Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆՈՐԴԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԴԵՂԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳՆՈՐԴԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական               Վարչական գործ թիվ ՎԴ/1012/05/23

    դատարանի որոշում                    2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/1012/05/23

Նախագահող դատավոր` Մ. Մելքումյան

    Դատավորներ`        Ա. Պողոսյան

                                      Հ. Խաչատրյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

2025 թվականի հուլիսի 9-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.05.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի ընդդեմ Կոմիտեի` 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտն անվավեր ճանաչելու և որպես հետևանք` 11.01.2023 թվականի թիվ 2/4 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտը և որպես հետևանք` անվավեր ճանաչել Կոմիտեի 11.01.2023 թվականի թիվ 2/4 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Մաքեյան) (այսուհետ` Դատարան) 26.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.05.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.07.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը (ներկայացուցիչ` Մարիամ Մանուկյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի կողմից իրականացվել է դեղերի մեծածախ իրացում, քանի որ վերջինս` որպես մատակարար իրացրել է դեղամիջոց, ոչ թե սպառողի, այլ` իրավաբանական անձի, ինչը դեղերի մեծածախ իրացմանը բնորոշ գործունեություն է, և որն էլ համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն: Եւ օրենսդիրը դեղերի մատակարարումը չի համարում դեղերի մեծածախ իրացում բացառապես այն դեպքում, երբ դեղերն իրացվում են սպառողներին` քաղաքացիներին, որպիսի դեպքը սույն գործով չի հաստատվում, այլ ընդհակառակը` հաստատվում է իրավաբանական անձին իրացման փաստ, ինչը միանշանակորեն պետք է դիտարկել որպես դեղերի մեծածախ իրացում:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարչական ակտը ձևակերպված է հստակ և հասկանալի, վարչական ակտի բովանդակությունը շարադրված է այնպես, որ դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.05.2024 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ընկերության պատասխանի հիմնավորումները.

Կոմիտեի ներկայացրած փաստարկները չեն բխում ՀՀ օրենսդրության համապատասխան կարգավորումներից հետևյալ հիմնավորումներով`

Դեղերի մանրածախ իրացման հասցեատերը միայն սպառողն է, որը դեղը ձեռք է բերում անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար և առկա չէ նրա մոտ դեղի ձեռքբերման ձեռնարկատիրական գործունեության հետ կապված մտադրություն կամ նպատակ, իսկ մեծածախ իրացումը բացառում է դեղերի իրացումը սպառողներին, քանի որ այն իր մեջ ներառում է մատակարարի կողմից դեղ արտադրողից կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ այլ մատակարարից դեղերի ձեռքբերում, ներմուծում, արտահանում, պահպանում, իրացում (բաշխում):

Տվյալ պարագայում դեղերը ձեռք են բերվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից, որոնք ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ-ներ են և չեն կարող ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, և տվյալ դեղերը գնվել են երեխաների առողջության պահպանման համար:

Բացի այդ, ըստ պատասխանողի` հայցվորը գործարքներ է իրականացրել «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերության և «Հայբիզնեսբանկ» ԲԲ ընկերության հետ, սակայն բողոքարկվող վարչական ակտում բացակայում է նման գործարքի առկայության փաստը, ուստի այդ փաստը քննարկման ընդհանրապես ենթակա չէ:

Ըստ այդմ` Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման «սպառող» եզրույթի մեկնաբանման ժամանակ և կայացրել է իրավաչափ դատական ակտ:

Բացի այդ, բողոքաբերը խախտել է վճռաբեկ բողոք բերելու դատավարական ժամկետները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ առողջապահության նախարարության կողմից 13.08.2019 թվականին տրված թիվ Ա-ԴԳ-001486 լիցենզիայի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանին մարզ Արագածոտն, համայնք Աշտարակ, Տիգրան Մեծի փողոց 1 առևտրի սրահ հասցեում դեղատնային գործունեություն իրականացնելու համար տրվել է անժամկետ լիցենզիա (հատոր 1-ին, գ.թ. 62):

2) Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետի 21.10.2022 թվականի թիվ 1518373 որոշման քաղվածքի համաձայն` Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության թիվ 16 բաժնի գլխավոր օպերլիազորներ Գուրգեն Առաքելյանին, ավագ օպերլիազոր Ռաֆայել Ռաֆայելյանին, օպերլիազորներ Հմայակ Շտոյանին և Ռոբերտ Խաչատրյանին, ՀՕՀՎ ոլորտային թիվ 10 և աշխատանքների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Գարիկ Բարսեղյանին թույլատրվել է իրականացնելու «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա նույն հոդվածի 1-ին մասով և որոշմամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 65):

3) Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 01.11.2022 թվականի թիվ 1518373 արձանագրության համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի գործունեության նկատմամբ իրականացվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը մեծածախ իրացման լիցենզիայի պարտադիր պայմանի ուժի մեջ մտնելուց հետո

(15.08.2020 թվականից) 20.06.2022 թվականի թիվ Բ9544007802, Բ7159271344, Բ8535403460, Բ8455912400, Բ1237497929, Բ12947330656, Բ0615182630, Բ5327023443, Բ7240466314, Բ5803188486, Բ7645906914 և Բ5729605881, 05.10.2020 թվականի թիվ Բ3872227204 հաշիվ-վավերագրերով իրականացրել է դեղերի մեծածախ իրացում` չունենալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան տեսակի լիցենզիան: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում 31.10.2023 թվականին այցելել են Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Տիգրան Մեծի 1 հասցեում գործող, անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանին պատկանող դեղատուն, որտեղ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունից 13.08.2019 թվականին ստացված թիվ Ա-ԴԳ-001486 լիցենզիան և տվել գրավոր հայտարարություն այն մասին, որ 13.08.2019 թվականից Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Տիգրան Մեծի 1 հասցեում զբաղվում է դեղատնային գործունեությամբ, գործում է շրջանառության հարկով հարկման դաշտում, ունի տեղադրված թվով մեկ ՀԴՄ և երկու վարձու աշխատող: Անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը հայտնել է, որ ապրանքների վաճառքն իրականացնում է ինչպես ՀԴՄ-ի, այնպես էլ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման միջոցով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ հետազոտելով (pharm.cals.am) կայքը` պարզվել է, որ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դուրս գրված հաշիվ-վավերագրերում նշված անվանումներով` Սուպրաստին, Պարացետամոլ, Նոշպա, Վալերիանկա (կոճակ, հեղուկ), Կառվալոլ, Վալիդոլ N 10 ապրանքները հանդիսանում են դեղամիջոցներ: Իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը ՀՀ առողջապահության նախարարությունից ստացել է միայն դեղատնային գործունեության համար նախատեսված լիցենզիա: Կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը իրականացրել է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակում ներառված գործունեություն` դեղերի մեծածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի: Մարիամ Բաղդասարյանը 01.11.2022 թվականին ստորագրությամբ ստացել է արձանագրության մեկ օրինակը (հատոր 1-ին, գ.թ. 56-58):

4) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանին գանձման է առաջադրվել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք` որպես հարկային պարտավորություն և 100.000 ՀՀ դրամ` օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

5) Կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի 11.01.2023 թվականի թիվ 2/4 որոշման համաձայն` 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտի դեմ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի դիմում-բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 19-21):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը` արդյո՞ք դեղերի իրացման ժամանակ գնորդի իրավաբանական անձ լինելն ինքնին հանգեցնում է դեղերի համապատասխան իրացումը մեծածախ որակելուն:

ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Հայաստանի Հանրապետության սահմանադիրը ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում` 60-րդ հոդվածում, ամրագրել է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Վերոնշյալի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքը ներառված է հիմնական իրավունքների շարքում, և դրա սահմանափակումների հիմքերը և ծավալները պետք է լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Վերջինս ցուցիչն է իրավական որոշակիության սկզբունքի, որին անդրադարձել են ՀՀ սահմանադրական դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), ինչպես նաև Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (այսուհետ` Վենետիկի հանձնաժողով):

Այսպես. իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

i

Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 13.05.2008 թվականի ՍԴՈ-753 որոշումը):

Եվրոպական դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, նշել է, որ ներպետական իրավունքում իրավական հիմքի առկայությունն ինքնին բավարար չէ օրինականության սկզբունքը բավարարելու համար: Իրավական հիմքը պետք է ունենա որոշակի որակ` այն պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և պետք է ապահովի կամայականություններից ազատություն (տե՛ս, East West Alliance Limited v. Ukraine, թիվ 19336/04 գանգատով Եվրոպական դատարանի 23.01.2014 թվականի վճիռը, կետ 167): Օրինականության սկզբունքը ենթադրում է, որ ներպետական իրավունքի կիրառելի դրույթները բավականաչափ մատչելի, ճշգրիտ և կանխատեսելի պետք է լինեն իրենց կիրառության մեջ (տե՛ս, Օրինակ` Lekic v. Slovenia, թիվ 36480/07 գանգատով Եվրոպական դատարանի մեծ պալատի 11.12.2018 թվականի վճիռը, կետ 95):

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակող իրավական նորմերը պետք է բավարարեն որոշակիության պահանջներին, որը հնարավորություն կտա անձանց հստակորեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները: Ըստ այդմ` վարչական մարմինների իրականացրած գործունեության հիմքում նախ անհրաժեշտ է, որ առկա լինի համապատասխան իրավական հիմք: Այդուհանդերձ զուտ իրավական հիմքի առկայությունը դեռ բավարար չէ, քանի որ այն պետք է ունենա որոշակի որակ` պետք է համապատասխանի իրավունքի գերակայությանը և պետք է ապահովի կամայականություններից ազատություն:

i

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմում դեղային քաղաքականությունը, որի նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով, ինչպես նաև դրանց ռացիոնալ կիրառումն ապահովելն է («Դեղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ): Առողջապահության բնագավառում դեղային քաղաքականության մշակումն ու իրականացումը դեղերի շրջանառության պետական կարգավորման ուղղություններից մեկն է (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ) (տե՛ս, «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության թիվ ՎԴ/9898/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.12.2024 թվականի որոշումը):

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ և որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարևորությունը և առանձնահատուկ դերը բնակչության համար` օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է, ի թիվս այլնի, դեղերի մեծածախ և մանրածախ իրացումը և մեծածախ կամ մանրածախ իրացման համար լիցենզիայի տրամադրման պարտադիրությունն ու լիցենզիա ստանալու կարգը, ինչպես նաև` առանց համապատասխան լիցենզիայի դեղերի մեծածախ կամ մանրածախ իրացում իրականացնելու համար պատասխանատվությունը:

Այսպես. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով, բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18.1-ին հոդվածով սահմանված դեպքերի: Առանց լիցենզիայի նույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակը, որի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսվել է դեղատնային գործունեության, իսկ 6-րդ ենթակետով` դեղերի մեծածախ իրացման տեսակները:

ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համալիր հարկային ստուգումների ընթացքում և (կամ) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերված` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու կամ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծանուցման ենթակա գործունեությունն առանց ծանուցման իրականացնելու կամ առանց թույլտվության կամ առանց լիցենզիայի ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու (այդ թվում` լիցենզիայի կամ թույլտվության գործողությունը կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքն օրենքով սահմանված կարգով կասեցված լինելու) դեպքում գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով կազմակերպությունից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` լիցենզիայի կամ թույլտվության տրման կամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափի տասնապատիկի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից:

Վերոգրյալից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում լիցենզավորման ինստիտուտը գործում է որպես անվտանգության, վերահսկողության ապահովման և հանրային շահի պաշտպանության կարևոր միջոց: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է այն գործունեության տեսակները, որոնց իրականացումն առանց համապատասխան լիցենզիայի արգելվում է, և դրանց թվում է նաև դեղերի մեծածախ իրացումը: Այս կարգավորումները միտված են կանխել անօրինական և չվերահսկվող գործունեությունն այն ոլորտներում, որոնք կարող են ազդել հասարակության առողջության, կյանքի և տնտեսական կայունության վրա: Հետևաբար, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու արարքի համար օրենքը նախատեսում է պատասխանատվություն. համապատասխանաբար առանց լիցենզիայի դեղերի մեծածախ իրացումը հանգեցնում է ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվության և լիցենզավորման համար գանձվող պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցման:

Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները` բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով և դրանց մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովելու նպատակով, ինչպես նաև սահմանում է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինների և դեղերի շրջանառության սուբյեկտների լիազորություններն այդ ոլորտում (Օրենքի 1-ի հոդված):

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

20) դեղերի շրջանառություն` դեղի ստեղծում կամ նախակլինիկական հետազոտություն կամ կլինիկական փորձարկում կամ ստանդարտացում կամ արտադրություն կամ պատրաստում կամ դեղաբուսական հումքի մշակում կամ որակի հսկողություն կամ գրանցում կամ ներմուծում կամ արտահանում կամ փոխադրում, պահպանում կամ իրացում կամ բաշխում կամ կիրառում կամ արդյունավետության, անվտանգության և կողմնակի ազդեցությունների դիտարկում կամ տեղեկատվության կամ գովազդի տարածում կամ ոչնչացում.

(...)

41) դեղերի մեծածախ իրացում` գործունեության տեսակ, որը ներառում է մատակարարի կողմից դեղ արտադրողից կամ դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջից կամ այլ մատակարարից դեղեր ձեռք բերելը կամ ներմուծելը կամ արտահանելը կամ պահպանելը կամ իրացնելը (բաշխելը), բացառությամբ սպառողներին դեղերի իրացման.

42) մատակարար` սահմանված կարգով մեծածախ իրացման լիցենզիա ստացած իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր.

43) դեղերի մանրածախ իրացում` դեղերի իրացում կամ բաց թողնում սպառողներին:

Օրենքի 25-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի կարող իրականացնել դեղերի մեծածախ իրացում` դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում` լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում):

Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ օրենսդրությամբ սահմանվել են լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակներ, որոնց շարքին են դասվում դեղատնային գործունեությունը և դեղերի մեծածախ իրացումը: Ընդ որում, օրենսդրությամբ հատուկ սահմանվել է դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող սուբյեկտի` դեղերի մեծածախ իրացում իրականացնելու արգելք: Միևնույն ժամանակ օրենսդրությամբ բացահայտվել է նաև դեղերի մեծածախ և մանրածախ իրացման հասկացությունների բովանդակությունը, և սպառողին դեղերի իրացման հանգամանքն օրենսդիրը դասել է դեղերի իրացումը մեծածախ որակելու բացառությունների շարքին` այն դիտարկելով որպես դեղերի մանրածախ իրացում:

Այլ կերպ ասած` դեղերի մանրածախ և մեծածախ իրացման էական տարբերակիչ հատկանիշը դեղերի իրացումը կամ բաց թողումն է սպառողներին, ուստի յուրաքանչյուր դեպքում պարզելու համար, թե դեղերի իրացումն արդյո՞ք համարվում է մանրածախ, թե մեծածախ, կարևոր է բացահայտել դեղը ձեռք բերողի` սպառող լինելու հանգամանքը:

Ինչ վերաբերում է «սպառող» հասկացությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրա եզրութաբանական բովանդակությունը Օրենքում բացահայտված չէ, իսկ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում առկա են տվյալ եզրույթի տարաբնույթ սահմանումներ:

Մասնավորապես` «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են` սպառող` բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացի:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սպառող հասկացությունը բացահայտվել է նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ըստ որի` սպառողը սպառման նպատակով ապրանք ձեռք բերող կամ հնարավոր ձեռք բերող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ պետական մարմինն է:

Այսպիսով պարզ է դառնում, որ`

- դեղերի մեծածախ իրացման սահմանումը նախատեսող, առանց համապատասխան լիցենզիայի դեղերի մեծածախ իրացման գործունեության արգելք և այդ արգելքը չպահպանելու հետևանքով պատասխանատվության միջոց սահմանող նորմատիվ իրավական ակտերը չեն սահմանում «սպառող» հասկացությունը,

- տարբեր նորմատիվ իրավական ակտեր նախատեսում են «սպառող» հասկացության տարբեր բնորոշումներ, մի դեպքում` սպառող է համարվում միայն քաղաքացին (ֆիզիկական անձը), մեկ այլ դեպքում` նաև իրավաբանական անձը կամ պետական մարմինը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե հարկային հարաբերությունները կարգավորող` հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի ու «Դեղերի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ լիցենզավորման ենթակա գործունեությունն առանց լիցենզիայի իրականացնելու համար ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պատասխանատվությունը վրա է հասնում նաև դեղերի մեծածախ իրացումն առանց համապատասխան լիցենզիայի առկայության իրականացնելու համար, որպիսի լիցենզիայի առկայության պահանջը գնահատելու համար կարևորվում է «սպառող» հասկացության բացահայտումը: Վերոնշյալ իրավական ակտերով «սպառող» հասկացության սահմանումը չկա, իսկ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում «սպառող» հասկացության տարբեր սահմանումներ են նախատեսված, հետևաբար` իրավական որոշակիության սկզբունքը և հարկ վճարողի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը պահանջում են սույն հարաբերությունների մեկնաբանումը հօգուտ հարկ վճարողի:

Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեղերի առուվաճառքի գործարքի գնորդի` սպառող չհանդիսանալու վերաբերյալ եզրահանգման գալու համար զուտ գնորդի իրավաբանական անձ լինելը բավարար հանգամանք չէ, քանի որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետի ձևակերպումից պարզ չէ, թե տվյալ պարագայում ով կարող է համարվել սպառող` հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «սպառող» հասկացության տարաբնույթ սահմանումների առկայությունը: Արդյունքում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա դեղերի առուվաճառքի գործարքի վաճառողին պատասխանատվության ենթարկելը և ըստ այդմ` տվյալ անձի սեփականության իրավունքը սահմանափակելը նրա համար, որ դեղերի վաճառք է իրականացրել իրավաբանական անձանց առանց դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի, հակասում է իրավական որոշակիության պահանջին, քանի որ տվյալ անորոշության պատճառով համապատասխան սուբյեկտի, այն է` դեղերի վաճառք իրականացնող սուբյեկտի համար կանխատեսելի չեն իր վարքագծի հնարավոր հետևանքները:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտը և որպես հետևանք` անվավեր ճանաչել Կոմիտեի 11.01.2023 թվականի թիվ 2/4 որոշումը:

Դատարանը հայցը բավարարել է` պատճառաբանելով, որ «(...) Պատասխանողը վարչական վարույթի ընթացքում հաստատված է համարել այն, որ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանն առանց լիցենզիայի առկայության իրականացրել է լիցենզավորման ենթակա` դեղերի մեծածախ իրացում` հիմք ընդունելով այն փաստը, որ 20.06.2022 թվականի թիվ Բ9544007802, Բ7159271344, Բ8535403460, Բ8455912400, Բ1237497929, Բ12947330656, Բ0615182630, Բ5327023443, Բ7240466314, Բ5803188486, Բ7645906914 և Բ5729605881, 05.10.2020 թվականի թիվ Բ3872227204 հաշիվ-վավերագրերով իրացվել են դեղեր: Մինչդեռ դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի կողմից 20.06.2022 թվականի թիվ Բ9544007802, Բ7159271344, Բ8535403460, Բ8455912400, Բ1237497929, Բ12947330656, Բ0615182630, Բ5327023443, Բ7240466314, Բ5803188486, Բ7645906914 և Բ5729605881, 05.10.2020 թվականի թիվ Բ3872227204 հաշիվ-վավերագրերով դեղերի իրացումը չի կարող որակվել որպես դեղերի մեծածախ իրացում, քանի որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որով կհաստատվեր այն փաստը, որ անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանից դեղերը ձեռք են բերվել ոչ թե ներքին սպառման, այլ` դրանց հետագա արտահանման կամ պահպանման կամ իրացման համար: Ավելին` Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավարը 03.04.2023 թվականի թիվ 1803 գրությամբ հայտնել է, որ 20.06.2022 թվականի թիվ Բ9544007802, Բ7159271344, Բ8535403460, Բ8455912400, Բ1237497929, Բ1294730656, Բ0615182630, Բ5327023443, Բ7240466314, Բ5803188486, Բ7645906914, Բ5729605881 և 05.10.2020 թվականի թիվ Բ3872227204 հաշիվ-վավերագրերի համաձայն անհատ ձեռնարկատեր «Մարիամ Բաղդասարյան Ռուբենի»-ի կողմից իրականացվել է դեղորայքի իրացում Աշտարակ համայնքի մանկապարտեզներին, որոնք նախատեսված են եղել մանկապարտեզների շահառուների (երեխաների, աշխատակիցների) անձնական օգտագործման համար, որպիսի փաստարկը հերքող որևէ ապացույց վարչական մարմնի կողմից դատարանին չի ներկայացվել: Ինչ վերաբերում է Պատասխանողի կողմից գրավոր առարկությամբ նշված այն հիմնավորմանը, որ «սպառող» հասկացությունը սահմանված է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում, որի համաձայն` սպառողը բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին է, հետևաբար դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող սուբյեկտը կարող է դեղեր իրացնել կամ բաց թողնել միայն քաղաքացիներին` ապահովելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջներն, ապա դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դեղերի մասին» ՀՀ օրենքով, իսկ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով կարգավորում է սպառողների և արտադրողների (կատարողների, վաճառողների) միջև ապրանքների վաճառքի (աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման) ժամանակ ծագող հարաբերությունները, ուստի դատարանի գնահատմամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի իմաստով «սպառող» կարող է հանդիսանալ ինչպես ֆիզիկական անձը, այնպես էլ իրավաբանական անձը, եթե ձեռք բերված դեղն օգտագործվում է վերջինիս կարիքների համար:»:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը, և Դատարանի 26.07.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` հետևյալ հիմնավորմամբ. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է հետևյալը.

- դեղերի մեծածախ իրացման բնորոշումը պայմանավորված է սպառողներին դեղերի իրացման հանգամանքի բացառման հետ,

- դեղերի մեծածախ իրացման գործունեության արգելք և այդ արգելքը չպահպանելու հետևանքով պատասխանատվության միջոց սահմանող նորմատիվ իրավական ակտերը չեն սահմանում սպառող հասկացությունը,

- տարբեր նորմատիվ իրավական ակտեր նախատեսում են սպառող հասկացության տարբեր բնորոշումներ, մի դեպքում` սպառող է համարվում միայն քաղաքացին (ֆիզիկական անձը), մեկ այլ դեպքում` իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ պետական մարմինը:

Ամփոփելով վերոշարադրյալը, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող սուբյեկտի համար գործող իրավակարգավորումները չէին կարող համարվել այն աստիճանի որոշակի, որպեսզի անձը հնարավորություն ունենա նման կարգավորումների հետ համատեղելու իր վարքագիծը և կանխատեսել համապատասխան վարքագծի` դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի բացակայության պայմաններում իրավաբանական անձին դեղեր օտարելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածով նախատեսված իրավական հետևանքները: Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը նաև գտնում է, որ վիճարկվող վարչական ակտում նշված կազմակերպություններին դեղերի վաճառքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոց կիրառելու համար»:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 01.11.2022 թվականի թիվ 1518373 արձանագրության համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի գործունեության նկատմամբ իրականացվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանը մեծածախ իրացման լիցենզիայի պարտադիր պայմանի ուժի մեջ մտնելուց հետո (15.08.2020 թվականին) 20.06.2022 թվականի թիվ Բ9544007802, Բ7159271344, Բ8535403460, Բ8455912400, Բ1237497929, Բ12947330656, Բ0615182630, Բ5327023443, Բ7240466314, Բ5803188486, Բ7645906914 և Բ5729605881, 05.10.2020 թվականի թիվ Բ3872227204 հաշիվ-վավերագրերով իրականացրել է դեղերի մեծածախ իրացում` չունենալով ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված համապատասխան տեսակի լիցենզիան:

Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտի համաձայն` անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանին գանձման է առաջադրվել 1.000.000 ՀՀ դրամի չափով տուգանք` որպես հարկային պարտավորություն և 100.000 ՀՀ դրամ` օրենքով սահմանված պետական տուրքի գումարի չափով վնասի հատուցում:

Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ տվյալ դեպքում անհատ ձեռնարկատեր Մարիամ Բաղդասարյանի կողմից 20.06.2022 թվականի թիվ Բ9544007802, Բ7159271344, Բ8535403460, Բ8455912400, Բ1237497929, Բ12947330656, Բ0615182630, Բ5327023443, Բ7240466314, Բ5803188486, Բ7645906914 և Բ5729605881, 05.10.2020 թվականի թիվ Բ3872227204 հաշիվ-վավերագրերով իրականացրած դեղերի իրացման գործարքի մյուս կողմում` այսինքն` գնորդի կարգավիճակում, եղել են իրավաբանական անձինք, մասնավորապես` Աշտարակ համայնքի մի քանի մանկապարտեզներ, և իրավաբանական անձի` գործարքի գնորդի կարգավիճակում հանդես գալու հանգամանքը բավարար է եղել Կոմիտեի համար համապատասխան գործարքը որակելու որպես մեծածախ իրացում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վարչական մարմնի այն դիրքորոշումը, որ դեղերի իրացման գործարքների գնորդի ֆիզիկական անձ չլինելը բավարար հանգամանք է ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիան կիրառելու համար, խախտում է ինչպես իրավական որոշակիության պահանջը, այդպես էլ վարչական ակտի հիմնավորված լինելու պահանջը հետևյալ հիմնավորմամբ`

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի համաձայն` գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է վարչական ակտի հիմնավորվածության հարցին` արձանագրելով, որ օրենսդիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն: Օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը, այսինքն` վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները և իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար (տե՛ս, Գիթա Հեյդարիմարանջեհն ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով` գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության և դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզելու այն փաստական և իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տե՛ս, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Իզաբելլա Վանլյանի թիվ ՎԴ/03/2127/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Այսպիսով` հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավական նորմում առկա ամրագրված իրավական հետևանքներն անձի նկատմամբ կիրառելու նախապայման է հանդիսանում իրավական նորմում առկա փաստակազմի առկայության բացահայտումը, որպիսի հանգամանքը պետք է նաև արտացոլվի համապատասխան վարչական ակտում:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, սույն գործի շրջանակներում ձեռնամուխ լինելով գնահատելու վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը, ստուգելով դրա համապատասխանությունն օրենսդրության պահանջներին, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն իրավաչափ են, և Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 14.11.2022 թվականի թիվ 1518373 վարչական ակտն անվավեր է` նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «սպառող» եզրույթի միասնական սահմանման բացակայության պայմաններում դեղերի իրացումը մեծածախ որակելու և այն համապատասխան լիցենզիա պահանջող գործարք համարելու, ու ըստ այդմ` առանց լիցենզիայի համապատասխան գործունեությունն իրականացնելու դեպքում ՀՀ հարկային օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու համար բավարար չէ միայն այն հանգամանքը, որ դեղն իրացվել է իրավաբանական անձանց առանց դեղերի մեծածախ իրացման լիցենզիայի առկայության:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը և Դատարանի 26.07.2023 թվականի վճիռը թողնելով անփոփոխ, կայացրել է իրավաչափ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 03.05.2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071809979744

 

pin
Վճռաբեկ դատարան
09.07.2025
N ՎԴ/1012/05/23
Որոշում