Սեղմել Esc փակելու համար:
ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈ ...

25.10.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   27.12.2004  -ից մինչեւ   25.10.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 26.09.12 թիվ 844-Ն որոշում)

i

605.1050.061204

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»         12           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60504322

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2004 թվականի N 1050-Ն

 

ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի «ժ» կետով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հաստատել էթիկայի հանձնաժողովների կանոնադրությունը (հավելված):

 

Հավելված

ՀՀ քաղաքացիական

ծառայության խորհրդի

2004 թ. դեկտեմբերի 1-ի

N 1050-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների (այսուհետ` համապատասխան մարմին) էթիկայի հանձնաժողովները (այսուհետ` Հանձնաժողով) խորհրդակցական մարմիններ են:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) որոշումներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովը կազմավորում է Խորհուրդը` համապատասխան մարմնի ղեկավարի կամ նրա համաձայնությամբ աշխատակազմի ղեկավարի, կամ այդ մարմնի կեսից ավելի քաղաքացիական ծառայողների գրավոր առաջարկության հիման վրա:

4. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են`

ա) Խորհրդի երկու ներկայացուցիչ.

բ) համապատասխան մարմնի երկու ներկայացուցիչ, որոնցից մեկը` քաղաքացիական ծառայող.

գ) տվյալ բնագավառի հասարակական միավորումների մեկ ներկայացուցիչ` խորհրդակցական ձայնի իրավունքով.

դ) Հայ Առաքելական եկեղեցու մեկ ներկայացուցիչ (համաձայնությամբ):

5. Համապատասխան մարմնի Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում (փոփոխում) է Խորհուրդը: Նույն որոշմամբ Խորհուրդը Հանձնաժողովի անդամներից նշանակում է Հանձնաժողովի նախագահ և քարտուղար:

Հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու համար Հանձնաժողովի անդամության թեկնածությունները Խորհուրդ ներկայացվում են համապատասխանաբար համապատասխան մարմնի, տվյալ բնագավառի հասարակական միավորումների և Հայ Առաքելական եկեղեցու կողմից:

6. Հանձնաժողովը գործում է մեկ տարի ժամկետով` հասարակական հիմունքներով:

7. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են`

ա) անձնական դիմումի հիման վրա.

բ) Հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանալու դեպքում.

գ) առնվազն երեք անգամ Հանձնաժողովի նիստերին անհարգելի բացակայելու դեպքում.

դ) համապատասխան մարմնի կեսից ավելի քաղաքացիական ծառայողների կողմից հետագա պաշտոնավարման դադարեցման պահանջի դեպքում.

ե) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

զ) դատարանի կողմից անգործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.

է) էթիկայի կանոնները խախտելու դեպքում.

ը) օրենքը խախտելու դեպքում:

Հանձնաժողովի անդամի պարտականությունները համարվում են դադարած` նրա մահվան կապակցությամբ:

8. Եթե Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը համալրվում է` պահպանելով սույն կանոնադրության 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգը:

9. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացնում է համապատասխան մարմինը:

10. Հանձնաժողովի ծախսերը կատարվում են համապատասխան մարմնի միջոցների հաշվին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Հանձնաժողովի հիմնական խնդիրն է` նպաստել համապատասխան մարմնում բարոյաէթիկական բնականոն մթնոլորտի ձևավորմանը և դրա հետագա ամրապնդմանը:

12. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակում`

ա) քննության է առնում իրեն ուղղված հարցերը.

բ) քննարկվող հարցերի վերաբերյալ ընդունում է որոշումներ.

գ) համապատասխան մարմնում պարբերաբար անցկացնում է սոցիոլոգիական հետազոտություններ և կատարում վերլուծություններ.

դ) Խորհրդի և համապատասխան մարմնի առաջարկությամբ անցկացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ.

ե) միջնորդություններ է ներկայացնում Խորհուրդ և համապատասխան մարմին.

զ) հրապարակումներով և նյութերով հանդես է գալիս մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով.

է) կազմակերպում է սեմինար-խորհրդակցություններ.

ը) իր լիազորությունների ավարտից մեկ շաբաթ առաջ Խորհուրդ և համապատասխան մարմին ներկայացնում է իր գործունեության վերաբերյալ հաղորդում.

թ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

13. Հանձնաժողովի քննարկմանը կարող են ներկայացվել`

ա) քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների խախտման, դրանց պահպանման, պահպանմանը խոչընդոտելու, ինչպես նաև այդ կանոնների կատարելագործման հարցեր.

բ) համապատասխան մարմնի ղեկավարի կողմից հաստատված, այդ մարմնի գործառույթների և խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված, քաղաքացիական ծառայողների էթիկայի կանոնների խախտման, դրանց պահպանման, պահպանմանը խոչընդոտելու, ինչպես նաև այդ կանոնների կատարելագործման հարցեր:

Սույն կետով նախատեսված հարցերը չպետք է առնչվեն քրեական, վարչական, կարգապահական և այլ իրավական պատասխանատվություն առաջացնող հարցերի հետ:

14. Հանձնաժողովի քննարկմանը սույն կանոնադրության 13-րդ կետով նախատեսված հարցեր կարող են ներկայացնել`

ա) Խորհուրդը.

բ) համապատասխան մարմնի ղեկավարը.

գ) համապատասխան մարմնի աշխատողները.

դ) Հանձնաժողովի անդամները.

ե) հասարակական միավորումները.

զ) ֆիզիկական անձինք.

է) իրավաբանական անձինք:

15. Հանձնաժողովի քննարկմանը հարցերը պետք է ներկայացվեն գրավոր դիմումով: Հանձնաժողովում գրավոր դիմումը պարտադիր ենթակա է քննության և այն ներկայացնողի ցանկությամբ հետ չի վերադարձվում:

16. Հանձնաժողովում հարցերը ենթակա են քննարկման և որոշումների կայացման 15-օրյա ժամկետում: Անհրաժեշտության դեպքում այդ ժամկետը Հանձնաժողովը կարող է երկարաձգել, բայց ոչ ավելի, քան մեկ շաբաթ:

17. Հանձնաժողովի քննարկմանը հարց ներկայացրած անձի կամ այն անձի, ում հետ կապված է ներկայացված հարցի քննությունը, բացակայությունը չի խոչընդոտում Հանձնաժողովի կողմից տվյալ հարցի քննությանը:

Հանձնաժողովը հարցերի քննարկմանը կարող է ներգրավել շահագրգիռ անձանց, մասնագետների և այլոց:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը գումարվում են Հանձնաժողովի նախագահի կամ Հանձնաժողովի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ:

19. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի առնվազն կեսից ավելի անդամների մասնակցության դեպքում:

20. Հանձնաժողովի նախագահը`

ա) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.

բ) հրավիրում և վարում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կազմում է Հանձնաժողովի նիստի օրակարգը, որոշում նիստի անցկացման ժամանակը և վայրը.

դ) որոշում է Հանձնաժողով ներկայացրած հարցերի քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.

ե) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և Հանձնաժողովի անունից կազմվող այլ փաստաթղթերը.

զ) Հանձնաժողովի անդամների միջև կատարում է աշխատանքի բաշխում.

է) ներկայացնում է Հանձնաժողովն այլ մարմինների հետ փոխհարաբերություններում.

ը) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Հանձնաժողովի քարտուղարը`

ա) Հանձնաժողովի անդամներին, այն անձին, ում ներկայացմամբ քննարկվում է հարցը և ում հետ կապված է հարցի քննությունը, ոչ ուշ, քան Հանձնաժողովի նիստից երեք օր առաջ տեղեկացնում է Հանձնաժողովի նիստի օրակարգի, ժամանակի և վայրի մասին, ինչպես նաև նրանց է տրամադրում Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ նյութեր.

բ) արձանագրում է Հանձնաժողովի նիստերը.

գ) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները.

դ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

22. Հանձնաժողովի անդամը`

ա) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` նրա բացակայության դեպքում վարում է Հանձնաժողովի նիստերը.

բ) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին.

գ) առաջարկություններ է ներկայացնում Հանձնաժողովի կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ.

դ) ծանոթանում է Հանձնաժողովի որոշումներին և արձանագրություններին.

ե) կատարում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականները.

զ) իրականացնում է սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

23. Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ: Այդ որոշումները կարող են բովանդակել խրախուսող և/կամ պարսավող գնահատական:

24. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց կամ փակ գաղտնի քվեարկությամբ` Հանձնաժողովի նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի անդամները քվեարկում են կողմ կամ դեմ:

25. Եթե Հանձնաժողովի անդամը Հանձնաժողովի որոշման վերաբերյալ ունի հատուկ գրավոր կարծիք, ապա այն իր ցանկությամբ կցվում է այդ որոշմանը:

26. Հանձնաժողովի որոշումները, դրանք կայացնելուց հետո եռօրյա ժամկետում, տրամադրվում են այն անձին, ում ներկայացմամբ քննարկվել է հարցը և ում հետ կապված էր հարցի քննությունը, շահագրգիռ այլ անձանց, համապատասխան մարմնին, Խորհրդին:

Համապատասխան մարմինը և Խորհուրդը Հանձնաժողովի որոշումները քննարկելու և միջոցներ ձեռնարկելու մասին տեղեկացնում են Հանձնաժողովին:

27. Հանձնաժողովի որոշումները հրապարակվում են համապատասխան մարմնում:

Հանձնաժողովը կարող է իր որոշումները հրապարակել մամուլով և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

28. Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
01.12.2004
N 1050-Ն
Որոշում