i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ձգտելով խորացնել երկու երկրների բարեկամությունն ու համագործակցությունը,
համարելով, որ մշակույթի բնագավառում համագործակցությունը կնպաստի երկու ժողովուրդների փոխըմբռնման հետագա ամրապնդմանը,
հավաստելով իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային այլ փաստաթղթերի սկզբունքներին և նպատակներին,
 
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
 
ՀՈԴՎԱԾ 1
 
Կողմերը կնպաստեն միմյանց միջև համագործակցության զարգացմանը մշակույթի, գիտության, տեխնիկայի, կրթության և լուսավորության, սպորտի, զբոսաշրջության, մարդասիրական կապերի մյուս բնագավառներում, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գծով` ներառյալ երիտասարդական, ստեղծագործական միությունները, ասոցիացիաները և հիմնադրամները:
 
ՀՈԴՎԱԾ 2
 
Կողմերը գիտության և կրթության բնագավառներում համագործակցությանը նպաստելու նպատակով իրենց հնարավորությունների սահմաններում`
կզարգացնեն համագործակցությունը կառավարական կազմակերպությունների, գիտությունների ակադեմիաների, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, ուսումնական և գիտահետազոտական այլ հաստատությունների միջև,
կաջակցեն համատեղ գիտական ուսումնասիրությունների անցկացմանը, համատեղ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև գիտատեխնիկական համագործակցության արդյունավետ այլ ձևերի մշակմանը, այդ թվում` իրենց ժողովուրդների պատմության և մշակույթի բնագավառում գիտական ուսումնասիրությունների զարգացմանը,
կնպաստեն դասախոսություններով հանդես գալու, գիտական հետազոտություններ անցկացնելու, գիտաժողովներին, վեհաժողովներին, կոնֆերանսներին, սեմինարներին մասնակցելու, ինչպես նաև ծանոթացման նպատակներով մասնագետների, գիտնականների և դասախոսների փոխայցելություններին,
կխրախուսեն ուսման, վերապատրաստման, սեմինարներին մասնակցելու և գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով ուսանողների, ասպիրանտների և փորձնակների փոխանակումները, մի Կողմի գիտական և ուսումնական հաստատություններում ուսումնառության կամ գիտելիքների կատարելագործման նպատակով գտնվող մյուս Կողմի անձանց կտրամադրեն թոշակներ,
կզարգացնեն գիտական, մանկավարժական և մեթոդական գրականության, ուսումնական և ցուցադրական ձեռնարկների, ուսումնական ֆիլմերի փոխանակումները:
 
ՀՈԴՎԱԾ 3
 
Կողմերը կհամագործակցեն բնագիտական և հումանիտար առարկաների դպրոցական ծրագրերի և դասագրքերի մշակման գործում:
 
ՀՈԴՎԱԾ 4
 
Կողմերը կուսումնասիրեն համալսարանների և այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների վկայագրերի և գիտական աստիճանների փոխադարձաբար ճանաչման հարցը` դրանց համարժեքության մասին համաձայնության գալու նպատակով:
 
ՀՈԴՎԱԾ 5
 
Կողմերը կխրախուսեն և կօժանդակեն մի Կողմի կրթական համակարգի համապատասխան ստորաբաժանումներում մյուս Կողմի ժողովուրդների լեզվի դասավանդմանը նպաստող միջոցները:
 
ՀՈԴՎԱԾ 6
 
Կողմերը կաջակցեն համագործակցությանը արվեստի և գրականության, պատմության և մշակութային հուշարձանների պահպանության, վերականգնման և նպատակահարմար օգտագործման, ինքնագործ ստեղծագործության, ժողովրդական արհեստների ու մշակութային գործունեության այլ բնագավառներում, կխրախուսեն այցելությունները և այլ շփումները, աջակցություն կցուցաբերեն`
1) գեղարվեստական կոլեկտիվների, խմբերի և անհատ կատարողների համերգային հյուրախաղերի, թատերական ներկայացումների և գեղարվեստական այլ ծրագրերի կազմակերպմանը` անկախ այն բանից` դրանք իրականացվում են կազմակերպությունների և հաստատությունների միջև կնքված համաձայնագրերի հիման վրա, թե կոմերցիոն ճանապարհով,
2) նկարիչների, ճարտարապետների, քանդակագործների, երգահանների, գրողների, լրագրողների, գրահրատարակչական գործի աշխատողների, գրադարանների, թանգարանների, արխիվների և մշակույթի մյուս բնագավառների ներկայացուցիչների փոխայցելություններին` ծանոթացման կամ փորձի փոխանակման նպատակով,
3) ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, դասախոսությունների և զեկուցումների կազմակերպմանը, գեղարվեստական, գիտական և մասնագիտական գրականության թարգմանությունների հրապարակմանը, արխիվային նյութերի և միկրոֆիլմերի, գրքերի, ձայնապնակների, տեսալսողական այլ նյութերի փոխանակմանը:
 
ՀՈԴՎԱԾ 7
 
Կողմերից յուրաքանչյուրը իր քաղաքացիների համար կապահովի մյուս Կողմի մշակութային նվաճումների, մասնավորապես, պատմականորեն գոյացած մշակութային արժեքների ժողովածուներին, հավաքածուներին հաղորդակցվելու լայն հնարավորություն:
Կողմերը կնպաստեն մշակույթի բնագավառի կադրերի պատրաստման, շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների միջև փորձի փոխանակման նպատակով համագործակցության զարգացմանը:
 
ՀՈԴՎԱԾ 8
 
Կողմերը կհամագործակցեն մշակույթի նյութատեխնիկական բազայի զարգացման հարցերում, կփոխանակեն նոր տեխնոլոգիաներ, փոխշահավետ հիմունքներով կիրականացնեն սարքավորումների և տեխնիկական միջոցների մատակարարումը մշակույթի և արվեստի հիմնարկներին:
 
ՀՈԴՎԱԾ 9
 
Կողմերը կնպաստեն համագործակցությանը կինոյի ասպարեզում և այդ նպատակով կխրախուսեն, մասնավորապես, կինոշաբաթների և նախնական ցուցադրումների անցկացումը, գեղարվեստական, փաստագրական և ժամանակագրական ֆիլմերի փոխանակումը, գեղարվեստական և փաստագրական ֆիլմերի համատեղ արտադրությունը, ինչպես նաև Կողմերի տարածքներում անցկացվող միջազգային կինոփառատոներին փոխադարձ մասնակցությունը:
Կողմերը կնպաստեն կինոկազմակերպությունների և կինոարտադրողների միջև անմիջական համագործակցությանը, կինոգործիչների և առանձին մասնագետների պատվիրակությունների փոխանակմանը:
Կողմերը կաջակցեն լուսանկարչության ոլորտում համագործակցության զարգացմանը:
 
ՀՈԴՎԱԾ 10
 
Կողմերից յուրաքանչյուրը կխրախուսի փոխանակումները գրահրատարակչության ասպարեզում և կաջակցի իր տարածքում մյուս Կողմի տպագիր արտադրանքի տարածմանը, բազմակողմանի աջակցություն կցուցաբերի գրական ստեղծագործությունների թարգմանության, միջգրադարանային կապերի, գրողների և լրագրողների, հրատարակչությունների և խմբագրությունների նյութերի փոխանակման, քաղաքական, տնտեսական, մշակութային, գիտական կյանքը լուսաբանող նյութերի հրատարակման գործին:
 
ՀՈԴՎԱԾ 11
 
Կողմերը կաջակցեն իրենց երկրների համապատասխան հեղինակային-իրավական կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանը:
 
ՀՈԴՎԱԾ 12
 
Կողմերը կխրախուսեն փոխադարձ հիմունքներով երիտասարդական փոխանակումները: Դրանք կիրականացվեն խմբային և անհատական հիմունքներով:
 
ՀՈԴՎԱԾ 13
 
Կողմերը իրենց երկրների իրավասու կազմակերպությունների միջոցով կխրախուսեն փոխանակումները սպորտի և սպորտային ենթակառույցների ոլորտում, մասնավորապես, ղեկավարների, մարզիկների, մարզիչների, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի այլ մասնագետների փոխանակումները:
 
ՀՈԴՎԱԾ 14
 
Կողմերը կխրախուսեն զբոսաշրջային փոխանակումները, կնպաստեն անհատական և խմբային զբոսաշրջային ուղևորությունների զարգացմանը` մասնավորապես կապված մշակութային և սպորտային միջոցառումների, ինչպես նաև ծանոթության և հանգստի նպատակով:
Կողմերը կաջակցեն փորձի և տեղեկության փոխանակմանը, ինչպես նաև զբոսաշրջային գոտիների և հյուրանոցների բարեկարգման, համապատասխան անձնակազմի պատրաստման ոլորտում համագործակցությանը:
 
ՀՈԴՎԱԾ 15
 
Կողմերը կաջակցեն ռադիոհաղորդումների և հեռուստատեսության բնագավառում համագործակցությանը, մասնավորապես, հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ծրագրերի փոխանակմանը, հեռուստաֆիլմերի համատեղ արտադրությանը, հեռուստաֆիլմերի ու ռադիոծրագրերի արտադրման ընթացքում ծառայությունների մատուցման գործին:
Կողմերը կխրախուսեն ռադիոյի և հեռուստատեսության համապատասխան կազմակերպությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև պատվիրակությունների և առանձին մասնագետների փոխանակումները:
 
ՀՈԴՎԱԾ 16
 
Կողմերը կսատարեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով իրենց ազգային հանձնաժողովների համագործակցությանը` նկատի ունենալով բազմակողմանի հիմունքներով մշակութային փոխանակումների զարգացումը:
 
ՀՈԴՎԱԾ 17
 
Կողմերը կնպաստեն մյուս Կողմի տեղեկատվական գործակալությունների, մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության թղթակցական կետերի ստեղծմանն ու գործունեությանը:
 
ՀՈԴՎԱԾ 18
 
Կողմերը կզարգացնեն համագործակցությունը իրենց մշակութային և գեղարվեստական արժեքների, ներառյալ պատմական և կրոնական հուշարձանները և օբյեկտները, փոխադարձաբար պահպանության և գրանցման հարցերում:
Կողմերը բարի կամքի դրսևորման սկզբունքով և բանակցությունների միջոցով կլուծեն կորսված կամ անօրինականորեն արտահանված և մյուս Կողմի տարածքում հայտնաբերված արվեստի գործերի հետ կապված հարցերը:
Այս կամ այն մշակութային և պատմական արժեքի սեփականության մասին վիճելի հարցեր ծագելու դեպքում Կողմերը պարտավորվում են լուծել դրանք առանձին արձանագրությունների հիման վրա:
 
ՀՈԴՎԱԾ 19
 
Կողմերը կհամագործակցեն առողջապահության և շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառներում, կխրախուսեն պրակտիկ և գիտական աշխատանքի փորձի փոխանակումները, բժիշկների և մասնագետների փոխայցելությունները, ինչպես նաև համագործակցությունը տեխնիկայի և սարքավորումների փոխանակումների գործում:
 
ՀՈԴՎԱԾ 20
 
Կողմերը կխրախուսեն համագործակցությունը ոչ կառավարական կազմակերպությունների միջև և միջոցառումների անցկացումը, որոնք ծառայում են սույն Համաձայնագրի նպատակներին:
 
ՀՈԴՎԱԾ 21
 
Սույն Համաձայնագրի նպատակների իրագործման համար Կողմերը կհամաձայնեցնեն համագործակցության կարճաժամկետ ծրագրերը:
Այդ ծրագրերում տեղ չգտած միջոցառումների անցկացումը չի բացառվում, եթե դրանք իրենց բնույթով համապատասխանում են սույն Համաձայնագրի խնդիրներին:
Համագործակցության բովանդակությունը, նրա տնտեսական և կազմակերպական պայմանները անմիջականորեն կհամաձայնեցվեն համագործակցության սուբյեկտների կողմից` առանձին համաձայնագրերի հիման վրա:
 
ՀՈԴՎԱԾ 22
 
Կողմերը կստեղծեն ընդհանուր կամ միջգերատեսչական խառը հանձնաժողովներ, որոնք համագործակցության ծրագրի գործունեության ժամկետի ընթացքում կհավաքվեն ոչ պակաս, քան մեկ անգամ` հաջորդաբար երկու երկրներում:
Խառը հանձնաժողովների անդամները կնշանակվեն ըստ յուրաքանչյուր Կողմի գործող օրենսդրության: Նիստերում կնախագահի ընդունող Կողմի ներկայացուցիչը:
Իրենց նիստերում խառը հանձնաժողովները ի մի կբերեն փոխանակումների և համագործակցության արդյունքները, կմշակեն կարճաժամկետ ծրագրեր, կհամաձայնեցնեն դրանց իրագործման տեխնիկական և ֆինանսական պայմանները:
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ խառը հանձնաժողովների նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ծրագրերի մեջ կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:
Ծրագրերի գործողության ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ Կողմերը փոխանակում են իրենց նոր ծրագրերի նախագծերը:
 
ՀՈԴՎԱԾ 23
 
Սույն Համաձայնագրի կենսագործման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը Կողմերը լուծում են խորհրդակցությունների միջոցով:
 
ՀՈԴՎԱԾ 24
 
Կողմերը կխրախուսեն իրենց երկրների մասնագետների և գիտնականների մասնակցությունը մյուս Կողմի մշակութային և գիտատեխնիկական ծրագրերի իրագործմանը, ինչպես նաև մասնագետներին և գիտնականներին պայմանագրային հիմունքներով երկարաժամկետ աշխատանքի հրավիրելը:
 
ՀՈԴՎԱԾ 25
 
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է հինգ տարի ժամկետով: Համաձայնագրի գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի, ամեն անգամ` ևս հինգ տարով, եթե Կողմերից ոչ մեկը հաջորդ հնգամյա ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
 
Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
 
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի օգոստոսի 24-ից: