(ճանաչվել է անվավեր 08.02.05 թիվ 17-Ն հրաման)
i
320.0003.050203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«05» 02 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32003041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
10 հունվարի 2003 թվականի N 3-Ն
ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկայի համամասնական զարգացման և միջազգային պահանջներին համապատասխան ավիափոխադրումների իրականացման, ինչպես նաև օդային տրանսպորտի բնագավառում մենաշնորհի բացառման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
ա) «Չվացուցակի ենթակա օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման մրցութային կարգի պահանջների և պայմանների կանոնակարգ»-ը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Չվացուցակի ենթակա օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունների տրման մրցույթին մասնակցելու համար ներկայացվող հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Չվացուցակի ենթակա օդային հաղորդակցությունների իրականացման միջազգային օդային ուղու շահագործման թույլտվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լիցենզավորման հանձնաժողովին.
- կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրման գործընթացը կազմակերպել սույն կանոնակարգի համաձայն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության
2003 թվականի հունվարի 10-ի
N 3-Ն հրամանի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Չվացուցակի ենթակա օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները տրվում են` «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն:
2. Չվացուցակի ենթակա օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները մրցութային կարգով տալու նպատակն է`
- միջազգային չափանիշներին համապատասխան թռիչքների անվտանգության ապահովումը,
- ավիափոխադրումների շուկայի համամասնական զարգացման և ուղևորների սպասարկման միջազգային պահանջների ապահովումը,
- ուղևորային և բեռնային ավիափոխադրումների իրականացման լավագույն պայմանների ստեղծումը,
- չվերթերի իրականացման կանոնավորության ապահովումը և սպասարկման որակի բարձրացումը,
- ավիափոխադրողների համար հավասար պայմանների ստեղծումը, ավիափոխադրումների շուկայի կարգավորումը և մենաշնորհի բացառումը,
- օդանավ շահագործողների հնարավորություններին և չվերթերի առանձնահատկություններին համապատասխան ավիափոխադրումների շուկայի բաշխման և վերահսկողության իրականացումը,
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիափոխադրողների գործունեության զարգացումը և դրան նպաստումը:
3. Օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները տրվում են մինչև 2 (երկու) տարի գործողության ժամկետով:
4. Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետև` գլխավոր վարչություն) կողմից տրված և գործող օդանավ շահագործողի սերտիֆիկատ և ավիափոխադրողի սերտիֆիկատ (մասնագիր), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) եռանիշ կոդ, Ավիացիոն տրանսպորտի միջազգային գործակալության (ԻԱՏԱ) կոդ և չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի գործունեության լիցենզիա ունեցող օդանավ շահագործողները:
5. Մրցույթի մասին զանգվածային լրատվամիջոցներով գլխավոր վարչության կողմից հայտարարություն տրվում է`
- օդային փոխադրումների իրականացման վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերով նախատեսվող երթուղիների իրականացման անհրաժեշտության կամ չշահագործվող երթուղիների առկայության դեպքում,
- ամառային կամ ձմեռային չվացուցակի հաստատելուց առաջ, տվյալ կանոնակարգով նախատեսվող ժամկետներում,
- տվյալ չվերթը իրականացնող օդանավ շահագործողի կողմից սպասարկման համար անհրաժեշտ պայմանները չբավարարելու կամ այլ պատճառներով միջազգային նորմերին համապատասխան չվերթի իրականացումը չապահովելու դեպքում:
6. Մրցույթի մասին հայտարարություն տրվում է ամառային, ձմեռային չվացուցակի հաստատումից ոչ պակաս, քան 4 (չորս) ամիս առաջ:
7. Մրցույթի մասին տրվող հայտարարության մեջ նշվում են`
ա) մրցույթի ներկայացված օդային հաղորդակցության ուղղությունները (երթուղիները),
բ) նախատեսվող երթուղու իրականացման շաբաթական նվազագույն հաճախականությունը,
գ) լրացուցիչ տեղեկություններ ստանալու աղբյուրը (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ):
8. Մրցույթն անցկացվում է հրապարակային կարգով:
2. ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏ
9. Չվացուցակի ենթակա օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություն ստանալու մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է գրավոր հայտ (Հավելված N 2) կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները`
- օդանավ շահագործողի կողմից շահագործվող օդանավերի տիպերը, քանակը, որոնցով նախատեսվում են իրականացնել չվերթերն ու տեխնիկական կամ այլ պատճառներով դրանց փոխարինելու համար առկա պահուստային օդանավերի վերաբերյալ տեղեկատվություն,
- տվյալ չվերթի իրականացման համար օդանավերի միջազգային պահանջներին համապատասխանող տեխնիկական անհրաժեշտ սարքավորումների առկայության և տեխնիկական սպասարկման վերաբերյալ տեղեկանք,
- օդանավերում ուղևորների սպասարկման ստանդարտների, ինչպես նաև առաջարկվող այլ սպասարկումների մասին տեղեկություններ,
- տեղեկություններ հայտավորված միջազգային օդային ուղու շահագործման ֆինանսական ապահովվածության մասին,
- միջազգային օդային ուղու շահագործման ծրագիր` համապատասխան տեխնիկա-տնտեսական հիմնավորումով և չվացուցակի նախագծով,
- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիր, եթե տվյալ երթուղու համար կան առանձնահատուկ պահանջներ,
- օդանավերի, անձնակազմերի, ուղևորների, ուղեբեռի և երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրությունն հաստատող փաստաթղթեր, որոնք բավարար են օդանավերի շահագործման ընթացքում հնարավոր վնասի փոխհատուցման համար,
- տեղեկություններ ավիատոմսերի վաճառքի ցանցի վերաբերյալ:
10. Վերը նշված պարտադիր տեղեկություններից բացի, օդանավ շահագործողները կարող են ներկայացնել նաև այլ տեղեկություններ, որոնք ըստ հայտատուի կարող են կարևոր լինել և նպաստել միջազգային օդային ուղու շահագործման թույլտվություն ստանալու գործընթացին:
3. ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
11. Հայտերի քննարկումը, մրցույթի արդյունքների ամփոփումը և որոշումների ընդունումն իրականացնում է գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծված, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան դրույթների համաձայն գործող հանձնաժողովը:
12. Հայտերի ընդունման և քննարկումների նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է գլխավոր վարչության համապատասխան բաժինը, գլխավոր վարչության պետի հրամանի համաձայն:
13. Հայտերի ընդունման, քննարկման, մերժման, ինչպես նաև միջազգային օդային ուղու շահագործման թույլտվության հատկացման, դրանց կասեցման և այլ գործընթացներն իրականացվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:
14. Հանձնաժողովը մրցույթին մասնակցելու հայտը, անհրաժեշտ փաստաթղթերն ու մրցութային առաջարկը ընդունում է մրցույթի մասին տեղեկատվությունը հրապարակելու օրվանից սկսած 25 (քսանհինգ) օրվա ընթացքում, առձեռն` ստացականով:
15. Հայտը, անհրաժեշտ փաստաթղթերը և մրցույթի առաջարկը ընդունելիս, դրանցում առկա թերությունների մասին հայտնում է դիմողին, այդ մասին նշում կատարելով ստացականում:
16. Հայտը և մրցութային առաջարկի օրինակները դիմողի ներկայությամբ ծրարվում են և կնքվում գլխավոր վարչության և դիմողի կնիքներով: Մրցութային առաջարկը ծրարելիս արգելվում է ծանոթանալ նրա բովանդակությանը:
17. Մրցույթի մասնակից է համարվում այն իրավաբանական անձը, որը ժամանակին և սահմանված կարգով ներկայացրել է հայտ, անհրաժեշտ փաստաթղթեր և մրցութային առաջարկ: Դիմողը մրցույթի մասնակից չի համարվում, եթե փաստաթղթերում առկա թերությունները չեն շտկվել ստացականը ստանալուն հաջորդող հինգ օրվա ընթացքում:
18. Հանձնաժողովը հայտերը քննարկում է զանգվածային լրատվամիջոցներով մրցույթ հայտարարելուց հետո 30 (երեսուն)-ից 40 (քառասուն)-րդ օրերի ընթացքում, դռնբաց նիստում, քննարկման օրվա, ժամի և վայրի մասին գրավոր ծանուցելով մասնակցին:
19. Նիստին չներկայացած մասնակցի հայտը քննության չի առնվում:
20. Մասնակիցների մրցութային առաջարկների հրապարակումից և դրանք հայտատուի կողմից ներկայացնելուց հետո, լիցենզավորման հանձնաժողովի անդամներին ժամանակ է տրվում առաջարկների ուսումնասիրության, անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվության համար:
21. Ըստ հայտերը քննարկելու հաջորդականության իրականացվում է վարկանիշային հինգ բալանոց սանդղակով բաց քվեարկություն:
22. Քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվում առավել բալեր հավաքած օդանավ շահագործողը: Հավասար բալերի դեպքում լիցենզավորման հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
4. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
23. Մրցույթի արդյունքների ամփոփման արդյունքում, հաղթող օդանավ շահագործողին տրվում է միջազգային օդային ուղու շահագործման թույլտվություն (Հավելված N 3):
24. Չվացուցակի ենթակա օդային հաղորդակցության թույլտվություն ստացած օդանավ շահագործողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից տվյալ երթուղին շահագործող նշանակված ավիափոխադրող, ինչի մասին հաղորդվում է տվյալ երկրի ավիացիայի բնագավառի պետական կառավարման մարմնին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
25. Միջազգային օդային ուղու շահագործման թույլտվություն ստացած օդանավ շահագործողը իրավունք է ստանում նաև տվյալ ուղղությամբ իրականացնել լրացուցիչ և ոչ կանոնավոր (չարտերային) չվերթեր, ստանալով համապատասխան երկրի թույլտվությունը, «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
26. Հատկացված թույլտվությունները գործողության մեջ մտնելու օրվանից 1 (մեկ)-ամսյա ժամկետում տվյալ թույլտվությամբ նախատեսվող չվերթը չկատարելու դեպքում, այն ճանաչվում է անվավեր և հայտարարվում է տվյալ ավիաերթուղու շահագործման նոր մրցույթ, գլխավոր վարչության կողմից նախատեսված ժամկետներում:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության
2003 թվականի հունվարի 10-ի
N 3-Ն հրամանի
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր Քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ
պարոն ________________________ին
_____________________________ ից
(Օդանավ շահագործողի անվանումը)
ՀԱՅՏ
_________________________________________________ հիման վրա գործող,
(Կանոնադրություն)
թիվ _________________ օդանավ շահագործողի և ավիափոխադրողի սերտիֆիկատի
(Համարները և տրման ամսաթվերը)
(մասնագրի) ունեցող ________________________________ օդանավ շահագործողը
(Օդանավ շահագործողի անվանումը)
ներկայացնում է հայտ մասնակցելու ______________________________ օդային
(Երթուղին, միջանկյալ կետերը)
հաղորդակցության երթուղու շահագործման թույլտվություն ստանալու մրցույթին:
Ավիափոխադրումը կատարվելու է _______________________ տիպի օդանավերով,
(Նշվում է օդանավերի տիպերը)
ուղևորներին տրամադրելով` _________________________________________:
(Սպասարկումներ և ծառայություններ)
Թռիչքների կատարման նվազագույն շաբաթական հաճախականությունները`
- ձմեռային շրջանում շաբաթական ___________ չվերթ,
- ամառային շրջանում շաբաթական ___________ չվերթ:
Տրված օդային ուղու շահագործման ընթացքում օդանավ շահագործողը պարտավորվում է կատարել թռիչքների անվտանգության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջները, ուղևորների և բեռնային փոխադրումների սահմանված կարգով սպասարկումը, երաշխավորում է ուղևորների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումը:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության
2003 թվականի հունվարի 10-ի
N 3-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ REPUBLIC OF ARMENIA GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION __________________________________________________
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
PERMISSION FOR OPERATION OF INTERNATIONAL AIR ROUTE
R N 000/00
Ավիաընկերություն` Ավիաընկերության անվանումը
Aircompany: Name of Airline
Գտնվելու վայրը` ....................................
Location: ....................................
Երթուղի` ....................................
Route: ....................................
Կետեր և միջանկյալ կետեր` ...............................
Points and intermediate points: ...............................
Թռիչքի տեսակը` Կանոնավոր
Flight type: Regular
Օդանավերի տիպերը` ...............................
Aircraft types: ...............................
Փոխադրումների տեսակը` ...............................
Type of conveyance: ...............................
Թույլտվության գործողության
ժամկետը` ...............................
Permission validity: ...............................
Հաճախականությունը` Շաբաթական ........... չվերթ
Frequency: ........... flights per week
Տրման ամսաթիվը` ...............................
Date of issue: ...............................
ՍՈՒՅՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՇԱՀԱԳՈՐԾՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ,
ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԻ (ՄԱՍՆԱԳԻՐ), ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ:
THIS PERMISSION IS VALID UPON THE AVAILABILITY OF THE AIR OPERATOR CERTIFICATE, AIR CARRIER CERTIFICATE (ANNEX), SPECIAL SUPPLEMENTARY REGULATIONS ON OPERATIONS AND LICENSE FOR SCHEDULED FLIGHTS.
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ __________________ ..........................
(Ստորագրություն)
DIRECTOR GENERAL __________________ ..........................
(Signature)
Կ.Տ.
Seal