(ուժը կորցրել է 19.12.2025 թիվ 2-Ն հրաման)
i
112.0006.200111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 01 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11211032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
4 նոյեմբերի 2010 թվականի թիվ 6-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ի կատարումն «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2010 թ. նոյեմբերի 4-ի
թիվ 6-Ն հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ
ԲԱԺԻՆ I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի (այսուհետ` ոստիկանության զորքեր) ծառայողամարտական գործունեության հիմունքները, ղեկավարման, ծառայողների դաստիարակչական աշխատանքների, պահակախմբերի և զորային վերակարգերի ծառայությունների կազմակերպման, հասարակական կարգի պահպանության, արտակարգ իրավիճակներում գործելու, թիկունքային և տեխնիկական ապահովման հետ կապված հարաբերությունները:
2. Ոստիկանության զորքերը կոչված են` օրենքին համապատասխան մասնակցելու հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, իրականացնելու հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, մասնակցելու ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
3. Ոստիկանության զորքերը արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և այլ պայմաններում ներգրավվում են հետևյալ խնդիրների կատարմանը`
1) պահպանվող օբյեկտների (զորամասերի) վրա հարձակման հետմղում և դրանց պաշտպանություն.
2) պահպանվող օբյեկտների (զորամասերի) հրդեհների մարում, պայթյունների և վթարների հետևանքների վերացում.
3) ոստիկանության, այլ մարմինների և ծառայությունների հետ համատեղ օդանավեր, պահպանվող օբյեկտներ զավթած հանցագործների ձերբակալման (ոչնչացման) հատուկ օպերացիաների իրականացման ժամանակ օպերացիայի տարածքի շրջափակում.
4) արտակարգ իրավիճակների ժամանակ կազմակերպված հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներին օժանդակում.
5) բնակավայրերում հասարակական կարգի պահպանման, զանգվածային անկարգությունների կանխման հատուկ օպերացիաների ժամանակ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկային ծառայությանը.
6) ճառագայթային վթարների ժամանակ ռադիոակտիվ գոտում` բնակավայրերի և նյութական արժեքների պահպանում.
7) մասնակցություն պահպանվող օբյեկտներում, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերում հակառակորդի կողմից գործածված զանգվածային ոչնչացման զենքի հետևանքների վերացման աշխատանքներին:
4. Ոստիկանության զորքերին առաջադրված խնդիրներն իրականացնելիս զինծառայողները պարտավոր են ցուցաբերել կայունություն, արիություն, համարձակություն, դիմացկունություն, ազնվություն, անկաշառություն, խելամիտ նախաձեռնություն, հնարամտություն և խստորեն պահպանեն ՀՀ օրենքները:
5. Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը` ոստիկանության զորքերի հրամանատարը:
6. Ծառայողամարտական խնդիրների ծավալը որոշվում է հատուկ կարևորագույն նշանակության և այլ պահպանվող օբյեկտների, պարեկապահակային ծառայության կատարման երթուղիների, կարգագրված պահակախմբերի, զորային վերակարգերի ծառայությունների քանակի համադրմամբ:
7. Մարտական ծառայության ծավալը որոշվում է օրվա պահակակետերի միջին քանակով:
Մարտական ծառայության ծավալը հաշվելիս պահակապետերի (զորային վերակարգերի պետերի), նրանց օգնականների, պահակադիրների, տրանսպորտային միջոցների վարորդների և պահակախմբերի (զորային վերակարգերի) այլ անձանց ծառայության կատարման ժամանակը հավասարեցվում է մեկօրյա պահակակետի:
8. ՈՒժերը (անձնակազմը) և միջոցները (հատուկ և մարտական տեխնիկան, հատուկ միջոցները, սպառազինությունը) կիրառվում են համակցված, տնտեսված, հաստատված չափաքանակներով:
9. Ոստիկանության զորքերի զինծառայողներին հրազեն հատկացնելու կարգը կարգավորվում է զինված ուժերում հրազենի տրման կարգը սահմանող իրավական ակտերի համաձայն:
10. Ոստիկանության զորքերի ղեկավարումը հրամանատարության, շտաբների, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով մարմինների և ծառայությունների ուղղորդված գործունեությունն է` զորամասերը և ստորաբաժանումները մշտական մարտական պատրաստականության վիճակում պահելու, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում նրա գործողությունների ղեկավարման նպատակով: Ոստիկանության զորքերի ղեկավարումը ընդգրկում է իրավիճակի տվյալների անընդմեջ ապահովումը, հավաքումը, ընդհանրացումը և ուսումնասիրումը, որոշման ընդունումը, խնդիրների կատարման պլանավորումը, փոխհամագործակցության կազմակերպումը, համակողմանի ապահովման (պահպանման) կազմակերպումը և միջոցառումների իրականացումը, կառավարման համակարգի կազմակերպումը, զորամասերի և ստորաբաժանումների անմիջական կառավարումը` ծառայողամարտական խնդիրներ կատարելու համար, զորամասերի, ստորաբաժանումների կողմից առաջադրված խնդիրների կատարման մշտական հսկողությունը և նրանց օգնության ցուցաբերումը:
11. Ղեկավարման հիմքը հրամանատարի որոշումն է: Հրամանատարը պատասխանատվություն է կրում իրեն ենթակա զորքերի կառավարման և նրանց կողմից ծառայողական, մարտական խնդիրների կատարման համար:
12. Ոստիկանության զորքերի ղեկավարումը պետք է լինի հաստատակամ, անընդմեջ, օպերատիվ, քողարկված և ապահովի զորամասերի, ստորաբաժանումների կողմից ծառայողամարտական խնդիրների ժամանակին, որակով և լիարժեք կատարումը:
13. Ոստիկանության զորքերի ղեկավարման համակարգը ներգրավում է ղեկավարման մարմինը, ղեկավարման կետը, կապի համակարգը և ղեկավարման մեքենայացված միջոցները:
14. Ոստիկանության զորքերի հրամանատարը զորքերի ղեկավարումը իրականացնում է անձամբ և շտաբի, ինչպես նաև` իր տեղակալների և ծառայության պետերի միջոցով: Նա մշտապես պարտավոր է իմանալ մարտական պատրաստության, ենթակա զորամասերի, ստորաբաժանումների նյութատեխնիկական, նրանց կողմից իրականացվող խնդիրների ընթացիկ վիճակը, տեղում ուսումնասիրի զորամասերի և ստորաբաժանումների, հատկապես բարդ իրավիճակներում խնդիրներ կատարողների գործունեության արդյունքները, ժամանակին ազդի ծառայողամարտական խնդիրների կատարման վրա:
15. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը պարտավոր է գնահատել իրավիճակը, ժամանակին ընդունել որոշում, ենթականերին տալ առաջադրանք և իրականացնել հսկողություն` զորամասերի, ստորաբաժանումների գործունեության նկատմամբ:
16. Շտաբը հանդիսանում է ոստիկանության զորքերի ղեկավարման հիմնական մարմինը: Շտաբի աշխատանքը կազմակերպվում է հրամանատարի և վերադաս շտաբի որոշումների հիման վրա:
17. Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը պատասխանատու է զորամասերի (ստորաբաժանումների) անընդմեջ կառավարման, մարտական պատրաստականության, ծառայողամարտական խնդիրների հաջող կատարման համար:
18. Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը հանդիսանում է ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի (ստորաբաժանումների) աշխատանքների գլխավոր կազմակերպիչը, անձամբ համակարգում է հրամանատարի տեղակալների, ծառայության պետերի աշխատանքները, կազմակերպում է տվյալների պատրաստումը` ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի կողմից որոշում ընդունելու համար:
19. Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը պարտավոր է մշտապես իմանալ իրավիճակը, կանխատեսել հետագա զարգացումները, պատրաստ լինել զեկուցելու հրամանատարին` իրավիճակից բխող հետևությունների մասին և իր առաջարկությունները` որոշման վերաբերյալ: Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը հանդիսանում է ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի 1-ին տեղակալը:
20. Անհրաժեշտության դեպքում, ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի որոշումների իրագործման ժամանակ ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը իրավունք ունի կարգադրություններ տալ հրամանատարի անունից: Առավել կարևոր կարգադրությունների, հրահանգների մասին ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը զեկուցում է ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարին:
21. Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալները, զորամասերի հրամանատարները, ծառայությունների պետերը պատասխանատու են անմիջական ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների կողմից խնդիրների հաջող կատարման համար:
ԳԼՈՒԽ II
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐ ԵՎ ԶՈՐԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՐԳԵՐ
22. Պահակախումբը այն զինված ստորաբաժանումն է, որը օբյեկտները պահպանելու և պաշտպանելու նպատակով կարգված է կատարելու մարտական խնդիր: Ծառայողամարտական խնդիրների բնույթից կախված` պահակախմբերը լինում են`
1) օբյեկտների պահպանության և պաշտպանության.
2) հատուկ և զինվորական բեռների պահպանության և պաշտպանության.
3) զորամասերի պահպանություն և պաշտպանություն (ներքին):
23. Հրդեհների, վթարների, աղետների ժամանակ պետական ունեցվածքի պահպանության և այլ պահակախմբերի ուժեղացված խնդիրներ կատարելու համար նշանակվում են ժամանակավոր պահակախմբեր:
24. Զորային վերակարգը այն ստորաբաժանումը կամ զինծառայողների խումբն է, որը նշանակված է օբյեկտների պահպանությունը և պաշտպանությունը ուժեղացնելու, արտակարգ իրավիճակներում գործելու, հասարակական կարգի պահպանության համար: Զորային վերակարգը ներառում է դիտարկման պահակակետը, դարանը, դետքը, ուղեփակիչը, ծուղակը, որոնող խումբը, հետապնդման խումբը, պարեկը, հասարակական կարգի պահպանման պահակակետը, հսկիչ-անցագրային կետի (այսուհետ` ՀԱԿ) վերակարգը, զորային շղթան:
25. Ոստիկանության զորքերի զորամասերի և ստորաբաժանումների կողմից նշանակված պահակախմբերը և զորային վերակարգերը ծառայողամարտական խնդիրներ կատարելիս իրավունք ունեն`
1) շրջափակել, որոնել, հետապնդել, ձերբակալել և հանձնել ոստիկանության կամ իրավասու այլ մարմիններին այն անձանց, ովքեր փորձում են մուտք գործել (դուրս գալ) պահպանվող օբյեկտներ (օբյեկտներից) կամ այնտեղից հափշտակել իրեր, ինչպես նաև` նշված օբյեկտների, պահակատան, ժամապահի կամ պահակախմբի անդամների, զորային վերակարգի վրա հարձակում գործած անձանց.
2) օրենքով նախատեսված դեպքերում գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա, օգտագործել պահպանության ինժեներատեխնիկական միջոցներ (այսուհետ` ՊԻՏՄ):
26. Պահակախմբերի և զորային վերակարգերի պետեր նշանակվում են`
1) 15 անձ և ավելի թվաքանակով, ինչպես նաև` բարդ իրավիճակներում խնդիրներ կատարող կամ զորամասից (ստորաբաժանումից) մեծ հեռավորության վրա ծառայություն իրականացնող պահակախմբի համար` սպաներից, ենթասպաներից և ժամկետային ծառայության սերժանտներից, դասակի հրամանատարի տեղակալներից.
2) մինչև 4 անձից բաղկացած պահակախմբի (բացի հատուկներից) համար` մարտական խմբի հրամանատարը.
3) 2-3 անձից բաղկացած զորային վերակարգի համար` շարքային կազմից` պայմանագրային զինծառայողներից:
27. Պահակախմբի, պահակակետի և զորային վերակարգի անձնակազմի ընտրությունը կատարում է վաշտի հրամանատարը` հաշվի առնելով իր տեղակալների, դասակների հրամանատարների կարծիքները, առաջադրանքի բնույթը, ծառայության փորձը, զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները: Պահակախմբի, զորային վերակարգի կազմում նշանակվում է անձնակազմ` մեկ մարտական խմբից, իսկ մեկ մարտական խմբից ավելի թվաքանակով պահակախմբի համար` մեկ դասակից:
ԳԼՈՒԽ III
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
28. Օբյեկտների պահպանությունը զորային գործողությունների համախումբ է, որը անցկացվում է օպերատիվ, ռեժիմային, ինժեներատեխնիկական և օբյեկտների վարչակազմերի ու համագործակցող մարմինների հետ համատեղ և իրականացվում է օբյեկտի պահպանության և նրա նյութական միջոցների պահպանման, օբյեկտի վրա հարձակումները կանխելու նպատակով:
29. Օբյեկտի պահպանության համակարգը առաջադրված ծառայողամարտական խնդիրների կատարման համար ստեղծված ուժերի և միջոցների խմբավորում է: Այն պետք է համապատասխանի պահպանվող օբյեկտի բնութագրին և յուրահատկություններին, նրա ՊԻՏՄ-ով սարքավորման աստիճանին, իրադրությանը, ունենա խորություն և ապահովի պահպանության ամրությունը, առավել արդյունավետ և տնտեսորեն օգտագործի ուժերն ու միջոցները:
30. Պահպանության համակարգը ներառում է` պահակախումբը (ստորաբաժանում), նրա տեղակայման վայրը, ժամապահների (զորային վերակարգերի) ծառայության պահակակետերը (տեղամաս), դիտարկման և կրակի վարման հատվածները, շարժման երթուղիները, ՊԻՏՄ-ը, օբյեկտի և պահպանությունում ներգրավված համագործակցող մարմինների ուժերը և միջոցները, ռեզերվը (կազմը, տեղավորումը և գործողությունների առավել հավանական ուղղությունները):
31. Պահպանության համակարգը որոշվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Նրանում փոփոխությունները կատարվում են զորամասի հրամանատարի որոշումով` համաձայնեցնելով օբյեկտի ղեկավարության հետ: Ընդունված որոշման հիման վրա մշակվում է օբյեկտի պահպանության (պահպանության և պաշտպանության) պլան:
32. Օբյեկտի պահպանությունը կարող է իրականացվել ժամապահների նշանակմամբ կամ պահակախմբի օպերատիվ հերթապահությամբ:
33. Օբյեկտի պահպանությունը ժամապահները իրականացնում են աշտարակներից (մարտական ծառայության կատարման այլ տեղերից)` դիտարկման, հաստատագրված արահետով կամ պահպանության գծի արտաքին կողմի շուրջը պարեկության միջոցով: Առանձին օբյեկտներ (պահակակետեր) կարող են պահպանվել անշարժ ժամապահներով:
34. Օբյեկտի պահպանության ժամանակ, կախված օբյեկտի բնութագրից, նրա ՊԻՏՄ-ով սարքավորվածությունից և տեղանքի պայմաններից, որոշված ժամանակահատվածում պահպանության և պաշտպանության համար ժամապահին նշանակվում է պարագծի տեղամաս`
1) դիտաշտարակներից իրականացվող պահպանության համար` մինչև 400 մ.
2) պարեկության միջոցով` մինչև 500 մ` գիշերը և 1000 մ` ցերեկը:
35. ՀԱԿ-ի և նրա պահակակետերի, ինչպես նաև` առանձին պահակատների քանակը որոշվում է կախված օբյեկտի պարագծից, կառուցվածքից և տեղակայման ձևից, մարդկանց և տրանսպորտի շարժման հաճախականությունից:
36. Պահակախմբի օպերատիվ հերթապահությամբ պահպանվում են ինժեներատեխնիկական միջոցների համակարգերով սարքավորված օբյեկտները, որոնց ՊԻՏՄ-երը ապահովում են արգելված գոտու խախտումների վերաբերյալ ստույգ ազդանշանները, պահակախմբի պահեստային խմբի ճիշտ ժամանակին դուրս գալը խախտման վայր և արտաքին արգելված գոտուց փախուստի կանխումը: Այս դեպքում պահակակետում մարտական ծառայություն են կատարում ղեկավարման կետի ժամապահ-օպերատորը, պահպանության ինժեներատեխնիկական միջոցների և հսկիչ անցագրային կետի ժամապահը:
37. ՊԻՏՄ-ի ազդանշանով գործողությունների համար պահակատանը մշտական մարտական պատրաստականության մեջ են գտնվում պահեստային խմբերը:
38. Հսկիչ հետքային գոտու վիճակը, ՊԻՏՄ-երի սարքինությունը, օբյեկտի տարածքի և նրան հարող տեղանքի դիտումը պարբերաբար ստուգելու, ինչպես նաև` օբյեկտ (օբյեկտից) իրեր գցելը կանխելու համար գրաֆիկով ուղարկվում են ժամապահներ, ովքեր ծառայությունը կատարում են պարեկությամբ` հետիոտն կարգով:
39. Պահակատնից հեռու գտնվող օբյեկտի տեղամասում, որտեղ պահեստային խմբի ուժերով ժամանակի տեսանկյունից հնարավոր չէ ձերբակալել արգելված գոտին խախտող անձանց, կարող է դրվել ժամապահ, պարեկության կամ պահեստային խմբի երթուղու արահետին դիտաշտարակից դիտարկման միջոցով մշտական ծառայություն կրելու համար:
ԳԼՈՒԽ IV
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ, ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ
40. Առկա իրավիճակով պայմանավորված` ոստիկանության զորքերի հրամանատարը, զորամասերի հրամանատարները և շտաբները ծառայողամարտական խնդիրները իրականացնելիս կարող են գործածել հաջորդական կամ զուգահեռ աշխատանքների մեթոդները, ինչպես նաև` նրանց համատեղումը:
41. Հաջորդական աշխատանքի մեթոդը կիրառվում է բավարար ժամանակ ունենալիս: Այդ մեթոդով աշխատելիս ոստիկանության զորքերի հրամանատարը որոշումը կայացնում է միանգամից լրիվ ծավալով, որից հետո առաջադրանք է տրվում ենթակա զորամասերին, ստորաբաժանումներին: Հետագայում կազմակերպում է ենթակա զորամասերի, ստորաբաժանումների մարտական ծառայությունը:
42. Զուգահեռ աշխատանքի մեթոդը գործածվում է արտակարգ իրավիճակների և ժամանակի սղության այլ դեպքերում: Այդ մեթոդի դեպքում ոստիկանության զորքերի հրամանատարը կողմնորոշում է գործողությունների մտահղացումը, որի հիման վրա զորամասերին, ստորաբաժանումներին տրվում են նախնական կարգադրություններ, իսկ ղեկավարման ստորադաս օղակները` վերադասների հետ զուգահեռ, կազմակերպում են զորքերի գործողությունները:
43. Հրամանատարը որոշման մյուս կետերի կատարումը սահմանում է նախնական կարգադրություններ տալուց հետո, որի հիման վրա զորամասերին, ստորաբաժանումներին տրվում են խնդիրները` ամբողջ ծավալով:
44. Հրամանատարը որոշումը կայացնում է անձամբ` առաջադրված խնդրի, իրավիճակի գնահատման, շտաբի կողմից պատրաստված առաջարկությունների և հաշվարկների հիման վրա: Իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների ոչ լրիվ առկայությունը չի ազատում հրամանատարին` ժամանակին որոշում կայացնելուց: Առաջադրված խնդիրները պարզաբանելիս հրամանատարը պետք է հասկանա ավագ հրամանատարի (պետի) պահանջները (մտահղացումը), խնդիրների ծավալը և բնույթը, կատարման ժամկետները: Խնդրի պարզաբանումից հետո հրամանատարը որոշում է այն միջոցառումները, որոնք պետք է անհապաղ անցկացնել, կատարում է ժամանակի հաշվարկ, հանձնարարություններ է տալիս շտաբի պետին և իր տեղակալներին` որոշում կայացնելու նպատակով ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաև` զորամասերի (ստորաբաժանումների) համար անհրաժեշտ նախնական կարգադրություններ պատրաստել: Իրավիճակը գնահատելիս հրամանատարը ուսումնասիրում է պահպանվող օբյեկտների վիճակը և առանձնահատկությունները, ենթակա զորամասերի (ստորաբաժանումների) վիճակը, հնարավորությունները, հարևանների և համագործակցող մարմինների խնդիրները և գործողությունները, տեղանքը և տեղի բնակչությունը, տարվա եղանակը և կլիմայական պայմանները: Իրավիճակը ուսումնասիրելիս և գնահատելիս հրամանատարը օգտագործում է ենթակաների զեկույցները, ավագ պետերի, համագործակցող մարմինների և հարևանների կողմից տրված տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում` լսում է շտաբի պետի, իր տեղակալների և ենթակա այլ սպաների առաջարկությունները:
45. Ծառայողամարտական գործունեության համար որոշում կայացնում են` ոստիկանության զորքերի հրամանատարը, զորամասերի հրամանատարներին` տարվա համար (հասարակական կարգի պահպանության զորամասի հրամանատարը, բացի դրանից նաև` օրվա համար), գումարտակների հրամանատարները` կիսամյակի համար, վաշտերի հրամանատարները` ամսվա և ամեն օրվա համար, դասակների հրամանատարները` ծառայողամարտական խնդիրների կատարման համար:
46. Իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում հրամանատարը պարտավոր է ինքնուրույն, ավագ պետերի ցուցումներին չսպասելով, ժամանակին ընդունել որոշում և իրականացնել այն:
47. Իրավիճակի կտրուկ փոփոխությունների և ընդունած որոշման մասին հրամանատարը պարտավոր է զեկուցել անմիջական պետին, հասցնել ենթականերին, տեղեկացնել ավագ օպերատիվ պետին և փոխհամագործակցող շահագրգիռ մարմիններին:
48. Որոշման մեջ հրամանատարը նախատեսում է`
1) ծառայողամարտական գործունեության մտահղացումը, խնդիրների ծավալը, ինչպիսի արդյունքներ են ակնկալվում, հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունը (խնդիրներ, օբյեկտներ, զորամասեր, ստորաբաժանումներ), ուժերի և միջոցների կիրառման կարգը, զորամասերի (ստորաբաժանումների) մարտական պատրաստության, օբյեկտների և հասարակական կարգի պահպանության ապահովության բարձրացման միջոցառումները.
2) խնդիրներ զորամասերին (ստորաբաժանումներին)` խնդիրների ծավալը, որքան ժամանակում և ինչպիսի արդյունքներով կատարել դրանք, անձնակազմի կողմից իրականացվող մարտական ծառայության ծավալը և ծառայողական ծանրաբեռնվածությունը, օբյեկտների պահպանության և այլ ծառայողամարտական խնդիրների կատարման, կատարելագործման միջոցառումները, մարտական պատրաստականության բարձրացման, արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների նախապատրաստումը, հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունը.
3) զորամասերի (ստորաբաժանումների) պատրաստման, դաստիարակչական աշխատանքների իրագործման, զինվորական կարգապահության և կանոնադրական կարգի պահպանման, բազմակողմանի ապահովման խնդիրները.
4) համագործակցության հիմնական հարցերը` խնդիրներ, ըստ որոնց զորամասերը (ստորաբաժանումները) պետք է համագործակցեն միմյանց, պահպանվող օբյեկտների վարչությունների, ազգային անվտանգության և ոստիկանության մարմինների, հարևանների և այլ ուժերի հետ, համատեղ գործողությունների և փոխադարձ օգնության ցուցաբերման ուժերի և միջոցների հաշվարկը, ում հետ, ինչպիսի հարցերի շուրջ և ինչ ժամկետում հաստատել շտաբի և ծառայությունների համագործակցությունը, իրավիճակի վերաբերյալ փոխադարձ տեղեկատվության կազմակերպման կարգը.
5) ղեկավարման կազմակերպումը` ղեկավարման մարմինների աշխատանքի կատարելագործման, կապի համակարգի ճշգրտման, ղեկավարման ավտոմատ համակարգի օգտագործման, հսկողության կազմակերպումը:
49. Ամսվա հաշվարկով որոշման մեջ վաշտի հրամանատարը նախատեսում է`
1) մտահղացումը, հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունը (խնդիրները, օբյեկտները, պահակախմբերը, զորային վերակարգերը), ուժերի և միջոցների օգտագործման կարգը, ստորաբաժանումների (պահակախմբերի, զորային վերակարգերի) մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումները.
2) խնդիր դասակներին` մարտական ծառայության մեջ անձնակազմի օգտագործման, զինծառայողների ուսուցման և դաստիարակության, կենցաղի կազմակերպման նպատակով.
3) ծառայողամարտական խնդիրների կատարման միջոցառումները, սպաների (ենթասպաների) հերթապահության, մարտական ծառայության նկատմամբ հսկողության կազմակերպումը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների պլանի ճշգրտումը, բազմակողմանի ապահովման, զինվորական կարգապահության և կանոնադրական կարգի պահպանման միջոցառումները:
50. Օրվա հաշվարկով որոշման մեջ վաշտի հրամանատարը նախատեսում է`
1) մտահղացումը, ծառայություն կատարելու վայրը, պահակախմբերի, զորային վերակարգերի տեսակները, քանակը, նրանց կազմը, մարտական ծառայությունը ուժեղացնելու միջոցառումները, արտակարգ իրավիճակներում գործելու համար մարտական հաշվարկը, անձնակազմի ծառայողական ծանրաբեռնվածությունը.
2) խնդիրներ դասակներին, դասակների կողմից ուղարկված պահակախմբերի (զորային և օրվա վերակարգերի) պետերը, ուժեղացման միջոցները, մարտական ծառայություն կրելու վայրը և ժամանակը, ուժերի և միջոցների պատրաստման կարգը.
3) ծառայողամարտական խնդիրների կատարման ուժերի և միջոցների նախապատրաստման կարգը.
4) դաստիարակչական աշխատանքների միջոցառումները` զինվորական կարգապահության ամրապնդման և ամուր կանոնադրական կարգի ապահովման համար.
5) պահակախմբերի և զորային վերակարգերի համագործակցման կարգը, պահպանվող օբյեկտների վարչակազմի և այլ համագործակցող մարմինների հետ անցկացվելիք համատեղ միջոցառումները.
6) մարտական ծառայության, ուսուցման, օրվա վերակարգի ծառայության, անձնակազմի վարվելակերպի, պահպանության միջոցների օգտագործման նկատմամբ հսկողության կազմակերպումը:
51. Դասակի հրամանատարը, ստանալով խնդիրը, պարզաբանում է այն, գնահատում իրավիճակը, ընդունում որոշում, կազմակերպում անձնակազմի պատրաստումը մարտական ծառայությանը, զինամթերքի, կապի միջոցների ստացումը, ստուգում է անձնակազմը և հաստատված ժամին զեկուցում վաշտի հրամանատարին` ծառայողամարտական խնդիրների կատարմանը դասակի պատրաստ լինելու մասին: Ստացված խնդիրների պարզաբանման ընթացքում դասակի հրամանատարը պետք է հասկանա վաշտի և դասակի խնդիրները, որ օբյեկտները պահպանել, մարտական ծառայության կրման վայրը, ծառայություն իրականացնող մոտակա ստորաբաժանումների խնդիրները և նրանց հետ համագործակցելու կարգը, ծառայողական, մարտական խնդիրների կատարմանը պատրաստ լինելու ժամանակը:
52. Իրավիճակը գնահատելիս դասակի հրամանատարը ուսումնասիրում է պահպանվող օբյեկտները, ծառայություն կատարելու վայրը, դասակի վիճակը, կազմը, ապահովվածությունը և հնարավորությունները, ծառայություն իրականացնող մոտակա ստորաբաժանումների կազմը, դիրքը, գործողությունների բնույթը և նրանց հետ համագործակցելու պայմանները, տեղանքը, օրվա ժամանակը, եղանակը և նրա ազդեցությունը խնդրի կատարման վրա:
53. Դասակի հրամանատարը որոշմամբ հաստատում է ստացված խնդիրների կատարման կարգը, մարտական խմբերին տրվող խնդիրները, անձնակազմի տեղաբաշխումը պահակախմբերում, զորային վերակարգերում` ըստ պահակակետերի և օրվա վերակարգերի, անձնակազմի հետ արդյունքների ամփոփման կազմակերպումը, պահակախմբերի և զորային վերակարգերի միջև իրավիճակի մասին փոխադարձ տեղեկատվության կարգը, նշանակված դասակի կողմից պահպանվող օբյեկտների վարչակազմերի և այլ համագործակցող մարմինների հետ խնդիրների կատարման համար անձնակազմի պատրաստ լինելու ժամանակը:
54. Ոստիկանության զորքերի (զորամասի, ստորաբաժանման) հրամանատարը որոշումը հայտարարում է իր տեղակալներին և ծառայությունների պետերին, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ սպաներին (ենթասպաներին), որից հետո նշում է որոշման ձևակերպման ժամկետն ու կարգը, պլանավորումը, խնդիրների առաքումը կատարողներին, զորամասերի (ստորաբաժանումների) համագործակցության, հսկողության և օգնության ցուցաբերման կազմակերպումը:
55. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի որոշումը տարվա (կիսամյակի) համար ձևակերպվում է հրամանով: Այն պետք է ապահովի ծառայողամարտական բոլոր խնդիրների հաջող կատարումը: Լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում որոշումը ձևակերպվում է հրամաններով կամ կարգադրություններով և պլանավորվող փաստաթղթերի մեջ կատարվում են անհրաժեշտ ուղղումներ:
56. Ոստիկանության զորքերի հրամանատարի (զորամասի հրամանատարի) տարեկան (կիսամյակային) հրամանում նշվում են ծառայողամարտական գործունեության, մարտական պատրաստության, ուժերի և միջոցների պատրաստման, զինվորական կարգապահության, նախորդ տարվա (թիկունքային) բավարարվածության վիճակի վերլուծություններից հիմնական հետևությունները` հաջորդ տարվա (կիսամյակի) համար, ավագ պետի կողմից առաջադրված հիմնական ծառայողամարտական խնդիրները, ապա` «Հրամայում եմ» բառից հետո`
1) առաջին կետում` զորամասերի (ստորաբաժանումների) հիմնական խնդիրները` մարտական պատրաստականության հետագա բարձրացման ուղղությամբ.
2) երկրորդ կետում` բոլոր զորամասերի (ստորաբաժանումների) ծառայողամարտական գործունեության ընդհանուր խնդիրները.
3) երրորդ կետում` ուսումնականից բացի, յուրաքանչյուր զորամասի (ստորաբաժանման) խնդիրները` առանձին ենթակետերով.
4) չորրորդ կետում` ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ խնդիրները.
5) հինգերորդ կետում` խնդիրներ մարտական պատրաստության վերաբերյալ, այդ թվում` ուսումնական զորամասերին (ստորաբաժանումներին), ուսումնական, նյութատեխնիկական բազայի կատարելագործման միջոցները.
6) վեցերորդ կետում` դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ խնդիրները.
7) յոթերորդ կետում` զինվորական կարգապահության հետագա ամրապնդման և կանոնադրական կարգի պահպանման, կայազորային և ներքին ծառայությունների կազմակերպման վերաբերյալ խնդիրները.
8) ութերորդ կետում` սպայական կադրերի, ենթասպաների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ խնդիրները.
9) իններորդ կետում` անձնակազմի բազմակողմանի ապահովումը, զենքի հետ վարվելու կարգի և անվտանգության կանոնների պահպանումը.
10) տասներորդ կետում` կառավարող մարմինների աշխատանքի, կապի համակարգի, մարտական ծառայության նկատմամբ հսկողության, պետերի և հրամանատարների աշխատանքի կատարելագործման խնդիրները:
57. Հրամանում խնդիրներ նախատեսելիս նշվում են տարվա (կիսամյակի) վերջում ինչպիսի խնդիրներ են ակնկալվում, ուժերի և միջոցների օգտագործումը, ինչի վրա հատուկ ուշադրություն դարձնել և հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունները (օբյեկտները, զորամասերը, ստորաբաժանումները): Հրամանին կցվում են ծառայողամարտական խնդիրների ծավալի, մարտական ծառայության ծավալի, ուժերի և միջոցների կիրառման հաշվարկները:
58. Հրամանատարի որոշման հիման վրա իրականացվում է ծառայողամարտական գործունեության պլանավորումը: Դրա հետ մեկտեղ մշակվում են`
1) ոստիկանության զորքերի հրամանատարությունում` ոստիկանության զորքերի պատրաստության պլանը, ամսական օրացուցային պլանը, անհատական պլաններն ըստ ծառայությունների.
2) զորամասերում` զորամասի մարտական պատրաստության պլանը, ամսական օրացուցային պլանը, սպաների և ենթասպաների ծառայության գրաֆիկը, անհատական պլաններ ըստ ծառայությունների (կիսամյակային).
3) գումարտակում` կիսամյակի մարտական պատրաստության պլանը, ամսական օրացուցային պլանը, պահակախմբերի, զորային վերակարգերի ստուգման և մարտական ծառայության մեջ սպաների անմիջական մասնակցության ամսական գրաֆիկը, դաստիարակչական աշխատանքների ամսական պլանը:
59. Զորամասերին (ստորաբաժանումներին) տարվա համար խնդիրներ առաջադրում է ոստիկանության զորքերի հրամանատարը` անձամբ, կամ հասցնում է իր տեղակալների և վարչության առավել պատրաստված սպաների միջոցով` ոչ ուշ, քան հերթական տարվա առաջին ամսվա սկսվելուց 10 օր առաջ (հերթական կիսամյակի առաջին ամսվա սկսվելուց 5 օրվանից ոչ ուշ):
60. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը խնդիրների իրագործման նպատակով գործնական օգնություն ցուցաբերելու համար մեկնում է անձամբ կամ զորամասեր է ուղարկում իր տեղակալներին կամ առավել պատրաստված սպաներին:
61. Գումարտակի հրամանատարը վաշտերի, դասակների հրամանատարներին, ավագներին խնդիրը տալիս է բանավոր:
62. Խնդիրներն առաջադրելուց առաջ հայտարարվում է նախորդ ամսվա (օրվա) ծառայողամարտական գործունեության ամփոփումը, տեղեկացվում է գումարտակի (վաշտի) ստացած խնդիրներում և իրավիճակի մեջ տեղի ունեցած փոփոխությունները:
63. Ոստիկանության զորքերի (զորամասի, ստորաբաժանման) հրամանատարը պարտավոր է ամեն օր տեղեկությունների հավաքման հիման վրա գնահատել իրավիճակը` հատկապես բարդացման դեպքում, զորքերի մարտական պատրաստականության, օբյեկտների պահպանության հուսալիության, ծառայողամարտական խնդիրների կատարման որակի, անձնակազմի զինվորական կարգապահության վերաբերյալ ծագող խնդիրների մասին կայացնել որոշում, վճռել (ճշտել) ուղղությունները և կազմակերպել դրանց կատարումը:
ԳԼՈՒԽ V
ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
64. Ծառայողամարտական խնդիրների կատարման համար ուժերի և միջոցների պատրաստումը ներառում է`
1) սպաների, ենթասպաների, սերժանտների և զինվորների ուսուցումը, շտաբների և ստորաբաժանումների պատրաստումը.
2) մարտական ծառայությանը ներգրավելու համար զինծառայողների ընտրությունը և պատրաստումը` որպես պահակախմբերի, զորային վերակարգերի պետեր, նրանց օգնականներ, ՀԱԿ-ի ժամապահ և օպերատոր-ժամապահ.
3) մարտական ծառայություն կրելու համար ստորաբաժանումների, պահակախմբերի և զորային վերակարգերի պատրաստումը.
4) սպառազինության, մարտական տեխնիկայի, կապի, տրանսպորտային միջոցների պատրաստումը.
5) ձմեռային և ամառային պայմաններում մարտական ծառայության կազմակերպման միջոցառումների անցկացումը:
65. Զինծառայողների ընտրությունը` որպես պահակախմբերի, զորային վերակարգերի պետեր, նրանց օգնականներ, ՀԱԿ-ի ժամապահներ, օպերատոր-ժամապահներ, իրականացվում է ստորաբաժանումների հրամանատարների և զորամասերի շտաբների կողմից, իսկ զինծառայողներին մարտական ծառայությանը ներգրավելու համար` որպես հատուկ, զինվորական բեռների պահպանման պահակախմբերի պետեր` զորամասի հրամանատարի, նրա տեղակալի կողմից, ստորաբաժանման հրամանատարի, նրա տեղակալների կողմից` ստորաբաժանման հրամանատարի առաջարկով:
66. Մարտական ծառայություն իրականացնելու համար զինծառայողների` որպես պահակախմբերի, նրանց օգնականների, ՀԱԿ-ի ժամապահների և օպերատոր-ժամապահների պատրաստումն անցկացվում է զորամասի շտաբի կողմից մշակված ծրագրով` ուսումնական հավաքների ընթացքում: Հավաքների ավարտից հետո յուրաքանչյուր ծառայողից ընդունվում է ստուգարք: Մարտական ծառայություն իրականացնելու համար ընտրված և պատրաստված ենթասպաները, սերժանտները, զինվորները հրամանագրվում են զորամասի հրամանատարի հրամանով:
67. Պահակախմբերի, զորային վերակարգերի` մարտական ծառայություն իրականացնելու համար նախապատրաստումը կատարվում է օրակարգում նախատեսված ժամին` մինչև խնդրի ստանալը: Պահախմբերի նախապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի պահանջների համաձայն:
68. Պահակախմբերի և զորային վերակարգերի նախապատրաստումն ընդգրկում է`
1) պահակախմբերի, զորային վերակարգերի պետերի և նրանց օգնականների հրահանգավորումը.
2) պահակախմբերի, զորային վերակարգերի անձնակազմի հրահանգչական պարապմունքները.
3) դաստիարակչական աշխատանքների պլանի համաձայն` պահակախմբերում, զորային վերակարգերում զինծառայողների հրահանգավորումը.
4) անձնակազմի նյութատեխնիկական և բժշկական ապահովումը:
69. Զորամասի տեղակայման տարածքից դուրս խնդիրներ կատարելու համար հանդերձավորված պահակախմբերի, զորային վերակարգերի նախապատրաստումը ներառում է նաև անձնակազմի բժշկական ստուգման անցկացումը, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը և հրամանատարների որոշմամբ այլ կազմակերպչական միջոցառումների իրականացումը:
70. Զինվորական բեռների տեղափոխման ընթացքում դրանց պահպանման, զորամասի տեղակայման տարածքից դուրս ուղարկվող հանդերձավորված հետախուզական վերակարգերի, իրավիճակի բարդ պայմաններում այլ խնդիրներ կատարող հանդերձավորված պահակախմբերի և զորային վերակարգերի պետերի և նրանց օգնականների հրահանգավորումն անցկացվում է զորամասի (գումարտակի) հրամանատարի, նրա տեղակալների, շտաբի` առավելապես լավ պատրաստված սպաների կողմից: Այլ պահակախմբերի և զորային վերակարգերի պետերի և նրանց օգնականների հրահանգավորումն անցկացվում է վաշտի հրամանատարի կողմից: Հրահանգավորման ժամանակ պարզաբանվում է իրավիճակը և հայտարարվում պահակախմբերի (զորային վերակարգի) կազմը:
71. Յուրաքանչյուր պահակախմբի, զորային վերակարգի առաջադրվում են խնդիրներ, նշվում են դրանց կատարման առանձնահատկությունները, տրանսպորտային և այլ միջոցների օգտագործման կարգը, ստուգվում է պարտականությունների իմացությունը և միջադեպերի ժամանակ գործելակերպը, հիշեցվում են օրինականության, զինվորական կարգապահության, զենքի հետ վարվելու կարգի և մարտական ծառայության իրականացման պահանջները, տրվում է հանձնարարական` պահակախմբերում, զորային վերակարգերում դաստիարակչական աշխատանքների կատարման վերաբերյալ, նշվում է հարևան պահակախմբերի, զորային վերակարգերի, օբյեկտների վարչակազմերի և այլ ուժերի հետ համագործակցման կարգը, հայտարարվում հետագա հրահանգչական պարապմունքներ անցկացնելու ժամանակացույցը:
72. Պահակախմբերի, զորային վերակարգերի անձնակազմի հրահանգավորումն անցկացնում են ստորաբաժանման սպաները և դասակների հրամանատարները` վաշտի հրամանատարի որոշմամբ: Հրահանգավորումն անցկացվում է ուսումնական ավանում, դասարանում, շինությունում, տրանսպորտային միջոցներում` հաշվի առնելով խնդրի առանձնահատկությունները, օգտագործելով ծառայողական փաստաթղթեր, ուրվագծեր, մակետներ և այլ ուսումնական ձեռնարկներ: Հրահանգավորման ժամանակ հայտարարվում է պահակախմբերի (զորային վերակարգերի) կազմը` հայտնելով տեղեկություններ` օգտագործվող տրանսպորտային, կապի, այլ տեխնիկական միջոցների վերաբերյալ, պարզաբանվում է իրավիճակը, առաջադրված խնդիրները և նշվում մարտական ծառայության իրականացման, կապի միջոցների օգտագործման և համագործակցության կազմակերպման կարգը:
73. Պահակակետերում ծառայություն իրականացնելու առանձնահատկություններից ելնելով` անձնակազմը ուսումնասիրում է ժամապահի պարտականությունները, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգն ու պայմանները, օրինականության պահպանման վերաբերյալ պահանջները, զենքի հետ վարվելու և մարտական ծառայություն իրականացնելու անվտանգության կանոնների պահպանման կարգը, կատարելագործվում են մարտական հաշվարկի վերաբերյալ գործողությունները, անցկացվում են մարզումներ` խնդիրների և նորմատիվների կատարման նպատակով:
74. Օբյեկտներ պահպանող պահակախմբերին և զորային վերակարգերին հրամաններ տալիս է վաշտի հրամանատարը կամ նրան փոխարինող անձը: Հրամանում նշվում են պահակախմբի (զորային վերակարգի) կազմը, խնդիրները, առավել ուշագրավ հանգամանքները, զենքի, հատուկ միջոցների հետ վարվելու, դրանց կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոնները, ծառայություն իրականացնելու ժամկետը և խնդրի կատարման արդյունքների մասին զեկույցի ժամանակը:
75. Օրակարգով նախատեսված ժամանակում վաշտի հրամանատարը կամ նրա հանձնարարությամբ ստորաբաժանման սպաներից (ավագը) մեկը կատարում է մարտական հաշվարկ, որի ընթացքում հայտարարվում է նախորդ օրվա մարտական ծառայության ամփոփումը, տիրող իրադրությունը, հաջորդ օրվա պահակախմբերը և զորային վերակարգերը, ստորաբաժանման անձնակազմի մարտական հաշվարկը և արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու կարգը: Անհրաժեշտության դեպքում մարտական հաշվարկը օրվա ընթացքում ճշտվում է:
76. Զորամասի հրամանատարը պարտավոր է մշտական հսկողություն իրականացնել սպառազինության, մարտական տեխնիկայի, կապի, տրանսպորտային միջոցների ճիշտ շահագործման, ժամանակին տեխնիկական սպասարկման, նպատակային օգտագործման, սարքինության նկատմամբ: Հրամանատարի տեղակալները, ծառայության պետերը և ստորաբաժանումների հրամանատարները պետք է ապահովեն այդ միջոցների պատրաստումը` առաջադրված խնդիրների կատարման համար և կրում են լիարժեք պատասխանատվություն` դրանց սարքինության և ճիշտ օգտագործման համար:
77. Համագործակցության հարցերը արտացոլվում են հիմնական միջոցառումների պլանում, ինչպես նաև` շտաբի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով մարմինների ծառայությունների աշխատանքային պլաններում և այլ պլանավորվող փաստաթղթերում:
78. Համագործակցությունը կազմակերպելիս զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը պարտավոր է համաձայնեցնել`
1) հարևան զորամասերի հետ խնդիրներ կատարելու և արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու կարգը.
2) պահպանվող օբյեկտների վարչակազմերի հետ` պահպանվող օբյեկտի ուրվագիծը և նրա պահպանության հուսալիության ապահովման համար համատեղ գործողությունները, անցագրային և օբյեկտի ներսում ռեժիմի իրականացումը, մարտական ծառայության կրման վայրը, իրավիճակի բարդացման ժամանակ ռեզերվներ հասցնելու համար տրանսպորտային միջոցների հատկացման կարգը, արտակարգ իրավիճակներում օբյեկտների վարչակազմերի ուժերի և միջոցների օգտագործումը, նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ միջոցառումները, ծառայողամարտական խնդիրներ կատարելիս անձնակազմի անվտանգության կանոնները.
3) ոստիկանության տարածքային մարմինների հետ` զորամասերի (ստորաբաժանումների) համատեղ գործողությունները առօրյա խնդիրներ կատարելիս, ինպես նաև` օբյեկտների, հասարակական կարգի պահպանման, ուղեկցման, զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում կատարված իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, իրավիճակի այլ կտրուկ փոփոխման դեպքում որոնողական միջոցառումների անցկացումը.
4) ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ` համատեղ գործողությունների կարգը պետության անվտանգության դեմ ուղղված հանցանք կատարած անձանց որոնելիս և ձերբակալելիս, զանգվածային միջոցառումներ անցկացնելիս հասարակական կարգի և պետական անվտանգության պահպանումը, օբյեկտները և հատուկ բեռները պահպանելիս ժամապահների կողմից մարտական ծառայության իրականացման կարգը, ռեժիմային պահանջների պահպանման միջոցները (ներգրավված ուժերի և միջոցների հաշվարկը), ահաբեկչական ակտերը, հասարակական խմբակային դրսևորումները կանխելիս և կասեցնելիս զորային գործողությունների անցկացման կարգը, ինչպես նաև` զորամասերի (ստորաբաժանումների) տեղակայման վայրում հակառակորդի դեսանտի, դիվերսիոն-հետախուզական խմբերի վերացմանն ուղղված միջոցառումները, արտակարգ իրավիճակների ժամանակ առավել կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման կարգը, արտակարգ իրավիճակների վայրերում, արդյունաբերության, տրանսպորտի և կապի օբյեկտներում, զորամասի տեղակայման տարածքից դուրս մարտական տեխնիկայի վթարի և աղետի դեպքում` պահպանությունն ապահովող միջոցառումների համատեղ գործողությունները.
5) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, արտակարգ իրավիճակների նախարարության, կայազորերի պետերի, սահմանապահ զորքերի զորամասերի հրամանատարների հետ` տարածքային պաշտպանության խնդիրների համատեղ կատարման վերաբերյալ միջոցառումները և համատեղ գործողությունները, շարժման ժամանակը և երթուղիները, կառավարման կետերի ծավալման վայրերը, տեղակայման վայրերում հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման վտանգի, կապի և իրավիճակի մասին փոխադարձ տեղեկացման և փախուստի դիմած հանցագործներին հայտնաբերելիս օգնության ցուցաբերման կարգը, ինչպես նաև միջոցառումները` տվյալ անձանց կողմից սահմանի խախտումները բացառելու համար:
ԳԼՈՒԽ VI
ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ, ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ
79. Հսկողությունը պետք է իրականացվի անընդհատ, ուղղված լինի առաջադրված խնդիրների ժամանակին և ճիշտ կատարմանը, բոլոր դեպքերում պետք է համընկնի զորամասերին և ստորաբաժանումներին գործնական օգնություն ցուցաբերելուն` տեղում հայտնաբերված թերությունների և դրանց պատճառների վերացմամբ, ուսումնասիրելով և ընդհանրացնելով առաջավոր փորձը:
80. Առաջին հերթին հսկվում են զորամասերի (ստորաբաժանումների) կողմից հրամանների, հրահանգների ժամանակին ստացման և դրանց հստակ կատարման ընթացքը, ծառայողամարտական խնդիրների կատարման որակը, զորային օպերատիվ ռեզերվի, համահավաք ջոկատների, պահակախմբերի, զորային վերակարգերի մարտական պատրաստականությունը, իրավիճակի բարդացման, արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու ունակությունը, համագործակցության, մարտական ծառայության համակողմանի ապահովման կազմակերպումը:
81. Հրամանատարը, շտաբը և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ծառայությունները պետք է մշտապես իմանան ենթակա զորամասերում (ստորաբաժանումներում) ծառայության իրական վիճակը, բազմակողմանի վերլուծեն մարտական ծառայության արդյունքները, մարտական պատրաստության ծրագրերի, անձնակազմի դաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման կանոնադրական խնդիրների պահպանման, թիկունքային բավարարվածության ապահովման որակը և ամբողջականությունը, հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ ժամանակին մշակեն և իրականացնեն միջոցառումներ: Ենթակա զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարները պարտավոր են ժամանակին զեկուցել ավագ հրամանատարին` առաջադրված խնդիրների կատարման ընթացքի, իրավիճակի կտրուկ փոփոխման և ընդունած որոշումների մասին:
82. Ոստիկանության զորքերի համալիր հսկման խմբերը կազմավորվում են ոստիկանության զորքերի հրամանատարության ներկայացուցիչներից: Հսկողություն կազմակերպելիս ոստիկանության զորքերի (զորամասի, ստորաբաժանման) հրամանատարը, ուսումնասիրելով տեսչական, ամփոփիչ ստուգումները, պետք է ապահովի համալիր խմբերի աշխատանքը յուրաքանչյուր զորամասում (ստորաբաժանումում)` կիսամյակը մեկ անգամից ոչ պակաս:
83. Իրավիճակի առանձնահատկություններից ելնելով` հսկողության և տարբեր ուղղություններով օգնություն ցուցաբերելու համար զորամասեր (ստորաբաժանումներ) կարող են ուղարկվել շտաբի, ծառայությունների ինքնուրույն խմբեր:
84. Հրամանատարը, շտաբի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ծառայությունների սպաները պարտավոր են գործնական օգնություն ցուցաբերել մարտական ծառայության կազմակերպման, մարտական պատրաստության, նյութատեխնիկական և բժշկական ապահովման գործում, ունենալ անձնական մասնակցություն` անձնակազմի ուսուցման, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերում, զինծառայողների հետ անցկացնել անհատական աշխատանքներ:
85. Անհրաժեշտության դեպքում համալիր խումբը (սպաների խումբը) ղեկավարող սպան պարտավոր է ստուգվող զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի և օպերատիվ պետի հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ` առաջադրված խնդիրների կատարման որակի բարձրացման վերաբերյալ և դրանց իրականացման գործում ունենալ անմիջական մասնակցություն: Դրա հետ մեկտեղ հիմնական ջանքերը կենտրոնացվում են հայտնաբերված թերությունների պատճառների և դրանց վերացման վրա:
86. Զորամասում (ստորաբաժանումում) աշխատանքների արդյունքների վերաբերյալ, հրամանատարի որոշմամբ կարող են ընդունվել թերությունների վերացման վերաբերյալ հանձնարարականներ:
87. Վաշտի հրամանատարը պարտավոր է ամեն օր վերլուծել մարտական ծառայության նկատմամբ հսկողության արդյունքները և թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին համապատասխան գրառումներ կատարել պահակախմբերի և զորային վերակարգերի ծառայողական փաստաթղթերում:
88. Պահակախմբի, զորային վերակարգի պետի` ծառայության վերաբերյալ գնահատականը («գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար») որոշվում է վաշտի հրամանատարի կողմից, հայտարարվում մարտական ծառայության ամփոփման ժամանակ` կատարելով նշում պահակախմբի պահակային (պարեկապահակային, երթուղու) ամփոփագրի մեջ: Պահակախմբի, զորային վերակարգի պետը գնահատում է յուրաքանչյուր զինծառայողի մարտական ծառայությունը:
89. Ծառայողամարտական խնդիրների կատարման արդյունքները ամփոփվում են սպաների, ենթասպաների, սերժանտների, մասնագետ զինծառայողների հետ անցկացվող խորհրդակցություններում, ոստիկանության զորքերի զորամասերի անձնակազմի ընդհանուր ժողովներում. ոստիկանության զորքերում` եռամսյակի համար, գնդում` ամսական, գումարտակում` շաբաթական, վաշտում, դասակում, ջոկում` ամեն օր: Արդյունքների ամփոփումը անցկացվում է վերադաս պետի մասնակցությամբ, իսկ վաշտում` նաև պահպանվող օբյեկտի, ոստիկանության մարմինների և այլ համագործակցող մարմինների վարչակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
90. Արդյունքները ամփոփելիս հայտարարվում են լավ արդյունքների հասած զորամասերը, ստորաբաժանումները, մարտական ծառայության պահակախմբերում, զորային վերակարգերում լավագույն ծառայություն կատարած զինծառայողները: Վերլուծվում են մարտական ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունները և դրանց ծնող պատճառները, ընտրվում են թերությունների վերացման ուղիները:
91. Վաշտի (գումարտակի) հրամանատարը ամսվա մարտական արդյունքների ամփոփումից հետո պահակախմբերի պահակային (երթուղային) ամփոփագրերը ներկայացնում է գումարտակի (գնդի) շտաբ:
92. Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասերի վաշտերի հրամանատարները պարեկապահակային ամփոփագրերը հանձնում են զորամասի շտաբ` ծառայություն կրելու հաջորդ օրը:
ԳԼՈՒԽ VII
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ
93. Մարտական ծառայության ուժեղացումը իրականացվում է`
1) նախատոնական և տոնական օրերին,
2) ավագ պետի հրահանգով:
94. Մարտական ծառայության ուժեղացումը կարող է հայտարարվել բոլոր զորամասերում, ստորաբաժանումներում, պահակախմբերում, զորային վերակարգերում կամ նրանցից յուրաքանչյուրում: Պահպանման համակարգը և ժամապահների, զորային վերակարգերի ուժեղացված ծառայություն իրականացնելու կարգը սահմանվում է պահպանության պլաններով:
95. Մարտական ծառայության ուժեղացումը հայտարարվում է որոշակի ժամանակահատվածով. ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից` մինչև 10 օր, զորամասի հրամանատարի կողմից` մինչև 5 օր, գումարտակի հրամանատարի կողմից` մինչև 3 օր:
96. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի մարտական ծառայության ուժեղացման անցնելու մասին որոշումը ձևակերպվում է հրամանով (հրահանգով), իսկ ստորաբաժանման հրամանատարի որոշման մասին նշում է կատարվում մարտական ծառայության գրքում: Մարտական ծառայության ուժեղացման անցնելու մասին զեկուցվում է ավագ հրամանատարին (պետին):
97. Մարտական ծառայության ուժեղացման ժամանակահատվածում նախատեսվում են`
1) մարտական պատրաստականության բարձրացման, արտակարգ իրավիճակներում գործելու պլանների ճշգրտման, ռեզերվի պատրաստվածության ստուգման, կապի լրացուցիչ միջոցների ծավալման և նրանց շուրջօրյա աշխատանքի տեղափոխման վերաբերյալ միջոցառումներ.
2) շտաբներում օպերատիվ խմբի նշանակում` իրավիճակի բարդացման ու արտակարգ իրավիճակների դեպքերում ծառայության դուրս գալու համար.
3) պահակախմբերի, զորային վերակարգերի քանակի ավելացում, նրանց պետերի նշանակում` սպաների, ենթասպաների, առավել փորձված սերժանտական կազմից.
4) մարտական ծառայության նկատմամբ հսկողության ուժեղացում.
5) անձնակազմի զգոնության բարձրացման ուղղությամբ դաստիարակչական աշխատանքների ակտիվացում.
6) զենքի, ռազմամթերքի, հատուկ միջոցների, պայթուցիկ, թունավոր, վառելիքաքսուքային նյութերի քանակի ճշգրտում, դրանց պահպանման և բացթողման նկատմամբ ուժեղացված հսկողության սահմանում.
7) հակահրդեհային միջոցների վիճակի և ոչ հաստիքային հակահրդեհային խմբի պատրաստվածության ստուգում:
98. ՈՒժեղացված մարտական ծառայության ժամանակահատվածում` անհրաժեշտության դեպքում ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարներին գործնական օգնություն ցույց տալու նպատակով գործուղում է սպայական խումբ: Իրավիճակից ելնելով` սպաների, ենթասպաների մի մասը անցնում են զորանոցային ծառայության ռեժիմի:
99. Մարտական ծառայության վերաբերյալ բոլոր միջոցառումները անցկացվում են պահպանվող օբյեկտների վարչակազմերի, ոստիկանության տարածքային մարմինների ղեկավարության և անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման այլ մարմինների հետ սերտ համագործակցությամբ:
ԳԼՈՒԽ VIII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԸ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
100. Խաղաղ ժամանակներում զորքերի ղեկավարումը իրականացվում է մշտական տեղակայման վայրերից:
101. Արտակարգ իրավիճակների ժամանակ և այլ ծառայողամարտական խնդիրներ իրականացնելիս զորամասերի (ստորաբաժանումների) ղեկավարման համար կարող է ստեղծվել ղեկավարման օժանդակ կետ (ՂՕԿ)` օգտագործելով շարժական միջոցներ և ուղղաթիռներ:
102. Ոստիկանության զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս տեղակայման մշտական վայրում կամ կենտրոնացման վայրում կազմակերպվում է ղեկավարման կետ (ՂԿ): Ընդ որում, զորամասերից մեկի ղեկավարման կետը օգտագործվում է որպես պահեստային ղեկավարման կետ (ՊՂԿ), որը նախօրոք համալրվում է կապի միջոցներով: Զորամասի պահեստային ղեկավարման կետը կազմակերպվում է ստորաբաժանումներից մեկի բազայի վրա:
103. Ղեկավարման և պահեստային ղեկավարման կետերը շարքից դուրս գալու դեպքում ենթակա զորամասերի ղեկավարումը իրականացվում է այլ զորամասերից մեկի ղեկավարման կետից: Զորամասի ղեկավարման կետի շարքից դուրս գալու դեպքում ստորաբաժանումների ղեկավարումը իրականացվում է ստորաբաժանումների հրամանատարներից մեկի կողմից` ոստիկանության զորքերի հրամանատարի որոշմամբ: Զորամասերի, ստորաբաժանումների ղեկավարումը իր վրա վերցրած հրամանատարը այդ մասին զեկուցում է ավագ հրամանատարին (պետին), հայտնում ենթականերին, մոտակա վայրերում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին և համագործակցող մարմիններին:
104. Վերադաս հրամանատարը և շտաբը պարտավոր են ժամանակին միջոցներ ձեռնարկել ենթակա զորամասերի (ստորաբաժանումների) ղեկավարման կետերի հետ կայուն կապ հաստատելու համար:
105. Կապը զորքերի ղեկավարման ապահովման հիմնական միջոցն է: Այն կազմակերպվում է հրամանատարի որոշման, շտաբի պետի ցուցումների, վերադաս շտաբի հրահանգի համաձայն:
106. Կապի կազմակերպման և վիճակի համար պատասխանատվություն է կրում ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը: Կապի պետը անմիջապես կազմակերպում է կապը և կրում պատասխանատվություն` նրա` ժամանակին կազմակերպման և կայուն աշխատանքի համար:
107. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը և ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը իրավիճակի փոփոխման բոլոր պայմաններում պարտավոր են իրենց մոտ ունենալ կապի միջոցներ, որոնք թույլ կտան մշտական և կայուն կապ պահպանել իրենց շտաբների, ենթակա զորամասերի (ստորաբաժանումների), վերադաս հրամանատարի (շտաբի) հետ, կարողանան անձամբ անցկացնել բանակցություններ կապի միջոցներով:
108. Ոստիկանության զորքերում (զորամասերում) ստեղծվում է կապի համակարգ, որի հիմքը կազմում են մշտական և շարժական կապի հանգույցները: Այն մշտապես պետք է լինի մարտական պատրաստ վիճակում` զորքերի ղեկավարումը ապահովելու համար:
109. Զորամասերի (ստորաբաժանումների) ղեկավարման համար օգտագործվող ռադիո, ռադիոռելեային, հաղորդալարային, շարժական և ազդանշանային կապի միջոցները, ինչպես նաև` այլ գերատեսչությունների և կազմակերպությունների կապի միջոցները պետք է օգտագործվեն և ապահովեն իրավիճակի բոլոր պայմաններում հրամանների, հրահանգների և այլ տեղեկությունների ժամանակին հաղորդման հուսալիությունը և գաղտնիությունը:
110. Ավագ և ենթակա հրամանատարների միջև կապը կազմակերպվում է ուղիղ կապի կամ հենակետային (օժանդակ) հանգույցների, ինչպես նաև` այլ գերատեսչությունների, կազմակերպությունների կապի շրջանցիկ ուղղություններով և ուղիներով: Ընդ որում, պետք է ապահովվի կապի հաստատման հնարավորություն` մեկ-երկու աստիճան ներքև կանգնած օղակների հետ:
111. Համագործակցող միավորումների (զորամասերի, ստորաբաժանումների) միջև կապը ապահովվում է համագործակցություն կազմակերպող հրամանատարի (շտաբի) ցուցումով` ուղիղ կապի տեղադրման, գերատեսչությունների և կազմակերպությունների կապի օգտագործումով, վերադաս շտաբի կապի հանգույցի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև համագործակցող զորքեր և մարմիններ` կապի միջոցների հետ միասին ուղարկած ներկայացուցիչների միջոցով:
112. Կապի խափանման դեպքում համագործակցող միավորումների (զորամասերի, ստորաբաժանումների) շտաբները պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` դրա վերականգնման համար:
113. Ոստիկանության զորքերի զորամասերի համատեղ գործողությունների ժամանակ նրանց միջև համագործակցության, կապի կազմակերպման և ապահովման պատասխանատվությունը դրվում է վերադաս շտաբի վրա:
114. Մարտական պատրաստականության պահպանման, ծառայողամարտական խնդիրների կատարման կազմակերպմամբ պայմանավորված` զորամասերի (ստորաբաժանումների) քողարկված ղեկավարումը պետք է ապահովվի միջոցառումների խստագույն գաղտնիությամբ: Այն ապահովվում է կապի տեխնիկական միջոցներով խոսակցություններ տանելու կարգին և կանոններին հետևելով, խոսակցությունները և հաղորդումները գաղտնիացնող սարքավորումների օգտագործմամբ, փաստաթղթերի ծածկագրմամբ, ազդանշանների և կանչերի, խոսակցական աղյուսակների և քարտեզների կոդավորումների օգտագործմամբ: Ոստիկանության զորքերում (զորամասերում, ստորաբաժանումներում) կապի տեխնիկական միջոցներով բաց հաղորդումներ թույլատրվում է միայն պահակախմբերի, զորային վերակարգերի պետերին պատահարների մասին տեղեկություններ հաղորդելու ժամանակ, ինչպես նաև` արտակարգ իրավիճակներում գործողությունների կառավարման և հրամանների փոխանցման ժամանակ` առանց գործողությունների մտահղացման բացահայտման:
115. Բաց հաղորդման բոլոր դեպքերում միավորումների (զորամասերի, ստորաբաժանումների) համարները և անվանումները տրվում են կանչերով, իսկ տեղանքի կետերը` կոդավորումներով:
116. Հրամանատարները (պետերը) անհապաղ կասեցնում են կապի կարգապահության և քողարկված կառավարման կանոնների խախտումներով խոսակցությունները:
117. Ղեկավարման մեքենայացման միջոցները նախատեսված են զորքերի կառավարման օպերատիվության հուսալիության բարձրացման համար և պետք է ապահովեն իրավիճակի մասին տեղեկությունները կարճ ժամանակահատվածում մշակումը, փոխանցումը և օպերատիվ տեխնիկական հաշվարկների փաստաթղթավորումը: Ղեկավարման մեքենայացման (ավտոմատացման) միջոցները օգտագործվում են հրամանատարի ցուցումների և վերադաս շտաբի հրահանգների հիման վրա: Այդ միջոցների աշխատանքի, ներդրման, տիրապետման, կիրառման, հուսալիության, ինչպես նաև` նրանցում գտնվող տեղեկությունների պահպանման պատասխանատվությունը դրվում է շտաբի պետի վրա:
118. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարությունում իրականացվում է մշտական հերթապահություն: ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով նախատեսված անձանցից բացի, իրավիճակի մասին տվյալներ հավաքելու, մարտական ծառայության նկատմամբ հսկողության, զինվորական կարգապահության և կանոնադրական խնդիրների պահպանման, օրվա ոչ աշխատանքային ժամերին միջադեպերի դեպքերում նախնական գործողությունների կազմակերպման համար հանգստյան և տոնական օրերին կազմակերպվում է ղեկավար կազմի հերթապահություն:
119. Ղեկավար կազմից հերթապահը (ՈԶ հրամանատարության պատասխանատու) պարտավոր է իմանալ իրավիճակը զորամասերում (ստորաբաժանումներում), ուսումնասիրել ստացված զեկույցները, անհրաժեշտության դեպքում` դրանց վերաբերյալ ընդունել որոշումներ և տալ կարգադրություններ` այդ մասին հետագայում զեկուցելով հրամանատարին:
120. Ոստիկանության զորքերի օպերատիվ հերթապահը (զորամասի հերթապահը) պետք է մշտապես իմանա իրավիճակը, արտակարգ իրավիճակների ժամանակ նախատեսված ազդանշաններով (հրահանգներով) գործելու կարգը և պատրաստ լինի զեկուցելու ոստիկանության զորքերի հրամանատարին (զորամասի) և ղեկավարման վերադաս մարմնի օպերատիվ հերթապահին` իրավիճակի մասին տվյալները և դրա վերաբերյալ հետևությունները, որտեղ և ինչ խնդիրներ են իրականացնում զորամասերը (ստորաբաժանումները, պահակախմբերը, զորային վերակարգերը), ինչպիսին են նրանց գործողությունների արդյունքները, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում` դրանց բնույթը և հետևանքները, անցկացվող միջոցառումները, զորքերի և համագործակցող մարմինների գործող ուժերն ու միջոցները:
121. Օպերատիվ հերթապահի (զորամասի հերթապահի) պարտականությունները որոշում է ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը:
---------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում