Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 6 դեկտեմբերի 2022 թ.

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Ա. Ավանեսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 1590-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հունիսի 13-ին Դոհայում` առողջապահության և բժշկական հետազոտությունների ոլորտում համագործակցությունն ավելի ամրապնդելու, երկու երկրներում առողջապահական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, տրամադրվող առողջապահության որակի չափանիշների, դասակարգման և մակարդակի պահպանման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ զարգացնելու նպատակով:

2. Համաձայնագրի 4-րդ հոդվածի համաձայն` Կողմերը ստեղծում են համատեղ կոմիտե, որը բաղկացած է Կողմերի կողմից նշանակված հավասար թվով ներկայացուցիչներից: Կոմիտեն անհրաժեշտության դեպքում անցկացնում է իր հանդիպումները Հայաստանի Հանրապետությունում և Կատարի Պետությունում` հաջորդաբար, Համաձայնագրի կատարումը վերահսկելու և Համաձայնագրով նախատեսված համագործակցության մանրամասները լրացուցիչ մշակելու համար:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

3.1. Համաձայնագրով սահմանված նպատակներին հասնելու համար կատարական Կողմի հետ, ցանկացած այլ արտակարգ կամ կարևոր ոլորտների հետ մեկտեղ համագործակցել առողջապահության ոլորտում, տեխնոլոգիաների, առողջապահական համակարգերի և առողջության առաջնային պահպանման համակարգերի կիրառման հետ կապված հետազոտությունների, երկու երկրներում առողջապահական ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև երկու երկրներում թողարկված բժշկական և գիտական թերթերի, ամսագրերի, հրապարակումների և տեղեկագրերի փոխանակման, հաղորդակցությունը, վիճակագրական մեթոդները և տեղեկության փոխանակումը ներառելու նպատակով` բժշկական տեղեկատվական համակարգերի և համաճարակաբանության ստանդարտացման, ինչպես նաև տրամադրվող առողջապահության որակի չափանիշների, դասակարգման և մակարդակի պահպանման բնագավառներում (հոդված 1),

3.2. համաձայնել կատարական Կողմի հետ` համագործակցելու Համաձայնագրի 2-րդ հոդվածի 1-ին մասում ներառված, սակայն դրանով չսահմանափակված ոլորտներում, որոնք են` առողջապահության ենթակառուցվածք, հիվանդությունների կանխարգելում և բուժում, թվային առողջապահություն, բժշկական կրթություն, վերապատրաստում և շարունակական մասնագիտական զարգացում, գենոմիկա, գենետիկա և անհատականացված բժշկություն, հակամանրէային դիմադրություն, հանրային առողջապահություն, առողջության ապահովագրություն, նյարդագիտություն, բժշկական զբոսաշրջություն, իսկ Համաձայնագրից բխող համագործակցությունը կունենա Համաձայնագրի 2-րդ հոդվածի II մասում շարադրված ձևերից որևէ մեկը (հոդված 2),

3.3. հոգալ ՀՀ ծախսերը ինքնուրույն` Համաձայնագրի համապատասխան ծրագրերի և գործողությունների իրականացման հետ կապված, եթե կատարական Կողմի հետ այլ որոշում չի կայացվել, կամ այդ նպատակով ֆինանսավորման այլ միջոցներ առկա չեն (հոդված 3),

3.4 կատարական Կողմի հետ ստեղծել համատեղ կոմիտե, որը բաղկացած է Կողմերի կողմից նշանակված հավասար թվով ներկայացուցիչներից (հոդված 4):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2022 թվականի հունիսի 13-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

6 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1672

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 6 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
06.12.2022
N ՍԴՈ-1672
Որոշում