(ուժը կորցրել է 20.08.02 թիվ ՆԿ-1170-Ն կարգադրություն)
i
031.0210.181298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կազմակերպական կառուցվածքի մասին» ՆՀ-97 հրամանագիրը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քարտուղարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
18 դեկտեմբերի 1998թ.
ՆԿ-210
Հավելված
Հայաստանի Հանրապետության Նախագահի
1998 թվականի դեկտեմբերի 18-ի
ՆԿ-210 կարգադրության
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) քարտուղարությունը (այսուհետ` Քարտուղարություն) Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է:
2. Քարտուղարությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, Աշխատակազմի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամաններով:
3. Քարտուղարության կանոնադրությունը հաստատում և փոփոխում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ:
4. Քարտուղարության ներքին կառուցվածքը և հաստիքացուցակը հաստատում և փոփոխում է Աշխատակազմի ղեկավարը` Աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարի ներկայացմամբ: Քարտուղարության ներքին կառուցվածքային ստորաբաժանումներն են` ընդհանուր բաժինը, արձանագրային բաժինը, գրադարանը և արխիվը:
5. Քարտուղարությունն ունի ձևաթղթեր, կնիքներ և դրոշմակնիքներ:
II. Քարտուղարության խնդիրը և գործառույթները
1. Քարտուղարության խնդիրն է` իր իրավասության շրջանակներում ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Աշխատակազմին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
2. Քարտուղարության առջև դրված խնդրի լուծման նպատակով.
2.1. Ընդհանուր բաժինը`
- իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
- իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը.
- սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների նախնական մշակումը, կազմում է դրանց համառոտ բովանդակությունը և Աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում դրանց հետագա ընթացքի վերաբերյալ.
- համապատասխան հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում Աշխատակազմից առաքվող ոչ գաղտնի փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.
- Աշխատակազմում աշխատանքի ընդունված նոր գործավարներին ծանոթացնում է գործավարության միասնական կարգին, անհրաժեշտ աշխատանք տանում նրանց մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ.
- արխիվի հետ կազմում է Աշխատակազմի գործերի ամփոփ անվանակարգը.
- պարբերաբար կատարում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի, ինչպես նաև գործավարության հետ կապված վերլուծություններ և Աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարին է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
- նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարի տեղակալ, քարտուղարին է ներկայացնում ըստ պատկանելության ուղարկվող ոչ գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ Աշխատակազմի ղեկավարի ուղեկցական գրությունները.
- Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների պաշտոնական պատվիրակությունների այցերի, Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդունելությունների, Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհավորագրերի նախապատրաստական աշխատանքներին.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող` հանրապետության կենսագործունեությանը վերաբերող օպերատիվ տեղեկատվության հավաքումը.
- Աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.
- իրականացնում է Աշխատակազմի ղեկավարի հրամաններով սահմանված այլ լիազորություններ: