(ուժը կորցրել է 10.07.13 թիվ 27 արձանագրային որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
11 հունվարի 2007 թվականի N 1
19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ`
ա) Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության սողանքային աղետի կառավարման հայեցակարգի խնդիրներից բխող` Հայաստանի Հանրապետության տարածքում առավել ռիսկային 131 սողանքային տեղամասում միջոցառումների իրականացման ժամանակացույցին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սահմանված կարգով ապահովել հայեցակարգից բխող օրենսդրական, ծրագրային և կազմակերպչակառուցվածքային առաջարկությունները Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` հայեցակարգից բխող միջոցառումների ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել Հայաստանի Հանրապետության պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի և յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների շրջանակներում, սահմանված կարգով ներկայացված համապատասխան հայտի առկայության պայմաններում:
Հավելված թիվ 1
ՀՀ կառավարության 2007թ.
հունվարի 11-ի նիստի թիվ 1
արձանագրային որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՂԱՆՔԱՅԻՆ ԱՂԵՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Սողանքային աղետի կառավարումը երկարաժամկետ և բարդ գործընթաց է, որը ներառում է քաղաքական, սոցիալական և տնտեսական կյանքի լայն ոլորտներ: Սողանքային աղետը ոչ միայն իր բացասական ազդեցությունն է թողնում քաղաքական, սոցիալական, տնտեսական ոլորտների վրա, այլև խոչընդոտ է հանդիսանում տնտեսության կայուն զարգացմանը, ինչպես նաև հանրապետությունում և հարևան երկրների հետ հանրապետության հաղորդակցության ուղիների անխափան շահագործմանը, որոնք հանդիսանում են տնտեսության զարգացման համար կարևորագույն միջոց: Սողանքային աղետները պատճառ են հանդիսանում բնակչության աղքատացմանը ու արտագաղթին, որոնց հետևանքով դատարկվում և քայքայվում են լեռնային և սահմանամերձ բնակավայրերը:
Հանրապետությունում սողանքային աղետների դեմ համակարգված, հետևողական քաղաքականության և համապատասխան ռազմավարության բացակայությունը նպաստել են մեծ տարածում ունեցող սողանքային պրոցեսների ակտիվացմանը և դրանց մեջ նորանոր տարածքների ընդգրկմանը: Սողանքային աղետի կառավարման համակարգի բացակայության պատճառով հանրապետության առավել վտանգավոր սողանքային տեղամասերում չեն կատարվել հիմնավոր և հետևողական համապատասխան հետազոտություններ և դիտարկումներ, ինչը անհնար է դարձնում արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
Սույն հայեցակարգի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ չնայած սողանքավտանգ տարածքներում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության իրականացրած որոշ միջոցառումներին, այդ ոլորտում վարվող քաղաքականությունը դեռևս կրում է պարբերական բնույթ, ինչի արդյունքում բնակչության և պետության անվտանգության ու շահերի պաշտպանության բնագավառում մի շարք կարևոր խնդիրներ դուրս են մնացել ուշադրությունից, իսկ համակարգի մասնակիցների միջև անհրաժեշտ համագործակցության բացակայությունը թույլ չի տալիս սողանքային աղետներից անհրաժեշտ պաշտպանության ապահովումը: Այդ նպատակով սողանքային աղետի հսկման, դրա հիման վրա կառավարման համակարգի ստեղծման և հետևողական ռազմավարության իրականացման համար մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման հայեցակարգ»: Հիմք ընդունելով բնագավառում առաջադեմ պետությունների փորձը` սույն հայեցակարգը մշակվել է այնպես, որ առավելագույնս և արդյունավետ կերպով օգտագործվեն նախատեսվող սուղ ֆինանսական միջոցները և գործող կառույցների կարողությունները, հաշվի են առնվել նաև սողանքային աղետից բնակչության պաշտպանության, հետազոտությունների ու միջոցառումների իրականացման ասպարեզներում զարգացումները և միտումները:
«Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման հայեցակարգի» հետ մեկտեղ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առավել ռիսկային 131 սողանքային տեղամասերում միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որով նախատեսվում է իրականացնել հակասողանքային միջոցառումներ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի շրջանակներում` ըստ ոլորտների, ֆինանսավորման չափերի ու աղբյուրների: Այն իր արտացոլումն է գտնելու ամենամյա Հայաստանի Հանրապետության պետական բյուջում, համապատասխան համայնքների բյուջեներում, ինչպես նաև դոնոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում:
ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սողանքային աղետի կառավարում- բնակչության կյանքին, առողջությանը, կենսաապահովման օբյեկտներին և ենթակառուցվածքներին սողանքային երևույթներից սպառնացող վտանգի հետազոտման, մշտական դիտարկման (մոնիտորինգի), պաշտպանական միջոցառումների մշակման, իրականացման ու անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների (աշխատանքների) ամբողջ համալիրի կազմակերպումն ու հետևողական իրականացումը:
Սողանքային աղետի կառավարման համակարգ- պետական ռազմավարության վրա հիմնված համակարգ, որն իր մեջ ներառում է փոխհամաձայնեցված գործող համապատասխան կառավարման մարմիններին պատվիրված գործառույթների շրջանակներում միասնական ծրագրով իրականացվող միջոցառումների համալիր:
2. ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՎԻՃԱԿԸ
Հայաստանի Հանրապետության տարածքում լայն զարգացում ունեցող արտածին երկրաբանական երևույթներից առանձնահատուկ տեղ են գրավում գրավիտացիոն պրոցեսները (սողանքներ, քարաթափեր, փլուզումներ), որոնց շարքում իրենց զարգացվածությամբ, տարածվածությամբ ու ազդեցությամբ առավել վտանգավոր են սողանքները: Սողանքների լայն տարածվածությունը պայմանավորված է սեյսմիկ ակտիվությամբ, լանջերի մեծ թեքությամբ, բարդ երկրաձևագիտական (գերմորֆոլոգիական) պայմաններով, երկրաբանական կառուցվածքով, իսկ մեծ ակտիվությունը զգալի չափով պայմանավորված է նաև մարդու ակտիվ գործունեությամբ` լանջերի ինտենսիվ կառուցապատումով, դրանց վրա գյուղատնտեսական աշխատանքների երբեմն ոչ ճիշտ կատարումով, զանգվածային ծառահատումներով, հողաբուսական ծածկի խախտումներով ու ոչնչացումով:
Սողանքային աղետներից պաշտպանությունը չափազանց դժվար և բարդ խնդիր է, դրանց հետևանքների վերացման ու հետագա պաշտպանության աշխատանքները պահանջում են մեծ ֆինանսական ծախսեր: Ուստի խնդրի լուծումը պահանջում է համալիր ու համակարգված մոտեցում, որի հիմքում պետք է դրված լինի նշված պրոցեսների դիտարկման (մոնիտորինգ), կանխատեսման և կանխարգելման սկզբունքը: Հանրապետությունում սողանքային երևույթների դեմ համակարգված, հետևողական քաղաքականություն երբևէ չի տարվել, հետևաբար չի եղել համապատասխան ռազմավարություն:
Հայաստանի Հանրապետության տարածքում սողանքային երևույթները հիմնականում առավել տարածում ունեն Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի մարզերի համայնքների տարածքներում ու Երևան քաղաքի առանձին հատվածներում:
Հայաստանի Հանրապետության տարածքում սողանքային երևույթներն ուսումնասիրվել ու գնահատվել են տարբեր կազմակերպությունների կողմից` առանձին, միմյանցից անկախ, զանազան մեթոդներով, տարբեր որակավորում ունեցող մասնագետների կողմից: Հանրապետությունում սողանքային երևույթների լուրջ ուսումնասիրություններ կատարվել են սկսած 1960-ական թվականներից` Հայաստանի գիտությունների ակադեմիայի, երկրաբանական վարչության, Երևանի Պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի, հետագայում որոշ նախագծահետազննական ինստիտուտների, մասնավորապես «Հայհողշիննախագիծ»-ի կողմից: 1990-ական թվականներին այդ աշխատանքները, հատկապես ինժեներապաշտպան միջոցառումների մշակման նպատակով, կատարվել են նաև «Հայինժնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից: Ելնելով ֆինանսական սուղ պայմաններից` վերջին տարիներին նման աշխատանքներ հանրապետությունում գրեթե չեն իրականացվել:
Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում առանձին դեպքերում մշակվել ու իրականացվել են հակասողանքային ինժեներապաշտպան միջոցառումներ: Առանձին դեպքերում հաջողվել է ապահովել սողանքային ակտիվության որոշ նվազեցում, սակայն դիտարկումների (մոնիտորինգի) բացակայության պատճառով հնարավոր չի եղել տալ միջոցառումների արդյունավետության ճշգրիտ գնահատականը և հետագա վիճակի կանխատեսումները: Իսկ մեծ մասամբ միջոցառումներն իրականացվել են մասնակիորեն ու բնականաբար անհրաժեշտ արդյունավետություն չեն ապահովել: Որոշ դեպքերում հետազոտությունների արդյունքում միջոցառումներ չեն մշակվել կամ չեն իրականացվել` կապված ֆինանսավորման խնդիրների հետ:
Սողանքային գործընթացների լայն զարգացման ու մեծ ակտիվության պատճառով վերջին տարիների ընթացքում ամբողջովին ավերվել և լքվել են հատկապես սահմանամերձ ու բարձրլեռնային բնակավայրեր, շուրջ 2000 ընտանիքներ զրկվել են տանիքից, արձանագրվել են մեծ վնասներ, կան մարդկային զոհեր, վնասվել և քայքայվել են ճանապարհներ ու երկաթգծեր, դադարել են գործել խմելու ջրի և ոռոգման ցանցեր:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 11-ի թիվ 1074 որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագիրը», որի իրականացումը նախատեսված էր 2002-2004թթ. ընթացքում (համապատասխան ֆինանսավորման ապահովման պայմաններում): Այս ծրագրի նպատակն էր հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգի մշակման համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը հետևողական հետազննությունների կատարման, ռեժիմային դիտարկումների (մոնիտորինգի) համակարգի ստեղծման ու զարգացման միջոցով, ինչը հնարավորություն կտար իրականացնել սողանքային պրոցեսների նկատմամբ մշտական հսկողություն, կատարել սողանքային պրոցեսների զարգացման կանխատեսումներ, բացահայտել սողանքի առաջացման ու ակտիվացման գլխավոր գործոնները, բարձրացնել հակասողանքային միջոցառումների հիմնավորվածության աստիճանը, իրականացնել գլխավորապես կանխարգելիչ միջոցառումներ, ռացիոնալ օգտագործել ներդրվող ֆինանսական միջոցները, ժամանակին ահազանգել սպասվող վտանգի մասին: Սակայն ծրագրի իրականացման համար նախատեսված 1924.0 մլն դրամից հատկացվել է ընդամենը 243.8 մլն դրամ, որից 132,4 մլն դրամը տրամադրվել է վթարային տներից բնակիչների վերաբնակեցմանը, իսկ բուն սողանքային հետազոտություններին` 111,6 մլն դրամ, որով իրականացվել են 19 սողանքային տեղամասերի նախնական ինժեներաերկրաբանական հետազոտություններ` մոնիտորինգային ցանցի ստեղծմամբ և սողանքային գոտիներում գտնվող 32 բնակավայրերի բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննություն` առաջնահերթ վերաբնակեցման ենթակա տների հաշվառման նպատակով:
Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի և Ճապոնիայի միջև միջկառավարական պայմանագրի հիման վրա` Ճապոնիայի կառավարության հատկացրած դրամաշնորհով ճապոնական միջազգային համագործակցության գործակալության կողմից 2004-2006թթ. ընթացքում իրականացվեց «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ուսումնասիրություն» ծրագիրը:
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից կատարված հետազոտությունների տվյալները չափազանց մտահոգիչ են:
Հանրապետության տարածքում օդալուսանկարների վերծանումով բացահայտված են 2504 սողանքային տեղամասեր:
Սողանքային տեղամասերի ընդհանուր մակերեսը 1216 քաղ. կմ է, ինչը կազմում է հանրապետության ընդհանուր մակերեսի 4.1 օ/օ-ը:
Հանրապետության 997 բնակավայրերից սողանքներով վնասված են 233-ը, որտեղ վնասված են հարյուրավոր բնակելի տներ, հաղորդակցության ուղիներ և այլ կենսաապահովման օբյեկտներ:
Ավտոճանապարհների ցանցի 7400 կմ-ից 240-ը (3.2 o/o) վնասված է 280 սողանքով:
Երկաթգծերի ցանցի ընդհանուր 870 կմ-ից 4,8-ը (0.5 o/o) վնասված է 10 սողանքով և այլն:
Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության հետազոտող խմբի կողմից 2004 թվականին 162 սողանքային տեղամասերի գույքագրման տվյալներով, սողանքային աղետից հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին`հասցված ուղղակի վնասը կազմում է 19.395 մլրդ դրամ, իսկ պոտենցիալ վնասը` 23.985 մլրդ դրամ: Վնասի գնահատումը իրականացվել է քանակական սկզբունքով, այսինքն` դժբախտ պատահարը, հոգեբանական ցնցումը, հուշարձանները և այլն ներառված չեն վնասի գնահատման մեջ: Գնահատումը հիմնված է համայնքներից, համայնքի ղեկավարից և ենթակառուցվածքներին վերահսկող կազմակերպություններից ստացված տեղեկությունների վրա, որոնք արտահայտված են հետևյալ կերպ`
Սողանքների հետևանքով առաջացած առկա և պոտենցիալ վնասները
._________________________________________________________________________.
| | Առկա վնաս | Պոտենցիալ վնաս |
| |__________________________|__________________________|
| |Ուղղակի |Տարեկան |Ուղղակի |Տարեկան |
| |գումարային |արժեքը |գումարային |արժեքը |
| |արժեքը |(մլն դրամ) |արժեքը |(մլն դրամ) |
| |(մլն դրամ) | |(մլն դրամ) | |
|___________________|____________|_____________|____________|_____________|
|Կառույցներ |3600.0 |495.0 |13905.0 |1080.0 |
|___________________|____________|_____________|____________|_____________|
|Տրանսպորտ |8370.0 |1080.0 |8595.0 |1305.0 |
|___________________|____________|_____________|____________|_____________|
|Ջուր, | | | | |
|էլեկտրաէներգիա և | | | | |
|հաղորդակցություն |1935.0 |90.0 |1035.0 |45.0 |
|___________________|____________|_____________|____________|_____________|
|Գյուղատնտեսություն |5490.0 |0.0 |450.0 |0.0 |
|___________________|____________|_____________|____________|_____________|
|Ընդհանուրը |19395.0 |1665.0 |23985.0 |2430.0 |
._________________________________________________________________________.
Սողանքներից վնասված բնակելի ֆոնդը
.________________________________________________________________________.
|Ընդհանուր | Տեղադրված | Սողանքներից | Սողանքներից |
|բնակելի | սողանքային | առկա վնասված | պոտենցիալ |
|ֆոնդը | տարածքներում | | վնասվող |
|__________|__________________|____________________|_____________________|
| քառ.մ | քառ. մ |o/o | քառ. մ |o/o | քառ. մ |o/o |
|__________|_________|________|___________|________|___________|_________|
|67.241.700|795.100 |1.2 օ/օ |198.900 |0.3 o/o |540.900 |0.8 o/o |
.________________________________________________________________________.
Հետազոտությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքներում, հատկապես Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Կոտայքի և ԳԵղարքունիքի մարզերում ստեղծվել է ծանր հետևանքներով հղի վտանգավոր իրավիճակ` կապված սողանքային պրոցեսների կտրուկ ակտիվացման հետ:
Սողանքային տեղամասերում հետազոտությունների ու դրանց հաջորդող միջոցառումների չիրականացման կամ թերի իրականացման արդյունքում հանրապետությունում վերջին ժամանակներում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կառավարությունը հարկադրված մի քանի անգամ ավելի շատ ֆինանսական միջոցներ պետք է հատկացնի հարյուրավոր վթարային տների բնակիչների վերաբնակեցման եղանակով անվտանգության ապահովման խնդիրների լուծման, ինչպես նաև սողանքային երևույթների հետևանքների վերացման համար: Նման մոտեցումը, պահանջելով մեծ ու անընդհատ աճող ֆինանսական միջոցներ, խնդրի լիարժեք լուծում չի տալիս, քանի որ ժամանակի ընթացքում արագորեն ավելանում է վնասված ու վթարային տների քանակը, իսկ վերաբնակեցումը հանգեցնում է հատկապես սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերի քայքայմանն ու աստիճանաբար վերացմանը, բնակչության արտագաղթին, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ լուրջ հիմնախնդիրների առաջացմանը: Բնակավայրերի կայուն զարգացման համար անհրաժեշտ է իրականացնել սողանքային ակտիվության նվազեցմանն ուղղված արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ, որոնք թույլ կտան պահպանել տարածքները, խուսափել զանգվածային վերաբնակեցումներից` նպաստելով զգալի ֆինանսական միջոցների խնայողությանը, հատկապես հարկադրված ծախսերի (վերաբնակեցման, հետևանքների վերացման) մասով:
Սողանքային աղետի կառավարման բնագավառում հանրապետությունում առկա են հետևյալ հիմնախնդիրները`
ա) բնագավառում միասնական գործառույթներ իրականացնող պետական լիազորված մարմնի բացակայությունը.
բ) հանրապետության տնտեսության ֆինանսական սահմանափակ հնարավորությունները.
գ) անհրաժեշտ կադրերով և տեխնիկական միջոցներով համալրված մասնագիտական կազմակերպությունների բացակայությունը, եղածների սահմանափակ հնարավորությունները.
դ) պետական մասնագիտացված ծառայության բացակայությունը.
ե) բացակայում է բնագավառի խնդիրների լուծման համար գործառույթների տարանջատումը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես և դրանց փոխհամաձայնեցված գործողությունների ծրագրերը:
Անցյալի փորձից հետևում է շատ կարևոր հանգամանք, այն է` հակասողանքային միջոցառումները, որպես կանոն, պետք է իրականացվեն նախագծով սահմանված ժամկետներում: Այս հանգամանքը թելադրում է հետևյալ մոտեցումը. կանոնավոր ֆինանսավորման հնարավորության բացակայության պարագայում նպատակահարմար չէ սկսել ոչ միայն շինարարական, այլև նախագծահետազննական աշխատանքները, քանի որ մեկն անմիջապես հաջորդում է մյուսին: Առանձին դեպքերում ծախսված զգալի միջոցների դիմաց թերի իրականացված միջոցառումները նպաստել են սողանքային երևույթի ակտիվացմանը: Նշվածի ակնառու օրինակներից են վերջին ժամանակներում ուսումնասիրված և անավարտ թողած այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի, Աչաջուր գյուղի և Իջևան-Հրազդան երկաթգծի 69-րդ տեղամասը, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցին հարող տեղամասը և Արփիկ թաղամասը, Վայոց Ձորի Չիվա և Մարտիրոս, Լոռու մարզի Օձուն գյուղի մոտի և այլ սողանքային տեղամասեր:
3. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Հայեցակարգի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգի ստեղծումը:
2. Հայեցակարգի խնդիրներն են`
ա) բնագավառի վերաբերյալ անհրաժեշտ իրավական, տնտեսական և մեթոդական հիմնադրույթների ստեղծումը.
բ) նպատակային համալիր ծրագրի մշակումը և իրականացումը.
գ) բնագավառում կառավարության, շահագրգիռ պետական մարմինների և համայնքների փոխհամաձայնեցված գործողությունների ապահովումը.
դ) բնագավառը կարգավորող պետական մասնագիտացված ծառայության ստեղծումը:
4. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հանրապետությունում սողանքային աղետների հետ կապված հիմնախնդրի կարգավորումը ունի ռազմավարական նշանակություն, ուստի դրա հիմնովին լուծումը պահանջում է կառավարության լուրջ միջամտություն և վերահսկողություն` ապահովելու համար հանրապետության սողանքավտանգ տարածքներում գտնվող բնակավայրերի կայուն զարգացումը, ենթակառուցվածքների և կենսաապահովման օբյեկտների անխափան և անվտանգ շահագործումը` դրանով իսկ ապահովելով տնտեսության բնականոն գործառումը և սողանքների պատճառով հասցված վնասների նվազեցումը:
Բնագավառում ներկայումս տարվող քաղաքականությունը և միջոցառումների իրականացումը տարանջատված է մի քանի տարբեր պետական մարմինների միջև, ինչը թույլ չի տալիս իրականացնել միասնական քաղաքականությամբ համակարգված մոտեցում, ժամանակին իրականացնել նպատակային հիմնավոր և արդյունավետ միջոցառումներ:
Սողանքային երևույթներն իրենց տարածվածությամբ, զարգացման ակտիվությամբ և ինտենսիվությամբ, մարդկանց կյանքին ու առողջությանը հասցրած և սպասվող (պոտենցիալ) վտանգի չափերով, ինչպես նաև հանրապետության ենթակառուցվածքներին և այլ կենսաապահովման օբյեկտներին սպառնացող վտանգի չափերով այն լրջագույն գործոնների շարքին են դասվում, որոնցով պայմանավորված է պետության կայուն զարգացումը, հետևաբար և անվտանգությունը: Այս առումով սողանքային հիմնախնդիրը հանրապետության համար հանդիսանում է կարևորագույն ռազմավարական խնդիր: Դրա համար անհրաժեշտ է, որ հանրապետությունում սողանքային աղետի կառավարման համակարգը հիմնվի հետևյալ ռազմավարական ուղղությունների վրա:
1. Խիստ կարևոր է հիմնախնդիրը` որպես ռազմավարական նշանակություն ունեցող, մշտապես ընդգրկել պետական զարգացման հիմնական ծրագրերում, հետևողական լուծումներ տալու միջոցով` աստիճանաբար կանխելով վտանգներն ու նվազեցնելով ռիսկերը, մշտական հսկողություն (մոնիտորինգ) իրականացնելով` ամբողջությամբ վերահսկել իրավիճակը, ժամանակին և պատշաճորեն արձագանքելով սպասվող վտանգներին: Պետական զարգացման (կառավարության գործունեության) մշտական ծրագրերում ընդգրկելն առաջին հերթին ենթադրում է մշտական հետևողական ֆինանսավորում` համապատասխան ծրագրերի, ինչպես նաև այլ հիմնավորող փաստաթղթերի համաձայն:
2. Գործողությունների հիմնական ուղղվածությունը համալիր հետազննությունների, մշտական մոնիտորինգի տվյալների հիման վրա կանխարգելիչ միջոցառումների մշակումն ու իրականացումն է:
3. Հիմնախնդրի լուծումը պետք է դիտարկվի երկու հիմնական ուղղություններով`
ա) տարածաշրջանային (ռեգիոնալ) հետազոտություններ` խնդրի բացահայտման, նախնական հետազոտման հիման վրա (տիեզերական և օդալուսանկարների վերծանում, դաշտային ակնադիտական դիտարկումներ, ինժեներաերկրաբանական հանույթ և այլն) հետագա մանրակրկիտ հետազոտությունների ու պաշտպանական միջոցառումների համար նախադրյալների նախապատրաստման նպատակով.
բ) առանձին սողանքային տեղամասերի մանրակրկիտ հետազոտում, միջոցառումների մշակում, իրականացում, ինժեներապաշտպան կառույցների շահագործում և պահպանում:
4. Միջոցառումների ամբողջ համալիրում բոլոր շահագրգիռ մարմինների մասնակցությունն իրենց գործառույթների (իրավասությունների և պարտականությունների) շրջանակներում փոխհամաձայնեցված գործողությունների իրականացման միջոցով:
5. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Սողանքային աղետի կառավարման գործընթացը պահանջում է մասնագիտացված և խնդիրների բարդությանը համահունչ կառավարման համակարգ, որի ստեղծումն ու զարգացումը հանրապետությունում առաջնահերթ անհրաժեշտություն է:
Սողանքային աղետի կառավարման համակարգը ընդգրկում է պետական կառավարման գրեթե բոլոր մարմինները (նախարարություններ, գերատեսչություններ, տարածքային կառավարման մարմիններ և համայնքներ), որոնց համագործակցությունը սողանքային աղետի դեմ պայքարի ոլորտում խիստ կարևոր է միասնական քաղաքականության իրականացման առումով:
Բնագավառում միասնական ռազմավարության տեսակետից պետության հիմնական խնդիրն է`
ա) սողանքային աղետի կառավարման հարցում գործողությունների կանոնակարգումը կառավարության, պետական կառավարման, տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև.
բ) սողանքային աղետի կարգավորման գործընթացին հասարակության իրազեկումը և ընդգրկումը.
գ) սողանքային աղետի կառավարման գործընթացքում օրենսդրության կատարելագործումը.
դ) սողանքային աղետի կառավարման մասնագիտացված ծառայության ստեղծումը:
6. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սողանքները առանձնահատուկ ինժեներաերկրաբանական պրոցեսներ են, որոնց առաջացման ու ակտիվացման մեխանիզմները պայմանավորված են բազմաթիվ և բազմաբնույթ գործոններով, որոնք պահանջում են համալիր հետազոտությունների իրականացում, իսկ դրանց դեմ պայքարի միջոցառումների ճիշտ ընտրությունը պահանջում է լուրջ հիմնավորումներ: Նշված հարցում անհրաժեշտ է կիրառել հետևյալ սկզբունքը` սողանքային տարածքների նախնական հետազոտությունների, այդ թվում` պարտադիր մոնիտորինգի արդյունքներով հիմնավորել, որից հետո նոր իրականացնել հակասողանքային միջոցառումների փոխկապակցված իրար հաջորդող աշխատանքներ:
Սողանքային աղետի դեմ պայքարում համակարգված մոտեցման համար պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները տարանջատելու նպատակով սողանքային տեղամասերը, ըստ իրենց առանձնահատկությունների և ազդեցության ոլորտների, նպատակահարմար է դասակարգել հետևյալ նշանակությունների`
ա) հանրապետական նշանակության` հանրապետության կենսագործունեությունն ապահովող, ռազմավարական և հանրապետական նշանակության սոցիալ-տնտեսական օբյեկտներին վնասող և սպառնացող սողանքներ.
բ) մարզային նշանակության` մարզային նշանակության օբյեկտներին վնասող և սպառնացող սողանքներ: Այս խմբի մեջ մտնում են երկու և ավելի համայնքների տարածքներին սպառնացող սողանքներ:
գ) Համայնքային նշանակության` համայնքի տարածքին և օբյեկտներին վնասող և սպառնացող սողանքներ:
Այս դասակարգումը հնարավորություն կտա վերահսկել բնագավառը, համակարգել գործողությունները և արդյունավետ լուծել խնդիրները:
7. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հայեցակարգի 6-րդ բաժնում ներկայացված սողանքային երևույթների դասակարգման հիման վրա նախատեսվում է հետևյալ գործառույթների տարանջատում`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`
ա) կազմակերպում է պետական, ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը` ապահովելով անհրաժեշտ ֆինանսավորումը.
բ) ապահովում է այլ նշանակության օբյեկտների (մարզային, համայնքային) մասնակի կամ ամբողջությամբ բյուջետային ֆինանսավորումը` կախված մարզպետարանի կամ համայնքի հնարավորություններից.
գ) ստեղծում է մասնագիտացված ծառայություն` ոլորտում իրականացվող գործունեության կազմակերպման, իրականացման, տեխնիկական հսկողության և իրավական ակտերի ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման նպատակով:
2. Բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ լիազորված մարմին)`
ա) մշակում է բնագավառի միջնաժամկետ և հեռանկարային ծրագրեր և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
բ) կազմակերպում է առաջին փուլի (նախնական) հետազննական աշխատանքները.
գ) կազմակերպում է պետական (ռազմավարական) նշանակության օբյեկտների տարածքների հետազննության, միջոցառումների նախագծման, իրականացման աշխատանքները.
դ) կազմակերպում և ցուցաբերում է մասնագիտական, մեթոդական և այլ կարգի տեխնիկական (խորհրդատվական) օժանդակության մարզպետարաններին և համայնքներին.
ե) համակարգում և վերահսկում է ստեղծվող մասնագիտացված ծառայության գործունեությունը.
զ) կազմակերպում է բնագավառում բոլոր գործողությունների փոխհամաձայնեցումը:
3. Մարզպետարանը`
ա) համայնքի ներկայացմամբ պետական կառավարման մարմնին է ներկայացնում տեղեկատվություն սողանքային երևույթի դրա հետ կապված արտակարգ իրավիճակի կամ դրա վտանգի մասին.
բ) կազմակերպում է անվտանգության ապահովմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ.
գ) կազմակերպում է անհրաժեշտ հետազոտությունների, միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքների ծրագրերի մշակումը, ներկայացումը պետական կառավարման մարմնի քննարկմանը և հաստատմանը (Ծրագրում նշվում է մարզպետարանի կողմից ֆինանսական ներդրման չափը).
դ) կազմակերպում է կառավարության կողմից ֆինանսավորվող (մասնակի կամ ամբողջությամբ) աշխատանքների իրականացումը.
ե) աշխատանքների կատարման մասին իրազեկում է և դրանց իրականացումից հետո արդյունքները ներկայացնում է Լիազոր մարմնին.
զ) միջոցներ է ձեռնարկում ֆինանսավորման այլ աղբյուրների հայթայթման ուղղությամբ:
4. Համայնքը`
ա) մարզպետարանին և/կամ պետական կառավարման մարմնին է ներկայացնում տեղեկատվություն սողանքային երևույթի, դրա հետ կապված արտակարգ իրավիճակի կամ դրա վտանգի մասին.
բ) մարզպետարանի օժանդակությամբ կազմակերպում է անվտանգության ապահովմանն ուղղված առաջնահերթ միջոցառումներ.
գ) կազմակերպում է անհրաժեշտ հետազոտությունների, միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքների ծրագրերի մշակումը, ներկայացումը պետական կառավարման մարմնի քննարկմանը և հաստատմանը (Ծրագրում նշվում է համայնքի կողմից ֆինանսական ներդրման չափը).
դ) կազմակերպում է կառավարության կողմից ֆինանսավորվող (մասամբ կամ ամբողջությամբ) միջոցառումների իրականացումը.
ե) աշխատանքների կատարման մասին իրազեկում է և դրանց իրականացումից հետո արդյունքները ներկայացնում Լիազոր մարմնին.
զ) միջոցներ է ձեռնարկում ֆինանսավորման այլ աղբյուրների հայթայթման ուղղությամբ:
8. ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Բնագավառում առաջատար հանդիսացող բոլոր երկրներում գործում են սողանքային աղետի կառավարման մասնագիտացված ծառայություններ, որոնք կատարում են սողանքային աղետի դեմ պայքարի ամբողջ գործընթացի կազմակերպման, իրականացման, տեխնիկական հսկողության, իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործառույթները:
Մասնագիտացված ծառայության հիմնական խնդիրներն են`
1. սողանքային աղետներից պաշտպանության համար ամենամյա և համալիր ծրագրերի մշակումը.
2. բնագավառի կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը.
3. հանրապետության տարածքի սողանքային աղետների առաջացման և զարգացման տեղեկատվական բազայի ստեղծումը և կատարելագործումը, տեղեկատվության տրամադրումը և խորհրդատվությունը.
4. մոնիտորինգի միջոցով սողանքային աղետների նկատմամբ մշտական հսկողության իրականացումը.
5. ռիսկային օբյեկտների խմբավորումը, առկա և պոտենցիալ վնասների գնահատումը.
6. սողանքային տեղամասերի դասակարգումը ըստ նշանակության.
7. կազմակերպում, իրականացնում և ապահովում է նորմատիվատեխնիկական պահանջներին համապատասխան սողանքային տարածքների ինժեներաերկրաբանական հետազննությունները և դրանց արդյունքների հիման վրա նախագծահետազոտական աշխատանքների ու հակասողանքային միջոցառումների մշակումը և իրականացումը.
8. սողանքային վտանգի կանխատեսումը և ահազանգման համակարգի ստեղծման մասնակցությունը.
9. տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության իրազեկումը և ներգրավումը սողանքային աղետի դեմ պայքարի և պաշտպանության գործողություններին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սողանքային աղետի համալիր ծրագրի մշակման և կառավարման համակարգի ստեղծման համար պահանջվում է առնվազն 3 տարի ժամանակ, ուստի մինչև մասնագիտացված ծառայության ստեղծումը նրա գործառույթներն իրականացնելու է Լիազոր մարմինը:
Մասնագիտացված ծառայության ստեղծումից հետո ոլորտում բոլոր սողանքային տեղամասերում աշխատանքների կազմակերպման, իրականացման տեխնիկական հսկողության, իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործառույթները փոխանցվելու են նրան: Նշված լիազորություններով մասնագիտացված ծառայության գործունեության տևողությունը կախված կլինի մարզերում և համայնքներում անհրաժեշտ տեխնիկական ծառայությունների ստեղծման և կայացման իրողությունից, որից հետո ծառայությունը կիրականացնի հանրապետական նշանակության սողանքների վերաբերյալ գործառույթները և նորմատիվատեխնիկական ու իրավական ակտերի մշակումը, իսկ մարզային և համայնքային նշանակության սողանքների վերաբերյալ գործառույթները կտրվեն մարզպետարաններին և տեղական ինքնակառավարման մարմիններին: Կապված կատարվող աշխատանքների ծավալների նվազեցման հետ կվերանայվի ծառայության կառուցվածքը և կազմը:
9. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ
Սողանքային աղետի դեմ պայքարի գործընթացում օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող օրենքների անբավարար մանրամասնմամբ, դրանցից բխող իրավական ակտերի ոչ լրիվ ընդունմամբ և այլ իրավական ակտերի բացակայությամբ: Բնագավառի օրենսդրական ապահովումը նպատակաուղղված կլինի 2008-2010թթ. գործող օրենքներում և այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացմանն ու նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ընդունմանը, որտեղ պետք է արտացոլված լինեն`
1. բնագավառի վերաբերյալ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների հստակեցումը.
2. սողանքային տարածքների բնակիչների իրավունքների և պարտականությունների սահմանումը.
3. սողանքային աղետի կառավարման մեխանիզմների հստակեցումը և կարգավորումը.
4. սողանքային տարածքների իրավական վիճակի և բնակչության փոխհատուցումների և արտոնությունների համակարգի ներդրման մեխանիզմների սահմանումը:
Անհրաժեշտության դեպքում` կապված օրենսդրությամբ սահմանված իրավասությունների և գործառույթների վերանայման հետ կորոշվի առանձին օրենքի մշակման և ընդունման անհրաժեշտությունը:
10. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ
Հայաստանում սողանքային աղետի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը նախևառաջ պայմանավորված է հանրապետության տարածքում սողանքային աղետի դրսևորման հիմնական ձևերի, դրանց խթանող բնական, տնտեսական և սոցիալական պատճառների, ինչպես նաև համապատասխան օրենսդրության մասին բնակչության իրազեկմամբ: Դրանով կապահովվի բնակչության կողմից սողանքային աղետի հետևանքների ընկալումը, ինչը թույլ կտա նրանց ներգրավել հիմնախնդրի լուծման աշխատանքներին և ինքնուրույն ընդունել որոշումներ:
1. Սողանքային աղետի դեմ պայքարի վերաբերյալ բնակչությանը պետք է տրամադրվի հետևյալ տեղեկատվությունը.
ա) համապատասխան պետական մարմնի գործառույթների և դրանց իրականացման մասին.
բ) նախատեսվող կամ իրականացվող ծրագրերի վերաբերյալ.
գ) սողանքային աղետներից սպասվող արտակարգ իրավիճակների վերաբերյալ.
դ) օրենսդրության և միջազգային պայմանագրերի և ծրագրերի վերաբերյալ:
2. Սողանքային աղետի դեմ պայքարի տեղեկատվության տրամադրման միջոցներն են`
ա) մարզերում, համայնքներում սեմինարների և հանդիպումների կազմակերպումը.
բ) տեղեկատվական նյութերի հրապարակումը.
գ) կապի և զանգվածային լրատվության միջոցները:
11. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Սողանքային աղետի կառավարման ֆինանսական ապահովման համար աղբյուրներ են հանդիսանում`
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
2. հիմնադրամները.
3. դոնոր երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը, դրամաշնորհներն ու երկարաժամկետ ներդրումները.
4. օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ներկայիս սահմանափակ հնարավորությունները և հաշվի առնելով հակասողանքային միջոցառումների թանկությունը` արտաբյուջետային ֆինանսավորման դերը մոտակա տարիներին հանրապետությունում սողանքային աղետի կառավարման իրականացման ոլորտում կարող է որոշիչ լինել:
12. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սողանքային աղետի նպատակային համալիր ծրագրի մշակման համար ներկայումս չկա անհրաժեշտ տվյալների բազա, ուստի այդ բացը լրացնելու համար առավել նպատակահարմար և լավագույն միջոց է հանդիսանում սույն հայեցակարգից բխող սկզբունքային հիմնախնդիրների լուծումը երկու փուլով:
Առաջին փուլում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից 2008-2010թթ. առավել ռիսկային սողանքային տեղամասերում անհրաժեշտ է իրականացնել ինժեներական հետազննություններ և ռեժիմային դիտարկումներ, որոնց արդյունքները հիմք կհանդիսանան համալիր ծրագրերի մշակման համար: Առանձին առավել վտանգավոր տեղամասերում կիրականացվեն նախագծահետազննական աշխատանքներ և առաջնահերթ կանխարգելիչ միջոցառումներ, անհրաժեշտության դեպքում` նաև ավելի բարդ ինժենարապաշտպան միջոցառումներ: Այս փուլում ձեռք բերված փորձի և տեղեկատվության հիման վրա կիրականացվի նաև հետագա աշխատանքների բնականոն կատարման համար անհետաձգելի հանդիսացող իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը և ընդունումը: Առաջին փուլով նախատեսված աշխատանքները և միջոցառումները իրականացվելու են պետական բյուջեի միջոցների հաշվին:
Երկրորդ փուլում կիրականացվեն համալիր ծրագրով նախատեսված միջոցառումները:
Հաշվի առնելով համալիր ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման ծավալների բաշխումը ըստ սողանքային տեղամասերի նշանակության և նախագծահետազննական աշխատանքների, կորոշվի բնագավառի միասնական կառավարման պետական մարմնի հարցը: Համալիր ծրագրի միջոցառումների իրականացման համար ֆինանսական միջոցների անհրաժեշտ ծավալի ապահովման դեպքում, մինչև մարզերում և համայնքներում անհրաժեշտ տեխնիկական ծառայությունների ստեղծումը բոլոր տեսակի հետազոտական աշխատանքներն ու հակասողանքային կանխարգելիչ միջոցառումները կազմակերպվելու և իրականացվելու են ստեղծվող մասնագիտացված ծառայության կողմից: Մարզային և համայնքային նշանակության սողանքային տեղամասերում համալիր ծրագրի շրջանակներում մշակված ինժեներապաշտպան միջոցառումների շինարարական աշխատանքները կատարվելու են մրցութային կարգով համայնքի և մարզպետարանի կամ միջհամայնքային միավորումների կողմից նախատեսվող շինարարական աշխատանքների կատարման համար պահանջվող գումարի որոշակի մասնաբաժնի ներդրմամբ: Մասնաբաժնի չափը կախված է աշխատանքների ծավալներից և այն կարող է տրամադրվել, ինչպես ֆինանսական, այնպես էլ աշխատանքային և նյութական միջոցների տեքսով: Առավելությունը տրվելու է ավելի բարձր մասնաբաժին առաջարկող պետական, տեղական ինքնակառավարման կամ հասարակական մարմնին կամ կազմակերպությանը: Այսպիսի մոտեցման ամրագրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքները գտնվում են կայացման փուլում և նրանց գերակշիռ մասը ներկայումս չունեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:
Համալիր ծրագրի ֆինանսավորման ապահովումը պետական և համայնքային բյուջեների հաշվին մոտակա տարիներին իրական չէ, ուստի անհրաժեշտ կլինի ներգրավել դոնոր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի կամ դրամաշնորհների միջոցները:
Երկրորդ փուլում հիմնականում ավարտին կհասցնի նաև բնագավառի լիովին կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերի և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման ու ընդունման գործընթացը: Բացի նշված աշխատանքներից կկատարվեն համալիր ծրագրում չընդգրկված և չուսումնասիրված, սակայն ակտիվացման միտումներ ցուցաբերող սողանքային տեղամասերի նախնական հետազննման և մոնիտորինգի կազմակերպման ու իրականացման աշխատանքները հետագա նախագծահետազոտական և շինարարական աշխատանքների հիմնավորման համար:
Մինչև համալիր ծրագրի մշակումը հանրապետության սողանքային տեղամասերի վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ ծախսային ծրագրերի և պետական բյուջեի ամենամյա հայտերի կազմման համար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առավել ռիսկային 131 սողանքային տեղամասերում միջոցառումների իրականացման ժամանակացույցը, որտեղ առաջին փուլի (2008-2010թթ.) միջոցառումներում ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 11-ի թիվ 1074 որոշումով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում հակասողանքային առաջնահերթ միջոցառումների ծրագրով» նախատեսված այն տեղամասերը, որտեղ ֆինանսական միջոցներ չհատկացվելու պատճառով հետազննական աշխատանքներ չեն իրականացվել:
Հավելված թիվ 2
ՀՀ կառավարության 2007թ.
հունվարի 11-ի նիստի թիվ 1
արձանագրային որոշման
ՀՀ տարածքում առավել ռիսկային 131 սողանքային տեղամասերում
միջոցառումների իրականացման ժամանակացույց
__________________________________________________________________________
Հ. Տեղամասերի Թիրախ Միջոցառումներն ըստ տարիների և դրանց նախնական
անվանումն օբյեկտ- արժեքը (մլն. դրամ)
ըստ մարզերի ներ ____________________________________________________
-------------------------------------
ԻՐՏԵԿ - Հավելված 2-ի չի բերվում