ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺՈՒՄ ԵՎ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության մարդու իրավունքների և հիմնական ազատությունների մասին 1995 թվականի մայիսի 26-ի Կոնվենցիայի և Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին 1992 թվականի մարտի 13-ի Համաձայնագրի վրա,
ձգտելով ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում դատախազության աշխատողների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համագործակցության համակողմանի զարգացման,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի գործողությունը տարածվում է ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացի հանդիսացող, դատախազության մարմինների դատախազների և քննիչների, դատախազության գիտական և կրթական հաստատությունների գիտական և մանկավարժական աշխատողների վրա, ովքեր իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են համապատասխան պետության տարածքում աշխատանքային պայմանագրի (կոնտրակտի) պայմաններով:
ՀՈԴՎԱԾ 2
Դատախազության մարմինների դատախազների և քննիչների, դատախազության գիտական և կրթական հաստատությունների գիտական և մանկավարժական աշխատողների աշխատանքային ստաժը և երկարամյա ծառայությունը, այդ թվում` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում աշխատանքային գործունեության կապակցությամբ արտոնյալ կարգով հաշվառված, փոխադարձաբար ճանաչվում են Կողմերի կողմից` ներքին օրենսդրությամբ երկարամյա ծառայության համար աշխատավարձին դրամական հավելումներ (հավելավճարներ) վճարելու համար նախատեսված չափով և միակողմանի կարգով փոփոխման ենթակա չեն:
ՀՈԴՎԱԾ 3
ԱՊՀ մասնակից պետության տարածքում աշխատանքային ստաժի և երկարամյա ծառայության մասին պատշաճ կարգով տրված անհրաժեշտ փաստաթղթերը սույն Համաձայնագրի մյուս մասնակից պետությունների տարածքներում ընդունվում են առանց օրինականացման:
ՀՈԴՎԱԾ 4
Կողմերը սույն Համաձայնագիրը համարում են դատախազության մարմինների և հաստատությունների աշխատողների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության բնագավառում համակողմանի համագործակցության առաջին փուլը և կքննարկեն նշված աշխատողների սոցիալական ապահովության մասին փոխհամաձայնեցված ակտի մշակման հարցը:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերը, անհրաժեշտության դեպքում, կհամաձայնեցվեն տվյալ Համաձայնագրի մասնակից պետությունների գլխավոր դատախազությունների (դատախազությունների) լիազորված ներկայացուցիչների հետ` երկկողմ կամ բազմակողմ հիմունքներով:
ՀՈԴՎԱԾ 6
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության իրականացման համար Կողմերն օգտագործում են ռուսերենը:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը պահանջում է դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարում` համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից: Նման ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը սույն Համաձայնագրի ստորագրումից երեք ամսվա ընթացքում ծանուցում են ավանդապահին:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրը գործում է դրա ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո, Համաձայնագիրը ինքնաբերաբար երկարաձգվում է յուրաքանչյուր անգամ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերը այլ որոշում չեն կայացնում:
ՀՈԴՎԱԾ 9
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին դուրս գալուց առնվազն երեք ամիս առաջ գրավոր տեղեկացնելով ավանդապահին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահպանվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից: