ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով կենսաթոշակային ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրի վրա,
ցանկություն արտահայտելով համագործակցել ներքին գործերի մարմինների աշխատակիցների, ներքին գործերի մարմիններից ազատված անձանց և նրանց ընտանիքների սոցիալական ապահովման ոլորտում,
համաձայնեցին հետևյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերի ներքին գործերի մարմինների աշխատակիցների, ինչպես նաև նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովումը իրականացվում է այն պայմաններով, չափանիշներով /նորմերով/ և կարգով, որոնք սահմանված են կամ կսահմանվեն Կողմերի օրենսդրությամբ, որոնց տարածքում նրանք մշտապես բնակվում են, իսկ մինչև տվյալ հարցերով այդ Կողմերի օրենսդրական ակտերի ընդունումը` նախկին ԽՍՀՄ օրենսդրությամբ սահմանված պայմաններով, չափանիշներով /նորմերով/ և կարգով:
Կերակրողին կորցրած ընտանիքներին կենսաթոշակների նշանակումը և նպաստների վճարումը կատարում է այն Կողմը, որի ներքին գործերի մարմիններում աշխատակիցը ծառայություն է անցկացրել զոհվելու /մահվան/ պահին, կամ որի տարածքում բնակվել է կենսաթոշակառուն:
Ներքին գործերի մարմինների աշխատակիցների պարտադիր պետական ապահովագրումը կատարվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան` ըստ նրանց ծառայության վայրի:
ՀՈԴՎԱԾ 2
Ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակը նշանակելիս տարիների ծառայության մեջ հաշվվում է ծառայությունը /այդ թվում` արտոնյալ պայմաններով/ բարձրագույն պետական մարմինների կողմից ստեղծված զինված ուժերում և այլ զինվորական կազմավորումներում, Կողմերի անվտանգության և ներքին գործերի մարմիններում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ միացյալ զինված ուժերում` այն կարգով, որը սահմանված է Կողմերի օրենսդրությամբ, որտեղ նրանք ծառայել են: Սահմանված տարիների ծառայությունը մյուս Կողմը փոփոխության ենթարկել չի կարող:
Ներքին գործերի մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների դրամական բավարարման չափը սահմանվում է կենսաթոշակ նշանակող Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով: Կենսաթոշակառուի կողմից բնակության վայրը փոխվելու դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է նոր բնակության վայրի Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 3
Ներքին գործերի մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման և ներքին գործերի մարմինների աշխատակիցների պարտադիր պետական ապահովագրման հետ կապված ծախսերը իրականացնում են Կողմերը իրենց բյուջեների հաշվին` առանց իրենց միջև փոխադարձ հաշվարկների:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագիրը իրականացնելիս որպես Կողմերին ներկայացնող լիազոր մարմիններ /այսուհետ` Լիազոր մարմիններ/ հանդես են գալիս Կողմերի ներքին գործերի նախարարությունները:
ՀՈԴՎԱԾ 5
Կողմերը Լիազոր մարմինների միջոցով կտեղեկացնեն միմյանց իրենց պետություններում գործող ներքին գործերի մարմինների աշխատակիցների և նրանց ընտանիքների կենսաթոշակային ապահովման և աշխատակիցների պետական ապահովագրման վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերի, ընդունված օրենսդրական ակտերի, դրանց հետագա փոփոխությունների մասին, ինչպես նաև մշտական համագործակցություն կիրականացնեն այդ հարցերով:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերը Կողմերի Լիազոր մարմինները քննարկում են երկկողմ և բազմակողմ հիմունքներով:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից կարող է դուրս գալ դրանից` այդ մասին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին: Այդ մասնակցի նկատմամբ Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:
ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները, որոնք բխում են սույն Համաձայնագրի դրույթներից, իրենց ուժը չեն կորցնում նաև մասնակից պետության, որի տարածքում նրանք բնակվում են, Համաձայնագրից դուրս գալու դեպքում:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում, երբ մասնակից պետությունների երեք Կողմեր ավանդապահին ծանուցում են այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:
Կատարված է Աշգաբադ քաղաքում 1993 թվականի դեկտեմբերի 24-ին, ռուսերեն` մեկ բնօրինակով: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որն էլ դրա հաստատված պատճենները կուղարկի սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2004 թվականի հունվարի 22-ից: