Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

նպատակ ունենալով սերտացնել երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը և ստեղծել բարենպաստ պայմաններ Հայաստանում ֆրանսիական կապիտալ ներդրումների և Ֆրանսիայում հայկական կապիտալ ներդրումների համար,

համոզված լինելով, որ այդ կապիտալ ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը կխթանեն կապիտալի և տեխնոլոգիայի փոխանցումներին այդ երկու երկրների միջև` իրենց տնտեսության զարգացման շահերին համապատասխան,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Համաձայնագրի կիրառման համար.

1. «ներդրում» տերմինը նշանակում է ունեցվածքի բոլոր տեսակները, ինչպիսիք են գույքը, իրավունքները, ցանկացած բնույթի շահերը` մասնավորապես, բայց ոչ բացառապես`

ա) շարժական և անշարժ գույքը, ինչպես նաև իրական որևէ գույքի ամրագրված իրավունքները, ինչպիսիք են` հիպոթեքային (անշարժ գույքի գրավադրման փոխառություն), արտոնությունը (պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքի տեսակետից), ուզուֆրուկտը (ուրիշի գույքին առանց վնաս հասցնելու օգտագործման իրավունք), գրավը և նմանատիպ այլ իրավունքներ,

բ) բաժնետոմսերը, բաժնետոմսերի հավելավճարները և Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում հիմնված ընկերություններում սակավադեպ և անուղղակի մասնակցության այլ ձևերը,

գ) պարտատոմսերը, հավատարմագրերը և տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության գծով պահանջների իրավունքը,

դ) մտավոր, առևտրային և արտադրական սեփականության իրավունքները, ինչպիսիք են հեղինակային իրավունքները, հայտնագործության պատենտները, արտոնագրերը, ապրանքանիշները, արտադրական մոդելը և մանրակերտը, տեխնիկական գործընթացը, նոու-հաուն, առևտրական անվանումը և պատվիրատուների շրջանակը,

ե) կոնցեսիաները, որոնք հաստատված են օրենքով կամ պայմանագրով, ներառյալ բնական ռեսուրսների հետախուզման, մշակման, արդյունահանման և շահագործման, այդ թվում` Պայմանավորվող կողմերի ծովային տարածքներում գտնվող կոնցեսիաները:

Ներդրումներ ասելով նկատի են առնվում այն կապիտալ ներդրումները, որոնք կատարվել են կամ կարող են կատարվել սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ կամ հետո` համաձայն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության, որի տարածքում կամ ծովային գոտում կատարվել է կապիտալ ներդրումը:

Ներդրումների ձևի որևէ փոփոխություն չպիտի բացասաբար անդրադառնա ներդրման բնույթի վրա` պայմանով, որ նման փոփոխությունները չեն հակասի այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, որի տարածքում կամ ծովային գոտում կատարվել են կապիտալ ներդրումները:

2. «Քաղաքացիներ» տերմինը նշանակում է որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացիությունը ներկայացնող ֆիզիկական անձինք:

3. «Ընկերություն» տերմինը նշանակում է որևէ իրավաբանական անձ, որը հաստատված է մի Պայմանավորվող կողմի տարածքում` համաձայն այդ Կողմի օրենսդրության, ունի իր գլխամասային գրասենյակը այդ Կողմի տարածքում, ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում է մի Կողմի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից, որոնք ունեն իրենց գլխամասային գրասենյակը այդ Կողմի տարածքում և հաստատված են համաձայն այդ Կողմի օրենսդրության:

4. «Հասույթ» տերմինը նշանակում է կապիտալ ներդրումների արդյունքում գոյացած բոլոր գումարները որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ինչպիսիք են` շահույթները, տուրքերը և տոկոսները:

Ներդրումից ստացված հասույթները և, վերաներդրման դեպքում, վերաներդրումից ստացված հասույթները կպաշտպանվեն այնպես, ինչպես պաշտպանվում են կապիտալ ներդրումները:

5. Սույն Համաձայնագիրը կկիրառվի յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքում, ինչպես նաև ծովային գոտում, որը այսուհետև կսահմանվի որպես տնտեսական գոտի, և յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի տարածքային ջրերից դուրս գտնվող կոնտինենտալ շելֆում, որի նկատմամբ Պայմանավորվող կողմերը, ըստ միջազգային իրավունքի նորմերի, ունեն ինքնիշխան իրավունքներ և բնական ռեսուրսների հետախուզման, շահագործման ու պահպանման իրավասություն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում և ծովային գոտում կընդունի և կխրախուսի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից կատարված կապիտալ ներդրումները` համաձայն իր օրենսդրության և սույն Համաձայնագրի դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Պայմանավորվող կողմերը, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների, պարտավորվում են երկուստեք ազնիվ և անաչառ վերաբերմունք ցուցաբերել իրենց տարածքում և ծովային գոտում միմյանց քաղաքացիների կամ ընկերությունների կատարած կապիտալ ներդրումների հանդեպ և պետք է երաշխավորեն, որ սույնով ճանաչվող իրավունքի կիրարկումը չի խոչընդոտվի դե յուրե կամ դե ֆակտո: Մասնավորապես և ոչ բացառապես դե յուրե կամ դե ֆակտո ազնիվ ու անաչառ վերաբերմունքին խանգարող խոչընդոտ պետք է ճանաչվի այն ամենը, ինչը որևէ կերպ կսահմանափակի հումքի և օժանդակ նյութերի, էներգիայի և վառելիքի, ինչպես նաև մյուս բոլոր տեսակի արտադրության և շահագործման միջոցների գնման ու փոխադրման գործառնությունները, այն ամենը, ինչը կխոչընդոտի երկրի ներսում կամ նրա սահմաններից դուրս ապրանքների վաճառքին կամ փոխադրմանը, ինչպես նաև նմանատիպ ներգործություն ունեցող որևէ այլ միջոցառման:

Իրենց ներքին օրենսդրությունների շրջանակներում Պայմանավորվող կողմերը պետք է բարյացակամորեն քննարկեն միմյանց քաղաքացիների մուտքի, աշխատանքի և տեղաշարժման թույլտվության վերաբերյալ պահանջները, որոնք առնչվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում և ծովային գոտում իրենց կատարած կապիտալ ներդրումներին:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում և ծովային գոտում կատարած կապիտալ ներդրումների և դրանց հետ կապված գործունեության կապակցությամբ մյուս Կողմի քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ պետք է ցուցաբերի ոչ պակաս բարյացակամ վերաբերմունք, քան ցուցաբերում է իր քաղաքացիների և ընկերությունների հանդեպ, կամ` այնպիսի վերաբերմունք, որը ցուցաբերվում է առավել նպաստավոր պայմաններից օգտվող երկրի քաղաքացիների կամ ընկերությունների հանդեպ, եթե վերջինս ավելի բարյացակամ է, քան իր քաղաքացիների հանդեպ ցուցաբերվելիք վերաբերմունքը: Այս կապակցությամբ այն քաղաքացիները, որոնք լիազորված են աշխատելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ ծովային գոտում, կօգտվեն իրենց մասնագիտական գործունեության ծավալման հետ կապված բոլոր նյութական առավելություններից:

Այս վերաբերմունքը չի ընդգրկում այն արտոնությունները, որոնք մի Պայմանավորվող կողմը սահմանում է մի երրորդ կողմ պետության քաղաքացիների կամ ընկերությունների համար` ելնելով ազատ առևտրի գոտում, մաքսային միությունում, ընդհանուր շուկայում կամ որևէ այլ տարածաշրջանային տնտեսական կազմակերպությունում իր մասնակցության կամ համագործակցության դրույթներից:

Այս հոդվածի դրույթները չեն վերաբերում հարկային հարցերին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ ծովային գոտում կատարված կապիտալ ներդրումները պետք է լիովին ու ամբողջապես օգտվեն պաշտպանությունից և անվտանգությունից` սույն Համաձայնագրի սկզբունքներին համապատասխան:

2. Պայմանավորվող կողմերից ոչ մեկը չպետք է ձեռնարկի սեփականության օտարման կամ պետականացման որևէ միջոցառում, որի արդյունքում մյուս կողմի ընկերություններն ու քաղաքացիները ուղղակի կամ անուղղակի կերպով կզրկվեն իրենց պատկանող ներդրումներից տվյալ Պայմանավորվող կողմի տարածքում կամ ծովային գոտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա արվում է հասարակական շահերից ելնելով` պայմանով, որ այդ միջոցառումները չլինեն խտրական կամ չհակասեն այս կամ այն ստանձնած պարտավորությանը:

Առգրավման բոլոր միջոցառումները պետք է հարուցեն արագ համապատասխան փոխհատուցում, որը պետք է հավասար լինի կատարված կապիտալ ներդրումների իրական արժեքին և պետք է գնահատվի առգրավման սպառնալիքին նախորդող ժամանակահատվածում` առկա բնականոն տնտեսական իրավիճակի հիման վրա:

Նշված փոխհատուցումը, դրա գումարները և վճարման պայմանները պետք է սահմանվեն ոչ ուշ, քան մինչև սեփականության օտարման օրը: Սույն փոխհատուցումը պետք է լինի արդյունավետ իրագործելի, վճարվի առանց որևէ հապաղման և լինի ազատ փոխարկելի: Այն պետք է հաշվարկվի մինչև վճարման օրը` շուկայական տոկոսադրույքների չափերին համապատասխան:

3. Մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներն ու ընկերությունները, որոնց կատարած կապիտալ ներդրումները վնասներ են կրել մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ ծովային գոտում ծագած պատերազմի կամ որևէ այլ զինված հակամարտության, հեղափոխության, ապստամբության և երկրում արտակարգ իրավիճակի հետևանքով, պետք է արժանանան ոչ պակաս բարյացակամ վերաբերմունքի, քան նրա սեփական կամ առավել բարենպաստ պայմաններից օգտվող երկրի քաղաքացիների կամ ընկերությունների հանդեպ ցուցաբերվողն է:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որի տարածքում կամ ծովային գոտում կապիտալ ներդրումներ են կատարվել մյուս Կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից, վերջիններիս համար պետք է երաշխավորի ներքոհիշյալի ազատ փոխանցումը, որոնք են`

ա) տոկոսների գոյացումները, շահաբաժինները, շահույթները և այլ ընթացիկ եկամուտները,

բ) տուրքերը, որոնք ստացվում են 1-ին հոդվածի առաջին կետի «դ» և «ե» ենթակետերում ամրագրված կարգով,

գ) կատարած վճարումները փոխառությունների մարման համար, որոնց առթիվ կանոնավոր կերպով կնքվում են պայմանագրեր,

դ) ներդրման լրիվ կամ մասնակի լիկվիդացման կամ վաճառքի արժեքը, ներառյալ ներդրված կապիտալի արժեքահավելումները,

ե) առգրավման կամ կրած վնասների դիմաց փոխհատուցումը, որը ամրագրված է 5-րդ հոդվածի երկրորդ և երրորդ կետերում:

Երկու Պայմանավորվող կողմերի քաղաքացիներին, որոնք հաստատված ներդրման շրջանակներում մյուս Կողմի տարածքում կամ ծովային գոտում արդեն ծավալել են իրենց գործունեությունը, պետք է թույլատրվի իրենց վաստակի համապատասխան մասը փոխանցել իրենց ծագման երկիր:

Վերը նշված կետերում հիշատակված փոխանցումները պետք է արագորեն կատարվեն փոխանցման օրը` պաշտոնապես սահմանված փոխանակման կուրսով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Ներդրումների վերաբերյալ յուրաքանչյուր վեճ, որը կարող է ծագել մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացու կամ ընկերության միջև, պետք է խաղաղ լուծում ստանա:

Եթե տվյալ վեճը չի լուծվում երկու Կողմերի միջև վեճի ծագման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, ապա այն, Կողմերից որևէ մեկի պահանջով, պետք է ներկայացվի կապիտալ ներդրումների կապակցությամբ ծագած վեճերի լուծման միջազգային կենտրոնի /ՆՎԼՄԿ-ICSID/ քննարկմանը, որը ստեղծվել է 1965 թվականի մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրված «Պետությունների և մյուս Պետությունների քաղաքացիների միջև կապիտալ ներդրումների կապակցությամբ ծագած վեճերի լուծման» Կոնվենցիայի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Այն դեպքում, երբ մի Պայմանավորվող կողմի կանոնակարգը արտասահմանում կատարած կապիտալ ներդրումների նկատմամբ երաշխիքներ է պարունակում, ապա դեպք առ դեպք քննարկվելուց հետո այդ երաշխիքները կարող են տարածվել այդ Կողմի քաղաքացիների կամ ընկերությունների` մյուս Կողմի տարածքում կամ ծովային գոտում կատարած կապիտալ ներդրումների վրա:

2. Ներդրումները, որոնք մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների կողմից կատարվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ ծովային գոտում, կարող են ստանալ նախորդ կետում ամրագրված երաշխիքները միայն այն դեպքում, երբ դրանք նախօրոք համաձայնեցվում են մյուս Կողմի հետ:

3. Եթե մի Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կամ ծովային գոտում կատարած ներդրման համար ստացված երաշխավորության արդյունքում իր քաղաքացիներին և ընկերություններին վճարումներ է կատարում, ապա այդ դեպքում առաջին նշված Կողմը ունի սուբրոգացիայի լիարժեք իրավունք մյուս Կողմի քաղաքացիների կամ ընկերությունների իրավունքների և գործողությունների նկատմամբ:

4. Սույն վճարումները չպետք է ազդեն երաշխիք ստացողների` ՆՎԼՄԿ-ին դիմելու կամ դատավարության գործընթացը մինչև վերջ վարելու իրավունքների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Մի Պայմանավորվող կողմի հատուկ պարտավորությունների առարկա դարձած` մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կամ ընկերությունների ներդրումները պետք է կառավարվեն` չհակասելով սույն Համաձայնագրի դրույթներին` դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխան, եթե վերջիններս ընդգրկում են առավել բարենպաստ դրույթներ, քան սույն Համաձայնագրի դրույթներն են:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Պայմանավորվող կողմերի միջև վեճերը, որոնք առնչվում են սույն Համաձայնագրի մեկնաբանությանը կամ կիրարկմանը, պետք է հնարավորության սահմաններում լուծվեն դիվանագիտական ճանապարհներով:

2. Եթե վեճը չի լուծվում այն օրից սկսած վեց ամսվա ընթացքում, երբ Կողմերից որևէ մեկը հայց է հարուցել այդ առթիվ, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով այն պետք է ներկայացվի Միջնորդ դատարանին:

3. Նշված Միջնորդ դատարանը յուրաքանչյուր առանձնահատուկ դեպքի համար կազմվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր Կողմը պետք է նշանակի իր միջնորդ դատավորին, և նշված երկու միջնորդ դատավորները փոխադարձ համաձայնությամբ պետք է ընտրեն մի երրորդ երկրի քաղաքացու, որն էլ կնշանակվի Միջնորդ դատարանի նախագահ: Բոլոր միջնորդ դատավորները պետք է նշանակվեն երկու ամսվա ընթացքում` սկսած այն օրից, երբ Կողմերից մեկը ծանուցում է մյուսին անհամաձայնությունը Միջնորդ դատարան ներկայացնելու իր մտադրության մասին:

4. Եթե երրորդ կետում ամրագրված ժամկետները խախտվում են, ապա Կողմերից յուրաքանչյուրը, որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում, պետք է դիմի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` անհրաժեշտ նշանակումներ կատարելու համար:

Եթե Գլխավոր քարտուղարը Պայմանավորվող կողմերից որևէ մեկի քաղաքացի է, կամ եթե ինչ-որ հանգամանք որևէ կերպ խոչընդոտում է նրա` սույն պարտականության կատարմանը, ապա Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը, որը ոչ մի Պայմանավորվող կողմի քաղաքացի չի հանդիսանում, պետք է կատարի անհրաժեշտ նշանակումները:

5. Միջնորդ դատարանը պետք է իր որոշումները կայացնի ձայների մեծամասնությամբ: Հիշյալ որոշումները վերջնական և պարտավորեցնող կլինեն Պայմանավորվող կողմերի համար:

Միջնորդ դատարանը սահմանում է ընթացակարգի իր սեփական կանոնները: Այն պետք է մեկնաբանի դատավճիռը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի պահանջով: Եթե Միջնորդ դատարանը այլ որոշում չի կայացնում, ապա, ելնելով հատուկ հանգամանքներից, բոլոր օրինական ծախսերը, ներառյալ միջնորդ դատավորների վարձատրության հետ կապված ծախսերը, պետք է հավասարապես բաշխվեն երկու Պայմանավորվող կողմերի միջև:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին ծանուցի սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին: Համաձայնագիրը պետք է ուժի մեջ մտնի վերջին ծանուցագիրը ստանալու օրից սկսած` մեկ ամիս անց:

Սույն Համաձայնագիրը կնքված է տասը տարի նախնական ժամկետով: Այն ուժի մեջ պետք է մնա նաև դրանից հետո` այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից մեկը մեկ տարի առաջ դիվանագիտական ճանապարհով չի տեղեկացրել այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի վավերականության ժամկետի դադարեցման դեպքում դեռևս դրա վավերականության օրոք կատարված կապիտալ ներդրումները կշարունակեն օգտվել սույն Համաձայնագրի դրույթների պաշտպանությունից ևս քսան տարի:

 

Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի նոյեմբերի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1997 թվականի հունիսի 21-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
04.11.1995
Համաձայնագիր