Սեղմել Esc փակելու համար:
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ-Ը Տ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ-Ը ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐ ...

26.03.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.07.2008  -ից մինչեւ   26.03.2009  -ը:
 

(ուժը կորցրել է 25.03.09 թիվ 251-Ա որոշում)

i

041.0185.110408

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 ապրիլի 2008 թվականի N 185-Ա

 

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացման միջոցառումների մասին» N 765 որոշմամբ հաստատված կանոնակարգի 10-րդ և 11-րդ կետերի`

1. Հաստատել`

1) Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կառավարման խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2008 թվականի ապրիլի 11-ի

N 185-Ա որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կառավարման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության կառավարության ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված Գյուղական ճանապարհահատվածի վարկային և դրամաշնորհային համաձայնագրով և սույն կանոնադրությամբ:

3. Խորհրդի և Գյուղական ճանապարհահատվածի վարկային և դրամաշնորհային ծրագրի (այսուհետ` ծրագրի) բոլոր մասնակիցների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ծրագրի վարկային և դրամաշնորհային համաձայնագրով ու սույն կանոնադրությամբ:

4. Խորհրդի լրիվ անվանումն է Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի կառավարման խորհուրդ:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ՈՒ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Խորհրդի գործունեության հիմնական նպատակն Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ծրագրի իրականացման կառավարումն է:

6. Խորհուրդը հանդես չի գալիս որպես ծրագիր իրականացնող կազմակերպության կառավարման մարմին:

7. Խորհրդի խնդիրներն են`

1) ծրագրի իրականացման ընթացքում 100.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարից ավելի փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում առաջարկվող փոփոխությունները համապատասխան հիմնավորումներով հաստատելը, որոնք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության կառավարություն` նախապես համաձայնեցնելով վարկատուի հետ.

2) ծրագիրն իրականացնող` «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ) կողմից ծրագրի իրականացման գործունեության նկատմամբ վերահսկողությունը.

3) ծրագրի նախապատրաստական փուլում միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողությունը.

4) վարկային և դրամաշնորհային համաձայնագիրն ստորագրվելուց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների տարեկան ժամանակացույցի և ծրագրի բյուջեի քննարկումն ու հաստատումը, եթե ծրագրի իրականացման պլանով դրա իրավասությունը վերապահված չէ երրորդ անձի.

5) ծրագրով նախատեսված և խորհրդի կողմից հաստատված ծրագրի շրջանակներում աշխատանքների իրականացման ժամանակացույցին ու ծրագրի բյուջեին համապատասխան` խորհրդի սահմանած կարգով և ձևով հաշվետվությունների հաստատումը.

6) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքների ժամանակացույցի և բյուջեի հիման վրա ապրանքների, սարքավորումների, խորհրդատվական ծառայությունների, նախագծային, շինարարական ու վերահսկման աշխատանքների ձեռքբերման նպատակով անցկացվող մրցութային փաստաթղթերի, մրցույթների արդյունքների և կնքվող համաձայնագրերի նախագծերի հաստատումը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 14-րդ կետի «դ» ենթակետում նշվածի.

7) ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման, ինչպես նաև միջոցների վերաբաշխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը` համաձայնեցնելով համապատասխան վարկատու կազմակերպության հետ.

8) «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացվող հաշվետվություններում հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

9) ծրագրի` հաստատված տարեկան աշխատանքային ժամանակացույցից և բյուջեից առկա շեղումների վերացման վերաբերյալ որոշումների ընդունումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

10) միջազգային վարկատու կազմակերպության մասնագետների յուրաքանչյուր այցի ժամանակ արտահերթ նիստ հրավիրելը և պատվիրակության հետ իրականացվող ծրագրի արդյունքները քննարկելը: Արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը.

11) ծրագրի ավարտից հետո ծրագրի արդյունքներն ամփոփելը և ծրագրի արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկուցագիր ներկայացնելը:

8. «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենը (ղեկավարը) ծրագրի իրականացման ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, վարկային և դրամաշնորհային պայմանագրի դրույթներով և խորհրդի որոշումներով:

9. Ծրագրի շրջանակներում առաջացող հարցերը, «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենի (ղեկավարի) ներկայացմամբ, քննարկվում են խորհրդի նիստերում` մեկ շաբաթվա ընթացքում:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

10. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ` ծրագրի իրականացման ընթացքի և հաստատված աշխատանքային ժամանակացույցի կատարման մասին «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենի (ղեկավարի) զեկույցը լսելու և քննարկելու նպատակով, ինչպես նաև արտահերթ նիստերի` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Խորհրդի նիստերն արձանագրվում են:

11. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է ծրագրի իրականացման ընթացքում առաջացած հարցերի և խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն 1/3-ի կամ «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենի (ղեկավարի) առաջարկությամբ:

12. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

13. Խորհրդի նիստը վարում է խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

14. Խորհրդի նիստի օրակարգը կազմվում և համապատասխան փաստաթղթերով տրամադրվում է խորհրդի անդամներին` գումարվող խորհրդի նիստից 5 օր առաջ:

15. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը տեղափոխվում է խորհրդի հաջորդ նիստ: «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենը (ղեկավարը) պարտավոր է ապահովել պահանջվող նյութերի տրամադրումը:

16. Խորհրդի նիստերը տեղի են ունենում համապատասխան խորհրդի նախագահի մոտ, եթե խորհրդի նախագահը նիստի կայացման տեղի վերաբերյալ այլ որոշում չի ընդունում:

17. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ:

18. Խորհրդի որոշումներն ստորագրում են խորհրդի նախագահը և քարտուղարը:

19. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ:

20. Խորհրդի հաստատմանն են ներկայացվում «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմված մրցույթի հայտահրավերը, ներկայացված մրցութային առաջարկների ամփոփ տեղեկանքը, անվավեր ճանաչված առաջարկների հիմնավորումները, մրցութային հանձնաժողովի` հաղթող ճանաչելու մասին որոշումը, նախատեսվող գնի հիմնավորումը (շինարարության նախահաշիվը, ապրանքների տվյալ օրվա մոտավոր միջին գները և այլն), նախատեսվող գնից բարձր գնառաջարկի հիմնավորումը:

21. Առանձնահատուկ դեպքերում (ելնելով աշխատանքների կարևորությունից` խորհրդի որոշմամբ) մրցութային առաջարկների փաթեթներ կարող են բացվել հատուկ հրավիրված խորհրդի նիստում` պահպանելով մրցույթի անցկացման համար սահմանված բոլոր կանոնները:

22. Անհրաժեշտության դեպքում խորհրդի նիստերին կարող են հրավիրվել օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպության ներկայացուցիչներ:

23. Մեկ մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և ավելի գումարով մրցույթների արդյունքները խորհրդի հաստատումից հետո ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն, եթե վարկային պայմանագրով այլ պահանջներ կամ սահմանափակումներ նախատեսված չեն:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

24. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարն է:

25. Խորհրդի նախագահը`

1) պատասխանատու է խորհրդի աշխատանքների արդյունավետ իրականացումը կազմակերպելու համար.

2) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում և այլ կազմակերպություններում:

 

V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

26. Խորհրդի անդամների թիվը սահմանվում է 11-ից ոչ ավելի: Խորհրդի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնատար անձինք և նախարարությանը ենթակա` ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարները` առնվազն 5 մարդ, «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրենը (ղեկավարը), մեկական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից:

27. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և գրառվում խորհրդի նիստի արձանագրության մեջ:

28. Խորհրդի անդամը, եթե համաձայն չէ խորհրդի որոշմանը, խորհրդի նիստի արդյունքների վերաբերյալ գրավոր զեկուցում է իր վերադասին:

29. Խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է համապատասխան նախարարը կամ պետական մարմնի ղեկավարը:

30. Խորհրդի անդամը հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է հանդիսանալ խորհրդի անդամ:

31. Խորհրդի անդամի պարտականությունները կարող են դադարեցվել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

32. Խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

 

33. Խորհրդի քարտուղարին նշանակում է խորհրդի նախագահը` խորհրդի կազմից:

34. Խորհրդի քարտուղարը`

1) արձանագրում է խորհրդի նիստի քննարկումները և դրանց հիման վրա կազմում որոշման նախագծերը.

2) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը և կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.

3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների համարակալումը և որոշումների պատճենները տրամադրում խորհրդի անդամներին.

7) խորհրդի որոշումները և նիստի արձանագրություններն ուղարկում է համապատասխան նախարարություններ և պետական մարմիններ:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

35. Խորհրդի կանոնադրության մեջ փոփոխությունները և (կամ) լրացումները կատարելու մասին առաջարկությունները` համապատասխան հիմնավորումներով, խորհրդի որոշմամբ ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

VIII. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

36. Ծրագրի կառավարման խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2008 թվականի ապրիլի 11-ի

N 185-Ա որոշման

 

i

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Գ. Սարգսյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար

 

    Գ. Մալխասյան      - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

    Կ. Աթոյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

    Վ. Տերտերյան      - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

 

    Ս. Գալստյան       - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ս. Գագյան         - ՀՀ կառավարության աշխատակազմի արտադրական

                        ենթակառուցվածքների վարչության առաջատար մասնագետ

 

    Կ. Գևորգյան       - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների

                        տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն

 

    Գ. Մնացականյան    - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        զարգացման ծրագրերի և ներդրումների վարչության պետ

 

    Գ. Գրիգորյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության աշխատակազմի

                        արտաքին կապերի վարչության պետ

 

    Գ. Միքայելյան     - «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների

                        տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

 

    Ա. Բախտամյան      - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության «Տրանսպորտի

                        ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի

                        տնօրեն

 

(կազմը փոփ. 21.07.08 թիվ 503-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.04.2008
N 185-Ա
Որոշում