ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/54386/02/21
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54386/02/21 2025 թ.
Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան
Դատավորներ` Ա. Մխիթարյան
Ն. Կարապետյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Գ. Հակոբյան
զեկուցող Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի ապրիլի 4-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Պաշտպանության նախարարության հայցի ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) և երրորդ անձ Ֆինանսների նախարարության` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշման դեմ Պաշտպանության նախարարության ու Ֆինանսների նախարարության բերած վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Պաշտպանության նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ` որպես հայտի ապահովումը վճարելու արդյունքում չկատարված պարտավորության գումար:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.10.2023 թվականի որոշմամբ Պաշտպանության նախարարության և Ֆինանսների նախարարության բերած վերաքննիչ բողոքները մերժվել են, ու Դատարանի 17.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Պաշտպանության նախարարությունը և Ֆինանսների նախարարությունը:
Վճռաբեկ բողոքների պատասխաններ է ներկայացրել Ընկերությունը:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 30-րդ և 32-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 347-րդ, 352-րդ ու 408-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները, 58-րդ հոդվածը, 59-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168 Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ` Կարգ) 32-րդ ու 42-րդ կետերը:
Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը, մասնակցելով գնման գործընթացին, ստանձնել է հրավերով սահմանված գնման առաջարկի առավելագույն գնի հինգ տոկոսին հավասար հայտի ապահովում ներկայացնելու պարտավորություն, որը, սակայն, սահմանված կարգով չի կատարել: Մասնավորապես, Ընկերությունը դիմում հայտարարությանը կից` որպես հայտի ապահովում, Նախարարությանը ներկայացրել է 5.000.000 ՀՀ դրամի չափով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի կողմից տրված բանկային երաշխիքի արտատպված (սքանավորված) տարբերակը, սակայն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա ավարտը գնահատող հանձնաժողովին չի ներկայացրել դրա բնօրինակը, ինչն էլ հանգեցրել է «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով գնման գործընթացին մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայտի ապահովման բնօրինակը սահմանված կարգով չներկայացնելը գործող օրենսդրությամբ դիտարկվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, որը հիմք է ոչ միայն մասնակցի հայտն անբավարար գնահատելու և մերժելու, այլ նաև Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հայտի ապահովման գումարը վճարելու մասնակցի պարտավորության առաջացման համար:
Վերաքննիչ դատարանը խախտել է գործում առկա ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ու գնահատելու օրենսդրական պահանջը, կատարել է չպատճառաբանված եզրահանգումներ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:
2.1 Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքների պատասխանների հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
Գնման հրավերն անձանց անորոշ շրջանակին հասցեագրված առաջարկ է` որոշակի պայմանագիր կնքելու վերաբերյալ, հետևաբար գնման հրավերը չի կարող գնման մասնակիցների համար այդ փուլում առաջացնել պարտականություններ: Գնման հրավերով պատվիրատուն առաջարկում է անձանց անորոշ շրջանակի իր հետ պայմանագրային հարաբերությունների մեջ մտնելու նպատակով ներկայացնել հայտեր, որոնք ներկայացնելը անորոշ շրջանակի անձանց իրավունքն է: Հայտ ներկայացնելու իրավունքի անհաջող իրացումը չի կարող այն վերափոխել պարտականության և հիմք լինել անձի հիմնական իրավունքների սահմանափակման համար:
Հայտ ներկայացնելով` մասնակիցը իրացնում է գնման գործընթացին մասնակցելու իր իրավունքը` ներկայացնելով գնային և ոչ գնային այնպիսի առաջարկներ, որոնք պատվիրատուի համար ավելի շահավետ են մյուս մասնակիցների առաջարկած պայմանների համեմատ, ու փաստաթղթեր` ցույց տալու համար, որ մասնակիցն ունակ է կատարելու գնման առարկա աշխատանքները: Հետևաբար հայտի ներկայացումը ոչ այլ ինչ է, քան մասնակցի կողմից գնմանը մասնակցելու իրավունքի իրացման կամահայտնություն, իսկ թե արդյո՞ք հայտը բավարար կդիտվի և կողմերի միջև կառաջանան պարտավորական իրավահարաբերություններ` կախված է գնման գործընթացի հետագա փուլերից:
Հայտերի գնահատումն այն փուլն է, որից հետո արդեն մասնակցի և պատվիրատուի համար կարող են առաջանալ որոշակի հետևանքներ: Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ մասնակցի հայտը գնահատվում է բավարար, և նա ճանաչվում է ընտրված մասնակից: Եթե հայտը գնահատվում է անբավարար, ապա մասնակցի և պատվիրատուի միջև որևէ պարտավորություն չի ծագում:
Ինքը, գնումների գործընթացին մասնակցելու ոչ բավարար հայտ ներկայացնելով, պարտավորական որևէ իրավահարաբերության մեջ չի մտել Պաշտպանության նախարարության կամ որևէ այլ սուբյեկտի հետ: Այլ կերպ ասած, հրավերին ի պատասխան մասնակցի կողմից հայտ ներկայացնելը և գնահատող հանձնաժողովի կողմից հայտն անբավարար գնահատվելը պատվիրատուի ու մասնակցի միջև որևէ իրավահարաբերություն չի առաջացնում:
Նախքան հայտը բավարար գնահատելը չի կարող լինել այնպիսի պարտավորություն և առավել ևս այդ պարտավորության խախտում, որը կհանգեցնի մասնակցի կողմից հայտի ապահովման գումարը վճարելուն:
Պարտավորության բացակայության պայմաններում իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելով, ինչպես նաև հայտի ապահովման գումարի վճարում պահանջելով` խախտվում են իր հիմնական իրավունքները` ի դեմս գործունեության ազատության և սեփականության իրավունքների:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) գնահատող հանձնաժողովի հաստատած 22.02.2021 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Պաշտպանության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ճտքավոր կոշիկների, հագուստի և ձեռքի օճառի մատակարարման պայմանագիր: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի ապրիլի 6-ը, ժամը 11:00-ն: Ընթացակարգի ծածկագիրն է` «ՀՀ ՊՆ ԲՄԱՊՁԲ-21-7/3» (հատոր 1-ին, գ.թ. 21).
2) թիվ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 22.02.2021 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Պաշտպանության նախարարության կարիքների համար ճտքավոր կոշիկների, հագուստի, ձեռքի օճառի ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հրավեր:
Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 4-րդ ենթակետի համաձայն` մասնակիցը, հայտով ներկայացնում է «հայտի ապահովում կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սքանավորված տարբերակը)` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն` ուղեկցող գրությամբ»:
Հրավերի 1-ին մասի 7.1 կետի համաձայն` «Մասնակիցը հայտով` սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում (...)»:
Հրավերի 1-ին մասի 7.3 կետի համաձայն` «Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից,
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հագեցրել է ընթացակարգին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,
3) հայտերի բացումից հետո հրաժարվել է սույն ընթացակարգի հետագա մասնակցությունից»:
Հրավերի 1-ին մասի 7.4 կետի համաձայն` «(...) Հայտի ապահովումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած մասնակցին` սույն ընթացակարգի շրջանակում պայմանագիրը կնքվելուց կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հրավերի 1-ին մասի 7.3 կետով նախատեսված դեպքերի» (հատոր 1-ին, գ.թ. 22-61).
3) Ընկերությունը «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով գնման ընթացակարգին մասնակցելու համար 05.04.2021 թվականին ներկայացրել է բաց մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն, որով, ի թիվս այլի, հայտնել և հավաստել է, որ «ցանկություն ունի մասնակցել հայտարարված բաց մրցույթի 15-րդ չափաբաժնին (չափաբաժիններին) և հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ»:
Ընկերության գնային առաջարկը հրավերի 15-րդ չափաբաժնի համար կազմել է 96.768.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 62-63).
4) 05.04.2021 թվականի թիվ 16363-37/103 բանկային երաշխիքի 1-ին կետի համաձայն` «Սույնով, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, այսուհետ` Բանկ, «ԼԻՎԱԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Պրինցիպալ) խնդրանքով ստանձնում է պարտավորություն (այսուհետ` Երաշխիք) Պրինցիպալի պարտատիրոջ` Պաշտպանության նախարարության (այսուհետ` Բենեֆիցիար) հանդեպ, վերջինիս կողմից գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում` Երաշխիքով ստանձնած պարտավորության պայմաններին համապատասխան Բենեֆիցիարին վճարել դրամական գումար` 5.000.000 ՀՀ դրամ (այսուհետ` Երաշխիքային գումար), եթե Պրինցիպալը խախտի Բենեֆիցիարի կողմից «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» հայտից բխող պարտավորությունների (այսուհետ` Երաշխավորված պարտավորություններ) կատարման ապահովման համար»: Երաշխիքի 8-րդ կետի համաձայն` «Մինչև Երաշխիքի գործողության ժամկետի ավարտը երաշխիքը Բանկին վերադարձնելը համարվում է Երաշխիքով Բենեֆիցիարի իրավունքների հրաժարում և դադարեցնում է Երաշխիքը: Երաշխիքի 9-րդ կետի համաձայն` «Երաշխիքն ուժի մեջ է մտնում տրամադրման պահից և գործում է մինչև 25.08.2021 թվականը ներառյալ:» (հատոր 1-ին, գ.թ. 70).
5) գնահատող հանձնաժողովի 13.04.2021 թվականին կայացած նիստի թիվ 4 արձանագրության 2.2 կետի համաձայն` Ընկերությունը սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել բանկային երաշխիքի բնօրինակը, որպիսի պայմաններում գնահատող հանձնաժողովի կողմից Ընկերության հայտը մերժվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության պահանջները (հատոր 1-ին, գ.թ. 65-67).
6) Պաշտպանության նախարարության 23.04.2021 թվականի թիվ 1231 գրությամբ ներկայացված` բանկային երաշխիքով ապահովված գումարը Պաշտպանության նախարարության գանձապետական հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ պահանջը «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի 28.04.2021 թվականի թիվ 16363-37/164 գրությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ 09.04.2021 թվականին Պրինցիպալը Երաշխիքի բնօրինակը վերադարձրել է բանկին, իսկ Երաշխիքի 8-րդ կետի համաձայն` Երաշխիքը Բանկին վերադարձնելու դեպքում Երաշխիքը դադարում է (հատոր 1-ին, գ.թ. 68, 69).
7) ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ Լ. Օհանյանի 21.05.2021 թվականի թիվ ՍՑ-ԼՕ-2021/109 որոշման համաձայն` բողոքներ քննող անձը, ուսումնասիրելով նախաձեռնված ընթացակարգով ներկայացված հիմքերը, արձանագրելով, որ Ընկերությունը, սահմանված ժամկետում չներկայացնելով բանկային երաշխիքի բնօրինակը, խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որն էլ հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, կայացրել է Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում երկու տարի ժամկետով ընդգրկելու մասին որոշում (հատոր 1-ին, գ.թ. 71-81):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1 ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1 ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե գնումների գործընթացին մասնակցող անձի կողմից որպես իր հայտի ապահովում ներկայացված բանկային երաշխիքի բնօրինակը սահմանված կարգով չներկայացնելը արդյո՞ք հանդիսանում է գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որն առաջացնում է հայտի ապահովումը պատվիրատուին վճարելու պարտականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են`
1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, (...),
8) քաղաքացիների և իրավաբանական անձանց այլ գործողությունների հետևանքով, (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել գրավով, տուժանքով, պարտապանի գույքի պահումով, երաշխավորությամբ, երաշխիքով, նախավճարով և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ պարտավորությունները` ներառյալ դրանց բովանդակությունը կազմող սուբյեկտիվ իրավունքները և պարտականությունները կարող են ծագել ինչպես պայմանագրերից (պայմանագրային պարտավորություններ), այնպես էլ այդպիսին չհանդիսացող այլ իրավաբանական փաստերից` վնաս պատճառելուց, միակողմանի գործարքներից, քաղաքացիական իրավունքի սուբյեկտների այլ գործողություններից և այլն, որոնց հետ օրենքը կապում է որոշակի քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագում (արտապայմանագրային պարտավորություններ): Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ, անկախ պարտավորության ծագման հիմքից, թե՛ պայմանագրային, թե՛ արտապայմանագրային պարտավորությունների կատարումը պարտավորության կողմերի ազատ կամահայտնությամբ կարող է ապահովվել օրենքով նախատեսված տարաբնույթ եղանակներով, այդ թվում` երաշխիքով, որոնք որոշակի անբարենպաստ հետևանքներ առաջացնելու սպառնալիքով պարտավորություն ստանձնած անձին ստիպում են ժամանակին և պատշաճ կատարել այդ պարտավորությունը` ծառայելով գույքային շրջանառության կանոնավոր ընթացքի երաշխավորման, իրավական կարգապահության ամրապնդման ու պարտատիրոջ շահերն ապահովելու և նրա իրավունքների (գործառույթների) իրականացման համար լրացուցիչ երաշխիքներ սահմանելու նպատակին:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվում եմ հետևյալ հիմնական հասկացությունները.
1) պատվիրատու`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ.
(...)
5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
6) ընտրված մասնակից` մասնակից (մասնակիցներ), որին (որոնց) պատվիրատուն առաջարկում է կնքել պայմանագիր.
7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
9) հայտի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
10) պայմանագրի ապահովում` նույն օրենքով նախատեսված դեպքերում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.
(...)
21) գնումների բազային միավոր` մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ.
(...)
23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ` գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը.(...):
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքի նպատակն է ապահովել գնումների գործընթացում հատուցման դիմաց արժեք, այն է`
1) պատվիրատուին վերապահված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ` կարիքին համապատասխան ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում` համարժեք հատուցմամբ.
2) գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.
1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.
2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում.
3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:
Մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն` նույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ըստ գնման ձևերի` հրավերով մասնակիցներին ներկայացվող հայտի և պայմանագրի ապահովման պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:
Մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` հրավերը պետք է պարունակի հայտի և պայմանագրի կատարման ապահովմանը վերաբերող պահանջները:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»
Մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում, որի չափը հավասար է հայտով առաջարկվող գնի մինչև հինգ տոկոսին: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.
3) հայտերի բացումից հետո հրաժարվել է գնման գործընթացին հետագա մասնակցությունից:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության և յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու վերաբերյալ:
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
«Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ` Կարգ) մինչև 08.02.2022 թվականը գործած խմբագրությամբ 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակիցը հայտով ներկայացնում է հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սքանավորված) տարբերակով` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00 ն` ուղեկցող գրությամբ:
Նույն կետի 9-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ եթե գնման հայտով տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում, իսկ պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: (...): Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը, ապա ինչպես հայտի, այնպես էլ պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: (...):
Նույն կետի 19-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:
Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն` հայտերի բացման և գնահատման նիստում` (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն` Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ սույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...):
Մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 41-րդ կետի համաձայն` եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ ներառյալ այն դեպքերը, երբ հայտում ներառված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: (...): Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն` եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը:
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի`
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում` պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը:
Գնումների մասին օրենսդրության վերոշարադրյալ նորմերի բովանդակությունից բխում է, որ գնումների գործընթացում ստանձնած պարտավորությունների ապահովման գործիքակազմի առումով օրենսդիրը նախատեսել է հայտի ապահովման և պայմանագրի ապահովման ինստիտուտները: Ընդ որում, հայտի ապահովումը դիտարկվում է որպես մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող [»Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ], իսկ պայմանագրի ապահովումը` սահմանված կարգով ներկայացված հայտերը գնահատման հանձնաժողովի կողմից գնահատելու արդյունքում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց [»Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետ]:
i
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչև պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել ևս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
Վերը շարադրված իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշման վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է`
1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն` ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում` հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայտի ապահովումը մասնակցի` հայտով ստանձնած վերը նշված պարտականությունների կատարման ապահովման միջոց է, որը պետք է ներկայացվի բոլոր այն դեպքերում, երբ տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի քսանհինգապատիկը: Ընդ որում, եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սքանավորված) տարբերակով` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00 ն` ուղեկցող գրությամբ:
Համապատասխանաբար, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, «հայտը հրավերով սահմանված կարգով» ներկայացնելու մասնակցի պարտավորությունը, գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված վերը նշված դեպքերում, ի թիվս այլի, ներառում է նաև հրավերով սահմանված չափով, ձևով և ժամկետում հայտի ապահովում ներկայացնելու մասնակցի պարտականությունը: Վերջինիս խախտումը, որը դրսևորվում է մասնակցի կողմից հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթուղթը (կանխիկ գումարի մուտքագրումը հավաստող կամ բանկային երաշխիքի բնօրինակը) չներկայացնելու ձևով, Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով հարկ է դիտարկել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը ոչ միայն հիմք է ներկայացված հայտն անբավարար գնահատելու և որպես հետևանք` գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցությունը դադարեցնելու համար, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով հանգեցնում է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանն ու առաջացնում է հայտի ապահովման գումարը պատվիրատուին վճարելու պարտականություն: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության, նույն կետի 4-րդ ենթակետի և մինչև 01.06.2022 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 41-րդ ու 42-րդ կետերի համադրված վերլուծության արդյունքում հարկ է համարում արձանագրել, որ հրավերով սահմանված կարգով (չափով, ձևով և ժամկետում) հայտի ապահովման բնօրինակը չներկայացնելը դասվում է հայտերի բացման ու գնահատման արդյունքում արձանագրված` հրավերի պահանջների նկատմամբ այն անհամապատասխանությունների թվին, որոնք շտկելու համար գնման գործընթացի մասնակցին ժամանակ չի տրամադրվում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` գնահատող հանձնաժողովի հաստատած 22.02.2021 թվականի թիվ 1 որոշման հիման վրա Պաշտպանության նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ, որն իրականացվում է մեկ փուլով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am) համակարգի միջոցով: Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի ապրիլի 6-ը, ժամը 11:00-ն:
Պաշտպանության նախարարության «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով բաց մրցույթի գնահատող հանձնաժողովի 22.02.2021 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Պաշտպանության նախարարության կարիքների համար ճտքավոր կոշիկների, հագուստի, ձեռքի օճառի ձեռքբերման նպատակով հայտարարված բաց մրցույթի հրավեր:
Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 4-րդ ենթակետի համաձայն` մասնակիցը, հայտով ներկայացնում է «հայտի ապահովում կանխիկ փողի կամ բանկային երաշխիքի ձևով: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սքանավորված տարբերակը)` պայմանով, որ մասնակիցը դրա բնօրինակը գնահատող հանձնաժողովին ներկայացնում է մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն` ուղեկցող գրությամբ»:
Հրավերի 1-ին մասի 7.1 կետի համաձայն` «Մասնակիցը հայտով` սույն հրավերով սահմանված կարգով ներկայացնում է հայտի ապահովում (...)»:
Հրավերի 1-ին մասի 7.3 կետի համաձայն` «Մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից,
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է ընթացակարգին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը,
3) հայտերի բացումից հետո հրաժարվել է սույն ընթացակարգի հետագա մասնակցությունից»:
Հրավերի 1-ին մասի 7.4 կետի համաձայն` «(...) Հայտի ապահովումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած մասնակցին` սույն ընթացակարգի շրջանակում պայմանագիրը կնքվելուց կամ սույն ընթացակարգը չկայացած հայտարարվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հրավերի 1-ին մասի 7.3 կետով նախատեսված դեպքերի»:
Ընկերությունը «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-21-7/3» ծածկագրով գնման ընթացակարգին մասնակցելու համար 05.04.2021 թվականին ներկայացրել է բաց մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն, որով, ի թիվս այլի, հայտնել և հավաստել է, որ «ցանկություն ունի մասնակցել հայտարարված բաց մրցույթի 15-րդ չափաբաժնին (չափաբաժիններին) և հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնում է հայտ»:
Գնահատող հանձնաժողովի 13.04.2021 թվականին կայացած նիստի թիվ 4 արձանագրության 2.2 կետի համաձայն` Ընկերությունը սահմանված կարգով և ժամկետում չի ներկայացրել բանկային երաշխիքի բնօրինակը, որպիսի պայմաններում գնահատող հանձնաժողովի կողմից Ընկերության հայտը մերժվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգ»-ի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերության պահանջները:
Պաշտպանության նախարարության 23.04.2021 թվականի թիվ 1231 գրությամբ ներկայացված` բանկային երաշխիքով ապահովված գումարը Պաշտպանության նախարարության գանձապետական հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ պահանջը «Հայէկոնոմբանկ» ՓԲԸ-ի 28.04.2021 թվականի թիվ 16363-37/164 գրությամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ 09.04.2021 թվականին Պրինցիպալը Երաշխիքի բնօրինակը վերադարձրել է բանկին, իսկ Երաշխիքի 8-րդ կետի համաձայն` Երաշխիքը Բանկին վերադարձնելու դեպքում Երաշխիքը դադարում է:
Դիմելով դատարան` Պաշտպանության նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ` որպես հայտի ապահովումը վճարելու չկատարված պարտավորության գումար:
Դատարանը, արձանագրելով, որ «սույն գործով Հայցվորի կողմից պահանջը ներկայացվել է գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտման հիմքով», «Մասնակցին գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում վերագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակիցը ստանձնած լինի նման պարտավորություն կամ այդպիսին որակվի գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ», և պատճառաբանելով, որ տվյալ դեպքում «Հայցվորի կողմից ներկայացված ապացույցներով չեն հիմնավորում և հաստատում Հայցվորին ստանձնած պարտավորությունների խախտման փաստ արձանագրելը», 17.02.2023 թվականի վճռով Պաշտպանության նախարարության հայցը մերժել է:
Վերաքննիչ դատարանը 09.10.2023 թվականի որոշմամբ մերժել է Պաշտպանության նախարարության և Ֆինանսների նախարարության բերած վերաքննիչ բողոքներն այն պատճառաբանությամբ, որ «գործով չի հիմնավորվել գնման գործընթացի շրջանակներում պատասխանող ընկերության կողմից ստանձնած պարտավորության խախտումը»: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ. «Գնումների գործընթացը գնում կատարելու նպատակով իրականացվող ընթացակարգ է, որն ուղղված է որոշակի իրավունքների և պարտականությունների իրագործմանը: Հրավերն իր հերթին պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմանների ամբողջություն է: Հրավերով նախաձեռնված գնման գործընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցի կողմից հրավերով պահանջված պայմաններին համապատասխան հայտի ներկայացումը, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն` հանդիսանում է հրավերի հիման վրա ներկայացվող առաջարկ: Այսինքն` առնվազն հայտերի գնահատման փուլում (...) հայտի ներկայացումը դեռևս չի համարվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի իմաստով գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք, որն իր հերթին ուղղված կլիներ կողմերի համար քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն: Տվյալ դեպքում «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 10-րդ կետից ուղղակիորեն հետևում է, որ պայմանագրի ապահովումը հանդիսանում է ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, ինչն ենթադրում է, որ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով պետք է ներկայացնի պայմանագրի ապահովում, որից հետո միայն կողմերի միջև կարող է կնքվել պայմանագիր: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ մասնակցի կողմից հրավերի հիման վրա ներկայացվող առաջարկը` հայտը, սահմանված պահանջների խախտումներով ներկայացնելու բացասական հետևանքը կարող է դրսևորվել գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմամբ: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի իմաստով հայտի` օրենքին համապատասխան ներկայացմանը հաջորդում է մասնակիցներից յուրաքանչյուրի կողմից ներկայացված առաջարկների քննարկումը, և համապատասխան չափորոշիչներին ու օրենքով նախատեսված պայմաններին բավարարող մասնակցի ընտրությունը: Հայտի ներկայացումը, ինքնին, դեռևս բավարար չէ կողմերի միջև պարտավորական իրավահարաբերությունների առաջացման համար, այլ անհրաժեշտ են իրավաբանական այնպիսի փաստեր, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կողմերի միջև պարտավորական հարաբերությունների ձևավորմանը, մասնավորապես` օրենքով և հրավերով սահմանված չափանիշների բավարարում, նվազագույն գնառաջարկի ներկայացում, կողմերի միջև բանակցությունների անցկացում, պատվիրատուի կողմից պայմանագիր կնքելու առաջարկի ներկայացում, պայմանագիրը կնքելու առաջարկի բավարարում և այլն: Այլ կերպ ասած` նախքան ընտրված մասնակից համարվելը և պատվիրատուի հետ պայմանագիր կնքելը, մասնակիցը կողմի հետ որևէ պարտավորական հարաբերությունների մեջ չի գտնվում, հետևաբար նաև, վերջինիս համար չի կարող առաջանալ երաշխիք վճարելու պարտավորություն: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանող ընկերությունն ընդամենը ձեռք է բերել պատվիրատուի հետ պայմանագրային իրավահարաբերությունների մեջ մտնելու նպատակով գնումների գործընթացին պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու իրավունք, սակայն ներկայացնելով հայտը, հետագայում որոշակի հանգամանքներով պայմանավորված չի իրացրել համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու իր իրավունքը, ինչի արդյունքում հեռացվել է մասնակիցների ցուցակից: Այլ կերպ ասած` մասնակիցների ցուցակից ընկերության հեռացումն այն իրավաչափ բացասական հետևանքն է, որը կարող է վրա հասնել երաշխիքի բնօրինակը չներկայացնելու դեպքում: Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են բողոքաբերների այն փաստարկը, որ գործընթացին հայտ ներկայացնելով` ընկերությունը պարտավորաիրավական հարաբերությունների մեջ է մտել հայցվորի հետ, սակայն բանկային երաշխիքի բնօրինակը սահմանված ժամկետում չի ներկայացրել` այդ կերպ խախտելով գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորությունը և որպես պարտավորությունը խախտած կողմ, վերջինիս մոտ ծագել է վճարելու հայտի ապահովման գումարը»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ.
Ստորադաս դատարանները, արձանագրելով, որ Ընկերությանը գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում վերագրելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ընկերությունը ստանձնած լինի նման պարտավորություն, և որ հայտի ներկայացումը դեռևս չի համարվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի իմաստով գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք, որն իր հերթին ուղղված կլիներ կողմերի համար քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն, հաշվի չեն առել, որ քաղաքացիական սուբյեկտիվ իրավունքներ և պարտականություններ առաջանում են ոչ միայն պայմանագրերից, այլ նաև պայմանագրեր չհանդիսացող այլ իրավաբանական փաստերից` ներառյալ քաղաքացիական իրավունքի սուբյեկտների այլ գործողություններից, որոնց հետ օրենքը կապում է որոշակի քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագում:
Վերոգրյալ իրավական վերլուծության և արտահայտված դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պաշտպանության նախարարության կողմից ապրանքների ձեռքբերման նպատակով գնումների պաշտոնական տեղեկագրում 22.02.2021 թվականին հրապարակված հրավերի հիման գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` Ընկերությունը ոչ միայն ձեռք է բերել գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում ստանձնել է մի շարք պարտականություններ, այդ թվում` հայտի ապահովումը հավաստող բանկային երաշխիքի բնօրինակը Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 4-րդ ենթակետին համապատասխան գնահատող հանձնաժողովին մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00-ն ուղեկցող գրությամբ ներկայացնելու պարտականություն:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, որ «նախքան ընտրված մասնակից համարվելը և պատվիրատուի հետ պայմանագիր կնքելը, մասնակիցը կողմի հետ որևէ պարտավորական հարաբերությունների մեջ չի գտնվում, հետևաբար նաև, վերջինիս համար չի կարող առաջանալ երաշխիք վճարելու պարտավորություն»` Վճռաբեկ դատարանն այն ոչ իրավաչափ է համարում, քանի որ նման եզրահանգմամբ ստորադաս դատարանը, ըստ էության, բացառել է գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտ ներկայացրած մասնակցի մոտ որևէ պարտավորության ծագումը` դրանով իսկ արժեզրկելով հայտի ապահովման ինստիտուտը, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսվել է որպես մասնակցի կողմից հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց: Ավելին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհարկի նույնացրել է «հայտի ապահովում» և «պայմանագրի ապահովում» հասկացությունները` հաշվի չառնելով, որ, հանդես գալով որպես պարտավորությունների ապահովման միջոցներ, դրանք միանգամայն տարբեր բովանդակություն ունեցող պարտականությունների կատարումն ապահովելու գործառույթ են իրականացնում. հայտի ապահովումը կիրառվում է որպես մասնակցի կողմից հայտով ստանձնած (նախապայմանագրային) պարտավորությունների կատարումն ապահովող, իսկ պայմանագրի ապահովումը` սահմանված կարգով ներկայացված հայտերը գնահատման հանձնաժողովի կողմից գնահատելու արդյունքում ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող (պայմանագրային) պարտավորությունների կատարումն ապահովող միջոց:
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում Հրավերով սահմանված կարգով և ժամկետներում Ընկերությունը չի կատարել հայտի ապահովումը հավաստող բանկային երաշխիքի բնօրինակը Հրավերի 1-ին մասի 4.3 կետի 4-րդ ենթակետին համապատասխան գնահատող հանձնաժողովին մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուն հաջորդող աշխատանքային օրվա Երևանի ժամանակով 17:00 ն ուղեկցող գրությամբ ներկայացնելու պարտականությունը` թույլ տալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, և հաշվի առնելով այն, որ հայտի ապահովման բնօրինակը չներկայացնելը դասվում է հայտերի բացման և գնահատման արդյունքում արձանագրված` հրավերի պահանջների նկատմամբ այն անհամապատասխանությունների թվին, որոնք շտկելու համար գնման գործընթացի մասնակցին ժամանակ չի տրամադրվում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գնահատող հանձնաժողովի` Ընկերության հայտն անբավարար գնահատելու և այն մերժելու մասին որոշումն իրավաչափ է ու հիմք է ոչ միայն գնման գործընթացին Ընկերության հետագա մասնակցությունը դադարեցնելու, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով հայտի ապահովման գումարը վճարելու մասնակցի պարտավորության առաջացման համար:
Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում է նաև Վերաքննիչ դատարանի այն փաստարկը, որ գնման գործընթացին Ընկերության հետագա մասնակցությունը դադարեցնելն այն իրավաչափ բացասական հետևանքն է, որը կարող է վրա հասնել երաշխիքի բնօրինակը չներկայացնելու դեպքում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք (...): Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով այն, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական իրավունքի նորմի խախտման փաստը բավարար է Վերաքննիչ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը բեկանելու ու փոփոխելու` հայցը բավարարելու համար` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի նշած այլ հիմքերին ու հիմնավորումներին:
Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքների պատասխանների հիմնավորումները:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (...) գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջով` հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25000 ապատիկից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15 000 ապատիկից:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` դրամական պահանջի գործերով` վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից:
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Վերաքննիչ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.
- Ընկերությունից հօգուտ Պաշտպանության նախարարության ենթակա է բռնագանձման 150.000 ՀՀ դրամ (5.000.000x3%=150.000)` որպես հայցադիմումը դատարան ներկայացնելու համար սահմանված և Պաշտպանության նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար.
- Ընկերությունից հօգուտ Պաշտպանության նախարարության ենթակա է բռնագանձման 200.000 ՀՀ դրամ (5.000.000x4%=200.000)` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և Պաշտպանության նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար.
- Ընկերությունից հօգուտ Պաշտպանության նախարարության ենթակա է բռնագանձման 250.000 ՀՀ դրամ (5.000.000x5%=250.000)` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Պաշտպանության նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար.
- Ընկերությունից հօգուտ Ֆինանսների նախարարության ենթակա է բռնագանձման 200.000 ՀՀ դրամ (5.000.000x4%=200.000)` որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ֆինանսների նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար.
- Ընկերությունից հօգուտ Ֆինանսների նախարարության ենթակա է բռնագանձման 250.000 ՀՀ դրամ (5.000.000x5%=250.000)` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ֆինանսների նախարարության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.10.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել` «Լիվադ» ՍՊԸ-ից հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել 5.000.000 ՀՀ դրամ:
2. «Լիվադ» ՍՊԸ-ից հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել ընդհանուր 600.000 ՀՀ դրամ` որպես Պաշտպանության նախարարության կողմից հայցադիմում, վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար կատարված դատական ծախս, իսկ հօգուտ Ֆինանսների նախարարության բռնագանձել ընդհանուր 450.000 ՀՀ դրամ` որպես Ֆինանսների նախարարության կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելու համար կատարված դատական ծախս:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. Հակոբյան
Զեկուցող Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204241027