Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ /ՍԾՏՀ/ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի կողմեր հանդիսացող Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով այնպիսի արտակարգ իրավիճակների առաջացման հնարավորությունը, որոնք չեն կարող վերացվել Կողմերի սեփական ուժերով և հնարավորություններով, և այս փաստից բխող Կողմերի համակարգված գործողությունների պահանջը, որոնց նպատակն է արտակարգ իրավիճակների կանխումը և հաղթահարումը,

ձգտելով հետագայում ընդլայնել զարգացող տարածաշրջանային համագործակցությունը` արտակարգ իրավիճակների դեպքում աջակցություն ցույց տալու և, համատեղ ջանքեր գործադրելով, տուժած բնակչությանը համակարգված օգնություն տրամադրելու նպատակով,

աջակցելով ՄԱԿ-ի ջանքերին միջազգային անհրաժեշտ օգնության բնագավառում, հաշվի առնելով և հաստատելով տարբեր միջազգային տարածաշրջանային և ենթատարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում գործող համընդհանուր նորմերն ու կանոնները, համապատասխան միջազգային կոնվենցիաները և համաձայնագրերը, ինչպես նաև նպատակ ունենալով ներդրում կատարել ազգային օրենսդրության մշակման գործում,

խրախուսելով հետագա համագործակցությունը միջազգային անհրաժեշտ օգնության բնագավառում Սևծովյան Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Ընկերությունների Առաջին Կոնֆերանսի /1997 թ./ կողմից արված նախաձեռնությունների հիման վրա,

արտահայտելով իրենց օժանդակությունը Միջազգային սևծովյան փրկության կենտրոնի հիմնադրման գաղափարին` օգտագործելով ՍԾՏՀ երկրների և այլ նմանատիպ միջազգային կենտրոնների կուտակած փորձը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Կիրառման ոլորտ

 

1. Սույն Համաձայնագիրը սահմանում է Կողմերի համակարգված գործողությունների սկզբունքներն ու շրջանակները բնական և տեխնածին աղետների դեպքում:

2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է այնպիսի բնական և տեխնածին աղետների դեպքում, որոնք չեն կարող վերացվել Կողմերի սեփական ուժերով:

 

ՀՈԴՎԱԾ 2

Սահմանումներ

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոհիշյալ արտահայտությունները ունեն իրենց վերագրված հետևյալ իմաստները`

«օգնություն»` ապրանքներ, նյութեր, անձնակազմ և ծառայություններ, որոնք ապահովում է Օժանդակող կողմը Խնդրող Կողմի կարիքները հոգալու համար,

«Օժանդակող կողմ»` օգնություն տրամադրող Կողմ,

«Օգնության խումբ»` Օժանդակող կողմի մասնագետների խումբ, որը նշանակվել է օգնություն ցույց տալու համար և հագեցված է բոլոր անհրաժեշտ միջոցներով,

«իրավասու մարմին»` սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված գործողությունների կառավարման և համակարգման համար յուրաքանչյուր Կողմից նշանակված գործակալություն,

«աղետ»` միջադեպ որոշակի տարածքում, որը ծագել է որպես այնպիսի դժբախտ պատահարի, վտանգավոր բնական երևույթի, բնական կամ տեխնածին աղետի հետևանք, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է մարդկանց կյանքի կամ շրջակա միջավայրի համար վտանգ պարունակող զգալի ֆիզիկական, սոցիալական, տնտեսական և մշակութային վնաս,

«արտակարգ իրավիճակ»` հաճախ վտանգավոր իրավիճակ, որը ծագում է հանկարծակի և պահանջում է անհապաղ գործողություններ,

«արտակարգ իրավիճակի վայր»` տարածք, որտեղ ստեղծվել է արտակարգ իրավիճակ,

«արտակարգ իրավիճակների հաղթահարում»` որոնման, փրկարարական և այլ հրատապ վերականգնողական աշխատանքներ, որոնք ձեռնարկվում են արտակարգ իրավիճակների դեպքում և նպատակ ունեն փրկել մարդկանց կյանքը և պաշտպանել նրանց առողջությունը, նվազագույնի հասցնել բնապահպանական, մշակութային և նյութական վնասները, ինչպես նաև արտակարգ իրավիճակի վայրում առաջացած երկրորդական վտանգավոր հետևանքները,

«սարքավորումներ»` նյութեր, տեխնիկական և տրանսպորտային հարմարություններ, Օգնության խմբի ռազմական պաշարներ և դրա անդամների անհատական աշխատանքային սարքեր,

«օգնության բեռներ»` նյութական միջոցներ, որոնք հավաքվել են անվճար, ազատված են հարկերից և բաշխվում են աղետից տուժած բնակչության շրջանում,

«անձնական տվյալներ»` բոլոր տեսակի տեղեկություններ սույն Համաձայնագրի կապակցությամբ որոշակի արտակարգ իրավիճակներին առնչվող ֆիզիկական անձանց վերաբերյալ,

«Խնդրող կողմ»` օգնություն ստանալու համար դիմող կողմ,

«որոնման և փրկարարական աշխատանքներ»` աշխատանքներ, որոնց նպատակն է փրկել մարդկանց և պահպանել արտակարգ իրավիճակի վայրում գտնվող նյութական ու մշակութային արժեքները և շրջակա միջավայրը, ինչպես որ դրանք որոշված են միջազգային իրավասու մարմինների կողմից:

«տարանցման պետություն»` յուրաքանչյուր պետություն, որի կառավարությունը Կողմ է հանդիսանում, բացառությամբ Խնդրող կամ Օժանդակող պետության, որոնց տարածքով` ներառյալ օդային տարածքի և/կամ տարածքային ջրերի, փոխադրվում են Օգնության խումբը, օգնության հանդերձանքը և սարքավորումներն ու բեռները:

 

ՀՈԴՎԱԾ 3

Սկզբունքներ

 

1. Սույն Համաձայնագրի դրույթներին, ինչպես նաև միջազգային հանրաճանաչ սկզբունքներին և կարգավորումներին համապատասխան, Կողմերը կհամագործակցեն բնական և տեխնածին աղետների և/կամ, դրանց հնարավորության դեպքում, կարևոր հրատապ տեղեկատվություն և օգնություն տրամադրելու համար:

2. Եթե Կողմը իր պետության տարածքում տեղի ունեցած բնական կամ տեխնածին աղետի դեպքում օգնության կարիք ունի, այդ Կողմը կարող է օգնություն խնդրել մյուս Կողմից /Կողմերից/` ազգային դիմումի ներկայացման միջոցով: Օժանդակող Կողմը /Կողմերը/ օգնում է Խնդրող կողմին` աղետի կանխարգելման և/կամ հետևանքների վերացմանը նպատակաուղղված ձևերով և միջոցներով:

3. Կողմերը օգնություն ցույց կտան միմյանց իրենց հնարավորություններին համապատասխան: Օգնությունը կտրվի անվճար, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:

4. Խնդրող Կողմը կապահովի օգնության բեռների անարգել ստացումը և դրանց բաշխումը բացառապես տուժած բնակչությանը: Օգնության բեռները բաշխվում են առանց որևէ ռասայական, կրոնական, լեզվական և քաղաքական կամ այլ գործոններից կախված խտրականության:

 

ՀՈԴՎԱԾ 4

Օգնություն ստանալու և տեղեկատվության փոխանակման դիմում

 

1. Կողմերը արտակարգ իրավիճակներում օգնություն խնդրելու համար պետք է լիազորեն մարմիններին:

2. Օգնությունը կտրամադրվի դիմումի հիման վրա, որտեղ Խնդրող Կողմը նշում է.

- աղետի տեղը, ժամը, բնույթը և ծավալները, ինչպես նաև տուժած վայրում ճգնաժամի ընթացքի վիճակը,

- արդեն ձեռնարկված միջոցները, պահանջվող օգնության բնորոշումը, աղետների հաղթահարման համար անհրաժեշտ առաջնային օգնության տեսակը:

3. Օժանդակող կողմը պետք է անհապաղ որոշում ընդունի օգնություն ցույց տալու վերաբերյալ և Խնդրող կողմին տեղեկացնի օգնության փոխադրման ծավալների և պայմանների մասին:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկատվությունը պետք է նորացվի` հետևելով իրավիճակի զարգացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

Տարանցում

 

Խնդրող կողմի դիմումի հիման վրա տարանցման պետության կառավարությունը պետք է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերի իր պետության տարածքով օգնության անարգել տեղափոխման ընթացքում` իր ազգային օրենսդրությանը, միջազգային իրավունքին և պրակտիկային համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 6

Իրավասու մարմիններ և տեղական կետեր

 

1. Սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված աշխատանքները համակարգելու համար, Կողմերից յուրաքանչյուրը նշանակում /կամ սահմանում/ է մեկ կամ մի քանի իրավասու մարմիններ, այսուհետ` «իրավասու մարմիններ»:

2. Առանց վնաս հասցնելու գոյություն ունեցող այլ երկկողմ և բազմակողմ համաձայնությունների, յուրաքանչյուր Կողմ կնշանակի կամ կստեղծի արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկություններ հաղորդող և օգնություն հատկացնող մեկ կամ մի քանի իրավասու տեղական կետեր:

3. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր կծանուցեն իրավասու մարմնի /մարմինների/, ինչպես նաև տեղական կետի /կետերի/ վերաբերյալ ցանկացած փոփոխության մասին:

4. Յուրաքանչյուր Կողմ կապահովի իրավասու մարմնի /մարմինների/ և տեղական կետի /կետերի/ անխափան գործունեությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7

Արտակարգ իրավիճակների Աշխատանքային խումբ /կոմիտե/

 

Սույն Համաձայնագրի կիրառման համար իրավասու ազգային իշխանությունները կնշանակեն ՍԾՏՀ-ի շրջանակներում ստեղծվող համապատասխան ընդհանուր մարմնի /Արտակարգ իրավիճակների Աշխատանքային խմբի/ իրենց ներկայացուցիչներին:

 

ՀՈԴՎԱԾ 8

Արտակարգ իրավիճակների դեպքում օգնության համակարգում և կառավարում

 

1. Խնդրող կողմի իրավասու մարմինը կհամակարգի, կկառավարի և կվերահսկի Օգնության խմբի գործողությունները` դրա ղեկավարների միջոցով:

2. Խնդրող կողմը Օժանդակող կողմի խմբի ղեկավարներին պետք է տեղեկացնի արտակարգ իրավիճակի վայրում և գործողությունների կոնկրետ տեղամասերում իրավիճակի զարգացման մասին և, անհրաժեշտության դեպքում, այդ խմբերին ապահովի թարգմանիչներով և կապի համար անհրաժեշտ միջոցներով այն շտաբի հետ, որն իրականացնում է որոնողական, փրկարարական և անհետաձգելի այլ աշխատանքների ընդհանուր կառավարումը:

3. Օգնության խմբերի սարքավորումները պետք է բավարարեն ժամանման պահից 72 ժամվա ընթացքում արտակարգ իրավիճակի գոտում գործողությունների կատարման համար: Խնդրող կողմը, տվյալ ժամկետը լրանալուց հետո, պետք է ապահովի այդ խմբերին բոլոր անհրաժեշտ առարկաներով` նրանց խնդրանքի հիման վրա:

4. Խնդրող կողմը պետք է ապահովի Օգնության խմբերի անդամների անվտանգությունը, անվճար բուժսպասարկումը, սնունդն ու կացարանը, ինչպես նաև տրամադրի առաջին անհրաժեշտության առարկաներ` նրանց սեփական պաշարների սպառման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 9

Օգնության խմբերի կողմից սահմանն անցնելու կարգը և մնալու կանոնները

 

1. Խնդրող կողմի կամ տարանցման պետության սահմանն Օգնության խմբերի անդամների կողմից անցնելու կարգը պետք է սահմանվի դրանց ազգային օրենսդրությամբ, միջազգային իրավունքով և Խնդրող և/կամ տարանցիկ պետության երկկողմ համաձայնագրերով:

2. Խնդրող կողմի սահմանով շնավարժ խմբերի անցնելու և Խնդրող կողմի պետության տարածքում դրանց մնալու կարգը պետք է սահմանվի յուրաքանչյուր դեպքում Խնդրող կողմի պետության տարածքում գործող կարանտինային կանոններին համապատասխան:

3. Օգնության խմբերի անդամները պարտավոր են պահպանել Խնդրող կողմի և/կամ տարանցման պետության պետական օրենքներն ու կանոնները: Միևնույն ժամանակ աշխատանքային և այլ համապատասխան օրենսդրության առումով նրանք գտնվում են Օժանդակող կողմի իրավասության ներքո:

Այն դեպքում, երբ այդ խմբերը ներառում են իրենց կազմի մեջ քաղաքացիական պաշտպանության ռազմական անձնակազմ, նրանց մնալն, ըստ նախնական պայմանավորվածության, և գործունեությունը կկարգավորվեն Օժանդակող կողմի նման անձնակազմի կարգավիճակը կարգավորող օրենսդրության համաձայն:

4. Օգնության խմբերի, նրանց սարքավորումների և օգնության բեռների փոխադրման նպատակների համար` դրանք հնարավորին սեղմ ժամկետներում նպատակատեղ հասցնելու համար, կարող է օգտագործվել համապատասխան տրանսպորտային միջոցներից ցանկացածը:

Օգնության փոխադրման համար տրանսպորտի հատուկ միջոցների օգտագործման կարգը կսահմանվի Կողմերի իրավասու մարմինների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 10

Օգնության միջոցների և բեռների ներմուծումը, արտահանումը և

տարանցումը

 

1. Օգնության նպատակների համար ներմուծվող և արտահանվող օգնության սարքավորումներն ու ապրանքները, ի կատարումն սույն Համաձայնագրի, կազատվեն մաքսային տուրքերից, հարկերից և վճարումներից:

2. Օգնության սարքավորումների և ապրանքների մաքսային ստուգումն ու հսկողությունը պետք է իրականացվի պարզեցված ձևով առաջնության կարգով` Կողմերի իրավասու մարմինների կողմից տրված ծանուցագրերի հիման վրա, որոնցում նշվում է օգնության խմբերի կազմը և ներմուծվող ու արտահանվող օգնության սարքավորումների և բեռների ցուցակը:

3. Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր կարող են ներմուծվել միայն բժշկական օգնության համար անհրաժեշտ քանակությամբ և օգտագործվել միայն որակյալ բժշկական անձնակազմի կողմից: Այս դեպքում Օգնության խմբի ղեկավարը պետք է մաքսային հսկողության մարմիններին ներկայացնի հայտարարագիր` թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ցանկով, նշելով դրանց նոմենկլատուրան և գումարը:

Խնդրող կողմի համապատասխան իշխանությունները կարող են հսկողություն իրականացնել վերոհիշյալ միջոցների և նյութերի օգտագործման և պահպանման նկատմամբ:

Առաքելության ժամանակ չօգտագործված թմրամիջոցներն ու հոգեներգործուն նյութերը պետք է դուրս հանվեն Խնդրող կողմի պետության տարածքից: Առաքելության ավարտից հետո պետք է ներկայացվի օգտագործված թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի մասին փաստաթուղթ` Օգնության խմբի ղեկավարի և բժշկի ստորագրությամբ և Խնդրող կողմի համապատասխան իշխանությունների կողմից նշանակված իրավասու մարմնի հաստատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 11

Օդանավ

 

1. Օգնության խմբերի, օգնության սարքավորումների, բեռների ու ապրանքների փոխադրումը կարող է իրականացվել օդանավերի միջոցով:

2. Տրամադրող կողմի իրավասու մարմնին պետք է տեղեկացվի օգնություն ցույց տալու նպատակով օդանավեր օգտագործելու որոշման մասին` նշելով վայրէջքի վայրը, թռիչքների երթուղին, օդանավի տեսակն ու տարբերակիչ նշանները, անձնակազմի անդամների թիվը, բեռի տեսակը, չվացուցակը և ուղևորների կազմը /աշխատակազմ, տեխնիկական անձնակազմ, լրագրողներ և այլն/:

3. Օդանավի թռիչքները, քաղաքացիական կամ պետական, պետք է իրականացվեն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ICAO/ և Կողմերի կանոններին համապատասխան:

Պետական օդանավի համար ևս պահանջվում է դիվանագիտական դյուրացում:

4. Օժանդակող կողմի` սույն Համաձայնագրով նախատեսված արտակարգ իրավիճակների դեպքում օգնություն ցույց տվող օդանավերն ազատվում են անցաթիռի, վայրէջքի, կանգառի, վերթիռի և նավագնացության ծառայությունների համար վճարներից:

5. Արտակարգ իրավիճակների ժամանակ օգնություն տրամադրող օդանավերի թռիչքների դեպքում օդանավերի վառելիքի և տեխնիկական սպասարկման ծախսերի հետ կապված հարցերը, յուրաքանչյուր առանձին դեպքում, պետք է կարգավորվեն սույն Համաձայնագրով` համապատասխան Կողմերի իշխանությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 12

Օգնություն

 

Օգնության տրամադրումը պետք է իրականացվի սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված սկզբունքների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 13

Արտակարգ իրավիճակների դեպքում ցույց տրվող օգնության համար ծախսերի

փոխհատուցում

 

1. Խնդրող կողմը կարող է ցանկացած պահին չեղյալ հայտարարել օգնություն ցույց տալու մասին իր խնդրանքը:

Խնդրող կողմը անմիջապես պետք է տեղեկացնի Օժանդակող կողմին իր որոշման մասին, իսկ Օժանդակող կողմը կարող է պահանջել մինչև տվյալ պահը կատարված ծախսերի փոխհատուցումը:

2. Օժանդակող կողմը պետք է ապահովի Օգնության խմբերի անդամների ապահովագրումը և այդ ծախսերը պետք է ներառվեն օգնություն ցույց տալու ընդհանուր ծախսերի մեջ:

3. Օժանդակող կողմի իրավասու մարմինը օգնություն ցույց տալու աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո Խնդրող կողմի իրավասու մարմնին գրավոր պետք է տեղեկացնի ցույց տրված օգնության մասին:

4. Խնդրող կողմի իրավասու մարմինը Օժանդակող կողմի իրավասու մարմնին ներկայացնում է ամփոփիչ տեղեկատվություն, որը բովանդակում է արտակարգ իրավիճակի բնութագիրը և ծագման պատճառները, ստացված օգնության ձևն ու ծավալը և կատարված աշխատանքի արդյունքները:

 

ՀՈԴՎԱԾ 14

Վնասի փոխհատուցում

 

1. Խնդրող կողմը պետք է հատուցի սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված գործողությունների իրականացման ընթացքում Օգնության խմբերի անդամների առողջությանը հասցված վնասի կամ նրանց մահվան հետ կապված բոլոր ծախսերը: Շահագրգիռ Կողմերը կհամաձայնվեն փոխհատուցման գումարի վերաբերյալ:

2. Եթե Օգնության խմբի անդամը Խնդրող կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի իրականացման հետ կապված առաքելության ժամանակ վնաս է պատճառում իրավաբանական կամ ֆիզիկական անձի, այդ վնասը պետք է փոխհատուցվի Խնդրող կողմի կողմից` համաձայն իր քաղաքացիների կողմից օգնություն ցուցաբերելիս վնաս պատճառելու դեպքում կիրառվող իրավական կարգավորումների:

3. Օգնության խմբի անդամի ղեկավարությամբ դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ հասցված վնասը պետք է հատուցի Օժանդակող կողմը, եթե վնասի փաստը ապացուցվել է Խնդրող կողմի դատական ատյանի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 15

Անձնական տվյալների հաղորդում

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների հաղորդումը այլ Կողմերին պետք է իրականացվի սույն Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող Հավելված 1-ին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 16

Համագործակցություն միջազգային և ազգային կազմակերպությունների

/հաստատությունների/ հետ

 

Մասնակից Կողմերը, փոխադարձ պայմանավորվածության հիման վրա, կարող են հրավիրել շահագրգիռ միջազգային և ազգային կազմակերպություններին /հաստատություններին/` մասնակցելու սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված միջոցառումներին:

 

ՀՈԴՎԱԾ 17

Ստորագրում

 

Սույն Համաձայնագիրը բաց է ստորագրման համար ՍԾՏՀ յուրաքանչյուր պետության կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 18

Վավերացում, ընդունում, հաստատում, հավանության արժանացում կամ

միացում

 

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման:

Վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման փաստաթղթերը հանձնվում են սույն Համաձայնագրի Ավանդապահին:

2. Սույն Համաձայնագրի ավանդապահը Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է, որը պետք է Կողմերին ուղարկի վերոհիշյալ փաստաթղթերի հաստատված պատճենները:

 

ՀՈԴՎԱԾ 19

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա գործողության ժամկետը

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում առնվազն վեց պետությունների վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացման կամ միացման փաստաթղթերը Ավանդապահին հանձնելուց հետո և կնքվում է անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում, հավանության է արժանացնում սույն Համաձայնագիրը կամ միանում է դրան` վավերացման, հաստատման, ընդունման, հավանության արժանացման կամ միացման 6-րդ փաստաթուղթը ավանդապահին հանձնելուց հետո, սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այդ պետության վավերացման, ընդունման, հաստատման, հավանության արժանացնելու կամ միացման փաստաթուղթը Ավանդապահին հանձնելու օրը:

 

ՀՈԴՎԱԾ 20

Համաձայնագրից դուրս գալը

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` Ավանդապահին ներկայացնելով այդ փաստի մասին մյուս Կողմերին տեղեկացնող գրավոր ծանուցագիր:

2. Համաձայնագրից դուրս գալը իրականացվում է Ավանդապահի կողմից այդպիսի ծանուցում ստանալու ամսաթվից հետո` 90-րդ օրը:

3. Յուրաքանչյուր կողմ, որը ցանկանում է սույն Համաձայնագրից դուրս գալ ավելի շուտ, պետք է համապատասխանաբար գրավոր ծանուցի Ավանդապահին: Ծանուցումը պետք է կատարվի ոչ ուշ քան դուրս գալու համար դիմումի ներկայացնելուց հետո 30 օրում:

 

ՀՈԴՎԱԾ 21

Սույն Համաձայնագրում կատարվող լրացումներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել սույն Համաձայնագրում լրացումներ կատարել:

2. Լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկը գրավոր պետք է ներկայացվի սույն Համաձայնագրի 7-րդ Հոդվածում նշված Աշխատանքային խմբին /կոմիտեին/, որն այնուհետև այդ մասին կտեղեկացնի բոլոր Կողմերին: Այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա գործունեության տեսակը նշում է Աշխատանքային խումբը` Կողմերի կողմից որոշված իր մանդատին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 22

Փոխհարաբերություն այլ միջազգային համաձայնագրերի հետ

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափի այլ միջազգային համաձայնագրերով Կողմերի ձեռք բերված իրավունքներն ու ստանձնած պարտականությունները:

 

ՀՈԴՎԱԾ 23

Վեճերի կարգավորում

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Կողմերի միջև անհամաձայնության առաջացման դեպքում, Կողմերը կլուծեն այն բանակցությունների միջոցով և, եթե անհրաժեշտ լինի` դիվանագիտական ուղիներով:

 

ՀՈԴՎԱԾ 24

Համաձայնագրի լեզուն

 

Սույն Համաձայնագրի բնօրինակը կատարված է անգլերեն լեզվով:

 

Ստորագրված է Սոչի քաղաքում, 1998 թ. ապրիլի 15-ին:

Ի հաստատումն վերոհիշյալի, լինելով պատշաճորեն լիազորված, ստորև թվարկվածները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Հավելված 1

 

Անձնական տվյալների փոխանակում

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում և Կողմերի պետությունների օրենսդրության սահմաններում անձնական տվյալների փոխանակման կանոնները հետևյալն են.

1. Ստացող կողմի կողմից տվյալների օգտագործումը թույլատրվում է Հաղորդող կողմի կողմից սահմանած նպատակների համար և պայմաններով:

2. Ստացող կողմը, Հաղորդող կողմից հարցում ստանալու դեպքում, վերջինիս պետք է տեղեկացնի անձնական տվյալների օգտագործման և դրանցով ձեռք բերված արդյունքների մասին:

3. Անձնական տվյալները հաղորդվում են միայն իրավասու մարմիններին: Անձնական տվյալների հետագա փոխանակումը հնարավոր է միայն Հաղորդող կողմի թույլտվությամբ:

4. Հաղորդող կողմը պարտավոր է տրամադրել հաղորդման նպատակներին համապատասխանող հավաստի տվյալներ` հաշվի առնելով համապատասխան ազգային կանոնները: Ստացող կողմը, սխալ կամ չթույլատրված տվյալներ ստանալու դեպքում ուղղում է սխալները կամ տվյալներն ամբողջությամբ ոչնչացնում է:

5. Ցանկացած անձ, որին վնաս է հասցվել իրեն վերաբերող անձնական տվյալների օգտագործմամբ, իրավունք ունի դիմել տվյալների օգտագործման վկայագիր ստանալու համար` այդ տվյալների օգտագործման նպատակները ներկայացնելուց հետո: Եթե հասարակական շահերը գերազանցում են տուժած անձի շահերը, վերջինս կորցնում է վերը նշված իրավունքը: Ցանկացած այլ դեպքերում այդ անձն իրավունք ունի ստանալ սերտիֆիկատ` այն պետության ազգային օրենսդրության համաձայն, որի տարածքում եղել է պահանջը:

6. Եթե սույն Համաձայնագրի շրջանակներում տվյալներ հաղորդելը որևէ մեկին ֆիզիկական կամ բարոյական վնաս է պատճառում, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ընդունող կողմը` իր ազգային օրենսդրությանը համապատասխան: Վնասված կամ տուժած անձի /անձերի/ հետ գործ ունենալիս, Ընդունող կողմը չի կարող ազատվել պատասխանատվությունից և այն դնել Հաղորդող կողմի վրա:

7. Անձնական տվյալների գործողության ժամկետները պետք է ծանուցվեն Հաղորդող կողմի կողմից` իր ազգային օրենսդրության համաձայն:

8. Կողմերը պարտավոր են գրանցել ելքի և մուտքի անձնական տվյալները որպես պաշտոնական փաստաթղթեր:

9. Կողմերը պարտավոր են պաշտպանել անձնական տվյալները` իրենց ազգային դասակարգումով չթույլատրված օգտագործման հնարավորությունից, փոփոխություններից և հրապարակումներից խուսափելու համար:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2003 թվականի մարտի 11-ից:

 

 

pin
15.04.1998
Միջազգային պայմանագիր