(ուժը կորցրել է 08.09.11 թիվ 1396-Ն որոշում)
i
040.1622.231002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«23» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 սեպտեմբերի 2002 թվականի N 1622-Ն
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) հողի բերրի շերտի օգտագործման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) հողի բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1622-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀՈՂԻ ԲԵՐՐԻ ՇԵՐՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շինարարական և օգտակար հանածոների արդյունահանման ու հողերի խախտման հետ կապված այլ աշխատանքներ կատարելիս հանված հողի բերրի շերտի (այսուհետ` բերրի շերտ) նպատակային և արդյունավետ օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Բերրի շերտի արդյունավետ օգտագործումը ներառում է նաև դրա հանումը, տեղափոխումը, պահպանումը և հաշվառումը:
2. Բերրի շերտը հողային ծածկույթի վերին շերտի բուսահողն է, որն օգտագործվում է հողերի բարելավման, կանաչապատման, վերականգնման (ռեկուլտիվացիայի) նպատակներով:
3. Հողամասի սեփականատերերը, օգտագործողները պարտավոր են հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս իրականացնել բերրի շերտի հանումը, պահպանումն ու օգտագործումը:
4. Բերրի շերտի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
5. Բերրի շերտի օգտագործման ժամանակ պետք է բացառվեն բարելավվող տարածքների աղտոտումը վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում` թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով:
6. Բերրի շերտը հանելու, պահեստավորելու և պահպանելու ընթացքում ձեռնարկվում են միջոցներ, որոնք բացառում են դրա որակական հատկանիշների վատթարացումը: Ջրային և հողմնային հողատարումից զերծ պահելու համար պահեստավորված հողաթմբերը ծածկվում են խոտաբույսերով կամ իրականացվում են այլ միջոցառումներ` հողաթմբերի ամրացում, ծածկում և այլն:
7. Բերրի շերտը կարող է հանվել քաղաքաշինական գործունեության իրականացման կամ օգտակար հանածոների արդյունահանման դեպքերում:
Այն դեպքերում, երբ օգտագործվող հողամասը գյուղատնտեսական շրջանառության վերադարձնել հնարավոր չէ (քաղաքաշինական և այլ շինարարական աշխատանքների դեպքերում), ապա բերրի շերտը տեղափոխվում է այնտեղ, որտեղ հողի բարելավման կամ իրացման անհրաժեշտություն կա:
Այն դեպքերում, երբ հողամասը ենթակա է վերականգնման (օգտակար հանածոների արդյունահանում, երկրաբանահետախուզական և այլ ժամանակավոր աշխատանքներ), ապա բերրի շերտը տեղափոխվում և պահպանվում է վերականգնվող հողամասի մոտ, որպես կանոն, գյուղատնտեսության համար ոչ պիտանի հողերի վրա:
8. Բերրի շերտի հանումը, տեղափոխումը և պահպանությունն իրականացվում են հողի սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին կամ փոխադարձ համաձայնությամբ` այն անձի հաշվին, ում կարիքների համար տեղափոխվում է բերրի շերտը:
9. Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի սահմաններում սեփական կարիքների համար հողի բերրի շերտը կարելի է հանել ու տեղափոխել առանց համաձայնեցման:
10. Բերրի շերտը հողամասից հողամաս տեղափոխելու համար, դրա նախաձեռնողը, համապատասխան համաձայնություն ստանալու համար, գրավոր դիմում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ մարզպետին` նշելով տեղափոխվող բերրի շերտի ծավալը, տեղափոխելու նպատակն ու ժամկետները:
Համայնքի վարչական սահմաններում բերրի շերտը տեղափոխելու համաձայնությունը տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս, մարզի սահմաններում` մարզպետը:
11. Բերրի շերտը տեղափոխելու համաձայնությունը չի տրվում այն դեպքում, երբ`
համայնքն ունի հողերի յուրացման ծրագիր,
համայնքն ունի վերականգնման (ռեկուլտիվացիայի) ենթակա խախտված հողեր,
հողն աղտոտված է վնասատուներով, մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների հարուցիչներով, մոլախոտերի սերմերով, վտանգավոր քիմիական նյութերով, այդ թվում` թունաքիմիկատներով, բույսերի վնասատուների դեմ պայքարի այլ միջոցներով:
12. Բերրի շերտի տեղափոխման համաձայնության մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության պետական բնապահպանական տեսչության տարածքային մարմիններին` համապատասխան համայնքի ղեկավարի կամ մարզպետի կողմից` մինչև տեղափոխման ժամկետը:
13. Բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին տվյալները հաշվառվում ու գրանցվում են Հայաստանի Հանրապետության համայնքներում, մարզպետարանում և արտացոլվում ամենամյա հողային հաշվեկշիռներում:
14. Բերրի շերտի հանման, պահպանման, տեղափոխման և օգտագործման մասին տարեկան տվյալները հաշվառվում են համապատասխան հաշվառման մատյանում: Հաշվառման մատյանի բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում կատարվում է նշում էջերի քանակի մասին և կնքվում համապատասխանաբար համայնքի ղեկավարի ու մարզպետի կողմից:
Հաշվառման մատյանը պարունակում է դիմումների և համաձայնությունների հերթական համարը, դիմումի ներկայացման ժամկետը, դիմողի տվյալները (անունը, ազգանունը), հասցեն, տրված համաձայնության ամսաթիվը և բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևի հերթական համարը` համաձայն N 2 հավելվածի:
15. Մարզպետը (համայնքի ղեկավարը) բերրի շերտի յուրաքանչյուր օգտագործման մասին տվյալները, բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևին համապատասխան, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:
16. Սույն կարգին համապատասխան բերրի շերտը հանելիս` դրա տեղափոխման և պահպանման աշխատանքները չիրականացնող հողի սեփականատերը և օգտագործողը պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1622-Ն որոշման
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՁԵՎ
Հողի բերրի շերտի օգտագործման
Մարզը (համայնքը) _______________________________________
Հանված հողի բերրի շերտի`
մակերեսը (քառ. մ) _____________,
ծավալը (խոր. մ) _____________,
Տեղափոխված բերրի հողի ծավալը (խոր. մ) ____________________,
Կուտակված (պահպանվող)
բերրի հողի ծավալը (խոր. մ) _________ .
ՈՒմ է թույլատրվել ________________________________________________
Թույլտվության ամսաթիվը ___________________________________________
Մարզպետը (համայնքի ղեկավարը) _____________________________________
(անունը, ազգանունը)
Կ. Տ. __________________
(ստորագրությունը)
Կատարողը ______________________________________ __________________
(անունը, ազգանունը) (ստորագրությունը)