(ուժը կորցրել է 30.10.2025 թիվ 1511-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հուլիսի 2009 թվականի N 732-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին ապահովել` գլխավոր հատակագծի իրականացման մոնիթորինգը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման կարգը հաստատելու մասին» N 802 որոշմամբ սահմանված կարգի:
3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` ճյուղային և համայնքային զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման համապատասխան միջոցառումները` ըստ առաջնահերթության:
4. Առաջարկել Չկալովկայի գյուղական համայնքի ղեկավարին համայնքի զարգացման ծրագրերում սահմանված կարգով ներառել գլխավոր հատակագծի իրականացման միջոցառումները` ըստ առաջնահերթության:
5. Սահմանել, որ գլխավոր հատակագծով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ գլխավոր հատակագծով նախատեսված կառուցապատման հերթականության:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2009 թվականի հուլիսի 2-ի
N 732-Ն որոշման
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՉԿԱԼՈՎԿԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
------------------------------
ԻՐՏԵԿ - հատակագիծը չի բերվում
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Գիրք 1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի
(բնակավայրի) գլխավոր հատակագիծ/տեքստային մաս
Նախաբան 8
Գլուխ 1 9
Համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները 9
1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում, առկա իրավիճակը և
տարածական զարգացման պայմանները 9
1.2. Տարածքի համալիր գնահատականը 10
1.2.1. Բնակլիմայական պայմանները, բուժական և ռեկրեացիոն
ռեսուրսները 10
1.3. Շրջակա միջավայրի բարելավման միջոցառումները և
կառուցապատման առանձնահատկությունները 17
1.4. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն 19
1.5. Սեյսմիկ պայմանները 21
2. Հեռանկարային կառուցվածքահատակագծային զարգացման
ուղղությունները 22
2.1. Տրանսպորտ 24
2.1.1. Տրանսպորտային ուղիների հեռանկարային զարգացման ուրվագիծ 24
2.1.2. Համայնքային փողոցային ցանցի կատարելագործումը 25
3. Ինժեներական սարքավորումներ 25
3.1. Ջրամատակարարում 25
3.2. Կենցաղային կոյուղի 28
3.3. Հեղեղատար կոյուղի 29
3.4. Ոռոգում 29
3.5. Գազամատակարարում և ջեռուցում 30
3.6. Էլեկտրամատակարարում 33
3.7. Կապի ցանցեր 34
4. Արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումները 34
5. Չկալովկայի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի
տեխնիկատնտեսական ցուցանիշները 35
6. Կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն ըստ
նպատակային նշանակության փոփոխության 38
| ԳԼՈՒԽ 2. |
Չկալովկա բնակավայրի գոտևորման նախագիծ 39 |
1. Նախագծի նպատակները 39
2. Կիրառման բնագավառը 39
3. Նախագծի կառուցվածքը 40
4. Գոտևորման նախագծի կապը գլխավոր նախագծի հետ 40
5. Տարածքի փաստացի օգտագործման և նախագծային հիմնական
բնութագրերը 40
5.1. Գոտիների սահմանները 41
5.2. Գոտևորման տեսակները 41
6. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների)
և սահմանափակումների հիմնավորումները 41
6.1. Նախագծով սահմանված գոտիները 42
6.2. Գոտիների չափերը 44
6.3. Գոտիներում կիրառվող կառուցապատման հիմնական տեսակները 44
6.4. Գոտիներում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների)
ձևերը 48
7. Կառուցապատման չափորոշիչներն` ըստ առանձին գոտիների 51
8. Կառուցապատման հերթականությունը` բնակավայրի զարգացմանը
զուգընթաց 53
9. Կառուցապատման կանոններ 54
9.1. Շենքերի շքամուտքեր 54
9.2. Նկուղներ և կիսանկուղներ 54
9.3. Գովազդ 54
9.4. Ցուցանակներ և անվանատախտակներ 54
9.5. Փողոցային լուսավորություն 55
9.6. Տրանսպորտային միջոցների կանգառներ 55
9.7. Աղմուկի թույլատրելի մակարդակ 55
9.8. Գոտևորմանը չհամապատասխանող կառուցապատման կարգավորում 55
10. ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի առանձնացումը 56
Գիրք 2. ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղական համայնքի
(բնակավայրի) գլխավոր հատակագիծ
Գրաֆիկական մաս
Հատոր 1
| ԳԼՈՒԽ 1. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծ |
1.1. Համայնքի դիրքը մարզի տարաբնակեցման համակարգում. Գծ.1.1.
1.1.2. Օգտակար հանածոների տեղադիրքը. Գծ.1.1.2.
1.1.3. Բնության հատուկ պահպանվող տարածքների և
պատմամշակութային հուշարձանների տեղաբաշխման ուրվագիծ. Գծ.1.1.3.
1.1.4. Քամու ուղղություններն ու արագությունը. Գծ.1.1.4.
1.2. Տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ (հենակետային
հատակագիծ). Գծ.1.2.
1.3. Տարածքի համալիր գնահատման հատակագիծ. Գծ.1.3.
1.3.1. ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզ Գծ.1.3.1.
1.3.2. սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզ Գծ.1.3.2.
1.3.3. պատմամշակութային հուշարձանների տարածքները. Գծ.1.3.3.
1.3.4. հողօգտագործումն` ըստ սեփականության ձևերի. Գծ.1.3.4.
1.4. Տրանսպորտի ուրվագիծ Գծ.1.4.
1.5. Ինժեներական ենթակառուցվածքների ուրվագիծ Գծ.1.5.
1.6. Լանդշաֆտային կազմակերպման ուրվագիծ Գծ.1.6.
Հատոր 2
1.7. Համայնքի տարածքային զարգացման հատակագիծ (հիմնական
գծագիր) Գծ.1.7.
1.7.1. կառուցապատման համար նախատեսված տարածքների բաշխումն
ըստ նպատակային նշանակության փոփոխության. Գծ.1.7.1.
| ԳԼՈՒԽ 2. |
ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա բնակավայրի գոտիավորման նախագիծ |
2.1. Բնակավայրի զարգացման համար անհրաժեշտ հողատարածքներն ու
դրանց կառուցապատման հերթականությունը Գծ.2.1.
2.2. Տարածքի գործառական գոտևորումը` ըստ օգտագործման
տեսակների Գծ.2.2.
2.3. Տարածքի ծավալատարածական գոտևորումը` ըստ կառուցապատման
չափորոշիչների Գծ.2.3.
2.4. Տարածքի կառուցապատումը կարգավորող նախագծային կարմիր
գծերը` հանգույցների կոորդինատային նշահարմամբ Գծ.2.4.
2.5. Մշակութային, կենցաղային և կոմունալ, ինժեներական
ենթակառուցվածքների սպասարկման և սանիտարական գոտիների
սահմանները Գծ.2.5.
2.6. Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման
օբյեկտի տարածքի հատակագիծ Գծ.2.6.
Նախաբան
ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկայի գյուղական համայնքի գլխավոր հատակագծի մշակման հիմնական նպատակը` բնակավայրի տարածական զարգացման հիմնական ուղղությունների, տարածքների ֆունկցիոնալ նշանակության ամրագրումն է` տրանսպորտային, ինժեներական, տեխնիկական ենթակառուցվածքների սկզբունքային լուծումներով, բնապահպանական համալիրի կիրառումով, տարածքների հողօգտագործման և կառուցապատման պարտադիր պահանջների սահմանումով:
Գլխավոր հատակագիծը մշակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղական համայնքի ղեկավարի պատվերով (պայմանագիր N ՀՀ ԳՄՉԳ-ԳԱՇՁԲ-02) և նախագծային առաջադրանքով: Նախագծային կազմակերպությունն է` «ԱՐԽԻՏՈՆ» ՍՊԸ (տնօրեն` Լ. Ղալումյան):
Նախագծման համար ուղեցույց են ծառայել.
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը,
ՀՀ Հողային օրենսգիրքը,
«Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը,
ՀՀ կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «ՀՀ քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշումը,
ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի «Բնակավայրերի տարածքների գոտևորման նախագծերի մշակման, փորձաքննության համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 408 որոշումը,
ՀՀ կառավարության 2003 թ. ապրիլի 10-ի N 603-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծի» հիմնադրույթները և այլ իրավական ակտեր:
Որպես ելակետային նյութեր են օգտագործվել`
տարբեր տարիներին նախագծային կազմակերպություններում մշակված Չկալովկայի գլխավոր հատակագծերը նախագծերը,
Չկալովկայի համայնքի տարածքի սեյսմաշրջանացման քարտեզը (մշակված «ՍՊՀսԾ»ՊՈԱԿ 2005 թ.),
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կադաստրային քարտեզները և տեղագրական հանույթները,
ՀՀ շահագրգիռ նախարարությունների, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի, Չկալովկայի գյուղապետարանի, տարբեր կազմակերպությունների` Չկալովկային վերաբերող ելակետային նյութերը:
Նախագծում հաշվի են առնված Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից ընդունված «Եվրոպական մայրցամաքի կայուն տարածական զարգացման հիմնարար սկզբունքներով», Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայով և այլ փաստաթղթերով ամրագրված տարածական պլանավորման հետ փոխկապակցված սկզբունքները:
Գլուխ 1
Համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները
1. Համայնքի դիրքը տարաբնակեցման համակարգում, առկա իրավիճակը և տարածական զարգացման պայմանները.
Չկալովկայի գյուղական համայնքը գտնվում է Սևանա լճի արևմտյան ափին` Սևան-Գավառ ավտոմայրուղու մոտ: Այն հարակից է Նորաշեն, Ծովազարդ, Լճաշեն համայնքներին և «Սևան» ազգային պարկին: Տեղակայված է 1897-1960 մ բացարձակ նիշերով տեղանքի վրա, որն ունի ընդհանուր թեքվածություն դեպի Սևանա լիճը: Գյուղն ունի 150 տարվա պատմություն:
Համայնքի տարածքը 1890.1 հա է, այդ թվում` գյուղատնտեսական նշանակության հողեր` 1775.4 հա, բնակավայրի հողեր` 69.21 հա (բնակելի` 44.62 հա), արդյունաբերական ձեռնարկությունների` 5.2 հա, էներգետիկայի և տրանսպորտի օբյեկտների` 10.67 հա, հանգստի և պատմամշակութային օբյեկտների` 29.68 հա:
Համայնքի բնակչությունը ներկայումս 562 մարդ է, բնակչության հեռանկարային թիվն ըստ գլխավոր հատակագծի` 800 մարդ:
Հանգստացողների հաշվարկային քանակը կկազմի սեզոնում 2000 մարդ` համայնքի ափամերձ հատվածում (104.28 հա) ռեկրեացիոն գոտու կազմակերպման միջոցով:
Նկար 1. Չկալովկայի համայնապատկերը օգոստոս ամսին.
-------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
1.2. Տարածքի համալիր գնահատականը
1.2.1. Բնակլիմայական պայմանները, բուժական և ռեկրեացիոն ռեսուրսները
(Գրաֆիկական մաս, գծագիր 1.1-ից 1.1.4.)
Սևանը շրջապատող լեռները և լեռնազանգվածները (ծովի մակերևույթից շուրջ 2500-3500 մ բացարձակ նիշերով) ձևավորում են եռանկյունաձև հսկա գոգավորություն` հրաշալի բնապատկերներով և ուրույն լանդշաֆտով: Արևմուտքից լիճը շրջապատված է Գեղամա հրաբխային լեռնաշղթայով, բազմաթիվ հրաբխային կոներով, ամենաբարձրը` Աժդահակ լեռնազանգվածն է (3597 մ ծովի մակերևույթից բարձր):
Այստեղ առկա են բազմապիսի ռեկրեացիոն ռեսուրսներ, ինչը պայմանավորված է տարածքի բարձրլեռնային դիրքով (1900 մ-ից բարձր), լեռնային համայնապատկերի բազմազանությամբ, արժեքավոր ձկնատեսակներ ունեցող քաղցրահամ լճի առկայությամբ, հանքային բուժիչ ջրերի աղբյուրներով, արևային էներգիայի և ուլտրամանուշակագույն ճառագայթման առատությամբ, բարենպաստ լանդշաֆտա-կլիմայական պայմաններով:
Սևանի ավազանի արևմտյան և հյուսիս-արևմտյան ափամերձ տարածքները բնորոշվում են ռելիեֆի տիպիկ հրաբխային կառուցվածքով: Գեղամա լեռների արևմտյան լանջերն աստիճանական թեքվածությամբ դեպի արևմուտք` իջնում են մինչև Չկալովկա-Նորաշեն գյուղերի ափամերձ տարածքները` շուրջ 1950 մ բարձրության նիշերով: Հրաբխային լավաների հոսքահետքերը, հասնելով մինչև լճի ափամերձ տարածքները` առաջացրել են արևմտյան ափի բազմաթիվ ծովախորշեր, հրվանդաններ, երբեմն հզոր քարաբեկորների ձևով` ընդհուպ մինչև լիճը: Չկալովկա-Նորաշեն տեղանքում ռելիեֆը բլրաշատ ափսեաձև իջվածքներով է, թույլ բլրակային, աննշան կոնաձև իջվածքներով: Ռելիեֆի այսպիսի ձևերը օժանդակում են մթնոլորտային տեղումների արագորեն ներծծվելուն և մակերեսային հոսք համարյա չի ձևավորվում: Ջրի հատակից դուրս եկած առափնյա շերտը կազմված է ավազա-կավային և գելենչիկային նստվածքներից:
ՈՒսումնասիրվող հարավ-արևմտյան ափերի լանդշաֆտային գոտիները պարզորոշ ձևով տարբերվում են հյուսիս-արևմտյան ափամերձ գոտիներից:
Այստեղ տեղակայված են`
1. ափամերձ գոտում լավային ցեխեր` մնացորդային կղզյակներով,
2. նախալեռնային բարձրավանդակային հարթավայրեր` տիպիկ սևահողերով,
3. հրաբխային շլակային կոներ` սակավազոր սևահողերով,
4. քարե բեկորակույտեր` չինգիլներ:
Լանդշաֆտային տիպերի այսպիսի բազմազանությունը ռեկրեացիայի տեսանկյունից բացառիկ է:
Սևանա լճի հյուսիս-արևմտյան և արևմտյան տարածաշրջանը, որպես հանգստի և կուրորտային գոտի, իր լեռնագրությամբ, լանդշաֆտային և բուժա-կլիմայական պայմաններով բաժանվել են թվով 5 տարածքային հատվածների (1), որոնցից հինգերորդը` ներառելով Լճաշեն-Չկալովկա-Նորաշեն գյուղերի միջև ընկած տարածքը, անմիջականորեն առնչվում է առաջադրվող խնդիրների լուծմանը:
---------------------------
1) առաջին` Ծովագյուղից, «Ինտուրիստ» մոթելից, մինչև «Ախթամար» հյուրանոց,
երկրորդ` «Ախթամար» հյուրանոցից մինչև Սևան թերակղզու սկզբնամասը,
երրորդ` թերակղզին,
չորրորդ` թերակղզու պարանոցի հարավային մասից մինչև Լճաշեն գյուղը,
հինգերորդ` լճի հարավային ափից Լճաշեն-Նորաշեն հատվածը:
Լճաշեն-Չկալովկա-Նորաշեն գյուղերի միջև ընկած տարածքի լճափնյա գծի երկարությունը 7-8 կմ է: Ցամաքային ափամերձ շերտն իրենից ներկայացնում է երաշտային կիսատափաստան, հանդիպում են նոսր մանր թփուտներ, տուֆի և բազալտի բեկորակտորներ: Տարածքում կան բազմաթիվ մանր ծովախորշեր, հրվանդաններ, փոքր եղջյուրներ, փոքր և միջին չափի բազմաթիվ բլրակներ և նրանց միջև ռելիեֆի գոգավորություններ, որոնք կարող են օգտագործվել կուրորտաբանական նպատակներով:
Կուրորտային և հանգստի գոտիների հետագա զարգացման տեսանկյունից, Չկալովկա-Լճաշեն գոտին առանձնանում է ավելի բարենպաստ պայմաններով և տարածքային զարգացման ավելի մեծ հնարավորություններով` վերը նշված տարածքային այլ հատվածների համեմատությամբ:
Բնական լանդշաֆտի տիպը` լեռնատափաստանային է: Համայնքի օդը մաքուր է, մակերևութային ջրահոսքերը բացակայում են: Հողերը հիմնականում ներկայացված են թույլ էռոզացված (մինչև 1%) սևահողերով:
Կլիման չորային է, նվազագույն մթնոլորտային տեղումներով` Չկալովկայում - միջինը` 439 մմ: Տարվա տաք կեսին դիտվում են նաև խորշակային եղանակներ` խոնավության նվազագույն արժեքներով: Ձմռանը գերիշխում է պարզ արևոտ թույլ սառնամանիքներով եղանակը (15-17 օր ամսվա ընթացքում): Սևանի ավազանի և Արարատյան դաշտի օդային կապը ավելի պարզ է արտահայտվում, երբ ամռանը Սևանի ավազան են ներթափանցում Արարատյան դաշտի տաք և չոր օդային զանգվածները:
Բուսական կազմը հարուստ է վայրի դեղաբույսերով: Արժեքավոր դեղաբույսերի մթերումը և օգտագործումը կարող է էապես նպաստել բուժական միջոցառումների կիրառմանը` հիվանդների առողջության վերականգնման նպատակով: Համայնքը սահմանակից է «Սևան» ազգային պարկին, ինչը կնպաստի բնական պաշարների ռացիոնալ օգտագործմանը և պահպանմանը:
Թերմիկ ռեժիմն ավելի բարենպաստ է, հարաբերական խոնավությունն այստեղ 6-7%-ով ցածր է քան նշված մյուս տարածքային հատվածներում: Օդի դինամիկ ռեժիմը ավելի խաղաղ է, քամու միջին տարեկան արագությունը 1.8 մ/վրկ: Գերիշխում են հյուսիսային և հյուսիս-արևմտյան ուղղության քամիները:
Կլիմայական տեսանկյունից այս տարածքային հատվածը միջանկյալ է` ցամաքային և լճային կլիմաների միջև: Արևելյան ուղղության քամիների դեպքում ավելի արտահայտված է լճի ջրավազանի, իսկ արևմտյանի ժամանակ` ցամաքայինի ազդեցությունը:
Նախագծային մշակումներում հարկ է նկատի ունենալ բնական հողմապաշտպան տարածքների և արհեստական անտառա-ծառաշերտերի գործոնները: Լճաշեն գյուղից հարավ-արևմուտք տեղադրված են հրաբխային կոներ (Բուգդա, Մեծ Ալասար) մինչև 2380 մ բարձրությամբ, որոնց լանջերը հաջողությամբ կարելի է օգտագործել ամռանը` տուրիստական արշավների, իսկ ձմռանը` դահուկասպորտային զբոսանքների համար: Այս տարածքային հատվածը լանդշաֆտային, եղանակա-կլիմայական, միկրոկլիմայական պայմաններով շահավետորեն տարբերվում է մյուսներից: Տարածքը բաց է և չի էկրանավորվում բարձր լեռնազանգվածներով: Տարվա ընթացքում շրջանն առանձնանում է արևափայլի մեծ տևողությամբ (2747 ժամ), ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների տարեկան դրական բալանսով: Հարաբերական խոնավությունը առավոտյան ժամերին 62% է, իսկ ցերեկը հասնում է 55%-ի: Ի տարբերություն մյուս տարածքային հատվածների, պարզ արտահայտված, բայց քիչ հարթեցված է բրիզային շրջանառությունը, որի հետևանքով քամու ուղղությունն այստեղ ունի օրեկան ընթացք: Օրվա առաջին կեսին քամիները փչում են լճից, իսկ երկրորդ կեսին` ցամաքից: Բրիզային քամիները հարստացնում են ափամերձ տարածքի օդը միկրոբաղադրիչներով` աէրոզոլեր, քլոր, եթերային յուղեր, օզոն, ածխաթթուներ:
ՈՒրվագիծ 1. Քամու ուղղությունները և արագությունները.
-----------------------------
ԻՐՏԵԿ - ուրվագիծը չի բերվում
Ձմեռը չափավոր ցուրտ է, գերիշխում է թույլ սառնամանիքային անհողմ եղանակ (օրվա միջին ջերմաստիճանը -2,5 - -12,5o): Ձյան ծածկույթը սկսում է ձևավորվել նոյեմբերի երրորդ տասնօրյակից, իսկ 2000 մ-ից բարձր Գեղամա լեռների հյուսիսային լանջերին` հոկտեմբերի երկրորդ կեսից: Հաստատուն և կայուն ձյան ծածկույթը ձևավորվում է դեկտեմբերին, որի միջին բարձրությունը հունվար-փետրվար ամիսներին հասնում է 25-35 սմ-ի, իսկ ափամերձ գոտում 10-20 սմ-ի: Ձմռանը քամիները հիմնականում ուղղված են դեպի լճի կենտրոնը, որի հետևանքով խոնավությունը հեռացվում է ափամերձ գոտուց:
Ձմեռային եղանակային ռեժիմը ձևավորում է մթնոլորտի յուրովի թթվածնային ռեժիմ, դիտվում են թթվածնի կշռային պարունակության (BCK) մաքսիմում արժեքներ և դրանց աստիճանական նվազումն ըստ բարձրության:
«Զգալի սառնամանիքային» եղանակ (օդի միջին օրեկան ջերմաստիճանը -12,5- -22,5o) դիտվում է հազվադեպ` 3-5 օր ամսեկան, որի պատճառը` հզոր օդային զանգվածների լեռնային արգելքի հաղթահարումն ու թափանցումն է:
Ձմռան սեզոնում լիճը ծածկվում է սառույցով, և լճի ջրային ավազանի ազդեցությունը ափամերձ ցամաքի թերմիկ ռեժիմի վրա զգալի նվազում է:
Ձմեռային եղանակի այսպիսի պայմանները հնարավորություն են ստեղծում ամսվա ընթացքում 20-25 օր կազմակերպել բացօթյա միջոցառումներ` չափավորված բուժական քայլք (տերենկուր), բուժական մարմնամարզություն: Ձմռանը տաղավարային բուժման պայմանները բացառապես բարենպաստ են և ձմեռվա ամիսների բոլոր օրերը կարելի է օգտագործել տաղավարային օդաբուժության և արևաբուժության համար: Ձմռանը ուլտրամանուշակագույն ճառագայթման նվազման հետևանքով թուլանում է արևաբուժության արդյունավետությունը կլիմայական տաղավարներում: Այս սեզոնում կլիմայաբուժության հիմնական ձևը հանդիսանում է ակտիվ և պասիվ հանգիստը: Ջեռուցման սեզոնը սկսվում է նոյեմբերի առաջին տասնօրյակից, տևում է մինչև մայիսի 5-ը:
Ձմռան եղանակային բարենպաստ պայմանները, բավական հարթ ռելիեֆը, կայուն ձյունածածկի առկայությունը (ափամերձ գոտուց 50-100 մ հեռավորության վրա), բնական տեռասները, ռեալ նախադրյալներ են ստեղծում ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական դահուկասպորտային, չմշկա-սահնակային միջոցառումների համար: Դահուկային սեզոնը սկսվում է դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից, ավարտվում մայիսի վերջին:
Առկա են լայն հնարավորություններ ձմեռային հանգստի համալիրներ կառուցելու համար: Կայուն և խորը ձյան ծածկի առկայությունը, բարձր լեռնային անկրկնելի լանդշաֆտը, արևի ճառագայթային էներգիայի առատությունը թելադրում են այս լողափի իրացումը բազմաթիվ բալնեոլոգիական և կլիմայական առողջարաններով, ալպինիստական և տուրիստական բազաներով օժտված յուրօրինակ կուրորտային համալիրի ստեղծման նպատակով:
Նկար 2. Չկալովկայի համայնապատկերը փետրվար ամսին.
-------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Ամռանը գերակշռում է «արևոտ չափավոր խոնավ» եղանակային տիպը, նվազագույն տեղումների քանակով` տարվա տաք կեսին դիտվում են 349 մմ տեղումներ (աղյուսակ 8), որոնք ուղեկցվում են նաև ամպրոպային երևույթներով:
Ամառը տաք է, չոր և անհողմ: Գարնանից ամառ անցումը տեղի է ունենում աստիճանաբար` շնորհիվ լճի ջրային ավազանի ազդեցության: Ամսվա 14-16 օր գերիշխում է «արևոտ չափավոր խոնավ» եղանակային տիպը: Եղանակների ռեժիմի առանձնահատկությունն է` «շատ շոգ և շատ չոր» (միջին օրեկան ջերմաստիճանը 22.5o) եղանակային տիպերը բացակայում են: Ամառային սեզոնում մթնոլորտում նվազում է թթվածնի կշռային պարունակությունը:
Տարվա տաք կեսին կլիմայաբուժության ռեալ պայմանները բարենպաստ են օդային և արևային լոգանքներ ընդունելու համար: Մայիսի երրորդ տասնօրյակից մինչև հունիսի 10-ը չափավորված կլիմայաբուժության պայմանների 40%-ը (10 օր) դիտվում է սառը զոնայում:
Այս սեզոնում դիտվող քամիները բացասաբար են անդրադառնում օրգանիզմի ջերմազգացողության վրա, սակայն քամու սառեցնող ազդեցությունը վերացնելու նպատակով հատուկ հարմարանքներ կիրառելու դեպքում օդային և, առավելապես, արևային լոգանքների կրկնվածությունը աճում է` ամսվա ընթացքում (հուլիս-օգոստոս) 20-22 օր դիտվում են կլիմայաբուժության կոմֆորտային պայմաններ:
Ամռանը արևադարձային օդային զանգվածների ներխուժման ժամանակ, երբեմն դիտվում են օդային գերտաքացումներ (աղյուսակ 19): Վերլուծությունը ապացուցում է, որ գոյություն ունի ուղղակի կապ ԷԷՏ (էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանի) և ՌԷԷՏ (ռադիացիոն-էկվիվալենտ-էֆեկտիվ ջերմաստիճանի) միջև: Արևի տաքացման դեպքում ԷԷՏ աճում է 8-9o-ով, և արևաբուժության մետեոպայմանները աճում են, մանավանդ քամու սառեցնող ազդեցության վերացման դեպքում (ՌԷՏ): Հետևաբար, արևաբուժության կոմֆորտային պայմանները հնարավորություն են ընձեռում արևային լոգանքներ ընդունել 10-12 օր հունիսին, 16-20 օր հուլիսին, 20-22 օր օգոստոսին: Օդաբուժության լոգանքների ընդունումը հնարավոր է հունիսից մինչև սեպտեմբերի 15-ը, իսկ արևաբուժության` մայիսի 20-ից մինչև հոկտեմբերի առաջին տասնօրյակը ժամը 13-ին, երբ կլիմայաբուժության միկրոկլիմայական պայմանները բարենպաստ են, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման արժեքը առավելագույն է: Քամու սառեցնող ազդեցության նվազեցման դեպքում դիտվում են նաև արևաբուժության պայմաններ գերտաքացման զոնայում, երբ ՌԷՏ բարձր է 23o-ից:
Լճում լողանալու պայմաններն առաջանում են հուլիսի 5-ից 6-7 օր շուտ, քան մյուս միկրոշրջաններում և շարունակվում են մինչև սեպտեմբերի երկրորդ տասնօրյակը, երբ ափամերձ գոտում ջրի ջերմաստիճանը 17 oC է: Քանի որ ջրային ավազանը դանդաղ տաքանում և դանդաղ սառչում է, օդի ջերմաստիճանի օրեկան և տարեկան ամպլիտուդը լճի վրա զգալի փոքր է, քան ցամաքում: Առավել բարենպաստ պայմաններ են թալասոթերապիայի համար (բուժական ջրային պրոցեդուրաներ) ինչպես բուժման, այնպես էլ կոփման և հիվանդությունների կանխարգելման նպատակով, ի նկատի ունենալով, որ այս ափում լճի խորությունը մեծ չէ, ջրի ջերմաստիճանը բարձր է` 21-22o, իսկ ավելի շոգ տարիներին ջրի ջերմաստիճանն այստեղ հասնում է 23-24o: Նպատակահարմար է ափամերձ գոտին օգտագործել կանաչ պուրակների տեղադրման համար: Անտառաշերտը իր հերթին փոխում է տարածաշրջանի միկրոկլիման:
Առաջարկվում է հանգստի և տուրիզմի համար նախատեսվող համալիրները կառուցել համապատասխան իրենց բնույթի, լողափերի տաղավարները նախագծել հաշվի առնելով այս ափում ամառվա սեզոնում քամիների իշխող ուղղությունը:
Լճաշեն-Չկալովկա-Նորաշեն ափը շահեկանորեն տարբերվում է նշված մյուս լողափերից միկրոկլիմայական, լանդշաֆտային, ռեկրեացիոն բարենպաստ պայմաններով: Առաջարկվում է ռեկրեացիոն նպատակներով նախատեսված տարածքների իրացումը նախագծել որպես մի ամբողջական համալիր, իսկ բնական բուժական ռեսուրսների հիմքի վրա կազմակերպել բալնեոլոգիական և կլիմայական սանատոր-կուրորտային համալիրներ:
Նկար 3. Չկալովկայի համայնապատկերը օգոստոս ամսին.
--------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
1.3. Շրջակա միջավայրի բարելավման միջոցառումները և կառուցապատման
առանձնահատկությունները
Համայնքի գլխավոր հատակագծով նախատեսվում են համայնքի շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված հետևյալ քաղաքաշինական և տեխնոլոգիական միջոցառումները.
. փողոցների և ճանապարհների ասֆալտապատում, ինչը կնպաստի օդի փոշոտվածության և ավտոմեքենաների արտանետումների նվազեցմանը,
. անասնապահական ֆերմաների դուրս բերում բնակելի տարածքից, ապահովելով 500 մետր սանիտարապաշտպանիչ գոտին,
. գերեզմանատների սանիտարապաշտպանական գոտիների ձևավորում. դրանք կազմավորվում են անտառպուրակների միջոցով` ընդհանուր առմամբ 35.8 հա տարածքի վրա,
. փողոցների և ճանապարհների երկարությամբ կանաչ պաշտպանիչ շերտերի ստեղծում (92.5 հա),
. համայնքի կոյուղացում, կեղտաջրերի խոր մաքրում` (մինչև ԹԿՊ5` 3.0 մգ/լ) լոկալ մաքրման կայանների միջոցով,
. համայնքի և հանգստի գոտու տարածքի սանիտարական մաքրում: Առաջացած կոշտ կենցաղային թափոնների (ԿԿԹ) տարեկան հաշվարկային քանակը կազմում է 174 տոննա, այդ թվում` համայնքի բնակչությունից` 102 տ, հանգստի գոտուց` 72 տ:
Թափոնները կհավաքվեն փակվող կոնտեյներներում, կտեղափոխվեն և կպահեստավորվեն համայնքի վարչական սահմաններում` Չկալովկա բնակավայրից 2.0 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուսում, որը նախատեսված է նաև Սևան քաղաքի սպասարկման համար: Գլխավոր հատակագծով նախատեսվում է աղբյուսի կանաչապատված (41.5 հա) 500 մետրանոց սանիտարապաշտպանական գոտու կազմակերպում:
Կառուցապատման նպատակով նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել համայնքի բնակլիմայական պայմաններից բխող հետևյալ առանձնահատկությունները`
. հաշվի առնելով համայնքում գերիշխող հյուսիսային և հյուսիս-արևմտյան ուղղության քամիները, նախագծային աշխատանքների ժամանակ առաջարկվում է ընտրել նշված ուղղության քամիների սառեցնող ազդեցությունը նվազեցնող լուծումներ, մասնավորապես, ռեկրեացիոն գոտու մասնաշենքերի բացվածքները տեղադրել քամուն զուգահեռ ուղղությամբ,
. ելնելով ձմռան ամիսներին առողջարարական ռեկրեացիոն ռեսուրսների օգտագործման հնարավորություններից` նպատակահարմար է փակ ձմեռային ապակեպատ ավազանների օգտագործումը լճի ջրի տաքացման միջոցով: Կարող են նախատեսվել փակ ջրավազաններ` սպորտային լողի զարգացման նպատակով,
. համայնքում առկա ձմեռային սպորտի զարգացման նախադրյալները լիարժեքորեն օգտագործելու համար նպատակահարմար է բալնեոլոգիական ու կլիմայական առողջարաններով և ալպինիստական ու տուրիստական բազաներով համակցված կուրորտային համալիրների ստեղծումը,
. ամռան ամիսներին հիպերինսոլյացիայից խուսափելու համար կլիմատոտաղավարներում առաջարկվում է տեղակայել հատուկ հարմարանքներ, սարքեր, որոնք մասնակի էկրանավորման միջոցով մեղմացնում են արևի ճառագայթային էներգիայի ազդեցությունը,
. առողջարանային, հանգստի և տուրիստական համալիրները նախագծել, հաշվի առնելով ամառվա սեզոնում արևային էներգիայի և ուլտրամանուշակագույն ռադիացիայի բարձր արժեքները, ապահովելով արևի ուղիղ ճառագայթների անցանկալի ազդեցությունից պաշտպանող ճարտարապետահատակագծային լուծումներ և համապատասխան տեխնիկական միջոցներ,
. միկրոկլիմայի բարելավման նպատակով նախագծերում հնարավորինս ընդլայնել բարեկարգվող կանաչապատ տարածքները:
ՈՒրվագիծ 2. Էռոզացված հողեր և սողանքային գոտիներ
-----------------------------
ԻՐՏԵԿ - ուրվագիծը չի բերվում
1.4. Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանություն
Գեղարքունիքի մարզի բնակավայրերը հարուստ են պատմամշակութային ժառանգությամբ, որը խթան է հանդիսանում այդ մարզում զբոսաշրջության և ռեկրեացիոն գործառույթներն առավել զարգացնելու համար:
Համաձայն ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգի, հանրապետության տարածքում գտնվող հուշարձաններն ըստ արժեքավորման չափանիշների դասակարգվում են հանրապետական և տեղական նշանակության: Համայնքում առկա են միայն տեղական նշանակության հուշարձաններ:
Հուշարձանները կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով` գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական նպատակներով, ինչպես նաև իրենց սկզբնական ու հարմարեցված գործառնական նշանակությամբ:
Համաձայն ՀՀ կառավարության 24.12.2003 թ. N 1793-Ն որոշման, համայնքի տարածքում տեղակայված հուշարձանները հետևյալներն են.
Չկալովկայի գյուղական համայնքի պատմամշակութային հուշարձանների ցանկ
._____________________________________________________________________.
|համար|Հուշարձանի|Հուշարձանա-|Ժամանակը |Տեղը | |Ծանոթություն |
| |ենթահամարը|խումբը, | |բնակավայրի| | |
| | |հուշարձանը | |նկատմամբ | | |
| | | | |հասցեն | | |
|_____|__________|___________|_________|__________|___|_______________|
| 1.| | | |ԳԵՐԵԶՄԱՆՈՑ |10-12 դդ.| 2 կմ աե | Տ|«Հրաչի սուրբ» |
| | | | | | | | |կոչվող նորաշեն |
| | | | | | | | |սրբատեղիի |
| | | | | | | | |շուրջը |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| |1.1.| | |խաչքար | 10 դ.| | Հ| |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| |1.2.| | |խաչքար | 11 դ.| | Հ| |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| |1.3.| | |խաչքար | 11 դ.| | Հ| |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| |1.4.| | |խաչքար |11-12 դդ.| | Հ| |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| |1.5.| | |խաչքար |11-12 դդ.| | Հ| |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| 2.| | | |ԽԱՉՔԱՐ |10-11 դդ.| գ. մ.| Հ|Կիմա Սարգսյանի |
| | | | | | | | |տնամերձում |
| | | | | | | | |գտնվող |
| | | | | | | | |սրբատեղիում |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| 3.| | | |ԽԱՉՔԱՐ |10-11 դդ.| գ. մ.| Հ|Կիմա Սարգսյանի |
| | | | | | | | |տնամերձում |
| | | | | | | | |գտնվող |
| | | | | | | | |սրբատեղիում, |
| | | | | | | | |ամրացված բեմին |
|_____________________________________________________________________|
| ՆՈՐԱՀԱՅՏ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ |
|_____________________________________________________________________|
| 4.| | | |ԾՈՎԱՉԱՓ | 1852 Թ.| | | |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| 5.| | | |Ամրոց |2-րդ | | | |
| | | | |Չկալովկա-1,|ՀԶՄ-ՄՋՆԴ | | | |
| | | | |Եկեղեցի, | | | | |
| | | | |Գերեզմանոց,| | | | |
| | | | |Մատուռ, | | | | |
| | | | |Խաչքարեր | | | | |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| 6.| | | |Ամրոց |2-րդ | | | |
| | | | |Չկալովկա-2,|ՀԶՄ- | | | |
| | | | |Միջնաբերդի |մ.թ.ա | | | |
| | | | |ամրոց, |ՄՋՆԴ | | | |
| | | | |Եկեղեցի | | | | |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| 7.| | | |Մատուռ, |ՄՋՆԴ | | | |
| | | | |Խաչքար | | | | |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| 8.| | | |Խաչքարեր |ՄՋՆԴ | | | |
|_____|____|__|__|___________|_________|__________|___|_______________|
| 9.| | | |Խաչքար |ՄՋՆԴ | | | |
._____________________________________________________________________.
1.5. Սեյսմիկ պայմանները
Չկալովկա բնակավայրի երկրաբանական հիմքը հանդիսանում են անդեզիտա-բազալտային լավային հոսքերը և վերին-չորրորդականի հասակի ալյուվիալ-պրոլյուվիալային գոյացումները: Համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 «Սեյսմակայուն Շինարարություն Նախագծման Նորմեր» նորմատիվային փաստաթղթի հավելված Ա-ի (ՀՀ Տարածքի սեյսմիկ գոտիավորման սխեմատիկ քարտեզ) Չկալովկա բնակավայրի տարածքը գտնվում է 2-րդ սեյսմիկ գոտում, որին համապատասխանում է Amax = 0.3 g գետնի սպասվելիք առավելագույն արագացումը [1; 6]:
Ակտիվ խզվածքները. Չկալովկա բնակավայրը գտնվում է Հյուսիսհայաստանյան կառուցվածքային աղեղի արևելյան թևին առաջացած երկու զույգ ակտիվ խզվածքներով [7] (նկար 4): ՈՒսումնասիրված տարածքին ավելի մոտ է գտնվում Գավառագետի խզվածքը, սակայն այն անցնում է տարածքից ավելի քան 10 կմ հեռավորության վրա և համաձայն ՀՀՇՆ II-6.02-2006 նորմերի, չի ներկայանում որպես պոտենցիալ սեյսմածին գոտու գործոն: ՈՒսումնասիրված տարածքում նախապատմական, պատմական և գործիքային ժամանակաշրջանի ուժեղ երկրաշարժեր չեն գրանցվել:
Առավել մանրամասնորեն տրված է սույն նախագծի «Չկալովկա բնակավայրի տարածքի 1:5000 մասշտաբի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզի կազմման աշխատանքների հաշվետվություն» N 1 հավելվածում:
Նկար 4. ՈՒսումնասիրված տարածքի և հարակից շրջանի երկրատեկտոնական նկարագիրը, կարմիրով ներկայացված են խզվածքները:
--------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
2. Հեռանկարային կառուցվածքահատակագծային զարգացման ուղղությունները
Համայնքի կառուցապատումն անկանոն է: Բնակավայրի միջնամասում են գտնվում դպրոցը, մանկապարտեզը, գյուղապետարանը և ամբուլատորիան: Գյուղը չունի ակումբ, հրապարակ, հավաքատեղի, ժամանցի վայր: Համայնքում առկա են երկու փակ և մեկ գործող գերեզմանոց:
Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասամբ` ձկնորսությամբ:
Համայնքի դիրքը նպաստավոր է սպորտային, ռեկրեացիոն գոտու ստեղծման և սպասարկման համար, ինչը կարող է խթան հանդիսանալ նաև զբոսաշրջության զարգացման համար: Ներկայումս, գյուղի բնակչության հեռանկարային աճը որոշելու համար առաջնային է դառնում տարածական զարգացման հնարավորությունը: Հաշվի առնելով տարածքային ռեզերվների առկայությունը, համայնքի հեռանկարային առավելագույն բնակչության թիվը ընդունվել է 800 մարդ: Սեզոնային հանգստացողների թիվը կարող է կազմել 2000 մարդ: Ընդ որում, գյուղի բնակչության առավելագույն քանակի ապահովման համար ժամկետների նախատեսումը կապվում է հանրապետության ընդհանուր զարգացման տեմպերի հետ:
Մշակվել են Չկալովկա համայնքի հատակագծային-տարածական զարգացման հիմնական ուղղությունները, առանձնացվել են համապատասխան գործառական գոտիներն ու սահմանվել քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման և կառուցապատման ռեժիմները: Հատակագծային կառուցվածքը և գործառնական գոտևորումը մշակվել են, հաշվի առնելով բնօգտագործման, շրջակա միջավայրի պահպանման, ինժեներական նախապատրաստման միջոցառումների իրականացման փոխկապակցված խնդիրների համախումբը: Վերլուծության և համալիր գնահատականի արդյունքում ընտրվել են կառուցապատման ենթակա տարածքները, տրվել են պահանջվող ինժեներական նախապատրաստման միջոցառումները և դրանց իրականացման ուղիները: Ճանապարհների, գերեզմանների, էներգետիկայի և այլ կոմունալ օբյեկտների այն պաշտպանիչ գոտիների տարածքները, որոնք այսօր արդեն զբաղված են բնակելի և հասարակական կառույցներով, անհրաժեշտ է վերածել բուֆերային գոտիների, որտեղ, մինչև հաշվարկային ժամկետի ավարտը, պետք է արգելվեն բոլոր նոր բնակելի և հասարակական կառուցապատման և վերակառուցման աշխատանքները:
Գյուղական բնակավայրի տարածքի ճարտարապետահատակագծային կազմակերպման հիմքում դրվել են հետևյալ հիմնական սկզբունքները`
ա) գյուղի միասնական հատակագծային կառուցվածքի կատարելագործում, հին և նոր թաղամասերի օրգանական հատակագծային կապերի ստեղծում,
բ) համայնքի հետագա զարգացումը խթանող նոր ֆունկցիոնալ գոտիների ստեղծում` հիմք ընդունելով առկա ռեսուրսային հնարավորությունները,
գ) արտադրական և կոմունալ օգտագործման տարածքների կանոնակարգում, սանիտարական պահպանական գոտիների պահանջների ապահովում և կանաչ տարածքների ընդլայնում:
Հաշվի առնելով տարածքի գերակշռող գործառնական օգտագործումը, կառուցապատման կանոնակարգման անհրաժեշտությունը, առաջարկված են հետևյալ կառուցվածքահատակագծային սկզբունքները`
ա) առավելապես տնամերձ հողամասերով` ցածրահարկ առանձնատնային կառուցապատման նոր բնակելի տարածքային հատվածների կազմակերպում,
բ) հասարակական սպասարկման գործառույթների կանոնակարգում, սպասարկման օբյեկտների համալիր ձևավորում սպասարկման մատչելիության գոտիներում` ընդգրկելով նոր և գոյություն ունեցող կառուցապատումը,
գ) նոր առողջարանային-ռեկրեացիոն գոտու ձևավորում.
դ) ճանապարհափողոցային ցանցի կատարելագործում,
ե) անտառպուրակային և կանաչ գոտիների ընդլայնում:
Առավելագույնս կանոնակարգվել են գյուղի հասարակական սպասարկման օբյեկտների գոտիները, գոյություն ունեցող հաղորդակցական ցանցը և կանաչապատման համակարգը:
Բնակավայրի զարգացումը հիմնականում նախատեսվում է բնակավայրի հարավ-արևմտյան մասում, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական անօգտագործելի հողերի հաշվին: Դրա հետ մեկտեղ նախատեսված են բնակավայրի զարգացման պահուստային տարածքներ:
Նախատեսվում է հանգստի և սպորտի ռեկրեացիոն գոտու կազմակերպում, որտեղ կլինեն հիմնականում քոթեջներով կառուցապատված տեղամասեր, սպորտային հրապարակներ և ժամանցի տարածքներ: Նոր ռեկրեացիոն գոտին տարանջատվել է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ` ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Համայնքը շրջապատող լեռնալանջերը նպաստավոր են ձմեռային սպորտաձևերի կազմակերպման համար: Գոտու սպասարկման համար Մ10 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհին զուգահեռ նախատեսվում է նոր տեղական տրանսպորտային կապի ստեղծում:
Նախատեսվում է ընդլայնել գործող գերեզմանատունը` հյուսիսային մասից: Զարգացման կողմնորոշումն ընտրվել է հաշվի առնելով գերեզմանատան համար պահանջվող սանիտարապաշտպանիչ գոտին:
Անասնապահական ֆերմաների տարածքները նախատեսվում է տեղափոխել բնակավայրից դուրս, այնպես, որ պահանջվող սանիտարապաշտպանիչ գոտին խոչընդոտ չհանդիսանա բնակավայրի կառուցապատման հեռանկարային ընդլայնմանը:
2.1. Տրանսպորտ
Չկալովկա համայնքն ընկած է Փոքր Սևանի հարավ-արևմտյան ափին, Սևան քաղաքից 9 կմ հեռավորությամբ: Գյուղի և Սևանա լճի միջակայքով է անցնում Մ-10 միջպետական նշանակության II կարգի ավտոճանապարհը: Մոտակա տները հեռու են ճանապարհից առնվազն 150 մ:
Գյուղի միջով` արևմուտքից արևելք, ձգվում է նախկին Սևան-Գավառ պատմական, ոլորապտույտ ճանապարհը, որն այժմ առանցքային փողոցի դեր է կատարում:
Երևան-Սևան-Շորժա-Վարդենիս-Սոտք երկաթուղագծի մոտակա կայարանը Սևան կայարանն է, որն ընկած է 10 կմ հեռավորության վրա: Պետք է նշել, որ գյուղի բնակչությունը երկաթուղուց համարյա չի օգտվում, քանի որ այն հեռու է, ուղերթները կատարվում են օրական մեկ անգամ, իսկ գնացքների արագությունն անչափ ցածր է:
Տրանսպորտի հիմնական միջոցը ավտոմոբիլն է: Գյուղի մոտով անցնող Մ-10 ավտոճանապարհով հաճախակի են անցնում մարդատար ուղերթներ դեպի Սևան, Երևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս:
2.1.1. Տրանսպորտային ուղիների հեռանկարային զարգացման ուրվագիծ
Մ-10 Սևան-Գավառ-Մարտունի միջպետական նշանակության ավտոճանապարհի Չկալովկա համայնքին հարող հատվածով տրանսպորտային միջոցների երթևեկությունը մեկ ժամում ամռան ամիսներին կազմում է 300-350 միավոր մեկ ժամում: Դա նշանակում է, որ ճանապարհը ներկայումս աշխատում է ազատ ռեժիմով և առաջիկա տարիներին գերբեռնվածության խնդիր չի առաջանա: Սակայն, առկա են խնդիրներ, որոնք կդժվարացնեն գործող ճանապարհի հետագա շահագործումը, այդ թվում`
. արդեն իսկ ներկայումս, Մ-10 ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրում լիճն ընդհուպ մոտեցել է ճանապարհին: Այդ նույն վտանգը սպառնում է նաև ավտոճանապարհի այլ տեղամասերին: Այսպես, գյուղի մատույցներում և հենց գյուղի կենտրոնական մուտքի հատվածները, որտեղ ճանապարհի նիշը կազմում է 1902.1 մ, մի քանի տարի անց լճի մակարդակի բարձրացման հետևանքով կծածկվեն ջրով (տես գրաֆիկական մաս «տրանսպորտի ուրվագիծ» գծագիրը): Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ափամերձ տարածքների ջրածածկման և ողողման ազդեցությունը չեզոքացնելու նպատակով, ճանապարհի տվյալ հատվածներում անհրաժեշտ է իրականացնել ինժեներա-պաշտպանիչ միջոցառումներ:
. բնապահպանության տեսանկյունից, ճանապարհի` լճին մոտ լինելը աղտոտում է լճի ջրերը, այն պատճառով, որ ճանապարհի մակերևույթից վառելանյութի և քսայուղերի մի մասը տեղումների միջոցով հոսում է դեպի լիճ:
Ելնելով վերոգրյալից, «ՀՀ տարաբնակեցման գլխավոր նախագծով» Մ-10 ճանապարհը լճից հեռացվել է: Սկսած Գագարին բնակավայրից, ճանապարհը շրջանցում է Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ, Լճափ ու Հայրավանք գյուղերը և Գավառ քաղաքի մատույցներում միանում գործող ճանապարհին: Այդ երթուղու կառուցումը սկսվեց դեռևս խորհրդային տարիներին, սակայն հետագայում դադարեցվեց:
2.1.2. Համայնքի փողոցային ցանցի կատարելագործումը
Համայնքի ներկայիս սահմանագիծն անցնում է Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհի երկայնքով, մոտ 2.5 կմ երկարությամբ: Ենթադրվում է, որ համայնքը պետք է զարգանա դեպի արևելք, սահմանափակվելով գործող Մ-10 և հին Սևան-Գավառ ճանապարհներով: Այդ տարածքում ռելիեֆը շատ կտրտված է, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ: Նախագծվող ճանապարհա-փողոցային ցանցը մշակված է 1:2000 մասշտաբի մանրակրկիտ հանույթի վրա այն հաշվով, որ տեղանքին միջամտությունը հասցվի նվազագույնի:
Որպեսզի Մ-10 ավտոճանապարհի հետ համայնքից մուտքի ուղիները քիչ լինեն, նախատեսվում է մայրուղու աջ թևով` 15 մետր հեռավորությամբ, կառուցել ուղեկցող ճանապարհ, որին էլ կմիանան համայնքի բոլոր մուտքերը: ՈՒղեկցող ճանապարհը կսկսվի համայնքի արևմտյան սահմանից և կվերջանա արևելյան սահմանին մոտ, իսկ միջնամասում` երկու տեղում, մուտք կունենա դեպի Մ-10 մայրուղի: Բոլոր նոր ճանապարհների երթևեկային մասը նախատեսվում է 6.0 մ լայնությամբ, կողնակներ` 1.5-ական մետր լայնությամբ:
Համայնքին հարող տարածքում Մ-10 ճանապարհի աջ եզրին, առկա է ավտոմոբիլների գազալցման կայանը, իսկ համայնքի ձախ եզրում գործում է հեղուկ վառելանյութի լցակայանը, որոնք բավարար են համայնքի կարիքները հոգալու համար:
3. Ինժեներական սարքավորումներ
3.1. Ջրամատակարարում
Ջրամատակարարման և կենցաղային կոյուղացման բաժինը մշակելիս, որպես ելակետային նյութեր հանդիսանում են`
1. Չկալովկա համայնքի գլխավոր հատակագծի առաջադրանքը:
2. Չկալովկա համայնքի գլխավոր հատակագծով հիմնավորված համայնքի տեխնիկատնտեսական ցուցանիշները և զարգացման ուղղվածությունը:
3. «Հայջուր» ընկերության և Չկալովկա համայնքի ղեկավարության կողմից տրամադրված նյութերը` գործող համակարգերի վերաբերյալ:
Ներկայումս Չկալովկա համայնքը ջուր ստանում է Հացառատի խմելու աղբյուրներից:
Ջրաբաշխիչ ցանցը կառուցված է հիմնականում 30-50 տարի առաջ և գտնվում է տեխնիկապես ոչ բարվոք վիճակում: Հոսակորուստների մեծության մասին որևէ տեղեկություն չկա: Ցանցը գոտևորված չէ:
Հաշվարկային ջրապահանջը
Ջրապահանջը հաշվարկելիս, որպես հիմք ընդունվել է ՇՆևԿ 2.04.01-84*-ը, համայնքի ազգաբնակչության թիվը հաշվարկային տարում, հեռանկարային զարգացման ուղղվածությունը: Հաշվարկվել են նաև հակահրդեհային և վթարային պաշարների անհրաժեշտ մեծությունները և դրանց վերականգնման համար անհրաժեշտ ելքերը:
Վերը նշված մեծությունների հաշվարկը բերված է ստորև` աղյուսակային ձևով: Չկալովկա համայնքը և գլխավոր հատակագծով նախատեսված հանգստի գոտին գտնվում են Սևանա լճի ափին, Երևան-Գավառ ավտոճանապարհից աջ` 1910-1950 նիշերի վրա:
Թե` համայնքում և թե` հանգստի գոտում կայուն ջրամատակարարում ապահովելու համար նպատակահարմար է ջրամատակարարման ցանցում իրականացնել հորիզոնական գոտևորում: Առաջին գոտին կընդգրկի գոյություն ունեցող համայնքը` իր ընդարձակման ենթակա տարածքներով: Երկրորդ գոտին կընդգրկի գլխավոր հատակագծով նախատեսվող հանգստի գոտին: Յուրաքանչյուր գոտի կունենա իր օրվա կարգավորման և պաշարապահ ջրամբարները: Գոտիներն իրար կմիացվեն վթարային կապերով, որոնք նորմալ շահագործման ժամանակ կաշխատեն որպես անկախ համակարգեր:
.____________________________________________________________________.
|N |Սպառողները |Սպառման |Ջրապահանջը 2008 թ.|Ջրապահանջը հաշվարկային|
| | |նորմը/օր| |2020 թ. |
| | | |__________________|______________________|
| | | |քանակ|մ3/օր|լ/վրկ |քանակ |մ3/օր |լ/վրկ |
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| 1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| 1|Բնակչությունը | 200| 562|112.5| 1.3| 800| 160.0| 1.85|
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| 2|Հանգստացողներ | | - | - | - | 700| 140.0| 1.62|
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| 3|Արդյունաբերու-|Բնակչու-| - | 22.5| 0.26| - | 28.0| 0.32|
| |թյունը |թյան | | | | | | |
| | |ծախսը | | | | | | |
| | |20% | | | | | | |
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| |Ընդամենը` | | |135.0| 1.56| | 328.0| 3.79|
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| |Չնախատեսված | | | 13.5| 0.16| | 32.8| 0.38|
| |ծախսեր 10% | | | | | | | |
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| |Հոսակորուստներ| | 60%|222.8| 2.58| 30%| 154.6| 1.79|
|__|______________|________|_____|_____|______|______|_______|_______|
| |Ընդհանուրը` | | |371.3| 4.3| | 515.4| 5.96|
.____________________________________________________________________.
Առաջին գոտին կսպասարկի բնակավայրը` 800 բնակիչով և արդյունաբերական տարածքները: Երկրորդ գոտին կսպասարկի հանգստի գոտին:
I գոտու օրվա կարգավորման ջրամբարի ծավալը կազմում է`
- կարգավորիչ ծավալը`
Wգկ = Qmax.օր [1 - Kն + (Kժ-1)(Kն/Kժ)Kն/Kժ-1]
Qմիջ.= 3.0 լ/վրկ
Qmax.օր = 3.0 x 1.3 = 3.9 լ/վրկ = 337 մ3/օր
Qmax.ժ. = 3.9 x 1.4 x 2.1 = 11.5 լ/վրկ
Kն = 1; Kժ = 3.82
Wգ = 337.0 [1 - 1 + (3.82-1)(1/3.82) 3.82/3.82-1] = 154 մ3
- հակահրդեհային ծավալ`
5 x 3.6 x 3 + 11.5 x 3.6 x 3 = 178.2 մ3
Հաշվի առնելով սեյսմակայունությունը, ընդունվում է կրկնակի ծավալը, որը հավասար է 356 մ3:
Վթարային ծավալը կազմում է 3 x 3.6 x 0.7 x 8 = 60 մ3
Այսպիսով I գոտու ծավալը կազմում է 570 մ3:
II գոտու օրվա կարգավորման ծավալը, հաշվի առնելով գոտիների համարժեք լինելը, նույնն է` 570 մ3:
Յուրաքանչյուր գոտու համար անհրաժեշտ է կառուցել երկուական ջրամբար` 300 մ3 ծավալով:
Բնակչության և հանգստացողների կողմից ջրօգտագործման նորմն ընդունվել է 200 լ. մարդ/օր:
3.2. Կենցաղային կոյուղի
Համայնքը կոյուղացված չէ: Կոյուղացումը իրականացվում է հիմնականում բակային ներծծման հորերով:
Կոյուղու հաշվարկային ելքերը
Կեղտաջրերի հաշվարկային ելքերի որոշման համար, որպես հիմք ընդունվել են ՇՆևԿ 2.04.02-84*-ը, հեռանկարային ազգաբնակչության և հանգստացողների թիվը հաշվարկային տարում, զարգացման ուղղվածությունը:
Համայնքը կոյուղացնելիս, կեղտաջրերը անհրաժեշտ է հավաքել համայնքի ցածրադիր մասում, բնակելի և հանգստի գոտուց մեկուսացված վայրում, որտեղ էլ նախատեսվում է կառուցել մաքրման կայան:
Մաքրված կեղտաջրերը նետվում են Սևանա լիճ, որոնց մաքրության ԹԿՊ-ն հավասար է 3 մգ/լ: Հաշվի առնելով Սևանա լճի բնապահպանական նշանակությունը հանրապետության համար, կեղտաջրերը պետք է անցնեն խոր մաքրում և մաքրված կեղտաջրի թթվածնի կենսաբանական պահանջը չպետք է գերազանցի 3 մգ/լ:
Որպես մաքրման կայան, առաջարկվում է կիրառել գործարանային պատրաստման «Նեպտուն» կայան:
Կեղտաջրերի ելքերի հաշվարկը հաշվարկային հեռանկարում բերված է աղյուսակային ձևով:
._________________________________________________________________________.
|N|Սպառողները |Սպառման |Կոյուղու ելքերը 2004 թ.|Կոյուղու ելքերը 2020 թ.|
| | |նորմը/օր|_______________________|_______________________|
| | | |քանակ|մ3/օր|լ/վրկ|max |քանակ|մ3/օր|լ/վրկ|max |
| | | | | | |լ/վրկ| | | |լ/վրկ|
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 |
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|1|Բնակչությունը | 200| 562|112.5| 1.3| | 800|160.0| 1.85| - |
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|2|Հանգստացողները| 200| - | - | - | | 700|140.0| 1.62| |
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|3|Արդյունաբերու-|Բնակչու-| - | 22.5| 0.26| - | | 28.0| 0.32| |
| |թյունը |թյան | | | | | | | | |
| | |ծախսը | | | | | | | | |
| | |20% | | | | | | | | |
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|4|Չնախատեսված | 10%| | 13.5| 0.16| | | 32.8| 0.38| |
| |ծախսեր | | | | | | | | | |
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| |Ընդամենը` | | |148.5| 1.72| - | |360.8| 4.17| |
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| |Անվերադարձ | | | 14.8| 0.17| | | 36.1| 0.42| |
| |կորուստ 10% | | | | | | | | | |
|_|______________|________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
| |Մաքրման կայան | | |1.33.| 1.55| | |324.7| 3.75| |
| |տրվող | | | 7| | | | | | |
| |ջրաքանակը | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Կոյուղու ցանցեր ստեղծելու և շրջակա միջավայրի սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակը ապահովելու համար, անհրաժեշտ է կատարել մեծածավալ աշխատանքներ:
Համակարգի վերակառուցման ժամանակ պետք է հաշվի առնվեն արտակարգ իրավիճակում ջրամատակարարման և կոյուղացման ապահովումը:
Այս առումով նախատեսվում է.
- ՕԿՋ-ներում հակահրդեհային, վթարային պաշարի պահում;
- բաշխիչ ցանցերը պետք է լինեն գոտևորված, օղակային և ապահոված հակահրդեհային հիդրանտներով:
3.3. Հեղեղատար կոյուղի
Համայնքի սանիտարահիգիենիկ պատշաճ մակարդակ ապահովելու և բարեկարգման համար անհրաժեշտ էլեմենտ է հանդիսանում հեղեղատար կոյուղին:
Հեղեղատար կոյուղու նպատակն է գյուղական համայնքի տարածքից անձրևաջրերի և հալոցքից առաջացած ջրերի հեռացումը: Ներկայումս Չկալովկան հեղեղատար կոյուղի չունի և հալոցքի ու անձրևաջրերը անկանոն ձևով առանց մաքրման թափվում են Սևանա լիճ, խախտելով լճի բնապահպանական վիճակը:
Համայնքի ռելիեֆը հնարավորություն է տալիս հեղեղատար ջրերի ամբողջ ելքը հավաքել ինքնահոս եղանակով և համապատասխան մաքրումից հետո միայն նետել Սևանա լիճը:
Հեղեղատար ջրերը, լիճ լցվելուց առաջ պետք է անցնեն համապատասխան մաքրում` համաձայն ՇՆևԿ 2.04.03-85-ի 1.2-րդ կետի, որոնք կազմում են առաջացող ջրերի տարեկան ելքի շուրջ 70%:
Անձրևաջրերի թողարկների տեղերը պետք է համաձայնեցվեն սանիտարական և բնապահպանական հսկողությունն իրականացնող մարմինների հետ:
Հեղեղային կոյուղին պետք է ընդգրկի գյուղական համայնքի ամբողջ տարածքը: Կոյուղու ընդհանուր երկարությունը կկազմի`
- ներթաղամասային ցանցեր - 2.5 կմ,
- փողոցային ցանցեր - 10.0 կմ,
Ընդամենը` - 12.5 կմ
Հեղեղատար ցանցերը, ըստ թաղամասերի նշանակության և ճարտարապետական լուծումների, կարող են լինել բաց առվակների կամ փակ խողովակաշարերի ձևով:
Հեղեղատար կոյուղու համար կարող են օգտագործվել կերամիկական, ե/բետոնե, թուջե d300./.500 խողովակներ:
3.4. Ոռոգում
Համայնքի համար ոռոգման աղբյուր է հանդիսանում Սևանա լիճը:
Գլխավոր հատակագծում նախատեսվում է ոռոգման համակարգի վերակառուցում: Ոռոգման համակարգի հաշվարկային ելքերը որոշվել են համաձայն
- գլխավոր հատակագծով որոշված ոռոգելի մակերեսների,
- ՇՆևԿ2.04.02-84-ի,
- «Հայջրնախագիծ» ինստիտուտի կողմից մշակված Գյուղատնտեսական կուլտուրաների, ոռոգման հաշվարկային ռեժիմները Հայաստանում» աշխատության:
Ոռոգման ռեժիմները ընտրված են, հաշվի առնելով խոնավության դեֆիցիտը հողի ակտիվ շերտում, ըստ կլիմայական պայմանների` միջին տարվա համար:
Որպես հաշվարկային ընդունված է երաշտ տարվա ոռոգման ռեժիմը, այսինքն, վեգետացիոն շրջանում ջրի 95%-ի ապահովության պայմանը:
Չկալովկա համայնքի ոռոգելի տարածքների և լվացվող ասֆալտապատ տարածքների մակերեսը համաձայն գլխավոր հատակագծի, հաշվարկային տարում կազմում է 56.32 հա:
Ոռոգման համար պահանջվող ջրի ծախսը կազմում է 165.0 լ/վրկ:
Ոռոգման համակարգը վերակառուցելու և համապատասխան սարքերով սարքավորելու համար անհրաժեշտ է կառուցել ջրատարներ և բաշխման ցանց:
3.5. Գազամատակարարում և ջեռուցում
Գազամատակարարման ոլորտի սխեման.
Չկալովկա համայնքը գազաֆիկացված է 90%-ով: Համայնքի գազամատակարարման համակարգը երկաստիճանային է: Գլխավոր հատակագծով նախատեսվում է, որ հեռանկարում բնական գազով պետք է ապահովվի`
ա) բոլոր բնակելի և հասարակական նշանակության շենքերի (կրթական, մշակութային, վարչական և այլն) ջեռուցումը;
բ) բնակչության տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը;
գ) սպասարկող և արտադրական նշանակության օբյեկտների տնտեսական և տեխնոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը:
Անհատական բնակելի տների ջեռուցումը նախատեսվում է իրականացնել անհատական բնակարանային կաթսաներով կամ գազի վառարաններով, իսկ տաք ջրամատակարարման և սննդի պատրաստման կարիքներն ապահովելու համար բնակարաններում տեղադրվում են 4 օջախանի գազասալիկներ և գազի ջրատաքացուցիչներ:
Դպրոցի, մսուր-մանկապարտեզի, բուժական, հյուրանոցային և վարչական շենքերի ջեռուցումը և տաք ջրամատակարարումը նախատեսվում է իրականացնել կենտրոնական եղանակով, նոր կառուցվող կամ գոյություն ունեցող ոչ մեծ հզորությամբ կաթսայատներից:
Անվտանգության պայմաններից ելնելով, այդ և հասարակական սննդի օբյեկտներում սննդի պատրաստումը նախատեսվում է էլեկտրական էներգիայով:
Բնական գազի հաշվարկային ծախսը և տարեկան պահանջարկը.
Հաշվարկների համար ելակետային տվյալները բերվում են ստորև:
2008 թ. մակարդակով.
- բնակչության թիվը 562 մարդ,
- բնակելի ֆոնդը կազմում է 46.103 հազ. մ2,
- մենատների և բազմաբնակարան շենքերի ծավալը կազմում է 161 հազ. մ3:
Հեռանկարային` 2020 թ. մակարդակով.
- բնակչության թիվը 800 մարդ և 700 հանգստացող,
- նոր կառուցվող (հիմնականում կոտեջային տիպի) բնակելի ֆոնդը 111.0 հազ մ2 ընդհանուր օգտակար մակերեսը, մոտավորապես 388.0 հազ մ3 ընդհանուր ծավալով:
Ջեռուցման համար ջերմության պահանջարկը.
Բնակելի շենքերի ջեռուցման համար անհրաժեշտ ջերմային էներգիայի հաշվարկային հզորությունը (Qհ) հաշվվում է հետևյալ բանաձևով.
Qհ=sumXջ x V(tն-tհդ) x 10-3 կՎտ (հազ. կկալ/ժ),
որտեղ
Xջ - շենքի ջեռուցման տեսակարար բնութագիրն է, գոյություն ունեցող անհատական տների, ինչպես նաև նոր կառուցվող բնակելի ֆոնդի համար, նկատի ունենալով էներգախնայողական միջոցառումների կիրառումը, ընդունվում է` 0.75 Վտ/մ3 oC (0.65 կկալ/ժ.մ3 oC),
V - շենքերի տվյալ տեսակի գումարային ծավալն է նրանց արտաքին չափերով, մ3,
tն-tհդ - համապատասխանաբար ջեռուցվող շենքի ներսի և ջեռուցման համար դրսի օդի հաշվարկային ջերմաստիճաններն են, ըստ ՀՀՇՆ IV - 12.02.01 tն = 18 oC, իսկ tհդ=19 oC:
-------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում