(ուժը կորցրել է 25.04.00 թիվ 216 որոշում)
i
041.0685.251198
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
25 նոյեմբերի 1998 թ. թիվ 685
 
i
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի մասին» թիվ 593 որոշման 4-րդ կետին համապատասխան`
Հաստատել համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովի անհատական կազմը և կանոնադրությունը (կցվում են):
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի
ԹԻՎ 685 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում գնումներ իրականացնող մրցութային հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծված է Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման գրասենյակի (այսուհետև` գրասենյակ) միջոցով համայնքային զարգացման ծրագրի իրականացման համար` Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված վարկային միջոցների և նվիրատվությունների հաշվին ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների իրականացման, ինչպես նաև այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների արդյունավերտությունը, օպերատիվությունն ու վերահսկողությունն ապահովելու նպատակով:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Համայնքային զարգացման ծրագրի վարկային և դրամաշնորհների համաձայնագրերով, Համաշխարհային բանկի ուղեցույցներով և սույն կանոնադրությամբ:
 
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
 
3. Հանձնաժողովը`
ա) վերահսկում է Համայնքային զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող վարկային միջոցների ու նվիրատվությունների հաշվին կատարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները.
բ) քննարկում, գնահատում և հաստատում է ներկայացված մրցութային առաջարկները և ընդունում որոշում հաղթողի վերաբերյալ.
գ) մրցույթին ներկայացված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների արժեքը 2,0 (երկու) մլն ԱՄՆ-ի դոլարը գերազանցելու դեպքում իր ընդունած որոշումը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
 
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
 
4. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով:
5. Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը` համաձայն ծրագրի գնահատման փաստաթղթի մրցութային գնումների պլանի և (կամ) ըստ անհրաժեշտության:
6. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
7. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են առաջարկների գնահատման հիման վրա (համաձայն 1998 թվականի հունիսի 19-ի թիվ 3095 AM Զարգացման վարկային համաձայնագրի` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների ծրագրի ու Համաշխարհային բանկի ուղեցույցների), իսկ կազմակերպական որոշումները` ձայների պարզ մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
10. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է նրա նախագահը:
11. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը և վերահսկողություն իրականացնում ընդունված որոշումների կատարման նկատմամբ:
12. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) կազմակերպում է նիստերի նախապատրաստման աշխատանքները.
բ) հանձնաժողովի անդամներին տեղեկացնում է հանձնաժողովի նիստերի անցկացման վայրի, ժամանակի և օրակարգի մասին, կատարում հանձնաժողովի ընթացիկ տեխնիկական աշխատանքները.
գ) վարում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
դ) հետևում է որոշումների կատարման ընթացքին:
13. Հանձնաժողովի անհատական կազմի հետագա փոփոխությունները կատարվում են համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացմամբ:
14. Հանձնաժողովի նիստերում քննարկվող առանձին հարցերի կապակցությամբ հանձնաժողովի նիստերին մասնակցելու համար կարող են հրավիրվել մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև առանձին փորձագետներ կամ մասնագետներ:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի
ԹԻՎ 685 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
 
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
       Վ. Ավոյան              -    Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման
                                   գրասենյակի տնօրեն (հանձնաժողովի նախագահ)
 
       Ա. Մանուկյան           -    Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման
                                   գրասենյակի գնումների գլխավոր մասնագետ
 
       Հ. Քրիշչյան            -    Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման
                                   գրասենյակի ջրի առաջատար մասնագետ
 
       Է. Մանվելյան           -    ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի
                                   նախարարության տնտեսական ծրագրերի և
                                   մեխանիզմների վարչության գլխավոր մասնագետ
 
       Գ. Ղափլանյան           -    ՀՀ քաղաքաշինության նախարարության
                                   շինարարական ծրագրերի վարչության պետ
 
       Կ. Խտրյան              -    ՀՀ արդարադատության նախարարության
                                   օրենսդրական հարցերի վարչության պետի
                                   տեղակալ
 
       Վ. Նարիմանյան          -    ՀՀ բնապահպանության նախարարության ջրային
                                   ռեսուրսների պահպանության վարչության պետի
                                   տեղակալ
 
       Ռ. Քրմոյան             -    Երևանի  քաղաքապետի խորհրդական
 
       Հ. Խաչատրյան           -    Երևանի  քաղաքապետարանի «Ջրմուղ-կոյուղի»
                                   ՊՓԲԸ-ի գլխավոր ճարտարապետ
 
       Ժ. Խաչատրյան           -    Համայնքային զարգացման ծրագրի ղեկավարման
                                   գրասենյակի ջրի մասնագետ (հանձնաժողովի
                                   քարտուղար)