(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
12 հուլիսի 1996 թ. թիվ 412
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը /կցվում են/:
(1-ին կետն ուժը կորցրել է կառուցվածքի մասով 03.03.99 թիվ 132 որոշում)
i
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչության խորհրդի անդամների թվաքանակը` 9 մարդ:
3. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության մասին» թիվ 382 որոշումը:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ. ՀՈՒԼԻՍԻ
12-Ի ԹԻՎ 412 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ Վ Ա Ր Չ Ո Ւ Թ Յ Ա Ն
 
I. Ընդհանուր դրույթներ
 
1. Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության վարչությունը /այսուհետև` Հայհիդրոմետ/ գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պետական կառավարում հիդրոօդերևութաբանական աշխատանքների, շրջակա բնական միջավայրի և աղտոտվածության դիտանցի /մոնիտորինգի/ կազմակերպման և իրականացման ոլորտում` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարին /այսուհետև` նախարար/ և պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների ու գործառույթների կատարման, ոլորտում տիրող վիճակի և հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական ու կառուցվածքային քաղաքականության ապահովման համար:
Հայհիդրոմետն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք:
 
II. Հայհիդրոմետի խնդիրներն ու գործառույթները
 
2. Հայհիդրոմետի գլխավոր խնդիրներն ու գործառույթներն են`
ա/ հանրապետության տարածքում հիդրոօդերևութաբանական երևույթների և բնական միջավայրի աղտոտվածության ու ռադիոակտիվության վիճակի դիտարկումների կատարումը, այդ ոլորտի վերաբերյալ փաստացի և սպասվող փոփոխությունների, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքների մասին պետական կառավարման հանրապետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին և բնակչությանն անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը.
բ/ հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի աղտոտվածության ուսումնասիրման ոլորտում կիրառման գիտահետազոտական աշխատանքների իրականացման և մեթոդների մշակման կազմակերպումը.
գ/ հիդրոօդերևութաբանական գործընթացների և երևույթների, շրջակա բնական միջավայրի աղտոտվածության և ռադիոակտիվության վիճակի դիտանցի համակարգի հետագա զարգացումը.
դ/ եղանակի, ջրային օբյեկտների /գետեր, լճեր, ջրամբարներ/ վիճակի, բնական միջավայրի աղտոտվածության, գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի բերքատվության, հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսումների կազմումը և պետական մարմիններին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին դրանցով ապահովումը.
ե/ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ խոշոր արդյունաբերական, տրանսպորտային, գյուղատնտեսական օբյեկտների նախագծման, շինարարության և շահագործման հիդրոօդերևութաբանական ապահովման պլան-սխեմաների մշակումը, արդյունաբերական օբյեկտների ենթադրվող շինարարությունների շրջանում արշավախմբային ուսումնասիրությունների կատարումը, ռադիոակտիվության աղբյուրների հայտնաբերման նպատակով համապատասխան կազմակերպությունների հետ աշխատանքների իրականացումը.
զ/ պետական ջրային կադաստրի վարման ընդհանուր ղեկավարումը, վարումը մակերևութային ջրերի մասում, կլիմայական, ագրոկլիմայական, գիտակիրառական տեղեկագրերի և ռադիոակտիվության վիճակի տարեգրության նախապատրաստումն ու հրատարակումը.
է/ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ հանրապետության տարածքում ջրերի պետական հաշվառումը ըստ քանակական և որակական ցուցանիշների, ու դրանց արդյունավետ օգտագործմանը նպաստելը.
ը/ հիդրոօթերևութաբանական և բնական միջավայրի աղտոտվածության տվյալների պետական ֆոնդի կազմավորումը, ինչպես նաև տեղեկությունների կենտրոնացված հաշվառումն ու դրանցով համապատասխան կազմակերպությունների սպասարկումը.
թ/ օդային ավազանի, մակերևութային ջրերի ռադիոակտիվ նյութերի միջսահմանային տեղափոխման դիտարկումները.
ժ/ կարկտահարության և այլ վտանգավոր երևույթների հետևանքների նվազեցման նպատակով հիդրոօդերևութաբանական գործընթացների ու երևույթների վրա ակտիվ ներգործման աշխատանքների իրականացումը.
ի/ տիեզերական միջոցների օգնությամբ ստացված տարածական չափումների տվյալներով շահագրգիռ կազմակերպությունների սպասարկումը.
լ/ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների հետ համատեղ հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների բնագավառում միասնական գիտատեխնիկական քաղաքականության մշակումն ու ներդրումը.
խ/ հիդրոօդերևութաբանական աշխատանքների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների նախապատրաստումը և տրամադրումը շահագրգիռ կազմակերպություններին.
ծ/ հիդրոօդերևութաբանությանը և շրջակա միջավայրի դիտանցին վերաբերող օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի նախագծերի նախապատրաստումը.
կ/ իր իրավասության սահմաններում հիդրոօդերևութաբանության և շրջակա բնական միջավայրի դիտանցի ոլորտներում միջազգային համագործակցությունը, ոլորտներին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը մասնակցությունը.
հ/ համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելը:
 
III. Հայհիդրոմետի աշխատանքի կազմակերպումը
 
3. Հայհիդրոմետի համակարգն ընդգրկում է իր ենթակայության պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը.
4. Հայհիդրոմետը ոլորտին վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով ենթակա պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Հայհիդրոմետը Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների հետ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:
5. Հայհիդրոմետը Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի համաձայնությամբ իրականացնում է ոլորտի պետական գույքի տիրապետման և օգտագործման գործառույթները:
Հայհիդրոմետը համակարգի ձեռնարկություններում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:
6. Հայհիդրոմետը`
ա/ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար:
Իր նորմատիվ ակտերի նախագծերը նախապես համաձայնեցնում է նախարարի հետ.
բ/ համաձայնեցնելով նախարարի հետ, այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.
գ/ ընդհանրացնում է ոլորտի օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ մշակում առաջարկություններ և նախարարի միջոցով դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.
դ/ սահմանված կարգով մասնակցում է իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.
ե/ իր ոլորտի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր` դրանց նախագծերը նախապես համաձայնեցնելով նախարարի հետ.
զ/ ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ծրագրերը նախապես համաձայնեցնում է նախարարի հետ.
է/ նախարարին է ներկայացնում հաշվետվություններ իր տարեկան և ընթացիկ գործունեության վերաբերյալ.
ը/ իրականացնում է իր աշխատողների որակավորման հետ կապված աշխատանքները նախապես համաձայնեցնելով նախարարի հետ:
7. Հայհիդրոմետի համակարգի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպվում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի և որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:
8. Հայհիդրոմետը գլխավորում է պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարի հետ:
Հայհիդրոմետի պետը, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կոնվենցիային համապատասխան, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում: Հայհիդրոմետի պետն ունի տեղակալ, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի նախարարի և Հայհիդրոմետի պետի հետ:
9. Հայհիդրոմետի պետը`
ա/ պատասխանատվություն է կրում Հայհիդրոմետի առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ/ սահմանում է պետի տեղակալի, բաժինների պետերի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության համար.
գ/ սահմանում է պետի տեղակալի պարտականությունների շրջանակը.
դ/ նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում Հայհիդրոմետի կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թվաքանակը.
i
ե/ առաջարկում է Հայհիդրոմետի խորհրդի անդամների թվաքանակը և նախարարի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.
զ/ կազմակերպում ու ղեկավարում է Հայհիդրոմետի խորհրդի նիստերը.
է/ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին արտասահման գործուղելիս /բացառությամբ ԱՊՀ անդամ պետությունների/ համաձայնեցնում է նախարարի հետ:
1Օ. Հայհիդրոմետի պետի բացակայության դեպքում պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալը:
11. Հայհիդրոմետում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը /նախագահ/, պետի տեղակալը` ի պաշտոնե, այլ ղեկավար աշխատողներ:
12. Հայհիդրոմետի խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում համակարգի հեռանկարային զարգացման հիմնական հարցերը, քննարկում համակարգի, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, ղեկավար կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների ու հրահանգների նախագծերը, լսում Հայհիդրոմետի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվետվությունները:
Խորհրդի նիստի անցկացման ժամանակի և օրակարգի մասին նախապես տեղեկացվում է նախարարին: Խորհրդի նիստին կարող է մասնակցել նախարարի ներկայացուցիչը:
Նախարարի պահանջով Հայհիդրոմետի պետը հրավիրում է խորհրդի արտահերթ նիստ կամ նիստի օրակարգ է մտցնում արտահերթ հարց:
Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով: Պետի և խորհրդի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում պետը կենսագործում է իր որոշումը` դրանց մասին զեկուցելով նախարարին, իսկ խորհրդի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել նախարարին, և այդ կապակցությամբ վերջինիս որոշման հետ չհամաձայնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
13. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, համակարգում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու նպատակով Հայհիդրոմետում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, այդ թվում` օտարերկրյա, գիտական փորձագետներից, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Գիտատեխնիկական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:
14. Հայհիդրոմետը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, տեղաբաշխման և որակավորման բարձրացման աշխատանքներին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրությունը:
15. Հայհիդրոմետն առաջարկություն է ներկայացնում նախարարին իր համակարգում ձեռնարկություններ և կազմակերպություններ ստեղծելու, դրանք վերակազմավորելու և լուծարելու վերաբերյալ:
16. Հայհիդրոմետն առաջարկություն է ներկայացնում նախարարին թույլատրել իր համակարգի ձեռնարկություններին հիմնադրելու պետական սեփականություն հանդիսացող դուստր ձեռնարկություններ և անդամակցելու ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:
17. Հայհիդրոմետն առաջարկություն է ներկայացնում նախարարին թույլատրել իր համակարգի ձեռնարկություններին ու կազմակերպություններին իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս ներդնելու համար:
18. Հայհիդրոմետը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:
19. Հայհիդրոմետն իրականացնում է համակարգի ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության օրինականության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:
2Օ. Հայհիդրոմետի կենտրոնական ապարատի աշխատողների պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեից, առանձին:
21. Հայհիդրոմետը կազմակերպում է քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ ժամանակին քննարկումը հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող Հայհիդրոմետին ենթակա ձեռնարկությունների և կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 412 ՈՐՈՇՄԱՄԲ
 
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
 
Վարչության պետի աշխատակազմ
Գիտաարտադրական աշխատանքների կազմակերպման բաժին
Միջազգային համագործակցության և կադրային քաղաքականության բաժին
Ֆինանսատնտեսական բաժին 
 ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 412 ՈՐՈՇՄԱՄԲ
 
Կ Ա Ռ Ո Ւ Ց Վ Ա Ծ Ք
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
(կառուցվածքն ուժը կորցրել է 03.03.99 թիվ 132 որոշում)
 
.___________________.       .____________________.
|   ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ  |_______|      ԽՈՐՀՈՒՐԴ      |
.___________________.       .____________________.
.______________.
.__________________.    |      .________________________.
|  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ |    |      |      ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ   |
|     ՏԵՂԱԿԱԼ      |    |______|         ԱՇԽԱՏԱԿԱԶՄ     |
.__________________.    |      .________________________.
|               |
.___________________.    |      ._________________________.
|   ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱ-  |    |      |      ԳԻՏԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ     |
|   ԳԻՏԱԿԱՆ ԲԱԺԻՆ   |    |______|       ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ      |
.___________________.    |      |    ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺԻՆ   |
|      ._________________________.
|      ._________________________.
|      |   ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐ-   |
|      |   ԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ|
.______|   ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ |
._________________________.