերտառությամբ 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է.

«1. Գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վարչական դատարանի դատական ակտը` բեկանված մասով գործն ուղարկելով վարչական դատարան` նոր քննության, և սահմանելով նոր քննության ծավալը, իսկ չբեկանված մասով դատական ակտը թողնելով անփոփոխ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ.

4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ»:

Օրենսգրքի վերոնշյալ հոդվածը որևէ փոփոխության և լրացման չի ենթարկվել:

Գործի քննության առիթը «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ի` 2020 թվականի մարտի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի վերաբերելի դրույթները և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում վարչական գործերով կայացվող գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանն օժտված չէ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու և դրա արդյունքում համապատասխան որոշում կայացնելու լիազորությամբ, այսինքն` այն դեպքերում, երբ վարչական դատավարության մասնակիցն իր համար անբարենպաստ է համարում գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասը կամ դրա մի հատվածը, վերջինս ապահովված չէ տվյալ դատական ակտի` իր համար անբարենպաստ մասը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությամբ:

Ըստ դիմողի` վերոգրյալից ստացվում է, որ վարչական գործով կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի` իր համար անբարենպաստ մասը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությամբ ապահովված չէ վարչական դատավարության այն մասնակիցը, որի պահանջն առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտով թեև բավարարվել է, այդուհանդերձ, տվյալ դատական ակտի պատճառաբանական մասում առկա որոշ պատճառաբանություններ իրենց առկայությամբ կամ բացակայությամբ բարենպաստ չեն դատավարության տվյալ մասնակցի համար:

Ամփոփելով իր դիրքորոշումները` դիմողը գալիս է այն եզրահանգման, որ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով վերաքննիչ վարչական դատարանի համար չի նախատեսում առաջին ատյանի դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու և որևէ կերպ լուծելու լիազորություններ, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասին և, պարունակելով իրավունքների անհամաչափ ու չարդարացված սահմանափակումներ` խախտում է դրանցով ամրագրված հիմնական իրավունքների էությունը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը հայտնում է, որ վարչական դատավարության ոլորտում դատական ակտերի բողոքարկման իրավունքը կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումն անկախ և անկողմնակալ դատարանի կողմից: Այդ գործընթացում դատարանը կիրառում է ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմեր, որի արդյունքում է կայացվում դատական ակտը: Հետևաբար, այդ ակտի օրինականության վիճարկումը դատական բողոքարկման ընթացակարգով անհրաժեշտաբար կարող է լինել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմի խախտման հիմքով:

Ըստ պատասխանողի` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը դատական բոլոր այն սխալները բացահայտելու և շտկելու միջոց է, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծման, որը նույնն է թե` անձի համար ոչ բարենպաստ դատական ակտի կայացման: Ուստի Օրենսգրքի վիճարկվող կարգավորումները որևէ կերպ չեն խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները, քանի որ վերջինս արդեն իսկ հասել է ցանկալի արդյունքի` կայացվել է իր համար բարենպաստ դատական ակտ:

Ելնելով վերոգրյալից` պատասխանողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

- արդյոք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) օժտված է վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ վերաքննիչ բողոք բերելու դեպքում այդպիսի բողոքը քննելու և լուծելու իրավասությամբ, եթե ոչ, ապա արդյոք նման պարագայում ապահովվում է անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների իրացման անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պահանջը:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրական դատարանը, 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ անդրադառնալով Սահմանադրության 75-րդ հոդվածի բովանդակությանը, արձանագրել է, որ «.... ցանկացած օրենսդրական կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակում, պետք է նպատակ ունենա և ապահովի բոլոր հիմնական իրավունքների (1) արդյունավետ իրականացման համար (2) անհրաժեշտ (3) կազմակերպական (4) կառուցակարգեր և (5) ընթացակարգեր: Միայն բոլոր այս պայմանների միաժամանակյա առկայությունը ցանկացած օրենսդրական կարգավորման մեջ, առավել ևս որևէ հիմնական իրավունք կամ ազատություն սահմանափակող օրենսդրական կարգավորման մեջ, կարող է ապահովել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը»:

Միաժամանակ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաև անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-652, ՍԴՈ-665, ՍԴՈ-673, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-758, ՍԴՈ-765, ՍԴՈ-780, ՍԴՈ-873, ՍԴՈ-936, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192) արտահայտել է իրավական դիրքորոշումներ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացման երաշխավորման և ապահովման վերաբերյալ: Սահմանադրական դատարանն արտահայտել է, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.

- «... նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Բացի դրանից, վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:

(...)

Վերոհիշյալ խնդրին անդրադառնալով` սահմանադրական դատարանը նաև կարևորում է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը...» (09.04.2007 թ., ՍԴՈ-690),

- «Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս: Դա ենթադրում է, մի դեպքում, օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից, իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից:

Ակնհայտ է, որ առաջին հերթին այս պահանջը վերաբերում է դատարաններին, քանի որ այդ մարմիններն են, որ օժտված են իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով:

... Այլ է իրավիճակը վերադաս դատական ատյաններում, որոնցում դիմումի թույլատրելիության պահանջները կարող են ավելի խիստ լինել: Սակայն այս ատյաններում ևս դիմումների ընդունումը դատարանի վարույթ չի կարող իրականացվել կամայականորեն» (28.11.2007 թ., ՍԴՈ-719),

- «... դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ» (22.12.2015 թ., ՍԴՈ-1249):

Դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրատարր է դատական բողոքարկման հնարավորությունը, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները հանգում են հետևյալին.

«... սահմանադրորեն նախատեսված է խախտված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության (դրա արդյունավետության) երաշխավորման առանձնահատուկ այնպիսի ինստիտուտ, ինչպիսին վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է (դատական բողոքարկումը (ՀՀ Սահմ. 20-րդ հոդվածի 3-րդ մաս): Վերջինս նաև անձի իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրականացման խնդրում պետության առաջնային պարտականություն է` որոշակի ընթացակարգի, այդ թվում` դատական հնարավոր սխալների ուղղման միջոցով արդարադատության նպատակների իրագործումը» (08.02.2011 թ., ՍԴՈ-936),

«Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական բողոքարկման ինստիտուտի կարգավորման և գործադրման հիմքում պետք է իրացվեն հետևյալ առաջնահերթ իրավապայմանները, մասնավորապես.

- անձի հիմնական իրավունքներն ու ազատությունները` որպես բարձրագույն արժեք, դատարանների կողմից ենթակա են անվերապահ պաշտպանության կոնկրետ գործի ինչպես ըստ էության քննության, այնպես էլ հնարավոր հետագա վերաքննության շրջանակներում,

- դատական բողոքարկումը, որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները (մասնավորապես` ՀՀ Սահմ. 18, 19-րդ հոդվածներ),

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի խախտման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատական ակտերի վերանայումը (վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքի հիման վրա) որպես արդարադատական գործառույթ կարող է ծառայել վերոհիշյալ սահմանադրաիրավական խնդիրների իրագործմանը, եթե իրականացվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից» (08.02.2011 թ., ՍԴՈ-936),

- «....ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում...» (10.03.2016 թ., ՍԴՈ-1257),

- «Դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից» (18.07.2012 թ., ՍԴՈ-1037):

4.2. Վերաքննիչ դատարանին վերապահված լիազորությունների համատեքստում դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների, ինչպես նաև դրանց բաղադրատարր հանդիսացող` բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացման տեսանկյունից կարևորվում է վերաքննիչ ատյանի դերի բացահայտումը: Այսպես.

Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն` «Վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են»:

Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն.

«1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև սույն օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները.

2) դատավարության մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ»:

Վերոնշյալ իրավունքի իրացման համար Օրենսգրքով սահմանվում են վերաքննիչ բողոք բերելու կարգն ու ժամկետները, բողոքի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բողոքը վարույթ ընդունելու, այն վերադարձնելու, դրա ընդունումը մերժելու հիմքերն ու կարգը: Օրենսդրությամբ հստակ սահմանվում է նաև այն լիազորությունների շրջանակը, որոնք իրավասու է կիրառել վերաքննիչ ատյանը դատական ակտի վերաքննության արդյունքում:

Ելնելով արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրության 172-րդ հոդվածում «օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող» բառակապակցության ամրագրումը հիմք չի հանդիսանում անվերապահորեն պնդելու, որ եթե օրենսդրությամբ Վերաքննիչ դատարանի համար որևէ լիազորություն սահմանված չէ, ապա նման իրավակարգավորումը համապատասխանում է կամ հակասում է Սահմանադրությանը: Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակում որևէ ենթադրյալ լիազորության բացակայությունը պետք է գնահատվի այդպիսի լիազորության անհրաժեշտության տեսանկյունից, այն է` արդյոք բացակայող լիազորության օրենսդրական ամրագրումը բխում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների էությունից, կամ արդյոք այդպիսի լիազորության բացակայությունը խաթարում է նշված սահմանադրական իրավունքների էությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 130-րդ հոդվածը, սահմանելով վարչական դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ուղղակիորեն չի սահմանում, որ այդ անձինք կարող են դատական ակտը բողոքարկել միայն այն դեպքում, երբ նրանց համար անբարենպաստ է դրա եզրափակիչ մասը: Այսինքն` Օրենսգրքի 130-րդ հոդվածն ինքնին չի արգելափակում անձի բողոքարկման իրավունքի իրացումն այն դեպքում, երբ թեև դատական ակտի եզրափակիչ մասը (դրա մի մասը) այդ անձի համար բարենպաստ է, սակայն նա համաձայն չէ այդ դատական ակտի պատճառաբանական մասին:

Միաժամանակ, գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանի կողմից կիրառման ենթակա լիազորությունների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն օժտված չէ առանց դատական ակտի եզրափակիչ մասին անդրադառնալու դրա պատճառաբանական մասը փոփոխելու լիազորությամբ, ուստի վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այդ լիազորությամբ Վերաքննիչ դատարանի օժտված չլինելու սահմանադրականության հարցին` այն դիտարկելով նաև դատական ակտի պատճառաբանվածության պահանջի ապահովման, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար դատական ակտի պատճառաբանական մասի ունեցած ազդեցության համատեքստում:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` ՍԴՈ-690, ՍԴՈ-691, ՍԴՈ-752, ՍԴՈ-754, ՍԴՈ-765, ՍԴՈ-818, ՍԴՈ-886, ՍԴՈ-896, ՍԴՈ-919 որոշումներում) արտահայտել է իրավական դիրքորոշումներ արդար դատաքննության տարր հանդիսացող` դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ: Մասնավորապես, 2010 թվականի հունիսի 5-ի ՍԴՈ-896 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«Այլ է վիճակը «... կամ պատճառաբանված չէ» բառակապակցության առնչությամբ: Նման ձևակերպման առկայությունն ինքնաբերաբար ենթադրում է չպատճառաբանված դատական ակտի գոյություն: ... Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»:

Դատական ակտի պատճառաբանվածության հարցին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` արտահայտելով նաև հետևյալ իրավական դիրքորոշումները.

- «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված երաշխիքները ներառում են դատարանների` իրենց որոշումների վերաբերյալ բավարար պատճառներ ներկայացնելու պարտականությունը (Case of H. v. Belgium, application no. 8950/80, 30/11/1987),

- չնայած ներպետական դատարանը փաստարկներն ընտրելիս և ապացույցներն ընդունելիս ունի որոշակի հայեցողական լիազորություններ, այն պարտավոր է հիմնավորել իր գործողությունները` իր որոշումների պատճառները ներկայացնելով (Case of Suominen v. Finland, application no. 37801/97, 01/07/2003),

- ներկայացված պատճառները պետք է այնպիսին լինեն, որ կողմերը կարողանան արդյունավետորեն օգտագործել բողոքարկման ցանկացած գործող իրավունք (Case of Hirvisaari v. Finland, application no. 49684/99, 27/09/2001),

- «արդար ընթացակարգ» հասկացությունը պահանջում է, որ ստորադաս դատարանի պատճառաբանությունը ներառելու միջոցով կամ որևէ այլ կերպ իր որոշումների վերաբերյալ թերի պատճառաբանություն ներկայացրած ազգային դատարանը փաստացի անդրադարձած լինի իր իրավասությանն առնչվող հարցերին և ոչ թե առանց լրացուցիչ քաշքշուկի զուտ հաստատած լինի ստորադաս դատարանի կողմից արված եզրահանգումները (Case of Helle v. Finland, application no. 20772/92, 19/12/1997):

Օրենսգրքի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի բովանդակությունը» վերտառությամբ 126-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանվում է.

«Վճռի պատճառաբանական մասը բովանդակում է`

1) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը.

2) գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերը` շարադրելով դատարանի եզրահանգումները յուրաքանչյուր փաստի ապացուցված լինելու վերաբերյալ և գնահատելով տվյալ փաստի հաստատման կամ մերժման համար պիտանի` դատավարության մասնակիցների ներկայացրած յուրաքանչյուր ապացույցը»:

Վերոգրյալից բխում է, որ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս պետք է անդրադարձ կատարի ինչպես գործի լուծման համար էական նշանակություն ունեցող, այնպես էլ գործի լուծման համար նշանակություն չունեցող փաստերին` ներկայացնելով այդ փաստի հաստատված լինել կամ չլինելու վերաբերյալ համապատասխան եզրահանգում: Վերոնշյալ իրավական կարգավորման նպատակը, առաջին հերթին, հնարավորինս հստակ և որոշակի դատական ակտի կայացման ապահովումն է, որպեսզի դատարան դիմած անձի համար հստակ լինեն այն բոլոր հարցերի պատասխանները, որոնց առնչությամբ դիմել է դատարան: Դատարանի կողմից կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտի պատճառաբանական մասը մեծ կարևորություն ունի, քանի որ դրա շրջանակներում ներկայացվում են այն վերլուծությունները, որոնք հետագայում հիմք են հանդիսանում կոնկրետ եզրահանգման գալու համար:

Դատական ակտի պատճառաբանական մասի վերաբերյալ Սահմանադրական դատարանը նախկինում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված` գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Օրենսդիրը դատարանից պահանջում է կայացնել օրինական և հիմնավորված վճիռ, իսկ դրա համար դատարանին անհրաժեշտ է ճիշտ ընտրել և կիրառել օրենքը` անկախ նրանից, թե կողմերն ինչ դիրքորոշում են արտահայտել կիրառելի նորմերի վերաբերյալ: Դատարանը կաշկանդված չէ կողմերի` վիճելի իրավահարաբերության որակման և դրա նկատմամբ կիրառելի նորմերի վերաբերյալ դիրքորոշումներով: Հայցվորի դատավարական պարտականությունն է հստակ ներկայացնել իր պահանջները, իր պահանջի հիմքում ընկած փաստերը, այդ փաստերը հիմնավորող ապացույցները, պատասխանողի պարտականությունն է հստակ դիրքորոշում արտահայտել հայցվորի ներկայացրած պահանջներից յուրաքանչյուրի, հայցապահանջի/ների հիմքում ընկած փաստերի վերաբերյալ, այդ փաստերի դեմ առարկելու դեպքում ներկայացնել դրանք հերքող ապացույցներ: Մինչդեռ դատարանի խնդիրն ու գործառույթն է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա որոշել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ապացուցման ենթակա փաստերը, կողմերի ներկայացրած ապացույցների հիման վրա հաստատված կամ չհաստատված համարել այս կամ այն փաստը և ըստ այդմ որոշել վիճելի իրավահարաբերության բնույթը և դրա նկատմամբ կիրառելի իրավանորմը»

(06.12.2011 թ., ՍԴՈ-1004):

Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդարադատության իրականացման տեսանկյունից կարևորվում է ոչ միայն դիմողի պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատարանի եզրահանգումը, այլև այն իրավական վերլուծությունները, որոնք ներկայացված փաստերի և հանգամանքների լույսի ներքո հիմք են ծառայել կոնկրետ եզրահանգման գալու համար: Դա է նաև պատճառը, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով դատարան դիմելիս անձը չի սահմանափակվում միայն այս կամ այն պահանջի ներկայացմամբ, այլ նշում է այն բոլոր էական փաստերը, որոնց վրա հիմնվում է իր պահանջը: Այդ իսկ պատճառով անձի պահանջի բավարարումը դեռ չի նշանակում, որ անձի խնդիրն ամբողջությամբ լուծվել է, քանի որ նրա համար իրավական հետևանքներ է առաջացնում ոչ միայն իր պահանջի բուն բավարարումը կամ մերժումը, այլև այն հանգամանքը, թե ինչ պատճառաբանություններ են դրվել նման եզրահանգման հիմքում: Եթե դատարանի քննությանը հանձնված վեճը լուծվում է հօգուտ դատավարության այս կամ այն մասնակցի, դեռ հնարավոր չէ միանշանակ պնդել, որ այդ դատական ակտի պատճառաբանական մասում ներկայացված վերլուծությունները նույնպես դրական ազդեցություն են ունենում դատավարության այդ մասնակցի համար: Վերջիվերջո, հարկ է նկատի ունենալ, որ նույնպիսի եզրահանգման հնարավոր է գալ տարբեր պատճառաբանություններով, ուստի իրավական հետևանքների գնահատման տեսանկյունից պետք է գնահատման առարկա դարձնել ոչ միայն դատական ակտի եզրափակիչ մասում ձևակերպված եզրահանգումը, այլև այն պատճառաբանությունները, որոնք հիմք են հանդիսացել դրա համար: Դատական ակտի պատճառաբանական մասում ներկայացված վերլուծություններն ու դիրքորոշումները կարևոր են նաև այն առումով, որ դրանց առկայությամբ անձի համար հստակ, որոշակի և կանխատեսելի է դառնում իր հետագա ճիշտ վարքագծի դրսևորումը:

Ավելին, Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի պատճառաբանական մասի նշանակությունն արտահայտվում է նաև դատական ակտի նախադատելիության հատկանիշի ամրագրման միջոցով: Մասնավորապես` վարչական գործով կայացված` գործն ըստ էության լուծող դատական ակտը, մտնելով օրինական ուժի մեջ, ի թիվս այլնի` օժտվում է նաև նախադատելիության հատկանիշով, որն իր ամրագրումն է ստացել Օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասում: Այդ իրավանորմի համաձայն` նախկինում վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը միևնույն կողմերի մասնակցությամբ նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն: Այսինքն` վերը նշված իրավակարգավորումից հետևում է, որ նախադատելիությունը ենթադրում է վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը հետագայում քննվող վարչական գործով ապացուցելու պարտականությունից ազատում որոշակի սահմաններում, ինչպես նաև բացառում է այդ փաստերը հետագայում քննվող վարչական գործի շրջանակներում հերքելու հնարավորությունը: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ևս ամրագրել է վարչական գործով կայացված դատական ակտի նախադատելիության հատկանիշը` 61-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանելով, որ նախկինում քննված վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված փաստերը, անկախ դատարանի կողմից քննվող վեճին տրված լուծումից, կարող են կանխորոշիչ նշանակություն ունենալ նույն անձանց մասնակցությամբ հետագայում քննվող վարչական և քաղաքացիական գործերի լուծման համար:

Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի պատճառաբանությունների նշանակության և դրանց վերանայման տեսանկյունից ուշադրության է արժանի հատկապես Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված իրավակարգավորումը, որով սահմանվում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով անփոփոխ, իսկ այն դեպքում, երբ Վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Վերոգրյալ իրավակարգավորումը հիմք է տալիս եզրակացնելու, որ օրենսդիրը կարևորել է վերաքննիչ ատյանին բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասին անդրադառնալու իրավասությամբ օժտելը, որը թույլ է տալիս Վերաքննիչ դատարանին պատճառաբանել այն դատական ակտը, որով թեև գործն ըստ էության ճիշտ է լուծված, սակայն լուծման հիմքում դրված պատճառաբանությունները թերի են կամ սխալ: Վերոգրյալը վկայում է այն մասին, որ օրենսդիրը չի բացառում այն դեպքերը, երբ վարչական դատարանը կարող է կայացնել գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, սակայն դրա հիմքում դնել սխալ կամ թերի պատճառաբանություններ: Սակայն օրենսդիրը, կարևորելով բողոքարկվող դատական ակտի պատճառաբանական մասը քննության առարկա դարձնելու` վերադաս ատյանի իրավասությունը, հետևողական մոտեցում չի ցուցաբերել և այդ լիազորությունը կապել է միայն վերաքննիչ բողոքը մերժելու հետ: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանն Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված լիազորության կիրառմամբ իրավասու է փոփոխել բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունները միայն այն դեպքում, երբ մերժում է ներկայացված վերաքննիչ բողոքը, այսինքն` երբ պարզում է, որ թեև դատարանը գործին բողոք բերող դատավարության մասնակցի համար իրավացիորեն անբարենպաստ լուծում է տվել, սակայն այդ լուծումը սխալ կամ թերի է պատճառաբանել:

Փաստորեն` Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների պայմաններում Վերաքննիչ դատարանն օժտված չէ բողոքարկվող դատական ակտի բացառապես պատճառաբանական մասի վերաբերյալ բողոքների քննության իրավասությամբ: Այս պարագայում ստացվում է մի իրավիճակ, որ ըստ էության ճիշտ լուծում ստացած դատական ակտերը երբեմն կարող են մնալ թերի կամ սխալ պատճառաբանված, ինչը չի բխում արդարադատության էությունից, չի ապահովում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, քանի որ նշված իրավունքները ենթադրում են ոչ միայն դատարան դիմելու և վեճի լուծում ստանալու, այլև ճիշտ և ամբողջական պատճառաբանված դատական ակտ ունենալու հնարավորություն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ակտերի բողոքարկման սահմանադրական իրավունքի կենսագործման և արդյունավետ իրացման համար անհրաժեշտ է նախատեսել համարժեք օրենսդրական կարգավորումներ, որոնք սահմանադրական պահանջներին համահունչ մեկնաբանվելու և կիրառվելու դեպքում կապահովեն անձանց բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը և կծառայեն այդ իրավունքի իրացման բուն նպատակներին` խախտված իրավունքների վերականգնմանը կամ իրավունքի խախտման արդյունքում պատճառված վնասի հատուցմանը: Ուստի, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում օրենսդրական կարգավորումները և դրանց տրված մեկնաբանությունը պետք է կառուցվեն Սահմանադրությամբ ամրագրված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների էության անխախտելիության և դրանց իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու պահանջի համատեքստում` զերծ մնալով այնպիսի կարգավորումներից, որոնք չեն ապահովում կամ խոչընդոտում են վերը նշված իրավունքների իրացումը:

Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող իրավակարգավորումների պայմաններում, երբ Վերաքննիչ դատարանն օժտված չէ վարչական դատարանի կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի վերաբերյալ վերաքննիչ բողոքը քննելու և լուծելու իրավասությամբ, չի ապահովվում դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունը, իսկ սահմանված իրավակարգավորումը այդ իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգ չէ:

Սույն գործով քննարկվող հարցադրման առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նաև կատարել իրավահամեմատական վերլուծություն` համադրելով Օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համարժեք իրավակարգավորումները: Այսպես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Վերաքննիչ դատարանի լիազորությունները» վերտառությամբ 380-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով օրենսդիրը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին իրավասություն է վերապահել վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով բավարարել վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին:

Վարչական և քաղաքացիական դատավարություններում դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կիրառման ենթակա լիազորությունների վերլուծությունից պարզ է դառնում, որ քաղաքացիական դատավարությունում վերաքննիչ դատարանը նաև իրավասու է քննության առարկա դարձնել բողոքարկվող դատական ակտի միայն պատճառաբանական մասը և, բողոքը բավարարելով` պատճառաբանական մասը փոփոխել` չանդրադառնալով դատական ակտի եզրափակիչ մասին, մինչդեռ վարչական դատավարությունում Վերաքննիչ դատարանը, ինչպես նշվեց, նման լիազորությամբ օժտված չէ:

Իրավահամեմատական վերը նշված վերլուծությունը թույլ է տալիս պնդելու, որ գործող Քաղաքացիական դատավարության օրենսգրքով օրենսդիրը, ելնելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու նկատառումներից, վերաքննիչ քաղաքացիական դատարանին օժտել է առանց բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասին անդրադառնալու` դրա պատճառաբանական մասը փոփոխելու լիազորությամբ, որպիսի լիազորությունը բացակայում է Օրենսգրքում, և առկա չէ որևէ օբյեկտիվ հիմք պնդելու, որ Օրենսգրքում դիտարկվող լիազորության վերաբերյալ դրույթի բացակայությունը պայմանավորված է քաղաքացիական և վարչական դատավարությունների առանձնահատկություններով:

Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը` վերաքննիչ բողոքը բավարարելով` առանց բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասին անդրադառնալու` դրա պատճառաբանական մասը փոփոխելու լիազորությամբ Վերաքննիչ դատարանին չօժտելու մասով, Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 75-րդ հոդվածի տեսանկյունից խնդրահարույց է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանին լիազորություն չի վերապահում բավարարելու վերաքննիչ բողոքը` փոփոխելով վճռի պատճառաբանական մասը` առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

2 մարտի 2021 թվականի

ՍԴՈ-1579

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 3 մարտի 2021 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.03.2021
N ՍԴՈ-1579
Որոշում